ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-03-15 | #6, 2008-03-22 | #7, 2008-04-12


FIAT LUX. ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՄԻ ՀԱՄԵՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՐԹՈՒՐ ԱՎԱՆԵՍՈՎ

Այս հոդվածը մտահղելիս, պատկերացնելով դրա հետագա կառուցվածքը եւ հետզհետե շարադրելով ասելիքս` եկավ մի պահ, երբ հասկացա, որ դժվարանում եմ գտնել այն պատշաճ նախադասությունը, որով կցանկանայի սկսել: Մտքիս էին գալիս ծեծված, ոչինչ չնշանակող, սակայն այդուհանդերձ իրարամերժ արտահայտություններ: Օրինակ, կարող էի սկսել այսպես. «Հայ արդի երաժշտարվեստն ապրում է այսօր դժվար ժամանակներ»: Եվ չէի դավաճանի իրականությանը. ի՞նչ կա որՙ չէ՞ որ 90-ականների սկզբից եւեթ այդ մասին խոսվում է, ի դեպ բոլոր արվեստների վերաբերյալ, եւ միտքս չէր հակասի ինձնից ավելի անվանի արվեստաբանների բազմաթիվ պնդումներին: Սակայն եթե «դժվար ժամանակներ» ասելիսՙ նկատի ունենք խորհրդային շրջանի հետ վերացած պետական հսկայական դոտացիաների քանակը, ապա պետք է խոստովանենք, որ նմանօրինակ գործնական գոյություն չունի զարգացած եւ ոչ մի երկրում: Իհարկե, կան պետական կոլեկտիվներ, պետությունը երբեմն հովանավորում է առանձին ստեղծագործությունների պատվերներ, սակայն ընդհանուր առմամբ ամեն տեղ այդ խնդիրը լուծվում է տարբեր կերպ: Եվ շահում են նրանք, ովքեր իրոք ապահովում են բարձր գեղարվեստական որակՙ ի տարբերություն խորհրդային տարիների բոլորի համար հավասար պայմանների: Մեր երկիրն էլ աստիճանաբար բռնում է այդ ուղին:

Ահա առաջին նախադասության եւս մի տարբերակ. «Հայ երաժշտարվեստը հիրավի մեր ազգի պարծանքն է»: Սակայն այդ դեպքում հարց է ծագում, ի՞նչն է պարծանքի առարկաՙ անցյա՞լը թե ներկան: Եթեՙ անցյալը, ապա հարցեր չկան: Իսկ եթե նաեւ ներկան, ապա համարձակվեմ պնդել, որ հայաստանցիներիս մեծ մասին դա, ցավոք սրտի, անհայտ է: Վստահ եմ, որ արվեստի շրջանակներից դուրս աշխատող մեր միջին համաերկրացու համար հետխորհրդային շրջանի հայ կոմպոզիտորական (ընդգծեմՙ կոմպոզիտորական, այլ ոչ թե երգահանական) արվեստը սահմանափակվում է մի անունովՙ Տիգրան Մանսուրյան: Այն էլՙ հայտնի չէ, թե ինչ է նա ստեղծելՙ կինոերաժշտությունից բացի: Իսկ ուրիշնե՞րը: Մի՞թե չկան: Անշուշտ կան, սակայն ապրում եւ ստեղծագործում են «աշխարհիկ աղմուկից» անդին: Նրանց երաժշտությունը հաճախ է հնչում արտասահմանում, որոշ դեպքերում շատ ավելի հաճախ, քան Հայաստանում: Սակայն ժողովուրդն ի՞նչ իմանա նրանց հաջողությունների մասին: Իսկ բարձր կոչումների ու համազգային սիրո դափնիները քաղում են կիսագրագետ «աստղերն» ու «աստեղնակերպերը»:

Մարտի 20-ին Կամերային երաժշտության տանը կայացած համերգն արթնացրեց այդ մտքերը: Սակայն արթնացրեց ուշացումովՙ արդեն տանը, կատարված երաժշտությունը վերլուծելու ժամանակ: Իսկ համերգասրահը թողնելիսՙ ունկնդրիս համակում էր լոկ մի զգացողությունՙ եղելություն դարձած անչափ ոգեւորող մի փաստի ականատես լինելու, առնչվելու զգացողություն:

Այդ երեկոն նվիրված էր նորաստեղծ մի խմբի անդրանիկ ելույթին: Խումբն այնքան նոր է, որ դեռեւս չունի նույնիսկ որոշակի անունՙ հայտարարագրված լինելով պարզապես որպես «ՀՀ Մշակույթի նախարարության մենակատարների պետական անսամբլ»: Փաստենք, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը պետական կարգավիճակ շնորհելով մի անսամբլին, որը ստեղծվել է բառացիորեն մի քանի շաբաթ առաջ, այս անգամ չի վրիպել: Ինչ խոսք, այստեղ որոշիչ դեր է խաղացել երկու գործոն: Նախեւառաջ, խմբի կազմում ներգրավված են Հայաստանի կատարողական արվեստի լավագույն երիտասարդ ուժերը. անսամբլի կատարողներից յուրաքանչյուրն արդեն հասցրել է դրսեւորել իրեն որպես հմուտ երաժիշտ եւ արվեստի նվիրյալ: Երկրորդ հիմնական գործոնն էլ այն է, որ խմբի գեղարվեստական ղեկավարի պարտականություններն է ստանձնել փորձառու, գրագետ եւ բծախնդիր դիրիժոր Զավեն Վարդանյանը:

Մաեստրո Զավեն Վարդանյանը հայտնի է որպես լայն մտահորիզոնի տեր եռանդուն մի երաժիշտ, որն իր ամբողջ կորովը ծառայեցրել է Հայաստանի երաժշտարվեստին: Դեռեւս երեք տասնամյակ առաջ նրա փայլուն ղեկավարությամբ հնչում էին մեր կոմպոզիտորների բազմաթիվ նոր գործեր, որոնցից շատերն իրոք հայտնություն էին դարձելՙ թարմ, անսպասելի գույներ ավելացնելով հայ երաժշտության երանգապնակին: Սակայն դիրիժորի հետաքրքրությունների շրջանակը բոլորովին չի սահմանափակվում հայ երաժշտությամբ: Նրա նվագացանկը աչքի է ընկնում նախեւառաջ նուրբ արվեստագիտական ճաշակով, տարբեր ոճերի խորը ըմբռնմամբ: Նա կարողանում է հանդիսատեսին համոզիչ կերպով մատուցել այնպիսի ստեղծագործություններ, որոնցից խույս են տալիս շատ շատերըՙ չհամարձակվելով անդրադառնալ դրանց իրականացման եւ ընկալման բարդության պատճառով: Այսպես, Հայաստանի երաժշտասերները դեռ հիշում են մոտ 10 տարի առաջ նրա ձեռնարկած Բախի հսկայածավալ կոթողներիՙ «Չարչարանքներ ըստ Հովհաննեսի» եւ «Չարչարանքներ ըստ Մատթեոսի»ՙ շատ առումներով եզակի կատարումները: 2002-ին մեկնելով Հարավային Ամերիկաՙ Զ.Վարդանյանը այնտեղ նույնպես ծավալել է լուրջ գործունեություն, որպես կամերային նվագախմբի դիրիժոր: Իսկ 5 տարի անց վերադառնալով հայրենիքՙ ի կատար է ածել մենակատարների անսամբլ հավաքելու իր գաղափարը, որի առաջին արդյունքները ներկայացվեցին հանդիսատեսի դատին անցյալ հինգշաբթի:

Նորաստեղծ անսամբլը բավականին խոշոր է: Նրա կազմում ընդգրկված է 15 երաժիշտՙ ներկայացնելով նվագախմբի բոլոր հիմնական գործիքներըՙ 5 լարային, 7 փողային, 2 հարվածային եւ դաշնամուր: Պարզ է, որ այսպիսի ընդարձակ կազմն անչափ շահավետ է նվագացանկի տեսակետիցՙ թույլ տալով ընդգրկել ստեղծագործությունների լայն շրջանակ: Մյուս կողմից էլ, մենակատարների անսամբլի համար երկերի խոշորագույն մասը պատկանում է կա՛մ հնավուրց պոլիֆոնիստների, կա՛մ էլ XX-XXI դդ. կոմպոզիտորների գրչինՙ գրեթե շրջանցելով կլասիցիզմի եւ ռոմանտիզմի շրջանը: Թե՛ հին եւ թե՛ ժամանակակից երաժշտության կատարման արվեստը, պահանջելով հատուկ գիտելիք եւ փորձ, որը տարբերվում է միջին, «դասական» շրջանի երաժշտության կատարման փորձից, ցավոք սրտի, բարձր զարգացած խորհրդային կատարողական արվեստի ուժեղագույն կողմը չէր: Խորհրդային տարիներին հիմնական շեշտը դրվում էր Բեթհովենից մինչեւ Պրոկոֆեւ ընկած ժամանակաշրջանի երաժշտության «մեծ նվագացանկին», որը աչքի է ընկնում խոշոր հերոսական կերպարների ստեղծմամբ, երաժշտության աճող պատկերայնությամբ, ուղղված է քիչ թե շատ զանգվածային լսարանինՙ հեռանալով հին երաժշտության վերացականությունից, երաժշտությունը պարզապես որպես հնչյունների անմեկնելի արվեստ դիտարկելուց: Հին երաժշտության այդ իդելը հանկարծ նորից արդիական դարձավ XX դ. երկրորդ կեսի կոմպոզիտորների արվեստում, որոնք ԽՍՀՄ-ում երկար ժամանակ համարվում էին «հակաժողովրդական», «հակազանգվածային» ուստի եւՙ ոչ ցանկալի:

Ցավալի է, բայց փաստ, որ ԽՍՀՄ-ի վերացումից այսքան տարի հետո մեզանում դեռ կան առանձին միտուներՙ թերագնահատելու հինավուրց երաժշտությունը, ժխտելու դրա կատարման աուտենտիկՙ այսինքն, դարաշրջանին բնորոշ կատարման ոճի անհրաժեշտությունը: Ինչ վերաբերում է նոր երաժշտությանը, ապա այն միշտ էլ դժվար մատչելի է, եւ դա ճիշտ է գրեթե ցանկացած ժամանակաշրջանի համար: Մեզանում էլ շատ կան երաժիշտներ, ովքեր երես են թեքում նոր երաժշտությունիցՙ համարելով իմաստազուրկ եւ «հակագեղարվեստական»ՙ հիմնականում առհասարակ լավ չտիրապետելով դրան: Եվ դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Արեւմուտքում արդեն վաղուց հասկացել են, որ նորը, թեկուզեւ փորձնականը, արժանի է հատուկ խնամքի եւ հոգատարության, քանի որ այլապես կկասեցվի արվեստի պատմության բնականոն ընթացքը: Այդ առումով վստահ ենք, որ Զ.Վարդանյանի հավաքած խումբը իր կատարումներով հերթական անգամ կհամոզի, որ նոր երաժշտությունը ոչ միայն կենսունակ է, այլեւ ճիշտ մոտեցմամբ այնտեղ բացահայտվում են այնպիսի գեղեցկություններ, որոնք ոչնչով չեն զիջում դասականին: Մանավանդ հաշվի առնելով խմբի գեղարվեստական ղեկավարի խոհեմությունն ու հմտությունը:

Գրախոսվող համերգում ներկայացվել է ժամանակակից հայ կոմպոզիտորների 4 խոշոր ստեղծագործություն: Հեղինակներից 3-ըՙ Տիգրան Մանսուրյանը, Աշոտ Զոհրաբյանը եւ Մարտուն Իսրայելյանը պատկանում են միեւնույն սերնդին, որոնք ասպարեզ դուրս եկան 1960-70-ականների սահմանագլխինՙ հեղափոխելով հայ երաժշտարվեստը: Խիզախորեն հերքելով սոցռեալիստական արվեստի դրույթներըՙ նրանք ուղղեցին իրենց հայացքը ե՛ւ դեպի ժամանակակից Արեւմուտքՙ իր նորարարական տեխնիկական նվաճումներով, ե՛ւ դեպի Արեւելքի փիլիսոփայությունՙ ժամանակի եւ տարածության իր յուրովի ըմբռնմամբ: Նրանք առաջինն էին, ում հաջողվել է ազատվել Արամ Խաչատրյանի երաժշտության ուղղորդող ազդեցությունից եւ հայ երաժշտության ընթացքը վերադարձնել կոմիտասյան ակունքներին: Համերգում հնչած նրանց ստեղծագործությունները գրվել էին վաղուց եւ բազմիցս հնչել թե՛ մեզանում եւ թե՛ արտասահմանում, ինչը սակայն չխոչընդոտեց նրանց ընկալման սրությանըՙ ապացույց դառնալով, որ նրանց ստեղծած արվեստը բոլորովին էլ «փորձնական» չէ եւ ունի թե՛ պատմական եւ թե՛ գեղարվեստական նշանակություն:

Չորրորդ հեղինակըՙ Վաչե Շարաֆյանը (ծնվ. 1966) ավելի երիտասարդ է, սակայն նրա երաժշտությունը նույնպես խիստ կարեւոր նշանակություն ունիՙ ներկայացնելով նոր, «պոստմոդեռնիստական» տիպի մտածողություն: Նրա ստեղծագործությունները, որոնցից շատերը բոլորովին նոր խոսք են հայ երաժշտարվեստում, հաճախ կատարվում են Հայաստանի սահմաններից դուրս, լավագույն երաժիշտների կողմից: Ծրագրում ընդգրկված նրաՙ կլարնետի եւ անսամբլի համար «Offertorium»-ը, հայաստանյան պրեմիերա էր: Մինչ այդ, ստեղծագործությունը հնչել է ԱՄՆ-ում եւ Հունգարիայում:

«Offertorium»-ը (2006), որով բացվեց այդ երեկոյի ծրագիրը, «Canticum Armenum» մեծ շարքի մասերից է: Այդ շարքի բոլոր մասերը գրված են տարբեր կազմերի համար. դրանց միավորողը կոմպոզիտորի ինտոնացիոն աշխարհն է, որը մշտապես ձուլում է հայ ավանդական երաժշտության հնչողությունները տարբեր ժամանակաշրջանների ստեղծագործական տեխնիկաների առանձին դետալների հետ: Նրա լեզուն հավաքական է, որտեղ լսելի են բազմաթիվ երաժշտական լեզուների պատառիկներ: Որպես իսկական պոստմոդեռնիստՙ Շարաֆյանն իր երաժշտության մեջ կուտակում եւ արխիվացնում է ոճեր, սակայն ոչ թե ընդօրինակում դրանք, այլ ստեղծում յուրատեսակ «սիլիկոնային պատճեներ», որոնք սաստիկ ճկուն են եւ ընդունակ մեղմ, աննկատ փոխադարձ անցումների: Այսպես, «Offertorium»-ի մեջ լսելի էին բարոկկո երաժշտության թեթեւակի խաթարված ինտոնացիոն դաշտեր, դաշնամուրի նեոռոմանտիկ արպեջոներ, XX դ. ավանգարդին հատուկ «հորիզոնական» մտածողություն եւ մենանվագ փողային գործիքի հատուկ ակորդային տեխնիկա: Կլարնետի նվագաբաժինը փայլուն կատարել է հրաշալի երաժիշտ Մարտին Ուլիխանյանը, որի նվագին հատուկ է մեծ արտահայտչականություն, դինամիկ լայն երանգապնակ եւ գործիքի արտակարգ տիրապետում:

Այնուտետեւ հնչեց Տ. Մանսուրյանի «Թովեմ»-ը (1979), որի վերնագիրը գոյացել է «թովել» բայից: Դա իրոք դյութիչ մի հմայախոսություն է, համակված մեծ ֆրանսիացիներիՙ Դեբյուսիի, Մեսիանի, Բուլեզի երաժշտության քնքշանքով եւ նրբագեղությամբՙ կարծես հայերեն թարգմանելով նրանց հնչողական աշխարհները: Մանսուրյանի ինտոնացիոն եւ տեմբրային մտածողությունը անչափ «փխրուն» է, նուրբ եւ «բազմիմաստ»: Ստեղծագործությունը բացող ֆլեյտայի երկար սոլոն կարծես տանում է մեզ դեպի հնչյունների կախարդական ձեւափոխումների աշխարհ, իսկ ամբողջ պիեսը դառնում է այդ աշխարհում գոյության տեւական մի վայելք: Դեռեւս կոնսերվատորիայի ուսանող ֆլեյտահար Գուրգեն Գալստյանը (դասախոսՙ Արմեն Ղուկասյան) վարպետությամբ եւ մեծ զգայունությամբ կատարեց իր խնդիրը, իր հետ էլՙ փայտյա փողային խմբի մյուս անդամները, որոնցից ամեն մեկը մեր փողային կատարողական դպրոցի եզակի դեմքերից է:

Ընդմիջումից հետո ունկնդիր եղանք Ա. Զոհրաբյանի «Parable»-ին (1992): Այս վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Առակ»: Սա իրոք «իմաստուն» երաժշտություն էՙ գրված զարմանալի մի վարպետությամբ եւ գործիքների ու դրանց համակցությունների հրաշալի ըմբռնմամբ: Զոհրաբյանի այս պիեսի թողած տպավորությունը իրոք հսկայական էր: Այն հնչեց որպես զգացմունքային, անհանգիստ, երբեմն նույնիսկ նյարդային տրամադրությունների մի ամբողջություն, որը անմեկնելի կերպով երաժշտության սկզբից մինչեւ վերջ կազմում է հարատեւ մի կոնսոնանս: Երբ վերջանում է, ակամա ապրում ես իրականությանը վերադառնալու ափսոսանքի զգացում: «Parable»-ի երաժշտական ձեւը կարելի է նմանեցնել մաթեմատիկական պարաբոլիՙ գույներն այնտեղ հետզհետե խտանում են, եւ երբ հույզերի ճնշումը դառնում է անդիմադրելի, հնչյունային հյուսվածքի մեջ մխրճվում է դաշնամուրի երկար սպասված մենանվագը. այնուհետեւ երաժշտությունը վերադառնում է իր ափերի մեջՙ իր հետ տանելով դաշնամուրային սոլոյի պատառիկները: Կատարման ընթացքում հատկապես աչքի են ընկել դաշնակահար Նաիրա Իսրայելյանը, ինչպես նաեւ Լինոս լարային քառյակի երաժիշտները, որոնք ամբողջական կազմով միացել են Զ. Վարդանյանի խմբին:

Համերգը եզրափակող Մ. Իսրայելյանի «Հիմներ»-ը (1989), որոնց հասցեագրված է «Fiat lux»` «Եղիցի լույս» ենթավերնագիր, հրաշալի ձեւով պսակեցին ամբողջ ծրագիրը: Անչափ գունագեղ, անչափ դինամիկ եւ ռիթմերով անչափ բազմազան այդ երաժշտությունը հնչեց որպես տպավորիչ մի ներբողՙ սակայն առանց չարչրկված պաթոսի նվազագույն նշույլի: Իսրայելյանի բարդագույն այդ պարտիտուրը հոյակապ հնարավորություն է ընձեռում ցուցադրելու անսամբլի անդամներից յուրաքանչյուրի վարպետությունը, որը հաջողվեց լիարժեքորեն եւ առանց վերապահումների: Ռիթմիկորեն ճկուն եւ գործիքների մենախոսություններով լի այդ երաժշտության կատարումը մեծ բարդություն է ներկայացնում նախեւառաջ դիրիժորի համար: Ուստի ստեղծագործության հաջողության մեջ հատկապես մեծ է Զ. Վարդանյանի վաստակը: Որպես դիրիժոր, նա հմտորեն տիրապետում է իր ձեռքերին. նրա բոլոր ժեստերը հստակ եւ հասկանալի են նույնիսկ այն դեպքերում, երբ խոսքը անկանոն ռիթմերի կամ շարժման կտրուկ փոփոխությունների մասին է, եւ վեր են ամեն գովասանքից:

...Հոդվածի ավարտին վերընթերցեցի գրածս տողերըՙ նաեւ վերհիշելով արդի հայ երաժշտության բոլոր խնդիրներն ու բացերը: Չէի ցանկանա անհիմն լավատես թվալ, բայց այժմ հետին թվով վստահ եմ, որ եթե ստիպված լինեի երկրորդ անգամ հոդված գրել միեւնույն առիթով, առաջարկածս սկզբնական նախադասության երկու տարբերակից վստահությամբ կընտրեի երկրորդը: «Դժվար ժամանակներն» անշուշտ հաղթահարելի են: Իսկ մեր կողքին համեստորեն եւ առանց ավելորդ աղմուկի ստեղծագործում են մարդիկ, ում հետ թեկուզ առօրեական շփումն արդեն իսկ երջանկություն է: Կոմպոզիտորներին սովորաբար սիրում են հետմահու: Նույնիսկ «սեւ» մի կատակ կաՙ «լավ կոմպոզիտորը հանգուցյալ կոմպոզիտոր է»: Թույլ տվեք չհամաձայնել: Կցանկանայի, որ գրածս ընկալվի որպես մեր կողքին ապրող հրաշալի երաժիշտներին փոքրիկ, բայց անկեղծ տուրք:


Նկար 1. Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյան

Նկար 2. Դիրիժոր Զավեն Վարդանյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4