ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


ՀՐԱՉՅԱ ՔՈՉԱՐ

ԶՐՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

ՆՎԱՐԴ ՔՈՉԱՐ

«Ով ոչ մի մեղք չունի, թող առաջինը քար նետի...»:

Քրիստոս

Արդյո՞ք բոլոր սրբերից ամենասուրբն են այն մի խումբ գրականագետները, որոնք այսօր առանց երկար մտածելու անարգանքի սյունին են գամում Հրաչյա Քոչարին, մեղադրանքների հեղեղ ուղղում նրա դեմՙ մոռանալով անգամ հանգուցյալների հանդեպ հարգանքի պարտավորությունը: Եվ ինչո՞ւ հանկարծ հիմա այդքան խիզախացան ու ակտիվացան նրանք: Կապված չէ՞ արդյոք այդ երեւույթը Քոչարի վերջին սերնդակիցների, մտերիմների ու հարազատների կյանքից հեռանալու հետ: Մեծ առաքինություն չէ, այլ թույլ ու արատավոր վարքագիծՙ վաղուց մեռած մարդու դեմ սուր ճոճելը, գիտենալով, որ նա չի կարող պատասխանել: Համոզված եմ, որ Քոչարի կենդանության օրոք նրանցից ոչ մեկը չէր համարձակվի բարձրաձայնել իր ներսում կուտակված չարությունը, ինչպես չեն համարձակվել այդ անել նրանց նախորդները, թեեւ ինչպես տեսնում ենք այսօր, կարողացել են ժառանգաբար փոխանցել իրենց չիրականացած նկրտումներից բխած վիրավորանքն ու նախանձը: Ինչպես գրել է բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը 1969թ.ՙ « Որոշ մարդիկ ( իհարկե, նրա մահից հետո ) լռելայն կամ վախվխելով ճգնում են հակասություններ, պունկտիրով գծեր երեւան բերել նրա կյանքի պատմության եւ բնավորության մեջ: Քոչարն անբիծ չէր բառի բացարձակ իմաստով, ինչպես անբիծ չէ երկրային ոչ մի արարած: Բայց նա տասը գլխով մեծ էր հենց այդ չարախոսներից, որոնց գործողությունների վտանգավորությունը ավելի է իրական, որովհետեւ կյանքի եւ մարդու նկատմամբ անտարբերությունը կամ բարեպաշտ խոսքով ու ժպիտով սքողված խարդախ միտումը ավելի քստմնելի են եւ կործանարար, քան երբեմն մոլոր, երբեմն նույնիսկ անճիշտ, բայց շիտակորեն արտահայտված խոսքը »: (Հր.Հովհաննիսյան, Ժամանակի շունչը, 1976, էջ 158):

2007թ. հոկտեմբերի 19-ին «Գրական թերթ»-ում Նորայր Ադալյանի հոդված-զազրագրի հրապարակումից հետո տարօրինակ ու հիվանդագին կերպով աշխուժացավ գրական մթնոլորտը: Պարզվեց, որ կան «քոչարախտով» տառապող մի խումբ մարդիկ, որոնք չգիտես ինչու, հենվելով հին-հին դարուց եկած բամբասանքների վրա, անսքող ուրախությամբ երեւան հանելով նրա երիտասարդ տարիքում կատարած մի երկու սխալները եւ չխորանալով նյութի, երեւույթների բովանդակության ու դրդապատճառների մեջ, գիշատիչ անգղների նման հոշոտում են նրա աճյունը: Ընդ որում մոռացության են մատնվում կամ նույնիսկ արժեզրկվում են բոլոր այն հայրենանվեր ու խիզախ արարքները, որոնց արդյունքում մենք ունենք, այսօր շատ սովորական թվացող, ազգային բարիքներ, եւ ոչ մեկի մտքովն անգամ չի անցնում, թե ինչքան առողջություն ու ավյուն է ներդրվել մեր մտավորականության եւ հատկապեսՙ Հր.Քոչարի կողմից, դրանք կյանքի կոչելու համար:

Ես գրականագետ չեմ, մասնագիտությամբ ժառանգաբան-մարդաբան եմ, սակայն մեծացել ու հասունացել եմ գրական միջավայրում եւ միշտ համոզված եմ եղել, որ գրականագիտությունը շատ խոր գիտություն է ու բազմակողմանի գիտելիքների ու փաստերի տիրապետումից բացի պահանջում է նաեւ ունենալ դրանց ճշմարիտ վերլուծության ներքին տրամաբանությունն ու իմաստը հասկանալու կարողություն: Ցավոք, Հր.Քոչարի դեմ ուղղված հոդվածներում անզեն աչքով երեւում է, որ հեղինակները բոլորովին ծանոթ չեն ո՛չ արխիվների, ո՛չ իրական դեպքերի հետ, եւ ո՛չ էլ ճանաչել են իրենց զրպարտագրերում գործող անձ դարձրած գրողին: Դրա հետ մեկտեղ, այնքան ինքնավստահ են խեղաթյուրում իրողությունները, այնպես հմուտ են օգտագործում վտանգավոր կիսաճշմարտություններըՙ մոնտաժելով (կպցնելով կամ անջատելով) տարբեր ֆրազներն ու իրական փաստերը, որ կարող են շարժել աշխարհի բոլոր պապարացիների սեւ նախանձը:

Երկար էի տատանվում. արժե՞ արդյոք պատասխանել, հավասարվել թույն ու մաղձ ժայթքող, հերյուրանքները նախանձի զենք դարձրած մարդկանց: Չէ՞ որ զրպարտանքի խորությունը բխում է զրպարտողի ներքին կուլտուրայի, դաստիարակության ու ունակությունների աստիճանից:

Հիմա եմ հասկանում, թե ինչպես են 1930-ականներին մարդկանց ներքաշել տհաճ ու ճակատագրական բանավեճերի ու կռիվների մեջ: Այսօր ստիպված եմ պատասխանել, որովհետեւ նախՙ լռությունը կարող է սխալ հասկացվել եւ ընկալվել իբրեւ համաձայնության նշան, երկրորդՙ որ անտեղյակ մարդիկ կարող են անվերապահորեն հավատալ վերոհիշյալ հոդվածներին եւ ամենակարեւորըՙ ներկայումս ապրողներից ոչ ոք ինձնից լավ չի ճանաչել իմ հորը:

Ես դստեր իրավունքով, բայց ավելի շատ գիտնականի հավասարակշռվածությամբ, լծվեցի գործիՙ ուսումնասիրելով բազմաթիվ արխիվներ, մամուլ եւ գրականությունՙ նյութին փաստացի ծանոթանալու նպատակով: Եվ իմ առջեւ բացվեց մի անախորժ պատկեր, որի մասին ստիպված պետք է խոսեմ ստորեւ, սակայն միեւնույն ժամանակ շատ նրբանկատ պիտի լինեմ, որովհետեւ երեւի դեռ կան բոլոր գործող անձանց ժառանգները կամ գրողների երկրպագուները, որոնց դառնացնելն ու վիրավորելը ամենեւին էլ չի մտնում իմ նպատակների ու ֆունկցիաների մեջ, ի տարբերություն այն հոդվածագրերի, որոնք այդքան ծանր ապրումներ պարգեւեցին ինձ ու Հր.Քոչարի թոռներին: Ի միջի այլոց ասեմ նաեւ, որ որդիս պահանջում էր դատական գործ հարուցել «դահիճ», «մատնիչ», «գող» եւ այլ անբարոյական անվանարկումների համար, պահանջելով, որ փաստացի ապացույցներ բերվեն նման մերկապարանոց հայտարարությունների համար:

Մեղադրող եւ մեղադրվող

Ի՞նչ է նշանակում «դահիճ»: Կրակե՞լ է արդյոք Քոչարը մեկնումեկի վրա իր քմահաճույքի համար, դանակահարե՞լ է որեւէ մեկին: Ո՞րտեղ են տեսել Քոչարի որեւէ մատնագիրը: Քոչարն այն վախկոտ ու թուլամորթ մարդկանցից չէր, որ մատնագրերով հարցեր էին լուծում: Նա եթե խոսել կամ գրել է, ապա խոսել ու գրել է բաց, բոլորի ներկայությամբՙ հրապարակավ, ինչն էլ այսօր հիմք է հանդիսանում նրան ատողների սանձարձակ հարձակումների համար: Եթե նա շատերի նման գաղտնի գործունեություն ծավալեր, երեւի այսօր գրելիք չունենային հիշյալ գրականագետները: Ես խոսքս ուղղում եմ դատավորի աթոռին հարմարված «վայ դատավորներին» ասելով. ցո՛ւյց տվեք մի իրավական փաստաթուղթ, մի իրեղեն վկայագիր, որ կհաստատի Քոչարի հասցեին գրած ձեր մեղադրանքները: Գիտեմ, որ կհիշեք Սովետահայ Գրողների միության ֆոնդում պահվող արձանագրության ձեզ ծանոթ ու սերտված տողերը, որ տաղտկալի ու հոգնեցուցիչ միապաղաղությամբ «թխում» եք միմյանցից: Ես, ի պատասխան դրան, կբերեմ գրեթե բոլոր մյուս գրողների հնչեցրած ու գրած հսկայական թվով ոչնչացնող մեղադրանքներն ու ելույթներըՙ սկսած 1920-ական թվականներից, երբ Հր.Քոչարը դեռ երեխա էր:

Հետաքրքրական է, որ մեղադրողների շարքում հայտնվել է ոմն Ռուզան Արիստակեսյան, որն իր անձնական հաշիվները Գրականության ինստիտուտի հետ մաքրելով, ռիկոշետով կպնում է Հր.Քոչարին եւ գրեթե ֆիզիկական հաճույք զգալով գրում է. « Ի՞նչն է սուտ կամ զրպարտություն... այն, որ Հր.Քոչարը 1920-30-ականներին Ն.Զարյանի գլխավորությամբ տեւական ջարդարարական գործունեությո՞ւն է ծավալել մեր մեծերի` Ե.Չարենցի, Ա.Բակունցի, Գ.Մահարու դեմ » (« Ազգ », 26 հունվար, 2008): Այնուհետեւ նույն տեղում մեջբերում է Ն.Զարյանի ելույթից մի հատված այն մասին, թե 1925թ. դիսպուտում ինչպես է նա մերկացրել հակահեղափոխական գրողներին:

Որքան պետք է սահմանափակ ու անտեղյակ լինի գրականագետը, որ գոնե գրելուց առաջ չճշտի, որ 1920թ. Հր. Քոչարը եղել է 10 տարեկան, հետեւաբար` 1925-ին` 15 տարեկան, իսկ 1930-ին` 20: Մինչեւ 1933-1934թթ. Հր. Քոչարը եղել է բանֆակի ուսանող եւ գրական ասպարեզում դեռեւս չի երեւացել, որեւէ որոշիչ դեր չի խաղացել: Ես ամենեւին չեմ փորձում տակնուվրա անել անցյալի մոխիրները, շատ լավ հասկանալով Չարենցին տրված գնահատականների պատճառը, որոնց համար պիտի զղջար ու ափսոսար Հր. Քոչարը: Գրական բանավեճերի ժամանակ իր` երիտասարդի, անխոհեմ, պոռթկուն խոսքերի պարտադրանքը հետո պիտի հասկանար: Ինչպես Չարենցն է զղջացել Վահան Տերյանին գնահատականներ տալուց հետո, երբ խոսել ու գրել է Տերյանի «ջերմոցային գրականության» եւ այն մասին, որ նրա «գրական դպրոցը» մի կիսամեռ վիժուկ է եւ մի անդրաշխարհային չորրորդ աստիճանի հոտենտոտ (ծայրահեղ հետամնաց). (տես` Ե.Չարենց, Երկերի ժողովածու, հ. 6, 1967, էջ 19): Կամ հիշենք Տերյանի ու տերյանական պոեզիայի դեմ «Երեքի դեկլարացիան» գրված 1922-ին, իսկ Տերյանի մահից հետո` 1928-ին, արդեն Տերյանին նվիրված ափսոսանքով լի «Մեռած պոետին» բանաստեղծությունը (Նույն տեղում, էջ, 570, 793):

Այդ տարիների մասին որոշակի պատկերացում ստանալու համար պետք է մտնել արխիվներ եւ թերթել այն սղագրությունները (ի դեպ շատ անհաջող, թերի ու սխալներով լեցուն), որոնցից բացահայտվում է, թե ինչպես «բոլշեւիկյան զգոնությամբ» որոշվում էր, թե ով ում պետք է բարեւի, կամ թե ինչու է Իսահակյանն այցելել կաթողիկոսին ու Չարենցին, եւ որ Չարենցը հարցաքննվել է Պետքաղվարչության կողմից իր մի հայտնի բանաստեղծության համար, որի մասին գիտեր միայն Բակունցը եւ որ նրա դավաճանության արդյունքն է իր դեմ հարուցած մեղադրանքը (Տես` Գ.Մ.Ֆ. արխիվ 16, էջ 42): Ընդհանրապես այդ արխիվները կարդալիս երբեմն նույնիսկ ծիծաղս էր գալիս, որովհետեւ այսօրվա տեսանկյունից այնքան պրիմիտիվ ու մանկամիտ են թվում նրանց մեղադրանքները, այնքան անհեթեթ, որ զարմանում ես, թե լուրջ մարդիկ ինչպես են լրջորեն օգտագործել օրինակ` « տրոցկիստ-նացիոնալիստ-ավերբախական-հակահեղափոխական-վիժվածք » եւ այլ նման բառերը, քննադատելու համար մյուսներին եւ իրենց պաշտպանելու համար նույն մեղադրանքներից: Սակայն պարզ է դառնում, որ այն ժամանակների լեքսիկոնը, վիրավորական բառերը, բարքերը եղել են շատ յուրահատուկ, տարբերվելով մեր այսօրվա պատկերացումներից, իսկ քննադատությունն ու ինքնաքննադատությունը պարտադիր պայման են եղել բոլորի համար անխտիր:

Կարդում եմ Մարո Ալազանի հուշերը. « Ինչպես առաջներում նշել եմ, այն ժամանակներում տեսակետների տարաձայնությունները չէին խանգարում գրողների մտերմությանն ու ընկերությանը: Դիսպուտներում ամենախիստ խոսքերով իրար նախատում, ծաղրում էին, իսկ դիսպուտից հետո իրար թեւանցուկ արած գնում էին «Ինտուրիստ» մի-մի բաժակ սուրճ խմում, նորից ու նորից ամեն մեկը աշխատում էր իր տեսակետն ամուր դիրքերի վրա դնել, հետո էլի իրար թեւանցուկ փողոցում զբոսնում էին ու տուն գնում » (Մ.Ալազան, Ն.Զարյան, «Գրականագիտական հանդես», Բ գիրք, 2004, էջ 191): Նույն հուշերի 193-195 էջերում կարդում եմ. «Ճաշից հետո Նաիրու հյուրընկալ ընտանիքին մնաս բարով ասելով, փողոց դուրս եկանք զբոսնելու եւ թարմանալու: Ալազանն ասաց.

- Հիշո՞ւմ եք, մեր վերադարձի օրերին գրողները խումբ-խումբ մոտենում էին մեզ եւ ասում, որ մեզ բանտ ու աքսոր ուղարկողները Նաիրի Զարյանն ու Հրաչյա Քոչարն են եղել: Միշտ մեզ վարկաբեկող ու նվաստացնող հոդված ներ են գրել ու դանոսներ են տվել համապատասխան օրգաններին: Ի՞նչ դանոսների մասին է խոսքը, երբ նրանք մինչեւ օրս էլ չգիտեն մեր մեղադրանքների մասին:

Չնայած Ալազանն էլ, Նորենցն էլ այդ կարծիքին էին, բայց ընդհանուրի ճնշման տակ երկուսն էլ սկսեցին Նաիրու հետ չխոսել, անգամ չբարեւել: Այդ դրությունը տեսնելով ես միջամտեցի.

- ...Այդ դեպքում բոլոր գրողներին էլ պետք է չբարեւեք, բոլորն էլ ձեր մասին գրել ու խայտառակ ելույթներ են ունեցել իրենց ժողովներում: Ես ինքս իմ սեփական աչքերով եմ կարդացել նրանց հոդվածները: Փոխանակ ուրիշների խոսքերին հավատալու` գնացեք կարդացեք 1936-38 թվերի մամուլը, հատկապես «Գրական թերթը» եւ դուք կհավատաք իմ խոսքերի ճշմարտությանը:

Նույն խորհուրդը ձեզ եմ տալիս, սիրելի ընթերցող, որով դուք կհամոզվեք իմ հուշերի շճմարտությանն ու անկեղծությանը» (էջ 194): «Մյուս օրը Ալազանը գնաց Գրողների միության գրադարան, վերցրեց այդ տարիների «Գրական թերթ»-ի համարները եւ կարդաց իրենց մասին գրված հոդվածները: Տուն մտնելով շատ հուզված ասաց.

- Այո, բալիկ ջան, դու շատ ճիշտ ես, չգտա մի գրող, որ մեզ հայհոյած չլիներ. միայն մի մասը ավելի բարեխիղճ է հայհոյել, մյուսներն` ավելի անբարեխիղճ: ...Ի տարբերություն մյուսների` Նաիրին գոնե իրենց արդարացման համար երկարատեւ ճիգ ու ջանք էր գործադրել» (էջ 195):

Բոլորը բոլորի դեմ

Հետեւելով Մարո Ալազանի խորհրդին սկսում եմ ընթերցել այդ տարիների թերթերը եւ ընկնում մի սարսափելի խառնաշփոթության մեջ: Թվում է` չկա մեկը, որը մյուսի դեմ ընդվզած չլինի, եւ տպավորությունն այնպիսին է, կարծես բոլորն իրար հետ օլիմպիական մարզիկների նման մրցման մեջ են մտած: Ընդ որում զգացվում է, որ այդ հարցերում խրախուսվել է մեծ ակտիվությունը, իսկ պասիվությունը` դատապարտվել: Նյութերից հստակ երեւում է նաեւ, որ նման բարքերը հաստատված են եղել 1937թ.-ից շատ ավելի վաղ տարիներից:

Աշխատանքս դեռ ավարտված չէ, որովհետեւ բոլոր նյութերին ծանոթանալու համար բավարար չէ 2-3 ամիսների ուսումնասիրությունը: Միայն անձնավորություններ, որոնց մյուսների նկատմամբ դաժան մեղադրանքներին դեռեւս չեմ հանդիպել, Ավ. Իսահակյանն ու Վ. Թոթովենցն են:

Բերեմ մի քանի օրինակ. «Գրական թերթ» 10 հունվարի, 1937թ. : Տպված Է Ստ.Զորյանի ճառը Կրեմլում, որն իհարկե ավարտվում է «Ուռա Ստալինին» բացականչությամբ: Ստալինը հետաքրքրվում է Չարենցի վիճակով, Զորյանն ասում է, որ նա շատ լավ է: Վ.Թերզիբաշյանը գրել է «Հակահեղափոխական նացիոնալիստների գրական հնարքները»` ուղղված Վ.Թոթովենցի, Ա.Բակունցի, Ալազանի եւ մյուսների դեմ: Գ.Արամյանի հոդվածը` «Ալազանի նացիոնալիստ-տրոցկիստական գարշելի դեմքը»: «Գրական թերթ» 31 հունվարի, 1937թ : Տպված է ռուսական մամուլից թարգմանված նյութը «Հակախորհրդային տրոցկիստական կենտրոնի դատավարությունը»ՙ Լ.Տրոցկու ցուցումներով հակախորհրդային տրոցկիստական կենտրոն ստեղծելու համար մեղադրվածների եւ գնդակահարման դատապարտվածների մասին: Մեղադրվում են ռուս մտավորականներ Պյատակովը, Սոկոլնիկովը, Ռադեկը, Սերեբրյակովը, Լիվշիցը, Բոգուսլավսկին, Պուշինը, Առնոլդը, Կնյազեւը եւ այլքՙ հայրենիքի դավաճանության, լրտեսության, դիվերսիայի եւ այլ հանցանքնորի մեջ: Այդ կապակցությամբ, որպես խորհրդային միության ղեկավարների որոշման հետ համերաշխության նշան եւ որպես նվիրյալ սովետական քաղաքացիներ հանդես են գալիս մեր գրողները` առանձին փոքրիկ հոդվածներով.

Դ.Դեմիրճյան- «Ոչ մի խնայում հայրենիքի դավաճանների»

Մ.Մանվելյան- «Ոչնչացնել անխնա կերպով»

Զ.Եսայան- «Մարդկության թշնամիները»

Ստ.Զորյան- «Իմ նողկանքը»

Ն.Զարյան- «Մահ հայրենիքի դավաճաններին»

Արազի- «Գարշանքի անդունդը»

Գ.Սարյան- «Չգերազանցված գարշելիություն»:

Թվում է, թե հարց պիտի առաջանա. Ի՞նչ գործ ունեն մեր գրողները եւ ի՞նչ իրավունք` մահվան դատապարտելու իրենց անծանոթ, ազգությամբ ռուս եւ անկասկած` անմեղ մարդկանց: Ահա այդ էր դաժան ժամանակի պարտադրանքը, թեեւ չի բացառվում, որ նրանք անվերապահորեն հավատացել են այն ամենին, ինչ գրվել, թելադրվել ու հրամայվել է պարտիայի կողմից...

Հատկապես ակտիվ է եղել Գ.Աբովը, որն, ինչպես հայտնի է, նախկինում շատ մտերիմ է եղել եւ՛ Չարենցի, եւ՛ Ա.Վշտունու, եւ՛ Վ.Նորենցի հետ:

« Գրական թերթի » 1937թ. մարտի 20-ի համարում բացի Զ.Եսայանի հոդվածից, որտեղ կոչ է արվում պայքարել հին տրամադրությունների, թշնամու գաղափարախոսության դեմ, տպված է նաեւ Աբովի ելույթը Համամիութենական գրողների միության 4-րդ պլենումում, որտեղ նույն ծանոթ ածականներով խոսվում է Բակունցի, Թոթովենցի, Ալազանի, Վանանդեցու, Նորենցի, Մահարու եւ այլոց դեմ:

« Գրական թերթ », 27 ապրիլի, 1937թ. - Արազին` Դ.ԴԵմիրճյանի դեմ, Ղարագյոզյանը` Խանջյանի, Սիրասի դեմ, Կորյունը` Բակունցի ու Ալազանի դեմ, որ փչացնում են սկսնակ գրողներին, Վ.Գրիգորյանը` Մ.Արմենի դեմ, խմբագրության կողմից` Ռ.Զարյանի դեմ, որն անցյալում խնկարկել է Բակունցի ու Ալազանի նման նացիոնալիստ հակահեղափոխականներին: Խ.Այվազյանը` Սուրխաթյանի ու Վանանդեցու դեմ, Զ.Եսայանը քննադատում է Ստ.Զորյանին ու Դ.Դեմիրճյանին, կանգ է առնում գրական կազմակերպության նացիոնալիստ-տրոցկիստ նախկին ղեկավարության հասցրած չարիքների վրա:

  Նույն թվականի հունիսի 12-ի «Գրական թերթում» տպագրված է Ա.Ամատունու ՀԿ(բ)Կ X-րդ համագումարում տրված հաշվետու զեկուցումը «Հայաստանի խորհրդային գրականությունը եւ արվեստը» խորագրով: Այստեղ եւս կարդում ենք նույնը, նույնը, նույնը` Դ.Սիմոնյանի, Ա.Բակունցի, «Նոյեմբեր» խմբակի, Չարենցի` Կոմկուսին ուղարկած մեղայական նամակի, Խանջյանի, Ալազանի, Վանանդեցու, Նորենցի, Մ.Արմենի եւ այլոց մասին: Իսկ արդեն հոկտեմբեր ամսվա համարներում, երբ «Գրական թերթի» խմբագիրն է Հենրին, գրվում է նույն Ամատունու դեմ: Հոկտեմբերի 8 դ 30 -ում խմբագրականում կարդում ենք` «Տրոցկիստական-նացիոնալիստական վիժվածք Ամատունին...» ...1924-25թ.-ից սկսած... 1927թ. հայ նացիոնալիզմի սպեցիֆիզմի պարագլուխ Աշոտ Հովհաննիսյանին գրած գաղտնի նամակում ... «Ժողովրդի ստոր թշնամի, ԳՄ քարտուղար է նշանակում Աբովին». ...«Իսկ գրողներ Ն.Զարյանն ու Ա.Վշտունին, որոնք տուրք են տվել ավերբախականությանը, մինչեւ օրս լուռ են մնում իրենց սխալների մասին»: ...«Հակահեղափոխական Ամատունին իր պաշտպանության տակ էր առել եւ թմբկահարում էր բուրժուական նացիոնալիզմի վիժվածք, շպիոն Զապել Եսայանի տիպի անձնավորություններին, ինչպես նաեւ Չարենցին իր պաշտպանության տակ էր առել»: Գրեթե նույնը կարդում ենք Հոկտեմբերի 24-ի դ 32 համարում, որտեղ ավելանում են Խ.Սարգսյանի, Գ.Բեսի, Ռ.Զարյանի եւ «այլ ստորաքարշների» անունները: Իսկ Ա.Ոսկերչյանի հոդվածն ուղղված է Աշոտ Հովհաննիսյանի, Խանջյանի եւ Ամատունու դեմ:

Պե՞տք է արդյոք շարունակել: Ես ներկայացրեցի 1937 թվի լոկ «Գրական թերթ»-ի որոշ համարների «ծաղկաբույլը» միայն, միտումնավոր չներկայացնելով հատվածներ հոդվածներից: Նախՙ որովհետեւ դա ինձ ոչ մի հաճույք չի պատճառում եւ, բացի դրանից, հոդվածը չեմ ցանկանում առավել ծանրաբեռնել: Ուղղակի ուզում եմ ընթերցողին հակիրճ ներկայացնել այն մթնոլորտը, որում գործել են մեր «մեղավոր» եւ «անմեղ» գրողները: Սակայն իմ հավաքած նյութը շատ ծավալուն է, եւ ես խոստանում եմ մոտ ապագայում լույս ընծայել ավելի ընդարձակ, փաստարկներով ու անաչառ վկայություններով մի գրքույկ, որից ընթերցողներն իրենք կկարողանան եզրակացություններ քաղել:

Չգիտեին ինչ էր սպասում իրենց

Այստեղ նպատակահարմար եմ տեսնում մի երկու դրվագ ներկայացնել ընթերցողին Հրաչյա Հովհաննիսյանի երիտասարդ տարիների հիշողություններից, որտեղ նա նկարագրել է իր առաջին հանդիպումները Ալազանի եւ Հր.Քոչարի հետ (Հր.Հովհաննիսյան, Ոսկե ամպ, Երեւան, 1984): Դասական գրականության մասին խոսելու ընթացքում պատանի Հրաչիկը հարցնում է Ալազանին.

« - Բա ինչո՞ւ են այդքան քննադատում գրողներին, ընկեր Ալազան:

- Գիտե՞ս ինչ: Այդ հարցերը բարդ են, քեզ էլ անհայտ, չեմ կարող իսկույն քեզ բացատրել: Մենք էլ ենք մեղավոր, մեր միջավայրը, մեր մարդիկ: Ամեն մեկը ճշմարտությունը իր ձեւով է ըմբռնում: Հետո ուրիշ բաներ էլ կան, դու դեռ չգիտես, լավ կլինի չիմանաս էլ: Անշուշտ գաղափարական շեղումները պիտի դատապարտել: Բայց ո՞րն է շեղումը, ո՞րն է ճիշտը, այս հարցերն ամեն մեկը յուրովի է հասկանում: Ես էլ եմ սխալվել: Ի վերջո, ամեն բան կճշտվի» (էջ 80):

Գրեթե նույն բանն ասում է Հրաչիկին Հր.Քոչարը, որի հետ հանդիպում են Ծաղկաձորում 1939թ.-ին: Կուսակցական տույժ ստանալուց հետո Քոչարը որոշ ժամանակ մնում է անաշխատանք եւ վերջապես տեղավորվում է Հայաստանի նյութական կուլտուրայիՙ պատմական հուշարձանների պահպանության կոմիտեում, համեստ աշխատավարձով: Նա գալիս է հանգստյան տուն գիշերելու համար տեղ գտնելու ակնկալիքով եւ պատմում է, որ շատ գոհ է այս աշխատանքից, թեեւ նյութական որեւէ զգալի օգուտ չունի: Գոհ է, որովհետեւ աշխատանքի բերումով թափառում է Հայաստանով մեկ, լինում է գյուղերում, ծանոթանում շատ հետաքրքիր ծերունիների, երիտասարդների հետ, նայում-ստուգում է հին վանքերի, մատուռների այսօրվա վիճակըՙ զեկույցներ ներկայացնելու համար եւ հետոՙ ահագին ժամանակ է մնում գրական աշխատանքով զբաղվելու: Երկար զրուցելուց հետո Հրաչիկը իրեն մտատանջող հարց է տալիս.

« - Ընկեր Քոչար, ի՞նչ կարող եք ասել վերջին տարիների այս մռայլ եւ աղետավոր իրադարձությունների մասին, Նաիրիի եւ ձեր ընկերության մասին:

Նա մի պահ լուռ մտածում է, հետո խոսում:

- Ես Նաիրի Զարյանին շատ եմ հարգում: Մարդկանց բարեկամությունը կարող է սկսվել չնչին առիթներից: Բայց բարեկամությունը, ազնիվ, անկեղծ բարեկամությունը, նաեւ բարոյականություն է: Գյուղից նոր էի քաղաք եկել: Գրում էի պատմվածքներ, ակնարկներ: Իմ առաջին պատմվածքը դուր եկավ Ակսել Բակունցին: Խոսքը «Խաջե»` քրդական կյանքից առած պատմվածքի մասին է: Ըստ առիթի եւ բանականության, ես պիտի հովանավորություն գտնեի նրա մոտ: Բայց Բակունցը խստաբարո եւ գրական շրջանակներից մեկուսի ապրող մարդ էր: Իմ փորձերը` նրա հետ ավելի մոտենալու, ուղղակի չստացվեցին: Մենակ էի, անտուն, ոչ մի հարազատ չունեի: Հենց այդ ժամանակ էլ Նաիրին հանդիպեց: Նա ավագ եղբոր պես վերաբերվեց ինձ. միառժամանակ ես նույնիսկ գիշերում էի նրա տանը: Բարդ ու դժվարին ժամանակներում ենք ապրում: Դեռ այդ` քո ասած մռայլ իրադարձություններից առաջ գրականության մեջ, գրական կյանքում տեղի էին ունենում շատ ու անվերջ վիճաբանություններ: Ո՞վ էր ճիշտ, ո՞վ էր սխալ` այնքան էլ հեշտ չէր իմանալ: Մեր գաղափարները նոր էին, շատերս լավ չէինք պատկերացնում, թե ի՛նչն է ընդունելի, ի՛նչը` ոչ: Ամեն մեկը յուրովի էր մեկնաբանում այս կամ այն գրական-գաղափարական լոզունգը: Խաղից ոչ ոք դուրս չէր մնում: Խոսքս նոր, սովետական շրջանի գրողների մասին է: Բոլորն էլ խոսում էին, բոլորն էլ գրում, վիճում: Եվ գրողները, եւ կուսակցական աշխատողները, եւ ուսանողները: Դե արի ու այդ բոլորի մեջ իմացիր ճիշտն ու սխալը: Մի բան կարող եմ հաստատապես քեզ ասել. վիճողներից եւ ոչ մեկը, ոչ այս կողմից, ոչ այն կողմից, երբեք, ոչ մի անգամ չէին գուշակում, որ այդ վեճերը կարող են աղետի հասցնել, ոչ ոք չէր մտածում, որ դրանք կարող են այսպիսի հետեւանք ունենալ: Ինչ գիտեմ, եթե վիճողներն իմանային, թե ի՛նչ է սպասում իրենց, գուցե բոլորովին էլ մասնակից չլինեին այդ գզվռտոցին, գլուխները քաշ արած` իրենց գործով զբաղվեին, ինչպես ոմանք: Սա դառն, անասելի փորձություն էր: Գրողների մեղքը թեթեւ է, թեպետ հետեւանքները այդքան ծանր նստեցին բոլորի վրա: Այնուհետեւ ստեղծվեց արդեն անհեթեթ, անտրամաբանական մի մթնոլորտ: Եթե սկզբում հավատում էինք, որ թերեւս ճշմարտություն կա այդ դեպքերի հիմքում, ապա շուտով զգացինք, որ մի բութ բնազդ, մի անհայտ ձեռք խառնում է բոլորին եւ իրականության մեջ իշխում է մի սարսափելի անսկզբունք, անգաղափար նշանաբան. դու ինձ ես ուզում վնասել, ես էլ` քեզ, մենք նրանց, նրանք էլ մեզ... Անհեթեթ վրիժառություն... Այ՜, սիրելիս, այսպես եղավ...

Նա մի քանի օրինակներ է բերում անցյալից, չի թաքցնում, որ ինքն էլ է խոսել, դատապարտել, բայց նաեւ չի մոռացել, թե ինչպե՞ս են իր մասին ասել եւ ի՛նչ են ասել:

- Այնուամենայնիվ, իմ հայրը Քոչոն է եղել, որին մեղադրում են խմբապետ լինելու մեջ: Դրա համար ես շատ եմ տուժել: Նույնիսկ մի քանիսը նեղում էին ինձ, թե ինչո՞ւ իմ առաջին պատմվածքը հավանել եւ տպագրության է հանձնել Բակունցը: Դրա վրա էլ էին շեշտը դնում. հասկանալի է, ինչ նպատակով...

Այդ զրույցից հետո ինչ-որ չափով ամբողջանում են ին տեղեկությունները, պարզվում են իմ պատկերացումները» (էջ 208-211):

Ես այս մեջբերումը տվեցի գրեթե լրիվ, որպեսզի Քոչարի խոսքերով բացատրեմ իրողությունն այնպես, ինչպես ինքն է զգացել, գուցե ինչ-որ բան հասկանան նաեւ գրականագետները, եւ գուցե խորհեն այն մասին, թե ինչպես կվարվեին իրենքՙ նման պայմաններում հայտնվելու դեպքում: Թեեւ արդեն գուշակում եմ, որ նրանք իրենց մասին այնքան բարձր կարծիք ունեն, որ վայրկյան անգամ չտատանվելով կասեն, որ իրենք ամենաբարոյականն ու խիզախն են եւ երբեք չէին ընկնի նման կացության մեջ, դիֆիրամբներ չէին ձոնի Ստալինին, նամակներ չէին գրի Բերիային եւ իրար չէին մեղադրի «գրական» ու բարոյական հանցանքների մեջ: Այնինչ այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես են իրար ուտում գրական աշխարհի որոշ այրերը` նմանվելով անոթի մեջ լցված ու իրար խայթող կարիճների: Այսօրվա նրանց պայքարը ոչ թե գաղափարական է, ոչ թե կենաց-մահու կռիվ է, այլ` պաշտոնի, փողի, շքանշանների եւ ամբիցիաների, ամեն գնով անուն եւ համբավ վաստակելու կռիվ: Ի դեպ ասեմ, որ Քոչարը շատերի նման Ստալինին չի գովերգել, նամակներ չի ուղղել Ստալինին ու Բերիային, եւ իզուր են փորձում ուրիշների արարքները անպայմանորեն կապել Քոչարի անվան հետ:

Զարյան-Քոչար

Չգիտես ինչու Հր. Քոչարի գործունեությունը միշտ քննարկվում է Զարյանի գործունեության համատեքստում, եւ ինչպես գրում է Գր.Աճեմյանը, որն իր սրտի բոլոր թելքերով ատում է Զարյանին (թեեւ նա իր հոր` Մահարու հետ մանկության ընկերներ են եղել եւ ընկերություն են արել նաեւ իրենց կյանքի մայրամուտին), թե իբր Չարենցն ասել է, որ Քոչարը Ն.Զարյանի համհարզն է եղել: Չարենցը երբեք այդպիսի խոսքեր չի ասել, եւ թե ում մասին նա ինչ է ասել ես դեռ կանդրադառնամ ստորեւ:

Այո՛, ինչպես վերը նշվեց, Քոչարն իր գրական քայլերի սկզբնական փուլերում շատ կապված է եղել Ն.Զարյանի հետ, որովհետեւ երախտապարտ է եղել նրան: Ինչպես շատերն են գրել ու խոսել, Ն.Զարյանը կարողացել է լավ ընկերություն անել, օգնել մարդկանց, եւ, ըստ Մարո Ալազանի վերը նշված հուշերի, եթե մեկն ասեր, որ քաղցած է եւ հագուստ չունի, նա բերնի վերջին պատառն ու հագած շորը կհաներ` կտար նրան:

Սակայն, չպետք է մոռանալ, որ Քոչարն առանձին անհատականություն է եղել, իսկ հետագա տարիներին` հատկապես պատերազմից հետո, նրա աշխարհայացքը, սկզբունքները, ստեղծագործությունը, վարքը մտել են բոլորովին այլ փուլ եւ ընթացել են բոլորովին տարբեր հունով: Ահա մի քանի խոսք Ս.Աղաբաբյանի հուշ-հոդվածից. «Առհասարակ, ինչպես կարողացել էի նկատել Հրաչյա Քոչարի հետ կարճատեւ մտերմության տարիներին, վերին աստիճանի զգայուն էր ընկերների հանդեպ` անկախ նրանց դիրքից ու ձիրքից: Հիշում եմ, թե ինչպես էր նեղվում Նաիրի Զարյանի հետ հարաբերությունների խզման պատճառով եւ ոչ մի անգամ ոչ մի ծանր խոսք չասաց հին ընկերոջ հասցեին: Հակառակը. ականատես եմ եղել, թե ինչպես էր խոսքով ապտակում այն մարդկանց, ովքեր օգտվելով «առիթից», փորձում էին նրանց միջեւ խրված սեպը ավելի խորացնել» (Ս.Աղաբաբյան, Հոդվածներ, Դիմանկարներ, Հուշեր, 1982, էջ 236):

Թվացյալ «ճշմարտախոս» գրականագետների ամենամեծ թերությունն այն է, որ նրանք անձին պարսավելիս չեն ուզում նրան ճանաչել, կամ հակառակը` շատ լավ ճանաչելով նյարդայնանում են` ենթագիտակցաբար համեմատելով իրենց անձի հետ: Հետեւաբար օգտագործում են մի ոճաձեւ, որում, խառնելով ներկապնակի բոլոր գույները, միագույն ներկում ու այդպիսով մթնեցնում են իրենց «զոհին»: Դեռ Մաքսիմ Գորկին է ասել, որ չկան լրիվ սեւ ու բացարձակ սպիտակ մարդիկ: Բոլոր մարդիկ խայտաբղետ են:

«Բարքերն այդ սեւ»

Հր.Քոչարը գրական աշխարհ է մտել այն ժամանակներում, երբ արդեն գրական թեժ վիճաբանություններն ու իրար մերկացնող, հայհոյող վարքագիծը վաղուց ի վեր սահմանված կարգ են եղել: Գրական աշխարհի նրա բոլոր գործընկերները իրենից տարիքով` 10, 20, 30, նույնիսկ 35 տարով մեծ են եղել եւ տոն են տվել տիրող բարքերին: Դրան գումարածՙ գյուղից եկած երիտասարդի հարգանքն ու ակնածանքը մեծերի հանդեպ, գուցե եւ նրանց թելադրանքը, ստիպել են նմանվել ու ետ չմնալ մյուսներից:

ԳՄ ֆոնդերի սղագրությունները բավականին անհաջող են, անհասկանալի մասեր շատ կան, ինչը լայն հնարավորություն է ստեղծում յուրովի խմբագրման ու մեկնաբանությունների համար: Ընդհանրապես, շատ անճշտությունների եմ հանդիպելլ բոլոր հեղինակների մոտ, նաեւ չափազանց մեծ կողմնակալություն եմ նկատելՙ որոշ գրողների շատ սուր ու անողոք ելույթները լռության մատնելու եւ դրա փոխարեն տեղի-անտեղի Քոչարի անունը հոլովելու պարագայում: Ճիշտ են արել, որ խնայել են որոշ գրողներին, մանավանդ կանանց: Նորից եմ կրկնում. իմ նպատակը չէ որեւէ մեկին փնովելը կամ դատապարտելը, ես ոչ դրա իրավունքն ունեմ, ոչ էլ դա ինձ որեւէ բավարարվածություն կբերի: Որովհետեւ հասկանում եմ, որ ինչպես բնության մեջ, այնպես էլ այստեղ` ուրուրների շրջապատում, աղավնիներ չեն հանդիպել: Մանավանդ, բոլորն էլ արժանավոր մարդիկ են եղել, իսկ «զոհերի» կարգավիճակին դասված շատ մտավորականներ մինչեւ հորս կյանքի վերջին օրերը բացառիկ ջերմ մտերմություն են արել նրա հետ: Ն.Ադալյանն իր հոդվածում խառնելով իր իմացածն ու չիմացածը, պատերազմի դաշտում կռվելն ու դրանից հետո վեպ գրելը համարելով «պատեհապաշտություն», մի կույտի մեջ է հավաքում Ա.Բակունցին, Խ.Դաշտենցին, Վ.Թոթովենցին, Զ.Եսայանին եւ մյուսներին` ակնարկելով Քոչարի «չարագործությունները»: Ե՞րբ եւ որտե՞ղ է կարդացել կամ լսել, որ Քոչարը Վ.Թոթովենցի կամ Զ.Եսայանի դեմ որեւէ բան ասած լինի: Ինչպես ասում է Ա.Գրիբոյեդովի հերոսը «Խելքից պատուհաս»-ումՙ ստիր, բայց չափն էլ մի անցիր: Ինչ վերաբերում է Խ.Դաշտենցին, որին ես շատ լավ եմ հիշում որպես հրաշալի, համեստ ու պայծառ մարդու, ապա նա չի բանտարկվել եւ եղել է Հր.Քոչարի ամենամտերիմ ընկերներից մեկը: Հիմա իզուր են փորձում հնեապապարացիները խառնակչությամբ ալեկոծել մարդկանց կայացած հարաբերությունները: Չէ՞ որ կա հիշողություն, այդ հիշողությունը փաստարկող լուսանկարներ, դեռեւս կան Քոչարի հետ առնչված մարդիկ, որոնք շատ լավ գիտեն, թե ով ինչ է ներկայացրել իրենից: Ափսո՜ս որ կյանքից շուտ հեռացավ Տավրոս Դաշտենցը: Հիշում եմ մի անգամ նրան հանդիպեցի կինո «Մոսկվայի» ֆոյեյում, երկար խոսեցինք պտտվող բամբասանքների շուրջ: Ասաց, որ ուշադրություն չդարձնեմ. նրանք իրենց իմիջն են բարձրացնում: Մի օր էլ հեռուստատեսությամբՙ կարծեմ «Արմենիա» հեռուստաալիքով, տեսա մի հաղորդում` մասնակցությամբ Տ.Դաշտենցի, Սասուն Գրիգորյանի եւ Դ.Գասպարյանի, որում նրանք պատմում էին Խ.Դաշտենցի ու Հր.Քոչարի ջերմ ընկերության մասին:

Բացում եմ գրականագետների կողմից հղած Ե.Չարենցի «Վերջին խոսքը» գիրքը, որտեղ եւս գտնում եմ որոշ անճշտություններ, որոնք չգիտեմ` միտումնավոր են, թե անտեղյակության արդյունք, որովհետեւ զգացվում է, որ գրողների ելույթները վերցված են ոչ թե սկզբնաղբյուրից, այլ Դ.Գասպարյանի կամ Հ.Բախչինյանի գրքերից: Ինչեւէ... Կարդում եմ Չարենցի «Պոետի վիշտը» բանաստեղծությունը, որը լույս է տեսել առաջին անգամ. Մեջբերեմ մի քանի տուն (էջ 44-45).

Ես ինչպե՞ս խոսեմ

Զորյանի հետ այն,

Երբ խեղճ ու նսեմ

Մի Կիրովական

Աշխարհն է նրա

Միակ ըղձալի`

Աշխարհ` հուրհուրան

Բաղձանքներով լի...

- Իսկ ի՞նչ է տեսել

Վշտունին Ազատ`

Վանի լճաձեւ

- Երգիչն հարազատ`

- Ու հագած այսօր

Քղամիդ կարմիր

Դարձել է բոսոր

Շիկացած մարմին...

Ես ինչպե՞ս խոսեմ,

Ի՞նչ լեզվով արու`

Պոետի հետ մեր-

Գուրգեն Մահարու

Որ աշխարհում ողջ

Իր քթից բացի`

Տեսել է միայն

Ճաշ որբանոցի...

Զարյանն է արդյո՞ք,

Զարյանն է, որ մեր

Նորոգ աշխարհին

Բերում է նորմեր...

Որբն այդ` Մազմանյան

Խմբապետի հետ

Ներբող սրբազան

Հյուսող այդ տգե՜տ

Երգիչն «հանճարեղ»

Մեր ղեկավարի,-

Որ գիտե ճարել

Ամենուր` բարիք...

Իսկ 39-42 էջերում տպագրված են մի այլ բանաստեղծության 2 տարբերակներ, որոնցից մեկը վերնագրված է «Ներբող երգողներին», մյուսը` «Մեր նոր ճորտերին»: Ահա մի քանի տող այդ բանաստեղծություններից.

Ո՛վ Ակսել, եւ դո՛ւ «հայդուկ» Ալազան,-

Եվ դո՛ւ, Դերենիկ, եւ Նորենց դու խեղճ,-

Դուք` անասնական սարսափից սարսռած`

Վտարում եք ինձ միությունից «ձեր»`

Այսօրվա «Տնից» միակ Գրական,

Դուք ելնում` անգամ ճառեր եք ասում,

Թե ինչո՞ւ է ինձ քշել հարկավոր...

Մյուս տարբերակում հատկանշական են հետեւյալ տողերը.

Ձեզ վաղը անգամ եթե վտարեն

Ձեռքերը քսու, հաճոյակատար,-

Լինելու է դա միա՛կ գործն արդար,

Որ կյանքում դրանք պիտի կատարեն...

Եվ երբ, վտարված, դուք մի օր նստեք

Ամբաստանության արձանի առջեւ-

Որպիսի՛ ցավով պիտի հառաչեք,

Որ բարքերն այդ սեւ-դո՛ւք եք պատվաստել...

յս տողերը անթաքույց կերպով նշում են բոլոր նրանց, ովքեր իրեն դավաճանել են, ինչպես նաեւ որոշակի հստակություն են մտցնում դրսեւորված հարաբերությունների մեջ: Այո՛, «բարքերն այդ սեւ» վաղուց պատվաստված էին... Գուցե դա՞ է պատճառը, որ Գր.Աճեմյանը այսօր փրփուրը բերանին երգում է քոչարատյացների սեքստետում:

Պետք է ասեմ սակայն, որ ես ինձ ինչ-որ չափով շոյված եմ զգում, որովհետեւ այն մեծ տեղը, որ հատկացվում է Քոչարին` վերագրելով նրան ամենակարող հզորություն մարդկանց եւ հատկապեսՙ Չարենցի պես կայացած անհատին «ոչնչացնելու» գործում, խոսում է այն մասին, որ այսօրվա հասարակության մի մասի կարծրացած ուղեղում Քոչարի կերպարը դաջվել է որպես հզոր ու ամենակարող անհատի կերպար, ինչի հետ մինչ օրս չեն կարողանում հաշտվել նրան նախանձողների ու շողոքորթների հետնորդները եւ նույնիսկ չեն էլ վերլուծում, թե ինչպիսի՞ն է եղել Քոչարն այդ տարիներին, ունեցե՞լ է արդյոք հեղինակություն, նրա խոսքերին որեւէ մեկը նշանակություն տվե՞լ է, թե ոչ: Գիտեի, որ հորս կերպարը շատ խորն, անմոռանալի տպավորություն է թողել նրան երկրպագողների հոգում, բայց չգիտեի, թե հիացմունքի հակառակ երեսի` նախանձի խորությունն այդքան մեծ է չար մարդկանց հոգիներում:

Հր.Քոչարը Չարենցի մասին խոսել է ՀԿ(բ)Կ 17-րդ համագումարում ասելով, որ մեր ժողովուրդը անտարբեր չի Չարենցի գրական ժառանգության նկատմամբ, ինչքան էլ այն պահված է եղել փականքների տակ: Չի կարելի հայ սովետական գրականությունից դուրս վանել Լենինի մասին գրված ստեղծագործությունները, նրա լիրիկական մեծատաղանդ ստեղծագործությունները... Նրանք պատկանում են մեր սովետական կուլտուրայի հիմնական ֆոնդին (ԳԱԹ, ՀՐ.Քոչարի Ֆ, արխիվ 156): Գրել է Չարենցի մասին ՍՄԿԿ Կենտկոմին Լազարյան ճեմարանի շենքը Սովետական հայաստանին վերադարձնելու մասին իր նամակում (ԳԱԹ, արխիվ 220): Չարենցի մասին են նաեւ նրա «Բոցասիրտ հայրենասերը» եւ «Հոկտեմբերի փոթորկաշունչ երգիչը» հոդվածները (Հր.Քոչար, Երկերի ժողովածու, հ. 6, էջ 201-219):

Ես պատկերացնում եմ այս տողերը կարդալիս ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեն հիշյալ գրականագետները, ասելով, որ նա «պատեհապաշտ» էր, որ արդեն «թելադրված էր» լավ խոսել եւ այլն, բայց երբեք չեն ուզենա մտածել, որ ինչպես ամեն ոք, Քոչարն էլ է վերագնահատել արժեքները, անցյալի դաժան դեպքերից դասեր է քաղել: Եթե նրանք առանց ամոթ զգալու աղավաղում են հայտնի իրողությունները, երբ նախկին դատված գրողների արդարացման համար պահանջվող եզրակացության մեջ Հր.Քոչարի նախագահությամբ հանձնաժողովը տալիս է. «Հիշյալ գրողների մեկուսացումն ու կորուստը մեծ հարված էր հայ խորհրդային գրականությանը», երբ ԽՍՀՄ զինվորական դատախազը հարցաքննել է Քոչարին եւ ստացել բոլորի եւ հատկապես` Չարենցի վերաբերյալ բացարձակ դրական պատասխաններ - եթե այդ բոլոր գործողություններին էլ բացասական երանգ է հաղորդվում, ապա ես նույնիսկ բառեր չեմ գտնում բնութագրելու համար մարդկանց չարության չափը: Մաքրազերծվելու մասին դեմագոգիկ ազդարարումների փոխարեն, դուք ինքնե՛րդ, պարոնա՛յք, մաքրազերծվեք փոքրոգի վրիժառությունից, ճշմարտանման ստերից, վտանգավոր «ռեւանշիստական» մոլուցքից, նենգամիտ խառնակչությունից, կյանքում գործած ձեր սխալներից, սեփական «պատեհապաշտական» վարքից, որոնք նույնպես քիչ չեն, որքանով ես կարողացա տեղեկանալ:

Ատելություն

Մի հարցում շատ իրավացի է Ն.Ադալյանը, որ իրենք` 30-ականներին եւ հետագայում ծնվածները, բարեբախտաբար, չտեսան ու չզգացին ստալինականության դեմքը: Իրավացի է նաեւ գրելիս, որ վերջին երկու տասնամյակում ռուս պատմագրությունը բազմիցս անդրադարձել է այս ժամանակաշրջանի երեւույթներին` կատարել կարեւոր ընդհանրացումներ : Բայց երբեւէ հանդիպե՞լ են արդյոք ռուս մտավորականության կողմից կազմակերպված նման անբարոյական հոդվածներ կամ հաղորդումներ որեւէ անձի մասին: Ո՛չ Ֆադեեւի վերաբերյալ (որի հետ երեւի զուգահեռներ անցկացնելով մեր հոդվածագրերն իրենց արյան տենչանքը չեն թաքցնում գրելով, թե պիտի Քոչարը կախվեր, կամ ատրճանակը դներ քունքին եւ այլն) ոչ էլ մեկ ուրիշիՙ երբեք նման զազրագրեր չեն ներկայացրել հանրությանը: Որովհետեւ ռուս մտավորականությունը պետական մտածողություն ունի եւ իր անհայտ անձը ճանաչելի դարձնելու եւ անձնական հաշիվներ մաքրելու համար չի փորձում նվաստացնել ռուս մշակույթի գործիչներին, հակառակը` միշտ աշխատում է նրանց փառքի պատվանդանին բարձրացնել իրենց բոլոր սխալներով ու թուլություններով հանդերձ: Եթե Քոչարը ինքնասպանություն գործեր, գուցե եւ փարատվեր մեր հոդվածագրերի արյան անհագ ծարավը, բայց այդ դեպքում նա չէր գրի իր «Կարոտ» վիպակը, որի սցենարի հեղինակ դարձավ հոդվածագրերից մեկը, որն այնուամենայնիվ իր իղձերն իրականացրեց խեղճ Առաքելին գնացքում կախելով: Քոչարն այնքան թուլամորթ չէր, որ ինքնասպանություն գործեր եւ, բացի դրանից, նա շատ լավատես էր, հավատում էր, որ ապագան պայծառ կլինի ու հանուն դրա պայքարում էր չխնայելով իր առողջությունը: Եթե իրեն չկարողացան ոչնչացնել, դա դեռ չի նշանակում, որ պետք է ողբալ դրա համար ու քարկոծել նրան: Ո՞րտեղ է տեսնված կամ լսված, որ ռուս մտավորականությունը չարախոսի Աննա Ախմատովայի, կամ Մարինա Ցվետաեվայի հասցեին, ինչպես դա անում են մեր «ճշմարտախոսները» Սիլվա Կապուտիկյանի պարագայում: Երեւի թե նրանց կերպարներն էլ անբիծ ու իդեալական չեն եղել: Նրանք էլ են ունեցել թուլություններ, կյանքում սխալներ են գործել, շփոթվել են ու շտկվել, այսինքն` մարդ արարած են եղել: Բայց ռուս մտավորականությունը ոչ թե խոշորացույցն առած փորփրելով զննում է նրանց ներքնաշորերը` սեւ բծեր գտնելու ակնկալիքով, այլ հպարտանում ու գովերգում է իր գրողներին ու պոետներին: Տեսնես Սիլվան որտե՞ղ է տրորել նրանց ինքնասիրությունը: Չէ՞ որ նա 1937 թվի հետ ոչ մի կապ չունի: Հետաքրքրական է, որ Գր.Աճեմյանը Սիլվայի դեմ հոդված գրեց նրա մահից անմիջապես հետո: Դա երեւի մեր գրականագետների ավանդույթն է: Երեւի Սիլվային նա չի սիրում Ն.Զարյանի՞ պատճառով: Բայց չէ՞ որ Ն.Զարյանն ու Գ.Մահարին շատ մտերիմ են եղել կյանքի վերջին տարիներին: Բերեմ այստեղ Ն.Զարյանի նամակը Մահարուն 1969թ. հունիսի 24-ին (ԳԱԹ, Մահարու ֆ., դ 170). «Սիրելի Գուրգեն! Ստացա իմաստուն նամակդ, բայց ավա՜ղ չեմ կարող սեփական ձեռքովս պատասխանել, որովհետեւ ծանր հիվանդ եմ: Այժմ մենք իրար հետ պիտի մրցենք մեր հիվանդությունները հաղթահարելու համար: Տեսնենք` ո՞վ ավելի քաջ կլինի: Դու ինձնից ավելի ջահել ես եւ պարտավոր ես ինձ լավ օրինակ տալ: Հրավիրում ես ինձ Պալանգա: Ափսո՜ս, որ չեմ կարող ընդունել այդ հրապուրիչ հրավերը: Անժիկի հետ միասին ցանկանում ենք քեզ շուտափույթ ապաքինում եւ բարի վերադարձ: Մնացածը կգրեմ սեփական ձեռքով: Քո` Նաիրի»: Ինչպես ասում են` առանց մեկնաբանության :

Մահարու հետ եւ նկատմամբ

Կամ` կարդալով Մ.Արմենի նամակները Մահարուն, որտեղ նա նեղացած պարզաբանում է իր եւ Մահարու գրական նվաճումների արժեքները եւ իրենց մարդկային հատկանիշները, որոնց վերաբերյալ վեճը երկարատեւ բնույթ է կրում, հանդիպում եմ հետեւյալ տողերին.

«Իմ փոխհարաբերությունները մարդկանց հետ հիմնված են գուցե մի քիչ կոպիտ, բայց ուղղաճակատ անկեղծության վրա: Ես ոչ ոքի չեմ շողոքորթում եւ ոչ ոք ինձ չի շողոքորթում: Բայց ես անկեղծ ընկերոջ ցավով էի լսում, որ քո մասին շատ անգամ ասում էին այդ բանը: Եվ եթե ես չէի ասում քեզ, ապա պատճառը քո ծայր աստիճան հիվանդոտ ինքնասիրությունն էր, որը չէի ուզում վիրավորել, մանավանդ, որ ունեի մի քանի դառը փորձեր: Այսպես օրինակ, դու քո բարի անունը շատ կոտրեցիր քո մտերմությամբ մեր գրականության «մարշալի» հետ: Մարդիկ ինձ էին դիմում իբրեւ քո ամենամոտիկ ընկերոջ.

- Մահարին տաղանդավոր գրող է, ի՞նչ կարիք ունի այդ շողոքորթության: Եվ ես չէի կարողանում ոչինչ պատասխանել: Դառնացած պատմեցին.

- Մենք նստած էինք գրողների տանը, բազմոցի վրա, անցավ «մարշալը» առանց մեզ բարեւելու, առանց մեզ նայելու անգամ, ինչպես Ստալինն էր անցնում: Եվ մտավ կաբինետ: Գուրգենը քիչ հետո վազեց նրա ետեւից: Երբ դրանից հետո դուռը բացվեց ներս մտնող մեկի կողմից` մենք տեսանք. Գուրգենը նստել էր այնտեղի բազմոցի վրա, թեւը նրա ուսով գցած...

Ի՞նչ ասեի այդպիսի դեպքերում, Գուրգեն: Կարո՞ղ էի պաշտպանել քեզ, երբ ես գիտեի ավելին: Նրանք գիտեին, տեսնում էին միայն այն, որ դու մտերմություն ես անում նրա հետ, իսկ ես գիտեի նաեւ, որ նույնիսկ այդ մտերմության ժամանակ դու ատում էիր նրան...» (ԳԱԹ, Մահարու Ֆ, դ 258): Նամակը գրված է Մոսկվայից 1962թ. մարտին: Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր, ինչպես սիրում է կրկնել Ստ.Զորյանը իր օրագրերում:

Ես շատ լավ եմ հիշում Գ.Մահարուն, որովհետեւ հաճախ եմ նրան տեսել հորս կողքին, եւ ոչ մի վատ բան չեմ կարող ասել, որովհետեւ ոչինչ վատ չեմ լսել մեր ընտանիքում: Ի տարբերություն Գր.Աճեմյանի` ես մի քիչ ամաչում եմ նամակի վերոհիշյալ տողերը ներկայացնելու համար, սակայն ուրիշ ելք չունեմ: Այստեղ իմ նպատակն է հարցնել Գ. Աճեմյանին, թե ո՞վ է ում համհարզը եւ, ձեւափոխելով, նրա Քոչարի դեմ գրված հոդվածի վերջին տողը` «Ով ականջ ունի, թող լսի», ասել. «Ով խելք ունի, թող մտածի...»: Բարեբախտություն էր, որ «Այրվող այգեստանները» առաջին անգամ լույս են տեսել Քոչարի մահից հետո, այլապես այսօր դրա հետ կապված աղմուկները, հավատացած եմ, նույնպես կկապեին նրա անվան հետ:

Արդեն 1960-ականներին Վ.Նորենցը եւ Մ.Արմենը, որոնք նախկինում թշնամաբար էին տրամադրված Քոչարի հանդեպ, ընդունում էին, որ Քոչարը մեծ հեղինակություն է եւ հսկայական դերակատարում ունի հայ իրականության ամենադժվարին ճակատներում հարցեր լուծելիս: Այսպես օրինակ` նույն Մ.Արմենը Մահարուն ուղղված 1963թ. հունիսի 1-ի նամակի վերջում (ԳԱԹ, Մահարու ֆ, 258) գրում է. «Որպես վերջին տհաճ գրական թեմա. Քոչարը պառկած է երկրորդ ինֆարկտով, շաքարախտի սրված նոպայով եւ կույր աղիքով, որը, սակայն, այդ վիճակում չեն կարող վիրահատել: Հիվանդությունը տհաճ բան է, ով էլ որ լինի հիվանդը»:

Վերջին նախադասությունը կարծես գրված է իր նախկին վերաբերմունքը չկորցնելու, կամ իր դրական զգացմունքը արդարացնելու համար: Թեեւ այստեղ էլ գործել է անթել հեռախոսը, որովհետեւ Քոչարը կույր աղիքի բորբոքում չի ունեցել եւ վիրահատության մասին երբեք խոսք չի եղել, բայց դա արդեն մանրուքներ են: Վ.Նորենցի նամակը Մահարուն 1965թ. մայիսի 5-ին սկսվում է հետեւյալ խոսքերով. (ԳԱԹ, Մահարու ֆ., 267).

«Սիրելի Գուրգեն: Այսօր ստացա Մոսկվայից ուղարկածդ առաջին նամակը եւ ահա պատասխանում եմ առանց ուշացնելու, չնայած հոգնածությանս եւ տխուր տրամադրությանս... Նոր եմ վերադարձել Հրաչյա Քոչարի թաղումից: Չնայած անձրեւոտ եղանակին` բազմամբոխ հասարակություն էր եկել: Զարմանալի են գրողի բախտն ու համբավը: Իմ խորին համոզմամբ Հրաչյայի այդքան մեծ հեղինակությունն ու սերը նրա նկատմամբ ստեղծվեցին վերջին 2-3 տարվա ընթացքում եւ դա արդար է: Այդ տարիների նրա եւ՛ ստեղծագործությունը, եւ՛ հրապարակախոսությունը նոր որակ էր: Այսօր մեկը շատ սրամիտ կերպով նկատեց` «Հազա՜ր ափսոս, Քոչարը... մեծ տնից նոր էր վերադարձել իր սեփական տունը»: Իմ խորին համոզմամբ հենց այդ հանգամանքը նրան դարձրեց այդքան ժողովրդական: Ես ուրախանում եմ մեր ժողովրդի հոգեկան զարթոնքի նոր երեւույթներով, թեկուզ դրանք դրսեւորվեն տխուր առիթներով»:

Ինչպես երեւում է նամակից, Վ.Նորենցը լրիվ վերափոխել ու վերաարժեքավորել էր իր վերաբերմունքը Քոչարի նկատմամբ եւ դարձել նրա երկրպագուներից մեկը: Դրա մի այլ ապացույց էլ այն է, որ Քոչարի նախաձեռնությամբ Անաստաս Միկոյանի հետ մի խումբ գրողների հանդիպմանը Քոչարը հրավիրել էր նաեւ Վաղարշակ Նորենցին: Այդ հանդիպման մասին Քոչարի ձեռագիրը` «Հայ գրողների զրույցը Ա.Միկոյանի հետ», պահվում է ԳԱԹ-ի Հր.Քոչարի ֆոնդում, արխիվ դ 128: Զրույցը լրիվ տպագրվել է «Գրական թերթի» 1992թ. փետրվարի 14-ին:

Ահա մի քանի խոսք այդ հանդիպման մասին. Հր.Քոչարը մի խումբ գրողների անունից (Վ.Նորենց, Հր.Քոչար, Գ.Սարյան, Հր.Հովհաննիսյան, Ն.Զարյան) հեռագրել էր Ա.Միկոյանին, խնդրելով, որ իրենց ընդունի մի շարք հարցերի շուրջ «զրույցի համար, որ հուզում են մեր ստեղծագործական ու գիտական մտավորականությանը»: Հեռագիրը հաղորդվել է Ա.Միկոյանին նրա Երեւան ժամանելու օրը` մարտի 11-ին: Մարտի 14-ի առավոտյան ճշտվել էր, որ ժ. 12-ին Կենտկոմի շենքում տեղի է ունենալու այդ ընդունելությունը:

«Ուղիղ ժամին մեզ ներս հրավիրեցին ընկեր Յակով Զարոբյանի սենյակը: Ներս մտան մեզ հետ միասին նաեւ Կենտկոմի գիտության բաժնի վարիչ Ռ.Խաչատրյանը եւ ընկ. Զարոբյանի օգնական Մ.Խարազյանը: Միկոյանի հետ միասին ոտքի վրա էին ընկերներ Յա.Զարոբյանը, Ա.Քոչինյանը եւ Հովհ.Բաղդասարյանը: Ամեն մեկին ներկայացնում էր Յա.Զարոբյանը, որոնց Միկոյանն անձամբ ծանոթ չէր: Դեռ ոտքի վրա սկսվեց քաղաքավարական խոսակցությունը:

Հր.Քոչար - Թույլ տվեք շնորհակալություն հայտնելու, ընկե՛ր Միկոյան, որ ընդունեցիք մեզ այս զրույցի համար: Կան բազմաթիվ հարցեր, որ հուզում են ոչ միայն այստեղ գտնվողներին, այլեւ մեր բոլոր գրողներին ու մտավորականությանը: Եվ մենք որոշեցինք հանդիպել Ձեզ` իմանալու Ձեր կարծիքն այդ կարեւոր հարցերի մասին: Դրանք վերաբերում են մեր ազգային կյանքի եւ նրա պատմության զանազան խնդիրներին: Առանց հատուկ կողմնորոշման` գրողի համար դժվար կլիներ գեղարվեստական իր երկերի մեջ արտացոլել մեր պատմության այս կամ այն շրջանը: Թույլ տվեք, ուրեմն, անդրադառնանք այդ հարցերին:

Ա.Միկոյան - Խնդրեմ, խնդրեմ»:

Քանի որ արձանագրությունը չափազանց ծավալուն է եւ արտացոլում է մեկ ժամից ավել տեւած զրույցը, ապա սույն հոդվածի սահմաններում հնարավոր չէ այն ներկայացենլ ամբողջովին: Ասեմ միայն, որ Հր.Քոչարը խոսել է Սարդարապատի ճակատամարտի, ռուսական դպրոցներում հայերեն լեզվի, հայոց պատմության ու աշխարհագրության, Վանի պաշտպանության, արտասահմանյան հայության վիճակի ու նրանց վերաբերմունքի մասին Սովետական Հայաստանի հանդեպ, սովետական պատմագրության սխալների ու կողմնակալության հարցերի շուրջ: Որպեսզի ոչինչ չմոռացվի, գրողներն իրար մեջ բաժանել էին հարցերը եւ խոսելիս անընդհատ լրացրել էին մեկը մյուսին: Խոսվել է հատկապես Թուրքիայի պատմության ու մամուլի մեջ հայերի ջարդերն արդարացնելու, Թալեաթ ու Էնվեր փաշաներին փառաբանելու, հայ ժողովրդի դեմ մղված ռասիստական ցինիկ պրոպագանդայի մասին, գրող-դրամատուրգ Լեւոն Շանթի երկերը հրապարակելու, զորավար Անդրանիկի գնահատության հարցի վերաբերյալ, որին Ստ.Շահումյանն անվանել է «ժողովրդական առաջնորդ», նրա ռազմական խիզախությունների մասին Բալկանյան պատերազմումՙ 1912թ., լեհ գրող Բոգդան Գեմբարսկու «Նամակ իմ թուրք բարեկամին» հոդվածի մասին, ուր նա նկարագրում է հայկական ջարդերը եւ հատուցում է պահանջում, ինչպես նաեւ բազմաթիվ այլ կարեւորագույն հարցերի շուրջ: Դատելով արձանագրությունից Ա.Միկոյանը բոլոր առաջադրված խնդիրներին դրական պատասխաններ է տվել եւ շատ բարյացկամ է վերաբերվել գրողներին հուզող բոլոր հարցերին: Խոստացել է մոտ ապագայում լրջորեն քննել դրանքՙ խնդրելով, որ իրեն որոշ գրքեր ու փաստաթղթեր փոխանցեն: Քոչարը խոստացել է դրանք փոխանցել Սերգոյիՙ Ա.Միկոյանի որդու միջոցով: Ինչպես ցույց տվեց ապագան, գրողների կողմից առաջադրված գրեթե բոլոր հույժ կարեւոր խնդիրները իսկապես դրական լուծում ստացան: Հանդիպումը տեւել է 1 ժամ 10 րոպե, ժամը 1200-ից մինչեւ 1310 րոպե:

Քոչարը եւ Հայրենական Մեծ պատերազմը

Անդրադառնալով Հր.Քոչարի նախորդ` պատերազմական տարիների գործունեությանը, ապա հոդվածագրերի կողմից դա նույնպես ներկայացվում է որպես պատեհապաշտության եւ կարիերիզմի դրսեւորւմ: Ինչ կարելի է ասել նման պարագայում: Ասելիքս շատ է վառոդի հոտ չառած «հայոց քաջերին», սակայն դաստիարակությունս թույլ չի տալիս դրանք հայտարարել ի լուր աշխարհի: Ճիշտ է, Հայրենական պատերազմում կռվել են միլիոնավոր մարդիկ. դրանով ոչ մեկի չես զարմացնի: Եվ եթե հազարների հայրերը, եղբայրները, պապերը զոհվել են - դա էլ վերաբերվել է հազարավոր ընտանիքների: Իմ հորեղբայրը` Հր.Քոչարի եղբայրը, նույնպես զոհվել է, զոհվել են նաեւ իմ երկու քեռիները` 20 եւ 28 տարեկան հասակում: Հր.Քոչարի ռազմաճակատ կամավոր մեկնելու փաստը շեշտվում է նրա կենսագրության մեջ, որովհետեւ, գրողների միության անդամները այսպես կոչված «բրոնյա» ունեին, եւ երիտասարդ գրողներից ընդամենը մի քանիսն են մեկնել ռազմաճակատ` զորակոչվելով զինկոմիսարիատի կողմից: Իսկ կամավոր մեկնել է միայն Հր.Քոչարը:

Պատերազմի բոթը Հրաչյա Քոչարը լսեց 1941թ. հուիսի 22-ին` Գրականության թանգարանում` Խ.Աբովյանի արխիվային նյութերն ուսումնասիրելիս: Նա պատմում էր. « Աչքիս առաջ երեւացին համիդյաններն իրենց կեռ սրերով, գաղթի ճանապարհները, սպանված ու զոհված հարազատների կերպարանքները... »: Եվ Քոչարը թանգարանից գնաց ուղիղ զինկոմիսարիատ, իսկ հունիսի 23-ի առավոտյան կամավոր մեկնեց ռազմաճակատ: Հայտնի է, որ ռազմաճակատ մեկնելը ինքնասպանության նման մի բան էր: Ոչ ոք չգիտերՙ կվերադառնա՞ արդյոք, թե կպառկի ռազմի դաշտում:

Նա մասնակցել է ամենաթեժ մարտերին, եւ եթե բոլոր մյուս իր զինակից ընկերները կարողացել են հողե տնակներում, խրամատներում կռվից հետո մի փոքր հանգստանալ կամ մի երկու ժամ քնել, ապա նա դադարի կարճատեւ պահերն օգտագործել է թղթակցություններ գրելու եւ ուղարկելու համար թիկունքի ժողովրդին: Թե ինչ նշանակություն են ունեցել այդ ակնարկներն ու հոդվածները հասարակության համար, գրում է Ս.Կապուտիկյանը. « Եվ այս, համատարած տարուբերումների մեջ առանձնապես հնչում էր պատերազմի հենց առաջին օրից ռազմաճակատ մեկնած, զինվորական թղթակից Հրաչյա Քոչարի ձայնը, հանրապետության պարբերականներում հաջորդաբար տպագրվող նրա ակնարկները` ուղարկված հենց առաջին գծից, մարտերի ծուխ ուվառոդով բուրող, կենդանի, անմիջական: Ամենքը, այդ թվում նաեւ ես, սպասում էինք այդ ակնարկներին ճիշտ այնպես, ինչպես զինվորի մայրը, կինը, երեխաներն էին սպասում կռվող հարազատի եռանկյուն նամակներին: Նահանջի եւ պարտությունների այդ ծանր տարիներին Քոչարի ակնարկները բաղձալի դեսանտի նման իջնում էին մարդկանց վհատ հոգիներին, հույս ու վստահություն էին ճառագում այնտեղ, հաղորդում հեղինակի անսասան համոզվածությունը հաղթանակի նկատմամբ: (Ս.Կապուտիկյան, Գրականագիտ. հանդես, Ա (Գ), 2005թ., էջ 197):

Ես վերը նշել էի, որ Քոչարը երբեք վախկոտ մարդ չի եղել եւ, ի հաստատումն իմ խոսքերի, ուզում եմ նաեւ մի քանի տող ներկայացնել նրա բազմաթիվ ընկերներից մեկի` վրաց գրող Վլ.Տորդուայի, մեր ընտանիքին հղած նամակից, արդեն հորս մահից հետո (ԳԱԹ, Հր.Քոչարի ֆ., անմշակ, Հր.Քոչարի անձնական արխիվ):

«...Ես ուրիշ ոչ մեկի մոտ չեմ հանդիպել այնպիսի գայթակղիչ ժպիտի, ինչպիսին փայլում էր Հրաչյայի մոտ` որպես նրա բարի հոգու ուրույն ճառագայթում: Թվում էր, որ այդ ժպիտով նա կարող էր հարձակման պատրաստված վագրին անգամ կանգնեցնել: Ես նրա հետ հայտնվել եմ ամենակատաղի մարտերի մեջ, եւ ինձ միշտ զայրացրել է նրա մեծահոգի հանդարտությունը... իր անբաժան ժպիտի հետ միասին: Զգուշանալով ականների պայթյունից, մահաբեր բեկորներից, մենք մի ակնթարթում պառկում էինք երեսնիվայր, իսկ նրա պետքն էլ չէր. հանգիստ շրջվելով քայլում էր առաջ` կարծես ինքն էր այդ ահավոր մարտական տեսարանների բեմադրիչը: Ժպտալով նա կարծես արհամարհում էր մեզ ամեն րոպե դարանակալող մահը»:

Այստեղ նպատակահարմար եմ գտնում ներկայացնել նաեւ Հովհ.Շիրազի նամակը ռազմաճակատ` Քոչարին (ԳԱԹ, Հր.Քոչարի ֆ., արխ. 481):

«Սիրելի Հրաչյա Քոչար

Ստացա նամակդ. սրտիս դատարկ գավաթը լցվեց գինով: Թեեւ նորից տեսա իրոնիկ ժպիտդ` տողերի տակից: ...Դու քան ախպերս եղիր եւ դա իմ ամենից վսեմ խնդությունը կլինի: Կուզենայի շնորհավորել Կարմիր աստղի շքանշանդ... քո գրական գետը դեռ շատ փառքի դաշտեր պիտի ծաղկեցնի ոտքի տակ... Դու Հայրենիքի երգիչ եւ Հայրենիքի զինվոր, թող ամեն քո քայլին գարնան շրթունքը ծարավի, թող եղեւնանա զինվորի եւ երգչի դափնիդ հավերժորեն զմրուխտացած, ես քո երգի եւ զենքի վեհ ու խոնարհ եղբայրն եմ...

Միշտ քո եւ այս ժամի սրբագույն եղբայր` Հ.Շիրազ»:

1945թ. հունիսին Ռիգայում Հր.Քոչարը հանդիպել էր Հովհաննես Բաղրամյանին, որը մտերմիկ զրույցի ժամանակ պատմել էր, թե նամակ է ստացել ԱՄՆ-ում բնակվող եւ Բաղրամյան ազգանունը կրող մի կնոջից: Այդ կինը համոզված էր, որ մեծ զորավարն իր եղբայրն է, որին նա երեսուն տարի առաջ կորցրել էր գաղթի ճանապարհներին: Երբ մի քանի ամիս հետո "կՐՈՉՊՈ" թերթի խմբագիր Վադիմ Կոժեւնիկովը խնդրել է մի «պադվալային» հոդված հանձնել Խորհրդային Հայաստանի 25-ամյա հոբելյանի առթիվ, Հր.Քոչարը, հիշելով սփյուռքահայ կնոջ նամակը, գրել ու նախկին Խորհրդային Միության ամենաազդեցիկ պարբերականի խմբագրությանն է հանձնել «Գեներալի քույրը» հրապարակախոսական խոր պաթոսով պատմվածքը, որը հաջորդ իսկ օրը տպագրվել է ""կՐՈՉՊՈ"-ում եւ լայն արձագանք է գտել հասարակության տարբեր խավերում: Մոսկվայի ռադիոն բազմիցս հաղորդել է «Գեներալի քույրը» իր եթերում: Պատմվածքը թարգմանվել է 24 լեզուներով, իսկ Հայաստանում զետեղվել է դպրոցական դասագրքրեւոմ ու դաստիարակել սերունդներ:

Ահա թե ինչ է գրում Մարիետա Շահինյանը դրա մասին.

«Հիշում եմ մի վաղ առավոտ Մոսկվայում մեր բնակարանում տեղաց հեռախոսազանգերի տարափ: Զանգահարում էին ծանոթ ու անծանոթ մարդիկ, եւ բոլորն էլ սկսում էին այս խոսքերով. «Կարդացի՞ք, կարդացի՞ք «Պրավդայում»: Դա այն օրվա առավոտյան էր, երբ «Պրավդայում» տպագրվեց Հրաչյա Քոչարի «Գեներալի քույրը» շատ սրտահույզ եւ միաժամանակ պարզամիտ-անպաճույճ պատմվածքը: Բոլոր նրանք, ովքեր կարդում էին այդ պատմվածքը, լաց էին լինում: Երբ մեր տանը կարդացինք, մենք էլ լաց եղանք: Պատմվածքը ներծծված է հայ մարդու հանդեպ հայ կնոջ այն պարզ, եղբայրական, արյունակցական զգացումով, որպիսին ծնվում է միասնական, շատ բան տեսած, փոքրաթիվ ժողովրդի զավակների սրտերում... Քոչարի պատգամած այս հատկանիշները եւ ժողովրդի նկատմամբ տածած նրա զուսպ, ազգայնամոլությունից եւ նեղ ազգասիրությունից զերծ սերը պետք է ուղենիշ լինեն մեր հայ երիտասարդության համար» (Գրական թերթ, 1980թ., 20 հունիսի):

Ազգային խնդիրներ

Հաջորդ ստեղծագործությունը, որում անթաքույց կերպով նորից բարձրացվում է եղեռնի խնդիրը, 1964թ. գրված «Մայրենի լեզու» շարքն է, որտեղ Քոչարն անդրադարձել է մի քանի տասնամյակ առաջ տեղի ունեցած եւ ժողովրդի ճակատագրի վրա անջնջելի հետք թողած իրադարձություններին: Այդ շարքից «Գնդապետի պատմածը» ստեղծագործության մեջ ներկայացված է մեծ զորավար Հայկ Բժշկյանցի (Գայ) կերպարը` իբրեւ իր ժողովրդի փրկության ճանապարհները որոնող մեծ հայորդու: Նախքան այդ պատմվածքը մամուլում հրատարակվելը` ժողովրդի լայն զանգվածներին ծանոթ չէր Գայի անունը: Հետագայում, ինչպես հայտնի է, Երեւանում կանգնեցվեց Գայի արձանը:

Այնուհետեւ լույս տեսավ Հր.Քոչարի կարապի երգը` «Սպիտակ գիրքը», որը ցնցող տպավորություն թողեց հայ հասարակության վրա: Հատկապես «Նահապետը», «Կարոտը», «Եփրատի կամուրջին» վիպակներն իրադարձություն դարձան գրական եւ հասարակական կյանքում: Նահապետի եւ Առաքելի կերպարները մարմնավորում են դժոխքներ տեսած հայ մարդու կենսունակության, ազգասիրության, հայրենի հողի կարոտի, բարության ու վերածնման փիլիսոփայությունը: Այն կենսափիլիսոփայությունը, որը բնորոշ էր հենց իրեն` Հր.Քոչարին:

Պատահական չէ, որ Նահապետի կերպարը կապված է խնձորենու` սիրո, մաքրության եւ հավերժության խորհրդանիշի հետ: Այդ վիպակները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով, ինչպես նաեւ թուրքերենՙ տպագրվել Թուրքիայում: «Նահապետը» վիպակի էկրանավորումը հայկական կինոարվեստի ակնառու ու մնայուն նվաճումներից մեկը դարձավ:

Առանձնահատուկ տեղ է գրավում Հր.Քոչարի հրապարակախոսական եւ հասարակական գործունեությունը XXդ. կեսերի խորհրդահայ իրականության մեջ: Ողջամտորեն հրաժարվելով տարբեր վարչական պաշտոններից` Հր.քոչարը իր ամբողջ ուժն ու ավյունը ներդրեց մեր ժողովրդի հոգսերի դամանման, կնճռոտ հարցերի լուսաբանման ու պատմական անարդարությունների շտկման պայքարի մեջ: Որպես լրագրող ու հրապարակախոս` նա իր թե՛ գրավոր, եւ թե՛ բանավոր ելույթներում առաջ էր քաշում այնպիսի հարցեր, որոնք հուզում էին բոլորին, սակայն ոչ բոլորը խիզախություն ունեին դրանց վերաբերյալ արտահայտվելու: Հայաստանի մամուլում լույս տեսած Քոչարի հոդվածները թարգմանվում եւ արտատպվում էին խորհրդային, արտասահմանյան ու սփյուռքահայ թերթերում: Նրա մի շարք հոդվածները, ինչպիսիք էին օրինակ` «Նոյեմբերյան մտորումներ», «Անհանգչելի կրակը», «Մտորումներ Եղեռնի եւ վերածնության», «Պրոֆ. Ա.Մնացականյանի «Հայ ժողովրդի ողբերգությունը» գրքի առթիվ», «Պանդուխտները վերադառնում են տուն», «Սրտերի զրույցը» եւ այլ հրապարակումներ դարձան հայ մշակութային ու հասարակական կյանքի ակնառու երեւույթներ:

Քոչարը միշտ գտնվում էր ազգային-քաղաքական կյանքի կիզակետում: Անվանի գրականագետ, պրոֆեսոր Սուրեն Աղաբաբյանը գրել է. « Բոլորին էր հայտնի, թե ինչքան եռանդ էր ծախսում նա Սեւանի պրոբլեմը ճիշտ ուղղությամբ լուծելու համար, պարբերաբար լինում էր գիտնկանների մոտ եւ նրանց հետ կիսում իր մտորումները Սեւանի ճակատագրի վերաբերյալ: Հայտնի է նրա բացառիկ շահագրգռությունը Անդրանիկ զորավարի պատմական իրավուքների վերականգման, առհասարակ ազգային պատմության եւ կուլտուրայի կնճռոտ խնդիրների լուծման կապակցությամբ » (Ս.Աղաբաբյան, Հր.Քոչար: Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երեւան, 1982, էջ 237): Հայ մեծանուն պատմաբան ակադեմիկոս Աշոտ Հովհաննիսյանը այսպես է ասել Քոչարի մասին.« Քոչարը նշանավոր գրող լինելուց բացի, կարող էր լինել նաեւ նշանավոր քաղաքագետ: Մեր իրականության մեջ քիչ են պետականորեն մտածող մտավորականները » (Նույն տեղում, էջ 234):

Մոտենում էր 1965թ.` Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցը: Հովհաննես Բաղդասարյանը, որը 1961-1966թթ. ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղարն էր, հիշում է. « Քոչարն էր, որ 1964թ. մարտին մտավորականներից առաջինը եկավ Կենտկոմ ինձ մոտ եւ խոսք բաց արեց եղեռնի 50-ամյակը նշելու մասին » (Հովհ. Բաղդասարյան, Անցած-գնացած տարիներ, Երեւան, 1995, էջ 63):

Ստորեւ ընթերցողի ուշարությանը ներկայացվում է Հր.Քոչարի` սփյուռքահայությանն ուղղված բազում ելույթներից մեկը, որն աներեր հայաստանակենտրոնության, ազգային արժեքների ջատագովության, առկա քաղաքական դաշտի հնարավորությունները հայ ժողովրդի բարօրությանը ծառայեցնելու անսասան կամքի առհավատչյան է: Ելույթը Արզնի առողջարանում ձայնագրել է ռադիոյի բազմավաստակ աշխատակից Կլարա Թերզյանը, իսկ տարիներ անց տպագրվել է անձնական ֆոնդերում պահվող ելույթի ձեռագիրը. « Քառասունչորս տարի է, որ մեծ ողբերգությունից հետո հայ ժողովուրդը հայրենիք ունի, նորոգում է դարերի իր հուշարձանները, կանգնեցնում է նոր կոթողներ, մշակում ու փայլեցնում է իր լեզուն` բացելով գրաբարի եւ մեր հարուստ գավառաբարբառների գանձերը, դաշնակում է նոր երգեր, մտքով սլանում տիեզերքի հեռավոր գաղտնարանները եւ իջնում է երկրի ընդերքը, որ անսահման հարստություններ է պահում իր խորքերում: Հայ անունն օտարներն արդեն արտասանում են հարգանքով ու ջերմ համակրությամբ: Հայաստանն այլեւս աշխարհագրական հասկացողություն չէ, այլ կենդանի իրականություն` ինքնատիպ իր բնապատկերներով եւ ժողովրդի ազգային ինքնատիպ խառնվածքով, հոգու գույներով եւ ստեղծագործական երեւակայության սլացքներով:

  ...Անխոնջ ճանապարհորդ է եղել հայ ժողովուրդը: Նրա քարավանն անցել է խորխորատներով, վտանգավոր կիրճերով ու ամեհի անդունդներով, միշտ ենթակա ավազակախմբերի հարձակման, ենթակա ավարի ու կողոպուտի, ենթակա խոշտանգումների ու մահվան վտանգի: Թանկագին գանձերով բեռնված քարավանով մենք անցանք ահավոր փորձանքներից, կորցնելով շատ թանկագին կյանքեր ու գանձեր, բայց հասանք լուսավոր տարածությունների եւ զորեղացանք վերստին մեծ կյանքով ապրելու համար: Հազար ինն հարյուր տասնհինգից հասանք հազար ինն հարյուր վաթսունհինգին: Դա հերոսական, դյուցազնական ճանապարհ է:

/b>  ...Հայրենիքի սիրո ջերմ զգացմունքներով լի ողջունում եմ ձեր Նոր տարին` Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներում, Եվրոպայի եւ երկու Ամերիկաների մեծ քաղաքներում, Իրանում եւ Թուրքիայում, աշխարհի բոլոր ծագերում, բոլոր հորիզոնների տակ ապրող մոտիկ ու հեռավոր եղբայրներ: Մի՛ ընկճվեք, դուք Հայրենիք ունեք, որի վրա ոչ մի մութ ամպ չի որոտա այլեւս »: (Կլարա Թերզյան, Բույլ մեծաց, Երեւան, 2001, էջ 82-84):

Ավելի վաղ` 1963-ին, ռադիոյով հնչել է մի այլ ելույթ, որը պահպանվել է Գրականության եւ արվեստի թանգարանի ձայնադարանում, Ռադիոկոմիտեում եւ Հր. Քոչարի անձնական արխիվում: Հատվածաբար ներկայացվող այս ելույթի հիշարժան խոսքերը մտորումների առիթ են տալիս Հր. Քոչարի ազգային կերպարի ու մտածողության, ի սեր ժողովրդի ամեն պատեհ առիթով աներկյուղ ելույթ ունենալու ու գործելու վերաբերյալ. « Մեծ, անպարփակ, խոր վիշտը նման է անհանգչելի կրակի, որ մեկ մարմրում է, հանդարտվում, հայկական թոնրի անթեղ կրակի նման ծածկվում է մոխիրների տակ եւ մեկ էլ` բորբոքվում է, հորդում, բոցավառվում: Այդպես է մեր ազգային վիշտը...

  ... Հայ ժողովուրդը երբեք հիշաչար չի եղել եւ երբեք մոռացկոտ չի լինի:

/b>  ... Ես կցանկանայի, որ մեր մայրաքաղաքին իշխող բարձունքներից մեկի վրա կառուցվեր ողբերով ու հերոսություններով լի մեր ազգային պատմությունը խորհրդանշող մի հուշարձան` մեծ, հոյակապ, լայնանիստ պատվանդանով, որի վրայից երկինք մխրճվեր հայկական ճարտարապետության ոճով մի հաղթական սյուն, եւ այդ սյունից պոռթկար հավերժական կրակը, որ պիտի երեւար երկրի բոլոր ծայրերից եւ հարեւան երկրներից: Ու բոլորին պիտի հիշեցներ, որ հայ ժողովուրդը կա, ապրում է ու պիտի ապրի գալիք բոլոր դարերում, որ նրա կյանքն անհանգչելի է ինչպես հավերժական կրակը: Այդ բազմանշանակ կոթողը հուշարձան կլիներ բոլոր ժամանակներում ազատագրական ու հեղափոխական ճակատամարտերում ժողովրդի ազգային եւ սոցիալական ազատության, ժողովրդի երջանկության համար նահատակված եւ իրենց նոր, ազատ հայրենիքը կառուցող հերոսներին»:

/b>Հայ ժողովուրդն այդ հուշարձանը կանգնեցրեց 1967 թվականին:

Սարդարապատի ճակատամարտի նշանակության, արժեւորման ու պրոպագանդման հուշարձան-համալիրի կառուցման գործում եւս որոշիչ դեր ունի Հր. Քոչարը: Ահա մի քանի տող Վլադիմիր Դարբինյանի հիշողություններից.

« Ինձ վրա առանձնակի մեծ տպավորություն է թողել Հրաչյա Քոչարը: Նա հրաշալի գիտեր հայոց պատմությունը, ուներ կուռ տրամաբանություն, համոզելու վիթխարի ուժ: Պերճախոս էր, սրամիտ, օժտված փայլուն հիշողությամբ: Մի անգամ նա խոսք բացեց Սարդարապատի ճակատամարտի` որպես պատմական բախտորոշ իրադարձության մասին. «Առանց Սարդարապատի չէր լինի այժմյան Հայաստանը: Մի՞թե չի գալու այն ժամանակը, որ ծնվի Սարդարապատի Եղիշեն: Մի՞թե չի գալու այն ժամանակը, որ հայ գործիչն արժանի հուշարձան բարձրացնի այդ ճակատամարտի հերոսների հիշատակին »:

1962թ. վերջերին` Կենտկոմի որոշմամբ, ես պետք է աշխատեի Հոկտեմբերյանի կուսշրջկոմում: Ինձ համար մեծ պատիվ ու վստահություն էր 31 տարեկանում ստանձնել շրջկոմի առաջին քարտուղարի պարտականությունները: Գրողների շենքի մուտքի մոտ հանդիպեցի Հրաչյա Քոչարին եւ հայտնեցի, որ կուսակցական աշխատանքի եմ անցել... Նա շնորհավորեց ինձ ու ասաց. « Հիշո՞ւմ ես մեր զրույցները Սարդարապատի մասին: Ամեն ինչ արա՛ այդ գործը գլուխ բերելու համար: Երջանիկ հնարավորություն է ստեղծվել քեզ համար... »: Սարդարապատի ճակատամարտին նվիրված հուշահամալիրի կառուցման միտքը պատկանում է Հրաչյա Քոչարին, բայց այդ գեղեցիկ հղացումը կյանքի չէր կոչվի, եթե չլիներ Հոկտեմբերյանի շրջանի այն ժամանակվա աշխատավորների միակամությունը» (Կլարա Թերզյան, Բույլ մեծաց, էջ 65):

Հարկ եմ համարում այս հոդվածում ներկայացնել նաեւ կուսակցական եւ պետական բարձրագույն ղեկավարներին 1964թ. հոկտեմբերին Հրաչյա Քոչարի գրած մի նամակը, որի ձեռագիրը գտնվում է Գրականության եւ արվեստի թանգարանի ձեռագրատան ֆոնդերում (ներկայացնում եմ կրճատումներով).

«ՍՄԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար` ընկեր Լ.Ի.Բրեժնեւին

ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության նախագահ` ընկեր Ա.Ի.Միկոյանին

ՍՍՌՄ Մինիստրների Սովետի նախագահ ընկեր Ա.Ն.Կոսիգինին

Եկող տարի ապրիլին լրանում է առաջին իմպերիալիստական պատերազմի ժամանակ հայ ժողովրդի զանգվածային կոտորածների 50-ամյակը: Այդ կոտորածները` թուրք դահիճների ձեռքով, ամենավայրենի, ամենաբարբարոս գենոցիդի իրականացումն էին, որ տասնամյակներ շարունակ ծրագրում էր թուրքական պետական միտքը: Դրա հետեւանքով իր հայրենի երկրում ոչնչացվեց մեկ ու կես միլիոն հայություն եւ մեկ ու կես միլիոն էլ ցրվեց աշխարհով մեկ ու այսպիսով ստեղծվեց հայկական մեծ դիասպորան:

Եվ ահա բոլոր երկրներում ապրող հայերը պատրաստվում են նշելու իրենց ազգային այդ մեծ ողբերգության 50-ամյակը: Մերձավոր Արեւելքի ու Աֆրիկայի, Եվրոպայի եւ Հյուսիսային ու Լատինական Ամերիկաների հայաշատ քաղաքներում արդեն պարբերական մամուլը լայնորեն լուսաբանում է այդ տխուր տարեթիվը, էջեր է հատկացնում հայկական կոտորածներին, նկարագրում է թուրքական բարբարոսությունները, մի ամբողջ ազգի կեսի բնաջնջման զարհուրելի պատմությունը: Լույս են տեսնում գրքեր, հրապարակվում են վավերագրեր, որոնք ցույց են տալիս, թե ինչպես թուրք ջարդարարների մեթոդներն օգտագործեց Հիտլերը` հիշեցնելով, որ հայերի կոտորածների համար ոչ ոքից հաշիվ չեն պահանջում:

Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, Եվրոպայի եւ Հյուսիսային ու Հարավային Ամերիկայի հայերը պատրաստվում են նաեւ Հայկական միջազգային կոնգրես հրավիրելու 1965թ. ապրիլին եւ դիմելու ՄԱԿ-ին` հայկական ազգային իրավունքները վերականգնելու համար: Բացի դրանից, ամեն առանձին երկրի հայկական գաղութի համայնքը դիմում է այդ երկրի պետությանը` ՄԱԿ-ում հայկական դատը պաշտպանելու: Դրանք այն հայերն են, որոնք կոտորածներից փրկվելով, 50 տարի է, ինչ իրենց հայրենի հողերից զրկված` դեգերում են օտար ափերում: ...

Բնորոշ է, որ այժմյան Թուրքիայում հայկական ջարդերի կազմակերպիչներին` մարդակեր Թալեաթ եւ Էնվեր փաշաներին արձաններ են կանգնեցնում եւ նրանց փառաբանող գրքեր են հրապարակում: Բազում հոդվածներ ու գրքեր են գրվում նաեւ այն մասին, որ Վոլգան թուրքական գետ է, եւ Թուրքիայի սահմանները պիտի հասնեն մինչեւ Ուրալ: Եվ դա այն ժամանակ, երբ «բարեկամության» այցով Մոսկվա պիտի գա Թուրքիայի մինիստրը:

...Արտահայտելով մեր ժողովրդի այդ զգացմունքները` հավատացած ենք, որ մեր Պարտիայի ու պետության ղեկավարները կկռահեն թուրքական դիվանագիտության խաղերը եւ կպաշտպանեն հայ ժողովրդի դատը, թույլ չեն տա, որ մոռացության մատնվի մեկ ու կես միլիոն նահատակների արյունը եւ արհամարհվեն երկու միլիոն թափառական հայերի պահանջները:

Գրում ենք Ձեզ այս ամենը մեր խղճի, մեր ժողովդրի եւ պատմության առաջ մեղավոր չմնալու համար:

Հարգանքներով` Հր.Քոչար

1964թ. 27 հոկտեմբերի, Լուսակերտ:

(ԳԱԹ, ձեռագրատուն, արխիվ 196):

Սփյուռքի հետ

Կարծում եմ, հիշատակման արժանի է նաեւ Հր.Քոչարի այցը Միջին Արեւելքի երկրներ` ռուս խորհրդային գրող Արկադի Պերվենցեւի հետ: Նա առաջին հայ մտավորականն էր, որ հանդիպեց Սփյուռքի բոլոր հայկական կուսակցությունների հետ, 1961թ. հունվարի 14-31-ը երեք տասնյակից ավելի ելույթներով հանդես եկավ սփյուռքահայության եւ արաբ մտավորականության առջեւ, ամուր կամուրջներ կապեց սփյուռքի եւ հայրենիքի միջեւ: Հր.Քոչարի ելույթներն ու հանդիպումները լայնորեն լուսաբանվում էին Իրաքի, Սիրիայի, Լիբանանի արաբական հայկական թերթերում, ինչպես նաեւ եվրոպական եւ ամերիկյան մամուլում: Վերադարձից հետո Հայաստանի Կոմկուսի կենտկոմը նրանից հաշվետվություն պահանջեց: Այդ հաշվետվության լրիվ ձեռագիրը նույնպես պահվում է Գրականության թանգարանի ձեռագրատան ֆոնդերում (արխիվ 510): Քանի որ հաշվետվությունը շատ ծավալուն է, կարելի է միայն մի քանի խոսքով ներկայացնել Քոչարի այն առաջարկները, որոնք նա վերադարձից հետո շարադրել է կառավարությանը հանձնած իր հաշվետվության մեջ. վերականգնել Հայաստանում Արտաքին գործոց նախարարությունն իր ապարատով, ինչպես Ուկրաինայում եւ Բելոռուսիայում է այն ստեղծվել` նկատի ունենալով հայկական ազգային կյանքի առանձնահատկությունները, արտասահմանից հայ ուսանողներ կանչել Հայաստան, ավելի հաճախ արտասահման ուղարկել մտավորականներ` գրողներ, պատմաբաններ, անհրաժեշտ է հայերեն հրատարակել Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը», որն արդեն հրատարակվել է Գերմանիայում, Չեխոսլովակիայում, Բուլղարիայում, Ռումինիայում, սակայն չի հրատարակվել հայերեն ու ռուսերեն լեզուներով: Ժամանակն է նաեւ քննելու մեծատաղանդ դրամատուրգ Լեւոն Շանթի ընտիր երկերը հրատարակելու հարցը, ինչպես Մոսկվայում հրատարակեցին սպիտակ գվարդիական Իվան Բունինին:

Ինչ վերաբերում է Հր.Քոչարի գեղարվեստական ստեղծագործություններին, որ փորձում են արժեզրկել մարդիկ` չկարողանալով կողքը դնել իրենց սեփական որեւէ գործ, ապա հիացական կարծիքներն այնքան շատ են, որ, ցավոք, չեմ կարող բոլորը զետեղել մի հոդվածի մեջ: Ընդհանրապես ասելիքս ու պատմելիքս չափազանց շատ է, սակայն շտապում եմ ավարտին մոտեցնել այս հոդվածը, գիտակցելով, որ այն չի կարող տպագրվել չափազանց մեծ ծավալով:

Սփյուռքահայ տաղանդավոր գրող Արամ Հայկազը «Նահապետը» վիպակը կարդալուց հետո հոդված է ուղարկել սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեին, խնդրելով, որ այն տպագրության հանձնվի Հայաստանի գրական մամուլին: Ահա այդ հոդվածի առաջին տողերը.

« Ձեզի պատահա՞ծ է, որ գիրք մը կարդալե վերջ ուզեիք փողոց ելլել, դրացի, բարեկամ ու ծանոթ գտնել ու անոնց հետ բաժնել ձեր ուրախությունն ու խանդավառությունը... Այդ բանը քանի մը անգամ պատահած է ինձի ու վերջին անգամ ալ պատահեցավ, երբ «Սովետական գրականություն» ամսագրի վեցերորդ թիվին մեջ կարդացի վերջացուցի Հր.Քոչարի «Նահապետը» խորագրված վեպը...: Մեր կարծիքով այն վեպ չէ, այլ դյուցազներգություն, բանաստեղծություն եւ հայոց ազգային պատմություն է: Այնքան շատ բան ու լավ բան կա անոր մեջ ու անոր մասին ըսելու, որ շվարած եմ, թե ուրկե՞ սկսիմ եւ ո՞ւր վերջացնեմ... » («Գրական թերթ», 1964թ., 5 նոյեմբերի):

Քոչարի տարբեր գործերի վերաբերյալ իրենց հիացմունքի ու երախտագիտության խոսքերն են գրել գրողներ, գրականագետներ, պետական այրեր, արվեստի գործիչներ, ինչպես օրինակ` Հակոբ Սալախյանը, որը Քոչարին շատ է թարգմանել ռուսերեն, շատ բարձր գնահատականներ են տվել Բագրատ Ուլուբաբյանը, Հ.Ութմազյանը, Աշոտ Հովհաննիսյանը, Սուրեն Քոչարյանը, Հրանտ Մաթեւոսյանը, Վահագն Դավթյանը, Մարիետա Շահինյանը, Իլյա Էրենբուրգը, Վլ. Լիդինը, Վաս.Գրոսմանը, Յա.Խելեմսկին, Ս.Միխալկովը, Վ.Սարոյանը եւ այլք, էլ չեմ ասում, թե որքա՜ն նամակներ ու շնորհակալագրեր կան Հայաստանի, սփյուռքի եւ ողջ Խորհրդային Միության ու արտասահմանյան ընթերցողներից: Մեծ վարպետը` Ավետիք Իսահակյանը, որը Քոչարի մտերմագույն ավագ ընկերն ու գաղափարական հայրն էր, ասել է. « Քոչարի նման մարդիկ հարստություն են ազգի համար: Իմ ամենամեծ բարեկամն է, զարմանալի ինքնաբուխ տաղանդ ունի... » (Հր.Հովհաննիսյան, Ժամանակի շունչը, էջ 489):

Վերը թվարկված բոլոր մարդիկ ժամանակի ամենավառ անհատականություններն էին, եւ չեմ կարծում, որ նրանք այսօր ճաշակ ու վերաբերմունք թելադրող գրականագետներից ավելի տգետ կամ անտեղյակ են եղել:

Ինչ վերաբերում է Ստ.Զորյանի օրագրերին, որտեղ F տառը եգիպտական հիերոգլիֆները վերծանող հանճարեղ Շամպոլյոնին արժանի «խորաթափանցությամբ» մեր հերոսները բացահայտում են որպես Հր.Քոչար եւ թոկից կտրվածների նման կառչում նրա շատ աչառու եւ շատ կասկածելի խոսքերից, ես կանդրադառնամ իմ հետագա հոդվածներում: Այդ օրագրերը խոր հոգեբանական վերլուծության կարիք ունեն, որովհետեւ ժամանակին Ստ.Զորյանը Քոչարին գրված նամակները սկսել է «Սիրելի Քոչար» բառերով, իսկ Հր.Քոչարը Ստ.Զորյանի հոբելյաննների առթիվ գրել է շատ ջերմ ելույթներ եւ այլն, եւ այլն:

Ես, իհարկե, անզոր եմ այն նենգության դեմ, որով օժտված են Քոչարի դեմ զազրագրեր թխողները: Շատ լավ հասկանալով, որ չեն կարող լրիվ արժեզրկել Քոչարի ստեղծագործությունները, բանականության բոլոր սահմաններն անցնելով փորձում են ներշնչել, որ սյուժեները նա վերցրել է ինչ-որ առեղծվածային «պահոցներից» (այս անգամ էլ երեւի զուգահեռներ անցկացնելով Շոլոխովի «Խաղաղ Դոնի» վերաբերյալ բանսարկությունների հետ): Մի՞թե դո՛ւք, պարոնայք, այդ պահոցների տեղը չգիտեք: Համեցե՛ք, արխիվների դռները բաց են, գուցե դո՛ւք էլ մի սյուժե գողանաք եւ ձեր գրիչը վերակենդանացնեք, ձեր սեփական գրական գզրոցները հարստացնեք: Ինձնից լավ պիտի գիտակցեք, որ թեմաների ամենամեծ ու ամենահարուստ պահոցը կյանքն է: Խեղաթյուրելով անգամ տպագիր նյութը` փորձ է արվում նաեւ Քոչարին մեղադրել Պ.Սեւակին «կլիշե» կպցնելու եւ «մեծին տապալելու անսանձելի մտասեւեռման» մեջ... Ինչ կարելի է ասել, երբ գործ ունես հիվանդ մարդկանց հետ: Աշխարհին է հայտնի, թե որքան է օգնել Հր.Քոչարը երիտասարդ գրողներին ու բանաստեղծներին: Հրանտ Մաթեւոսյանն անձամբ է ինձ պատմել, թե ինչպես Քոչարը բոլորի բերանը փակեց իր առաջին գործերի քննարկման ժամանակ եւ հանձն առավ ինքը խմբագրել ու տպագրության հանձնել դրանք: Պ.Սեւակին ու Մ.Գալշոյանին պաշտպանելու փաստը ինձ պատմել են ականատեսները: Որպես խոսքերիս փաստացի ապացույց մեջբերեմ Վահագն Դավթյանի հուշերից մի հատված.

« Նոր էի ավարտել միջնակարգը, այդ առիթով բանաստեղծություն էի գրել ու տարել «Պիոներ կանչ»-ի խմբագրություն: Չգիտեմ ինչ առիթով այնտեղ էր Հր.Քոչարը` մի բարձրահասակ, բարեհամբույր, ճառագայթող երիտասարդ, որը հասկանալի է, ինձ երիտասարդ չէր թվում: Իմանալով, որ բանաստեղծություն եմ բերել, վերցրեց, բարձրաձայն կարդաց, անխոս դրեց գրպանը: «Պիոներ կանչ»-ի համար էի գրել բանաստեղծությունը, բայց հաջորդ օրը զարմանքով տեսա, որ այն տպագրվել է «Սովետական Հայաստան» թերթում: Պատանի բանաստեղծի համար մեծ պատիվ էր եւ անչափելի ուրախություն: Այդպես էր. իրենից կրտսերներին օգնելու, աջակցելու, հովանավորելու մի զարմանալի հատկություն ուներ: Գրականության այսօրվա ավագ սերնդի մեջ հազիվ թե գտնվի մեկը, որ զգացած չլինի այդ հովանավորությունը » («Հայրենիքի ձայն», 1980թ., 25 հունիսի):

Իսկ թե որտեղից են սկսվում թունավոր լավայի ժայթքման ակունքները` մոտավորապես կռահում եմ: Հր.Քոչարի հզոր խելքի, հմայքի, խիզախության, տաղանդի ու արտաքին բարետեսության միասնությունը մի անձի մեջ, ինչպես ասվում է Ի.Կռիլովի առակում, շատ «սագերի է գրգռել»:

Վերջաբանի փոխարեն

Հոգեբանության մեջ գոյություն ունի հիվանդության մի ախտորոշում, որը կոչվում է «Կանդինսկու-Կլերոմբոյի» սինդրոմ: Գր.Աճեմյանի մտածողությունն ու գործելակերպը հարում է դեռահաս պատանու մանկամտությանը: Նա շտապում է հայտնել աշխարհին, որ Լեւոն Շանթի հրատարակման մասին առաջինը խոսել է Մահարին, ոչ թե Քոչարը, եւ կասկածի տակ է առնում գրողների հանդիպման հայտնի փաստը Ա.Միկոյանի հետ: Սա արդեն զավեշտի է վերածվում: Աճեմյանի ու Co «ռեւանշիստական» հոդվածներում հստակ ու ցայտուն հայտնաբերվում է գրգռված անհանդուրժողականությունը Հր.Քոչարի անունը կրող փողոցի գոյության, նկարահանված ֆիլմերի «չտպագրվող» (ինչում ըստ երեւույթին նրանց մատն էլ խառն է) եւ այնուամենայնիվ մեծ ժողովրդականություն վայելող ստեղծագործությունների հանդեպ: Վաղը նրանց կարող է նյարդայնացնել Քոչարի գերեզմանի տապանաքարը: Ուրեմն ի՞նչ- պիտի հանդես գան գերեզմանը քանդելո՞ւ առաջարկ-պահանջներով: Դա ինչ արատավոր, խաթարված գեների դրսեւորում է... Իմ խորին համոզմամբ, իրենց կյանքի ութերորդ տասնամյակը թեւակոխած եւ դեռեւս գրականապես չառնականացած ու չիրականացած այրերը իրենց ճարտասանական խոսքերով շաղախված հոդվածներում կարողանում են ցույց տալ անթաքույց նախանձը միայն: Ոչ մի ուրիշ ծանրակշիռ գաղափար չի հայտնաբերվում բանիմաց ընթերցողի համար: Պալեոլիթյան նեանդերտալցուն բնորոշ խավարամիտ համառությամբ շարունակում են հոգնեցնել մարդկանց ուղեղները միեւնույն չարախոսություններով, կարծելով երեւի, թե շատ բախտորոշ հարցեր են լուծում: Այնինչ հիմնադրում են Շերիդանի կատակերգության «Չարախոսության դպրոցը»: Հայտնի բանսարկուներ Ար.Կարապետյանի եւ Արտ. Ոսկերչյանի գործի արժանի շարունակողները դարձաք, պարոնա՛յք, այն տարբերությամբ միայն, որ նրանք գրում էին կենդանի Քոչարի դեմ:

Գր.Աճեմյանը ավելի ճիշտ կվարվեր, եթե փորձեր իր հոր գրական կերպարն ու ժառանգությունը հանրությանը մատուցել ոչ թե մյուս գրողներին նսեմացնելով, այլ զբաղվեր նրա գրական-գեղարվեստական արժեքների լուսաբանմամբ եւ վերլուծությամբ, ինչը իրապես կնպաստեր Մահարու հիշատակի հավերժացմանը, այլ ոչ թե ասպարեզ կբացեր նաեւ նրա անձի դեմ ուղղված մեղադրանքների համար:

Ամեն դեպքում ես որոշ չափով նույնիսկ շնորհակալ եմ չարախոսներին, որոնք ինձ ստիպեցին մտնել արխիվները, ծանոթանալ դեպքերին ու դեմքերին անսպասելի տեսանկյուններից, կարդալ թերթեր ու նամակներ եւ ավելորդ անգամ համոզվել, թե ինչ անզուգական հայր եմ ունեցել, որով այսօր հպարտանում եմ ես, հպարտանում են նրա թոռները, ծոռնիկը, ազգականներն ու բարեկամները, եւ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը:

Իսկ դուք գրեք ինչքան ուզում եք եւ ինչ ուզում եք, եթե դա ձեր սեւ սրտին սփոփանք է բերում: Միեւնույն է, ժողովրդականությունն ու սերը Քոչարի անձի, գործունեության եւ ստեղծագործությունների հանդեպ չի՛ խավարի:


Նկար 1. Գրողների տանը` արգենտինահայ հյուրերի հետ: Նստած են աջից` Սարմենը, Մահարին, Քոչարը, Ս. Կապուտիկյանը, Նաիրի Զարյանը եւ ուրիշներ:

Նկար 2. Մարիետա Շահինյանի հետ. ձախից` Հր.Քոչար, Մ. Շահինյան, Վ.Վաղարշյան, Գ.Մահարի, հետեւում` Ա.Դարբնի:

Նկար 3. Հր.Քոչարը եւ Խ.Դաշտենցը 1935թ

Նկար 4. Հակոբ Խանջյանը եւ Հր. Քոչարը ռազմաճակատում

Նկար 5. Ձախից աջՙ Խ.Դաշտենց, Գր.Հովհաննիսյան, Հր.Քոչար եւ Իսրայել Փիլիկյան (1963թ.)

Նկար 6. Ձախից աջՙ Հակոբ Սալախյան, Հր. Քոչար, Ավ. Իսահակյան, Հր. Հովհաննիսյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4