ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


ԷՊԻԳՐԱՄԻ ՓՈԽԱՐԵՆ

ԱԶԱՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

- Այսինչի մասին ինչու՞ չեք մի սուր էպիգրամ հյուսել:-

- O, ես չեմ սիրում ձեռքերս կեղտոտ բաների քսել: -


Չարենցի այս էպիգրամը հաճախ եմ հիշել իմ դեմ գրված որոշ հոդվածներ կարդալիս: Բայց երբեմն կեղտոտ բաները իրենք համառորեն գալիս են ու քսվում քեզ, եւ ստիպված ես լինում, եթե Չարենց չես, գոնե մի սովորական ռեպլիկ գրել :

Բարոյականության խնդիրների մասին այստեղ վիճելն ավելորդ է եւ անիմաստ: Միեւնույն է, Դավիթ Գասպարյան - Ռուզան Արիստակեսյան զույգն անմահ է այնպես, ինչպես անմահ են չարությունը, ոխը, նախանձը: Բայց մի իրողություն կա, որն ինձ այսօր ստիպում է անդրադառնալ Դ. Գասպարյանի հոդվածին: Պարոն Գասպարյանը զարմանալիորեն շատ է սիրում բարոյականության մասին խոսել եւ ողջերին ու մեռածներին բարոյականության դասեր տալ: Եվ բոլորը հանցավոր են նրա առաջ` ե՛ւ երեսնական թթ. ու հետագա տարիների գործիչները, ե՛ւ այսօրվա մարդիկ, որոնք դժբախտություն են ունեցել նրա քենը շարժելու: Եվ այսօրվա մթնոլորտում իրեն այնքան վստահ է զգում: Հեռուստատեսությամբ ելույթներ է ունենում, թերթերում հոդվածներ է գրում: Այդ վստահությունը ինձ վախեցնում է: Ստիպված եմ Դ. Գասպարյանին հիշեցնել նրա կենսագրության որոշ փաստեր, ոչ նրան, գոնե ընթերցողներին մտածել տալու համար: Ինքը, միեւնույն է, չի մտածելու, ինքը միշտ հարձակվում է, որովհետեւ «հարձակումը ամենալավ պաշտպանությունն է»: Այնինչ, ինձ` միամիտ մարդուս, թվում էր, Չարենցի ու Բակունցի մասին խոսելու համար մարդ նաեւ բարոյական իրավունք պետք է ունենա...

Եվ այսպես: 80-ականների վերջերին Դ. Գասպարյանը դարձավ ՀԿԿ ԿԿ գաղափարական բաժնի վարիչի տեղակալը: Էհ, այնքան մարդ է աշխատել կոմկուսի մարմիններում... Բայց այս մարդը կոմկուսի` իշխանությունից զրկվելուց անմիջապես հետո սկսեց հայհոյել կոմկուսն էլ, խորհրդային կարգերն էլ, եւ այնպես հայհոյել, որ պիտի մտածեիր, որ ավելի մեծ հակակոմունիստ աշխարհում չկա: (....) Եվ չես կարող չմտածել, թե այս բարոյականության տեր մարդը ինչեր պետք է աներ, եթե ապրած լիներ 30-ական թթ.: Մանավանդ, նրա հոդվածների ոճը այնքան է հիշեցնում այդ թվականներին եւ ավելի ուշ գրված ջախջախիչ հոդվածները: Այս պարոնը ծնվել է «ջախջախելու եւ հողմացրիվ անելու» մարմաջով, անկախ այն բանից, թե հանուն ինչ գաղափարի, ինչ նպատակների, ինչ միջոցներով...

Լավ, բայց այս դեպքում, մարդ է, կարող է ասել, որ արագ, մի քանի օրում գաղափարական վերածնունդ ապրեց: Քանի-քանի մարդ այդպես, մի քանի օրում կամ ամսում այնպես վերածնվեցին, որ հարազատ մայրն էլ չէր ճանաչի: Այնպես որ, այս փոքրիկ դիպվածը կարելի էր եւ չհիշել:

Մանավանդ որ Գասպարյանի հետագա տարիները անհամեմատ հարուստ են հիշարժան դեպքերով: Հիշո՞ւմ եք, ինչպես իննսունական թթ. կեսերին Դ. Գասպարյանին ձերբակալեցին ընդունելության քննությունների ժամանակ կաշառք վերցնելու համար: Այն տարիների ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը հեռուստատեսությամբ պաշտոնապես տեղեկացրեց այդ մասին: Մի քանի օր անց Լ. Տեր-Պետրոսյանի միջամտության շնորհիվ Գասպարյանը կալանքից ազատվեց: Ես այն ժամանակ ենթադրում էի, թե նա ինչ-որ կերպ կփորձի ազատվել այդ մեղադրանքից: Հայտարարություն կանի, կամ դատի կտա: Ոչ մի կերպ չփորձեց, թեեւ մութ անկյուններում պահանջում էր չհավատալ այդ մեղադրանքին...

Անցավ որոշ ժամանակ, եւ Դ. Գասպարյանին հեռացրին համալսարանի հրատարակչության տնօրենի պաշտոնից ֆինանսական քաջագործությունների համար:

Նրա գործունեության հաջորդ փուլը կապված է Աբովյանի անվ. մանկավարժական համալսարանի հետ: Իհարկե, շատ հետաքրքրական է, թե ինչպես երկու բառ ռուսերեն ասել չկարողանալով` դարձավ ռուս եւ արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ: Այս մարդը այդպիսի ընդունակություններ էլ ունի: Բայց հետո իմացանք, որ նրան ոչ միայն հեռացրել են ամբիոնի վարիչի պարտականություններից, այլեւ դասախոսական աշխատանքից: Հետո էլ գործերը չեն ընդունել նոր մրցույթի մասնակցելու համար: Ինչո՞ւ: Կարծում եմ, դժվար չէ գուշակել (եթե հաստատ չգիտեք)... Ինչո՞ւ նրա հետ չուզեցին համագործակցել Աճառյան համալսարանում եւ խնդրեցին հեռանալ այնտեղից...

Վերջապես, այս բոլոր հիշարժան իրադարձությունների կողքին գրեթե անմեղ դրվագներ` զրպարտության համար այս մարդուն, եւ ոչ մեկ անգամ, ստիպեցին հրապարակավ ներողություն խնդրել: Ասեմ, որ զրպարտությունը Գասպարյանի սիրելի զենքերից է. առհասարակ Գասպարյանը ոչ մի միջոցից չի խուսափում, եւ ոչ միայն իր հակառակորդների դեմ պայքարելիս...

Քի՞չ է, թե՞ շատ: Նայած ում համար, նայած մարդ ամոթի ինչ պաշարներ ունի: Դ. Գասպարյանի համար երեւի շատ քիչ է, եւ դեռ ինչքան այսպիսի դրվագներ պետք է հայտնվեն նրա կենսագրության մեջ , որպեսզի նա մի՜ քիչ ավելի զուսպ լինի ուրիշներին մեղադրելիս եւ չխոսի պատմության անունից:

Տեսնո՞ւմ եք, ես ասացի սովորական ռեպլիկ եւ իսկապես ընդամենը թվարկեցի Գասպարյանի հարուստ կենսագրության միայն մի քանի դեպքերը: (..........) Այստեղ պետք էր Հակոբ Պարոնյանը` Գասպարյանի դիմանկարը ստեղծելու համար: Չկա Պարոնյանը, եւ ես իմ ուժերի չափով լրացնում եմ բացը: Ոչ գեղարվեստական, ոչ էլ փիլիսոփայական ընդհանրացումների կարիք երեւի չկա: Առանց դրանց էլ, կարծում եմ, հեշտ է նկատել, թե ինչքան ամբողջական է եւ ներքնապես ներդաշնակ Դ. Գասպարյանի կերպարը: Ափսոս, չեմ կարողանում ստանալ այն բավականությունը, որ արվեստագետներն են ստանում այսպիսի կերպար ստեղծելիս: Ինձ` հասարակ մահկանացուիս, անընդհատ տանջում է այն զգացողությունը, որ իսկապես գործ ունեմ մի չափազանց տհաճ նյութի հետ...

Բայց այսօրվա մեր իրականությունն է սա, իրականություն, որտեղ բարոյական արժեքները, ինչպես ասել էի «Ազգին» տված իմ պատասխաններում, հողմնահարվում են, եւ Դ. Գասպարյանը հանգիստ լողում է պղտոր ջրերում ...

Հասկանալի է, որ այս համատեքստում եւ Դ. Գասպարյանի առաջարկած մակարդակով գրականության մասին խոսելն անիմաստ է: Ուրեմն, առայժմ այսքանը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4