ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-04-26 | #9, 2008-05-10 | #10, 2008-05-24


ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ-ՎԵՐԱԴԱՐՁ

ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Մոտ մեկ դարով են իրարից բաժանվում ստորեւ նկարագրվող իրադարձությունները, որոնք բարիկադի երկու կողմերում են տեղաբաշխել հակառակ ուժերիՙ անբաղդատելի թե՛ անցած ճանապարհով, թե դավանանքով, թե՛ մշակույթով, թե՛ ավանդներով: Սա եղել է, կա ու կլինի հնամենի հայտնի տիրոջ եւ նորելուկ անհայտ հավակնորդի միջեւ ճակատագրական բախում հանուն հողի եւ ապրելու իրավունքի եզերքում, որն ունի հազարավոր վավերացումներ հօգուտ առաջինի եւ գրեթե ոչինչ ի նպաստ երկրորդի:

Դեռ խորհուրդների օրոք ձեռքս ընկավ «Շուշի եւ շուշեցիներ» գրքույկը հեղինակությամբ ազերի կամ, ինչպես հիշատակվում է հին փաստաթղթերում, կովկասյան թաթարների ցեղին պատկանյալ ոմն Խան Շուշինսկու, որտեղ թվարկվում են յուրային ամեն կարգի հերոսներ, անվանիներ ու հրաշագործներ, սակայն չի բերվում որեւէ հայ անուն, չի պատմվում դեպք, ռազմական ու ստեղծագործական որեւէ սխրանքՙ արարված ձեռամբ ու մտոք հայի: Ճիշտ այս սկզբունքով էր կառուցված նաեւ ադրբեջանցիների պատրաստած եւ Մոսկվայի Կենտրոնական հեռուստատեսությամբ սփռված հաղորդումըՙ այս անգամ կիրառյալ ողջ Ղարաբաղի նկատմամբ: Ովքե՞ր են հայերը, չկան այդպիսիք Ղարաբաղում...

«էրմենի միլլեթի»ՙ խորունկ հետքերը ջնջելու քարայրային քաղաքականության ամենաանխիղճ, բարբարոսական երեւակմանը մենք ականատես ենք նաեւ լուսավորյալ քսանմեկերորդ դարում: Բոլորովին վերջերս ազերիները հողին հավասարեցրին մարդկային եւ քրիստոնեական քաղաքակրթության փայլուն նմուշներից մեըՙ Ջուղայի հայոց նրբակերտ խաչքարերի անտառ-գերեզմանոցը: Հոշոտեցին, տեղը հրաձգարան սարքեցին եւ մինչ հիմա մնում են անպատիժ...

Ով ասես եւ ինչ ասես կուլ չի գնացել այս վայրիվերո վերաբերմունքին: Եղել են հուժկու հակահարվածներ, կան ու լինելու են: Ես որոշեցի դրա անհամար ապացույցներից առանձնացնել մեկը, մի թանկ անունՙ հետապնդելով երկու նպատակ. հավաստել հայի բազմաշնորհ մշտաներկայությունը Ղարաբաղում, մասնավորապես Շուշիում, եւ, ամենագլխավորը, ահազանգելՙ Արցախի ժողովրդագրական տագնապալի վիճակը շտկելու այլ միջոց չկա, քան հայի գերակշռող, վերարտադրվող ներկայությունը մեր հինավուրց նախնիների, մեր պապերի, մեր հայրերի օրհնյալ հողում:

Գործող անձինք.

Որպես գլխավոր, որպես անցյալի, այսօրվա եւ վաղվա վարքակերպի խորհրդանիշՙ

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ, քանդակագործ, ծնվել է 1881-ին Շուշիում, վախճանվել 1948-ին Փարիզում:

Մեր օրերում նրա օրինակին իմացյալ, գուցե եւ ինքնուրույնաբար հանգածՙ

ԱՐՏԱՇԵՍ ՂԱՀՐԻՅԱՆ, ծնվել է 1937-ին Արցախում, գրող, արձակագիր, սովորել, ապրել եւ աշխատել է Երեւանում: Հիմա բնակվում է ծննդավայրում, Հադրութի շրջանի Մեծ Թաղլար գյուղում:


Մի քանի անհրաժեշտ տեղեկություն Գյուրջյանի հարուստ, բեղմնավոր, ոգեշունչ, ազգաշունչ, աշխարհաշունչ կյանքից.

«Նա ծնված էր Ղարաբաղում եւ մնաց ղարաբաղցի մինչեւ վերջին րոպեն: Սիրում էր երազել բնության ծոցում... սիրում էր արեւելյան փիլիսոփայություններ, պատմություններ եւ հեքիաթներ, սիրում էր հողը եւ բուսականությունը եւ նրանց մեջ գտնում մի աննման գեղեցկություն: Իր երիտասարդությանը Շուշիում նա մասնակցում էր Կարա-Մուրզայի խմբերին, ուր երգում էր սոլո: Շուշեցիները նրան ծափահարել են Խանդամիրյանների դահլիճում, երբ նա խաղում էր մեր անմահ Պարոնյանի «Ազգային ջոջերում»: Քանիցս նա առաջնորդել է պարեր: Քանիցս տիկին Սիրանույշը, հայ մեծ արտիստ, ասել է. « Հակոբ, հայերենդ կաղում է (նկատի է առնվել ղարաբաղցուն դժվար տրվող արեւմտահայերենը-Ռ. Հ.):... Նա ամեն անգամ կպատասխաներ. « Լեզվիս աղքատության փոխարեն ունիմ սրտի եւ զգացմունքի հարստություն »:

Այս տողերը, որ տպագրվել են Նյու Յորքի «Հայաստանի կոչնակ» հայատառ թերթում 1949-ի ապրիլին եւ պատկանում են Հակոբ Գյուրջյանի վաղեմի բարեկամ բժիշկ Ս. Մելիք-Փարսադանյանին, ամենեւին չեն գրվել նրա համար, որ հերքեն ինչ-որ «խաների», այլ պարզապես ներկայացնեն հայերի մշակութային բարձր կազմակերպվածությունը Շուշիում, նրանց, բազմակողմ ու բազմաբովանդակ հոգեւոր կյանքը, ապագա քանդակագործի շռնդալից մասնակցությունը նրան, նրա շենշող խառնվածքը: Իրավ, շնորհիվ հայերի խելամիտ նախաձեռնությունների, Շուշին դեռ միջնադարից եղել է Անդրկովկասի առեւտրա-արդյունաբերական եւ մշակութային ճանաչված կենտրոն:

Մեծահռչակ Հովհ. Աբելյանն օգնության ձեռք է մեկնել շուշիաբնակ այլազգիներին: Հայ դերասանների գերակշիռ եւ ադրբեջանցիների մասնակցությամբ առաջին անգամ 1904-ին ադրբեջաներեն են բեմադրել Շեքսպիրի «Օթելլոն»: Շատ են շուշիածնունդ այսպիսի անվանիները, Հակոբ Գյուրջյանըՙ նրանց շարքում: Փառաբանական խոսքեր որոնելու փոխարեն դիմենք վավերագրություններինՙ

ԳՈՒՍՏԱՎ ԿԱՆՆ, «ԲՈԶԱՐ», ՓԱՐԻԶ.-«Ինքնատիպության ձգտող ամեն մի արվեստագետ, եթե նա ուզում է ապացուցել, որ ընդունակ է կերտելու դասական մնայուն գործ, նախ պետք է կարողանա ստեղծել այնպիսի քանդակներ, ինչպիսիք են «Լեդան», «Սալոմեն», «Նստած կինը», որոնք օժտված են ճկուն գծերով եւ բխում են մի գողտրիկ ներհայեցողությունից... Հայ լինելով, Գյուրջյանը սերում է ԱՐԻԱԿԱՆ ՀՆԱԳՈՒՅՆ ճյուղից, ծանոթ է արեւելյան արվեստի շքեղությանը եւ խոնարհվում է նրա առաջ»:

ՄՈՐԻՍ ՖԵՈՅՅԵ-«ՖԻԳԱՐՈ ԱՐՏԻՍՏԻՔ», ՓԱՐԻԶ.-«Գյուրջյանը ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆ Է ՎԵՐԱԾՆՆԴԻ արվեստագետների: Մարդ սքանչանում է դիտելով նրա մի շարք նորամուծություններ, որոնք, կարելի է ասել, որ գունավորում են քարը»:

ԴԻԵՊՈ ՍԻՍՈ, «ԹԱՆ», ՓԱՐԻԶ.-«Գյուրջյանի քանդակներն ի հայտ են բերում ՆՈՐԱՍԵՐ եւ ՀԱՆԴՈՒԳՆ մի որոնողի: Գորկու կիսանդրու անհաշտ իրապաշտությունից նա անցել է Տոլստոյի քանդակի քնարական իրապաշտությանը: Այդտեղից նա ճանապարհվում է դեպի զարդարվեստական մեկնաբանությունները, ուր մարմինների շարժումն է փառաբանվում առանց վնասելու նրանց ծավալներին»:

ԴԵՆԻ ՌՈՇ, «ՌԵՆԵՍԱՆՍ» պատկերասրահի կատալոգ. «Պարոն Գյուրջյանի գործը գրավել է ամբողջ ԱՇԽԱՐՀԻ ՍԻՐՏՆ իր ճշմարտապատում ներշնչանքով: Որպես քանդակագործ նա ձեւավորվել է ֆրանսիայում, բայց միայն իր կրթությամբ է պարտական մեր երկրին: Թվում է, թե մեկն է արեւելյան ԾԱԳՈՒՄՈՎ ԱՆՏԻԿ քանդակագործներից, որոնք պետք է որ ծնված լինեին Հունաստանիՙ վաղնջական կապերով Ասիայի եւ Եգիպտոսի արվեստագետների հետ կապված արվեստանոցներում»:

***

Աշխարհը կրկին վերաբաժանելու կամքով եկավ դժնի ժամը, առաջին Աշխարհամարտը: Ժամ, որի հակահայ ավերմունքը Գյուրջյանի սուր աչքն ու խորաթափանց միտքը կռահեցին անմիջապես: Մենք ունենք դրա փաստացի վկայությունը.

ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ, նամակ ոմն Նինայի, Փարիզից Լոնդոն, 1914 թ, հուլիս.

«Թանկագին Նինա,

Ես ու Սմբատը որոշեցինք Ձեզ հեռագիր ուղարկել: Ինչո՞ւ: Ահա պատճառը:

Թուրքիան վճռել է պատերազմ հայտարարել Ռուսաստանին եւ զորազանգվածներ է ուղարկել Կովկասի սահմանները: Կասկած չկա, որ Թուրքիան կմտնի պատերազմ:...Ի՞նչ դիրք կբռնեն Կովկասի թաթարներըՙ...Հավանաբար նրանք կանցնեն Թուրքիայի կողմը եւ Կովկասում կրկին կոտորածներ կսարքեն:

Ֆրանսիայում բոլոր երիտասարդներին զորակոչել են: Փարիզ շատ վիրավորներ են բերել եւ մենք զբաղվում ենք նրանց խնամքով: Բայց այդ բանն առանց մեզ էլ կանեն: Իսկ Կովկասում մենք անհամեմատ մեծ օգնություն կարող ենք ցույց տալ: Անհրաժեշտության դեպքում կպաշտպանենք մերոնց: Պատերազմը երկար կտեւի եւ իր հետ կբերի մի շարք բարդություններ ու փոփոխություններ: Աններելի կլիներ այդքան երկար ժամանակ անտարբեր մնալ դեպի մերձավորների ճակատագիրը, որոնց գլխին կախված է մահացու վտանգ: Հենց դա էլ մեզ իրավունք է տալիս եւ պարտադրում մեկնելու անմիջապես, առանց վայրկյան կորցնելու: Սմբատը նույնպես որոշել է թողնել ծառայությունը, որը նրան մեծ ապագա է խոստանում եւ անել ամեն ինչ, որ օգտակար լինի այնտեղ... Մեր հայրենիքի շահերը մեզ համար շատ ավելի թանկ են, քան մեր ծառայության եւ կարիերայի շահերը:

Բայց մի բան խանգարում է մեզ ի կատար ածել մեր ազնիվ մտադրությունը... Եվ ահա մենք դիմում ենք ձեզՙ բոլոր Ավակովներին, Մելիքովներին, Համբարձումովներին, Հակոբովներին, Կովկասի բոլոր հայերին, որոնք այդտեղ, Լոնդոնում են, խնդրելով գումար հանգանակել մինչեւ Մոսկվա մեր ճանապարհածախսը հոգալու համար: Մոսկվայում ես լրացուցիչ միջոցներ կհայթայթեմ, եթե դրանք պակասեն: Ամեն ինչ թողնում եւ մեկնում ենք Կովկասՙ օգնության հասնելու մերոնց: Կարծում եմ, որ դուք կաջակցեք այդպիսի բախտորոշ մի գործի: Միեւնույն է, ինչ էլ լինի, օգնություն ցույց տաք, թեՙ չէ, մենք կգնանք: Վաղը չէ մյուս օրը ես անհրաժեշտ թղթերով մեկնում եմ Բորդո: Սմբատը կսպասի Փարիզում այս նամակի պատասխանը ստանալու, որն անպայման ուղարկեք հեռագրով:

Ի վիճակի՞ եք հավաքելու այդ դրամը: Եթե այո, կանցնենք Լոնդոն փողը վերցնելու եւ ձեզ հրաժեշտ տալու գուցե վերջին անգամ...

Անկեղծՙ Ձեր Հակոբ»

***

Խոսքին եւ երդմանը տեր մարդ էր Հակոբը: Նրա կյանքը լի է ամենաանսպասելի եւ աներեւակայելի դեպքերով: Նրա ուղին հատվել է Շիրվանզադեի, Շահմուրադյանի, Թերլեմեզյանի, Սարյանի եւ այլոց հետ: Շնչել է ռոդենյան շունչը, գերվել նրա «Մտածողը» արձանով, որն անտարբեր չէր թողել ողջ Փարիզն ու աշխարհը: Նիստուկաց, ընկերություն եւ բարեկամություն է ունեցել Գորկու եւ Շալյապինի հետ: Պահպանվել է կինովավերագրություն, որի կադրերում Գյուրջյանը Լենինի կողքին մասնակցում է Մարքսի հուշարձանի հիմնարկեքին, որը պետք է տեղադրվեր Մոսկվայում եւ որի քանդակման իրավունքը նա նվաճել էրՙ հաղթելով մրցույթում: Մինչ նացիստական Գերմանիայի արշավանքը ԽՍՀՄ-ի վրա, որի մի մասնիկն էր Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը, նա նամակագրություն է ունեցել Հիտլերի մերձավորագույն զինակից Բենիտո Մուսոլինիի հետ, որն Իտալիայի տիրակալն էր եւ հույսեր էր ներշնչել Հակոբին, թե իրականացնելու է նրա քանդակագործական վիթխարի մտահղացումը: Չեղավ եւ մեկը, եւ մյուսը: Թեեւ Լենինը կոմունիստ էր, իսկ Մուսոլինինՙ ֆաշիստ, բնույթով նրանք նույնն էինՙ խուսանավող, հաշվենկատ, դիվանագիտությունը ստորին քաղաքական հաշվարկներին եւ կրքերին ծառայեցնող: Գյուրջյանը բոլոր հիմքերն ուներ խորապես հիասթափվելու մասնավորապես Լենինից, ով խիստ աննպաստ, գրեթե թշնամական դիրք գրավեց հայերի եւ Հայաստանի նկատմամբ: Ղարսը, Ղարաբաղն ու Նախիջեւանը (Հակոբը Փարիզից եկել էր պաշտպանելու հայրենիքը), Լենինն իր ազդեցիկ կուսակից Ստալինի դրդմամբ, ի բավարարումն Թուրքիայիՙ ինտերնացիոնալիստ խաղացող, իրականում հայ, հույն, բուլղար, քուրդ, ասորի ժողովուրդների դահիճ Աթաթուրքի պահանջների, հանձնեց ի տնօրինումն Թուրքիայի եւ սարքովի նոր պետություն Ադրբեջանի: Այս դառն իրողությունները նա ծանր էր վերապրելու հետո, իսկ հիմա, ինչպես իմանում ենք Գյուրջյանի առաջին կնոջիցՙ Հայկանուշի նամակից, (ուղարկված Շուշիից Փարիզ 15.8.1914 թ.), իր մտահղացումը հաջողությամբ գլուխ է բերել. « Չգիտեմ ինչ անեմ, ես ուղղակի հուսահատության մեջ եմ, քեզնից ոչ մի տեղեկություն չկա, Հակոբ: Երեկ թերթերում կարդացի, որ Փարիզից 150 հայեր որպես կամավոր մեկնել են Ռուսաստան: Ես կանխազգում եմ, որ դու էլ նրանց մեջ ես »:

Ահա եւ պաշտոնական հավաստումը.

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

«Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական միսիան սույնով հաստատում է, որ քանդակագործ-նկարիչ Հակոբ Մարգարի Գյուրջյանը 1915թ. սկզբից մինչեւ 1917թ. հուլիս գտնվել է զինվորական ծառայության մեջ: Նա սաստիկ կոնտուզիայի է ենթարկվել եւ ուղարկվել Մոսկվաՙ բուժվելու եւ կազդուրվելու:

ՀՀ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՄՙ Ե. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ»

Հակոբ Գյուրջյանը, ինչպես եւ ամբողջ կամավորական շարժումը անձնուրացության սքանչելի օրինակներ տվին, բայց շատ բան անել չկարողացան հօգուտ հայրենիքի: 1917-ի փետրվարյան ապա եւ հոկտեմբերյան հեղափոխությունների էյֆորիան, որ սկզբնական շրջանում վարակել էր նաեւ Հակոբին ու ոգեշնչել կերտելու Մարքսի ու Լենինի արձանները, մարելու էր արագորեն: Փաստերը համառ էին եւ հետեւողական. Բոլշեւիկացած Ռուսաստանի կողմից թուրքական ճակատի մերկացումն ու լքումը, հայկական բանակը թուրքական հրոսակների դեմ-դիմաց մենակ թողնելը, միլիոնավոր անմեղների կյանքեր խլած 1915-1923 թվականների հայոց եղեռնը Թուրքիայում, ապա եւ բուն Հայաստանում ու, ամենաեղկելինՙ հայերի դաժան կոտորածը քանդակագործի պաշտելի Շուշիում արդեն կոմունիստների օրոք, հենց այն «բարդություններն ու փոփոխություններն» էին, որոնք հմուտ քաղաքագետի պես դեռ 1914-ի ամռանը գուշակել էր յուրայիններին օգնության շտապող քանդակագործը: Զինվորական պարտքը նա կատարում էր փայլուն: Որպես հրաձիգ կամ թնդանոթաձիգՙ հազիվ թե: Հավանաբար, նույնիսկ հաստատապեսՙ շտաբային էր: Որովհետեւ դեռ ուսման ծախքերը հոգալու համար նա որպես ազատ վարձկան հավաքագրվել էր ռուսական բանակՙ բացառապես զբաղվելով քարտեզագրությամբ եւ գծագրմամբՙ շնորհիվ նկարելու տաղանդի: Բացի այդ, նա հիանալի տիրապետում էր լեզուներիՙ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, ադրբեջաներեն, որը գրեթե նույն թուրքերենն էՙ շատ անհրաժեշտ կարողություն շտաբի համար:

Ռազմերթերում եւ կայանատեղիներում հանդիպող կավը, ուրվապատկեր հիշեցնող քարերը, կոճղերը նրա ձեռքերում արագորեն վերածվում էին քանդակների, որոնցում սպաները, շարքային ճակատայինները ճանաչում էին իրենց: Դրանցից մեկը, որ հետագայում Թիֆլիսում հարդարվեց եւ վերջնական տեսքի բերվեցՙ ազգային պարծանք Անդրանիկն էր: Գյուրջյանը ոչ քաղաքագետ էր, ոչ էլՙ զինվորական: Եթե հարել էլ էր որեւէ կառույցի, ապա դա գեղարվեստի եւ գրականության ինտերնացիոնալ միությունն էրՙ 1905-ին հիմնադրված աշխարահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի օրհնանքով, միություն, որը դեռ 1912-ին Հակոբին հրավիրել էր անցնելու իրենց շարքերն առանց նրա դիմումի, պարզապես հիացած արվեստագետի ստեղծագործություններով: Բնությունը նրան ծնել էր իբրեւ հոգեւորի զինվոր, նրա շրջապատն անմիջապես համոզվում էր դրանում եւ ամեն ինչ անում, որ նա վտանգի չենթարկվի եւ իրականացնի իր աստվածային կոչումը:

Սրանից ոչ պակաս, գուցե եւ շատ ավելի կարեւոր կոչում էր նրա գիտակցված հայրենասիրությունն ու հայասիրությունը: Միշտ է ցանկացել վերադառնալ իր երկիրը: Տարբեր միջոցներով, հատկապես իր սիրասուն փոքրիկ քույր Մարոյի ամուսին, ֆրանս-սովետական բանկի կառավարիչ, դիվանագետ Ս. Մուրադյանի միջոցով խնդրել է, հիշեցրել խորհրդային պատկան մարմիններին, որ ինքն անձամբ ծանոթ է եղել Լենինին, վայելել նրա եւ Ժողկոմխորհի վստահությունը: Նույնաբովանդակ դիմումներ է հղել Գորկուն, ժողկոմիսար Լունաչարսկուն, որոնք Փարիզում, հետո էլ Մոսկվայում ջերմորեն հորդորում էին Լենինին ընդամենը երկու անգամ բնորդել «շատ լավ քանդակագործ» Գյուրջյանինՙ իր կիսանդրին կերտելու համար: « Թույլ տվեք գալ հայրենիք, թախանձում էր նա, եւ իմ հասուն արվեստով ծառայել նրան: Ես, ըստ էության, եղել եւ մնում եմ խորհրդային քաղաքացի, ահա անձնագիրս, խնդրեմ, պահում-պահպանում եմ որպես սուրբ մասունք »:

Ոչ մի արձագանք: Ի հեճուկսՙ քրոջ ամուսնուն Փարիզից կանչեցին Մոսկվա, բանտարկեցին, աքսորներում կորցրին անհետ: Ու Մարոն մի կերպ իմաց տվեց. « Հակոբ, նստիր-մնա Փարիզում, այստեղ մոլեգնում է պետական տեռորը, գրեթե յուրաքանչյուր երրորդը պիտակավորվում է որպես ժողովրդի թշնամի: Կասկած չունեմՙ դու նրանց թվին ես դասվելու... »:

Հիանալի իրազեկված էր Գյուրջյանը, նա իր ցուցահանդեսների բերումով, որոնք պարբերաբար բացվում էին Ֆրանսիայում, Բելգիայում, Միացյալ Նահանգներում եւ այլուր, լինում էր աշխարհի մայրաքաղաքներում, շփվում իր արվեստի երկրպագու պետական, քաղաքական, դիվանագիտական գործիչների հետ, լուրեր առնում ԽՍՀՄ-ից, համեմատում դրանք եւ վերահավաստիանումՙ Մարոյի իրավացիության մեջ: Ծանր սրտով հետեւեց նրա խորհրդին: Հետեւեց, բայց նա ընկճվողներից եւ դյուրությամբ հանձնվողներից չէր: « Ես չեմ գնա Հայաստան, իմ արվեստը կգնա », վճռեց նա: Ինչ որ իմ ձեռքի տակ էՙ առաջինից մինչեւ վերջինը: 400 քանդակՙ մարմարից, գրանիտից, բազալտից, բրոնզից, կավից, որոնցից յուրաքանչյուրը եթե այսօր հանկարծ ի հայտ գար լոնդոնյան «Սոթբիսի» աճուրդում, կբերեր միլիոններ»: Նրա ստեղծագործական ընդգրկումն, իրավամբ, անչափ ծավալուն է թեմատիկայով եւ կատարման անզուգականությամբ. այնտեղ վերահառնել են Լեդան ու Կլեոպատրան, Քրիստոսն ու Կոմիտասի երգերից հյուսված կերպարները, քնքուշ աղջիկներ (Շիրվանզադեի դուստր Մարգարիտը), հայոց մեծեր (Գարեգին Հովսեփյանը), սպիտակամորթների եւ սեւամորթների տիպական, ընդհանրացնող անդրիներ, ֆանտաստիկ դիրքերով «զգացմունքային» շներ, կատուներ, այլեւայլ նրբին կերտվածքներ, որոնք էսթետիկ հաճույքի անսպառ աղբյուր են եւ որոնց մի մասը, բարեբաբախտաբար, Երեւանում է, մեր կողքին:

...Մահվան շեմին քանդակագործն իր երկրոդ կնոջը, Տատյանա Էրիկսոնին պատվիրեց, որ իր զավակներին նա մեկիկ-մեկիկ հասցնի Խորհրդային Հայաստան, ինչն իրականացավ 1958-ին: Նրա 42 աշխատանք Երեւան հասան 1963-ինՙ շնորհիվ Գյուրջյանի բարեկամ, Տատյանայի նոր ամուսնուՙ Հ. Առաքելյանի: Ստեղծագործություններ, որոնք նա ժամանակին գնել էր Գյուրջյանից, դրանք անհատույց նվիրեց Հայաստանի պետական պատկերասրահին, որ հանճարեղ արվեստագետի ժառանգությունն ամբողջանա: Դրանցից մեկի մասին Գյուրջյանն ուներ հատուկ վերաբերմունք, ինչը նա բարձրաձայնել էր ե՛ւ գրավոր, ե՛ւ բանավոր: «Հաղթանակ» մոնումենտալ քանդակն էր դա: Ցնծության, լույսի, ուժի երթ է քանդակապատման այս բրոնզաձույլ փոքրաչափը: Ասես սերում է դիցաբանությունից, բայց իրականում խտացնում է այն անսասան հավատքը, որ հեղինակն ուներ իր, հայրենի Շուշիի եւ շուշեցիների, հայերի եւ Հայաստանի հանդեպ:

Քանդակապատումը խորհրդանշում է... Գյուրջյանի անկատար մնացած կամքը. «Այդպես եղավ, որ ես ընտրեմ «Հաղթանակի» վերջնական հասցեն: Կուզենայի այդ քանդակը դաջված տեսնել իմ հայրենի լեռների կրծքին»: Իսկը ժամն է իրականացնելու մեծն գեղագետի այս փափագը: Հայ ժողովուրդը ղարաբաղյան կռիվն ավարտեց հաղթանակով, բայց պետք է մշտապես պատրաստ ինքնապաշտպանության, եթե հարկ լինի: Հավատում ենքՙ «Հաղթանակ» մոնումենտը կհառնի: Կան հուսադրող նախափաստեր: Գտնվել է Գյուրջյանի տունը Շուշիում: Փողոց է կոչվել նրա անվամբ: Շուշիում եւ Ստեփանակերտում գործում են մշակույթի եւ ուսման օջախներ, որոնք կրում են Գյուրջյանի անունը: Մտմտում են ստեղծել տուն-թանգարան, որին, կարծում ենք, իր բավական հարուստ հավաքածուից ցուցանմուշներ կհատկացնի մեր ազգային պատկերասրահը:

Ծնծղաներ այլեւս պետք չեն: Պետք են հաղթանակը հավերժացնող արարքներ, որոնք Ղարաբաղն ամուր կպահեն հայի ոտքերի տակ: Ո՞վ պետք է անի սա: Պետությո՞ւնը: Իհարկե: Նա պարտավոր է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կանխեն արտահոսքը Ղարաբաղից եւ ապահովեն ակտիվ ներհոսք: Աշխատատեղեր ստեղծվեն: Բնակարաններ: Հողը մշակելու մեքենաներ: Հումքը վերամշակելու մեծ ու փոքր ձեռնարկություններ: Մշակութային առողջ միջավայր: Բայց եթե պետությունը ոսկե սարեր խոստանա, մեր կամքն էլ բացակայիՙ ոչինչ էլ չի ստացվի: Ահա Ջավախքի օրինակը: Ջավախքահայ մեր եղբայրները բուռ-բուռ գալիս են Երեւան, մի կերպ ծածկ ու վաստակ գտնում ու հնչեցնում տագնապՙ հասեք, Ջավախքը դատարկվում է: Ո՞ւմից է դատարկվում. հայից: Ո՞վ է դատարկում. հա՛յը: Հենց նրանք են, ովքեր այսօր ճառ ասող են: Զանգ կախող չկա: Չվում է հայը: Տեղը բերում են աջարացիներ: Բերելու են թուրք-մեսխեթցիներ: Նույնը վերաբերում է Արցախինՙ տասնապատիկ, հարյուրապատիկ տագնապահարույց: Գալիս են Երեւան եւ կազմում ծրագրերՙ եկեք Շուշին դարձնենք հայոց մշակութային մայրաքաղաք, հյուրերի եւ զբոսաշրջիկների նման գնանք նրան տեսության, հիանանք, ուտենք-խմենք, թողնենք գանք: Մինչդեռ, Շուշին նախ պետք է մարդկանցով լեցնել: Դրամ ներդնել: Արտադրություններ հիմնել: Երեւանում չպարծենալ, թե ես շուշեցի եմ, այլ ապրել այնտեղ, գոնե առնվազնՙ հեռվից միջոցներով սատարել: Հարկ է աշխատել: Արարել: Ուրիշի պատրաստի տուն ներխուժելու, արմատ գցելու ազերի-թուրքական հատկանիշները ծանոթ են մեզ ու մարդկությանը. հիսուն հազար թուրք որպես ժամանակավոր բանվոր-հյուրՙ գաստարբայտեն, պատերազմից հետո մեկնեց Գերմանիա ու մնաց: Հիմա նրանք դարձել են երեք միլիոնանոց գաղութ եւ քաղաքական ազդեցիկ ուժի հայտ ներկայացրել: Շուտով կդառնան տաս միլիոն, աճում են երկրաչափական պրոգրեսով: Ազերիները սովետի տարիներին նույն ոճով, առանց զենքի, առանց զորքի սուսուփուս նվաճում էին Ղարաբաղը: Ու հայը մի օր արթնանում էր մղձավանջային սարսափով, թե այս ինչպե՞ս իմ տանը փոքրամասնություն դարձա: Ես ուզում եմ հիշեցնել մի քաղբյուրոյականի անպատկառ խոսքերը, արտաբերված Մոսկվայում, երբ գլխավոր քարտուղար Գորբաչովը հայ մտավորականներին կանչել էր պարտադրելու, որ նրանք սաստեն կամ շեղեն Ղարաբաղը Հայաստանի հետ միավորելու համար ոտքի ելած ժողովրդական զանգվածների հուժկու շարժումը: Այդ քաղբյուրոյականն ասացՙ ինչ է, հայերդ չե՞ք ըմբռնում, որ հողի տերը նա է, ով ապրում է նրա վրա: Ճիշտ է, այդ պահին գորբաչովականները խիստ հակահարված ստացան հանձինս լուսահոգի, գրող-հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի եւ մյուսների, բայց, աչալուրջ լինենք, միթե՞ այդ հիշեցումը այսօր էլ արդիական չէՙ շպրտված մեր երեսին: Այսօր զորքն է պահում Ղարաբաղը: Բնակչությունը քիչ է: Միայն զորքը, որքան էլ հզոր լինի նա, քիչ է հողն ազգային պահելու համար: Հող, որի բուռը բուռ ոսկի է: Հիմա գրեթե անմշակ, ծերերի, կանանց, երեխաների հույսին թողնված: Եվ մենք սրա ողբերգական հետեւանքները չենք ուզում տեսնել: Ես սահմռկած եմ մի փաստից. երեւանյան հեռուստատեսություններից մեկը լուր հաղորդեց, որ մայրաքաղաքի անտեր թաղամասերից մեկում անտանելի կենցաղային պայմաններում, առանց լույսի, ջրի եւ տրանսպորտի ապրում են մի խումբ ներգաղթած ղարաբաղցիներ, որոնք համաձայն են այդ պայմաններին միայն թե թողնեն մնալ Երեւանում: Մինչդեռ, պարզվում է, նրանց պատրաստի բարեկարգ շեներ են սպասում Ղարաբաղում: Չեն գնում: Սրանում կա՞ իշխանությունների մեղքը: Եվ կա, եւ չկա: Մերը հաստատ կա: Փոխանակ կառչենք մեր հողին, նրանից քամենք առավելը, ծաղկեցնենք, փախչում ենք Երեւան: Կարծես նրա մայթերին ցանած է դրամ, եկվորին էլ բաժանում են յուղումեղր: Եվ այս դեպքում է, որ Ղահրիյան ընտանիքի խորապես մտածված քայլը դժվար է գերագնահատել:

- Նոր գրքերիդ թեման ի՞նչ է,- հարցրի ես Արտաշեսին:

- Իմ թեման մեկն է,- քիչ դառը ծիծաղեց նա,- ինչ էլ գրեմ, ինչ ժանրով էլ գրեմ, գալիս հանգում եմ նույնինՙ չկա Ղարաբաղ առանց ինձ, չկամ ես առանց Ղարաբաղի:

Չկանք ՄԵՆՔ առանց Ղարաբաղի: Հետդարձ տանք: Գնանք, պահենք մեր հողը, մեր տունը, մեր ապագան, մեր մշակույթը: Դառնանք Գյուրջյան ու Ղահրիյան:


Նկար 1. «Հաղթանակ», 1929 թ., բրոնզ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4