Անկեղծ ասածՙ տհաճությամբ ենք տպագրում սույն հոդվածը, ինչպես տհաճությամբ էինք մեր մարտի 22-ի Մշակութային հավելվածում տպագրության հանձնել գրականության ինստիտուտի տնօրեն Ազատ Եղիազարյանի «Էպիգրամի փոխարեն» գրությունը: Գրականագետ Դավիթ Գասպարյանի այս գրությունը փաստորեն պատասխան է Ազատ Եղիազարյանի գրածին, իսկ վերջինը, նույնպես, անդրադարձ էր Դավիթ Գասպարյանիՙ դարձյալ մեր Մշակութային հավելվածում («Ազգ», մարտի 15) լույս տեսած «Հոսող ժամանակը եւ մնացող պատմությունը» վերնագրով հոդվածի, որը չնայած վերաբերում էր Զարյան-Քոչար զույգի վերագնահատման հարցերի շուրջ «Գրական թերթում» սկսված եւ մեր թերթի էջերում շարունակվող բանավեճին, սակայն, ինչպես հաճախ է պատահում մեր իրականության մեջ, շեղվել էր բանավեճի բուն նյութից եւ հակառակ խմբագրությանս հորդորներին անձնավորվել էր գրականության ինստիտուտի տնօրենի գործունեությամբՙ դժբախտաբար զերծ չմնալով վիրավորանքներից: Եվ հակառակ այն բանի, որ Դ. Գասպարյանը ստորեւ լույս տեսնող իր հոդվածի վերջում հետգրությամբ ընթերցողից ներողություն է խնդրում, որ հեռանում է «բուն բանավեճ նյութից», սակայն գոնե մենք խոստովանենք, որ այդ հեռացումը տեղի ունեցավ ի՛ր մեղքով: Ահա թե ինչու, հոդվածագրի ներկա գրությունը տեղադրում ենք ոչ թե «Բանավեճ» խորագրի ներքո, այլՙ «Պատասխանի իրավունքով»-ի, որոշ կրճատումներով: Վերջում հիշեցնենք, որ այլեւս տեղ չենք տալու միջանձնական նման գրությունների. ընթերցողը այլ բան է ակնկալում մեզնից:
ԽՄԲ.
ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆ
Ես կանխազգում էի Ազատ Եղիազարյանի հենց այս պատասխանը, որովհետեւ նրանից ավելին սպասելն անմտություն է: Գրականագիտության ոլորտում պարտություն կրելովՙ նա անցավ կենցաղային բամբասանքի: Սա նրա համար հին սովորություն էՙ հաճույքի տեսակ (խե՜ղճ մարդ): Իր տասնյակ, չասելու հարյուրավոր, գիտական սխալները կարծում է այս ձեւով կարող է կոծկել: Այդ սխալները ե՛ւ աշխարհայացքային են, ե՛ւ տեսական-գեղագիտական, ե՛ւ պատմական, ե՛ւ փաստական, ե՛ւ աղբյուրագիտական, ե՛ւ լեզվական, ե՛ւ քերականական: Նա իր սխալները սրբությամբ պահպանում եւ հակահարվածի համար իջնում է գոտկատեղից ներքեւ: Նա ինձ մեղադրում է ի՛ր եւ ի՛ր նմանների կողմից իմ անվան շուրջ ստեղծված ու տարածված հորինովի մեղքերի մեջ: Դա իրավապահ մարմինների գործն է: Իսկ քանի որ իրավապահ մարմիններին ես ամենեւին չեմ հետաքրքրում, ուրեմնՙ Ազատ Եղիազարյանը հերթական անգամ զրպարտում է ինձ, ուստիՙ ինձ հասցրած անձնական վիրավորանքի համար ես պահանջում եմ ներողություն խնդրել ինձանից:
Այսպիսի հոդված-զրպարտություններով 1937-ին մարդկանց ճակատագրեր էին որոշում: Նրան թվում է, թե դեռ այդ ժամանակներն են, անգամ երազում է դա, որպեսզի բռնությունների գործադրմամբ ազատագրվի իր ընդդիմախոսներից: Այդպես նա ինձՙ 30 տարվա գրականության ինստիտուտի աշխատակցիս, գաղտագողի ազատեց իմ զբաղեցրած պաշտոնից, եւ այդ մասին ես տեղեկացա ընդամենը քարտուղարուհուց: Այդպես նա տնօրեն դառնալու հենց հաջորդ օրը դադարեցրեց իմ պլանային աշխատանքի մեքենագրությունը: Սա չար մարդ է, որովհետեւ, ինչպես փաստերով արդեն ցույց եմ տվել, զուրկ է գիտնականի հմտությունից եւ չի հասկանում, թե ինչ է գեղարվեստական գրականությունը: Եվ դեռ ուզում էր ակադեմիկոս դառնալ: Ձյո՛ւն գա գլխիդ, Ազատ Եղիազարյան: Վա՜յ մեզ եւ վա՜յ մեր հայագիտությանը:
Հայաստանը մետաղի պես քայքայվում է կաշառակերության ժանգից, իսկ Ա. Եղիազարյանի պես զրպարտիչը բամբասանքների հետքերով ընկել է գրական մի աշխատավորի ետեւից եւ իր կույր քենն է քշում: Աչքերդ բաց, պարո՛ն քաղաքացի, եւ նայիր թե ինչ է կատարվում Հայաստան աշխարհում: Քաղաքացիական սխրա՞նք ունեսՙ ճիշտ բանեցրու: Չե՛ս կարող, որովհետեւ դո՛ւ էլ այդ կեղտի մեջ եւ այդ կեղտը ստեղծողներից ես: Եվ ինձ հալածելու միակ նախապայմանն այն է, որ մեղքը ինձ վրա կոտրեք, իսկ դուք եւ ձեր նմանները զբաղվեք անամոթ գործունեությամբ: Սա հին մեթոդ է, դուք ուզում եք ինձ լռեցնել, բայց չե՛ք կարող, որովհետեւ ձեր ձեռքերն են կեղտոտ եւ ոչ թե իմ, ձեր հոգին է ապականված եւ ոչ թե իմ եւ, ի վերջո, դուք եք տգետը:
«Ազգ»-ում նրա վերջնական ինքնամերկացումն ինձ հիշեցնում է Դավթի հարվածից հետո քառասուն ջաղացքարի եւ քառասուն գոմեշի կաշվի տակ հորի մեջ պատսպարված Մսրա Մելիքին, որը մեջտեղից կիսվել էր, բայց դեռ տաք էր, չէր զգում: Եվ նրա հոխորտանքին Դավիթն ընդամենը պատասխանում էՙ Մելի՛ք, մի քեզ թա՛փ տուր: Մելիքը թափ է տալիս իրեն եւ երկու կես լինումՙ մի կեսն ընկնում է աջ, մյուս կեսըՙ ձախ:
Հիմա ես եմ ասում գրականագիտության այսօրվա Մսրա Մելիքինՙ հապա, մի քեզ թա՛փ տուր: Բայց մինչ նա իրեն թափ կտա եւ կհամոզվի, որ, որպես գրականագետ, այլեւս ընդհանրապես գոյություն չունի, ես առաջարկում եմ դիմել ՀՀ ԳԱԱ ղեկավարությանըՙ ստուգումներ անցկացնելու Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, որի տնօրենն է Ա. Եղիազարյանը: Նախՙ ինձ խորապես հետաքրքրում է մեկ հարց:
Ա. Եղիազարյանըՙ որպես թեմայի ղեկավար, նորագույն շրջանի հայ գրականության բաժնի վարիչ եւ ինստիտուտի տնօրեն, 20 տարի շարունակ ինչո՞ւ չի կարողացել կազմակերպել «20-րդ դարի հայ գրականության պատմություն» գրքի ստեղծման եւ տպագրության աշխատանքը: Ո՞ւր են անհայտացել այդ գրքի համար նախատեսված միջոցները: Ինչո՞ւ է խմբային աշխատանքի համար նախատեսված միջոցներով ԳԱ հրատարակչությամբ լույս ընծայել իր «Հայոց նորագույն պատմություն: Պատմական ուրվագիծ» (2004) թերի, սխալաշատ, արատավոր, մի խոսքովՙ ձախավեր գիրքը: Ինչո՞ւ է չարաշահել իր պաշտոնական դիրքը: «20-րդ դարի հայ գրականության պատմություն» գրքի աշխատանքների կազմակերպման անընդունակությունը մեծ հարված է մեր գրականագիտական գործին, որովհետեւ այն ակադեմիական պատասխան կտար այսօր շրջանառվող գրական շատ վեճերի:
Ազատ Եղիազարյանի դրոշի վրա գրված են հավակնոտություն եւ ինքնասիրահարվածություն բառերը, որոնց տակից պարզ երեւում են նաեւ նախանձն ու չարությունը: Բանը հասել է այնտեղ, որ ինստիտուտի աշխատակիցներին պարտադրում է, որպեսզի գրախոսեն իր գրքերը եւ գովեն իրեն: Բայց անգամ ակնհայտ ճնշման պայմաններում մարդիկ գերադասում են դա չանել:
Հաջորդըՙ անհրաժեշտ է ստուգել, թե ի՞նչ թեմաներ են ուսումնասիրում ինստիտուտում եւ ինչքանո՞վ են դրանք նպաստում հայագիտության արդիական խնդիրների լուծմանը եւ դա հատկապես նորագույն գրականության, գրականության տեսության եւ գրական կապերի բաժիններում:
Այնուհետեւՙ որպես գրականագիտական մտքի կենտրոն գրականության ինստիտուտում ի մի են բերվում ատենախոսությունների թեմաները, որոնք երկու ձեռքով հաստատում է Ա. Եղիազարյանը, մեկովՙ որպես տնօրեն, մյուսովՙ որպես մասնագիտական խորհրդի նախագահ, իսկ ատենախոսություններն էլ քննարկվում ու պաշտպանության են երաշխավորվում ըստ նրա տված ցուցումների: Ատենախոսությունների պաշտպանությունները ի՞նչ են տալիս հայագիտությանը:
Այսօր գրականագիտությունը, առավել եւս գրականագիտության գործուն թեւըՙ քննադատությունը, զարհուրելի անկումի մեջ են, ընկել են չափանիշները, բարձր պահանջները, զեկուցումները կարդացվում են դատարկ դահլիճներում, որովհետեւ այդ ամենն արվում է Ա. Եղիազարյանի միջոցով: Այդ անունն արդեն իսկ նշանակում է գրական գործի ցածր որակ: Ահա, Ա. Եղիազարյանի եւ նրա նմանների տափակ գրքերի ու միջոցառումների «շնորհիվ» գրականությունը հեռացավ ընթերցողից: Ոչ թե ընթերցողը լքեց ասպարեզը, այլ գրականությունը լքեց իր ընթերցողին, որովհետեւ այլեւս նրան ասելու բան չուներ: Հակառակ դեպքում ինչպե՞ս հասկանալ այն մարդաշատ եւ ջերմ վերաբերմունքը, որով հայ ընթերցողը դիմավորեց «Ալքիմիկոսը» վեպի բրազիլացի հեղինակ Պաուլո Կոելյոյին (Paulo Coelho): Նշանակում էՙ հայ ընթերցողը դեռեւս լուրջ ու բարձր գրականության սպասում ունի:
Զարմանալի է, որ իր սահմանափակ հնարավորություններով Ա. Եղիազարյանն իր ձեռքին կուտակել է անսահմանափակ իշխանություն: Մասամբ արդեն ասել եմ, բայց հիմա ամբողջական ցուցակը պիտի ներկայացնեմՙ ինստիտուտի տնօրեն, նույն ինստիտուտում բաժնի վարիչ, նույն ինստիտուտի մասնագիտական խորհրդի նախագահ, նույն ինստիտուտում ներքին գիտական խորհրդի նախագահ, բազմաթիվ հայցորդ-ասպիրանտների ղեկավար, երկու թե՞ երեք բուհերի դասախոս, գրական եւ գիտական չորս պարբերականի խմբագրական խորհրդի անդամ, մրցանակային բոլոր հանձնաժողովների անդամ, հանրագիտարանի ճյուղային խորհրդի նախագահ, գրական բոլոր միջոցառումների զեկուցող, արտասահմանյան բոլոր ուղեւորությունների «գիտական» զբոսաշրջիկ եւ էլի հազար ու մի բան: Հետո էլ ասում ենք, թե Հայաստանում գործազրկություն է: Միայն այս մարդու զբաղեցրած հաստիքներով եւ գործառույթներով երեւի տասը մարդ աշխատանք կունենար:
Ի՞նչ իրավունքով ես քո ինստիտուտային աշխատանքային ժամերին հայտնվում մե՛կ այս միջանցքում, մե՛կ այն լսարանում, մե՛կ այս նիստին, մե՛կ այն: Որ դուռը բացում ես Ա. Եղիազարյանը ներսում է:
Լուրջ եւ բարեկիրթ հանրությունն այսպիսի անլուրջ ղեկավարի չի՛ հանդուրժի: Բայց մենք հանդուրժում ենք, դնում գլխներիս եւ սպասում, թե ինչ-որ լուրջ բան պիտի ասի:
2006-ի ապրիլին Բեյրութում հայ գրողների համահայկական համաժողով էր: Եղեռնը եւ գրականությունը նյութով զեկուցեց սույն անձնավորությունը: Ավելի թույլ, ավելի ամոթալի, նյութին չտիրապետող զեկուցում անհնար էր տալ: Ասելիք չուներ, նյութին, հատկապես նոր հրատարակություններին չէր տիրապետում: Սկսեց Խորենացուց եւ Եղիշեից եւ հասավ մինչեւ Պատկանյան ու Րաֆֆի, իսկ բուն նյութը դարձավ սոսկ մի քանի անունների թվարկում:
Նույն կերպ նա հանդես է գալիս գրական համագումարներում, գիտական նստաշրջաններում եւ տապալում ամեն ինչ: Այսպիսի մարդիկ դժբախտացնում են մեզ, որովհետեւ նրանց նախահայրը անմահ Քաջ Նազարն է...
Այսպիսի մարդկանց գոյության իրավունք է տալիս մեր հանրային եւ մասնագիտական հանդուրժողականությունն ու անպահանջկոտությունը:
Էպիգրամներ ես էլ եմ սիրում եւ հատկապես այն մեկը, որը Չարենցը վերնագրել է «Էքսպրոմտ գրված հողմերի ժամանակ» եւ ենթավերնագրել «Գրական նավապետին»: Հիմա եւս գրական հողմերի ժամանակ է, իսկ այն օրերի գրական նավապետին փոխարինել է այսօրվանըՙ Ազատ Եղիազարյանը: Ուստիՙ Չարենցի էպիգրամն այսօր հասցեագրվում է նրան եւ հնչում է այսպես.
Սանձե՜լ է ուզում հողմերին
Այս... Ողորմելին:-
Սա ոչ թե հնչում է, այլ շաչում նշնանառու գնդակի արագությամբ եւ ում կպավ տեղնուտեղը սպանում է: Նախապես ասացի, չէ՞, զգո՜ւյշ, ձեռքերդ չայրես: Այրեցի՛ր...
Շարունակե՞մ, թե՞ մնացածը ինքդ կկարդաս, բայց ո՞նց կարդաս, երբ տեղը չգիտես...
Ինձ թվում էՙ Ա. Եղիազարյանի համար սպառնալիքի պես պիտի հնչի այն խոսքը, ինչը լուրջ գրողը սիրով կընդուներՙ զգո՛ւյշ, թե չէ կշարունակեմ գրքերդ կարդալ, որ նշանակում է ջրի երես հանել հերթական հարյուրավոր սխալներ...
Հ. Գ. Ների՛ր, սիրելի ընթերցող, որ ես հեռանում եմ բուն բանավեճի նյութից: Ազատ Եղիազարյանը գիտակցաբար միշտ այսպիսի քայլեր է անում, որպեսզի ինձ եւ մեզ շեղի բուն բանավեճից, որովհետեւ բանավեճի ընթացքը ցույց է տալիս նրա հայացքների կատարյալ սնանկությունը: Բայց, խնդրում եմ այս զուգահեռ բանավեճից չհուսահատվես: Ի՞նչ արած, գրական քննադատին նաեւ գլադիատորի ճակատագիր է վիճակված: Գրել է, չէ՞. «Եվ նոր հասկացար, Որ երգերդ քեզ, գցելու են մի ամեհի կրկես, Ուր արյամբ են լոկ հռչակ նվաճում»:
Նույն