Բալետի արտիստներ Պոլինա Սեմինովան եւ Արման Գրիգորյանը Հայնց Շպյորլի հիմնադրամի այս տարվա մրցանակակիրներ են դարձել: Ինչպես տեղեկացնում է շվեյցարական «Բազլեր ցայթունգը» մարտի 14-ի համարում, մրցանակաբաշխությունը նախատեսված է եղել անցկացնել մարտի 15-ին, Ցյուրիխի օպերային թատրոնում:
1996-ից Ցյուրիխի բալետը ղեկավարող, հայտնի խորեոգրաֆ Հայնց Շպյորլիի անունով ստեղծված հիմնադրամի միջազգային մրցանակ երրորդ անգամ է հանձնվում: 2008-ի մրցանակակիրները կստանան 15.000-ական շվեյցարական ֆրանկ:
1984-ին ծնված Պոլինա Սեմինովան ավարտել է Մոսկվայի Մեծ թատրոնի բալետային ստուդիան: 2002-ին 17 տարեկանում նա հրավիրվել է Բեռլինի Շտաատսբալետՙ որպես առաջին մենապարուհի: 2004-ին ստացել գերմանականՙ պարի ասպարեզում հայտնի «Ապագա» անունը կրող մրցանակը: 2005-ին Սեմինովան արժանացել է նաեւ գերմանական մեկ այլՙ քննադատների մրցանակին:
1985-ին ծնված հայազգի Գրիգորյանը, 2004-ին Բուլղարիայի Վառնա քաղաքում ոսկե մեդալ է շահել: 2004-05 թատերաշրջանից սկսած նա Ցյուրիխի օպերային թատրոնի մենակատար է:
ԱՆ. Հ., Գերմանիա