ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-03-15 | #6, 2008-03-22 | #7, 2008-04-12


ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՀԱՆԳՐՎԱՆՆԵՐՈՒՄ

ՍՈՒՐԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Չորս տարվա տարբերությամբ լույս են տեսել գրականագէտ Սամվել Մուրադյանի «Գրական հանգրվաններ»-ի երկու գրքերը, որոնք ընդգրկում են հայ նոր եւ նորագոյն գրականության պատմության առանցքային խնդիրները: Ճիշտ է նկատված, որ դրանք շարունակական ուղղություն ունեն ինչպէս գրական ճանաչողական, այնպէս էլ նյութի ընդգրկումի ներքին կառուցվածքի, գիտական տեսողության մեջ միասնական հայացքի առումներով:

Գրականագետը մեզանում այն քչերից է, որոնք հավասարապես են տիրապետում արեւելահայ եւ արեւմտահայ գրական դասական եւ նորագույն ընթացքներին: Բարձր է գիտական հետաքրքրությունների կորը, լայնՙ մտահորիզոնը: Ինչ վերաբերում է նկարագրին, գիտնականի խառնվածքին, ակնբախ է նյութի հանդեպ նվիրումից ծավալվող տարերքը, սկզբունքային համոզումից բխող կրքոտությունը, որը, խոստովանենք, կարող է գիտնականին երբեմն նաեւ մղել ենթակայական, ինչու չէ, որոշ դեպքերում անգամ այսրոպեական ձեւակերպումների, ինչպիսի օրինակի հանդիպել ենք հանգրվանների առաջին հատորում:

Այստեղից էլՙ երկրորդ գրքի յուրայատկությունը. Ս. Մուրադյանը փարատում է այլեւս նման գնահատության հակվելու հնարավորությունըՙ սուր անկյունների տակ բանավիճային քննության հնարավորությունները հասցնելով նվազագույն աստիճանի: Կարելի է ընդհանրացնել, որ խոսքը կառուցված է անհրաժեշտ փաստարկումներով, ընդհանրացման ներուժով: Եզրակացությունը ամբողջական էՙ Ս. Մուրադյանի հայացքի մեջ մենք նկատում ենք էական տեղաշարժ դեպի ակադեմիական լրջմիտ քննակերպ, ուր տեսանելի է ծանրանիստ գիտական մենագրություններին ներհատուկ հստակ առաջադրությունը:

Միակ բացառությունը թերեւս կարող է կազմել «Արդի հայ բանաստեղծութեան ղողանջները» ուսումնասիրությունը, որը 150¬ից ավելի բանաստեղծական ժողովածուների, ինչպես ինքն է բնութագրել, «թռուցիկ» մեկնությունն էՙ նոր հազարամյակի ազգային բանաստեղծության վրա սուր ու անկողմնակալ հայացք, որը, իհա՛րկե, հնարավորության սահմաններում իսկ չէր կարող հավակնել սպառիչ գնահատությունների: Այն ավելի հաշվետվություն է ՀԳՄ 2005 թ. համագումարինՙ արված լայն կարկինով, գրական երեւույթների ուշագրավ թափանցումներով, բանաստեղծական ավագանուց մինչեւ նորահասները, տաղանդավորներից մինչեւ միջակությունները եւ դեռ մի բան էլՙ նվազ, ինչպես ասվում է նման դեպքերում:

Ժամանակակից բանաստեղծության առջեւ դրված են ազգային ոգու ու կերպի պաշտպանության նույն հրամայականները, ինչի առջեւ կանգնած են եղել հնում եւ փորձել են գեղարվեստական լուծումների ճանապարհով հասնել դասական շրջանի հայ քերթության առաջատարներըՙ նրանք, այսինքնՙ նորերը, վերստին «կյանքին դեմ առ դեմ են», «ժամանակի յոււրովի զգայնաչափն» են, «ներծծված են կյանքով», ասել է թեՙ «սրտով ու մտքով են ընդունում բոլոր մարտահրավերները»: Մնում է դնել հիմնահարցըՙ մեր այսօրվա նորոգ բանաստեղծության ուղղությունը ճշտել, վերելքի այն աստիճանը, որից այն կողմ նոր բարձունքներն են:

Սա, եթե կուզեք, դասականի եւ այժմեականի շարունակականության մշտահոլով խնդիրներից է, որոնք քննված են ազգային նորագույն, պատմական նշանակության իրադարձությունների տեսանկյունից: Միանգամից նշենք գրականագետի համոզումը, թե նորերը խորությամբ են ընկալում ազգային բանաստեղծի իրենց առաքելությունը. «Բուն ճշմարտությունն այն է, որ իրականության ու բանաստեղծության գեղագիտական հարաբերակցությունն է ընդունում նոր ձեւեր ու դրսեւորումներ», - գրում է նաՙ երեւույթը դիտելով անցման շրջանին ներհատուկ վիճակ, մերժելով գեղարվեստական ընկալման ծայրահեղություններըՙ կա՛մ համընթաց ենք համաշխարհային գրական զարգացումներին, կա՛մ մեր օրերում ընդհանրապես չունենք բանաստեղծություն, լավ երգիչների շրջանն անցել է վաղուց: Նրա տպավորութեամբՙ «Բանաստեղծի խոսքը հիմա էլ ներգործող մեծ ուժ ունի»:

Համաձայնելով ձեւակերպումի գիտական հնչողությանը, մեր կարծիքով, այսուհանդերձ, բաց է մնում գլխավոր հարցերից մեկը, բայց մի՞թե անցման ծանրագույն շրջան չէր ապրում նախընթաց դարասկզբի ու տասական թթ. հայ բանաստեղծությունը, երբ ստեղծագործում էին լավագույն երգիչներըՙ թե՛ արեւելահայ, թե՛ արեւմտահայ շրջանակներում: Ավելորդ չէ նաեւ այն շեշտադրումը, թե արդյոք ճիշտ նկատված բանաստեղծության հանդեպ «կարծրացած անտարբերությունը» նույն բանաստեղծների նահանջի վկայությունը չէ՞ գեղարվեստականի սահմաններից, ինչի պատճառով շարունակական է բանաստեղծության անշքացումն ու նրա ազգային դերակատարության կարեւորութեան ըմբռնումը: Ըստ էության, Ս. Մուրադյանն ակամա հարցադրումի լայն քննության հնարավորություն այլեւս չի թողնումՙ փակելով բանավեճի որեւէ պատուհան, երբ կտրուկ հայտարարում է. « Միամիտներ կամ չարամիտներ կան, որ կարծում են, թե երանելի ժամանակներն անցել են, լավ բանաստեղծները գնացել են, թե Չարենցից, Շիրազից, Սեւակից, Սահյանից հետո բանաստեղծ ու բանաստեղծություն չունենք »: Նրանք, ովքեր գտնում են, որ «չունենք», անշո՛ւշտ նկատի ունեն բանաստեղծական որակը եւ ոչ բանաստեղծներին:

Իսկ բանաստեղծն այնուհանդերձ իր ժամանակն ունի, որը հաստատւում է Սիլվա Կապուտիկյանի առիթով: Ս. Մուրադjանը հստակ բնութագրում է բանաստեղծուհու տեղըՙ օգտվելով հենց նրա ձեւակերպումիցՙ «Իմ տունը մնաց քսաներորդ դարում, / Այս նորեկ դարին ես հյուր եմ միայն, .../ Ուրիշ ձմեռ է, եւ ուրիշ գարուն»:

Այս դարն իսկապես ուրիշ է:

Այստեղ ենք ահա՛ գնահատում գիտնականի ահազանգը նորագոյն բանաստեղծական բնագծերի խիստ նկատելի նահանջի, տեղապտույտի պատճառով: Այն կարելի է ամփոփել մի քանի առանցքային ենթակետերում, ընդ որում անունները, ցավոք, այլեւս անհատականության դրոշմը չեն, ավելի խանգարում, քան օգնում են շարժման ուրվագիծը կառուցելու, ուր մրցանակների բարդույթը խճողում է իրական բնութագրումները: Եվ իսկապես, անունը ՀՀ Նախագահի կամ ՀԳՄ մրցանակ է, շարքի մեջ համապատասխան տողի պարտադիր զբաղեցում, եւ ուրիշ ոչինչ, մրցանակը հաճախ խանգարում է տիրոջը, երբեմնի ըմբոստ բանաստեղծին ձայն, ասել է թեՙ ինքնություն պահպանելուն:

Սամվել Մուրադյանը դիտարկման անկյունն իրավացիորեն փոխադրում է բանաստեղծ -ազգային-ընկերային միջավայր, մի հարթություն, ուր արդի քերթությունը էական չափով կորցնում է ստեղծագործական ճանաչողության ակունքները: Ուսումնասիրության հեղինակը դասդասում է եղած «ընդհանուր բացթողումները» թեմատիկ ամբողջական հնարավոր հինգ եզրակետերումՙ կարծես մեզ հրավիրելով իրատեսական բանավեճի բանաստեղծական ներկա շփոթ կացության շուրջ.

ա) Երգիչներից շատերը չեն էլ պատկերացնում` ո՛ւմ համար եւ ինչո՛ւ են գրում ...

բ) Բռնության մեջ ապրող մարդն է ազատություն տենչում ու մաքառում նրա համար ... Իսկ ի՞նչ է անում մեր պոեզիան այսօրՙ ազատության ու անկախության ժամանակներում, արդյո՞ք նա իր պարտքը կատարել է դրանք նվաճած խանդավառ ու անձնազոհ սերնդի հանդեպ: Բանաստեղծությունը դեռեւս չի ստեղծել նաեւ հետպատերազմյան օրերի անկախ Հայաստանի քաղաքացու կերպարը:

գ) Մեր օրերի գլխավոր չարիքներից մեկըՙ Արտագաղթըՙ իր տխուր ու ողբերգական հետեւանքներով, ինչպես եւ ներգաղթի անհրաժեշտությունը չեն ստացել պատշաճ գեղարվեստական մարմնավորում:

դ) Բանաստեղծության մեջ չի արտացոլվում դարաշրջանը, երկրի քանդումն ու վերակառուցումը, գյուղ-քաղաք հարաբերությունը, գյուղացու տնտեսական ու հոգեկան վիճակները, առհասարակ անցման շրջանի բարոյահոգեբանական մթնոլորտը:

ե) Այնպիսի կենսականորեն կարեւոր խնդիրներ, ինչպիսիք են Հայրենիք-Սփյուռք հարաբերությունը, դրսում ձուլման վտանգի առջեւ կանգնած հայությունն ու հայապահպանությունը, Եղեռնի համաշխարհային դատապարտումը, ազատագրված Արցախի հարցերը գրեթե չեն արծարծվում մեր բանաստեղծության մեջ: Ուրեմնՙ իսկապես մտահոգություններն ու չլուծված հիմնախնդիրները շատ են, իսկ գրականության եւ մանավանդ բանաստեղծության անելիքներըՙ ավելի շատ, քան կարելի է կարծել:

Ուրիշ է գրականության պատմության նկատմամբ Սամվել Մուրադյանի վերաբերմունքը, որը համակարգված է, քանի որ կայունացած են ըմբռնումները, իր գրական ուսուցիչները այսօր էլ հերկի գլուխ են կանգնած: Դասական շրջանի առումով մի սեւեռուն գաղափար ուղեկցում է իրեն. համաձայն լինելով խորհրդային ժամանակներում, հատկապէս վաթսունականներից այս կողմ ձեւաւորված գիտական առողջ գնահատականներինՙ նա հայացքի ուղղությունը որսում է ազգային մտածության հարաճուն ընթացքի զորությամբ:

Աբովյանագիտության նվաճումներով է սկիզբ առել հայ նոր գրականության պատմութեան արժեւորումը. Ս. Մուրադյանը հիշում է Նալբանդյանի, Վարուժանի եւ Իսահակյանի, մեր գրականագիտական սերուցքի հայտնի բանաձեեւումները եւ եզրակացնում. « Բոլոր առումներով Խ. Աբովյանը ժամանակակիցների եւ հաջորդների համար ե՛ւ գաղափարական, ե՛ւ գեղագիտական առաջնորդ էր, հայոց լեզվի, հայ ժողովրդի եւ հայրենի հողի միասնության, մեր ոտնահարված ազգային իրավունքների եւ արժանապատվության պաշտպանության առաջին հետեւողական հզոր ու նպատակադրված պատգամախոսը:

  Խ. Աբովյանի գլխավոր նպատակադրումը ազգության կյանքը հնարավոր բոլոր գրական ժանրերով ու տեսակներով ճշմարտացիորեն պատկերող, ազգության իղձերն ու երազանքները արտացոլող, ժողովրդական լայն խավերի համար մատչելի գրականության ստեղծումն էր, գրականություն, որ ունենար թե՛ գեղագիտական արժեք, թե դաստիարակչական ու ճանաչողական նշանակություն, ծառայեր մեր ժողովըրդի լուսավորության ու առաջադիմության գործին »: Պատմական ճշմարտության դիմելիս, ինչպես նկատում է գրականագետը, Աբովյանը չի կառչել հինավուրց փաստերիցՙ վիճարկելով կամ համադրելով այս կամ այն ելագծերը, թեեւ համընդհանուր վկայակոչումները ընդգծել են ռոմանտիկ գրողի խոր աշխարհաճանաչողությունը: Գրապայքարի հորձանքում նա որոնել ու գտել է գրաբարիՙ այդ «ազնիվ գանձի» արժեւորմանՙ մեզանում վրիպած հետեւողականություն, որը, կարծում ենք, նոր վերաբերմունք է աբովեանագիտության հարուստ ածուներում:

Ս. Մուրադյանի այս ուսումնասիրության երկրորդ կարեւոր հանգրվանը աբովյանական գրական ուղղության երկու սկիզբներիՙ ռոմանտիկականի ու իրապաշտականիՙ ներքին հաշտությամբ ընթացքն է, որով, ըստ գիտնականի, պիտի զարգանար մեր գրականության ընկերային, տնտեսական համակողմանի նկարագիրը, մյուս կողմիցՙ բորբոք պահեր ազգային-ազատագրական կրակըՙ ռոմանտիկական այն ենթահողը, որն ուղիղ գծով պիտի զորացնէր ազգային ինքնության ըմբռնումը:

Սայաթնովագիտության աշխարհում Ս. Մուրադյանը բարձր է գնահատում Նիկոլ Աղբալյանի խաղացած դերըՙ ընդգծելով ոչ միայն թիֆլիսեցու պարագան, այլ նաեւ գեղագիտական դպրոցներիՙ կուլտուր-պատմական, սոցիոլոգիական, հոգեբանական, հմտալի կիրառության փորձը, երբ «եռյակ բանաձեւերը» ընտրվում են նյութից բխող առաջնայնության ընկալումով: Նա նաեւ բանավիճում է Ն. Աղբալյանի հետ տասնամյակների ընդմեջեն, բայցՙ ընդգծված հարգալիր ճանապարհով:

Հայ երգիծաբանության ուսումնասիրման ասպարեզում նշանակալից ներդրում ունեցող Ս. Մուրադյանն այս գրքում զետեղել է նաեւ մեր երրորդ խոշոր երգիծաբանի մասին քիչ թե շատ ամբողջական առաջին հիմնավոր ուսումնասիրությունը` «Պարոնյանի եւ Օտյանի ազգակից Լեռ Կամսարը» բնորոշ խորագրով:

Հովհ. Շիրազը Ս. Մուրադյանի տարերքն է, եւ բոլորը դա գիտեն, գիտեն նաեւ նրա հետ մտերմության բացառիկ խորությունը: Հանգրվանների մեջ առանձին ենթաբաժին հատկացված է «Հայոց Դանթաականը» պոեմինՙ «Պատմական հիշողության ճիչը» խորագրով: Բնագրական բնութագրական խորքային վերլուծության կողքին ընդգծենք բանաստեղծի ապրած միջավայրի, հոգեբանության այն հավաստի, հաճախ նաեւ անընտել մթնոլորտի նկարագիրը, որի ականատեսն էր վաղվա գիտնականը: Դա նշանակում է, որ մենք գրական-փաստագրական նյութը ստանում ենք առաջին ձեռքից, գլխավոր աղբյուրիցՙ համեմված ժամանակին հնչած գնահատականներով, գրական տարբեր անձերի արձագանք դարձած վարքագծերի դրվագային քննությամբ, նաեւ խայթոցներով, որոնք հենց շիրազյան նկարագրի շարունակականությունն են թվում: Ինչո՞ւ, օրինակ, պետական հրատարակչությունում աշխատող ու եղեռնի մասին չափավորված պատմվածքներ գրողի հայրենասիրությունը թույլատրելի էր, իսկ իր բնաբուխ հզոր խոսքի սլացքը զսպելու համար օգնության էր գալիս «հակասովետական հոլովանք» կիսապաշտոնական պիտակավորումը, երբ հաճախ ներքեւից էր բարձրանում իշխանավոր-խմբագիր խաղալու անվրեպ պարտաճանաչությունը, որի բացախոս քննադատությունը Ս. Մուրադյանի քաղաքացիական էութեան մասնիկն է:

Ս. Մուրադյանը բանավիճում է Պարույր Սեւակի հետՙ «հանգի բռնության» եւ ազատ բանաստեղծության տարերքի ընտրության սկզբունքին հակադրելով բանաստեղծական կենսափորձը: Իրականում գրականագետը ճիշտ է այնքանով, որ պաշտպանության տակ է վերցնում ողջ քերթության արվեստի զինանոցը, բայց բանաստեղծն էլ արդար է այնքանով, որ իր նախընտրության իրավունքը միմիայն իրենն է: Ի վերջո, դա հաստատում է նաեւ Ս. Մուրադյանըՙ ընդգծելով, որ այս յուրատեսակ անցումով բանաստեղծը փոխել է ոչ միայն իր մտածողության կերպը, ընդլայնել կենսական երեւույթների ընդգրկման շրջանակը, այլեւ որակապէս բարձրացրել է իր ստեղծագործության գեղարվեստական կշիռն ու մակարդակը:

Գրականությունը, բնականաբար, քաղաքականությունից հեռու լինել չի կարող, եւ սույն հոդվածում հայ-թուրք հին ու նոր փոխյարաբերությունների կծիկը քաղաքական սուր ընդգծվածություն ունի, որն արդարացված էՙ հենց քաղաքականը մերժելու իմաստավորմամբ: Օրինակ` այսօր էլ անհասկանալի է, թե ինչու պիտի Ֆրանց Վերֆելի, Լեւոն-Զավեն Սյուրմելյանի եւ այլոց դարակազմիկ վեպերը լույս տեսնեին ընդամենը տասնամյակներ առաջ: Բայց անհասկանալիՙ միայն առաջին հայացքից. անտեսել չէր կարելի Խորհրդային Միության, Ռուսաստանի վերաբերմունքը, որի քաղաքական շահերը, բարեկամության մութ էջերը թուրք կառավարողների հետ, կանխորոշել են նման կույր թվացող մոտեցումները: Մինչդեռ մենք այսօր դեմքով դեպի թուրք ընկերային-մտավորական աշխարհը շրջվելու ներքին անհրաժեշտություն ունենքՙ պատմության եւ ողբերգության ճշմարտությունը ուսուցանելու նպատակադրությամբ: Մենք իսկապես վատ գիտենք թուրք ժամանակակից գրական ընթացքները, մտավորականության խմորումները, ինչպես եւ իրենքՙ մերը: Մենք դեռ առաջնորդվում ենք թուրք գրագետ սերնդի իբր ունեցած վախի ու սարսափի մթնոլորտի կարծրատիպերով, որը ցանկանում ենք շրջելՙ չնկատելով տեղաշարժերի գրական տրամաբանությունը: Ընդ որումՙ Ս. Մուրադյանն է որսում, որ Օրհան Փամուքին տրված Նոբելյան մրցանակն անգամ Թուրքիայում, մեղմ ասած, բարեհաճ չեն ընդունում այն պարզ տրամաբանությամբՙ ինչո՞ւ է Փամուքըՙ հայոց ցեղասպանության մասին բարձրաձայնողը մրցանակակիր, եւ ոչ թե մի ուրիշ թուրք գրող:

Այսօր ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ Սամվել Մուրադյանը բարձրանում է գիտնականի եւ մանկավարժի այն ճանապարհ-հանգրվաններով, որով ժամանակին բարձրացել են մեր ու ձեր ուսուցիչներըՙ ակադեմիական եւ համալսարանական շրջանակներից: Դանդաղ է բարձրանում. վերելքը դժվարին է, գրական ճանապարհնՙ անծանոթ ու ոլորադարձ, հանգրվաններինՙ գայթակղությունները շատ, սակայն դաշինք կազմած գիտական ճշմարտությունն ու կիրքըՙ զորեղ:

Փետրվար-Մարտ, 2008


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4