ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Չգիտեմՙ ուրիշ արվեստագետներ որքանով են շահում սեփական դիմանկարը զետեղելով գրքի կազմին, բայց Վիգեն Չալդրանյանը շատ է շահելՙ եւ մի քանի հանգամանքով: Նախ որ քեզ նայող տղամարդու դեմքըՙ գեղեցիկ, խոհուն, թախիծով երանգավորված հայացքը, դիպչում է հոգուդ «թաղանթին»ՙ ինչպես մեծն Սեւակը կասեր: Դիպչում է ու զուգորդություններ հարուցում տեսածդ ուրիշ նկարների հերոսների հետ... Երեւի Վիգեն Չալդրանյանն այն քչերից է, որոնք բեմադրիչ լինելով, նաեւ արտիստ են (նաեւ կրթությամբ), եւ նկարահանվել է ոչ միայն իր, այլեւ ուրիշների ֆիլմերում: Հիշենք միայն ամենաճանաչը. Գոհար Գասպարյանի հրեղեն ձայնով անմահացած «Անուշը», որը դիտելով, բոլորը միակամ վճիռ արձակեցին, որ լավագույն դերակատարումը Չալդրանյանի Մոսին է: Իսկ ես հիշում եմ, թե քանի հոգու փորձարկեց Մարտիրոսի («Ձայն բարբառոյ...») դերի համար, եւ ոչ մեկըՙ տեսքով, ներքին նկարագրով, արտիստական կարելիությամբ կատարյալ չեղավ, եւ ամենավերջում ինքը որոշեց նկարվել. ահավոր դժվարին բանՙ նման լայնաթափ, մասսայական տեսարաններով ու բազմավայր, անասելի բարդ բեմադրության կտավում: Եվ, ճիշտն ասած, բոլորս էլ կանխավ թերահավատ էինք արդյունքի հանդեպ, բայց դիտելով կինոնկարըՙ վերստին միակամ վճռեցինք, որ ոչ ոք այդքան լիակատար չէր լինի, ինչպես նա ինքը: Զուր չասացիՙ հանրաճանաչ ու սիրված, քանզի ամեն անգամ նա ինքը մեկ ուրիշին ավելի հարմար չնկատելով, ստիպված է եղել ինքը նկարահանվել հատկապես այն կտավներում, ուր կերպարն իր մեջ կրում է ամբողջ պատումի կոլիզիան եւ ինչ-որ տեղ առավելագույնս համընկնում իր կերպարային տեսլականին: Գրեցի «ստիպված» եւ ինքս ծառացա իմ դեմ: Ինչո՞ւՙ ստիպված. մի՞թե նա ինքն անվերջ, եւ մենք պիտի փնտրենք նրա մասնակցությունն արդարացնելու, հիմնավորելու կռվաններ: Մի՞թե նախքան թե բեմադրիչի դասընթաց կանցներ, արտիստական դասընթաց չի անցել: Եվ գերազանց գնահատականով: Մի՞թե իր մեկ տասնյակից ավելի դերերով չի վաստակել դեր արարելու իրավունք: Եվ վերջապես, մի՞թե ինքը պակաս իրավունք ունի հավակնելու որեւէ դերի, ինչպես փորձարկվող յուրաքանչյուրը: Երկարեց, բայց երբեւէ եւ որեւէ կերպ պիտի խոսվե՞ր այս մասին, գեթ որպեսզի վերջ գտնի նրա կենսագրությանն անգետ ոմանց տարակույսն ու քամահրանքը... Ուրեմն այսպեսՙ Վիգեն Չալդրանյանը գեթ իր առաջին կես դարն անցնելով, կարո՞ղ է հուսալ, որ ինքը ոչ միայն շատ հետաքրքիր եւ տաղանդավոր վարպետ-բեմադրիչ է, այլեւ արտիստ-դերակատար: Ուրեմն այսպեսՙ այս տարվա սկզբին արվեստասերի սեղանին է կինոբեմադրիչի շատ համեստ գիրքըՙ «Հանապազ լույսի ճանապարհով»: Թվում էՙ գրքի խորագիրն արդեն խորհուրդ ունի. Չալդրանյանի կյանքի ճանապարհը մի աննահանջ ու անդուլ ընթացք էՙ ուղղակի եւ անուղղակի կերպով, լույսի միջով: Եվ այդ լույսը վերստին միանշանակ չէ, հանապազ է, օդի ու ջրի պես առտնին ու անհրաժեշտ:
Գրքի առաջին էջերից սիրտդ սեղմվում է. այսքան էլ համեստ, անզարդ մա՞րդ: Ի տարբերություն եւ ի հակակշիռ ոմանց, որ տառապում են ինքնաֆետիշացման մոլուցքով եւ իրենց նվիրված հաստափոր գրքերի սկզբնահատվածը ձոներգ դարձնում իրենցՙ տարփողելով ունեցած ու չունեցած արժանիքները, նման ոչ մի «նախաբան կամ նախադուռ» չի զետեղվում. ընդամենը գիրքը կազմողիՙ Սահականուշ Սահակյանիՙ (նույնպես համեստագույն մի հայուհի) սեղմՙ մեկ էջից քիչ ավելի, բնութագրականըՙ լատինական մի էպիգրաֆով, որ այնքան վայելում է արվեստագետին. «Ձեւերի մեջՙ վայելուչ, գործերի մեջՙ հաստատակամ»: Այս սեղմասեղմ բնութագրությունն այնքան խտացած է ու կանոնիկ, որ կարելի էր ամբողջությամբ, իբրեւ մեջբերում, զետեղել, բայց մեր տեղը սուղ է. կբավարարվենք մի երկու նախադասությամբ. «Ճշմարիտ արվեստագետի ճակատագիրն է` դառնալ իր ժամանակի զարկերակը, պոետի բնորոշմամբ` «պահել այդ ժամանակի արժեքը եւ ոչ թե գինը, կրել այդ ժամանակի կշիռը, սակայն ոչ բեռը»: Այսպես է մեր կողքին ապրում կինոբեմադրիչ Վիգեն Չալդրանյանը` կամրջելով անցյալն ու ապագան»: Անհրաժեշտ եմ գտնում հետեւյալ միտքն էլ մեջբերել, քանզի դա արվեստագետի ամենաստույգ ու թանձրացած բնութագրություն է. «Նրա համար ֆիլմի ծնունդը խոստովանանք է ու լուռ աղոթք, կինո արարելը` սրբազնագույն առաքելություն, ապրելակերպ, էություն ու տարերք»: Ժողովածուն կազմողն այս գեղեցիկ եւ բովանդակալից գիրքը համարում է որոշ կարծիքներ ու հարցազրույցներ մեկտեղելու եւ ամփոփ դիմանկարի, նրա ֆիլմաշխարհի մասին հավաքական պատկեր կառուցելու փորձ: Շտապենք ասել, որ դա ավելին է, քան փորձ: Սեղմ տարածքի մեջ ոչ միայն եւ ոչ այնքան նրա մասին եղած դրական գնահատանքը, այլեւ բացասական խոհերը մեկտեղելն արդեն ստեղծագործական խիզախում էՙ երկուստեք: Փորձենք համոզվել դրանում: ՈՒսանողական տարիներից իրականացրել է մեծ ու փոքր ֆիլմեր, սակայն հիմնականը հինգն են, որոնք եւ մեծ ասուլիսի առարկա են դարձել. ««Ապրիլ» (1985), «Ձայն բարբառոյ...» (1991), «ՏԷր ողորմեա» (1997), «Լռության սիմֆոնիա» (2001), «Քրմուհին» (2007):
Մամուլի հրապարակումների հեղինակային կազմն արդեն խոսուն է. մեր հեղինակներըՙ մեր մամուլում, եւ օտարներըՙ օտար մամուլում: Նրանց մեջ կան ժամանակակից համաշխարհային կինոյի ամենահեղինակավոր անուններ: Օրինակՙ անդրադառնալով «Ձայն բարբառոյ...» ֆիլմին Մայքլ Ուիլմինգթոնը գրում է. «Վիգեն Չալդրանյանը նկարել է լայն, հյութեղ, կենսաթրթիռ կտավ ՙ լի գրոտեսկով... նրա տաղանդը հարուստ է» («Լոս Անջելես Թայմս», հունիս 22, 1992): Մեկ ուրիշըՙ Քեւին Թոմասը նույն պարբերականում 1993-ի օգոստոսի 23-ին գրում է, որ «լոսանջելեսյան կինոփառատոնի բազմաթիվ ֆիլմերից առանձնանում է «Ձայն բարբառոյ...» ֆիլմըՙ որպես ամենաուշագրավը եւ բարձրարժեքը»:
Հայերենով արտահայտվողների մեջ ամենից ծավալունը Վիկտորյա Սանասարյանի հրապարակումներն են ամերիկյան «Նոր Կեանք» շաբաթաթերթի 2003-ի համարներումՙ «Հայ անվանի արվեստագետները» շարքում: Հեղինակը մանրակրկիտ լուսաբանում է նրա ֆիլմերը, մասնագիտորեն արժեւորում նրանց տեղը մեր եւ աշխարհի կինոդաշտում: Սանասարյանը Չալդրանյանին համարում է այն բացառիկ ծնունդներից, ովքեր «ի վերուստ առաջադրանք ունեն դառնալու ցեղի անհանգիստ զարկերակը»:
Թերթելով գիրքըՙ նկատում ես մի բան, որ ուրիշ ոչ մի տեղ չես նկատել. Չալդրանյանի ֆիլմերի մասին գրողները նման չեն ուրիշներին: Գրելիս նրանք դառնում են հուզական, ոգեշնչվում, եւ ակամա շարադրանքը ձեռք է բերում էսսեի շունչ: Այդպիսին է նույնիսկ «Սովետսկի Էկրան»-ի քննախոս Վլադիմիր Բադասյանի հոդվածը (նո. 14, 1987). նա գրում է «Ձայն բարբառոյ...»-ի մասին, սակայն տարվում ու նկարագրում է Չալդրանյանի «արտիստական արտաքինը, գեղեցիկ գլուխը արժանապատվորեն պահելու կերպը, մուգ, ալիքվող մազերը եւ կոկիկ մորուքը»... Մեկ ուրիշ քննախոս «Մարտիրոսի ուխտագնացությունը» նյութում («Սովետսկի ֆիլմ», 1988, Մոսկվա) այսպես է սկսում իր շարադրանքը. «Վիգեն Չալդրանյան. հիշեք այս անունը: Եթե մի անկանխատեսելի բան չպատահի, ապա մեկ կամ երկու տարի հետո կխոսեն նրա մասին», գրում է, որ նա «հասուն արվեստագետ է»: «Ձայն բարբառոյ...» ֆիլմի մասին Ալեքսանդր Թոփչյանի ընդարձակ հոդվածից մի քանի տող («Ազգ», 2-10-1993). «Ֆիլմն արտահայտում է այն ճամփաբաժանը, որին եկել հասել է մեր ազգային գեղարվեստական մտածողությունը, երբ արհեստական, շինծու, պարտադրովի շերտերի տակ բանտված մեր էությունը մեզ ուզում է ասել բաներ, որոնք կենսականորեն կարեւոր են մեր հետագա գոյության համար: Մեր էության ձայնն է, որ ուզում է իրեն լսենք...»:
«Բրավո մագազին»-ի (նո. 7, 1994) քննախոս Հայկ Պիսյանը «Ձայն բարբառոյ...»-ն համարում է Վ. Չալդրանյանի հերթական հաղթարշավը, որ հերքում է հայկինոյի մահը գուժողների կարծիքը... «Լրագիր» պարբերականի քննախոսըՙ Սերգեյ Գալոյանը, (11-10-1994) գրում է այն հույզերի ու խոհերի մասին, որ հարուցում է կինոռեժիսորի անդրանիկ վավերագրական ֆիլմը. ««Հայեր»-ը հարկադրում է մեզանով հպարտանալ եւ ճշմարտապես որակել մեր գայթակղություններն ու ավերակումները»: «Ուրարտու»-ի (հուլիս, 1996) քննախոս Արմեն Վաթյանը «Տէր ողորմեան» կոչում է «ռեքվիեմ մտավորականի համար» եւ դրանով արտահայտում մեր ինքնության արշալույսի սոցիալ-բարոյական վայրիվերումները: Եվ զուր չէ, որ Վարուժան Նազարեթյանն իր հոդվածը վերնագրել է «Ո՞ւմն է այս քաղաքը» ( «Ռեսպ. Արմենիա», 20-11-1996)ՙ վերստին հաղորդելով անճանաչելիորեն ամլացած, մարդկային բարոյական արժեքները շուռ եկած իրողությունը... Եվ զուր չէ, որ այստեղ զետեղված է եւ կինոբեմադրիչի «Դերասանի մենախոսությունը»ՙ գրված շեքսպիրյան հերոսի երկընտրանքով...
Լրագրող Սաթիկ Սեյրանյանի կարծիքով «Լռության սիմֆոնիա» ֆիլմը Չալդրանյանի «ամենահաջող ֆիլմն է, ուր կինո կար»: Կարինե Խոդիկյանը «Տէր ողորմեա» ֆիլմը կոչում է «Ռեքվիեմ կորսված ժամանակին» եւ գրում է մի էսսե-հոդված, որ հազվադեպ է լինումՙ այդքան հուզական ու խելացի, այդքան պատկերավոր ու խորքային արժեքներ բացահայտող, այդքան հիացական ու ճշմարիտ արժեւորող: «Նովոյե վրեմյա» (6-10-2001) թերթի քննախոս Սոնա Մելոյանի ոգեշնչված հոդվածում Չալդրանյանը համարվում է «արդիականության խոշորագույն ռեժիսորներց մեկը», նա հանգամանորեն վերլուծում է «Լռության սիմֆոնիա» կինոնկարը: Նույնպիսի խանդավառ ու արժեքավորող հոդված է եւ Նորա Կանանովայի նյութը («Գոլոս Արմենիի», 11-12-2001):
Գովեստներն իրոք շատ են, եւ ըստ երեւույթին դրանց շատ քիչ մասն է այստեղ զետեղված, բայց շատ զարմանալի է, որ զետեղված են եւ խիստ բացասական եզակի հրապարակումները. չէ՞ որ դրանք խախտում են «հավասարակշռությունը»: Ի՞նչ է սա. անհեռատես ազնվությո՞ւն, թե՞ մի այլ բան... Իրականում «Իրավունքի» այդ շարադրանքի հեղինակը կուրացնող չարությամբ նաեւ գեղարվեստական ու պատմական երեւույթները միմյանցից զատել չի կարողանում եւ վերջում էլ կասկածի տակ է առնում այս տոհմիկ վանեցու ծագումը... Շտապենք ասել, որ որդը, որ մտել է չար ու նախանձ ապաշնորհների ուղեղը, հանգիստ չի տալիս եւ, չունենալով տարրական օրինավորություն, նմանները գրում են մտացածին անվան տակ: Գրքում զետեղված են եւ անփառունակ նյութի առիթով եղած առարկությունները, ինչպես եւ նյութը հրապարակած թերթի մեղայականը: Գեղարվեստական ներշնչանքով են գրված վերջինՙ «Քրմուհին» կինոնկարի մասին նյութերը: Դրանցից առանձնացնենք միայն Կարինա Արոյանիՙ վերստին էսսեաշունչ նյութը, ուր կա եւ մասնագիտական գնահատական:
Առանձին խորագրերով մատուցված են Չալդրանյանի կինոնկարների, խաղացած դերերի եւ ստացած պարգեւների ու մրցանակների ցանկերը: Չալդրանյանը նկարել է տասնվեց ֆիլմ, իրականացրել երեք բեմադրություն թատրոնում, խաղացել տասնհինգ դեր (կինոյում եւ թատրոնում), տուն բերել երեսուն պարգեւ ու մրցանակՙ տարբեր փառատոներից, այդ թվումՙ Ոսկե մրցանակը Հյուստոնի կինոփառատոնից:
Գրքի վերջը մի իսկական անակնկալ է. տպագրված է Վ. Չալդրանյանի եւ Գ. Խանջյանի «Ձայն լռության կամ վեցերորդ պատվիրանը» պիեսը, որն այսօր Չալդրանյանի բեմադրությամբ Երեւանի դրամատիկում թատերաշրջանի ամենագերող ներկայացումն է:
Մամուլի հրապարակումների մեջ ուշադրությունս գրավեց Տաճատուհի Սյունի ստորագրող հեղինակըՙ նույն ինքըՙ Սահականուշ Սահակյանը, ով կազմել եւ խմբագրել է «Հանապազ լույսի ճանապարհով» գիրք-ժողովածուն, Չալդրանյանի բեմադրությունների, դերերի, մրցանակ-պարգեւների ցանկն է ամբողջացրելՙ արտասովոր ճշգրտությամբ ու խնամքով, ում եւ առանձնակի նկարագիր է հաղորդում ամերիկյան կինոակադեմիային ուղղված նրա հարցումը եւ պատասխանի զետեղումն այստեղ: Եթե ավելացնենք գեղարվեստական ստեղծագործության ժանրային առանձնահատկությունների նրա իմացությունը, ճկուն լեզուն ու մեղմ հումորըՙ ապա պիտի ասենք, որ գեղարվեստին քաջիմաց հազվագյուտ հեղինակների թիվը մեկով համալրվեց. սա արդեն ուրախանալու առիթ է, երբ դաշտում այնքան խակ ու անազնիվ արարածներ կան...
Միակ դիտողությունս վերաբերում է անգլերեն լեզվով նյութերիՙ առանց թարգմանության զետեղելուն: Ճիշտ էՙ այսօր օտար լեզուն լայնորեն խուժել է մեր կյանք, բայց ոչ բոլորն են (մանավանդ ավագ սերնդից) տիրապետում դրան...