ՆԻՆԱ ՉԻԳԱԴԱԵՎԱ, Սանկտ Պետերբուրգ
Հայրենական էստրադայի պատմության մեջ մեզանում երբեք չեն եղել բեմի այս քանակության բաղաձայն ու անտաղանդ երգիչներ: Բանը հասել է այնտեղ, որ նախկին դամ պահողները (րեք-վոկալիստները), որոնք պարզապես ձայնակցում էին, եւ ընդհանրապես երաժշտական որեւէ կրթություն չունեցող «երգիչները» հիմա մենահամերգներ են տալիս: Իբրեւ պրոֆեսիոնալ երգչուհի, ես ուզում եմ կարծիք հայտնել այս ամենի վերաբերյալ:
Ինչո՞ւ են մեզանում բազմացել այս անթիվ-անհաշիվ դիլետանտները: Ամեն մի բնագավառում միշտ էլ ամեն ինչից առավել բարձր է գնահատվում պրոֆեսիոնալիզմը, օրինակ, որեւէ գրասենյակում կամ հիմնարկում, աշխատանքի ընդունվելու համար, կարող են պահանջել բարձրագույն կրթության վկայական, օտար լեզուների իմացություն եւ այլն: Եվ միայն էստրադայում է, որ ոչինչ պետք չէ, բացի փողից եւ զանազան կապերից: Ձայն չունեսՙ ոչինչ, մեծ կորուստ չէ: Համակարգչով «կձգեն» ցանկացած ձայնը: Հետո արդեն ձայնագրության ներքո բերանդ միայն բացուխուփ արա: Նույնիսկ ուրիշը կարող է քո փոխարեն երգել:
Մեր հայտնի պրոդյուսերներից մեկը մի անգամ ասաց, որ փողով ինքը կարող է «մարդամեջ հանել»-«մարդ դարձնել» անգամ հասարակ նստարանը: Խաղադրույքն անում են այն ամենի վրա, ինչ ուզում ենՙ անախորժ իրարանցումի վրա («Տատու»), ծայրահեղության վրա («Սպիտակ արջ» պոպ-խումբը, որի մեջ երգում են մերկացած կանայքՙ ստրիպտիզ անողները), տարաշխարհիկության վրա («շոկոլադե նապաստակ» Պիեռ Նարցիոս): Մեզանում չկա ոչ մի պրոդյուսեր, որը «մարդամեջ» հանած լինի իսկապես տաղանդավոր մի երգչի: Ռուս առաջին պրոդյուսեր Դյագիլեւը գտնում եւ առաջ էր մղում միայն տաղանդավոր արտիստների: Եվ նրանց համար հովանավոր էր գտնում: Նա արվեստի պատմության մեջ մնացել է իբրեւ Արվեստին ազնիվ եւ անշահախնդիր ծառայելու տիպար: Դյագիլեւը մեռավ, չունենալով բանկում ոչ մի կոպեկ, եւ նրան հուղարկավորել են Կոկո Շանելի փողերով Վենետիկում: Իսկ մեր ժամանակակից պրոդյուսերները արվեստի պոռնիկներ են, որոնց համար ամենակարեւորը եւ առաջնայինը փողն է:
Հիմա փողը որոշում է ամեն ինչ: Եթե փող ունես, ուրեմն դու «աստղ» ես: Եթե շատ փող ունեսՙ «մեգաաստղ» ես: Բայց եթե փող չունես, ուրեմն դու ոչինչ ես, թեեւ տաղանդավոր ես: Դու դատապարտված ես: Բավական է միայն անդրադառնալ դահլիճների վարձակալությանը: Ամեն ինչ շրջված է գլխիվայր: Ոչ թե արտիստին են վճարում տաղանդի համար, այլ ինքը պետք է վճարի դահլիճի համար, ընդ որում ամբողջ պատասխանատվությունը, հաջողության-անհաջողության վտանգը ամբողջությամբ վերցնի իր վրա: Համերգային հարթակների տնօրենները ոչ մի պատասխանատվություն չեն կրումՙ ստանալով պայմանավորված գումարը (դա երբեմն լինում է վիթխարի գումար): Հարցս ուղղում եմ իրավաբաններինՙ որքանո՞վ է դա հիմնավորված ու պատճառաբանված: Ես կարծում եմ, որ այդ իրավիճակը պետք է արմատապես փոխվի: Չէ՞ որ շատ արժանավոր երգիչներ չեն կարող հասնել բեմահարթակ հենց վերը նշված պատճառներով:
Ամեն տարի երաժշտական հաստատություններն ու կոնսերվատորիաները ճանապարհ են դնում հարյուրավոր պրոֆեսիոնալ երգիչների, բայց մենք նրանց բեմում չենք տեսնում: Թարմ ուժերի հոսանք չկա: Մեզանում էստրադայում միշտ նույն դեմքերն են: Մեզանում պրոֆեսիոնալներին դուրս են մղում, նրանց ճանապարհ չեն տալիս: Ի՞նչ պիտի անի բաղաձայն «երգիչների» վիթխարի բանակը, եթե բեմի վրա լինեն հիրավի տաղանդավոր երգիչներ: Մեծ մասը կզրկվի իր մսուրքից:
Եվ այդ նույն ժամանակ հեռուստատեսության «Աստղերի ֆաբրիկան», «Ժողովրդական արտիստ» ծրագրերը մեջտեղ են քաշում խեղճուկրակ դիլետանտների, որոնց նայելիս պարզապես ամոթ ես զգում: Ասենք, «Ժողովրդական արտիստ» հաղորդումն է: Բեմ են բաց թողնում մի «երգչուհու» այնպիսի մի անբնական տեսքով ու արտաքինով, ասես նրան նոր են դուրս թողել ընդունման հատուկ կետից: Հանձնաժողովը դժվարանում է բնութագրել նրա ելույթը, որն ավելի շատ նման է վախեցած ու տագնապալի ոռնոցի: Լայմա Վայկուլեն հեգնանքի որոշ շեշտով ասում է, որ «հավակնորդուհին գեղեցիկ աղջիկ է, եւ պարտադիր չէ, որ ճիշտ նոտաներով երգի»: Այս բառերի մեջ մեր շոու-բիզնեսի ողջ էությունն է: Վլադիմիր Պոզները մի ինչ-որ առիթով ասել է, թե «մեր հեռուստատեսությունը կարող է աստղ սարքել նույնիսկ էշի հինգերորդ կետը»: Եթե այդ դրույթին նայենք, աղջիկը ճիշտ ճանապարհին է: Չէ՞ որ հիմա երգել կարողանալը ամենեւին էլ պարտադիր չէ: Գլխավորը հեռուստատեսություն ընկնելն է, էկրանին հայտնվելը:
Մեր շոու-բիզնեսում կարծում են, որ որեւէ մեկին կարելի է աստղ դարձնել մի քանի ամսում: Պրոֆեսիոնալ երգիչները նստած են առանց աշխատանքի, իսկ «Աստղերի ֆաբրիկա»-ի արտադրած դիլետանտներին ուղարկում են հյուրախաղերի ողջ Ռուսաստանով մեկ: Պրոֆեսիոնալ երգիչը վոկալ արվեստով, վոկալ երգեցողությամբ զբաղվում է (սովորում է) առնվազն 5-6 տարի: Հազվադեպ է լինում, երբ ձայնը կատարելապես պարգեւել է բնությունը, ինչպես օրինակ, Էդիտ Պիաֆի ձայնը: Ուսումնառության տարիները ձայնը հարստացնում են նոր գույներով ու հնչերանգներով: Այն ստանում է ուժ, գեղեցկություն, հարստություն եւ ունենում է իր յուրահատուկ, անկրկնելի տեմբրը: Հենց տեմբրով էլ մենք դյուրությամբ ճանաչում ենք մեծ երգիչներին:
Մեզանում «աստղեր»-ին մեջտեղ են հանում իբրեւ հարահոսի արտադրանք, անսովոր թեթեւությամբ գրաֆիտը հրամցնելով իբրեւ ադամանդ: Նրանք երգում են «ուղիղ» (անմիջական) տափակ ձայնով: Իբրեւ կանոնՙ վերին ռեգիստրում բարակ, լացակումած, սրտաճմլիկ, որբային ձայներով, ասես բոլորը նույն մանկատնից լինեն: Միջին եւ ցածր ռեգիստր նրանք առհասարակ չունեն: Ի՞նչ ձայնի գեղեցկության եւ հարստության մասին կարող է խոսք լինել: Այդպիսի «երգիչները» միկրոֆոնից կառչում են, ինչպես փրկարար ծղոտից, լիզում են միկրոֆոնը եւ քիչ է մնում մտցնեն բերանները: Բայց ուր էլ որ մտցնեն, ձայնը դրանից չի դառնա ավելի լավը, ծղրտոցը կմնա ծղրտոց: Մշակված ձայներով պրոֆեսիոնալ երգիչները կարող են կանգնել միկրոֆոնից կես մետր հեռու եւ էլի լսելի կլինեն: Դիլետանտները բերանները բացում են ձայնագրության ներքո եւ ստանում են մեծ հոնորար: Ես ապրել եմ Ֆրանսիայում: Այնտեղ ձայնագրության ներքո - ձայնագրությամբ ոչ ոք չի «երգում»): Արեւմուտքում մարդիկ փողի գինը լավ գիտեն եւ երբեք չեն վճարի խաբեության համար: Մեզանում փողը նետում են առանց մտածելու, թեթեւությամբ: Երբեմն ինձ թվում է, թե մեր շոու-բիզնեսը լավ կազմակերպված մատնոցախաղ է:
Մեր «փոփ-աստղեր»-ի արժանիքները անչափելի ուռեցված են: Դրա հետ միասին մեր «աստղերը» պարզապես հիմարի տեղ են դնում հանրությանը, պնդելովՙ թե երբեք ձայնագրություն չեն գործածում: Ֆիլիպ Կիրկորովը մերժում է ձայնագրությամբ Ռուսաստանում առաջինը «երգող» երգիչը լինելու մեղադրանքը եւ փորձում է ապացուցել, որ ինքը միշտ երգում է կենդանի ձայնով: Նույնը վերաբերում է եւ Գազմանովին: Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ երգիչ ձեզ կասի, որ բեմում երգիչն ու ցատկոտելը բացարձակորեն անհամատեղելի են, ուղղակի անհնար էՙ ձեր շնչառությունը տեղնուտեղը կընդհատվի: Ցատկոտելով երգելը տառացիորեն անհնար է, մանավանդ երբ խոսքը վերաբերում է ոչ թե մեկ-երկու երգի, այլ ամբողջ մի մենահամերգի կամ համերգների շարքի (32 համերգի, որոնք մի անգամ տվել է Կիրկորովը Պետերբուրգում):
Մեր էստրադան հիվանդ է ինչ-որ աստղային համաճարակով: Մեզանում «աստղ» են կոչում բոլորին: Իրականում մի՞թե մենք երգիչներ ունենք, որոնք երգում են համաշխարհային մակարդակով, Մարույա Քլերիի, Շերի, Մադոննայի, Ուիթնի Հյուսթընի, Թոնի Բրեգսթընի եւ այլոց մակարդակով:
«Աստղ» դառնալու համար պետք է աշխատել, քրտինք թափել նվազագույնը 10-15 տարի: Սելին Դիոնը, օրինակ, իր կարիերան սկսել է 12 տարեկանում: Նրա հրեշտակային ձայնը նվաճել է ողջ աշխարհը: Ո՞ւմ կարող են նվաճել մեր վաղահաս «երգչուհիները»:
Ուզում եմ մի քանի բառ էլ ասել արտիստի անձնավորության մասին: Արեւմուտքում արտիստի անձը, նրա անհատականությունը ամեն ինչից բարձր են դասում: Մեզանումՙ ընդհակառակը, եթե դու ուրիշներից տարբերվում ես, քեզ ասում ենՙ «Դու մեր չափ ու կարգին չես բռնում»: Ամեն մի տաղանդավոր մարդ միշտ «չափ ու կարգի չի բռնում», նա ոչ մի շրջանակումի ու սահմանափակումի մեջ չի մտնում: Մեծերից ինչ-որ մեկը ասել էՙ միջակությունները միշտ հայհոյում են այն, ինչ իրենց խելքի եւ կարողության բանը չէ: Նրանց մակարդակը դա է: Փոխարենը եւս մի «աստղ»-իՙ Կատյա Լելի մակարդակը, նրա «մուսի-պուսի»-ները հենց այն են, ինչ պետք է ամբոխին: Կարեւորը, որ հասկանալի է եւ մատչելի, ճիշտ է, «պուսի» բառը լսողությամբ ընկալվում է ինչպես անգլերեն «փուսսի» բառը, որ ցայլք է նշանակում: Բայց այսօրինակ տեքստերի հեղինակը այս մասին, ինչպես երեւում է, չգիտի:
Չեմ կարող շրջանցել նաեւ արտիստի տարիքի թեման: Հիմա ռուսական շոու-բիզնեսում մշակվում է երիտասարդ, գրեթե դպրոցական երգիչ-երգչուհիների կերպարը: Այս մոդան հասցրել են աբսուրդի: Լրիվ հասուն, եթե ավելին չասենք, տարիքի մեր երգչուհիները նույնպես այդ մոդային տրվելովՙ իրենց իբրեւ աղջնակ են երեւակայում ու ներկայացնում: «Ինձ աղջնակ անվանիր, եւ հետո գրկիր, եւՙ հետո խաբիր»,- ողբում-հեկեկում է երեք երեխայի մայրը:
Տհասությունն ու մանկամտությունը կնոջը չեն զարդարում. ինչի՞ մասին պիտի երգի նա, երբ տատիկ դառնա:
Արեւմուտքում արտիստի համար այնպիսի հասկացություն, ինչպիսին տարիքն է, գոյություն չունի: Հակառակը, տարիների հետ արտիստը դառնում է ավելի խորունկ, վես, հետաքրքիր անձնավորություն: Ինչպես ասում էր Սեզարիա Էվորիան, «Ձայնը, ֆրանսիական կոնյակի պես, տարիքի հետ ավելի լավն է դառնում»: Սեզարիան հիմա 60 տարեկան է եւ ելույթներ է ունենում աշխարհի լավագույն բեմերում: Նրա իսկական վերելքը սկսվել է, երբ նա քառասունն անց էր: Արտասահմանյան բազմաթիվ աստղեր այսօր կամ 60-ին մոտ են եւ կամ 60-ն անց են, բայց նրանց արվեստի հանդեպ հետաքրքրությունը չի մարում (Թոմ Ջոնս, Փոլ Մաքքարթնի, Էնգելբերթ Համփրթինք, Կարել Գոթ եւ ուրիշներ): Անգլիացի նշանավոր երգիչ Ջոն Մայլը հիմա 70-ն անց է, բայց նա երգում է, ինչպես 20-30 տարի առաջ: Չաք Բերրին, «ռոք-ըն-ռոլլ»-ի հայրը, 80-ին մոտ էր, երբ եկավ մեզ մոտ հյուրախաղերի: Դյուք Էլինգթընի նշանավոր նվագախմբում հասակավոր շատ երաժիշտներ կային: Երբ նրան հարցնում ենՙ «ինչո՞ւ», Դյուք Էլլինգթընը ասում էՙ «Սա նվագախումբ է եւ ոչ թե ֆուտբոլի թիմ»:
Երաժշտության մեջ պետք է լինեն պրոֆեսիոնալիզմ, վարպետություն, փորձ, իսկ դրանք ձեռք են բերվում տարիների ընթացքում: Ես կարծում եմ, որ ավելի լավ է լսել տաղանդավոր հետաքրքիր արտիստի (թող որ հասուն տարիքի), բեմում տեսնել Վարպետի, անհատականության, քան երիտասարդ անտաղանդ ու անձիրք դուրսպրծուկների: Էլլա Ֆիցջերալդը մոտ 70 տարեկան էր, երգում էր հաշմանդամի սայլակում նստած (երկու ոտքն էլ անդամահատված էին), եւ ամբողջ դահլիճը երկար ժամանակ ծափահարում էր նրան հոտնկայս: Բարձր ու վսեմ արվեստի առաջ մենք միշտ գլուխ ենք խոնարհում, չմտածելով երբեք ոչ արտիստի տարիքի, ոչ էլ արտաքինի մասին: Չէ՞ որ ամենակարեւորը, ամենագլխավորը արտիստի հոգին է, իսկ հոգին տարիք չունի...
Առհասարակ մեր էստրադան վերջին ժամանակներում անհավատալիորեն հիմարացել է: Հիշո՞ւմ եքՙ ինչ գեղեցիկ երգեր ուներ Ալլա Պուգաչովան: Նա բեմում ստեղծել էր վառ ու գրավիչ կերպար խելացի, ուժեղ եւ կրքոտ կնոջ եւ ոչ թե հիմար ու լալկան կնկա: Հիշո՞ւմ եք «Կինը, որ երգում է» կինոնկարի իր երգերը: Դրանք գլուխգործոցներ էին, ինչը չի կարելի ասել վերջին տարիների նրա երգերի մասին («Մադամ Բրոշկինա», «Իսկական գնդապետ», «Սեքընդ-հենդ աղջիկ»): Պրիմադոննան երբեք իրավունք չունի իր մակարդակից վար իջնելու: Բայց սա արդեն ուրիշ թեմա է:
Ռուսական շատ «փոփ-աստղեր» ձայն ու տաղանդ չունենալու պատճառով ստիպված են բեմի վրա վազվզելու եւ ցատկոտելու, որպեսզի գրավեն հանդիսատեսի ուշադրությունը: Երկրորդ տարբերակն էլ կաՙ հանվել, մերկանալ: Իր ելույթներից մեկի ժամանակ Անժելիկա Վարումը դահլիճի առաջ հայտնվեց թափանցիկ ժանեկազարդ շորով... «Փայլուններ» խմբի նախկին մեներգչուհի Օլգա Օրլովան հպարտանում է նրանով, որ իրենք արել են «սեքսուալ փոքրիկ հեղափոխություն»: «Փայլուններ» խմբի աղջիկները առաջինն են բեմ դուրս եկել շատ բաց հանդերձներով,- ասում է նա:- Եվ դա ընդունվել է: Հիմա բոլորը բեմ են դուրս գալիս կրծկալով եւ կարճլիկ տաբատով: Ակնհայտորեն դա նրանց միակ ներդրումն է արվեստում: Բայց, կարծում եմ, որ մի 20-30 տարի հետո ոչ ոք չի հիշի նրանց կրծկալներն ու կարճլիկ տաբատները:
Բեմում «սեքսուալ հեղափոխություն» անելուց առաջ պարզապես անհրաժեշտ է, իբրեւ սկիզբ, սովորել պրոֆեսիոնալ ու գրագետ երգել: Հին ժամանակների արտիստները իրենց զինարանում ունեին միայն իրենց ձայնը: Նրանք մեն-մենակ էին դուրս գալիս հանդիսատեսի առջեւ, առանց օժանդակ հատուկ էֆեկտների: Եվ այնուամենայնիվ ժամերով գրավում էին դահլիճի ուշադրությունը: Ռուս սքանչելի երգչուհի Նադեժդա Օբուխովան, օրինակ, ռոյալի մոտ կանգնած, ընդհանրապես որեւէ շարժում չէր անում, ձեռքն անգամ չէր շարժում, բայց դահլիճը լսում էր հմայված ու կլանված:
Հիմա «բարձր մշակույթ» ոչ մեկին պետք չէ: Ինչպես դառնորեն ասել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Գորդոնը, «այն, ինչ վսեմացնում է հոգին, հիմա արգելում են, իսկ այն, ինչ բարոյազրկում է հոգինՙ թույլատրում են»: Նրան համամիտ է Ստանիսլավ Գովորուխինը: Նա կարծում է, որ հիմա «մակերես է բարձրացել այն ամենը, ինչ անառողջ է, հիվանդագին ու այլանդակ: Հիմա շատ ասպարեզներում (արվեստում, կինեմատոգրաֆում, մոդայի ասպարեզում եւ այլուր) պարահանդեսը ղեկավարում են ստահակները եւ զանազան պատահական մարդիկ»:
Ես կարծում եմ, որ ռուսական մշակույթի հիմքերը քայքայողներին պետք է քրեական պատասխանատվության ենթարկել իբրեւ սոցիալապես վտանգավոր մարդկանց: Բոլոր այդ շնուրովները, մոիսեեւները, տրախտենբերգները քայքայում են, ուղղակի ավերում են մեր բարոյականության, մեր հոգեւոր արժեքների հիմքերը:
Գռեհիկ խոսքերը, նույնիսկ հայհոյական բառերը բեմում դարձել են սովորական բան: Երկրի գլխավոր հայհոյախոս Շնուրովը («Լենինգրադ» խումբ) տասը տարի շարունակ բարոյալքել է մեր երիտասարդությանը, օգտվելով մշակույթի չինովնիկների բարձիթողի վերաբերմունքից: Բոլորը չէ, ըստ երեւույթին, որ գիտեն, որ հայհոյական բառերի համար քրեական օրենսգրքում հատուկ հոդված կա (ցավոք սրտիՙ չգործող), որ ենթադրում է եկամուտի կամ աշխատավարձի 5-ից մինչեւ 15 անգամի չափով տուգանք կամ վարչական կալանք: Բայց Շնուրովին ոչ միայն չեն տուգանում կամ կալանավորում, այլեւ նրան տրամադրում են Պետերբուրգի լավագույն համերգային բեմահարթակները: Վերջերս Շնուրովը գնել է քաղաքի կենտրոնում շատ թանկարժեք տուն: Պարզվում է, ինչքա~ն հեշտությամբ կարելի է ահռելի գումարներ ձեռք բերելՙ դահլիճի վրա կեղտի ու գռեհկության տարափ տեղալով: Վերջին տարիների ընթացքում «դեղին մամուլը» անընդհատ թմբկահարել-փառաբանել է Շնուրովին, նրան պաշտամունքային հերոս դարձնելով: Մեծ տարածում ունեցող թերթերից մեկը, օրինակ, տպագրել էր մի մեծ հոդված Շնուրովի մասին, հետն էլ մի լուսանկար, որտեղ Շնուրովը ոտքերը դրել է սեղանին, հետեւյալ մակագրությամբ. «Մենք էժան պոռնիկներից չենք: Եթե պիտի ծախվենք, ապա գոնե թանկ»: Արվեստի հանդեպ առավել ստոր ու լկտի ծաղրանք դժվար է պատկերացնել:
Նախկինում մեզանում կար Վլադիմիր Վիսոցկին, որ պայքարում էր ստորության եւ գռեհկության դեմ: Եվ ոչ միայն իր երգերում, այլեւ կյանքում: Նա, առանց վարանելու, գոտեմարտի էր մտնում «եւ սրիկայի, եւ դահճի հետ»: Հիմա ինչքա~ն մեզ անհրաժեշտ կլիներ Վիսոցկին: Վիսոցկու ազգանունը համանմանության զգացում է առաջացնում «բարձուն» բառի հետ (ռուսերեն «վիսոտա»-բարձունք, բարձրություն.- թրգմ.): Հոգեկան, բարոյական բարձրություն եւ բարձունք, ինչին միշտ ձգտում է իսկական արվեստը:
Վերջերս Յուրի Շեւչուկը («ԴԴՏ» խումբ) իր մի հարցազրույցում անհանգստություն էր հայտնել մշակույթի, մասնավորապես երաժշտական մշակույթի հրեշավոր անկման համար: Նա մեկն է այն շատ քիչ մարդկանցից, ովքեր ազնվորեն հայտարարում են, որ մեր երաժշտական պրոդյուսերների մեծամասնությունը «անտաղանդ, գորշ եւ ծայրահեղորեն ողորմելի մարդիկ են»: Նրանք մեզ պարտադրում են իրենց պարզունակ եւ ցածր ճաշակը, այդպիսով ձեւավորելով անձիրք, անտաղանդ, գորշ եւ ցածրորակ հասարակություն:
«Տաղանդ» բառը ինքը գործածությունից դուրս է մղվելՙ տեղը զիջելով «բրենդ» բառին: «Տաղանդ» եւ «բրենդ» հասկացությունների միջեւ եղած տարբերությունը ակնհայտ է: Տաղանդ ոչ մի փողով չես կարող գնել, տաղանդը Աստված է տալիս, «բրենդ»-ը ձեռք է բերվում հեշտությամբ:
«Երգչուհի» Ժասմինի նախկին ամուսինը նրան ասպարեզ հանելու համար վիթխարի գումարներ է ծախսել, եւ... երեկվա տնային տնտեսուհին հանկարծ երգեց:
Հասել է դիլետանտների դեմ պայքար մղելու ժամանակը: Ժամանակն է բեմը մաքրելու «էստրադային թափթփուկներից»: Շոու-բիզնեսը պետք է առնել պետական հսկողության տակ: Պետք է պետական հանձնաժողով ստեղծել երգիչների պրոֆեսիոնալ կարողությունը եւ պիտանիությունը ստուգելու համար: Հնարավոր է, պետք է վերադառնալ գեղխորհուրդների տարբերակին: Դրանք իրենց թերի կողմերն ունեին, բայց հնարավորություն էին տալիս տաղանդավոր արտիստներին բեմ հասնելու եւ միեւնույն ժամանակ փակում էին դիլետանտների ճանապարհը...
Ռուս. թարգմ. ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ