Մարտի 16-ին Հունգարիայի Շոպրոն քաղաքում հանդիսավոր կերպով բացվել են հայկական մշակույթը ներկայացնող երկու ցուցահանդեսներ: «Հայաստանը անցյալում եւ ներկայում» խորագրով առաջին ցուցահանդեսում ներկայացված էր Հարություն Բալաբանյանի լուսանկարների հարուստ հավաքածուն, իսկ երկրորդում ցուցադրված էին քանդակագործներ Աշոտ Բաղդասարյանի (Հայաստանից) եւ Լասլո Յուհոշի (Հունգարիայից) աշխատանքները: Երկրորդ ցուցահանդեսը զուգակցված էր հայկական ճարտարապետության մասին պատկերազարդ տեղեկատվական նյութով: Ցուցահանդեսին համընթաց ելույթ է ունեցել Բուդապեշտի «Արմենիա» ջազային քառյակը:
Ցուցահանդեսները կազմակերպվել էին Շոպրոնի քաղաքապետարանի, Հունգարիայի հայկական ինքնավարության եւ Շոպրոնի «Պրո-կուլտուրա» մշակութային կազմակերպության համատեղ ջանքերով:
Երկու ցուցահանդեսների պաշտոնական բացման արարողություններին ներկա են եղել Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը, Շոպրոնի քաղաքապետ Տամաշ Ֆոդորը, փոխքաղաքապետ Գեզա Աբդայը, Հայաստանի դեսպանության աշխատակիցներ, մեծ թվով շոպրոնցիներ եւ հունգարահայեր:
Նախքան ցուցահանդեսների բացումը, տեղի է ունեցել դեսպան Հովակիմյանի հանդիպումը Շոպրոնի քաղաքապետի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւան եւ Շոպրոն քաղաքների բարեկամական կապերի ամրապնդման եւ հետագա զարգացման հետ կապված հարցեր: