ՎԵՐԺԻՆԵ ՍՎԱԶԼՅԱՆ
Հայոց ցեղասպանությունից եւ նրան հաջորդող պատմական իրադարձություններից հետո Պատմական Հայաստանի եւ Կիլիկիայի հայ ազգաբնակչության զգալի մասը` ավելի քան 1,5 միլիոն բնաջնջվեց, իսկ հրաշքով փրկվածները սփռվեցին աշխարհի տարբեր երկրներ` հանապազօրյա ապրուստ հայթայթելու: Հետագայում նրանցից շատերը Սիրիայից, Լիբանանից եւ այլ երկրներից պարբերաբար հայրենադարձվել են Մայր Հայաստան եւ բնակություն հաստատել իրենց երբեմնի բնօրրանների հիշատակները հավերժացնող Նոր Կիլիկիա, Նոր Զեյթուն, Նոր Մարաշ, Նոր Այնթապ, Մուսա լեռ եւ այլ նորակառույց բնակավայրերում: Պատմական այդ իրադարձություններին ականատես-վկա, տարագիր կիլիկիացի հայրենադարձների ավագ սերնդի ներկայացուցիչներից դեռեւս 1955 թվականից` 50 տարիների ընթացքում, սկզբում մեր արեւմտահայի արյան կանչով եւ անձնական նախաձեռնությամբ, այնուհետեւ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի եւ ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հովանավորությամբ, գրի ենք առել, ձայնագրել, տեսագրել եւ ուսումնասիրել ընդհանուր առմամբ շուրջ 10.000 միավոր ժողովրդական բանահյուսության տարաբնույթ նյութեր, ինչպես նաեւ Հայոց ցեղասպանության ականատես վերապրողների հուշապատում-վկայություններ, պատմական դեպքերի ու դեմքերի վերաբերյալ փաստալի զրույցներ, պատմական տարաբնույթ երգեր ու վիպերգեր (հայերեն եւ թուրքալեզու), որոնք վերարտադրում են ինչպես Պատմական Հայաստանի, նույնպես եւ Հայկական Կիլիկիայի երբեմնի փառահեղ թագավորության անկումից հետո (1375 թ.) մինչեւ կիլիկիահայության պարպումը (1921 թ.) ընկած ժամանակաշրջանում Կիլիկիայի (Զեյթուն, Հաճըն, Այնթապ, Դյորթ Յօլ, Ադանա, Մերսին, Տարսոն եւ այլն) հայության ոչ միայն անցյալի նիստ ու կացը, այլեւ` թուրքական կառավարության կազմակերպած հարկահավաքը, զինահավաքը, զորահավաքը, տեղահանություններն ու կոտորածը, ինչպես նաեւ Կիլիկիայի խիզախ հայության արդար ու ազնիվ ոգորումները: Ժողովրդական այդ նյութերը` կից գիտական ուսումնասիրություններով ամփոփել եւ հրատարակել ենք մեր «Մուսա Լեռ» (1984 թ.), «Կիլիկիա. Արեւմտահայոց բանավոր ավանդությունը» (1994 թ.), ինչպես նաեւ «Հայոց ցեղասպանություն. Ականատես վերապրողների վկայություններ» (2000 թ.) եւ «Հայոց ցեղասպանությունը եւ ժողովրդի պատմական հիշողությունը» (2003 թ.) ստվար աշխատություններում:
Հայոց ցեղասպանության ականատես-վկաներն իրենց հուշերը եւ վիպական բանահյուսության նշխարները մեզ են հաղորդել հայերեն կամ Կիլիկիայի տարբեր բարբառներով, իսկ նրանց պատմական բնույթի երգերը հորինվել են ոչ միայն հայերեն, այլեւՙ թուրքերեն, քանի որ տակավին ենիչերիների ժամանակներից օսմանյան կայսրության որոշ գավառներում հայերեն խոսելն արգելված է եղել:
1453 թ. Կոստանդնուպոլսի անկումից հետո Հայկական Կիլիկիան նվաճեցին օսմանյան թուրքերը, իսկ 17-րդ դարի կեսից գրեթե ինքնագլուխ իշխեց ավշարական Ղոզան օղլու ցեղը: Զեյթունցիները, օգտվելով իրենց աշխարհագրական նպաստավոր դիրքից, բանուկ ճանապարհներից հեռու ընկած անառիկ լեռների ու ձորերի գրկում, վաղուց կիսանկախ կյանք էին վարում եւ միայն չնչին տուրք էին վճարում թուրքական կառավարությանը: Այդ հանգամանքն անհանդուրժելի էր Մարաշի փաշաներին եւ շրջակա մահմեդական ցեղապետերին, որոնք բազմիցս փորձում էին վերացնել Զեյթունի կիսանկախ վիճակը, բայց այդ նրանց չէր հաջողվում: Զեյթունցիները մշտապես պատրաստ էին հակահարված տալ թշնամուն, որպեսզի պաշտպանեն իրենց գոյությունն ու պատիվը: Ահա թե ինչ է ասել 94-ամյա զեյթունցի Կարապետ Թոզլյանը (ծնվ. 1903 թ.). «Էնոր համար մենք խաղի-պարի ետեւեն չէինք: Մենք մեր լեռներում երկաթի, բիրիտի հանքերեն զենք` թյուֆենգ-բարութ (փամփուշտ-վառոդ) շինելու ետեւեն էինք, որ մեր նամուսը թուրքին ձեռքը չանցնի: Էնոր համար ալ մեր երկիրը բոլուզ (տղա) որ ծնվեր` կըսեին. «Չախմախլու մըն ալ էվըլցով» (Մի հրացան բռնող եւս ավելացավ)... Մեր զեյթունցաքը բաբաիգիթ, քաջ մարդիկ էին: Մեր զեյթունցա մայրերն ալ իրենց բոլուզդոցը քաջ, անվախ կմեծցնեին: Օրորոցին վրա կերգեին.
Բոլուզս վողը կտրաճ մը գունա,
Կիտէնը փռէ լյաշը դուշմունա,
Այծոթ աբըրջօն թիֆօնգը բէջը`
Դալմըշ բիտ ինի դէօգիւշան մէչը»:
Որդիս վաղը կդառնա կտրիճ,
Թշնամու դիակը կփռե գետնին,
Արծաթ օղակով հրացանն ուսին`
Ինքնամոռաց նա պիտի կռվի»:
Մարդկային տարրական իրավունքների գիտակցությամբ, արժանապատվության եւ մեծահոգության ոգով դաստիարակված կիլիկիացիներին, անշուշտ, անհարիր էր օտարի լուծն ու բռնությունը: «...Օրին մեկը, - շարունակել է Կարապետ Թոզլյանը, - Ազիզ փաշան կելլա Մարաշեն, քառասուն հազար զորքով, ճանապարհին ալ շատ մը բաշիբոզուկներ հավաքելով, կուգա ... Զեյթուն քաղաքը, որ ան ալ ջնջի, կնիկ-աղջիկ տանի»: Այդ 1862 թ. զեյթունցիները ապստամբում են:
Այնուհետեւ հարձակվում է Աշիր փաշան, որին հանձնարարված էր պատժել ապստամբ զեյթունցիներին, սակայն գործին միջամտում է ֆրանսիական կառավարությունը, եւ զեյթունցիների խնդիրը իբր լուծվում է «խաղաղությամբ»:
Զեյթունցիները, չհաշտվելով ստեղծված իրավիճակին, կրկին զենքի են դիմում, քաղաքից վտարելով թուրք ոստիկանին, իրենց անկախ են հայտարարում: Օսմանեան կառավարությունը, ռազմական ուժեր կենտրոնացնելով, որոշում է ճնշել, բայց զեյթունցիները դարձյալ չեն ենթարկվում եւ հրաժարվում են հարկ վճարել: Պապիկ իշխանի գլխավորած ապստամբների դիմադրությունը շարունակվում է մինչեւ 1879 թ., երբ Բարձր Դուռն ստիպված բանակցությունններ է վարում Պապիկ իշխանի հետ` նրան ճանաչելով Զեյթունի քաղաքագլուխ.
Պապիկ իշխանն ասաց. Ո՛չ մեկին չեմ լսի,
Հալեպի մեծամեծների հրամանին չեմ ենթարկվի,
Հազարավոր ասքյար թե գա` տեղիցս չե՛մ շարժվի,
Չենք տա Զեյթունը, Ֆերիգ փաշա, ե՛տ դարձիր:
Զեյթունի 1895 թ. ապստամբությունը տեղի է ունեցել Սուլթանական Թուրքիայի կազմակերպած հայկական կոտորածների պայմաններում, երբ զեյթունցիները նորից դիմում են ինքնապաշտպանության: Եվ հյուսվել է ժողովրդական երգը.
Պեյտիս Չայը ձիձվիցօնք,
Իգոնք ղշլայնը գեխիցօնք,
Ասքեյնին եսիյ այոնք.
Միյ բայօխը դնգիցօնք:
Փաշան լսից` գադղիցօվ,
Իգիք Ջիյմօգ` պանագիցօվ,
Սանդօխը հիդվինուս ձիձվիցօվ.
Մաշջօ էղօվ` քիշվիցօվ:
Բերդիս Չայի մոտ կռվեցինք,
Եկանք զորանոցը գրավեցինք,
Ասկյարներին գերի վերցրինք.
Մեր դրոշակը պարզեցինք:
Փաշան լսեց` կատաղեց,
Եկավ Ջերմուկ` բանակեց,
Սանդուխ լեռան տակ կռվեց.
Խայտառակվեց` խույս տվեց:
Նման անձնվեր պայքարով ավելի քան երկու ամիս մի բուռ զեյթունցիներ, հերոսաբար կռվելով թուրքական բազմահազար զորքերի դեմ, ամեն զրկանք կրեցին, բայց թշնամու առաջ չխոնարհվեցին: Այնինչ 1894-1896 թթ. ընթացքում Արեւմտյան Հայաստանում եւ Անատոլիայի հայաբնակ գավառներում սուլթան Համիդի կազմակերպած զանգվածային կոտորածներին, զոհ դարցավ շոււրջ 300 հազար հայ:
Սուլթան Աբդուլ Համիդի իշխանության տապալումից եւ 1908 թ. Սահմանադրության ընդունումից հետո, կառավարության գլուխն անցած երիտթուրքերի Ittihat ve Terakki («Միություն եւ առաջադիմություն») կուսակցությունը, որդեգրելով համիդյան ջարդարար քաղաքականությունը եւ դավանելով պանթուրքական ու պանիսլամական գաղափարախոսությունը, ձգտում էր ոչ միայն պահպանել օսմանյան կայսրությունը, այլեւՙ բռնությամբ ոչնչացնել կամ ձուլելՙ թուրքացնել հայերին եւ քրիստոնյա մյուս հպատակ ժողովուրդներին, ստեղծել համաթուրանական-համաիսլամական համընդհանուր տերությունՙ Միջերկրական ծովի շրջակայքից մինչեւ Ալթայան երկրամաս:
Պատմաքաղաքական այդ պայմաններում է կազմակերպվել «Կիլիկիայի գիշերը»` 1909 թ., որը Կիլիկիայի հայության հիշողության մեջ մնացել է որպես «Ղըյմա (մսաղաց) Ադանա»:
Պատմաքաղաքական այդ իրադարձությունների անմիջական տպավորությունների տակ է հորինվել նաեւ արտահայտչական խորությամբ ու պատկերավորությամբ հագեցած թուրքալեզու ժողովրդական հետեւյալ երգը.
Ադանայի կամուրջը փայտյա է, փայտյա,
Հայ գաղթականները կգան այս շաբաթ,
Ադանա գետըՙ արյուն ու դիակ,
Հավաքե՛ք դիակները. կհոտի Ադանան.
Ահա քեզ եկա, ջարդվա՜ծ Ադանա,
Ավա՜ղ ձեզ տեսա, մանուկնե՜ր մորթված:
Ադանայի կոտորածին զոհ դարձավ շուրջ 30 հազար հայ: Ավերվեցին եւ հրկիզվեցին տասնյակ հայաբնակ քաղաքներ ու գյուղեր: Այնինչ Դյորտ Յոլը, Հաճընը, Սիսը, Զեյթունը, Շեյխ Մուրադը, Ֆընդըջագը եւ հայկական մի շարք բնակավայրեր, իրենց հերոսական ինքնապաշտպանությամբ կասեցրին տասնյակ հազարավոր թուրքերի հարձակումը եւ փրկվեցին կոտորածից:
Ըստ էության, այդ Մեծ եղեռնի սկիզբն էր, երբ երիտթուրքերը տենդորեն նախապատրաստվում էին հիմնովին բնաջնջել հայ ժողովրդինՙ սպասելով հարմար առիթի: Այդ առիթն ստեղծվեց, երբ բռնկվեց Առաջին համաշխարհային պատերազմը: Թուրքիան պատերազմի մեջ մտավ զավթողական նպատակներով եւ հայերի բնաջնջումն իրականացնելու իր հրեշային ծրագրով:
Հայերի բնաջնջումն իրականացվում էր եւ՛ տեղերում եւ թե՛ աքսորավայրերումՙ Միջագետքի անծայրածիր անապատներում, հատկապես Ռաքքայում, Հավրանում, Ռաս ուլ Այնում, Մեսքենեում, Սուրուճում, Մարկատեում, Դեյր էլ Զորում եւ այլուր:
Դեյր էլ Զորի անապատը դարձել էր Հայոց ցեղասպանության կենդանի գերեզմանոցը, քանի որ օսմանցի զինվորական պետերը դարձել էին «մսագործ».
Դեր Զոր կոչվածն էր մի մեծ տեղավայր,
Մորթված հայերին էլ հաշիվ չկար,
Օսմանցի պետերը մսագործ դարձան,
Հավատի համար մեռնող հայեր:
Սակայն ողբերգական այդ օրերին կիլիկիահայերի հոգում վերազարթնեց դարերի խորքից ժառանգաբար արյան հետ եկող «Մահ իմացեալը» ստրուկ կյանքից նախընտրելու եւ բռնությանը միահամուռ ուժով դիմադրելու հերոսացման իր խիզախ ոգին:
Մուսա լեռան հերոսամարտի մասնակից, 106¬ամյա Մովսես Փանոսյանը (ծնվ. 1885 թ.) իրեն հատուկ երիտասարդական ավյունով մեզ է պատմել այդ դեպքերըՙ վերհիշելով մուսալեռցիների երդումը. «Իս հուս ձննուձ իմ. հու՛ս ալէ բըր միռնիմ, իս չը՛մ ուրթօ եասսէր քիմը դուշմանէն եամրէն վըրքը չարչարանքում միռնիլ. թվունքը ծառիս գը միռնէմ եաս դիղը, թաքա մուհաջըր չը՛մ ըննօ» («Ես այստեղ եմ ծնվել, այստե՛ղ էլ պիտ մեռնեմ, ես չե՛մ գնա ստրուկի պես թշնամու հրամանի տակ չարչարանքով մեռնելու. հրացանը ձեռքիս կմեռնեմ այստեղ, բայց գաղթական չե՛մ դառնա»):
Բողոքի ու վրեժխնդրության զգացումը համակում է բոլորին: Այր ու կին, մանուկ ու ծեր, թողնելով իրենց տունն ու այգին, բարձրանում են Մուսա լեռան անմատչելի գագաթըՙ պաշտպանելու իրենց պատիվն ու արժանապատվությունը, կռվով դիմադրելու թշնամու բազմահազար զորքերին: 53 օր համառ մարտեր են մղվում: Այդ ընթացքում Քըզըլջայի, Քուզջըղազի, Դամլաջըքի եւ Քափլան¬Դուզաղի բարձունքներում չորս լուրջ ճակատամարտ է տեղի ունենում: Ըստ այդմ էլ հյուսվել է ժողովրդական պատմական խրոխտ վիպերգը.
Մենք մուսալեռցի քաջ կտրիճներ ենք,
Բոլորս ալ վարժ զենք կրողներ ենք,
Թուրքը մեզ կուզե տեղահան անել,
Անապատներում մեզ բնաջնջել:
...Լեռնցի ենք մենքՙ բոլորս ալ քաջ,
Մենք չենք խոնարհվի թշնամու առաջ,
Առյուծի նման կկռվենք քաջ-քաջ,
Ցիր ու ցան կանենք բանակը տաճկաց...
Սեպտեմբերի 5-ին Միջերկրական ծովի խորքով անցնող ֆրանսիական «Կիշեն» մարտանավը նկատում եւ դանդաղեցնում է ընթացքը: Մետաղյա արկղը վզին, մեջը օտար լեզվով գրված խնդրագրով, ծովն է նետվում Մովսես Գըրըգյանը: Նա լողալով հասնում է նավին, երեսը խաչակնքելով նավապետին է ներկայացնում նամակը: Սեպտեմբերի 14-ին ֆրանսիական «Ժաննա դ,Արկ» շոգենավը, անգլիական ռազմանավերի ուղեկցությամբ մոտենում է Մուսա լեռան եւ վերցնելով ավելի քան 4.200 մուսալեռցիների, փոխադրում է Պորտ Սայիդ, որտեղ նրանք պատսպարվում են բրեզենտյա վրանների տակ:
Վերապրողներն իրենց մանկության հուշերը պատմելիս դեռ հիշում են, թե ինչպես իրենք անապատի հրաշեկ ավազների վրա իրենց մատներով գրել են սովորել մեսրոպյան տառերը, մինչեւ որ մի քանի վրանների տակ սկսել է գործել Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հիմնադրած Սիսվան վարժարանըՙ կից հիվանդանոցով ու որբանոցով:
Ազատության համար մարտնչած դյուցազնական մուսալեռցիներն իրենց սխրանքը գեղարվեստորեն արտահայտել են հետեւյալ ժողովրդական դյուցազներգությամբ.
Մենք յոթը գյուղով սարը բարձրացանք,
Թշնամու առաջ չխոնարհվեցանք,
Քառասուն օրում մենք շատ զոհ տվինք,
Հայոց պատիվը բարձր պահեցինք:
Հա՜յ, մուսալեռցիք, ջա՜ն, մուսալեռցիք,
Հայոց պատիվը բարձր պահեցինք:
Մուսա լեռան հերոսամարտն աշխարհը ցնցեց: Այն ցույց տվեց մարդկությանը, թե ինչի է ընդունակ մի բուռ ժողովուրդ, եթե ունի հերոսական ավանդույթներ եւ միասնական կամքի ուժ:
Ուստի մուսալեռցիները` Պորտ Սայիդից, ուրիշները` թուրքական բանակից, աքսորի ճամփաներից ու տարբեր վայրերից, նույնիսկ հեռավոր Ամերիկայից ժամանած հայ երիտասարդները (մուսալեռցի, այնթապցի, մարաշցի, քեսաբցի, հաճընցի, հուսենիկցի, չնգուշցի, սեբաստացի, խարբերդցի, արաբկիրցի եւ այլն) զինվորագրվում են ֆրանսիական բանակինՙ ստեղծելով Արեւելյան (Հայկական) լեգեոնը: Հայ կամավորներն իրենց միլիոնավոր անմեղ նահատակ հարազատների վրեժով լցված, արհամարհելով մահը, պարտության են մատնում թուրք¬գերմանական զորքերինՙ նվաճելով Արարայի փայլուն հաղթանակը Նաբլուսիՙ Պաղեստինի մոտ: Պատմական այդ իրադարձությունները եւս իրենց գեղարվեստական արտացոլումն են գտել ժողովրդական թուրքալեզու երգերի մեջ.
Մեկիկ-մեկիկ հաշվեցի չորս տարին,
Հայ կամավորները Նաբլուսը գրավեցին.
Հայերը հազար հինգ հարյուր հոգի էին.
Անգլիացին, ֆրանսիացին ապշեցին:
Պատերազմից հետո կնքված Սեւրի պայմանագրով Կիլիկիայի վրա հաստատվելու էր Անտանտի երկրների հսկողությունը, եւ թուրքական զորքերն իբր արդեն դուրս էին բերվելու Կիլիկիայից: Դեյր էլ Զորի, Ռաս ուլ Այնի եւ այլ կենդանի գերեզմանոցներից հրաշքով փրկված, ուժասպառ, հյուծված եւ ունեզրկված հայ աքսորականները աստիճանաբար գալիս, տեղավորվում էին Կիլիկիայում: Նրանք, ապագայի նկատմամբ վառ հույսով ու հավատքով, սկսում են վերականգնել ավերվածը, մշակել խոպանացած այգիները: Սակայն թուրքերին հաջողվում է լեզու գտնել դաշնակից տերությունների հետ եւ ստիպել ֆրանսիացիներինՙ իրենց խաղաղապահ զորքերը դուրս բերել Կիլիկիայից:
Ֆրանսիական զինվորական ղեկավարները ոչ միայն լուրջ միջոցներ չեն ձեռնարկում հայերի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ, այլեւ տեղերում իշխանությունը թողնում են թուրք զինվորական պաշտոնյաների ձեռքին եւ գիշերով գաղտնի հեռանում են, իսկ թուրքերը չեն զինաթափվում:
Չճանաչելով Սեւրի պայմանագիրը եւ օգտվելով ֆրանսիական զինվորական վարչության անվճռականությունից եւ թուլությունիցՙ թուրքական զորքերն ու տեղի չեթեներն իրենց զենքն ուղղում են Կիլիկիայի հայության դեմ:
1920 թ. հունվարից թուրքական զորքերը գրոհում են Կիլիկիայի հայկական բնակավայրերը: 22 օր տեւող կատաղի մարտերում Մարաշ քաղաքի հայերը կոտորվում են ու մոխրացվում:
Եվ հյուսվել է ժողովրդական եղերերգը.
Ավա՜ղ, Մարաշին Մարաշ են ասում,
Մարա՜շ, քեզ ինչպե՞ս են Մարաշ ասում,
Երբ քո մեջ եկեղեցի են հրկիզում,
Եկեղեցու մեջՙ հայեր մոխրացնում:
1920 թ. ապրիլի 1-ին թուրքերը պաշարում են Այնթապը: Պատմական այդ իրադարձությունների մասին այնթապցի Գեւորգ Հեքիմյանը (ծնվ. 1937 թ.) ներշնչանքով է մեզ պատմել իր մորից լսածները. «1920 թ. Ալի Քըլընջն ահռելի զորքով հարձակվեց Այնթապի վրա: Այնթապի ինքնապաշտպանության ղեկավարն էր Ադուր Լեւոնյանը: Ան այնթապցիներու կերակուրի պղինձներն անգամ հալեցնել տվավ, որ բոմբաներ շինեն: Ան իր կամավորներով հարձակվեցավ թշնամու վրա եւ դուրս եկավ պաշարումեն: Ալի Քըլընջի 24.000-ի հասնող զորքը մեկ գիշերվա մեջ սարսափահար ետ փախավՙ «Գյավուրըն գէօզիւնիւ քան դօլդու» (Հայու աչքն արյուն լցվեց) գոռալով, որը կնշանակեՙ հայերը վրեժով լցվեցին: Մեր Այնթապում Ադուր Լեւոնյանի վրա այս երգը հանել էին.
Ադու՜ր փաշա, ոտքի՛ ելիր,
Մարխիդ կրակը վառի՛ր,
Թուրքերը գրոհում ենՙ
Կամավորնե՜ր,* արշավե՛ք»:
Այնթապի հայերը կազմակերպում են ինքնապաշտպանությունը: Ստեղծվում է շուրջ 750 հոգուց բաղկացած զորախումբ: Անհավասար այդ կռիվը, որոշ ընդհատումներով շարունակվում է...
Այդ ընթացքում Կիլիկիայի գրավման ընդհանուր հրամանատար Գողան օղլու Դողան բեյն իր բազմահազար զորքով պաշարում է Հաճըն քաղաքը: Սակայն հաճընցիները լի էին վճռականությամբ: Փորում են խրամատներ, մարտական տրամադրությունը համակում է բոլորին: Ամենուրեք հնչում են ազատատենչ երգեր.
Հառա՛ջ, հառա՛ջ, հաճընցինե՜ր,
Մեր ոխերիմ թուրքն է եկել,
Հառա՛ջ, կռվե՛նքՙ ի զե՜ն, ի զե՜ն.
Տեսնենք թշնամին ի՞նչ կուզե:
Ութամսյա երկարատեւ ու համառ դիմադրությունից հետո թուրքերին հաջողվում է հրետանու խաչաձեւ կրակոցների հեղեղով ավերել ու հրկիզել նաեւ Հաճընի քարաշեն տները: Հարյուրավոր քաջարի մարտիկներ ընկնում են դիրքերում, հազարավոր հաճընցիներ անխնա կոտորվում են: Միայն երեք հարյուր ութսուն հոգու հաջողվում է կռվելով ճեղքել թշնամու պաշարման շղթան եւ դուրս գալ ահավոր հրդեհի շրջապատումից.
Երեք հարյուր հայ քաջերով,
Բոլոր զինված մոսիններով,
Դողան բեյին մենք ջարդ տալով,
Հաճըն ինկավՙ «Վրե՜ժ» գոռալով:
«Վրե՜ժ» գոռալով ընկնում են նաեւ ընդհատումներով երեք հարյուր տասնչորս օր հերոսաբար դիմադրած Այնթապը, հինավուրց քաղաքամայր Սիսը, պատմական անցյալ ունեցող Տարսոնը, առեւտրի կենտրոն Ադանան եւ հայերով բնակեցված Կիլիկիայի այլեւայլ բնակավայրեր: Ֆրանսիական կառավարությունը, դրժելով իր դաշնակցային պարտավորությունները, 1921 թ. հոկտեմբերի 20-ին, Անկարայում կնքված պայմանագրով, Կիլիկիան հանձնում է թուրքերինՙ կոտորածի վտանգի մատնելով Կիլիկիայի հայությանը:
Իսկ արծվաբույն Զեյթունը, որի 30 հազար կայտառ ու շեն բնակիչներից միայն 1058 էր Հայոց ցեղասպանությունից մազապուրծ վերադարձել ու հազիվ սկսել էր վերականգնել ավերվածն ու հրկիզվածը, այդ զեյթունցիներից շատերը, ազգային հերոս Արամ Չոլաքյանի գլխավորությամբ հինգ հարյուրի հասնող, այր ու կին քաջերի այդ հսկա խումբը Տավրոսի անանցանելի լեռներում, զենքը ձեռքին, գիշեր¬ցերեկ կռվելով, ահ ու սարսափի են մատնում շրջակա թուրք գյուղերը եւ թեպետ հետապնդվում են ասկյարներից, սակայն, անասելի դժվարություններ հաղթահարելով, մինչեւ զինադադարը շարունակում են մարտնչել թուրքական զորքերի դեմՙ հույս ունենալով փրկել իրենց նախնիների օրրան, երբեմնի շենշող Կիլիկիան:
Թեպետ թուրքական կառավարությունը դաժանորեն ընկճում էր տարբեր վայրերում ծայր առած դիմադրողական¬ինքնապաշտպանական հերոսամարտերը, սակայն իրենց մարդկային տարրական իրավունքների եւ ազգի ֆիզիկական գոյության համար մարտնչող անձնուրաց հայ հերոսները փայլուն հետք թողեցին հայ ժողովրդի ազգային¬ազատագրական պայքարի պատմության մեջ:
Եվ թեպետ անտուն ու անհայրենիք մնացած արեւմտահայ հայրենադարձները, վերաբնակվելով Երեւանի շրջակայքում, սկսում են հիմնադրել իրենց պատմական հայրենիքի հիշատակները խորհրդանշող ավաններ ու թաղամասեր, սակայն երբեմնի ավերակված տան, հանգած օջախի մրմուռը շարունակում է մխալ նրանց հիշողության մեջ ու կորցրած Երկրի երազանքը հոգու կանչ դարձածՙ Նահապետ Ռուսինյանի բանաստեղծության ժողովրդականացած պահանջատիրական նոր տարբերակը երգի տեսքով ավանդվում է սերնդից սերունդ.
Երբ որ բացվին դռներն հույսի,
Եվ մենք Երկիր դառնանք կրկին,
Չքնաղ երկիր մեր Ռուբինյանց,
Որ բռնությամբ առին մեզնից:
Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան.
Օդըՙ մաքուր, ջուրըՙ զուլալ,
Ցանկամ տեսնել իմ Կիլիկիան.
Վանքեր, բերդեր հոնտեղ շա՜տ կան:
Երբ որ լուծվի Հայոց Հարցը,
Եվ մեզ տրվի նախնյաց հողը,
Մենք կվարենք մեր արտերը,
Կշենացնենք մեր գյուղերը:
Ցանկամ տեսնել Սասուն ու Վան,
Զեյթուն, Հաճըն եւ Մուսա Դաղ,
Տարսոն, Մարաշ, Սիս ու Այնթապ,
Կծաղկացնենք մենք անպայման:
Նկար 1. Մուսա լեռան հերոսամարտի մասնակիցները