ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-03-15 | #6, 2008-03-22 | #7, 2008-04-12


ԻՆՉՊԻՍԻ՞Ն ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆԸ

Ներկայիս երկու տասնյակից ավելի միջազգային համբավ ձեռք բերած թանգարաններ փնտրում են համապատասխան թեկնածուների, որոնք կզբաղեցնեն տնօրենների պաշտոնը, գրում է Ֆեյի Հիրշը «Art in America» ամսաթերթում եւ ներկայացնում այդ թանգարանների ցուցակը, որտեղ այլոց շարքում տեղ են գտել Նյու Յորքի «Գուգենհայմը», Չիկագոյի «Միլուոքի» եւ «Ժամանակակից արվեստի» թանգարանները, Վաշինգտոնի «Ազգային դիմանկարների» եւ «Ֆիլիպս Քըլեքշն» հաստատությունները, ինչպես նաեւ Մինեապոլիսի «Ուոքեր» արվեստի կենտրոնը: «Կուրատորները (թանգարանի աշխատող. թանգարանային արժեքների խնամապահ, թանգարանում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձնավորություն, Հ. Ծ.) չպետք է սոսկ ազդեցիկ ղեկավարներ լինեն, այլ պատրաստ լինեն եւ պարտավորված զգան առաջ տանելու հաստատության մեծագույնՙ հոգեւոր առաքելությունը: Հավատացած եմ, որ շատ ավելի հեշտ է պատրաստել մասնագետներ բիզնեսի բնագավառում եւ զարգացնել նրանցում մենեջերի ունակությունները, քան պատրաստել կուրատորներ, որոնք հոգ կտանեն թանգարանային արժեքների պահպանմանն ու բազմացմանը», նշում է Բրուքլին թանգարանի եվրոպական նկարչության բաժնի նախկին վարիչ Էլիզաբեթ Իսթոնը, որն իր ավագ գործընկերոջՙ Նյու Յորքի Արդի արվեստի թանգարանի պատվարժան նախագահ Ագնես Գունդի հետ մտահղացել եւ հիմնել է «Կուրատորական ղեկավարության կենտրոնը» (ԿՂԿ), որն այս տարվա հունվարից սկսել է ծավալել իր գործունեությունը: Նպատակն է պատրաստել արվեստի թանգարանների ապագա կուրատորներ, որոնք գեղարվեստական ճաշակին ու ընդունակություններին զուգահեռ կունենան նաեւ ֆինանսական եւ մենեջերական ունակություններ, որոնցով նրանք իրենց աշխատանքներում առաջ գնալու հնարավորություն կունենան:

Սկզբնական շրջանում (երեք տարի ժամկետով) Գունդի ֆինանսավորմամբ ստեղծված կենտրոնը տարեկան 10 մասնագետ է պատրաստելու առայժմ սահմանափակվելով միայն ԱՄՆ-ի տարածքի արվեստի հաստատությունների համար: Դասընթացները տեւելում են 6 ամիս, որի ընթացքում թեկնածուները սովորելու են ոչ միայն հոգ տանել թանգարանային հավաքածուներին, այլեւ նախաձեռնել այնպիսի ցուցահանդեսներ, որոնք մեծ եկամուտներ կբերեն հաստատությանը:

Իսթոնը 2003-06 թվերին եղել է 2001-ին հիմնված «Արվեստի թանգարանների կուրատորների ասոցիացիայի» նախագահը: Նրա առաջնահերթ խնդիրներից մեկն է եղել մասնագետների պատրաստումը եւ վերաորակավորումը: Բրուքլին թանգարանում է աշխատել 18 տարի:

Հունվարի 7-ից գործող «Կուրատորական ղեկավարության կենտրոնը» երկշաբաթյա ցերեկային ինտենսիվ դասընթացներ եւ երեկոյան դասախոսություններ կամ քննարկումներ է կազմակերպում, որոնց մասնակցում են աշխարհի տարբեր երկրներից հրավիրված մասնագետներ: Հիսունից ավելի դիմորդներից ընտրվել են առաջին տասը թեկնածուները, որոնց մեջ են, ըստ ամսաթերթի տեղեկատվության, նաեւ «ավագ» աշխատակիցներ: Մասնագետներին նաեւ հնարավորություն է ընձեռվում այցելել թանգարաններ, զրուցել գործող տնօրենների եւ ղեկավար այլ պաշտոնյաների հետ: Հունիսին նրանց հանձնարարվելու է մի թեմա, որի շուրջ խմբակային աշխատանք են կատարելու Լոս Անջելեսում:

Ի տարբերություն Լոս Անջելոսում արդեն 25 տարի գործող «Գետտի ինստիտուտի», որը ղեկավար պաշտոնների համար մասնագետներ է պատրաստում մի որոշակի հաստատության համար, ԿՂԿ-ն վերապատրաստում է արվեստի աշխատակիցներինՙ գործունեություն ծավալելու որեւէ (առայժմ Ամերիկայի սահմաններում) թանգարանում: Բացի այդ ինքն է հոգում բոլոր ծախսերը: Թանգարանների ներկա տնօրենները չեն կարող մասնակցել նրա ծրագրերին:

Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4