ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


ԻՐԵՆԻՑ ՀԵՏՈ ԼՈՒՍԱՎՈՐ ՈՒՂԵԾԻՐ ԹՈՂԵՑ ՊՈԼ ՍԿՈՖԻԼԴԸ

Մեծ Բրիտանիայի գրականության եւ արվեստի աշխարհը, դժբախտաբար, վերջին երկու օրերի ընթացքում արձանագրեց 3 մեծ կորուստ: Ֆանտաստ գրող Արթուր Քլարկից եւ կինոռեժիսոր Էնթոնի Մինգելլայից հետո լրատվական գործակալությունները Լոնդոնից գուժեցին անգլիական թատրոնի մեծագույն դերասաններից` օսկարակիր Պոլ Սկոֆիլդի մահը, որը պատահել է հարավային Անգլիայում իր տան մոտ գտնվող հիվանդանոցում, որտեղ նա բուժվում էր սպիտակարյունությունից: Դեյվիդ Պոլ Սկոֆիլդը 75 տարեկան էր:

Ծնվել էր 1933 թվի հունվարի 21-ին Հըրստ Փիըրփոյթում, մանկավարժի ընտանիքում: Դերասանական ձիրքերը ձեւավորվել էին նախ «Կրոյդոն ռեպերտորի», ապա Լոնդոնի «Մասկ» թատերական կրթօջախներում:

Քառասունականների վերջերից նա Լոնդոնում եւ Ստրատֆորդում խաղացել է Շեքսպիրի, Շոուի, Չեխովի եւ Սթայնբեքի հեղինակած պիեսներում, աստիճանաբար դառնալով Լոուրենս Օլիվիեյի եւ Ջոն Գիլսգուդի մակարդակի դերասան: Համագործակցել է Պիտեր Բրուքի հետ 1955-56-ին մարմնավորելով Համլետին եւ խաղալով Գրեհեմ Գրինի «Իշխանություն եւ փառք» վեպի հիման վրա գրված պիեսում: Ավելի ուշ նա մարմնավորել է Սալյերիին «Ամադեուսում» (1979) եւ խաղացել Իբսենի «Ջոն Գաբրիել Բորքմեն» (1966) պիեսում: Նրա ամենահիշարժան դերը համարվում է հումանիստ եւ պետական գործիչ սըր Թոմաս Մորի կերպարը «Բոլոր ժամանակների մարդը» պիեսում, որը 9 ամիս շարունակ չի իջել Լոնդոնի բեմահարթակներից: Հետագայում` 1966-ին նաեւ այդ դերի համար Օսկարի արժանացավ համանուն էկրանավորման մեջ:

Կինոյում ընդհանրապես քիչ է նկարահանվել: Խաղացել է Էդուարդ Օլբիի «Նուրբ հավասարակշռություն» եւ Արթուր Միլլերի «Թորանոթը» գործերի հիման վրա ստեղծված ֆիլմերում, ինչպես նաեւ Քենեթ Բրանագի «Հենրի 5-րդ»-ում եւ Ռոբերտ Ռեդֆորդի «Քուիզ Շոու» ֆիլմում:

«Նա ինքնամոռաց կերպով կարողանում է խորասուզվել կերպարի ներքին աշխարհում եւ դուրս բերել այնտեղից այն ամենը, ինչ թաքնված է», գրել է նրա մասին «Թայմ» պարբերականը:

Սկոֆիլդը կյանքում չափազանց համեստ է եղել, քիչ է հարցազրույցներ տվել եւ նույնիսկ հրաժարվել «Պատվավոր ասպետի» տիտղոսից, ասելով, որ դա իր կյանքի նպատակը չի եղել: Այդուհանդերձ 2001-ին նրան շնորհվել է երկրի բարձրագույն` «Պատվո կավալերի» կոչումը, որին ցարդ արժանացել են ընդամենը 65 անձնավորություններ:

Պոլ Սկոֆիլդը ամուսնացած էր դերասանուհի Ջոյ Փարքերի հետ եւ ուներ մեկ որդի եւ մեկ դուստր:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4