ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#4, 2008-02-23 | #5, 2008-03-15 | #6, 2008-03-22


ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ

Մենք հաճախ ենք կրկնում, որ ընթերցասեր ու գրքապաշտ ժողովուրդ ենք: Սակայն գրադարանների հանդեպ պետության այսօրվա մոտեցումները հակառակ տեսակետն են հետապնդում: Գիրք պաշտելու հետ մեկտեղ, գրադարանի աշխատակցին վճարում են 35000 դրամ, ձմռանը հատուկենտ գրադարաններ են ջեռուցվում, իսկ հեռավոր գյուղերի գրադարաններում գրքի ու ընթերցողների հսկայական խնդիր կա:

Գրադարան-հասարակություն անմիջական կապի եւ գրադարանի խնդիրների մասին երեկ «Հայացք» ակումբում խոսեցին Ազգային գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանն ու փոխտնօրեն Ռաֆիկ Ղազարյանը: «Մեր իրականության մեջ գրադարանները պատշաճ ուշադրության չեն արժանանում: Մշակույթի նախարարությունը աջակցում է միայն իր կառույցում գործող մարզային գրադարաններին եւ Երեւանի երեք գրադարանի: Հեռավոր գյուղերում կորցրել ենք մշակույթի տները, ուստի գրադարանները պետք է լինեն հասարակության ուշադրության կենտրոնում: Չպետք է մոռանանք, որ գրադարանները հավաքականության յուրովի խորհրդանիշեր են», ասաց Դավիթ Սարգսյանը: Տարեցտարի գրադարանի ֆոնդը համալրվում է: Բացի գրականությունից կան նաեւ քարտեզներ, թերթեր, ամսագրեր, էսքիզներ, ընդհանուր առմամբ 6,5-7 մլն միավոր:

Պետբյուջեն 20 մլն դրամ է հատկացրել տարեկան բաժանորդագրության համար: Արտասահմանում եւ ԱՊՀ տարածքում հրատարակված գրքերը տնօրենությունը ձեռք է բերում գրախանութներից կամ նվիրատվությունների շնորհիվ: 1940-ին կառուցված թամանյանական մասնաշենքը վերանորոգելու համար կառավարությունը հատկացրել է 300 մլն դրամ:

Ռաֆիկ Ղազարյանն էլ ընթերցողների այցելությունների աճի վերաբերյալ նշեց, թե անցյալ տարվա համեմատ 2008-ի առաջին երկու ամսվա ընթացքում ընթերցողների թիվը 30 տոկոսով ավելացել է: Մեկ օրվա ընթացքում սպասարկում են ավելի քան 1000 ընթերցողի:

«2008-ը հայտարարված է սարոյանական տարի: ԱԳ-ն Վիլյամ Սարոյանին նվիրված միջոցառումներ կազմակերպելո՞ւ է», «Ազգի» հարցին Դավիթ Սարգսյանն ասաց. «Ամբողջ տարվա ընթացքում նախատեսել ենք սարոյանական միջոցառումներ: Մի քանի ամսից լույս կտեսնի «Վիլյամ Սարոյան» գիրքը: Ազգային գրադարանի շաբաթը այս տարի կանցկացնենք ապրիլի 14-21-ը: Օրերից մեկը կկոչվի Սարոյանական եւ կնվիրվի Սարոյանի գրականությանը, տաղանդին ու հայրենասիրությանը:

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4