(Լեռ Կամսար.- «Մահապուրծ օրագիր»)
ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
«Խորհրդայի՜ն»... Լեռ Կամսա՜ր..
Ժամանակակիցների վկայությամբ այսպես էին գովազդվում «Խորհրդային Հայաստան» օրաթերթի այն համարները, որոնք լույս էին տեսնում երգիծաբանի ֆելիետոններով, երգիծաբան, որը նույն ժամանակակիցների կարծիքով իր պատվավոր տեղն ունի Հակոբ Պարոնյանի եւ Երվանդ Օտյանի կողքին:
Լեռ Կամսար... Թերթի՛ր նախախորհրդային վերջին շրջանի եւ 20-30-ական թվականների խորհրդային մամուլը եւ չես կարող չապշել այն անհավատալի բեղունության վրա, որը դրսեւորում էր նա: Արարման գործընթացի նման «հոսունությունը» սովորաբար բացատրվում է բանաստեղծների եւ մուսաների համատեղ աշխատանքով, երբ տողերը շարվում են ասես վերին թելադրանքով: Լեռ Կամսարին նույնպես բնորոշ էր ստեղծագործական «բարձր տեխնոլոգիան», մի տարբերությամբ, որ «մուսաներին» փոխարինում էին իրականության տարբեր դրսեւորումները, որոնցում հայտնվում էր նա: Ոճից, շարադրանքից հեշտ է կռահել, որ գրել է նա զարմանալի թեթեւ, առաջին եւ վերջին ձեռքով, խմբագրական հետագա թեթեւ, անխուսափելի շտկումներով: Եթե Ա. Չեխովը սպառնում էր գրել պատմվածք իր առջեւ հայտնված մոխրամանի մասին, ապա մեր երգիծաբանը նույն մոխրամանը կդարձներ ֆելիետոնի թեմա` ապահովաբար: Բայց հիշարժան է, որ Լեռ Կամսարը երբեք չի չարաշահել իրեն տրված ստեղծագործական այդ թվացյալ թեթեւությունը, չի որոնել «անցողիկ», «մոխրամանային» թեմաներ, գնացել է դժվար ճանապարհով` հավատարիմ մնալով գրողի եւ քաղաքացու բարձր կոչմանը:
Հեշտ չէր ճշմարիտ գրողի ճանապարհը տոտալիտար հասարակարգում: Ճշմարիտ երգիծաբանի ճանապարհը եղել է առավել դժվար, եւ այդ դժվարությունն իր մաշկի վրա լիուլի զգացել է Վանում ծնված եւ տեղի «Աշխատանք» թերթում առաջին քայլերը կատարած, Մեծ եղեռնից հետո Երեւանում համբավ ձեռք բերած, Հայաստանի խորհրդայնացումից հետո Պարսկաստան անցած եւ խորհրդային իշխանությունների խոստումներից խաբված ու հայրենիք վերադարձած Լեռ Կամսարը:
Չի կարելի ասել, թե խոստումներն ամենեւին չկատարվեցին: Այո, 20-30-ական թվականների մամուլը ողողված էր Լեռ Կամսարի ֆելիետոններով, որոնք անտարակույս կհավաքվեն եւ կհանձնվեն սերունդներին: Հնարավոր է, որ այդ ֆելիետոնները, այսօր, յոթ-ութ տասնամյակ անց, թվան հնացած, սակայն երկու բան կասկածից դուրս է: Մե՛կ, որ դրանք գրված են երգիծաբան Լեռ Կամսարի հզոր ձեռքով, եւ երկրորդ, որ պակաս կարեւոր չէ` դրանցում ժամանակն արտացոլված է ավելի հավատարիմ, քան հանրագիտարաններում կամ, ասենք` «ՍՄԿԿ պատմությունում»:
Ես մի քանի անգամ առիթ եմ ունեցել թերթելու խորհրդային մամուլը տարբեր գրադարաններում եւ հիմնարկներում եւ ամեն անգամ, երբ հանդիպել եմ Լեռ Կամսարի ազգանվանը, մի պահ կանգնել եմ, ասես հանդիպել եմ պատմության հնացած, բայց արժեքավոր մասունքին: Եվ մեկ անգամ չէ, որ ինձ հետաքրքրել է հարցը, թե ինչպիսի՞ն կլինի անցյալից մեզ հասած, մի կազմի տակ ամբողջացված այդ նյութերի հետ ժամանակակից ընթերցողի հանդիպումը: Մասամբ այդ հարցին է պատասխանում այսօր ընթերցողի սեղանին դրված Լեռ Կամսարի «Մահապուրծ օրագիրը», որը հրատարակության է պատրաստել երգիծաբանի թոռնուհին Վանուհի Թովմասյանը, եւ որի հրատարակությունը հովանավորել է ֆրանսահայ ազգային գործիչ` ծագումով նույնպես վանեցի Կարպիս Ջրբաշյանը: Օրագիրն ասես ամբողջական մի ֆելիետոն է իր ոգով եւ յուրաքանչյուր տողով, սակայն չպետք է այն շփոթել երգիծաբանի ֆելիետոնների հետ, քանի որ գրվել է ոչ տպագրության համար: Մեղքս ի՞նչ թաքցնեմ, մի քանի անգամ հրապարակավ հայտնել եմ այն միտքը, թե Գ. Մահարու սիբիրականը խորհրդահայ գրականության միակ «գզրոցայինն» է: Մեղա՜, մեղա Արարատիդ, լավ է ուշ, քան երբեք, «Մազապուրծ օրագի՛րն» է մեր գրականության առաջին գզրոցայինը, եւ ես ի սրտե ուրախ եմ, որ առաջնությունը պատկանում է Վանի Երամյան դպրոցի ուսուցչին, եւ միաժամանակ հպարտ` որ ուսուցիչ ու աշակերտ` Լեռ Կամսա՛րն ու Գուրգեն Մահարի՛ն են հեղինակները սերունդներին հասցեագրված միակ մեր «գզրոցայինների»...
Գրքի առաջաբանից տեղեկանում ենք, թե ինչպիսի դժվար ճանապարհ է անցել օրագիրը մինչեւ ընթերցողին հասնելը: Շուրջ երկու տասնամյակ այն հանձնվել է հողին, մեկ տասնյակից ավելի անձինք ունեցել են իրենց լուման դրա պահպանման ոչ անվտանգ գործում: Հիրավի, ձեռագրերը չեն այրվում... Եվ եթե կրակն անգամ անզոր է դրանց դեմ, ապա մայր հողի եւ նվիրյալների համար արդեն սովորություն է վերադարձնել դրանք մարդկությանը...
Նույն առաջաբանից տեղեկանում ենք նաեւ, որ իր այդ գործը հեղինակն անվանել է «Սովետական քաղաքացու օրագիրը», եւ որ նոր խորագիրը տրվել էՙ հաշվի առնելով ձեռագրի անցած բարդ, արկածային ճանապարհը: Մեզ թվում է, որ Վանուհի Թովմասյանը, նվիրական պարտականությունների կատարման ճանապարհին, «մի փոքր» գերազանցել է իր իրավունքները: Օրագրի մազապուրծությունը կարելի էր նշել, ընդգծել, շեշտել, սակայն գրողի խորագիրը, նրա յուրաքանչյուր տողի նման, պետք է պահվեր անձեռնմխելի: Վանուհի Թովմասյանը դեռ շատ անելիքներ ունի, եւ նրան ավելորդ չէ մտապահել այս ոչ երկրորդական դիտողությունը:
Օրագրային գրառումները վերաբերում են 1925-1935 թվականներին: Դժվար տասնամյակ: Սակայն Լեռ Կամսարի հետագա ճակատագիրը եղավ ավելի բարդ ու ողբերգական: 1935 թվականին նա ձերբակալվեց եւ քշվեց սառուցյալ Վորկուտա: Զանգվածային բռնադատումներին նախորդած «վաղաժամ» ձերբակալությունը թերեւս փրկեց տարիների ընթացքում հասարակարգին ավելի եւ ավելի խորթացած երգիծաբանին պատժի առավելագույն չափի կիրառումից, սակայն չհեշտացրեց նրա ճակատագիրը: Երբ նա երկու տարուց վերադարձավ Հայաստան, աքսորվեց Բասարգեչարի շրջան` առանց քաղաքացիական եւ ստեղծագործական իրավունքների: Անհասկանալին այն էր, որ եթե նրա բախտակից գրողները 1954 թվականից հետո հնարավորություն ունեցան վերադառնալու գրական քիչ թե շատ բնականոն կյանքին` թեկուզ եւ ամենազոր խմբագիրների ու գրաքննիչների աչալուրջ հսկողության տակ, ապա Լեռ Կամսարը գրականությունից դուրս մնաց փաստորեն մինչեւ իր մահը: Տոտալիտար հասարակարգում երգիծաբանի համար բնորոշ ճակատագիր...
Վերջին ամիսներին «Ազգի» էջերում բանավեճ էր գնում գրական արժեքների վերանայման, ճշմարիտը կեղծից, արհեստականից տարբերելու մասին: Բանավիճողներից մեկն էլ ես էի: Այս օրերին, կարդալով «Մահապուրծ օրագիրը» եւ սառը կրքով վերհիշելով բանավեճը, մեկ անգամ չէ, որ մտածել եմ դրա անիմաստության մասին: Պատմությունը, ուզես թե չուզես, գնում է արժեքների վերագնահատման, ազնիվ բույսը մոլախոտից տարբերակելու անթեք ճանապարհով, եւ դրա ապացույցներից մեկը 1935 թվականից մոռացված, մեր ժամանակներում երկրորդ կյանքով ապրող, անմահների պանթեոնում իր օրինական տեղը զբաղեցրած Լեռ Կամսարն է, որի «Մահապուրծ օրագիրը» մեր օրերում էլ ղողանջում է ճիշտ այնպես, ինչպես կղողանջեր տասնամյակներ առաջ, եթե միայն... լույս տեսներ: Դրանով է ճշմարիտ գրականությունը տարբերվում կեղծից, արհեստականից:
Մենք մեր նյութը վերտառել ենք «Գրախոսականի փոխարեն»: Հիրավի, մոզաիկ այս գիրքը դժվար է ենթարկվում գրախոսման, մանավանդ թերթային սահմաններում, բայց հանցանք է այն ընթերցողին չուշադրելը: Թող ընթերցողն ինքը մեջբերված կտորներից պատկերացում կազմի երգիծաբանի սուր աչքի, աշխարհայացքի, կրած տառապանքի եւ ապրած միջավայրի ու պայմանների մասին:
***
Դատարանին պատեն կախված այն շրջանակեն, որմե երբեւէ Նիկոլա ցարը կնայեր, այսօր նույն շրջանակեն Լենինի պատկերը կնայի:
Շրջանակը նոփ-նոր է սակայն, ու դեռ երկու բռնակալ ալ կրնան նայիլ...
Սկսվեր է խորհուրդներու «ընտրությունը»: Քաղաքացիք, դեպի քվեատուփ, ընտրելու արդեն նախապես ընտրվածը:
Այսօր գացի Հայաստանի Կոմկուսի քարտուղար Աշոտ Հովհաննիսյանեն պաշտոն ուզելու:
Պատասխանեց.
- Պաշտոնի համար կմտածեմ... բայց դուն քաղգրագիտություն սորվիր ու մարքսիստական աշխարհայացք ունեցիր...
Անցյալ օրն ալ, երբ Լուսժողկոմ Ասքանազ Մռավյանին նույն խնդրով դիմեցի, ըսավ.
- Դաշնակցության դեմ հոդվածներ գրե...
Երբ կառավարություն մը իր սկզբունքները պաշտոնի ու դրամի համար վաճառքի կհանե, ըսել է բարոյական հոգեվարքը կապրի:
Այսօր պետքարանին մեջ ինկած պատի օրացույցի թերթիկի մը վրա կարդացի. «Կան մարդիկ, որոնց մահը ավելի նշանակալից է, քան կյանքը»:
Չիմացաՙ որ թվի օրացույց էր այդ...
Երկու դասակարգ: Քանի մը կուշտեր` անթիվ սովյալներ... Ժողովուրդը չոքած ուղտերու կարավան է հիմա, որ բերանը բերած կորոճա իր 18 տարի առաջվա կյանքը:
Ինչպե՜ս իսկույն կփոխեն մեզ մոտ մարդիկ իրենց սկզբունքները:
Երեկո դաշնակ կպառկին` առտու բոլշեւիկ կզարթնին:
...Տխմա՜ր պետություն, եկեր Երեւանի թա՜ց, ջուրի չափ խոնավ տունե՞ր կապահովագրես հրդեհին դեմ... Մարդոց սկզբունքները ապահովագրե, որ գեթ մեկը երկու օր միեւնույն սկզբունքին ծառայե...
...Եթե մեր «անկուսակցական» ինտելիգենցիան անմիջապես ծունկի չի գար կոմունիստական կուռքի առաջ եւ համառեր այնպես, ինչպես Գրիգոր Լուսավորիչը համառեցավ Տրդատին ժամանակ, անկասկած Լուսավորչին նման պիտի կախվեր, հետույքին ձագար դրվեր եւ քացախ ընդուներ իր ներսի դին:
Ո՞րն է խելոքությունը, եթե հարցնես.
- Հարկա՜վ, մեր ինտելիգենտներու ըրածը: Գաղափարը ի՞նչ արժե հիմա, հետույքը պետք է փրկել, հետո՜ւյքը:
Շուկային մեջ փերեզակը թեւս կքաշե:
- Երեխայի աղվոր խաղալիք...
- Է՛հ, եղբայր, ինչի՞ վրա ես: Մենք ինքներս ամենաաղվոր խաղալիքն ենք բուռ մը երեխաներու ձեռքին:
Գնացքին մեջ նստեր կերթա Ստալինը: Նույն վագոնին մեջ կերթա ճամբորդ մը, որ առանց նկատի ունենալու, թե ո՞վ է նստած կողքը` պապիրոս մը կհանե եւ կսկսի ծխել: Ստալինը, ցույց տալով արգելանքը, կըսե, որ հոս ծխելն արգելված է: Ճամբորդը, առանց ուշք դարձնելու նկատողությանը, կհանե երկրորդ գլանակը ու կսկսի ծխել: Ստալինը իբրեւ կարգի հրավիրելու ազդու միջոց, կհանե իր այցետոմսը` «Ստալին», եւ ցույց կուտա հանդուգն ծխողին:
Ծխողը լուռ ու մունջ կվերցնե տոմսն ու կդնե իր գրպանը: Ասոր վրա Ստալինն, ինքն իրմե ելած, կկանչե կոնդուկտորը եւ կհրամայե դուրս վռնդել ստահակը:
Երբ կոնդուկտորը «դո՛ւրս գնա» կըսե ճամբորդին, վերջինս գրպանեն կհանե «Ստալինը» եւ ցույց կուտա: Կոնդուկտորը այլայլված եւ վախցած «Ստալինի» վրա պոռացած ըլլալուն համար, կերթա Ստալինի ականջին կփսփսա.
- Ձայնդ կտրե, սիրելի՛ս եւ զգույշ կաց այդ շուներեն: Անոնք երկրի տերերն են եւ ինչ ուզեն կընեն...
Մենք այս իշխանության տակ ապրելովՙ անանկ մեծ դժբախտության մեջ ենք ինկեր, որ մնացյալ համայնական թշվառություններն` երկրաշարժ, սով, պատերազմ, հրդեհ, եթե երջանկություն չեն` չեն ալ վախեցներ մեզի:
Եթե Դարվինի վարդապետությունը ճշմարիտ ըլլար, եւ մենք կապիկներեն առաջացած ըլլայինք, հիմա, երբ արդեն եկած ճամբաներովս ետ կերթանք, նորեն դեպի կապիկները պիտի վերադառնայինք, մինչդեռ կապիկներեն ավելի դեպի գայլերն ու բորենիները կերթանք:
Այսօր տղոցս դաստիարակության վերաբերյալ աննշան վեճ մը ունեցա կնկանս հետ եւ չկրնալով զսպել ինձի` «տգետ» անվանեցի զինքը:
- Լա՜վ, տգետ եմ, թող տուր ես մեռնիմ` գնա լուսավորյալ կին մը առ,- ըսավ ինձի ու չկրնալով հուզմունքը պահել` լացավ դառնագին:
- Լա՜վ, բան մըն էր, ըսի, կնի՛կ, դուն ալ ինչո՞ւ կուլաս,- զղջացած ըրածիս վրա` ըսի մոտենալով իրեն:
- Չէ՛, ես տգետ եմ, ես պիտի մեռնիմ,- կրկնեց կինս...
- Նախ` տգետները հիմա չեն մեռներ, կնի՛կ,- ըսի խնդալով,- տգետները հիմա կապրին, եւ փառավոր կապրին: Հիմա կմեռնին գիտունները. անանկ որ, եթե որոշեր ես անպայման մեռնիլ, աշխատիր գիտություն ձեռք բերել...
Ոչ մեկ ատեն Հայաստանին մեջ այսքան դպրոցներ չեն եղած, եւ սակայն ոչ մեկ ժամանակ ժողովուրդն այսքան տգետ չի եղած:
Այնպես ինչպես ճրագը, փոխանակ լույսի, ծուխ տա:
Հայաստանի համալսարանի դասախոս պրոֆ. երկրաբան Աբդալյանը գաղտնի սահմանն անցնելով, Տաճկաստան փախավ: Ժամանակ մը Սուլթան Համիդի երկրին հայերը Ռուսաստան կփախնեին ծածուկ: Ժամանակ մըն ալ ցարական Ռուսաստանեն սահմանադրական Տաճկաստան փախան հայեր: Ինչպես կտեսնեք, փախնողին ետեւի կողմը միշտ բռնակալ մըն է եղեր նստած:
Բայց մի մոռնաք, որ Տաճկաստանը այն երկիրն է, ուր կոտորվեցավ մեկ միլիոն հայություն: Ու այսօր երբ հայ մը կփախնի այն երկիր, ուր հայերը կկոտորվին, այդ նշան չէ՞, որ սահմանեն ասդին կոտորածեն ավելի գեշ բան մը տեղի կունենա:
Այսօր ապրիլի մեկն է: Առաջներ, երբ սուտ խոսելու սովորություն չկար, մարդիկ` սուտի գաղափարը աշխարհիս երեսեն չջնջելու համար, ապրիլի մեկին կխաբեին զիրար:
Հիմա ապրիլի մեկին խաբելն ավելորդ է դարձել այլեւս: Վասնզի կառավարությունը, ոչ թե մեկ ամիս ու այն ալ ամսվա մեջ մի օր, այլ տարվա ամբողջ տասներկու ամիսը եւ ամսվա մեջ երեսուն օր կխաբե ժողովրդյան անդադար:
Հիմիկվա ռեժիմին կհարմարեր ապրիլի մեկին ոչ թե խաբել, այլ ճիշտը խոսել` տարվա մեջ գեթ օր մը իրականություն ըսած ըլլալու համար, եւ, մանավանդ, ճշմարտության գաղափարը գեթ անհետանալու վտանգեն ազատելու համար...
Բայց դատն կերեւի երկար պիտի տեւե: Համբերություն է հարկավոր:
Լավ չէ՞ր, նախ գնդակահարել «հանցավորները», ապա պարապ ժամանակ նոր սկսել դատել...
Քանի կուսակցական մասսան կհիմարանա, Ստալինն այնքան կմեծնա, քանի մասսան կոչխարանա, այնքան Ստալինն կհովվանա...
Զարմանալի բան: Չսիրած ամուսիններու թույլ կտրվի անմիջապես բաժնվիլ, չսիրած կառավարութենեն չեն ձգեր հեռանալ:
***
Գրախոսականին փոխարինող այս հրապարակման համար ամփոփիչ տողեր որոնելիս, անընդհատ մտքիս էր գալիս երգիծաբանին նվիրված մահախոսականի վերջին տողը.
«-Հողը թեթեւ լինի քեզ վրա, սիրելի Լեռ...»:
Այնքան, որքան ծանր է եղել քո ապրած կյանքը...