ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
Հ. Գ. Այսօր, մայիսի 21-ին, մոսկովյան «Կուլտուրա» հեռուստաալիքով բախտ վիճակվեց դիտելու «Ձեռագրերը չեն այրվում» հաղորդումը` XX դարի ռուս մեծ գրող Անդրեյ Պլատոնովի ձեռագրերի եւ արխիվի մասին: Հիրավի, ազգը, որը պլատոնովներ է ծնել, իրավունք ունի պարծենալու գրողներով, որոնք ամենածանր իրադրություններում հավատարիմ են մնացել իրենց կոչմանը: Իսկ իմ դառնացած հոգում ցանկություն առաջացավ ընթերցողին ներկայացնել մի այլ նմուշ հայ «դասականի» գրական ժառանգությունից: Ահա այն.
«Բ. Աղասի,
Գրում եմ Ալափարսից: Կոլեկտիվացման թափն այստեղ արագ է: Նախատեսված էր այս շրջանի համար 10 տոկոս, բայց մենք այս րոպեյիս ունենք 65-70 տոկոս եւ մի շաբաթվա ընթացքում հնարավոր է անցկացնել շրջանի մասշտաբով համատարած կոլեկտիվացում:
Հիմնական դժվարությունն ապակուլակացումն է: Նախ` շրջանի գյուղացիությունը մեծ մասամբ կուլակների ազդեցության տակ է եւ տրամադիր` կուլակներին ոչ միայն չաքսորել գյուղից, այլ եւ ընդունել կոլխոզ: Մենք ուժեղ պայքարում ենք այդ տրամադրությունների դեմ... Կուլակներին պաշտպանելու այս տրամադրությունը մյուս կողմից բացատրվում է նրանով, որ շրջանում, մանավանդ Ալափարս գյուղում, մի շարք տնտեսություններՙ ունեւոր բայց աշխատավորականՙ անտեղի զրկել են ձայնից: Բացի դրանից կուլակների աքսորման վերաբերյալ կոնկրետ ոչ մի դիրեկտիվ չի տրված տեղերին. յուրաքանչյուր գյուղից ինչքա՞ն աքսորել, ի՞նչ ձեւով աքսորել, ո՞ւր աքսորել: Մանավանդ վերջին հարցը շատ կարեւոր է: Բավական չէ, որ գյուղի հասարական ժողովը որոշեց կուլակին իր ընտանիքով աքսորել գյուղից. պետք է նախապես որոշ լինի թե որտեղ պետք է ուղարկել նրանց, թե չէ` կարող են դեմոնստրատիվ կերպով` լալով, ոտաբոբիկ շրջել գյուղերում եւ հուզում առաջացնել: Այդպիսի փորձ արդեն կա:
Ուստի խնդրում եմ այս բոլորի մասին շրջաբերական դիրեկտիվներ ուղարկել գեթ տեղերի կազմակերպություններին:
Բացի դրանից` հայտնի է, որ Ալափարսի շրջանը դաշնակների ազդեցության շրջան է եւ նրանց հաջողվել է մի շարք միջակ գյուղացիների դարձնել իրենց հլու գործիք: Այդպիսիներին նույնպես պետք է մաքրել կոլեկտիվացման եւ գարն. կամպանիայի աշխատանքները հաջող ավարտելու համար: Հակահեղափոխական միջակին, որն օգտվում է ձայնի իրավունքից եւ վայելում է համագյուղացիների համակրանքը, ավելի դժվար է չեզոքացնել կամ աքսորել: Այդպիսիներին պետք է հետապնդի եւ վերցնի Գեպեուն, որը այս շրջանում քիչ-քիչ է երեւում:
Խնդրում եմ այս խնդիրների մասին անհրաժեշտ դիրեկտիվներ տաք: Աշխատողների տրամադրությունը բարձր է: Իմը նույնպես:
Կոմբարեւ. Ն. Զարյան» (2 փետրվարի 1930 թ.):
Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1, ցուցակ 10, գործ 57, էջ 70:
Անհրաժեշտ ծանոթագրություններ`
1. «Բ. Աղասի»` «Բարեւ, Աղասի [Խանջյան]»:
2. «Կուլակներ», «միջակներ»` առավել գործարար եւ ձեռնահաս հայ գյուղացիներ:
3. «Գեպեու» (ընդգծումը հեղինակինն է)` գլխավոր քաղաքական վարչություն` Չեկա:
4. «Կոմբարեւ»` «Կոմունիստական բարեւներով»:
Նամակի ընկերական տոնը չպետք է բացատրել կողմերի մտերմությամբ (սա խոսակցության առանձին նյութ է):
Նամակն ինքնին ավելի շատ բան է ասում, քան ամիսներով ընթացող բանավեճը եւ ավելորդ է դարձնում դրա վերաբերյալ հետագա թեր եւ դեմ ելույթները:
Այո, ձեռագրերը չեն այրվում:
Նույն
« Ազգ »-ի էջերում արդեն հայտնել եմ բանավեճից իմ դուրս գալու որոշման մասին եւ մտադիր չեմ դրժել խոսքս: Համարում եմ, որ Զարյան-Քոչար-(եւ եթե այդքան մեծ է մեկ տարի հետո «ժուռնալ մտնող» ընդդիմախոսի ցանկությունը)-Կապուտիկյան եռանկյան մասին ասել եմ եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան: Բայց լռությամբ անցնել «Ազգ»-ի նախավերջին «Մշակույթում» Դավիդ Գյուլզադյանի հոդվածի... խորագրի կողքով` վեր է իմ ուժերից: Այն կարդացվում է այսպես` «Եռանկյան բութ անկյունները` մութ չափումներով»: Դո՛ւրս եկ, ընթերցող, պատշգամբ, շփի՛ր ճակատդ, նե՛րս մտիր, նորից վերցրու թերթը, տրորի՛ր աչքերդ, մեկ է` այդպես է գրված: Մի՞թե այդ բառերը գրողին գոնե միջնակարգ կրթությունը չի հուշել, որ եռանկյունին բութ անկյուններ չի կարող ունենալ... Սարսափելի՜ եռանկյունի, որը դեռ ենթակա է «մութ չափումների», դուրս է փախչում էվկլիդեսյան երկրաչափության համակարգից եւ կարող է քնից զրկել նորմալ մարդկանց:
Մեծ է եղել չարաճճի ցանկությունը` «խաղալ» իմ «Մահարի-Զարյան-Կապուտիկյան եռանկյան մութ անկյունները» (« Ազգ », 2007, հավելված «Մշակույթ», 19 մայիսի, թիվ 10) խորագրի հետ: Բայց գրականությունը «չլիկ-դաստա» կամ «յոթ քար» չէ, եւ հոդվածագիրը սայթաքել է անծանոթ դաշտում` առաջին իսկ քայլից:
Մտքի այս մոտավոր կարգապահությամբ էլ գրված է «Գյուլզադյանի շարադրությունը», որտեղ հանդիպում ես «մթնում չափված» մեկ այլ զավեշտական տրամախոսության. «...Եթե Կապուտիկյանը լուծում տվող լիներ, կապրեր սոսկ այնքան, որքան Աճեմյանն է ապրելու...»:
Ըհը՛մ... Հե-տա-քըր-քի՜ր է: Եթե չեմ սխալվում, ապա, նկատի ունենալով Ս. Կապուտիկյանի դասական 87 եւ իմ 75 տարիները, հոդվածագիր-կասանդրան գրականությանն անհայտ եւ միայն իրեն հայտնի միջոցներով կատարում է բախտորոշ կանխատեսում, որը վերաբերում է ապագա 12 տարիներին... «Գիդվալ չի»,- ասվում է նման դեպքերում, անքննելի են Տիրոջ ճանապարհները, բայց միանգամայն քննելի եւ անվիճելի է իրողությունը, որ խորիմաստ այդ կռվանը վերցված է մի բանավեճի զինանոցից, որտեղ ձուկ չեղած տեղը խեցգետինն էլ ձուկ է համարվում եւ «Իվանին» հակադրվում է «բալվանը»:
Իսկ «բարոյա»-տարիքային այդ արմանալի եւ զարմանալի գյուլզադական սանդղակում ի՞նչ տեղեր են զբաղեցնում 68 տարեկան Զարյանը կամ ասենք` 55 տարեկան Քոչարը, եւ ի՞նչ «բալվանային» հետեւություններ այս պատմական փաստերից... հարցե՜ր, հարցեր, որոնց դժվար կպատասխանեին հայտնի ասույթի տասը գիտունիկները...
Չեմ ճանաչում հոդվածագրին, բայց եթե անգամ աշակերտ է նա դպրոցական, էլի ցանկանում եմ, որ հասնի նվազագույնը իմ մերձդասական տարիքին եւ ապագա տասնամյակները հաջողությամբ օգտագործի իր ֆիզիկական եւ մտավոր հասունացման համար:
Եվ թող ապրի նա հանգիստ, որովհետեւ խղճի խայթը խորթ է եղել նրա կուռքերին` սոցռեալիզմի կարկառուն ներկայացուցիչներին: