ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#8, 2008-04-26 | #9, 2008-05-10 | #10, 2008-05-24


«ՄԵԾ ԵՐՐՈՐԴՈՒԹՅՈՒՆ»

ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ

Ամեն անգամ Հայաստան այցելելիս Վիլյամ Սարոյանը պարտադիր կարգով տեսակցում էր իր երկու տարեկիցներիՙ ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի եւ կաթողիկոս Վազգեն Ա-ի հետ: Ճշմարիտ բավարարություն էր ստանում, որ նրանց անվանում էր իր «մանչերը»: Բանն այն է, որ երեքն էլ ծնվել են նույն թվականին, ընդամենը 3 շաբաթվա տարբերությամբ. Սարոյանըՙ օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում (ԱՄՆ), Համբարձումյանըՙ սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում, Վազգեն Ա-նՙ սեպտեմբերի 20-ին Բուխարեստում: Եվ այդ տարբերությունը բավական էր, որպեսզի Վիլյամ Արմենակովիչը (մենք կատակով հաճախ այդպես էինք դիմում նրան, մշտապես առաջացնելով նրա ժպիտը) ձեռք առներ իր պատկառելի տարեկիցներին: Եվ ահա այս տարի լրանում է երեքի 100-ամյակը:

Իմ կյանքի ընձեռած բարի պատեհությամբ, չնայած տարիքի տարբերությանը, բարեկամական ջերմ հարաբերություններ եմ ունեցել բոլոր 3 իմաստուն այրերի հետ: Դրան նպաստում էր նաեւ իմՙ «Լիտերատուրնայա գազետայի» հայաստանյան թղթակցիս աշխատանքի առանձնահատկությունը: Եվ ինչպես Հայաստանում են նրանց անվանում, Սուրբ Երրորդության հարյուրամյակի առիթով իմ արխիվները պրպտելով, ուզում եմ գոնե դիմանկարների մի քանի ուրվագծերով ժամանակակիցներիս պատմել 20-րդ դարի երեք մեծ հասակակիցների մասին, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային գրականության, գիտության եւ հոգեւոր կյանքի պատմության մեջ:

...Ինձ զանգահարեց սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանը եւ անմիջապես ասաց. «Սարոյանը հեռագիր է ուղարկել եւ խնդրում է, որ հենց դու իրեն դիմավորես Ռիգայում»: Երկու տարի առաջ ես մի ամբողջ ամիս չէի բաժանվում գրողից, որին ճանաչում է ողջ աշխարհը: Դա ոչ միայն իմ ցանկությունն էր, այլեւՙ յուրօրինակ պարտք: Քանզի ես, ի թիվս այլ բաների, կատարում էի խմբագրության առաջադրանքը. նախապատրաստել երկխոսություն ամերիկահայ գրողի հետ: Նյութը «Լիտերատուրնայա գազետայում» հրապարակվեց 1976-ի նոյեմբերին: Սարոյանը ոչ միայն հաճույքով պատասխանում էր իմ հարցերին, այլեւ ինքն էր դրանք հնարում ինձ համար: Այսպես, նա ինձ առաջարկեց իրեն հարցնել կինոյի, հեռուստատեսության եւ պարբերական մամուլի մասին, որոնք հաջողությամբ եւ ճակատագրական կերպով մրցակցում են գրականության հետ:

- Կինոն ես միշտ սիրել եմ,- սկսեց Սարոյանը:- Շատ եմ աշխատել կինոյի համար, կապերս խզել եմ դրա հետ: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, այստեղ հարցն ավելի բարդ է: Օրինակ, ես տանը հեռուստացույց չունեմ: Առաջ ունեի, բայց դուրս նետեցի: Մի կողմից ինձ խանգարում էր, մյուս կողմիցՙ այդ սատանայական արկղը քարոզում էր բռնություն եւ գռեհկություն: Դրա պարզունակ հերոսները շատ կարճ ժամանակում դառնում են նորաձեւության օրենսդիրներ եւ երիտասարդության համար նմանակման օրինակներ: Ճիշտ է, դա նաեւ ինչ-որ չափով օգտակար է: Գրականությունից դուրս մնացած բոլոր ապաշնորհ գրչակները ապաստան են գտել հեռուստատեսությունում:

Մեծանում է մի սերունդ, որն արատավոր կլինի հենց այդ հեռուստահամաճարակի պատճառով: Փրկությունը լոկ այն է, որ պայքարենք ոչ թե առհասարակ հեռուստատեսության, այլՙ գռեհկության, գորշության դեմ, աներես ապաշնորհության դեմ: Այսօր ֆուտուրոլոգներն իզուր են հարց առաջադրում ապագայում գրականության եւ հեռուստատեսության տեղի մասին: Ոչ հիմա, ոչ էլ 1000 տարի հետո մեզ համար որեւէ բան չի փոխարինի Գոգոլի «Շինելին»...

1978-ի օգոստոսին ես «Լիտերնատուրայա գազետայում» հրապարակեցի Վիլյամ Սարոյանի 70-ամյակին նվիրված հոդված: Իսկ 1,5 ամիս անց, ինչպես արդեն ասացի, հոբելյարին դիմավորեցի Ռիգայի նավահանգստում: Ես նախօրոք կազմակերպել էի հանդիպումներ Ռիգայում, Լենինգրադում, Մոսկվայում:

Դեռ Լենինգրադում օդանավ նստելուց առաջ նա ինձ հարցրեց. «Մենք ո՞ւր կգնանք Մոսկվայի օդանավակայանից»:

Ես ասացի, որ համենայն դեպս ոչ հյուրանոց, քանզի ճիշտ ժամը 11-ին պետք է լինեինք «Լիտերատուրնայա գազետայի» գլխավոր խմբագիր Ալեքսանդր Չակովսկու մոտ: «Ես չեմ սիրում գլխավորներին: Առհասարակ այնքան էլ չեմ սիրում պետերին: Այնպես արա, որ մենք գործն ավարտենք 10 րոպեում»:

Մեր խմբագրատունն այն ժամանակ դեռ Ցվետնոյ բուլվարում էր: Ես վստահ էի, որ ինքս կթարգմանեմ Չակովսկու հետ կայանալիք զրույցը: Խորհրդային ժամանակներում քչերն էին տիրապետում օտար լեզուներին: Որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ Ալեքսանդր Բորիսովիչը առույգորեն մեզ դիմավորելով դռան մոտ, հյուրին համարձակորեն ողջունեց մաքուր անգլերենով: Սարոյանը աշխատասենյակի տիրոջը գովեց լավ անգլերենի համար եւ նույնիսկ նկատեց. «Զարմանալի է, որ դուք խոսում եք ոչ թե ամերիկյան, այլ անգլիական անգլերենով»: Եվ քահ-քահ ծիծաղեց իր անսպասելի բառախաղից: Հուրախություն գլխավոր խմբագրի, Սարոյանը, այնուամենայնիվ, անգնահատելի հաճոյախոսություն արեց. ««Լիտերատուրնայա գազետան» Ամերիկայում ամենից շատ մեջբերվող խորհրդային թերթն է»: Եվ ես հասկացա, որ մենք 10 րոպեով չենք բավարարվի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ իմաստուն Չակովսկին որոշեց հայ հյուրին հայկական կոնյակ հյուրասիրել: Երկու գրողները ամբողջ երկու ժամ զրուցում էին, եւ դա բավական եղավ, որպեսզի իրենք բարեկամանան:

Սարոյանի կարծիքով, որքան ավելի տաղանդավոր է գրականությունը, հատկապես պոեզիան, այնքան ավելի դժվար, նույնիսկ անհնար է այն թարգմանել ուրիշ լեզվի: Իդեալական դեպքում անհրաժեշտ է համարժեք տաղանդ: Հակառակ դեպքում երկրի վրա չի լինի մշակույթների իսկական փոխհարստացում: Վարպետը պատմում էր, որ իր ամբողջ կյանքում տառապել է, որ մայրըՙ Թագուհի Սարոյանը, որը տիրապետում էր միայն հայերենին, չկարողացավ կարդալ իր գրքերը: «Այնինչ բնավ պատահական չէ, որ ինձ համար ամենաթանկ գործերիցս մեկըՙ «Մարդկային կատակերգությունը» նվիրել եմ մորս: Նախաբանում նրան դիմելով, ես գրել եմ. «Հուսով եմ, շուտով որեւէ արտասովոր թարգմանիչ իմ գիրքը հայերեն կթարգմանի, կտպագրեն քեզ համար հեշտությամբ հաղթահարելի տառերով: Եվ այդ ժամանակ դու կկարողանաս վայելք զգալՙ հայերեն կարդալով իմ պատմվածքները»:

Ավելի ուշ, երբ Սարոյանը Թուրքիայում ճանապարհորդելիս այցելեց իր նախնիների հայրենիք Բիթլիսը, ասաց. «Վիլյամ Սարոյանը ծնվել է օտարության մեջ: Թող Վիլյամ Սարոյանները ծնվեն նախնյաց երկրում»: Հենց այդ խոսքերով նա ավարտեց «Լիտերատուրնայա գազետայում» հրապարակված մեր երկխոսությունը:

***

Ավելի քան երկու տասնամյակ տնից հեռու գտնվելով, ես, այդուհանդերձ, միշտ տեղյակ էի այն ամենին, ինչ տեղի էր ունենում Հայաստանում եւ հատկապես իմ հարազատ Ղարաբաղում: Նշենք, որ պատկանում եմ այն սերնդին, որն ամենաշատ կարդացողն էր աշխարհում: Ինչպես չհպարտանաս, երբ Կամչատկայում գտնվելով, կարդում ես, որ Հայաստանի գիտությունների ակադեմիայի նախագահ, ԽՍՀՄ ԳԱ նախագահության անդամ, խորհրդային տեսական աստղաֆիզիկայի հիմնադիր (ցանկը կարելի է շարունակել) Վիկտոր Համբարձումյանը երկրորդ անգամ ընտրվել է Միջազգային ակադեմիական միությունների խորհրդի նախագահ: Եվ, իհարկե, զարմանալի ոչինչ չկար, որ ես երազում էի երբեւիցե հանդիպում ունենալ նրա հետ:

...1968-ին նամակ ստասցա Կահիրեից: Հայկական «Ջահակիր» թերթի ներկայացուցիչները ինձ հայտնում էին, որ նորվեգացի առասպելական ճանապարհորդ Թուր Հեյերդալը Եգիպտոսում պապիրուսե նավ է կառուցում եւ արդեն միջազգային անձնակազմ է հավաքագրում: Բժիշկն անպայման պետք է լիներ Խորհրդային Միությունից: Պարզվեց նաեւ, որ Հեյերդալը գիտեր «Վուլկան» եւ «Գեյզեր» ինքնաշեն նավակներով Կամչատկայի երեք ճանապարհորդների գետերով ու ծովերով կատարած բազմամսյա անցումների եւ բժշկի ներկայության մասին: Այդ բժիշկը ես էի, եւ նա Կահիրեի հայերին խնդրել էր ինձ հայտնել, որ ինքն արդեն ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահ Կելդիշին դիմել է բժիշկ տրամադրելու խնդրանքով: Ինձ եւս խորհուրդ էր տալիս դիմել Կելդիշին:

Ես շտապ ուղերձ հղեցի Թուր Հեյերդալին: Երկրորդ հեռագիրն ուղարկեցի Գիտությունների ակադեմիա եւ թռա Մոսկվա: Այստեղ իմ բարեկամ, «Պրավդայի» աշխատակից Անատոլի Յուսինի հետ այցելեցի խորհրդային գիտության կաճառ: Մեզ ասացին, որ նման հարցերով ընդունում է արտասահմանյան ուղեւորությունների համար պատասխանատու պաշտոնյան: Վերջինս խոսում էր մանվածապատ եւ անորոշ խոսքերով: Չմոռացավ ակնարկել նաեւ հարցաթերթիկի հինգերորդ կետը: Երեկոյան ես արդեն Երեւանում էի: Մեկ օր անց «Իզվեստիայի» հայաստանյան թղթակից Բորիս Մկրտչյանի հետ Բյուրական մեկնեցի տեսակցելու տեղի աստղադիտարանի հիմնադրի հետ:

Ինձ ուշադիր լսելովՙ Վիկտոր Համբարձումյանը որոշեց զանգահարել: Նրա ձեռքը մի պահ մնաց օդում կախված: Ապա ոչ թե ինձ, այլ Բորիս Մկրտչյանին նայելով, ասաց. «Նման բաներն այդպես չեն արվում: Հարկավոր է մեկնել Մոսկվա»: Հետո ինձ նայելով ավելացրեց. «Հենց վաղը թռչում ենք Մոսկվա»:

ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի նախագահի աշխատասենյակում Մստիսլավ Վսեվոլոդովիչը թեյախմության ժամանակ Համբարձումյանին ասաց, որ տվյալ հարցով զբաղվում է արտաքին կապերի գծով աշխատակիցը: Դա ինձ ծանոթ պաշտոնյան էր: Շրջանը փակվեց: Ես անմիջապես գիտակցեցի երազանքիս ապարդյունությունը: Մաքուր հոգու տեր հանճարըՙ Վիկտոր Համբարձումյանը որոշեց այնուամենայնիվ հանդիպել այդ պաշտոնյայի հետ, որը հանգիստ կրկնեց մեզ արդեն ասածները: Համբարձումյանի արձագանքն ինձ համար անսպասելի էր: Ճիշտ է, նա դուրս չեկավ նորմատիվ լեքսիկայի շրջանակներից: Կասեմ, որ հետագայում տասնամյակներ շարունակ ես նրան երբեք չեմ տեսել նման կատաղության մեջ:

Շուտով «Լիտերատուրնայա գազետան» հրապարակեց իմ հերթական հոդվածըՙ գրելով նաեւ իմ երազանքի մասին: Մեկ շաբաթ անց «Կոմսոմոլսկայա պրավդան» արդեն պաշտոնապես հաղորդեց, որ պապիրուսե նավով կճանապարհորդի Յուրի Սենկեւիչը, որի հետ մենք բարեկամացել էինք եւ որը ինձ քանիցս հրավիրել էր «Կինոճանապարհորդների ակումբ» հաղորդմանը, իսկ ես նրանՙ Երեւան: Այնուամենայնիվ, տվյալ պատմության մեջ ինձ համար գլխավորն այլ բան էր: Պարզվում էՙ Վիկտոր Համբարձումյանը բնավ էլ միամիտ չէր, բայց իրոք մաքուր հոգի ուներ: Իսկ միամիտՙ ոչ: Երբ Կելդիշի մոտից մենք վերադառնում էինք «Մոսկվա» հյուրանոց, նա մի պահ խոր հոգոց հանելով, ասաց. «Այնուամենայնիվ, իրավացի էր Ավետիք Իսահակյանը, երբ ասում էր, որ սոցիալիզմը հակաբնական բան է»: Այդուհանդերձ նա ԽՍՀՄ-ի փլուզումը ընկալեց միաժամանակ որպես անձնական եւ համամոլորակային դրամա: Քանզի նրան ամենից շատ հուզում էր այն, որ առանց Խորհրդային Միության մեր մոլորակը կնմանվի պառավի, որն իր ուսերի վրա կրում է լծակից կախված մեկ լիքը եւ մեկ դատարկ դույլ: Եվ ինքն էլ մեկնաբանում էր այդ միտքը. «Եթե մենք չվերականգնեք հավասարակշռությունը, ապա մոլորակը կկործանվի»:

Շատ տարիներ անց, ընտրվելով ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր, ես քաղաքական հացադուլ հայտարարեցի «Մոսկվա» հյուրանոցումՙ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղի օրինական իշխանության լուծարման դեմ, որտեղ այն ժամանակ հանդես էին գալիս «Ամբողջ իշխանությունը խորհուրդներին» կարգախոսով: 1990-ի սեպտեմբերի 9-ն էր: 5 օր անց իմ հյուրանոցային համար եկավ Վիկտոր Համբարձումյանը: Այդ օրերին շատերն էին ինձ այցելում: Մեծ գիտնականի եւ միութենական խորհրդարանի իմ գործընկերոջ այցելությունը ես ընկալեցի որպես սովորական երեւույթ: Բայց որքան մեծ եղավ իմ զարմանքը, երբ նաՙ գրեթե 82-ամյա այդ մարդը կտրականապես հայտարարեց, որ միանում է իմ բողոքի ծայրահեղ դրսեւորմանը:

Ես հիանալի գիտակցում էի, թե մեր (եւ ոչ միայն մեր) ժողովրդի առջեւ ինչպիսի պատասխանատվություն եմ ստանձնում, համաձայնելով հանճարեղ ծերունու որոշման անչափ վտանգավոր հետեւանքներին, մարդ, որը համայն մարդկության սեփականությունն էր: Վերհիշեցի «Բյուրականի աչքը» գիրքը, որտեղ պատմվում է, թե ինչպես Վիկտոր Համբարձումյանի հայրը իր 8-ամյա որդուն Թիֆլիս է տանում բանաստեղծ Հովհաննես Թումանյանի մոտ: Դա հայ ժողովրդի համար ամենաողբերգական ժամանակն էր, երբ Թումանյանը գլխավորում էր Հայոց ցեղասպանության հետեւանքով որբացած երեխաների օգնության ընկերությունը: Ծանոթանալով տաղանդաշատ փոքրիկինՙ ժողովրդի վշտից տառապող բանաստեղծը մարգարեաբար ասաց. «Նայելով այս տղային, ես հիմա հանգիստ եմ հայ ժողովրդի ապագայի համար»: Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորեց ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը եւ խնդրեց դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելովՙ Համբարձումյանը դիմեց թղթատարին. «Խնդրում եմ Միխայիլ Սերգեեւիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաեւ հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաեւ փոխանցեք, որ մենք կգնանք մինչեւ վերջ եւ որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:

Ավա՜ղ, մեկ շաբաթ հետո բժիշկը (նա ամեն օր զննում էր մեզ, իսկ մենք պահպանում էինք քաղաքական հացադուլի գրված օրենքները) ստիպված եղավ «շտապօգնության» մեքենա կանչել:

Հեռանալուց առաջ Վիկտոր Համբարձումյանը մոտեցավ իմ մահճակալին: Մենք գրկախառնվեցինք: Ես ցածրաձայն ասացի. «Շնորհակալություն, որ Դուք կաք: Շնորհակալություն Ձեր դասերի համար»: Նա մի քանի խոսք ասաց Ղարաբաղի մասին եւ վերջում ավելացրեց. «Ներիր ինձ, ես չէի ուզում»...

***

1979-ի հունվարի 20-ին Սիլվա Կապուտիկյանի տանը նշվում էր նրա 60-ամյակը: Սեղանի գլխին նստած էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա-ն: Ավանդական եւ պարտադիր կենացներից հետո սկսվեցին երկխոսություններ, մենախոսություններ, զրույցներ, եւ ամենից հաճախ երեկոյի էպիկենտրոնում հայտնվում էին բանաստեղծուհին եւ Նորին սրբությունը: Ինչ-որ առիթով տանտիրուհին հարցրեց պատվավոր հյուրին. «Լավ հիշում եմ, որ ես մանկուց «մեղանչել» եմ բանաստեղծություն գրելով: Իսկ Դուք ե՞րբ զգացիք, որ ուզում եք հոգեւորական դառնալ»: Նորին սրբությունը այնքան շուտ պատասխանեց, ասես պատրաստ էր հարցին. «Առաջին անգամ ես ակամա մտածեցի ոչ թե հոգեւորականի դերում ինքս իմ մասին, այլ մեր ժողովրդի կյանքում բուն հոգեւորականների դերի մասին»: Եվ առանց դադար տալու շարունակեց. «Իմ ծննդավայր Բուխարեստում ավարտել եմ դպրոցը, պետական համալսարանի գրականության եւ փիլիսոփայության ֆակուլտետը, Ձեզ նման «մեղանչել» եմ բանաստեղծություն գրելով: Դասավանդել եմ հայկական դպրոցներում: Թողարկել եմ «Հերկ» հանդեսը, գրել եմ գրականագիտական հոդվածներ: Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» վեպը կարդալով անմիջապես գրիչ վերցրի: Ի դեպ, կարելի է ասել հենց Վերֆելն էր գլխավոր մեղավորը, որ ես առաջին անգամ իրոք խորհրդածեցի հոգեւորականի ճակատագրի մասին: Ինձ վրա անջնջելի տպավորություն գործեց վեպի գլխավոր հերոս Գաբրիել Բագրատյանի եւ տեղի հայ ծխականների առաջնորդ Տեր-Հայկազունու երկխոսությունը: Մոտենում է մահացու աղետը: Թշնամին տան շեմի մոտ է: Եվ Բագրատյանի «Ի՞նչ եք անելու ժողովրդի փրկության համար» հարցին հոգեւորականը պատասխանում է. «Աղոթելու եմ»: Բագրատյանը հեգնանքով ասում է Տեր-Հայկազունուն. «Միայն մի մոռացեք, որ երբեմն մեզ անհրաժեշտ է նաեւ Աստծուն օգնել»: Նա գտնում է, որ «Աստծուն օգնել» արտահայտության մեջ ռազմավարական իրողությունը շատ ավելի մեծ է, քան «Աստծուն ապավինիր, բայց ինքդ մի թուլացիր» ժողովրդական առածի մեջ»:

Տարիներ անց իմացա, որ դեռ պատերազմից առաջ ապագա Ամենայն հայոց կաթողիկոսը ծավալուն հետազոտական աշխատություն է հրապարակել «Մուսա լեռան 40 օրը» գրքի մասին, որը 1934-35 թթ. հասցրել էին թարգմանել 36 լեզուներով: Եվ ահա 80-ականների սկզբներին Վազգեն Ա-ի աշխատությունը թարգմանվեց ռուսերեն եւ հրապարակվեց «Դրուժբա նարոդով» ամսագրում:

Ես տեսել եմ, թե այդ մարդու համար որքան դժվար էր ապրել եւ ծառայել այն պետության մեջ, որտեղ, օրինակ, ուսանողին կարող են դիպլոմից զրկել, եթե նա «2» ստանա, այսպես կոչված, գիտական աթեիզմից: Նրան դա զարմացնում էր արդեն այն պատճառով, որ ինքը լավ գիտեր ռուսական դասական գրականությունը եւ ռուս փիլիսոփաներին, հատկապես Նիկոլայ Բերդյաեւին եւ Սերգեյ Բուլգակովին, որոնց գործերը թարգմանված էին եվրոպական լեզուներով: Գիտեր նաեւ, որ այդ փիլիսոփաները եւ շատ ուրիշներ սկզբում եղել են մարքսիստներ, ապա դարձել են կրոնական փիլիսոփաներ: Դա նշանակում էր, որ գիտական աթեիզմի դասախոսները տրամաբանորեն, կամա, թե ակամա, պետք է հերքեին այդ նույն Բերդյաեւի եւ Բուլգակովի աշխատությունները: Ճիշտ է, այդ թեմայով նա որեւէ մեկի հետ չէր խոսում: Դեռ իր հայրապետական պարտականություններին ձեռնամուխ լինելուց առաջ 1955-ին նա Մ. Սուսլովի աշխատակազմի չինովնիկներից խիստ հրահանգ էր ստացել, որ իրեն (ժողովրդի հոգեւոր առաջնորդին) արգելվում է զբաղվել կրոնի քարոզչությամբ:

Հայ եկեղեցուն եւ հավատացյալներին չվնասելու համար վեհափառը, ինչպես ինքն էր ասում, «չէր զբաղվում քաղաքականությամբ»: Եվ սա այն դեպքում, երբ Վազգեն Ա-ի անունը լայնորեն հայտնի էր խաղաղության մարտիկների շարքերում: Նա արժանացել էր Ժոլիո Կյուրիի անվան խաղաղության միջազգային մրցանակին:

  Հայ նշանավոր գրող-ճակատային Սերո Խանզադյանը պատմում էր, թե ինչպես մի անգամ Էջմիածին` Վեհափառի մոտ է եկել Հոլոքոսթը հետազոտող պատմաբան Ս. Ս. Վիլենսկին, որը լավ գիտեր պատերազմի տարիներին Նորին սրբության գործած սխրանքի մասին, երբ նա գեստապոյականներից թաքցրել էր 200-ից ավելի հրեաների, հիանալի գիտակցելով, թե ձախողման դեպքում ինչպիսի պատժի կենթարկվի (վերջերս Հայաստանի հեռուստատեսությամբ ցուցադրվեց հարցազրույց Սեմյոն Սամուիլովիչի հետ):

... 1990-ի սեպտեմբերի 29-ինՙ քաղաքական հացադուլի 21-րդ օրը անսպասելիորեն բացվեց հյուրանոցային իմ համարի դուռը, եւ հայտնվեց աշխարհի բոլոր հայերին լավ ծանոթ Վազգեն Ա կաթողիկոսի կերպարանքը: Նա մի պահ կանգ առավ դռան մոտ, հենվելով դրվագազարդ գավազանին, ապա դանդաղ քայլեց դեպի սենյակի կենտրոն: Նայեց ինձ եւ կողքիս կանգնած Սոս Սարգսյանին: Հայացքը փոխադրեց հավաքված մահճակալի վրա, որը «որբացել» էր Վիկտոր Համբարձումյանի գնալուց հետո: Եվ ընդգծված հանդարտությամբ արտաբերեց. «Ես ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոս եմ, ես նաեւ ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր եմ, ինչպես եւ դուք: Ուստի որոշեցի զբաղեցնել հիվանդացած Վիկտոր Համբարձումյանի տեղը: Համենայն դեպս, առանց ձեզ չեմ վերադառնա Էջմիածին»...

Նրա կերպարանքում, նրա իմաստնության մեջ Սողոմոն թագավորից ինչ-որ բան կար: Պատրիարքը հենց այնպես չէր եկել Էջմիածնից: Նա գիտեր ոչ միայն Հայաստանից եւ սփյուռքահայերից մեր ստացած հազարավոր հեռագրերի մասին, այլեւ հանրապետության Գերագույն խորհրդի դիմումի, «Լիտերատուրնայա գազետայում» նշանավոր գրողների հրապարակած նամակի մասին: Գիտեր նաեւ, որ մինչեւ վերջ պայքարելու մեր որոշումը ավելի քան լուրջ է: Բայց հաստատապես գիտեր նաեւ ամենագլխավորը. մենք Ամենայն հայոց կաթողիկոսին երբեք թույլ չենք տա դիմել նման վտանգավոր փորձության:

Ես նրան երկար աղաչում էի հրաժարվել իր միանշանակ որոշումից: Բայց ամեն ինչ ապարդյուն էր: Նա հաստատակամ էր: Մենք անձնատուր եղանք: Նա լայն ժպտաց, կկոցելով խոշոր եւ բարի աչքերը: Պարեգոտը մի կողմ տանելով, գրպաններից հանեց 4 տանձ եւ հերթով մեկնեց մեզ: Համն անհնար է նկարագրել: Բանը ոչ միայն 3 շաբաթվա ծոմապահությունն էր, այլեւ այն, որ տանձերը քաղել էր ինքը` կաթողիկոսը, այն էլ` Սուրբ Էջմիածնի վեհարանի այգուց:

***

Սուրբ Երրորդություն... Հայր Աստվածը, Նրա Որդին եւ Սուրբ Հոգին: «Հայր մերի» աստվածաշնչյան բառազուգորդությունը լայնորեն օգտագործվում է կյանքում` ինչպես գրականության մեջ եւ արվեստում, այնպես էլ կենցաղում: Երբեք չեմ մոռանա հացադուլի վերջին օրվա այդ ուշ երեկոն, երբ երկարատեւ զրույցի ընթացքում Հայրապետին հարցրի. «Ունե՞ք արդյոք «սեփական» երրորդություններ»: Նա պատասխանեց. «Երեւի այնքան էլ ճիշտ չէ Սուրբ Երրորդության մասին խոսել հոգնակի թվով: Բայց ես ինքս ունեմ 3 սրբազան սկզբունք, 3 սրբազան օրենք, լուսավորչության 3 սրբազան վեկտոր: Եվ ես դրանք անվանում եմ երրորդություններ»: Ես չկարողացա ինձ զսպել եւ հարցրեցի ոչ թե սկզբունքների եւ օրենքների մասին, որոնք ինձ հետաքրքրեցին, այլ լուսավորչության վեկտորների մասին եւ խնդրեցի պատմել հենց այդ մասին: Վկայակոչելով իր հոգեւոր ուսուցիչներից մեկինՙ կաթողիկոսը սկսեց թվարկել. հոգիների լուսավորչություն հավատքի միջոցով, սրտերի լուսավորչություն լավ բարքերի տարածման միջոցով եւ մարդու լուսավորչություն գրականության եւ հոգեւորականության միջոցով: Նա գտնում էր, որ եթե յուրաքանչյուր դպրոցի (բառիս ամենալայն իմաստով) հիմքում չլինեն լուսավորչական վեկտորներ, ապա արատավոր կլինի ոչ միայն մարդը, այլեւ բուն պետությունը, քանզի արատավորները խնդիրներ ունեն բնության եւ սեփական խղճի հետ:

Ես հաճախ վերհիշում եմ վեհափառի դասերը սեփական սրբազան վեկտորների վերաբերյալ եւ ամեն անգամ զուգահեռ եմ անցկացնում այժմ արդեն 100-ամյա իմաստուններ Վիլյամ Սարոյանի, Վիկտոր Համբարձումյանի եւ Վազգեն Ա-ի երրորդության հետ: Նրանց միավորում էր ոչ միայն ժամանակը, այլեւ այն, որ իրենք մշտապես հաշտ էին Բնության եւ Խղճի հետ: Նրանք իրարից անկախ, բայց ասես փոխհամաձայնությամբ գտնում էին, որ հացից հետո ժողովրդի եւ իր ապագայի, երկրի եւ իր ապագայի համար ամենագլխավորը եւ ամենակարեւորը դպրոցն է: Դա հոգիների եւ սրտերի լուսավորչությունն է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4