ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2008-03-22 | #7, 2008-04-12 | #8, 2008-04-26


ԳՐՔԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆ

Հայաստանում այսօրվա գրահրատարակչական ոլորտը տպագիր գրքի քանակային առատությամբ երբեք այսպես աչքի չի ընկել. ամենաբազմազան բնույթի եւ որակի գրականությունՙ ուղղված հասարակական տարբեր շերտերի: Ոլորտի մասնագետները, սակայն, դրանց մեջ արձանագրում են արժեքային փոքր հատված: «Ազգ. Մշակույթ-Հավելվածը» բացում է «Գրքերի տեսություն» խորագիրը, որի ներքո կներկայացվեն թե՛ պոլիգրաֆիկական կատարման, թե՛ բովանդակային առումով, մեր կարծիքով, արժեք ներկայացնող վերջին շրջանի տպագրություններ:

Ժիլ Կուրտմանշ. «Մի կիրակի Կիգալիում ջրավազանի մոտ»

Երեւան, «Գիտանք» հրատ., 2007, 208 էջ:

Այս վեպը «XXI դարի արձակ» մատենաշարի երրորդ գիրքն է: Մատենաշարով թարգմանվում եւ լույս են տեսնում միայն արտասահմանյան ժամանակակից հայտնի գրողների 2000 թվականից հետո լույս տեսած ստեղծագործությունները: Կանադացի ժամանակակակից գրողի վեպը պատմում է աշխարհին հայտնի երրորդ ցեղասպանության մասին. 1994-ին Աֆրիկայում` Ռուանդայում երկրի բնակչության մեծամասնությունը կազմող հուտուները սպանդի ենթարկեցին մոտ մեկ միլիոն տուտսիների: Ժ. Կուրտմանշը վեպում հիշատակում է հրեական Հոլոքոսթը, սակայն լռում է հայկական Եղեռնի մասին. այդ լռությունը չենք վերագրում նրա անտեղյակությանը(վեպի թարգմանիչը նրան նամակ է ուղարկել` հիշեցնելու համար հայկական Եղեռնի մասին, սակայն Կուրտմանշն այդ նամակին եւս լռությամբ է պատասխանել): Վեպի իրադարձությունների առանցքում կանադացի լրագրողի եւ տուտսի կնոջ սիրո ողբերգական պատմությունն է: Կերպարներն իրական են, եւ չնայած այդ ամենին, վեպը փաստագրական չէ: Կուրտմանշը հաճախ իջնում է սահմռկեցնող նատուրալիզմի աստիճանի, բայց այդ նատուրալիզմն անգամ գեղարվեստական ամենաբարձր դրսեւորումների մեջ է: «Մի կիրակի Կիգալիում ջրավազանի մոտ» վեպը կարելի է համեմատել միայն Ալբեր Քամյուի «Ժանտախտի» հետ եւ անշուշտ Ջոզեֆ Քոնրադի «Խավարի սիրտը» վիպակի հետ միասին Աֆրիկայի մասին գրված սակավաթիվ գեղարվեստական լավագույն ստեղծագործություններից է: Վեպի հերոսները վարակված են ձիահով, նրանք գիտեն, որ իրենց սպասվում է անխուսափելի բնաջնջումը, բայց շարունակում են ապրել սեռական խրախճանքների մեջ` ուրախ, որ կարող են մահանալ սպանդից առաջ, քանի որ «քնքուշ» մահը գերադասում են սպանդից: Այս վեպն անհատի մահվան դատապարտվածության մասին է, որ Քամյուի «Ժանտախտի» պես տարածվում է որպես հասարակության դատապարտվածություն:

Վեպը մեծ արձագանք է ստացել աշխարհում, կանադական մամուլն այն անվանել է «Տարվա գիրք», թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, հիմք է ծառայել գեղարվեստական կինոնկարի համար, արժանացել է մի քանի գրական մրցանակների:

Էմիլ Դյուրկհայմ. «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները»

Երեւան, «Սարգիս Խաչենց», 2006, 200 էջ:

«Սոցիոլոգիական մեթոդի կանոնները» ֆրանսիական սոցիոլոգիական դպրոցի հիմնադիր Էմիլ Դյուրկհայմի մեթոդաբանական կարեւորագույն աշխատությունն է, որն իրավամբ համարվում է սոցիալական գիտության մանիֆեստն ու գլուխգործոցը:

Է. Դյուրկհայմը սոցիալական փաստը սահմանում է որպես վարքի եւ մտածողության այնպիսի տիպ, որը դուրս է անհատական գիտակցությունից եւ ունի հարկադրական ազդեցություն անհատական գիտակցությունների հանդեպ: Որպես անհատական հարկադրանքի այդպիսի օրինակ Է. Դյուրկհայմը խոսում է այն մեխանիզմների մասին, որոնք բազմամարդ հավաքների ժամանակ ազդում են անհատական գիտակցության վրա: Ազդում են նույնիսկ այն ժամանակ, երբ դրանք հակառակ են մարդու բնույթին, թեեւ հաճախ մարդն ամբողջապես համակված դրանցովՙ չի զգում դրանց գործադրած ճնշումը: Սոցիալական փաստերը պետք է դիտվեն որպես իրեր` այսինքն պետք է ընդունել նրանց օբյեկտիվությունը. սա սոցիալական փաստերի դիտարկման հիմնական կանոնն է: «Երբ սոցիոլոգը ձեռնամուխ է լինում սոցիալական փաստերի որեւէ կարգի ուսումնասիրությանը, պետք է ձգտի դրանք դիտարկել այն կողմից, որտեղից որ դրանք ներկայանում են իրենց անհատական դրսեւորումներից անջատ»: Իր առաջադրած մեթոդի կանոնները Է. Դյուրկհայմը հաջողությամբ կիրառել է «Ինքնասպանություն» աշխատության մեջ` ինքնասպանությունը դիտարկելով որպես սոցիալական իրողություն` խուսափելով հոգեբանական վերլուծությունից եւ փիլիսոփայական իմաստավորումներից:

Սփյուռքահայ դասական պատմվածք

ԵՊՀ հրատարակչություն, 2007, 400 էջ:

Այս ժողովածուն սփյուռքահայ պատմվածքի ընտրանի կազմելու երկրորդ փորձն է «Ուսանողի գրադարան» մատենաշարով լույս տեսած «Սփյուռքահայ պատմվածք» երկհատորյակից հետո:

Ընդգրկված են սփյուռքահայ պատմվածքի լավագույն վարպետները` Հակոբ Օշական, Հակոբ Մնձուրի, Համաստեղ, Կոստան Զարյան, Շահան Շահնուր, Հակոբ Կարապենց:

Գրքում առաջին անգամ հայաստանյան ընթերցողին են ներկայացվում նաեւ գործեր, որոնք տպագրվել են միայն սփյուռքի մամուլում: Կոստան Զարյանի պատմվածքներն առհասարակ առաջին անգամ են ներկայանում հայաստանյան ընթերցողին:

Ուշագրավ է, որ ժողովածուն կազմողը (կազմել, ծանոթագրել եւ գրողների կենսագրական-բնութագրականները գրել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆ. Արծրուն Ավագյանը), ելնելով այն հանգամանքից, որ այն ուղղված է արեւելահայ ընթերցողին, ներկայացվող գործերը նպատակահարմար է գտել տպագրել արեւելահայ լեզվի ներկա ուղղագրությամբ:

Էմիլ Սիորան. «Ծնված լինելու անհարմարության մասին»

Երեւան, 2008, «Ինքնագիր գրական ակումբ», 300 էջ:

Ազգությամբ ռումինացի (գրքերի մեծ մասը ֆրանսերեն են) Էմիլ Սիորանը XX դարի երկրորդ կեսի մտածողություն է բերում XIX դարի «կյանքի փիլիսոփայության»` մասնավորապես Նիցշեի եւ Շոպենհաուերի փիլիսոփայության որոշ ավանդույթներ. Սիորանին եւս հատուկ են Նիցշեի նիհիլիզմը, Շոպենհաուերի հոռետեսությունն ու մռայլությունը, Սիորանը եւս խուսափում է փիլիսոփայական համակարգերից: «Արիստոտել, Թովմա Աքվինացի, Հեգել. մտքի երեք ստրկացնողներ: Բռնակալության ամենավատ ձեւը համակարգն է. փիլիսոփայության մեջ եւ ամեն ինչում»: Ինչպես գրքի առաջաբանի հեղինակ Մարկ Նշանյանն է նկատում` նրա ոճին բնութագրական է Նիցշեի հատվածական գրելաձեւը. Նիցշեի նման գաղափարներ է շարում, աֆորիզմներ է հրամցնում. փիլիսոփայում է մուրճի հարվածներով: («Աֆորի՞զմը. կրակ է առանց բոցի: Հասկանում ես, թե ինչու ոչ ոք չի ուզում տաքանալ նրա կողքին»: Էմիլ Սիորան): Երբեմն Սիորանը մտածում է զգացողություններով, քանի որ կեղծ զգացողություն չկա: Հաճախ նրա խորհրդածություններն անմիջականորեն շարունակում են Նիցշեի փիլիսոփայության որոշ թեմաներ. մասնավորապես Աստծո հուսահատ հերքումը: Նիցշեն հայտարարում էր Աստծո մահը, Սիորանի կարծիքով` եկեղեցին եւ աստվածաբանությունը երկարաձգել են Աստծո հոգեվարքը: Այս գրքի աֆորիզմները հարվածներ են տեղում առ կեցություն, Ոչինչ, Աստված, մարդ եւ հասարակություն: «Ծնված լինելու անհարմարության մասին» գիրքը չգոյության յուրօրինակ գովք է:

Լիլիթ Սիմոնյան. Տոմարային ծիսաշար

Հատոր առաջին. Տոմար. Նոր Տարի, Սուրբ Ծնունդ

Երեւան, «ՎՄՎ-Պրինտ» հրատ., 2006, 294 էջ:

«Տոմարային ծիսաշար» մատենաշարի առաջին հատորը Նոր Տարվա եւ Սուրբ Ծնունդի ծեսերի խորհրդանշական վերլուծություն է: Ինչպես գերմարդկային, այսինքն մարդկային վերահսկողությունից դուրս ամեն մի երեւույթ ժամանակը դարձել է պաշտամունքի առարկա, որի հետ հաղորդակցվել են ծեսի, առասպելի, մոգության, խորհրդանշական լեզվի այլ միջոցներով, անցել են հազարամյակներ, մարդը սովորել է իրեն ծառայեցնել ժամանակը, ստեղծել ժամանակի չափման միավորներ եւ սարքեր, բայց դեռ շարունակում է տոմարային ծեսերի միջոցով պաշտել Ժամանակ աստվածությանը: Ծեսերն իրենցից ներկայացնում են խորհրդանիշների մի լեզու, որի խորքում թաքնված իրական իմաստը ժամանակակից մարդուց արդեն հեռացել է անհասկանալի լինելու աստիճան: Ծիսական արարողությունները ժամանակակից մարդու համար դարձել են անգիտակից գործողություններ, սակայն այդ ամենն ունի առասպելական ժամանակներում թաքնված իր իմաստը: Երաժշտագետ-ֆոլկլորագետ, հոգեբան Լիլիթ Սիմոնյանի գիրքն այդ ամենի հիմնավոր-գիտական բացահայտում- վերլուծությունն է. այս գրքի նպատակը ժամանակակից մարդուն ծեսի, տոմարային խորհրդանշական տեքստի բովանդակությունը հասկանալի դարձնելն է: Գրքի վերջում կցված են նոտագրված նմուշների եւ բանաստեղծական տեքստերի ժողովածուներ, վերլուծություններն ուղեկցվում են հետաքրքրական պատկերներով: Ընդ որում այս ծանրակշիռ աշխատությունն ունի շարադրման գիտական հստակ մեթոդ եւ հիմնված է ֆոլկլորագիտական, հոգեբանական, ազգագրական, մշակութաբանական լուրջ ուսումնասիրությունների վրա:

Գագիկ Մանասյան. «Խորհրդանշանների հանրագիտարան»

Երեւան, 2007, «Նշանակ հրատ.», 344 էջ:

Հանրագիտարանային հոդվածները համակարգված են ըստ խորհրդակարգերի. գրքում ներկայացված են երկրաչափական, կենդանիների, թռչունների, բույսերի եւ քարերի առավել հայտնի ավելի քան 1000 խորհրդանշան: Ուսումնասիրված է մշակութաբանական, կրոնական, վերլուծական հոգեբանության եւ այլ բնագավառների հսկայական գրականություն: Հանրագիտարանային հոդվածները համեմատական մեթոդով են գրված. քանի որ նույն սիմվոլը տարբեր ժողովուրդների մոտ տարբեր բովանդակություն կարող է ունենալ: Որպես երկրաչափական խորհրդանշնաններ վերլուծության են ենթարկված ոչ միայն երկրաչափական պատկերները` շրջանագիծը, քառակուսին, եռանկյունին եւ այլն, այլեւ դրանց ամենատարբեր համակցություններով ստեղծված (յանտրա, ձկան փուչիկ, վեցանիստ աստղ եւ այլն), դրանք որպես ձեւ կիրառած եւ այդ ձեւին սիմվոլիկ բովանդակություն հաղորդած խորհրդանշանները (Ուրոբորոս` օղակաձեւ օձ, որը կծում է իր պոչը, մոգական քառակուսի, ին-յան` Հեռավոր Արեւելքում եւ Կենտրոնական Ասիայում արական (Յան) եւ իգական (Ին) սկզբները խորհրդանշող շրջանագիծ): Այս խորհրդակարգում են նաեւ ճարտարապետական որոշ կառույցներ, որոնց մեջ կիրառված է երկրաչափական համաչափությունը, երկրաչափական պատկերամտածողության սկզբունքները (բուրգ, լաբիրինթոս, գմբեթ): Հանգամանորեն վերլուծության են ենթարկված խաչի տարբեր տեսակները: Յուրաքանչյուր խորհրդակարգ, այսինքն գրքի յուրաքանչյուր բաժին ունի իր ծանոթագրող հոդվածը` գիտահանրամատչելի վերլուծությունը, քանի որ խորհրդանշանի ըմբռնումը պահանջում է որոշակի գիտելիք եւ իմացություն:

Գիրքը հրատարակվել է պետպատվերով, պատկերազարդ է, տպագրությունը` բարձրորակ:


Նկար 1. Ժիլ Կուրտմանշ. «Մի կիրակի Կիգալիում ջրավազանի մոտ»

Նկար 2. Էմիլ Դյուրկհայմ. «Սոցիոլոգիական մեթոդի կանոնները»

Նկար 3. Սփյուռքահայ դասական պատմվածք

Նկար 4. Էմիլ Սիորան. «Ծնված լինելու անհարմարության մասին»

Նկար 5. Լիլիթ Սիմոնյան. Տոմարային ծիսաշար

Նկար 6. Գագիկ Մանասյան. «Խորհրդանշանների հանրագիտարան»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4