ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-03-22 | #7, 2008-04-12 | #8, 2008-04-26


ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՆԻԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԻՆ

«Արմինյն միրոր սփեքթեյթր» թերթից թարգմանաբար ներկայացվող այս հոդվածը տպագրվել է առաջին անգամ «Բալկան Թրավելըրզ» (Balkan Travelers) հանդեսի փետրվարյան համարում: Հոդվածի հեղինակն է Ալբենա Շկոդրովան:

Մենք անցնում ենք Օչաքլիիցՙ հայ-թուրքական սահմանի վերջին գյուղից: Հայկական առասպելական մայրաքաղաք Անին, որը 9-րդ դարի վերջին իր շքեղությամբ գերազանցում էր Կոստանդնուպոլսին, Կահիրեին եւ Բաղդադին, մի փոքր այն կողմ պետք է որ լինի: Պատմագիրները նրան «1001 եկեղեցիների քաղաք» են անվանել: Նրա կենտրոնում կանգնած է եղել Ստամբուլի Այա Սոֆիայի կրկնօրինակը:

Առայժմ, սակայն, մեր ճանապարհին ոչ մի բան այդ մեծության մասին չի խոսում: Մենք շարժվում ենք Թուրքիայի գուցե ամենահետամնաց գյուղական վայրերովՙ հսկայական անապատանման տարածքներովՙ իրենց նախնադարյան հյուղակներով: Թվում է, թե մենակ ենք ամբողջ ճանապարհին:

Օչաքլին կարծես ոչխարներով բնակեցված լինի: Տեսնում ենք, թե ինչպես են մեզ ապշած նայում ցածր պատնեշի ետեւից: Հետո մեկըՙ միակը այդ վայրում, պատին հենված, սիգարեթ ծխելիս նկատում է մեզ: Դանդաղեցնում ենք մեր քայլերը, ցանկանալով վստահ լինել, որ ճիշտ ուղու վրա ենք: Պարզվում է ֆրանսերեն գիտի: «Փարիզում եմ ապրում, Ռենո գործարանում եմ աշխատում: Եկել եմ ծնողներիս տեսնելու», ասում է նա: Այս անգամ ավելի քիչ ենք զարմանում, քան առաջին անգամ, երբ մոտ 120 մղոն առաջ թուրքական շալվարով եւ գլխաշորով մի կնոջ հանդիպեցինք, որն սկսեց մեզ հետ անգլերեն խոսելՙ կալիֆոռնիական ակցենտով:

Այսքանս էինք երեւի այդ օրը: Աշխարհի այդ ամենաքիչ ճանաչված, բայց զբոսաշրջիկների համար ամենահետաքրքրական վայրը հանդիսացող Անին հավանաբար մեկ մղոն այն կողմում է : Նրան մոտենում ենք «Մետաքսե ճանապարհով»: Եթե Մարկո Պոլոն չի խաբում, ուրեմն մեր մեքենայի անիվները անցնում են հենց իր ձիու սմբակների թողած հետքերի վրայով:

Այսօր քաղաքական եւ աշխարհագրական պատճառներով դժվար կամ անկարելի է վերականգնել նրա անցած ճանապարհը: Դժվարություններից մեկը հենց մեր առջեւում է: Այն կամուրջը, որով նա անցել էր, քարուքանդ է եղել դարեր առաջ:

Անին արդեն յոթ դար է, ինչ ավերակների է վերածված: Առաջին համաշխարհային պատերազմից հետո հին քաղաքի մնացորդները քաղաքական լարվածության գոտու մաս կազմեցին: Երեք հակամարտություններ (Խորհրդային Միության, Հայաստանի եւ քուրդ անջատողականների հետ) պատճառ դարձան, որ Քեմալական Թուրքիան զբոսաշրջության խիստ սահմանափակումներ դնի այդ վայրի վրա: Ոչ ոքի թույլ չէր տրվում այցելել: Սովետներն էլ իրենց հերթին 700 մետրանոց «անվտանգության գոտի» հռչակեցին սահմանի վրա:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո որոշ չափով փոխվեց դրությունը: Դեռ մի տարի առաջ ավելի դժվար էր հայկական այս հին մայրաքաղաքը թափանցել, քան անցնել Քենեդիի անվան օդակայանի միգրացիոն մաքսատնից: Զբոսաշրջիկներին թույլատրում էին ավերակ պատերից ներս թափանցել միայն Կարսում թուրքական բյուրուկրատիայի հարվածներին դիմանալուց հետո: Նրանք 3 տարբեր գրասենյակներից անցագրեր էին պահանջում դրա համար: Իսկ մուտքի մոտ էլ զբոսաշրջիկները պարտավոր էին անվտանգության աշխատողներին հանձնել իրենց անձնագրերը եւ լուսանկարչական ապարատները: Թյուրիմացաբար կամ սխալմամբ լուսանկարողները պարտավոր էին բացատրագիր գրել, թե ինչու նրանք սահմանն էլ էին «ներառել» նկարում:

Մենք ավելի բախտավոր ենք: Նման արգելքները վերացել են: Մուտքի տոմսերն էլ վաճառվում են հենց մուտքի մոտ: Բեղավոր անձնավորությունից բացի շրջակայքում ոչ ոք չկա: Մտնում ենք ներս կարմիր քարաշեն պատերի արանքով, որոնք պաշտպանել են քաղաք-ամրոցը: Ապա փնտրում, գտնում ենք «Առյուծի դարպասը», որը 200 մետր այն կողմում է: Բարձրադիր լավ պահպանված կամար է, որի միջով քամին արագորեն փչում է, կարծես ներսի տաք օդը փորձում է փախչել:

Կարողանում ենք հաղթահարել Անիի ամրաշինությունների ոչ ավանդական տեսքը դիտելու հիասթափությունը: Մեր առաջ բացվում է տափաստանային գերարդիական մի տեսարանՙ այս ու այն կողմ սփռված հուշահամալիրի կտորտանքներով: Ձախ կողմում տեսնում ենք կիսաքանդ եկեղեցու մնացորդները, ետեւումՙ ավերված աշտարակի մի մասը:

Հազար տարի առաջ Հայկական թագավորության (որն իր մեջ ներառում էր ներկա Հայաստանը, Իրանի եւ Արեւելյան Թուրքիայի որոշ մասեր) մայրաքաղաքը աշխույժ մետրոպոլիս էր, առեւտրական գործունեությանց կենտրոն: Նրա 1001 եկեղեցիները տեխնոլոգիական եւ ճարտարապետական առումներով ժամանակի ավանգարդիստական շինություններն էին: Նրա գեղեցկությունն ու հարստությունը գրավում էր մարդկանց եւ 10-րդ դարի ավարտին նրա բնակչությունը հասել էր 100 հազարի:

Աշոտ Գ-ի կողմից մայրաքաղաք հռչակված Անին իր փառքի գագաթնակետին հասավ Բագրատունիների շրջանում, որոնք իրենց հռչակեցին Սողոմոն եւ Դավիթ թավագորների հետնորդներ: Նրանց ամենածաղկուն շրջանը Գագիկ Ա-ի թագավորության (989-1020) տարիներն էին:

1045-ին քաղաքը ընկավ բյուզանդական լծի տակ եւ միայն 20 տարի անց գրավվեց սելջուկ-թուրքերի կողմից: Օսմանյան կայսրության հիմնադիրները մոտ մեկ դար պայքարում էին վրացիների դեմ Անիի իշխանության համար: Դա վերջ գտավ 1239-ին, երբ մոնղոլները արշավեցին եւ տիրացան քաղաքին: 1319 թվականի ավերիչ երկրաշարժից հետո նրանք ջանքեր չգործադրեցին վերականգնելու քաղաքըՙ ըստ երեւույթին այնքան էլ կարեւորություն չտալով քաղաքային կյանքի անհրաժեշտությանը: Վերջին հարվածը հասցրեց քոչվորական ցեղերի մեծագույն առաջնորդ Լենկ Թեմուրը, որի մասին մի շարք արեւմտյան հեղինակներ (Քրիստոֆեր Մառլոու, Էդգար Պո) գրել են: Անին սրբվեց աշխարհի երեսից:

14-րդ դարից հետո Անիի ավերակներն անհայտ մնացին մարդկությանը: Նոր երկրաշարժերը, պատերազմները, սիրողական պեղումները, էթնիկական զտումի բարբարոսական փորձերն ու նաեւ սովորական անտարբերությունն իրենց դրոշմը թողեցին եւ ավարտին հասցրեցին մնացած մի բուռ ավերակների քայքայման գործը:

«Ինչպիսի՞ն է Անին: Կան բաներ, որ ինչքան էլ փորձես, չես կարող նկարագրել», գրել է Կոնստանտին Պաուստովսկին 1923-ին:

Այժմ միայն մի քանի կիսավեր հատվածներ են մնացել նախկինում հրաշագեղ ամրոց-քաղաքից: Մենք անցնում ենք այդ ավերակների միջով, փոշոտ արահետներով:

Հայկական ճարտարապետությունը քաղաքակրթության մեծագույն առեղծվածներից մեկն է: Ունի իր ուրույն տեսքը, բայց միաժամանակ, եւ սա ավելի կարեւոր է, հիմքն է եվրոպական միջնադարյան մի երեւույթի, որ «գոթական ոճ» անունով է ծանոթ մարդկությանը: Համաձայն Յոզեֆ Ստրիժիգովսկու, որն այդ մասին գրել է 20-րդ դարի սկզբներին, հայ ճարտարագետներն առաջինն էին, որ քառակուսի տարածքի վրա կլոր գմբեթ տեղադրելու տեխնոլոգիան զարգացրին: Նրանք դա երկու ձեւով էին անում: Կամ քառակուսի տարածքը եռանկյունու էին վերածում, կամ էլ ութանկյուն հենարաններ կառուցում գմբեթը պահելու համար: Նրանց ճարտարապետական հանճարը ծնունդ տվեց զարմանալիորեն գեղեցիկ կառույցների:

Մենք դանդաղ հասնում ենք առաջին կառույցինՙ Փրկչի եկեղեցուն եւ հայտնաբերում վերոնշյալ ավստրիացի պատմաբանի ուսումնասիրությունների վայրը:

Ճակատամասի արձանագրությունները վկայում են, որ եկեղեցու կառուցումը հանձնարարել է 1035-ին, արքայազն Աբլղարիբ Պահլավունին: Նա նպատակ է ունեցել այնտեղ ի պահ դնել Կոստանդնուպոլսից բերված Քրիստոսի խաչի մի կտորը, մինչեւ Փրկչի երկրորդ գալուստը: Եկեղեցին հրաշքով կանգուն է մնացել մինչեւ 20-րդ դար: 1957-ին արեւելյան մասը փուլ է եկել ուժեղ կայծակից, իսկ մնացած մասերը մեծապես տուժել են 1989-ի երկրաշարժից: Մասնագետների կարծիքով առկա է ամբողջովին քանդվելու վտանգը: Ներկայիս ինչ-որ մեկը քարի կտորներով ծածկել է եկեղեցու մուտքը: Ամբողջ տեսարանը կարծես բեմական դեկորացիա լինի. մի կողմում ամբողջական ճակատային մասն է եկեղեցու, մյուսումՙ կիսատ պատերը:

Մոտ 50 մետր այն կողմ հասնում ենք Արփաչայ գետի կիրճը: Հայկական կողմին երկու երկրները բաժանող այս գետը ծանոթ է Ախուրյան անունով: Երկու կողմերումՙ ժայռերի մեջ կառուցված հին բնակավայրեր են, որոնց առաջացման պատմությունը մինչեւ օրս վիճելի խնդիր է պատմաբանների համար:

Մայր տաճարը թվում էՙանվթար է մնացած, սակայն ուշադիր զննումը ցույց է տալիս, որ գմբեթը չկա: Մեր գլխավերեւում բաց երկինքն է: Մեր ձայներից ցնցված հարյուրավոր աղավնիներ օդ են բարձրանում: Տաճարը երեք մուտք ունի, հյուսիսայինըՙ պատրիարքի համար, հարավայինըՙ թագավորի, իսկ արեւմտյանըՙ հասարակ ժողովրդի համար: Սա Անիի կարեւորագույն շինությունն է նախագծված հայ անվանի ճարտարապետ Տրդատ Մենդետի (Անեցի) կողմից: Գմբեթը ընկել է 1319-ի երկրաշարժի ժամանակ: Ներկայիս արեւմտյան ճակատն է փլուզման ենթակա: Պատերին գրառումներ ենք նկատում (Վովոչկա+Լենա=սեր) հավանաբար թուրք եւ ռուս զբոսաշրջիկների թողածը: Կան նաեւ հայերեն գրություններ:

Տրդատ Մենդետը երեւի տառապել է մեծադիր կառույցների մոլուցքով: Մայր տաճարից հետո նա ձեռնամուխ է եղել կես մղոն հեռավորության վրա կառուցելու Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Սրա գմբեթն էլ երկար չի դիմացել: Բայց այս եկեղեցին որմնանկարներով ամենահարուստն է: Այստեղ են գտնվում 10-12-րդ դդ. բազմաթիվ նկարներ, որոնց առկայությունը թուրքերին մղել է այն կոչելու «Ռեսիմլի Քիլիսե», այսինքնՙ «նկարներով եկեղեցին»:

Առաջ գնալով հասնում ենք կարմրաքար «Մենուչեր մզկիթին», որի շուրջ կարծիքները տարաբնույթ են: Թուրքերը պնդում են, որ այն կառուցել են Շադդադյան իշխանավորները (մասնավորապեսՙ առաջին էմիրը), իսկ հայերըՙ թե Բագրատունիները: Դժվար է ասելՙ որ կողմն է ճիշտ, բայց հստակ է մի բան. ավերակները խոսում են զմայլանքի արժանի ճարտարապետության մասին: Անիի տաճարին բնորոշ կարմիր եւ սեւ քարերի համադրությունը այստեղ միահյուսվում է նաեւ սպիտակի հետ, իսկ 6 կանգուն մնացած գմբեթներն ունեն իրարից տարբեր զարդաքանդակներ, որոնք հիշեցնում են սելջուկներին բնորոշ առանձնահատկություններ: Նույնիսկ կիսավեր վիճակում մզկիթն օգտագործում էին տեղացի մահմեդականները մինչեւ 1906 թիվը: Դեպի ամրոցը զառիվեր բարձրանալիսՙ հանկարծ նկատեցինք, որ արահետը, որով քայլում էինք, ծածկված չէր մանրախճերով: Դրանք ավելի շուտ խեցեգործական նախշերից պոկված փոքրիկ կտորներ էին: Մի քանիսին ձեռք տվեցի եւ նկատեցի ինչպես զարդանկարների մասնիկներ, այնպես էլ գունավոր փայլքը դրանց: Այդ կտորտանքներն այնտեղ հասած կարող էին լինել որեւէ տեղից, հարուստ վաճառականների տան ամանեղենից, լոգարանի սալիկներից, եկեղեցիների ոսկեզօծ ներքին պատերից կամ մեկի հաղթանակն ավետող հուշաքարից:

Այդ վայրկյանից սկսում եմ ճնշվածություն զգալ: Չեմ կարողանում ձերբազատվել այն մտքից, որ մարդկանց հոգիների մնացորդների վրայով ենք անցնում ու կոխկռտում: Արագիլի նման զգույշ քայլերով բարձրանում եմ դեպի դարպասները, մտածելով, որ այնտեղ ավելի շատ բան կարող եմ հայտնաբերել, քան հաստափոր պատմության գրքերում:

Ինչպես Տրոյայի ավերակներում, այնպես էլ այս վայրում բավական չէ սոսկ նայելը կամ դիտելը: Դու պետք է նաեւ երեւակայես, «փնտրես ու գտնես անցած-գնացած ժամանակը», ինչպես կռանալով հուշում է մեզ թուրք առաջնորդը, նկատելով, որ դուրս ենք գալիս Առյուծի դարպասից:

Կարսը Ստամբուլից մոտ 1500 կմ հեռավորության վրա է գտնվում, արեւելյան մասում եւ Անի գնալու լավագույն միջոցը, եթե սեփական մեքենա չունես, տաքսի վարձելն է: Բայց պետք է վստահ լինես, որ տաքսու վարորդը ճիշտ է հասկացել եւ սպասելու է մոտ 3.5-4 ժամՙ քեզ հետ տանելու համար, այլապես ստիպված կլինես գիշերն աստղերի ընկերակցությամբ անցկացնել: Ամռանը այստեղ տաքությունը հասնում է մինչեւ 36 աստիճանի, իսկ ձմռանըՙ ցուրտը կարող է մինչեւ -42 իջնել:

Անին, ինչպես 150 կմ դեպի հարավ գտնվող Արարատ լեռը, հայ ժողովրդի խորհրդանիշներից մեկն է: 2001-ին Քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առթիվ Հայաստանի կառավարությունը Երեւանում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցեց, որի քարերը խորհրդանշականորեն բերվեցին Անիից: Խորհրդանշանակորեն, քանի որ բերվեցին դրան այնքան մոտիկ վայրերից, որքան հնարավոր էր: Այդ նպատակով Մարկո Պոլոյի կամրջից քիչ այն կողմ մի հսկայական քարհանք շահագործման հանձնվեց, որի մոտ կանգնած «Կամազ» բեռնատարներն ու բազմաթիվ կռունկները գերարդիականություն բերեցին ընդհանուր տեսարանին: Իսկ դրանց բարձրացրած աղմուկը քամու թեւերով հասնում էր այստեղՙ հին հայկական մայրաքաղաքը, որն այժմ գտնվում է թուրքական տարածքում:

Թարգմ.ՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԻ


Նկար 1. Անիի Մայր տաճարը, X դար

Նկար 2. Անիի ավերակներ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4