Ներկայացնում է ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ
Յոհան Հայզինգա. «Homo Ludens»
Երեւան, «Սարգիս Խաչենց» հրատ., ՓՐԻՆԹԻՆՖՈ տպ., 2007, 374 էջ:
«Սարգիս Խաչենց» հրատարակչությունը «Իմացության գրադարան» մատենաշարով, Սամվել Ղռաթյանի բնագրային թարգմանությամբ եւ Հենրիկ Հովհաննիսյանի առաջաբանով լույս է ընծայել XX դարի հոլանդացի մշակույթի տեսաբան Յոհան Հայզինգայի «Homo Ludens»(խաղացող մարդը) տրակտատը, որ հեղինակն անվանել է «մշակույթի խաղային տարրի սահմանման փորձ»: Անշուշտ Յ. Հայզինգայի «Homo Ludens»-ը խաղ երեւույթի եւ մշակույթի փոխկապակցվածության մասին ամենահիմնավոր ու ամբողջական աշխատություններից, անվիճելիորեն նաեւ XX դարի մշակութաբանական լավագույն գործերից մեկն է: Հայզինգայի տրակտատից հետո գրքում զետեղված է նաեւ Հենրիկ Հովհաննիսյանի «Խաղը` բեմական ներկայության ձեւային հիմք» հոդվածը:
Խաղը Հայզինգան սահմանում է որպես տեղի, ժամանակի եւ իմաստի որոշակի սահմաններում, տեսանելի կարգով, կամավոր ընդունած կանոնների համաձայն ընթացող ազատ գործողություն, որը դուրս է նյութական օգտակարության կամ անհրաժեշտության ոլորտից: Խաղը նա բնութագրում է ձեւային բոլոր հատկանիշներով. ամենաբնութագրական հատկանիշը կանոնն է. «Յուրաքանչյուր խաղ,-գրում է Հայզինգան,-ունի իր կանոնները: Դրանք են որոշում, թե ինչը պետք է ուժի մեջ լինի խաղի համար առանձնացված ժամանակովոր աշխարհում»: Խաղի կանոնները բացարձակապես պարտադիր են եւ կասկածի ենթակա չեն. այլ կերպ ասած` խաղի կանոնների հանդեպ սկեպտիցիզմ հնարավոր չէ:
Հայզինգան հպանցիկ խոսում է նաեւ խաղի տեսակների մասին` առանձնացնելով ազարտային խաղերը, որոնք ոգուն կամ կյանքին որեւէ օգուտ չեն բերում: «Որքան խաղը պիտանի է անհատի կամ խմբի կենսագործունեությունը բարձրացնելու համար, այնքան ավելի անխզելիորեն է ձուլվում մշակույթին: Սրբազան արարողությունը եւ տոնական մրցությունը ամենուր կրկնվող այն երկու ձեւերն են, որոնցում մշակույթն աճում է որպես խաղ եւ խաղի մեջ»: Խաղը դիտվում է որպես մշակութաստեղծ ֆունկցիա: Թեեւ Հայզինգան շեշտում է, որ մշակույթը ոչ թե ծագում է խաղի միջից այլ զարգանում է խաղի մեջ եւ որպես խաղ:
Ըստ Հայզինգայի, մարդու հասարակական գործունեության բոլոր կարեւոր ձեւերն սկզբնապես ներհյուսված են խաղին: Խաղն ամենուր է` նույնիսկ հաղորդակցման կարեւորագույն միջոցի` լեզվի մեջ. «Լեզուն ձեւավորող ոգին խաղալով ամեն անգամ նյութականից թռչում է դեպի մտավորը: Յուրաքանչյուր վերացականի արտահայտման թիկունքում կա մի փոխաբերություն, իսկ յուրաքանչյուր փոխաբերության մեջ` մի բառախաղ»: Լեզվի հետ է անմիջականորեն առնչվում նաեւ խաղը իմաստասիրության եւ պոեզիայի մեջ: Պոետական ստեղծագործության էության հարցը դիտվում է որպես խաղի եւ մշակույթի կապի դիտարկման գլխավոր թեմա, «քանզի մինչ կրոնը, գիտությունը, իրավունքը, պատերազմը եւ քաղաքականությունը հասարակության ավելի բարձր կազմակերպված ձեւերում, ըստ երեւույթին, աստիճանաբար կորցնում են մշակութային վաղ փուլերում խաղի հետ ունեցած այդքան ակնառու առնչությունները, պոեզիան, որը ծնվել է խաղային ոլորտում, շարունակում է պատկանել այս նույն ոլորտին»: Բանաստեղծական ձեւակազմության գործողությունները` տաղաչափություն, հանգ, ռիթմ եւ այլն արդեն իսկ խաղի բնույթ են հաղորդում պոեզիային: «Ինչո՞ւ է մարդը խոսքը ենթարկում չափին, կադանսին ու ռիթմին»,-հարցնում է Հայզինգան: «Ով ասում է, որ դա արվում է հանուն գեղեցկության կամ հուզմունքից դրդված, միայն առավել անհասանելի ոլորտ է տեղափոխում հարցը: Սակայն ով պատասխանում է, որ «մարդը բանաստեղծում է, որովհետեւ նա պետք է խաղա համայնքի մեջ», ճիշտ նպատակակետին է խփում»: Պոեզիայի եւ խաղի փոխադարձ կապը վերաբերում է ոչ միայն խոսքի արտաքին ձեւին, այլեւ կերպավորման ձեւերին, ինչպես եւ մոտիվների ու դրանց «զգեստավորմանն» ու արտահայտությանը: Պոեզիան միտումնավոր կերպով, նկատում է Հայզինգան, շարունակում է մշակել լեզվի պատկերաստեղծ հատկությունը, եւ այն, ինչ անում է լեզուն պատկերների հետ, խաղ է: Պոեզիան ոգու խաղ է: Քննության է առնվում խաղային տարրը փիլիսոփայության մեջ. դրա ամենացայտուն օրինակը սոփեստությունն է` հնարամտության խաղը, կամ բառախաղը: Խոսվում է անտիկ փիլիսոփաների` իմաստասիրությունը որպես խաղ ընկալելու մասին: «Խաղ եւ իմաստություն» գլխում քննության է առնվում մրցությունն իմաստության եւ գիտելիքի ասպարեզում` սկսած հանելուկախաղից` ծիսական հանելուկներից, որոնց մեջ արդեն ծնունդ է առնում գոյության հիմքերին վերաբերող խորաթափանց իմաստությունը, մինչեւ իմաստասիրական բնույթի հարց պատասխաններ, որոնց մեջ եւս գործում են խաղի կանոնները. հարց ու պատասխանի մեջ մտնում է պայմանը, կանոնը, որպես խաղի սկզբունք: Պայմանը խաղի մեջ հավասարության սկզբունքն է: Հարց ու պատասխանի տեսակին է առնչվում նաեւ դրաման, որ կառուցվում է երկխոսությամբ: Հայզինգան վերլուծում է նաեւ թատերական ներկայացման եւ խաղի սերտ կապը, որն արտահայտվում է նաեւ որոշ լեզուներում, որոնք դրաման կոչվում են խաղ. դրաման խաղում են: Վերլուծում է երաժշտության եւ պարի խաղային բնույթը:
Հայզինգան հանգամանալից քննում է նաեւ քաղաքականության, միջազգային իրավունքների, պատերազմների խաղային բովանդակությունը: Իրավունքն, ըստ Հայզինգայի, սոցիալական խաղ է: Քննվում է պատերազմի խաղային տարրը: Այսպես ճակատամարտերի տեղի եւ ժամանակի փոխհամաձայնեցված ընտրությունը խաղային բնույթ է հաղորդում պատերազմներին, իսկ խաղի առաջնային, ամենաէական պայմանը պայմանավորվածությունն է ժամանակի եւ տարածության սահմաններում: Խաղի տարրը պատերազմում քննելիսՙ անդրադառնում է Ջոն Ռասկինի տեսությանը, ըստ որի մարդու բնական անհանգստությունը եւ մրցելու սերը համընդհանուր համաձայնությամբ փոխարկվում են խաղի գեղեցիկ, բայց ճակատագրական ձեւի` պատերազմի: Ինչ վերաբերում է ժամանակակից պատերազմին եւ քաղաքականությանը, Հայզինգան նկատում է, որ «ժամանակակից մշակույթն այլեւս դժվար է «խաղացվում», իսկ այնտեղ, որտեղ այն թվում է, թե խաղում է, խաղը կեղծ է»: Հատկապես, ժամանակակից քաղաքականության բովանդակությունը որպես մշակութային երեւույթ դիտարկելիսՙ դժվար է դառնում խաղը ոչ խաղից տարբերելը: Հետաքրքրական է անգլիական եւ հատկապես ամերիկյան քաղաքականության խաղային բնույթի վերլուծությունը: Քննվում է «ժամանակակից» պատերազմների եւ միջպետական հարաբերությունների խաղային էությունը:
Հայզինգայի տրակտատի կարեւորագույն հետեւությունն այն է, որ առանց խաղային վարքի պահպանման մշակույթ ընդհանրապես հնարավոր չէ:
Եղիշե Չարենց. «Վերջին խոսք»
Երեւան, «Հայագիտակ» 2007, «Հայրապետ» տպ., 328 էջ:
«Հայագիտակ» հրատարակչության «Սեղանի գիրք» մատենաշարով լույս ընծայած «Վերջին խոսք» գիրքն ամփոփում է Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի»-ից հետո մինչեւ նրա եղերական վախճանը գրած ստեղծագործությունների ընտրանին: Մեծ բանաստեղծի ծննդյան 110 եւ մահվան 70 ամյակներին նվիրված գրքում առաջին անգամ տպագրվել են բազմաթիվ անտիպ բանաստեղծություններ եւ օրագրային գրառումներ: Գիրքը եզրափակում են Գյոթեից, Պուշկինից, Ռիլկեից, Բլոկից, Բունինից, Բալմոնտից կատարած թարգմանությունները: Գրքում զետեղված են նաեւ բանաստեղծի ձեռագրերի պատճենները, տարբեր տարիների լուսանկարներ եւ նշանավոր մարդկանց բնութագրումներ: Արժեքավոր այս գիրք-մատյանը «Հայագիտակ»-ի մյուս` դասական գրողների ընտրանիները ներկայացնող հուշանվերային հրատարակությունների նման տպագրվել է նաեւ կաշեկազմ տարբերակով:
Ազատ Եղիազարյանի «Սասնա Ծռեր» էպոսի պոետիկան» աշխատությունն անգլերեն
ԱՄՆ Արեւելագիտական գրական մասնագիտացված «Մազդա» հրատարակչությունը 1000 տպաքանակով լույս է ընծայել գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյանի «Սասնա Ծռեր» էպոսի պոետիկան»(1999) աշխատությունը, որ ոչ միայն էպոսագիտության, այլեւ հայ գրականագիտության լավագույն ուսումնասիրություններից է: Հայերենից այն անգլերեն է թարգմանել հայագետ, պրոֆեսոր Պիտեր Քաուին: Ի դեպ վերջին տաս տարվա ընթացքում այս գիրքն անգլերեն թարգմանված առաջին հայ գրականագիտական աշխատությունն է: Առաջաբանում բարձր է գնահատված ոչ միայն աշխատությունն, այլեւ հայկական էպոսի հանդեպ ունեցած հետաքրքրության պարագայում նման խորքային ուսումնասիրության անգլերեն թարգմանության անհրաժեշտությունը: Գրքի վերջում տրված է էպոսին վերաբերող աշխատությունների մանրամասն մատենագիտական ցանկ: Աշնանը Անգլիայում, ԱՄՆ-ում եւ Կանադայում կկայանա գրքի շնորհանդեսը:
Դասական գրականությունը համառոտ տպագրելու փո՞րձ, թե՞ փորձանք
Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի», Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի», Րաֆֆու «Սամվել», Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանք» պատմավեպերի եւ Շիրվանզադեի «Քաոս» վեպի սեղմված, համառոտ տարբերակները «Գիտանք» հրատարակչության կողմից «Ուսուցողական գրադարան» մատենաշարով լույս տեսած առաջին հինգ սեղմավեպերն են: Դասական վեպերի սեղմված տարբերակները լույս են տեսել 2007 թվականին, էջերի քանակով ամենահակիրճը Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» է` 41 էջ, ամենածավալունը` ինչպես եւ սպասելի էր, Դերենիկ Դեմիրճյանի «Վարդանանքը»` 199 էջ: Գրախանութներում դրանց արժեքը 500-1500 դրամ է: Կրթության եւ գիտության նախարարությունը սեղմավեպերն ընդունել է որպես ուսումնական գրականություն, բայց միայն սփյուռքի համար: Հրատարակչի կարծիքով սեղմավեպերում օգտագործված սահմանափակ բառաքանակը հնարավորություն է ընձեռում հայերեն սովորողներին ավելի դյուրին կերպով հաղորդակցվել հայ գրականության հետ. սեղմավեպն առհասարակ օժանդակ գրականություն է լեզու սովորողների համար: Մեզանում այսպիսի փորձեր արվել են նաեւ նախկինում. «Դպրոցական գրադարան» մատենաշարով լույս տեսած Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» վեպի կրճատ տարբերակն էր: Նախադեպը կար, բայց ոչ այսպիսի համակարգված ձեւով: Ի դեպ դասականներին սեղմավեպերով հրատարակելու փորձը վաղուց է կիրառվում ամբողջ աշխարհում, իսկ առաջինը չինացիներն են իրենց դասականներին կրճատ տարբերակով հրատարակել:
Սեղմավեպերի հեղինակը Արփենիկ Ավետիսյանն է, ով 50 տարի հայոց լեզու եւ գրականություն է դասավանդել դպրոցում: Սեղմավեպերը հարմարեցված են նաեւ դպրոցական դասագրքերի եւ ծրագրերի ուսուցողական պահանջներին:
Սեղմավեպի մատենաշարով վերջերս լույս է տեսել նաեւ «Սասունցի Դավիթ» էպոսը... արձակ շարադրանքով: Ըստ հրատարակիչ Ալեքսանդր Աղաբեկյանի, սեղմավեպերի շարքում «Սասունցի Դավիթն» ընդգրկված է, որովհետեւ էպոսը վեպի ժանրային նախահայրն է: «Գիտանք»-ը հրատարակության է պատրաստում Շահան Շահնուրի «Նահանջն առանց երգի» սեղմավեպը... արեւելահայերեն տարբերակով: (Դա արդեն հակագրական հեթանոսություն կլինի: Խմբ.)
Էռնեստ Հեմինգուեյ. «Ծերունին եւ ծովը»
Երեւան, «Անտարես», 2008, 80 էջ:
«Անտարես» հրատարակչությունը վերջերս լույս է ընծայել Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին եւ ծովը»(1952 թ.) վիպակը, որի համար Ամերիկայի հինգ լավագույն արձակագիրներից մեկը համարվող գրողն արժանացել է Նոբելյան մրցանակի: Այս հիասքանչ այլաբանական գլուխգործոցը, որ խորհրդանշորեն պատմում է մարդու մեջ համառող հույսի մասին, հայերեն լույս է տեսել նաեւ 1957 թ. եւ դարձյալ ռուսերենից Վ. Միքայելյանի թարգմանությամբ: Հետաքրքրական է, որ ոչ մեկի մտքով չի անցել վիպակը հայերեն թարգմանել բնագրից: Այս վիպակը վաղուց մեծ պահանջարկ ուներ, այնքան, որ փողոցներում նրա պատճենահանված օրինակներն էին վաճառվում: Այն փաստորեն նախորդի վերահրատարակությունն է: Ի տարբերություն նախորդ հրատարակության` նորը նկարազարդ է, տպագրության անհամեմատ բարձր որակ ունի, սակայն քիչ է տպաքանակը` ընդամենը 300 օրինակ: