ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#5, 2008-03-15 | #6, 2008-03-22 | #7, 2008-04-12


«ՉԱՐԵՆՑԻ ԹՂԹԱՊԱՆԱԿՆ ԻՐ ԲՈԼՈՐ ՁԵՌԱԳՐԵՐՈՎ ՄՆՈՒՄ Է ԻՄ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱԿ»

Չարենցի ծննդյան 111-ամյակի օրըՙ մարտի 13-ին մեր թերթում հրապարակված «Չարենցի ժառանգները մտադիր են հետ բերել վաճառված ձեռագրերը» նյութում գրի էինք առել բանաստեղծի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանի ու չարենցագետ Դավիթ Գասպարյանի խոսքերը նյութի վերնագրում նշված խնդրի վերաբերյալՙ ասված «Հայացք» ակումբում: Թանգարանի տնօրենն այդ օրը հայտարարեց, որ Չարենցի ձեռագրերի 2 թղթապանակները բանաստեղծ Գեւորգ Էմինից անցել են նրա որդունՙ Արտաշես Էմինին, որը դրանց մի մասը վաճառել է ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելին, իսկ մյուս մասը, համաձայն իրենց հետ ձեռք բերված պայմանավորվածության, պետք է հանձներ Չարենցի թանգարանին: Ձեռագրերը Էմինից գնելու խնդրանքով դիմել էին վարչապետին, որն իսկույն արձագանքել էր, կարգադրելով տրամադրել անհրաժեշտ գումարըՙ մոտ 15 հազար դոլար. «Բայց Արտաշես Էմինը մեզ հայտնեց, որ այդ ձեռագրերն արդեն վաճառել է: Սկզբում ասաց, թե վաճառել է մի կանադացու, հետո պարզվեց, որ գնորդը «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանն է», ասաց Լ.Հակոբյանը:

Չարենցագետ Դավիթ Գասպարյանը ձեռագրերի վաճառքը համարեց «ազգային արժեքների թալանի ձեւերից մեկը», միաժամանակ հայտնելով, որ անգլերեն հրատարակվող մի ամսագրում ինքը կարդացել է ամերիկացի հայագետ Ջեյմս Ռասելի «Չարենց մարգարե» հոդվածի վերաբերյալ տեղեկություն. «Այդ հոդվածում Ռասելը սեւով սպիտակի վրա գրել է, որ իր ձեռքին է Չարենցի անտիպ գործերի մի հավաքածու, որն իրեն է տրամադրել Արտաշես Էմինը: Ազգային արժեքների թալանն էլ ինչպե՞ս է լինում», ասաց Գասպարյանը:

Վերոնշյալ նյութը տպագրվելուց մեկ օր անց խմբագրություն զանգահարեց «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանըՙ անակնկալի եկած Լիլիթ Հակոբյանի հայտարարությունից: Խնդրեց հերքում տպագրել, որում մասնավորապես նշել էր. «Հայտնում եմ, որ Եղիշե Չարենցի ձեռագրերի գնորդը ես չեմ, ինչպես անտեղյակ բերանից հնչած խոսքը տպագրվել էր «Ազգի» մարտի 13-ի համարում: Ե. Չարենցի ձեռագրերով (խոսքը Գ. Էմինի մոտ հայտնված թղթապանակի մասին է) հետաքրքրվողները ցանկության դեպքում հեշտությամբ կարող են իմանալ, թե դրանք ում մոտ են գտնվում»: Հերքումից հետո Իսոյանն ինձ հրավիրեց Չարենցի ձեռագրերի մասին մանրամասն զրույցիՙ «Հայագիտակ» հրատարակչությունում: «Չարենցի ձեռագրերի խնդիրը բանասիրական խնդիր է եւ դժբախտ ճակատագրի: Շատ լուրջ, զուսպ ու չափավոր պետք է մոտենալ դրան, որովհետեւ այնտեղ կան մարդիկ, որոնց անձը վիրավորել, որակումներ տալ, մոլեգին խոսքեր ասել պետք չէ: Բոլորը գիտեն, որ Գեւորգ Էմինը եղել է Չարենցի աներձագիՙ Միքայել Կոդաբաշյանի մտերիմ ընկերը: Գաղտնիք չէ, որ Էմինի տանն ապրել է Չարենցի դուստրըՙ Արփենիկը: Տարիներ առաջ այդ ձեռագրերի մասին փորձել եմ զրուցել Գեւորգ Էմին հետ, սակայն նա միշտ խուսափել է: Ոմանք որակումներ են տալիս էմինի արարքին, բայց ես կարծում եմ, որ նա հերոսական գործ է արել, որովհետեւ պահել պահպանել, մեր օրերն է հասցրել ու հրատարակել «Դոֆինը նաիրական» շարքըՙ իր իսկ առաջաբանով: Ժամանակին շատերն են փորձել Էմինի հետ խոսել Չարենցի թղթապանակների մասին, բայց Էմինը միշտ մտածել է, որ դրանք խորհրդային ժամանակներում հրատարակելու բաներ չեն: Դրանց մեջ է վերջին տարիներին գրված էրոտիկ բանաստեղծությունների շարքը, որն իսկապես հրապարակելու բան չէ, այլ թանգարանային նմուշ: Պետք է խոստովանել, որ Արտաշես Էմինը սխալ վարվեց ձեռագրերի պատճենները Ռասելին տրամադրելով, որովհետեւ վաճառված թղթապանակում են այն բոլոր էրոտիկ բանաստեղծությունները, որոնց տեղը թանգարանն է, կամ չհրկիզվող պահարանը: Դրանք չի կարելի տարածել, բայց Ռասելը հրատարակեց անգլերեն առաջաբանով, ինչը սխալ էր», ասաց Իսոյանը:

Հետո պատմեց, որ Անահիտ Չարենցի հետ «Վերջին խոսք» ժողովածուն պատրաստելիս իրենց է մոտեցել մի չարենցասեր եւ ասել, որ ինքն ունի Չարենցի ձեռագրերի մի մեծ թղթապանակ: Այդ մարդն իրենց ցույց է տվել ոչ բնագրերը, այլ լուսապատճենները, որոնք թերթելուց հետո խնդրել են մի քանի բանաստեղծությունՙ հիշյալ ժողովածուն ավելի յուրօրինակ դարձնելու համար: «Լուսապատճեններից նկատելի էր, որ ոչ մի աղավաղում չկար, ձեռագրերը խունացած չէին: Պահպանության համար երախտապարտ ենք Էմինին: Անահիտը թերթեց ու տեսավ, որ մոտ 200 էջ է: Հարցրեցինք ձեռագրերի գինըՙ նա սարսափելի գումար ասաց: Դրանից հետո երկար բանակցեցի նրա հետ, այդ մասին տեղյակ պահելով Անահիտ Չարենցին ու Լիլիթ Հակոբյանին: Ինչպես նշել էինք «Վերջին խոսք» ժողովածուի մեջ, այդ անձնավորությունը մեզ խոստացել էր լուսապատճենները տրամադրել հրատարակելու, որպես նշյալ ժողովածուի շարունակություն: Բայց հետո ինձ հայտնի դարձավ, որ Լիլիթ Հակոբյանը եւ Անահիտ Չարենցը դիմել են կառավարությունՙ ձեռագրերn Արտաշես Էմինից գնելու խնդրանքով: Ես եւ Անահիտ Չարենցը ծանր խոսակցություն ունեցանք, քանի որ նրան ասել էին, թե ես ցանկանում եմ այդ ձեռագրերը հրատարակել առանց իր մասնակցության: Ես չարենցագետ չեմ, եւ իմ գործը եղել է հրատարակչի աշխատանքը: Առանց Անահիտ Չարենցի չէինք կարող հրատարակել, իսկ նա հավատացել էր, որ դրան ենք ձգտում: Դա բացառված էր, ուղղակի անհնար, որովհետեւ ինքը մնում է հոր ձեռագրերի լավագույն ընթերցողը: Երկար տարիներ զբաղվել է, անտիպ էջեր հավաքել ու հոտառությամբ զգում է բառի, նախադասության կառուցվածքը: Իմ վրա ծանր տպավորություն թողեց Լիլիթ Հակոբյանի հայտարարությունը, թե իբր ես եմ գնորդը: Ես չէի կարող դա անել, որովհետեւ «Հայագիտակն» այդքան գումար չունի: Մեր մտքի ծայրով անգամ չի անցել բնագրերը վերցնել ու պահել, մեր նպատակը միայն լուսապատճենները հրատարակելն էր: Չարենցի ժառանգությունն այնքան մեծ է, անափ, որ այդ ձեռագրերը չեն կարող խարխլել նրա մեծությունը, պարզապես պետք է լինել բարեխիղճ բանասեր, ճշգրիտ գիտնական, այլ ոչ թե տարածել հրապարակային լուրեր ու կեղծ չարենցասիրություն քարոզել: «Վերջին խոսք» գրքում մեր ընթերցողներին խոստացել էինք լույս ընծայել Չարենցի անտիպ էջերի ժողովածուն, սակայն ձեռագրերի շուրջ ստեղծված այս աղմուկից հետո այլեւս ցանկություն չունենք, որովհետեւ գործի փոխարեն թավալգլոր խոսակցություններ են հնչում Գեւորգ Էմինի ու նրա որդու հասցեին: Որակումներ են տալիս, իբր ազգային արժեքներ են թալանվում, վաճառվում, արտասահման ուղարկվում: Այդ բոլորը զրպարտություն է, ավելորդ խոսակցություններ են:

Իհարկե, Չարենցի ձեռագրերը պետք է հանձնվեն թանգարանին: Դրա համար ժամանակ է պետք, բոլոր ձեռագրերն ի վերջո կլինեն թանգարանում: Պետք չէ մոռանալ այն իրողությունը, որ ստալինյան ռեժիմի պայմաններում երիտասարդ բանաստեղծ Էմինը իր ձեռքի տակ պահել է Չարենցի ձեռագրերի թղթապանակը: Պետք է զգույշ քայլեր անել եւ հետեւանքների մասին մտածել: Չարենցի կյանքի վերջինՙ ծաղկաձորյան շրջանը դաժան է եղել նրա կյանքում եւ հոգեկան ծանր ապրումների մեջ գրչի խաղեր է արել, որոնք պետք չէ հրատարակել: Չարենցը գրել էՙ «եթե մեկն ու մեկի ձեռքն ընկնի, խնդրում եմ չտպագրել, այլ հանձնել թանգարանին», հավելում է Իսոյանը:

Չարենցի ձեռագրերը Արտաշես Էմինից գնելու եւ տուն-թանգարանին հանձնելու հարցով կառավարությունում անցած տարի հանձնարարվել էր զբաղվել կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանին: Ահա թե ինչ լսեցինք նրանից. «Մենք ձեռագրերը գնելու պատրաստակամություն հայտնեցինք, բայց հետո մեզ ասացին, որ Էմինը դրանք վաճառել է մի կանադացու: Արտաշես Էմինն ինձ ասաց, որ այդ ձեռագրերն իր սեփականությունն են եղել եւ ինքը վաճառել է, քանի որ հարազատներից մեկը հիվանդ էր եւ իրեն շտապ գումար էր անհրաժեշտ: Խոստացավ որոշ ժամանակ անց ասել գնորդի անունը, բայց հետո տեղեկացրեց, որ չի կարողանում նրան գտնել: Ալբերտ Իսոյանը մեզ ասաց, որ իրեն հայտնի է գնորդի ով լինելն ու նրա պահանջած գումարը, սակայն նա պատրաստ է ձեռագրերը վաճառել պետությանը միայն հրատարակելու իրավունքն իրեն տալու պայմանով:

Կարծում եմ, Չարենցի ժառանգների եւ այդ գործարքն անող մարդկանց փոխհարաբերությունները նորմալ չէին: Աղմուկ առաջացավ եւ ամեն ինչ այդպես մնաց, որովհետեւ եթե պետությունն է գնորդը, ուրեմն նա էլ պիտի հրատարակի, որեւէ մեկը չպետք է պահանջներ դնի պետության առջեւ: Փաստորեն գործարքն այս մակարդակով էլ մնաց: Որքան հիշում եմ, ձեռագրերի համար պահանջվող գումարը 35 - 40 հազար դոլարից նվազել ու դարձել էր 15 հազար: Դա 7- 8 ամիս առաջ էր, դրանից հետո դադարեցին այդ մասին մտահոգվել, որովհետեւ արդեն գիտեին, թե ձեռագրերն ում մոտ են: Այդ հարցն ուղղակի մնաց կենցաղային հիմքի վրա: Մենք ցանկանում էինք գումարը հայթայթել, բայց օդի մեջ խոսակցություններ սկսեցին եւ մենք չկամեցանք այդ ամենին խառնվել: Եթե Չարենցի հանդեպ լուրջ վերաբերմունք լիներ եւ այդ գործարքն առեւտրից վեր դասվեր, կարծում եմ, հարցը մեկ տարի առաջ լուծված կլիներ: «Վերջին խոսք» ժողովածուից հետո Իսոյանի եւ Անահիտ Չարենցի միջեւ տարաձայնություն եղավ, որից տուժեց երկրորդ գրքի ծնունդը»:

Չարենցի ձեռագրերի վաճառքի պատմության վերջնակետն, անշուշտ, Արտաշես Էմինի խոսքը պիտի լիներ: Ինձ հաջողվեց խոսել նաեւ նրա հետ ու ստանալ նրա գրավոր խոսքը.

«Ըստ իս մարդկությունը պայմանականորեն բաժանվում է ստեղծողների, ոչնչացնողների եւ մի երրորդ անդեմ զանգվածի, որն ընդունակ չէ ո՛չ մեկին, ոչ անգամ մյուսին:

Վերջինիս են պատկանում Եղիշե Չարենցիՙ ինձ մոտ գտնվող հիմնականում անտիպ ձեռագրերի պատճառով լրատվամիջոցներում աղմուկ բարձրացնողները:

Աղմուկը ներառում է.

ա) պնդում ազգային արժեքների թալանի եւ անվերադարձ կորստի մասին, ձեռագրերի մի մասը Ջեյմս Ռասելին վաճառելու, իսկ մյուսըՙ հայտնի չէ, թե ում:

բ) երկիմաստ ակնարկներ հիշյալ ձեռագրերը հորսՙ Գեւորգ Էմինի տիրապետության տակ հայտնվելու հանգամանքների վերաբերյալ:

Թե Չարենցի ձեռագրերն ինչ հանգամանքներում են հանձնվել հորս, ամեն ոք կարող էր տեղեկանալ, ընթերցելով վերջինիս «Մաշտոցից մինչեւ մեր օրերը» գրականագիտական հոդվածների եւ հուշերի ժողովածուն: Զլացողների համարՙ երկու խոսքով: Իր ողբերգական մահվանը նախորդող մոտ մեկ տարվա ընթացքում մեծն Չարենցը, չհաշված ընտանիքին, սերտորեն ու պարբերաբար շփվել է դեղնակտուց մի բանաստեղծի հետ, նրան պատմել իր հույզերի ու մտավախությունների մասին, մինչեւ անգամ իր դիտողությունները գրառել վերջինիս գրչափորձերի լուսանցքերում (տե՛ս պատճենը): Թե ինչով էր հղի ձեռագրերի պահպանումն առնվազն հաջորդ 2 տասնամյակների ընթացքում, գիտի խորհրդային կարգերին ծանոթ ամեն ոք: Արդեն իսկ ժողովրդի թշնամու դուստր Արփենիկին որբանոցից իր տուն տանելու ու պահելու համար Էմինին վտարել էին գրողների միությունից: Թե ինչու հայրս, բացի Աղասի Խանջյանին ձոնված «Դոֆինը Նաիրական» սոնետների պսակից, ( որը հրապարակվել էր խորհրդային ուշ տարիներին «Սովետական գրականություն» հանդեսում) իր կյանքի ընթացքում ուրիշ ոչ մի նյութ ասպարեզ չի բերել, կարելի է ենթադրել դեռեւս 1936-ին այդ թղթապանակն առանձնացնելիս Չարենցի կցած զգուշացումից (տե՛ս պատճենը)« Ազգ! Յեթե վորեւէ բերումով այս գրություններն ընկնեն հասկացող մեկի ձեռնՙ պահել խնամքով եւ միայն իմ մահից հետո հանձնել մեր թանգարանին: Վոչ մի դեպքում չըվոչնչացնել:

Լավ է հանձնել որ լինիՙ անգամ իմ կյանքի որով, իմանալով որ սրանք ինձ կըկործանեն - քան վոչընչացնել:

1936.19.XI Յերեւան, Չարենց»:

Այժմ մեղսագրվող ազգային արժեքների թալանի եւ կորստի մասին: Խոսքը վերաբերում է Եղիշե Չարենցի հիշյալ ստղծագործություններին, որոնք ես վաղուց արդեն լուսապատճեններով մատչելի եմ դարձրել մասամբ անվանի հայագետ Ռասելին, համացանցային «Բնագիր» հանդեսին, եւ ամբողջությամբՙ գրականության ինստիտուտին:

Իրավական անտառաճանաչության բերումով հեղինակային իրավունքի դրոշը թափահարող, սակայն ձեռագիր ու ստեղծագործություն հասկացությունները չզանազանող անդեմ զանգվածի ներկայացուցիչների համար ստիպված եմ մեջբերում անել ՀՀ Քաղաքացիական օրեսգրքի 1108 հոդվածից. «Մտավոր գործունեության արդյունքի նկատմամբ բացառիկ իրավունքը գոյություն ունի անկախ այն նյութական օբյեկտի նկատմամբ սեփականության իրավունքից, որում արտահայտված է նման արդյունք»: Ի դեպ, նույն օրենսգրքի 19-րդ հոդվածի ընձեռած չապացուցված արատավոր տեղեկություններից իրավական պաշտպանության հնարավորությանն առայժմ չեմ դիմում, փոխարենը ընթերցողի դատին առաջարկելով, ըստ իս, տրամաբանությունից ոչ զուրկ իմ մեկնաբանությունը: 2007 թ. սկզբին ընտանեկան առողջական ծայրահեղ անհրաժեշտությունից դրդված իսկապես դժվարին որոշում ընդունեցի լոնդոնաբնակ մի մեկենասի առաջարկելով ձեռք բերել թղթապանակըՙ իր կողմից գրականության եւ արվեստի թանգարանին նվիրաբերելու պայմանով: Վերջինս մերժեց, բայց ասաց, որ իր միջնորդությամբ կառավարությունը Չարենցի տուն-թանգարանին միջոցներ է հատկացրել, եւ իր մեկնելուց մեկ-երկու օր անց թանգարանի տնօրենությունն այդ հարցով կդիմի ինձ: Այստեղ տեղին է եւս մի մեջբերում «Ազգի» նախորդ հրապարակման մեջ բերված ուղիղ խոսքից. «Վարչապետը իսկույն կարգադրեց տրամադրել անհրաժեշտ գումարը, բայց Արտաշես Էմինը մեզ հայտնեց, որ այդ ձեռագրերն արդեն վաճառել է:

Ամենայն պատասխանատվությամբ հայտնում եմ, որ այս բարդ նախադասության երկու մասերի միջեւ 6 ամսվա ժամանակագրական խզվածք է քողարկվածՙ փետրվարից օգոստոս, եւ այդ ժամանակահատվածի ընթացքում, թեեւ սկզբում սպասում էի, բայց ոչ մի հաստատությունից որեւէ առաջարկ չեմ ստացել: Թե որտեղ, ի՞նչ ամերիկաներում եւ ինչպիսի՞ տոկոսադրույքներով է այդ միջոցում շրջանառվել անհրաժեշտ գումարը, մնում է միայն կռահել:

Ավելացնեմ, որ մեջբերման մեջ հիշատակվող ասուլիսային «մեզի» հետ ես, բարեբախտաբար, որեւէ շփում երբեւէ չեմ ունեցել, իսկ օգոստոսին առաջարկ ստացել եմ միանգամայն այլ աղբյուրից, որը մերժել եմ, քանի որ ասածս ծայրահեղ անհրաժեշտությունը վաղուց արդեն հաղթահարված էր այլ միջոցներով:

Թղթապանակն իր բոլոր ձեռագրերով մնում է իմ տիրապետության տակ, իսկ ապատեղեկացման պղտոր հոսքը, բացի իմ վերը առաջարկած վարկածից, թերեւս բացատրվում է մաղձի գերարտադրության բնածին արատով:

Իսկ հայրս վաղու՜ց արդեն դրան արձագանքել է.

Այս արեւի տակ

Ով - ինչ կարող է,

Այն է լոկ անում.-

Շունը հաչո՜ւմ է,

Քարվանը ՙ գնո՜ւմ...

Պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4