ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#9, 2008-05-10 | #10, 2008-05-24 | #11, 2008-06-07


ԱՂՄՈՒԿԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ

Թեքնոյի ներշնչանքը

ՍՄԲԱՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Երաժշտության մի տեսակ կամ ժանր առանց բառերի փորձում է փիլիսոփայել եւ անկենդան ձայներով արտահայտել մարդկային ցավն ու տառապանքը: Դա յուրատեսակ եւ հոգեւոր արվեստ է, որը, սակայն, հասկանում եւ ընկալում են շատ քչերը: Այդ արվեստը կոչվում է Techno:

Յուրաքանչյուր երաժշտական ոճ կարող է արտահայտել իր ստեղծման վայրի կյանքի պատկերը եւ ստեղծողների խոհերը: 1984-ին Նյու Յորքում ստեղծվեց պարային եւ էլեկտրոնային երաժշտության մի նոր տեսակ, որը անվանեցին Garage կամ New Yourk House: Այս ոճի հիմնադիրների խնդիրը մարդկանց զվարճացնելն ու պարեցնելն էր, ուստի երաժշտությունը բավականին թեթեւ, ուրախ եւ քաղցրահունչ ստացվեց: Մեկ այլ ամերիկյան քաղաքում` Չիկագոյում, ստեղծեցին դասական House-ը կամ Chicago House-ը, որը նույնպես ուրախ եւ քաղցրահունչ էր, բայց նյույորքյան երաժշտությունից տարբերվում էր ավելի ագրեսիվ հնչողությամբ: Այս ոճի հիմնադիրները բնակվում էին աղքատ թաղամասերում, House-ը նրանց համար ծանր կյանքը մոռանալու ու լիցքաթափվելու միջոց էր: Եվ վերջապես երրորդ ամերիկյան քաղաքը` Դետրոյթը, որի երաժշտական հարուստ պատմությունը շաղկապված է երկու բառերի հետ` տառապանք եւ հույս: Իհարկե, այս քաղաքի այցեքարտը կարելի է համարել հանրահայտ «Ֆորդ» ընկերության գործարանը, բայց շատերին հայտնի է որպես աֆրոամերիկյան երաժշտության հայրենիք: Իսկ ի՞նչ կապ ունի Techno-ն աֆրոամերիկյան մշակույթի հետ: Պատասխանը շատ պարզ է. այն, ինչպես եւ բլյուզը, ջազը կամ սոուլը ստեղծվեց սեւամորթների շնորհիվ:

Դետրոյթը արդյունաբերական քաղաք է, ուստի տեղի բնակչության մեծամասնությունը ապրուստի միջոց հայթայթում էր` տարբեր գործարաններում աշխատելով: Երբ քաղաքում սկսվեց տնտեսական անկում, դրան հաջորդեց «Ֆորդ» գործարանի ավտոմատացումը, շատերը մնացին առանց աշխատանքի ու լքեցին քաղաքը, իսկ նրանք, ովքեր մնացին, դարձան կամ հանցագործներ եւ թմրամոլներ, կամ էլ չափազանց ծանր կյանքով ապրող հասարակ մարդիկ, որոնք քրեական աշխարհի հետ կապ չէին ուզում ունենալ:

Հայտնի է, որ էլեկտրոնային երաժշտությունը երբեմն անվանում են նաեւ ակումբային երաժշտություն եւ հասկանալու համար, թե ինչ էլեկտրոնային երաժշտություն էր հնչում Դետրոյթում, պետք է ուսումնասիրել 80-ականների սկզբների ակումբային կյանքը: Այստեղ չկային այնպիսի շքեղ եւ հանրահայտ ակումբներ, ինչպես Նյու Յորքում եւ Չիկագոյում, այլ միայն փոքրիկ երեկույթներ, որոնց անվանում էին «Chi-Chi Party»-ներ: Կարելի է նշել դրանցից ամենահայտնիները` «Plush», «Funtime society», «Universal», «GQ Production» եւ վերջապես ամենահաջողվածը` «Charevari»-ն, որը կազմակերպում էր պրոմոուտեր Քեւին Բլիդսոնը: Այս երեկույթներին ներկա էր լինում էր շուրջ 1200 մարդ, ինչն այն ժամանակների համար աննախադեպ հաջողություն կարել է համարել: Այստեղ հիմնականում հնչում էր «Human League», «ABC», «Visage», «Telex», «B-52» կամ նմանատիպ այլ խմբերի երաժշտություն:

Երաժշտության ծնունդը

1981-ին երկուական ուսանող աղջիկ եւ տղա որոշեցին մի երգ ձայնագրել եւ նվիրել «Charevari» երեկույթին: Թրեքը հենց այդպես էլ կոչվում էր, իսկ խումբը անվանվեց «A Number of Names»: Եվ հենց այս երաժշտությունը դարձավ թեքնոյի նախատիպը: Բայց պետք է ասել, որ այս ոճի ծնունդը եւ զարգացումը կապված է այլ մարդկանց անունների հետ:

Նրանցից առաջինը երիտասարդ երաժշտասեր Խուան Էթքինսն (Juan Atkins) էր, որի համար երաժշտությունը ավելի շատ փիլիսոփայություն եւ միստիկա էր, քան արվեստ: Նրա ներշնչանքի աղբյուր հանդիսացավ հայտնի «The midnight funk association» ռադիոշոուն, որը վարում էր Չարլզ Ջոնսոնը, ով հայտնի էր որպես «The Electrifyin՚ Mojo»: Խուանը հենց այս շոուի ընթացքում առաջին անգամ լսեց «Kraftwerk»-ի մեխանիկական երաժշտությունը, եւ այն մինչեւ հոգու խորքը ցնցեց երիտասարդին, նա ապշել էր, թե ինչպես կարելի է մեքենայի (սինթեզատորի) շնորհիվ ստանալ երաժշտություն: Շուտով Էթքինսը ձեռք բերեց սեփական սինթեզատոր եւ ծանոթացավ Վիետնամի պատերազմի վետերան Ռիք Դեյվիսի հետ, որը նույնպես զբաղվում էր երաժշտությամբ եւ որին նունպես հուզում էր երգի գաղափարը: Նրանք միասին ստեղծեցին «Cybotron» խումբը եւ շարունակեցին «A Number of Names»-ի անավարտ գործը: Երաժշտությունը, որը ստեղծում էր դուետը, թեեւ շատ էր նման «Kraftwerk»-ի Electro-ին, բայց ուներ մի շատ նկատելի տարբերություն. «Cybotron»-ի թրեքները, օրինակ, «The Methane sea»-ն, չունեին փոփ երաժշտության տարրեր եւ ավելի շատ հակված էին տիեզերական հնչողության կողմը: Ռիք Դեյվիսի վրա շատ մեծ տպավորություն էր թողել Ալվին Թոֆլերի «The third wave» («Երրորդ ալիք») գիրքը, որը պատմում է ապագայի մասին: Հեղինակը մասնավորապես նշում է, որ ապագայում ամենակարեւոր երեւույթը կլինի ինֆորմացիան, եւ կհայտնվեն «թեքնո-ապստամբներ», որոնք կպայքարեն տեխնոլոգիաների դեմ: Գիրքը հետաքրքրեց նաեւ Խուանին, սակայն նրանք ստիպված եղան ընդհատել ստեղծագործական հետագա համագործակցությունը, քանի որ Ռիքը խումբ հրավիրեց կիթառիստ John Howsly-ին, իսկ Էթքինսը կտրականապես դեմ էր, որ իր երաժշտության մեջ օգտագործվեն կենդանի գործիքներ, առավել եւս կիթառ: Նրա համոզմամբ` երաժշտությունը պետք է լինի ֆանտաստիկ ու անիրական: Այն պետք է ազատեր Դետրոյթը խոր ճգնաժամից եւ մարդկանց տաներ դեպի տիեզերք, դեպի ազատություն, եւ նա դա փորձեց իրագործել` հիմնելով «Metroplex» լեյբլը: Խուանը իրեն կոչեց «Model 500» եւ հենց այս անվան տակ ստեղծեց «No UFOs» թրեքը, որը շատերը համարում են Techno-ի բոլոր ժամանակների գլուխգործոցներից մեկը:

Էթքինսը հասկանում էր, որ սինթեզատորային ձայնը ստացվում է ծրագրավորման շնորհիվ, եւ երաժշտական գիտելիքները հարստացնելու նպատակով ընդունվեց քոլեջ ու սկսեց ուսումնասիրել ծրագրավորում, բայց ցավով հայտնաբերեց, որ այդ ծրագրավորումը ձայնի ծրագրավորման հետ ոչ մի առնչություն չունի: Միգուցե սա ճակատագիր էր, քանի որ հենց քոլեջում Էթքինսը ծանոթացավ մեկ այլ երաժշտասերի` Դերիք Մեյի (Derrick May) հետ, որը երաժշտության ավելի մեծ գիտակ էր, քան իր ընկերը: Մեյն այն ժամանակ ընկերություն էր անում Խուանի մեծ եղբոր` Ահարոնի հետ, սակայն մի գեղեցիկ օր նրանց միջեւ զրույց սկսվեց երաժշտության մասին, եւ Մեյն ու Էթքինսը հասկացան, որ երկուսն էլ այրվում են նույն կրակով: Ի տարբերություն Խուանի, որը կրթվել էր լսելով Funk-Rock, Synth-Pop, Soul, Funkadelic, Electro, Դերիքը Չիկագոյի «Power plant» ակումբում լսել եւ ականատես էր եղել, թե ինչպես է նվագում հաուսի կնքահայր Ֆրենքի Նեքլզը, ու այդ իրադարձությունը հեղաշրջել էր նրա ողջ կյանքը, եւ նա որոշեց Էթքինսին ցույց տալ, թե ինչ է կատարվում Չիկագոյի պարահրապարակներում: Տեսարանը այնքան ապշեցրեց Խուանին, որ նա որոշեց Դերիքի հետ միասին ստեղծել սեփական երեկույթը Դետրոյթում: Նրանց միացան նաեւ մի քանի ընկերներ, օրինակ` Eddie Flashin՛ Fowlkes-ը, եւ 1981-ին ծնվեց «Deep Space Soundworks» երեկույթների շարքը: Բայց պետք է ասել, որ Մեյն ու Էթքինսը ավելի շուտ երաժիշտ եւ փիլիսոփա էին, քան դիջեյ: Նրանք կարող էին ժամերով նստել միասին, լսել տարատեսակ երաժշտություն, եւ այդ ժամանակ նրանց ավելի շատ հուզում էր ոչ թե ստեղծագործության հայտնի կամ սիրված լինելը, այլ այն, թե ինչ են մտածել եւ զգացել այն մարդիկ, որոնք գրել են այդ երաժշտությունը. մի մոտեցում, որը, ցավոք, բնորոշ է հատուկենտ երաժիշտների: Այսպես նրանք սկսում էին երաժշտությունը սիրել` հասկանալով այդ ստեղծագործության հոգեբանությունը:

Եթե Խուանը միտված էր իր երաժշտությունը գրելու Electro-ին հատուկ Break Beat ռիթմով, ապա Մեյն ավելի նախընտրում էր House-ի 4/4 բիթը եւ սկսեց օգտագործել կենդանի վոկալ (նրա ընկերը վոկալը ձեւափոխում էր տարբեր էֆեկտների շնորհիվ, եւ դժվար թե գտնվեր մեկը, ով կկռահեր, որ թրեքում ոչ թե այլմոլորակային կամ ռոբոտ, այլ մարդ է երգում): «Deep Space Soundworks»-ի փակվելու հետ մեկտեղ Դերիք Մեյը ձայնագրեց թեքնոյի առաջին գլուխգործոցներից մեկը` «Strings of Life»-ը:

1984-ին նրանց միացավ եւս մեկ երիտասարդ` Քեւին Սաունդերսոնը (Kevin Saunderson), ով երկար ժամանակ բնակվել էր Բրուքլինում եւ ում մեծ եղբայրը հնչյունային ինժեներ էր աշխատել շատ նյույորքյան ակումբներում: Այնպես որ Քեւինը առիթ էր ունեցել գտնվել այնպիսի լեգենդար վայրերում, ինչպիսին է, օրինակ, Paradise Garage-ը եւ բավական հմտությամբ էր վարվում ստուդիայի տեխնիկայի հետ: Նա էլ, ինչպես Մեյը, գտնվում էր հաուսի ազդեցության տակ եւ ցանկանում էր ստեղծել իր երաժշտությունը: Ճիշտ է, Քեւինը դեռ չէր եղել Չիկագոյում եւ չգիտեր, թե ինչպիսի հաուս են ստեղծում այդ քաղաքում, սակայն այս հարցը եւս լուծվեց, քանի որ Դերիք Մեյի մայրը բնակվում էր այդ քաղաքում, եւ նա հաճախ էր լինում այնտեղ: Ժամանակի հետ թեքնոյի ապագա կնքահայրերի եռյակը սկսեց հաճախ այցելել այնպիսի հայտնի ակումբներ, ինչպիսին է, օրինակ, «Music Box»-ը, ուր նվագում էր լեգենդար դիջեյ Ron Hardy-ին, ում շնորհիվ մարդիկ առաջին անգամ լսեցին Acid House:

Հաուսից թեքնո

Չիկագոյում տիրող մթնոլորտից տպավորված` երաժիշտների եռյակը որոշեց, որ Դետրոյթում նույնպես պետք է ստեղծվի ժամանակակից երաժշտական ուղղություն, մասնավորապես, նրանք մտածում էին այսպես. «Եթե հաուսը դիսկո է, որը նվագում են միկրոսխեմաներով, ապա ի՞նչ կստացվի, եթե օգտագործվեն միայն միկրոսխեմաների ձայները»: Եվ հենց այդ միկրոսխեմաների ձայներից էլ սկիզբ առավ Techno-ն: Ինչպես արդեն նշվեց, Խուանի երաժշտությունը նման էր Electro-ի, այնտեղ կային նաեւ Industrial-ի տարրեր, բայց այն ավելի դինամիկ էր, ուներ 130-140 BPM արագություն, մռայլ հնչողություն, եւ այնտեղ ոչ մի հնչյուն չկար, որը կարող էր հուշել, թե այս երաժշտությունը ոչ թե ռոբոտը, այլ մարդն է ստեղծել: Այս ոճը հետագայում կոչեցին Classic Techno կամ Detroit Techno (նշենք, սակայն, որ Detroit Techno ոճը ստեղծվեց ավելի ուշ, այլ մարդկանց կողմից): Այս ոճը առաջին «անկենդան երաժշտությունն» էր, որում շեշտը հիմնականում դրվում էր ռիթմի հագեցվածության վրա, իսկ եթե ավելի պարզ` երաժշտության մեջ գերակշռում էին հարվածային տարատեսակ գործիքներ եւ էֆեկտներ:

Մեյն ու Քեվինը իրենց հերթին գրում էին ավելի «կենդանի» երաժշտություն, որը երկար ժամանակ համարում էին հաուս, քանի դեռ ի հայտ չէր եկել թեքնո տերմինը: Ճիշտ է` այս երաժշտությունը թեեւ շատ նման էր հաուսի ու հետագայում էլ անվանեցին Detroit House կամ The New Dance Sound of Detroit, սակայն պետք է ասել, որ համարվում է թեքնոյի ուղղություն: Detroit House-ը, ի տարբերություն Չիկագո կամ Նյու Յորք հաուսների, ուներ սառը, ոչ թե տաք հնչողություն, ինչը հատուկ չէր այն ժամանակների հաուսին: Այս ոճն ուներ 125-135 BPM արագություն. այստեղ օգտագործվում էին կենդանի վոկալ եւ սինթեզատորային նոտայախմբեր: Ասենք նաեւ, որ հետագայում եվրոպացի դիջեյները այս ոճի շնորհիվ ստեղծեցին Tech House-ը` հաուսի եւ թեքնոյի հիբրիդը:

Չնայած տղաները ջանք ու եռանդ չէին խնայում, որ իրենց երաժշտությունը նվագեին Չիկագոյի դիջեյները, բայց այն ճանաչում ստացավ հենց Դետրոյթում: Այն ժամանակի դետրոյթյան ամենահայտնի դիջեյներից մեկը Ken Collier-ն էր, որ առաջինը պարահրապարակում հնչեցրեց «Strings of Life»-ը եւ «No UFO՚s»-ը: Առաջին քայլը եռյակը կատարեց. նրանց ստեղծագործությունները հնչեցին ակումբում, սակայն դա միայն սկիզբն էր. սկիզբը մի բանի, որը նույնիսկ իրենք` Էթքինսը, Մեյը եւ Սաունդերսոնը չէին պատկերացնում:

Լեգենդի սկիզբը

1987-ին հաուսն արդեն սկսում էր իր արշավը դեպի Եվրոպա, եւ բոլոր դիջեյներն ու պրոդյուսերները համոզված էին, որ հենց այս ոճի հետ է կապված երաժշտության ապագան, բայց նրանք դեռ չգիտեին, որ Դետրոյթում նույնպես զարգանում է էլեկտրոնային երաժշտության մի նոր ճյուղ: Ընդհանրապես շատերը, այդ թվում նաեւ հայտնի ժուռնալիստ Դեն Սիկոն, համոզված են, որ Techno-ն սկսվեց Դերիք Մեյի «Nude photo» ստեղծագործությունից, քանի որ մինչ այդ բոլոր դետրոյթյան ստեղծագործությունները, նույնիսկ մռայլ «No Ufo`s»-ը շատ նման էին հաուսի: Բայց «Nude photo»-ից հետո բոլորը հասկացան, որ Դետրոյթում ծնվում է ոչ թե House-ի նոր ուղղություն, այլ բոլորովին այլ երաժշտական ժանր: Թեեւ House-ը եւ Techno-ն Եվրոպան պետք է գրավեին միահամուռ ջանքերով:

Քեւին Սաունդերսոնը Էթքինսի նման հիմնեց սեփական լեյբլը` «KMS»-ը, որն իր անվան հապավումն էր` Kevin Mauris Saunderson: Նա նաեւ հաճախ էր փոխում իր կեղծանունները` Kreem, Reese, Reese and Santonio, E-Dancer, Inner City: Հենց վերջին անվամբ էլ վոկալիստուհի Փերիս Գրեյի հետ նա ձայնագրեց իր երկու գլուխգործոցները, որոնք հետագայում Եվրոպայում պետք է դառնային հիթեր` Big Fun-ը եւ Good Life-ը: Շուտով սեփական ստուդիա հիմնեց նաեւ Դերիքը` կոչելով «Transmat», որը գործում է մինչ օրս:

Երեք տղաներն էլ բնակվում էին Բելվիլ անվամբ աղքատ թաղամասում եւ փորձում էին բացի երաժշտությունից ուրիշ ոչնչով չզբաղվել ու ոչ մեկի հետ չշփվել, սակայն նրանք լավ էին հասկանում, որ հայրենիքում իրենց երաժշտությունը ապագա չի կարող ունենալ, նույնիսկ Չիկագոն այդ հարցում նրանց չի կարող օգնել: Բայց ահա Եվրոպայում սկսվում էր իրական հաուս-բում, ու շատ պրոդյուսերներ շտապում էին Չիկագոյի եւ Նյու Յորքի հաուսները թողարկել իրենց երկրներում (սկզբում միայն Անգլիան էր զբաղվում այդ գործով): Գտնվեց նաեւ մեկը, որ ուշադրություն դարձրեց Դեթրոյտի վրա, եւ նա չսխալվեց:

1987-ին դիջեյ Ռին Ռեթշոնը (հետագայում Nettwerk records-ի հիմնադիրը) դարձավ առաջինը, որ դետրոյթյան նոր երաժշտությունը փորձեց ներմուծել հին մայրցամաք: Շուտով Ռինը հավաքեց եւ լիցենզավորեց մի շարք ստեղծագործություններ, սակայն ալբոմ թողարկելու համար նա չուներ ֆինանսական միջոցներ եւ օգնություն խնդրեց «Virgin» ընկերությունից: Այսպիսով 1988-ին ամեն ինչ պատրաստ էր, մնում էր մեկ հարց. Virgin-ը խնդրեց, որ երաժշտությանը տային անվանում: Սկզբում Ռեթշոնը որոշեց անվանել «The house sound of Detroit», բայց հասկացավ, որ դա հաուս չէ եւ պետք է այդ ոճին տալ մեկ այլ անվանում: Այդ հարցում նրանց օգնեց Խուան Էթքինսը, ով ամենավերջին պահին նրանց հանձնեց կարճ եւ պարզ անվամբ մի թրեք, որը կոչվում էր «Techno music»: Փաստորեն Ալվինը, ինքն էլ չգիտակցելով, Խուանին նվիրել էր երաժշտական նոր ուղղության անվանում:

Techno բառը առաջին անգամ կիրառվեց 70-ականներին Electro-ի նկատմամբ, որը նաեւ անվանեցին Techno Pop: Հետագայում` 80-ականների վերջերին, ստեղծվեց հաուսի մի ուղղություն, որը կոչեցին Techno Dance, սակայն պետք է ասել, որ այս ոճը ավելի շատ Dance էր, քան Techno: Եվ վերջապես ձեզ արդեն ծանոթ դետրոյթյան երաժշտությունը, որն էլ իրական թեքնոն է: Բայց պետք չէ մոռանալ նաեւ, որ այս բառով շատերը բնորոշում են այն ամենը, ինչ նման է հաուսի եւ թեքնոյի, այսինքն ռիթմիկ եւ դինամիկ էլեկտրոնային երաժշտություն, որի շեշտը դրված է բաս-հարվածի վրա` Rave, Trance, Jungle, Drum n Bass, Hardcore: Երեւի դրա պատճառն այն է, որ Techno-ն ամբողջությամբ էլեկտրոնային առաջին երաժշտական ոճն էր:

Եվ այսպիսով` 1988-ին բրիտանական երաժշտական խանութներում հայտնվեց մի ձայնապնակ, որի շապիկին կարելի էր կարդալ հետեւյալը. «Techno! The new dance sound of Detroit»:

Սթյուարտ Քոսգրուվին եւ Ջոն Մաքկերդիին «The Face» եւ «NME» ամսագրերից հարցազրույց անցկացրին թեքնոյի կնքահայրերի հետ: Այս հարցազրույցի ժամանակ Դերիք Մեյը Քոսգրուվին ասաց իր պատմական նախադասությունը. «Թեքնոն նույն է, ինչ Դետրոյթը. մի մեծ թյուրիմացություն, ինչպիսին կլիներ, օրինակ, եթե Kraftwerk-ը եւ Ջորջ Քլինթոնը մնային մի վերելակի մեջ, եւ նրանցից որեւէ մեկի մոտ լիներ սեկվենսոր»: Ձեզանից շատերը հիմա երեւի կմտածեն, որ Մեյը հիմարություն է ասել, կամ էլ ոչ մի իմաստ չկա նրա խոսքերի մեջ, սակայն դրանց իմաստը ավելի խորն է: Այն թաքնված է ոչ թե երաժշտության հնչյունների, այլ նրա գաղափարախոսության եւ հոգեբանության մեջ: Մեյի նախադասությունը փիլիսոփայություն է, որը նման է մի ոչինչ չասող աբսուրդի: Բայց այդ աբսուրդը հետագայում հուզել է թեքնոյի միլիոնավոր երկրպագուների:

Իսկ ահա Խուանը հարցազրույցի ժամանակ ասաց. «Բերի Գորդին (նշենք, որ նա 1959-ին հիմնեց «Motown» ձայնագրման ստուդիան եւ աշխարհին տվեց հանրահայտ Soul երգիչներ) հիմնեց իր «Motown» լեյբլը այն նույն սկուզբնքով, որով եւ «Ֆորդը» իր արտադրական ձեռնարկությունները: Այսօր այդ ձեռնարկությունները չեն աշխատում այդ սկզբունքներով. նրանք մեքենա պատրաստելիս օգտագործում են ռոբոտներ եւ կոմպյուտերներ: Եվ ինձ ավելի շատ հետաքրքրում են այդ ռոբոտները, քան Գորդիի երաժշտությունը»: Սա նույնպես աբսուրդ է, քանի որ յուրաքանչյուր դետրոյթցի կարող է միայն հպարտանալ «Motown»-ով:

Էլթոն Միլլերի եւ Ջորջ Բայքերի «Music institute» ակումբում նվագում էին Derrick May-ը, Darrel D Wynn-ն եւ Chez Damier-ը, եւ այս ակումբը յուրատեսակ դպրոց դարձավ հետագա թեքնո աստղերի համար, սակայն պետք է ասել նաեւ, որ թեքնոն պատմության մեջ միակ երաժշտական ուղղությունն է, որի խմբերի մեծամասնության անդամները անհայտ էին մնում: Եվրոպայում աստիճանաբար սկսում էին սիրել նոր ոճը. հաուսի հետ մեկտեղ դիջեյները սկսեցին հաճախակի նվագել թեքնո, եւ այն փաստը, որ իրենց երաժշտությունը կարող է երիտասարդ տղաների եւ աղջիկների մի քանի հազարանոց բանակ հավաքել, ապշահար էր թողնում թե Խուանին, թե Մեյին եւ թե Սաունդերսոնին:

Այս ամենով հանդերձ` շատերը թեքնո ասելիս հասկանում են ոչ թե այս եռյակը, այլ մեկ ուրիշ անուն, անուն, որը երաժշտությամբ արտահայտեց մարդկային ցավը, անուն, որը երաժշտությունը վերածեց հզոր գաղափարախոսական զենքի, որը չուզեցավ հաշտվել ոչ մի օրենքի հետ, անուն, որը թեքնոյի յուրաքանչյուր երկրպագու արտասանում է գլուխը բարձր եւ հպարտորեն. «Underground Resistance» («Ընդհատակյա դիմադրություն»): Հասկանալու համար, թե ինչի դեմ էին նրանք պայքարում, պետք է հասկանալ, թե ովքեր հիմնեցին խումբը, չնայած «Underground Resistance» ասելով շատերը հասկանում են թե ձայնագրման ստուդիա, թե երաժիշտների եւ դիջեյների մի ողջ բանակ:

Կախարդը

Խուանի նման մի երիտասարդ էլ բնակվում էր Դետրոյթում. նրա անունը Jeff Mills էր: Նրա մեծ եղբայրը դիջեյ էր, եւ երբ վերջինս թողեց դիջեյինգը, Ջեֆը ժառանգեց նրա տեխնիկան ու սկսեց ինքնուրույն ուսումնասիրել միքսի արվեստը: Երբ Ջեֆը 16 տարեկան էր, արդեն նվագում էր տարատեսակ պատանեկան դիսկոտեկներում, սակայն ձգտում էր իրական դիջեյինգի, որը կարող էր լինել միայն գիշերային ակումբում: Իսկ այն ժամանակ անչափահասներին թույլ չէին տալիս մտնել այդպիսի վայրեր: Բայց եղբոր կապերի շնորհիվ Միլզը հնարավորություն ստացավ իր ունակությունները ցույց տալ մի ակումբի մենեջերներին եւ դիջեյներին: «Lady Club». այդպես էր կոչվում այն ակումբը, որտեղ առաջին անգամ նվագեց Ջեֆ Միլզը: Նրան խնդրեցին, որ նա սկսի սեթը եւ ցույց տա իր հմտությունը: Ջեֆը մի նվագարկչին դրեց թրեքը սկզբից, իսկ մյուսին` բրեյքից: Այս վիրտուոզ քայլը զարմացրեց թե մենեջերներին եւ թե դիջեյներին, որոնք սկսեցին ուսուցանել երիտասարդ տաղանդին:

Մի գեղեցիկ օր «Lady Club» հյուր պետք է այցելեր աշխարհահռչակ երգիչ Prince-ը, եւ դիջեյի դերը այդ օրը հանձնվեց Միլզին: «WDRQ» ռադիոկայանը ուղիղ հեռարձակմամբ հաղորդում էր ակումբից, ու հաղորդավարուհին, մոտենալով դիջեյին, խնդրեց, որ նա ասի իր կեղծանունը: Սակայն նա չուներ կեղծանուն ( դիջեյներն այն ժամանակ կեղծանուն չէին ընտրում) եւ այսպես պատասխանեց. «Ընկերս ինձ «Wizard» («կախարդ») է անվանում», եւ հաղորդավարուհին արագորեն ասաց. «Մենք գտնվում ենք «Lady Club» ակումբում, եւ ձեզ համար այժմ կնվագի «Wizard»-ը»: Այս միստիկ անվանումը հետագայում շատ խոր հետք թողեց հատկապես Hip-Hop-ի երկրպագուների սրտերում:

Շուտով Ջեֆին հրավիրում են «WDRQ» ռադիոկայան եւ առաջարկում դառնալ ռադիոդիջեյ, քանի որ ռադիոկայանին պետք էին նոր մոտեցումներ ու թարմ մտքեր: Ջեֆը այս ամենի հետ մեկտեղ ստեղծագործում էր. նա ուներ խումբ, որը կոչվում էր «The Final Cut»: Նրանք ստեղծագործում էին մռայլ եւ աղմկոտ Industrial ոճով: Դե իհարկե, սեւամորթ տղայի Industrial նվագելը սենսացիոն իրադարձություն էր, բայց նրան չէր լքում այն զգացումը, որ իրեն խմբում չեն հասկանում: Ջեֆը մեծ սեր ուներ նաեւ ռեպի նկատմամբ, եւ հենց նրա ջանքերով շատ դետրոյթցի երիտասարդներ, մոռանալով թմրադեղերը, սկսեցին զբաղվել Hip-Hop-ով: Հետագայում նրա երեկույթներին սկսեցին հաճախել շատ հայտնի ռեպերներ, օրինակ` Eminem-ը: Միլզը այն եզակի դիջեյներից էր, ով ընկալում էր ռեպի խորաթափանցությունը եւ այդ երաժշտությունը չէր համարում անմիտ արտասանություն:

Պայքարի ասպետները

Եթե Դետրոյթում կար մի մարդ, որ զգացել էր այդ քաղաքի ցավն ու տառապանքը, ապա դա Մայք Բենքսն էր կամ, ինչպես հաճախ էին անվանում նրան, Խելագար Մայքը: Նա էլ էր սիրահարված երաժշտությանը, մասնավորապես` մոթոունյան սոուլին, որը մի ժամանակ լավատեսություն արթնացրեց դետրոյթցիների մեջ: Սակայն լինելով սեւամորթ` նա ստիպված էր որոշ ժամանակ հրաժարվել իր երազանքներից, քանի որ ԱՄՆ-ում սեւամորթ երաժիշտները ավելի շատ «կապիկություն» էին անում: Պրոդյուսերները մի քանի այլ սեւամորթ տղաների հետ Մայքին ընդգրկեցին մի անհեթեթ խմբի մեջ, որը ուներ անհեթեթ անվանում` «For Girls Only» («Միայն աղջիկների համար»), եւ որին ստիպում էին երգել անհեթեթ երգեր: Մայքը ծնվել էր ծայրաստիճան աղքատ ընտանիքում եւ ցանկանում էր երաժշտության շնորհիվ ազատվել թշվառությունից: Նա երազում էր, որ իր մասին գրեն ամսագրերում, իր նկարները հայտնվեն թերթերի առաջին էջերում, իր տեսահոլովակները ցուցադրվեն հեռուստատեսությամբ, սակայն այդ ամենին հասնելու համար ստիպված էր իրեն ծաղրածուի պես պահել: Բայց ամեն ինչ ակնթարթորեն շրջվեց, երբ նա լսեց «Public Enemy»-ի ռեպը, որ հակադրվել էր ամբողջ աշխարհին: Շուտով Մայքը թողեց իր անհեթեթ խումբը, այդպես վարվեց նաեւ Միլզը, եւ նրանք հանդիպեցին: Եթե այս աշխարհում կա երկու երաժիշտ, որոնք իրար հասկանում են կես բառից, ապա դա Միլզն ու Մայքն են: Նրանք երկուսն էլ սիրում էին «Public Enemy», երկուսն էլ երաժշտության մեջ էին տեսնում իրենց հայրենի քաղաքի ապագան: 1991-ին Ջեֆ Միլզը եւ Մայք Բենքսը հիմնեցին «Underground Resistance» խումբը:

Նրանք արդեն հասկացել էին, որ թեքնոն ներուժ ունեցող երաժշտություն է եւ սկսեցին ստեղծագործել հենց այդ ոճով: Պետք է ասել, որ Միլզը հեռացավ ռադիոեթերից եւ հասկացավ, որ իրեն շահագործել են որպես նոր աստղի, սակայն որոշեց յուրատեսակ վրեժ լուծել: Նա ուղղակի եթերում հնչեցրեց «Public Enemy»-ի երգերից մեկը, ինչի համար նրան խիստ նկատողություն արեցին, սակայն դա կրկնվեց, եւ նրա ռադիոհաղորդման տեւողությունը կրճատեցին: Միլզը այնքան միացրեց «Public Enemy», մինչեւ նրա հաղորդումը դարձրեցին 10 րոպե, եւ այդ ժամանակ նա ինքը որոշեց հեռանալ Ռադիո «WDRQ»-ից: Ու «Wizard»-ը մահացավ, մահացավ նրա կերպարը, սակայն մարդը, որը թաքնվում էր այդ անվան տակ, երկար ժամանակ շարունակեց ստեղծագործել նոր ոգով: Շատ երաժշտագետների կարծիքով նա գրեց բոլոր ժամանակների լավագույն թեքնոն: Ստեղծագործությունը կոչվում էր «The Bells», որը ի ցույց էր հանում Դետրոյթի ցավն ու տառապանքը եւ միաժամանակ կոչ անում պայքարել եւ չհանձնվել: «Underground Resistance»-ը բարձրաձայնեց այն նույն խնդիրները, ինչը եւ «Public Enemy»-ն. նրանք սկսեցին երաժշտության շնորհիվ պայքարել եւ չհնազանդվել: Խմբի առաջին ձայնապնակը լույս տեսավ 1991-ին եւ կոչվեց «Your Time Is Up»` «Քո ժամանակը սպառվեց»:

Նրանց երաժշտությունը շատ ավելի մռայլ էր եւ շատ ավելի ագրեսիվ, քան մինչ այդ ստեղծված Techno-ները, եւ այդ երաժշտությունն էլ դարձավ իրական Detroit Techno-ն: Այս մռայլ հնչյունների մեջ, սակայն, կարելի էր լսել սոուլի տարրեր, ինչը շատերի համար մնում է աննկատ, քանի որ թեքնո լսելիս նրանց աչքի առջեւ հառնում է բետոնե մի պատ, որի վրա ամրացված են մետաղյա տարբեր իրեր: Իրականում թեքնոն հենց այդ պատն է, սակայն նրա ներսում կան ծաղիկներ, որը տեսնելու համար պետք է հասկանալ այս ոճի հոգեւոր կողմերը: Եթե սկզբում Խուանի եւ Մեյի փիլիսոփայությունը ուղղակի ապշեցնում էր երաժշտասերներին, ապա հետագա սերունդներին ընդանրապես չհուզեց, թե ինչու ստեղծվեց թեքնոն, նրանք ուղղակի լսում էին եւ վերջ: 1994-ին Նյու Յորքում տեղի ունեցավ «New Music Seminar» փառատոնը, որտեղ վերջապես անդրադարձան նաեւ թեքնոյին: Ժուռնալիստների անիմաստ հարցերին Խուանը զայրացած պատասխանեց. «Դուք չեք հասկանում, թե ինչ է թեքնոն: Հիմար-հիմար հարցեր տալու փոխարեն ավելի լավ է գնաք Դեթրոյտ եւ տեսնեք, թե ինչ է այնտեղ կատարվում»:

«Մենք երբեք չենք մահանա»

Թեքնոն Դետրոյթի համար ավելին էր, քան երաժշտական ուղղություն. քաղաքում տիրող աղքատությունը ստիպեց մարդկանց ստեղծել մի բան, որի շնորհիվ նրանք կկարողանային աշխարհին ցույց տալ իրենց ցավը, սակայն այդ ցավի հետ մեկտեղ կկարողանային հայտնել հույս, որ այդ երաժշտությունը կազատի իրենց տանջալից կյանքից:

Քանի-քանի անգամ եկել եւ ասել են Մայք Բենքսին . «Ես լսել եմ, որ երաժշտության համար փող են տալիս, լսիր, ես մի բան եմ ստեղծել, գուցե լավը լինի»: Եվ այդ երաժշտությունը իրոք լավն էր, քանի որ դրա մեջ կար հույս, իսկ երբ եվոպացիները մեծ գումարներ առաջարկեցին դեթրոյտցի դիջեյներին, նրանք գլուխները կորցրեցին եւ սկսեցին ստեղծել անորակ եւ անկենդան երաժշտություն: Նրանցից շատերին չի կարելի մեղադրել, քանի որ նրանց ամբողջ կյանքը անցել է հետնախորշերում, ու դա նրանք դիտում էին որպես ճակատագրի ընձեռած հնարավորություն: Սակայն ոմանք որոշեցին չլքել իրենց քաղաքը փողի եւ փառքի համար: UR-ը հիմնեց իր սեփական լեյբլը` «Submerge»-ը եւ դրա շնորհիվ շատ երիտասարդների փորձեց հետ պահել հանցագործ աշխարհից` հասկացնելով, որ կա մի երաժշտություն, որը կարող է նրանց տալ լավ ապագայի հնարավորություն: Ու շատերը հավատացին նրանց, հավատացին, քանի որ այլ ելք չկար. նրանք միասին ստեղծեցին մի մեծ ընտանիք, որում չկար անարխիա, բոլորը հավասար էին: Հավատացին նաեւ այն պատճառով, որ «Underground Resistance»-ի երաժշտությունը հզոր էր եւ կարող էր ուժ հաղորդել, իսկ թե ինչքանով էր այն հզոր` կհամոզվեք ինքներդ` ծանոթանալով այս պատմությանը:

UR-ի անդամներից էր Ronaldo-ն, որին գիտեին նաեւ որպես «The Aztec Mystic»: Մի գեղեցիկ օր Ռոնալդոն եւ Մայքը նստած էին մեքսիկական սրճարանում, որի պատերին պատկերված էին ացտեկների ու ինկերի դարաշրջանի տարբեր նկարներ: Ու նրանք հանկարծ սկսում են մտորել ինկերի եւ ացտեկների երաժշտության մասին: Քննարկումներից ծնվեց մի երգ, որը ձայնագրեց Ռոնալդոն եւ անվանեց «Jaguar»: Այն միանգամից դարձավ հիթ, եւ նշենք նաեւ, որ այս թրեքը վերջին դասական թեքնոն էր:

«Յագուարի» հայտնի դառնալուց հետո Մայքի հետ կապ հաստատեցին «Sony» ընկերության աշխատակիցները եւ խնդրեցին համաձայնություն, որ իրենք թողարկեն այս երգի կավեր տարբերակը, ինչը Մայքը միանգամից մերժեց: Սակայն «Sony»-ն թողարկեց «Յագուարը», առանց հաշվի առնելու հետագա հետեւանքները: Շուտով Բենքսը սկսում է տարօրինակ նամակներ ստանալ բազմաթիվ մտերիմ մարդկանցից, որոնցում ասվում էր, որ նա ծախվեց եւ դավաճանեց բոլորին: Սկզբում Մայքը չէր հասկանում, թե ինչ է կատարվում, բայց երբ իմացավ, որ «Sony»-ն թողարկել է «Յագուարը», ամեն ինչ տեղն ընկավ: UR-ը պատերազմ հայտարարեց «Sony» ընկերությանը: Երկրպագուների մի ողջ բանակ սկսեց անընդմեջ նամակներ ուղարկել այդ ընկերության էլեկտրոնային հասցեին, եւ վերջապես նրանք հանձնվեցին ու Մայքին առաջարկեցին շահույթի մի մասը, սակայն նա կտրականապես հրաժարվեց դրանից եւ պահանջեց, որ «Յագուարը» հանվի վաճառքից: Մի առիթով Բենքսը ասել է. «Այն, ինչ արեց «Sony» ընկերությունը, նման է հրեշտակի վրա ծիծաղելուն: «Յագուարը» խոր հոգի եւ իմաստ ունեցող թրեք էր, իսկ նրանց համար դա հերթական փոփ հիթն էր, եւ ուրիշ ոչինչ»: Այդ դեպքից հետո UR-ը թողարկեց «The Revange of The Jaguar» ձայնապնակը, որի շապիկին գրվեց. «էլեկտրոնիկան կոչնչացնի ձեր ախտավոր համակարգը եւ կվերացնի այն երկրի երեսից»:

Շատ դիջեյներ այսօր թեքնոն մահացած եւ հին ոճ են համարում եւ աստիճանաբար նվազում են այն մարդիկ, որոնք ստեղծագործում են այս ոճով: Թեքնոն չի կարելի ուղղակի նստել եւ գրել, այն ծնվում է խոր մտքից եւ զգացմունքից, եւ երբ երաժիշտը փորձում է այն գրել առանց հոգու, այդ երաժշտությունն այլեւս թեքնո անվանել չի կարելի: Այս ոճը շատ մարդկանց տվեց հույս, որ դրա շնորհիվ հնարավոր կլինի պայքարել անարդարության դեմ, եւ հենց մռայլ հնչողությունը եւ աղմուկը դարձան այդ պայքարի ուժը, սակայն դա հասկանալու համար պետք է հասկանալ, թե ինչ է Դետրոյթը, ինչու է այդ քաղաքում կյանքը այդպես դաժան: «Underground Resistance»-ը մի անգամ ասել է «Մենք ստեղծեցինք ապագան եւ բնակվեցինք քո երեւակայության մեջ. մենք երբեք չենք մահանա»: Եվ իրոք, մի բան, որը ծնվել է մաքուր եւ խոր զգացումներից եւ լի է եղել երազանքով, չի կարող ուղղակի հենց այնպես մահանալ, չի կարող մոռացվել, քանի որ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք հասկանում են, թե ինչու է թեքնոն մռայլ եւ «անմարդկային», չի կարող մահանալ, քանի որ դեռ չեն դադարում հնչել Միլզի ղողանջները:


Նկար 2. Ջեֆ Միլս

Նկար 3. «Public Enemy»


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4