ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-04-26 | #9, 2008-05-10 | #10, 2008-05-24


ՍՏՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ

ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ուրանում եմ փոքրամիտ եւ անթռիչք այն մարդկանց, որոնք ոստիկանի ձեւերով, Հայաստանը փոքրիկ շուկայի են վերածում:

Ուրանում եմ նրանց ագահ, անոթի եւ պարապ աչքերը, առանց մեծության եւ հանդուգնության այդ աշխարհը, ուր քաղաքացին խլուրդ է եւ «գաղափարական» աղվես:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ


Որեւէ ժողովրդի ինքնության մեծագույն նշաններից մեկը իր լեզուն է, իր խոսքը, մյուսըՙ իր երգը, իր երաժշտությունը: Կոմիտասից հետո այլեւս դժվար թե աշխարհում որեւէ մեկը կասկածի, թե հայ ժողովուրդը ինքնուրույն եւ ինքնատիպ երգ-երաժշտություն եւ երաժշտական արվեստ ունի: Եվ այդ երաժշտությունը, իհարկե, արեւելյան չէ, թեեւ Կոմիտաս հայր սուրբը դեռեւս իր ժամանակին բողոքում-տրտնջում էր հայ երգեցողության մեջ թափանցած արեւելականությունից, մահմեդակա՛ն արեւելականությունից: Կոմիտասն ու իր սաները, Մակար Եկմալյանը, Քրիստափոր Կարա-Մուրզան, Ռոմանոս Մելիքյանը, Թաթուլ Ալթունյանը եւ նրանց հետեւորդները մաքրեցին հայ երաժշտությունն ու երգեցողությունը մահմեդական արեւելքի տարրերից, հստակեցրին ու մատնանշեցին հայ երգի ու երգարվեստի հիմնական ու կայուն սկզբունքները: Նրանց հաջորդեցին նոր ժամանակների մեր հրաշալի երգիչներն ու երաժիշտները:

1960-ական թվականներին ազգային ինքնագիտակցության մեր արթնացումը, ազգային ոգու վերելքը, մեր հոգեւոր երաժշտության հնչելը մեր դահլիճներում իրենց հետ բերեցին հայ երգի ու երաժշտության` իբրեւ հայ ոգու բարձր եւ գեղեցիկ դրսեւորման հոգեկանորեն հարազատ ընկալում:

1949 թվականին մեր մեծ երգիչ Շարա Տալյանը մի սքանչելի հոդվածով հստակորեն եւ անառարկելի մեկ անգամ եւս բանաձեւել է հայ երգի եւ երգեցողության սկզբունքները, եւ հայ երգն ու երաժշտությունը, ինչպես նաեւ ժողովրդական երգերի վարպետները, ինչպես օրինակ Թաթուլ Ալթունյանի փառահեղ խումբը, ընթանում էին իրենց բնականոն ճանապարհով:

Եվ թվում է, հայ երգի ընթացքը պետք է նույն ձեւով անաղարտորեն շարունակվեր, բայց մեր կյանքում վրա հասան խայտառակ ժամանակներ, երբ հայ երգի ու երգարվեստի բոլոր սկզբունքները մեկ կողմ նետվեցին կամ պարզապես անտեսվեցին: Հայկական հեռուստատեսության էկրաններից մեկընդմիշտ անհետացան Տիգրան Չուխաջյանի ու Կոմիտասի, Մակար Եկմալյանի ու Քրիստափոր Կարա-Մուրզայի, Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի եւ տասնյակ-տասնյակ այլ սքանչելի երաժիշտների ոչ միայն երաժշտությունը, այլեւ անունները: Հայ պատանին, հայ երիտասարդը ումի՞ց եւ որտե՞ղ պետք է լսի Արմենակ Շահմուրադյանի, Շարա Տալյանի, Արմենակ Տեր-Աբրահամյանի եւ տաղանդավոր բազմաթիվ այլ երգիչների անունները, երգն ու երգեցողությունը, ճանաչի նրանց:

Փոխարենը այսօր հայկական հեռուստատեսության էկրաններից մեզ վրա խուժում են հայերեն բառերով համեմված արեւելյան կաղկանձների ու արեւմտյան երաժշտությունը կապկպող-նմանակող ոռնոցների տարափն ու հորձանքը, որ պարտադրվում-հրամցվում է իբրեւ արդի հայ երաժշտություն: Մանավանդ ահավոր է մահմեդական արեւելքի ճնշող ու ստորացնող ներկայությունըՙ հայերեն բառերով թուրքական, պարսկական եւ արաբական երգի ելեւէջումներով սրտաճմլիկ կաղկանձներն ու վայոցները, որ ամեն օր «Մկների ժողով»-ի փառապանծ անուններով եւ բանտերից ու աշխատանքային ուղղիչ գաղութների միջավայրից առած մականուններով հայ «երգիչներն» ու «արվեստագետները» լցնում են հայ մարդու վրաՙ կրկին ու կրկին սպանելով Կոմիտասին, հայ երգն ու երաժշտությունը: Ինչ-որ մեկը, ոմն, շեշտը դնելով քառավանկ բառի առաջին վանկի վրա, հեռուստատեսության էկրանից վայում էՙ «ա՛-նապատի...», «ա՛-նապատի...»: Ու դա եւ այդօրինակ վայնասունը հայկական հեռուստատեսությունը հրամցնում է իբրեւ հայ երգ ու հայ երգեցողություն: Ակամա ուզում ես հարցնելՙ իսկ ո՞ւր է հայ երաժշտագիտական «միտքը», ինչո՞վ է զբաղված, ինչո՞ւ է լռել ու ձայն չի հանում քաղքենի «ռըսախոսության» ճահիճում նիրհող հայ կոնսերվատորիան, որ Կոմիտասի անունն է կրում...

Բայց այդ կոնսերվատորիայում քանի՞ հոգի հայ բանաստեղծություն գիտի ու հայ բանաստեղծության պրոսոդիա, որ խոսի ու մտածի հայ երգի մասին, մտահոգվի հայ երգի ճակատագրով:

Փողոցի լեզուն ու ժարգոնը, բացահայտ գռեհկությունն ու անգրագետ լեզուն դարձել են հայկական հեռուստատեսության համար սովորական բան, գրեթե պաշտոնական լեզու: Աստված իմ, ի~նչ են անում հայոց լեզվի հետ հեռուստատեսության կիսագրագետ ու անկիրթ, ցածրաճաշակ ու գռեհիկ մարդիկ:

...Մի հեռուստածրագրի ծրագրավորված խոսնակը, ինքնագոհ կերպարանքով, փողոցի գռեհիկ լեզվով ու երբեմն էլ պարզապես քրեական ժարգոնով («ձեր թիմը թռավ, հա՞»), ամեն երկու բառից հետո «հա» ասելով իբր թե ասուլիս է վարում, երբեմն այն վերածելով փողոցային կնոջ անվայել ու անպարկեշտ լեզվակռվի:

...Հեռուստատեսությամբ հանգանակություն են անում թատրոնի համար, էկրանի առջեւ նստած են հայ «դերասաններ» ու «դերասանուհիներ», որոնք խոսում են առանց հայերեն խոսքի ճիշտ շեշտադրության, ճիշտ առոգանության, ճիշտ արտասանության, պարզապես փողոցի լեզվովՙ գնում ա, ասում ա, ժարգոնային արտահայտություններով, քմայնացած հայերենով (ուրախուցյուն, հպարտուցյուն, Էձիկ)... «Դերասանուհին» էկրանից ասում է, թե ինքը «վափշե կամեդիյնի դերերը ավելի ա հավանում»... Ու մենք պետք է հարգենք նրանց իբրեւ Վահրամ Փափազյանի ու Հրաչյա Ներսիսյանի, Ցոլակ Ամերիկյանի ու Արման Կոթիկյանի, Արուս Ոսկանյանի եւ Օլգա Գուլազյանի եւ մեր մյուս սքանչելի մեծերի ժառանգորդն ու արվեստակիցը, իրենց խոսքն ու արածը համարենք արվեստ եւ կամավոր գնանք նայելու նրանց «խաղն» ու «ներկայացումը»...

Դիլետանտիզմը, փողոցի գռեհիկ ճաշակը վերջին տասը տարում ուղղակի սպանում են հայ մշակույթը, մանավանդ հեռուստատեսության էկրաններին... Այս վիճակում մենք ի՞նչ պիտի մտածենք, ի՞նչ բացատրություն կարող ենք տալ երեւույթին: Երկու բացատրություն կա:

Առաջին բացատրությունը այն է, որ հեռուստատեսությունը տնօրինողների ճաշակը եւ մակարդակը այդ է, ընդամենը այդքան է, եւ մենք նրանցից այլ բան, ավելի բարձր բան չենք կարող սպասել: Մենք ժողովուրդ ենք, պետություն ունենք, եւ եթե սա այսպես է, ապա դա մեծ ողբերգություն է մեր ժողովրդի ու մեր մշակույթի համար:

Մենք երիտասարդություն ենք դաստիարակում, ազգային մշակույթ ենք պահպանում եւ զարգացնում, մենք պատասխանատու ենք մեր ազգային մշակույթի, ասել է թե` մեր ազգային կերպարի ու նկարագրի համար: Ռեյգանի կառավարության կրթության նախարար Ուիլյամ Բեննեթը 1997 թվականին շատ հետաքրքրական դիտարկում է արել: Բեննեթը պատմում է, որ կառավարությունը մտահոգված է եղել ամերիկյան կրթության եւ լուսավորության վիճակով եւ ուղիներ է որոնել ճգնաժամից դուրս գալու: Կառավարությունը դիմել է հանրությանը` բարեփոխության ծրագիր եւ առաջարկներ ստանալու նպատակով: Ի թիվս բազում ծրագրերի, կառավարությունը ստացել է հեռավոր մի նահանգից պարզ մի կնոջ, մի ֆերմերուհու նամակ: «Եթե ուզում եք կրթել ամերիկյան երիտասարդությանը եւ ապահովել ամերիկյան հանրության ապագայի բարոյական նկարագիրը, ընդամենը մի բան է պետք` անջատեք ամերիկյան հեռուստացույցը»: Բեննեթը գրում է, որ այդ նամակը ավելին արժեր, քան մնացած բոլոր ծրագրերը: Եվ դա` այն դեպքում, երբ ամերիկյան հանրային հեռուստածրագրերով անպարկեշտ մի կադր անգամ չեք տեսնի:

Մոսկովյան «Լիտերատուրնայա գազետա»-ի վկայությամբ` Մալայզիա պետության տասնհինգ թե տասնվեց նախարարություններից ամենազորավորը Լեզվի նախարարությունն է, որին իրավունք է վերապահված վետո (արգելք) դնելու այլ նախարարությունների ամեն մի որոշման վրա, եթե այդ որոշման մեջ մեղանչում կա պետական լեզուների շահերի դեմ կամ դրանով ոտնահարվում են պետականորեն ընդունված լեզուների նորմերը: Սինգապուր պետությունը պատժում է իր աստիճանավորին ու պաշտոնյային, եթե նա քաղաքացու հետ չի խոսում պեկինյան (մանդարինյան) բարձր խոսվածքով. երկրում դրա համար հատուկ օրենք է գործում: Իսկ հայկական հեռուստատեսության գռեհիկ հաղորդումների ավելի քան գռեհիկ լեզվի ու ժարգոնի մեջ ամեն օր սպանվում-ոչնչացվում են հայոց լեզուն` հայ ժողովրդի ինքնության մեծագույն երեւույթը, հայ գրականությունն ու հայ մշակույթը, եւ մենք դեռ խոսում ենք Հայաստանի ու հայության հանդեպ թուրքերի ոճրագործությունների ու Եղեռնի մասին:

Ֆրանսիական կառավարությանը կից գործում է հատուկ կոմիտե, որ խստորեն հետեւում է ֆրանսիական հեռուստատեսության ծրագրերին ու հաղորդումներին: Եթե որեւէ հեռուստաալիք կամ հեռուստածրագիր որեւէ անպարկեշտ, հակամանկավարժական, հակադաստիարակչական որեւէ կադր, էլ չասած` հաղորդում եթեր արձակի, ապա այդ հեռուստածրագիրը մինչեւ երեկո անպայման կփակվի: Մինչդեռ հայկական հեռուստատեսությունը, բացառությամբ թերեւս «Շողակաթ» եւ «Հայրենիք» հեռուստաալիքների, պարզապես ավերում է դպրոցական դաստիարակությունն ու կրթությունը, իր էությամբ ու բովանդակությամբ փաստորեն դեմ է հայ գրական լեզվին, հայ մշակույթին, առհասարակ բարձր ճաշակին ու ըմբռնումներին: Բարրեսն ասում էր, որ ամեն ազգ իր մշակույթն է: Սրանով, կարծում եմ, ամեն ինչ ասված է: Խելոք երկրներն ու ժողովուրդները այդպես են մտածում ու ապրում:

Երկրորդ բացատրությունը, որ թվում է հրեշավոր, այն է, որ ամեն ինչ արվում է գիտակցաբար ու միտումնավոր, հաշվված ու կշռադատվածՙ ժողովրդին այլասերելու, պարզապես ժողովրդին «զոմբի» դարձնելու նպատակով, որովհետեւ նման զանգվածին շատ հեշտ է կառավարելը: Այդպիսի հեռուստատեսությունը դավադիր ու նենգամիտ մարդկանց ձեռքում դառնում է հզոր զենք: Նման հեռուստատեսության միջոցով եւ օգնությամբ, օրինակի համար, ինտելեկտից եւ հոգեկան կուլտուրայից բացարձակապես զուրկ, տգետ եւ ապիկար երկու-երեք հարաբերական մարդ կարող են, այն էլ քսանմեկերորդ դարում, մի ամբողջ երկիր ու ժողովուրդ մատնել հոգեւոր ամայության, միջնադարյան ճորտության եւ ոչ արժանապատիվ կյանքի: Ես չեմ հավատում եւ չեմ ուզում հավատալ, թե աշխարհում կարող է գտնվել հայի անուն-ազգանուն կրող որեւէ արարած, որ ընդունակ լինի նման իրոք հրեշավոր ստորության ու պարզապես սրիկայության... Անկարելի է մտածել եւ հավատալ, թեպետեւ իրենք` հեռուստատեսության «ներսի» մարդիկ, մանրամասնելով ու հիմնավորելով պնդում են, թեՙ ամեն ինչ հատուկ է արվում, միտումնավոր, հատկապես... Եվ եթե այդպես է, ապա դա ավելի մեծ ողբերգություն է մեր պետության, մեր ժողովրդի ու մեր մշակույթի համար: Դա ավելին է, քան ողբերգությունը, դա պարզապես դավաճանություն է երկրի, ժողովրդի ու հայրենիքի հանդեպ:

Մի օրինական հարց էլ ուզում եմ ուղղել արդի հայ կոմպոզիտորներինՙ ո՞ւր են ձեր գրած հայկական երգերը, ձեր հայտնագործած մեղեդիները: Չէ՞ որ, ինչպես Ֆրանց Յոզեֆ Հայդնն էր ասում, երաժշտության մեջ «գլխավորը մեղեդին է, հարմոնիան օգտակար է միայն լսողություն շոյելու համար»: Կարծում եմ, ով-ովՙ Հայդնը երաժշտություն հասկանում էր, գոնե հայկական հեռուստատեսությամբ «երաժշտական» տխմար «շոու»-ներ կազմակերպողների չափ: Ո՞ւր են ձեր հորինած-ստեղծած-հայտնագործած երգերն ու մեղեդիները, որ ժողովուրդը խլի ձեզնից, ձեր շուրթերից ու դարձնի իր երգը, երգի իր օրվա մեջ, իր առօրյայում: Ձեզանից քանի՞սը գիտի հայ բանաստեղծություն, հայ պոեզիա, գիտի եւ զգում է հայոց լեզվի, հայ բանաստեղծության լեզվի ներքին երաժշտականությունը, կշռույթը, հայ պոեզիայի պրոսոդիան: Որ գիտենայիք, որ նույնն է թեՙ որ կարողանայիք, կգրեիք: Մենք էլ տագնապում ու դժգոհում ենք: Է, պարապ-դատարկ տեղը ամեն աղբ կարող է լցվել: Սա էլ հարցի մյուս երեսն է:

Այնպես որ, կողքի սյունակներում թարգմանաբար ներկայացվող Նինա Չիգադաեւայի հոդվածը, որ տպագրվել է «Լիտերատուրնայա գազետա»-ում, շատ տեղին է, ցավոտ խնդրի մասին է գրված եւ գրված է պրոֆեսիոնալ իմացությամբ եւ մտածողությամբ եւ մղում է շատ դառն խորհրդածությունների: Արժի, որ այն կարդա նաեւ հայ ընթերցողը...

21 փետրվարի 2008 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4