ԱՐԱ ԽԶՄԱԼՅԱՆ
...հույս ունեմ լինել միշտ քոնը,
երբ նույնիսկ չլինեմ, ինչպես
դու եղար ու մնացիր իմը ու կլինես
այդպես, լինեմ ես թե չլինեմ...
Քո Վահրամ Փափազյան
Սեփական անձի ու արվեստի անցողիկության զգացումով է գրեթե միշտ ավարտել իր խոսքը, գրավոր թե բանավոր, հայ բեմի թերեւս մեծագույն դեմքըՙ Վահրամ Փափազյանը: Այս տարի լրացավ արտիստի 120-ամյակը: Այդ առիթով Ե.Չարենցի անվ. Գրականության եւ արվեստի թանգարանը նախաձեռնեց «Վահրամ Փափազյան - 120» հուշ-ցերեկույթը: Սա առիթ էր մեկ անգամ եւս կարեւորելու արտիստի դերն ու նշանակությունը հայ թատերական ու գրական մշակույթում, դրսեւորելու այն մեծ երախտագիտությունը, որ ունեն նրա արվեստի արժեքը գիտակցող մարդիկ:
Մեծ է այն արտիստը, որին այդպիսին են համարում ոչ միայն ժամանակակիցները, նրա արվեստի անմիջական ներգործությանը ենթարկված մարդիկ, այլեւՙ նրան չտեսնողները նույնպես: Մենք, որ ժամանակային հեռավորությունից ենք ընկալում արտիստին, այսօր էլ ներշնչվում ենք նրա անձով ու գործով եւ ունենք այն համոզումը, որ, ի դեմս Փափազյանի, գործ ունենք ոչ միայն հայ մշակույթի, այլեւՙ եվրոպական բեմական մշակույթի խոշորագույն դեմքերից մեկի հետ: Ինչն է մղում այս մտքին:
Չլինելով Փափազյանի արվեստի ականատեսըՙ նրա մասին պատկերացում կազմելու երեք հիմնական աղբյուր ունենքՙ արտիստի գրական կամ գրավոր ժառանգությունը (նկատի ունենք «Հետադարձ հայացք» հուշագրությունը, «Իմ Օթելլոն», «Համլետն ինչպես տեսա», «Լիր արքա» մեկնողական եւ մյուս աշխատությունները), մեզ հասած սակավաթիվ տեսագրություններն ու ձայնագրությունները եւ ժամանակակիցների տպավորություններն ու գնահատականները: Այս առումով թերեւս ամենից ավելի նյութ է տալիս Փափազյանի գրավոր ժառանգությունը:
Ահա թե ինչ է գրել «Հետադարձ հայացք»-ի մասին խոսքի մեծ վարպետ Սուրեն Քոչարյանըՙ 1958 թ. Փափազյանին ուղղված նամակում.
«Շատ սիրելի ու թանկագին Վահրամ Կամերովիչ
Բավականին ուշացումով ստացա Երեւանից ինձ ուղարկած քո երկհատորյակը, հետս առա շրջագայության: Նոր հենց ավարտեցի ընթերցումը եւ շտապում եմ այս ուշ գիշերին, ականջներիս զրնգացող լռության մեջ, հղել քեզ իմ «ֆլյուիդները» (քո սիրած բառն է), գուցե տեղ հասնի ու արթնանաս մի պահ. գիտցիր, որ մի ձայն եւս ավելացավ գրքիդ գովքը երգող ստվար խմբին. իրոք որ մեծ արտիստդՙ գիտեի, «Սովետական արվեստ»-ում տպագրվածից մեծ սպասումներ ունեի, բայց երկհատորյակը գերազանցեց ամեն մի սպասելիք: Մեր «աչքը լույս», որ մեծ արտիստիդ մեջ, այժմ համոզվեցինք, (տեսնում ենք) շնորհալագույնդ գրողի գոյությունը» (ԳԱԹ, Վ. Փափազյանի ֆոնդ, # 884):
Հայոց լեզվի գեղեցկությամբ, լեզվի գործադրման օրգանականությամբ ու դյուրությամբ, բառապաշարի ճոխությամբ եւ այդ ճոխության մեջ կուռ եւ անսեթեւեթ խոսելաոճով Փափազյանը եզակի է իրենից առաջ եւ իրենից հետո ստեղծագործած ու ստեղծագործող անհատների մեջ: Իմացության ու կենսափորձի ահռելի մի բեռ է խտացված նրա «Հետադարձ հայացքում». ամեն մի դատողության հիմքում երեւում է իսկական արտիստի, արվեստի խնդիրներին եւ մարդկային հոգուն խորագիտակ ստեղծագործողի հայացքը: Այդ հայացքն է հարթում Շեքսպիրին ընկալելու ուղինՙ ավելի անվրեպ ու ստույգ, քան իր ժամանակի սովետական շեքսպիրագետներն ու թատերագետները, նաեւ բազում այլ ստեղծագործողներ իրենցՙ հաճախ պարզունակ հոգեբանական ու հասարակագիտական մեկնություններով, արվեստի հետ քիչ առնչվող, երբեմն անխորհուրդ ու անհրապույր դատողություններով: Այն դեպքում, երբ հետեւողականորեն, ավելի ճիշտՙ միամտորեն կազմվում էր Յագոյի գործելակերպի հոգեբանական դրդապատճառների ցուցակը, երբ ռուսական բեմում հերոսների վարքագծի տրամաբանությունը դուրս էր բերվում հոգեկան էմպիրիայից, գործող անձանցՙ միմյանց վրա ազդելու ու միմյանց հակազդելու սկզբունքից, Փափազյանը երկու խոսքով ցույց է տալիս դրանց սնանկությունը, Շեքսպիրին ընկալելու տեսանկյունիցՙ սահմանափակությունը, խնդիրը տեղափոխելով այն տիեզերք, որ մարդու մեջ է, որ շեքսպիրյան հերոսների մեջ է. «անդնդախոր, անհատակ, ահարկու մի հոգի, որը չարիք է գործում առանց նպատակի»: Այսպիսին է Յագոն Փափազյանի ընկալմամբ («Իմ Օթելլոն»): Եթե ընդունենք անգամ, որ մարդու բոլոր արարքներում գործում են հոգեկան դրդապատճառները, ապա դրանցում կան այնպիսիները, որոնք ենթակա չեն բացատրության, դուրս են հոգեկան պատճառականության շղթայից եւ չունեն արտաքին նպատակներ: Դրանք հոգու ինքնակա կենտրոններն են, որոնց ենթակա են Շեքսպիրի հերոսները, ու որոնց գոյությունը խորապես գիտակցել եւ զգացել է Փափազյանը: Մարդը դրսեւորում է իր նախնական կամ նախաստեղծ էներգիան, որ միեւնույն ժամանակ իր ճակատագիրն է կամ նախախնամական մղումը: «Նրանք սիրում են, երբ դեռ չկա այդ սիրո առարկան... եւ երբ կա, մեռնում են նրանք», - գրում է Փափազյանըՙ Օթելլոյի մասին խոսելիս («Իմ Օթելլոն»):
Հայտնի է, որ Փափազյանի կենսագրության մեջ տարրանջատելի չեն հորինվածքն ու իսկությունը: Ինչն է իսկապես եղել նրա կյանքում, ինչն է հորինվելՙ դժվար, եթե չասենք անհնար է որոշել: «Ինքնավեպ», - այս բառն է առաջարկում Հենրիկ Հովհաննիսյանը, երբ քննում է Փափազյանի կենսագրությունը: Սա չափազանց նուրբ բնութագրում է, որ հանգեցնում է արտիստի ինքնակենսագրությանՙ որպես պատումի գիտակցմանը: Ֆեդերիկո Ֆելինին, օրինակ, որ ժամանակագրական առումով շատ ավելի մոտ է կանգնած մեզ, իրենից հետո նույնպես թողել է մի կենսագրություն, որում միահյուսված ու անքակտելի են հորինվածքն ու իրականը: Խնդիրը, կարծում ենք, ապագա սերունդներին առավել մեծ ու կատարյալ երեւալու ցանկությունը չէ: Հիշենք Փափազյանի վերջին ռադիոելույթը. «Իմ սիրելի բարեկամ, դու, որ նկարագրում ես իմ կյանքը, առաջնորդ կարգիր քեզ պատմության անսխալական կշեռքըՙ ոչինչ չավելացնելու ու ոչինչ չպակասեցնելու ազնիվ միտումով»: Խնդիրն այստեղ ստեղծագործողի հոգեբանությունն ու խառնվածքն են: Ստեղծագործողը հեքիաթասաց է բառիս լայն իմաստով, որի կյանքում ժամանակի հետ (գուցե եւ հենց սկզբից) թափանցիկ է դառնում իրականն ու պատրանքը տարրանջատող սահմանագիծը, եւ նա սկսում է պատմել իր կյանքը ոչ թե ստելով, այլ հորինելով: Պատրանքը, հոգեկան ու հոգեւոր առումներով, ավելի իրական է թվում նրան եւ ավելի հարազատ, քան մերկ ու բացահայտ իրողությունը: Պատումն ինքնին հորինվածք է, իսկ հորինելն արտիստական անհատի կեցությունն է: Կրկնենքՙ Փափազյանն արտիստ է իր բոլոր դրսեւորումներում, ու խիստ տարօրինակ կլիներ, եթե մեծ հեքիաթասացն իրենից հետո թողներ գետնաքարշ որոշակիությամբ, փաստագիտական հետեւողականությամբ ու ախտաբանական ճշգրտությամբ գրված մի կենսագրությունՙ իր անցած ճանապարհի, ցավերի եւ հույզերի անձնական թերթիկը : Այդ դեպքում թատրոնի պատմությանը չէր ավանդվի մեծ ու հրաշալի այն արտիստական կյանքը, որի վարագույրի բացվելը նույնքան խորհրդալից է, որքան եւ իմաստալից է դրա փակվելը վերջին արարից հետո: «Հրատարակված էջեր ունենալու համար չէ, որ գրեցի այս գիրքը, այլ քեզՙ ինձ ծնող, իմ մայր, իմ հարազատ ժողովուրդ, նվիրել ցանկացա բազում տարիների իմ վաստակըՙ իմ օրերի իրիկնամուտին: Ընդունիր եւ ներիր: Քոՙ Վահրամ Փափազյան» («Հետադարձ հայացք»):
Փափազյանի գրական ինտուիցիան շատ բան է հուշում նրա արտիստական էության մասին: Այսպես, ուրեմն, հորինվածքի, արվեստային տարրերի ոչ մի զիջումՙ հանուն կենսական ճշմարտության ու հոգեբանական հավաստիության, ըստ թատերագիտական տերմինաբանությանՙ հանուն հոգեբանական ռեալիզմի կամ, առավել եւս, նատուրալիզմի: Սա չի նշանակում, թե Փափազյանի արվեստը ներհակ է եղել հոգեկանի տրամաբանությանը: Խնդիրը հոգեկանի դրսեւորման կերպի ու եղանակի մեջ է: Արտիստն ունեցել է շատ ավելի գրավիչ, ներշնչված ու ներշնչող մղումներ, քան հերթական անգամ բեմում հոգեբանական ճշմարտություն հաստատելը: Այս են հուշում նաեւ արտիստի ձայնագրություններըՙ Օթելլոյի վերջին տեսարանի, Համլետի, Դոն Ժուանի ու Ֆալստաֆի մենախոսությունները եւ այլ ընթերցումներ: Բնական է, որ տեխնիկան չի յուրացրել այն ճառագումը, որ Փափազյանն է ունեցել բեմում: «...Փափազյանն այն արվեստագետներից չէ, որ օգուտ կարող են ունենալ տեխնիկայի նվաճումներից... - գրել է Գուրգեն Մահարին: - Ով չի տեսել կյանքի եւ բեմի Փափազյանին, շատ բան կկորցնի նրա գրավոր ձայնից, շատ նյուանսներ կմնան անլսելի եւ անբացատրելի» («Ի խորոց սրտի...»): Դժվար է չհամաձայնել այս խոսքերի հետ, բայց եւ այնպես, տեխնիկան յուրացրել ու մեզ է հասցրել երբեմնի մեծ ճառագման ինչ-որ շողեր: Եվ մենք նայում ենք մեզ հասնող ուշացած առկայծումներինՙ մտքով տեսնելու համար մեր բեմական անցյալի մեծագույն աստղը:
Փափազյանն իր խոսքը, մեր տպավորությամբ, վերածում է մեղեդուՙ այդկերպ պայմանականացնելով հերոսի ենթադրվող հոգեկան վիճակը կամ աշխարհն այն աստիճան, որ տեղ չի մնում այլեւս մարդկային կարեկցանքին կամ խղճահարությանը (նվաստ զգացմունք արվեստում), ասել է թեՙ հերոսի ու ընկալողի հոգեկան մերձությանը: Այս է թերեւս պատճառը, որ շատերը, սենտիմենտին ու արցունքին հակամետ, Փափազյանի արվեստին վերագրել են ինչ-որ սառնությունՙ չկռահելով անգամ, որ այդ սառնությունը, անմտերիմ երանգը բարձրագույն արվեստի բնութագիծն է, օտարման այն սկզբունքը, որով նա հեռանում է մարդուցՙ նույն այդ մարդուն մղելով ինքնագերազանցման, առօրեական վիճակների մոռացման, յուրահատուկ կենսազանցության: Որքան ավելի մեծ է այդ հեռավորությունը, այնքան ավելի մեծ է մարդու ներքին տեսադաշտն ու անցնելիք ներքին ճանապարհը: Որքան ավելի հեռու է արվեստի փաստը, այնքան ավելի մեծ են ընկալողի երեւակայության թեւերըՙ նրան հասնելու համար: Փափազյանի խոսքի ներգործությամբ ունկնդրի (հանդիսականի) ներսում առաջացող հույզը նման է երաժշտությունից ծագող տրամադրությանըՙ անխառն ու վեհ: Հնչերանգի ելեւէջը, տոնային մակընթացություններն ու տեղատվությունները մաքուր արվեստի, գեղարվեստական ձեւի տեսանկյունից շատ ավելի կարեւոր են, ինչը խորապես զգացել է Փափազյանը (սա գալիս էր նաեւ իտալական դերասանական դպրոցից), քան հոգեբանական խնդիրներ ճշտելն ու բեմում դրանք իրականացնելը: Նման եղանակով Փափազյանը հասել է այնպիսի ներգործության, որ, 1932 թ. Փարիզի «Օդեոն» թատրոնում նրա ելույթից հետո, ֆրանսիական քննադատությունն անգամ արվեստից վեր մի իմաստ է նկատել նրա խաղումՙ հիանալով նաեւ զայրույթի թռիչքների ու չտեսնված չափավորությունների համակցումից: Խոսքն այստեղ, թվում է, արվեստի գերագույն սկզբունքիՙ ռիթմի մասին է: Ուրեմնՙ ոչ թե վիճակների ներկայացումՙ հոգեբանական հիմնավորումով, այլ ենթադրվող վիճակների ռիթմավորում , վերհոգեկան ընթացք:
Այսօր այսպես, բնականաբար, չեն կարդում ու չեն խաղում (անկեղծ ասածՙ չեն էլ կարող): Խնդիրը արվեստի ու արվեստայինի բացառիկ զգացողությունն է, գերազանց ճաշակն ու չափավորությունը, հայոց լեզվի հանդեպ պաշտամունքի հասնող արտիստի վերաբերմունքըՙ սրբազան լրջությամբ. վաղուց կորսված բաներ մեր բեմերում:
Փափազյանով հիացել են սիրողներն ու մասնագետները, գրողներն ու բեմական գործիչները, հանճարեղ ստեղծագործողներն ու եվրոպական առաջնակարգ դեմքերը: Ահա, թե ինչ է գրել ռուս բեմի մեծագույն դեմքերից մեկըՙ Միխայիլ Չեխովը, Փափազյանին ուղղված գործնական մի նամակի հետգրության մեջ. «ОмоихличныхкВамчувствах,мойдивныйдруг,омоейлюбвикВам,опоразившемменяВашемискусствеянапишуВамотдельновписьменеофициальном.Мих.Чехов» (ԳԱԹ, Վ.Փափազյանի ֆոնդ, # 721): Հուսանք, որ այդ նամակը գրվել ու պահպանվել է ու մի օր հանգրվանելու է Գրականության եւ արվեստի թանգարանումՙ Փափազյանի ֆոնդում:
Վահրամ Փափազյանը մշակվածության, այն էՙ մշակույթի, մշակութային մարդու եւ ստեղծագործողի չափանիշ է: Մշակված են եղել նրա խոսքն ու միտքը, կեցվածքն ու ճաշակը: Ինչ էլ որ արել է նաՙ զերծ է եղել հիվանդագին միտումներից ու պաթոլոգիզմից, եւ դա նույնպես, թող տարօրինակ չթվա, կուլտուրայի նշան է: Շնորհալի ու տաղանդավոր մարդիկ եղել են, կան մեր շուրջն այսօր էլ ու, կարծում ենք, կլինեն նաեւ ապագայում: Բայց եթե կա մի բան, որ պակասում կամ հիմնավորապես բացակայում է մեզանումՙ գրեթե բոլոր ոլորտներում, եւ, որ սոսկալի է, արվեստի ու մշակույթի հաստատություններում, բուհերում, այն է, ինչ մշակույթը դարձնում է մշակույթՙ մշակվածությունը, չափի զգացումը, հղկվածությունն ու փայլը: Առանց այս ամենիՙ ավելորդ է խոսել արժեքի ու արվեստի մասին: Իսկ կողմնորոշող արժեքներ ու դեմքեր մեր ոչ հեռու անցյալում եղել են: Մեկը նրանցիցՙ Վահրամ Փափազյանն է: Իսկ առանց մշակույթիՙ մնացյալը, ինչպես արտիստն է ասում «Համլետի» իր թարգմանության մեջ, «անպատասխան մի լռություն է»:
Նկար. Վ. Փափազյանի վերջին լուսանկարներից