Իր վերջին «Կանանց N 1 դետեկտիվ գործակալությունը» հեռուստատեսային ֆիլմի պրեմիերայից 5 օր առաջ, երեքշաբթի օրը, 54 տարեկանում Լոնդոնի «Չերինգ կրոս» հիվանդանոցում սուր արյունահեղության հետեւանքով վախճանվել է ճանաչված օսկարակիր ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Էնթոնի Մինգելլան:
Նրան մեծ հռչակ բերեց 1996-ին էկրան բարձրացած «Անգլիացի հիվանդը» ֆիլմը, որը միաժամանակ 9 Օսկար վաստակեց այդ տարի: Դա նրա վառ երեւակայության եւ արտակարգ տաղանդի արդյունքն էր, քանի որ կանադացի գրող Մայքլ Օնդատժեի վեպը, որի վրա հիմնված է ֆիլմը, շատերի կարծիքով չափազանց տաղտկալի է եւ անհետաքրքրական: Շատ ռեժիսորներ հրաժարվել են դրանից, ասելով, որ «նկարահանման համար պիտանի չէ»:
Մինգելլան ծնվել էր 1954-ին, Անգլիայի հարավային ափում գտնվող Ուայթ կղզում, որտեղ իր իտալացի ծնողները պաղպաղակի գործարան էին բանեցնում: Սովորել է Հյուսիսային Անգլիայի Հալ համալսարանում: Նա նախ դրամատուրգ է եղել: 1986-ին Ուեսթ Էնդում ներկայացվել է նրա «Պատրաստված է Բանկոկում» պիեսը: Ֆիլմի ասպարեզ է մուտք գործել 1990-ին ռեժիսորական իր դեբյուտը` «Անկեղծորեն, խելահեղորեն եւ խորապես» կատակերգությունը ներկայացնելով հանդիսատեսի դատին:
Նրա մյուս հաջողված ֆիլմը «Տաղանդավոր պարոն Ռիփլին» է, որը էկրան բարձրացավ 1999-ին: Նորագույն ֆիլմերի թվում կարելի է նշել «Սառը լեռը» (2003 թ.), Ամերիկյան քաղաքացիական պատերազմի մասին:
Մինգելլան եղել է նաեւ մի շարք ֆիլմերի գործադիր պրոդյուսերը: Դրանց թվում վերջերս Օսկարի արժանացած «Մայքլ Քլեյթոնը», «Մարգարետ» (2006 թ.), «Խաղաղ ամերիկացին» (2002 թ.), «Այրիս» (2001) եւ այլն:
Ըստ մահվան լուրը հանրությանը հաղորդող Ջոնաթան Ռուտերի, Մինգելլան մի շաբաթ առաջ ենթարկվել է կոկորդի շրջանում գերաճի վիրահատության, որը «կարծես լավ էր անցել», բայց երեքշաբթի առավոտյան ժամը 5-ին նա սկսել է արյունահոսել:
Մեծ Բրիտանիայի արվեստի շրջանակներում խորը ցնցումով են տեղեկացել նրա մահվան մասին: Նրա ընտանիքին (կնոջը, որդուն` դերասան Մաքս Մինգելլային եւ դստերը` Հաննային, որը վերջերս դարձել է «Սոնի» մուլտֆիլմերի արտադրության նախագահը) խորը ցավակցություն է հայտնել նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը նրա հետ ծանոթացել է իր ղեկավարած լեյբորիստական կուսակցության համար գովազդային հոլովակ պատվիրելու առթիվ:
Բրիտանիայի գործող վարչապետ Գորդոն Բրաունը նրան բնորոշել է որպես «ստեղծագործող ամենախոշոր տաղանդը, եւ բրիտանական ֆիլմարտադրության ամենահմուտ մասնագետը»:
Հ. Ծ.