ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-06-21 | #13, 2008-07-05 | #14, 2008-07-19


ԱՐՏԵՐԿՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐՆ ՈՒ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԸ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Հայ մշակույթի տան մատենադարան-գրադարանը եւ թանգարանը Բուխարեստում

1927 թ. Բուխարեստում, ռումինահայոց թեմի առաջնորդարանին առընթեր հիմնադրվել է Ռումինահայ կենտրոնական մատենադարան-գրադարան ու թանգարան: 1944 թվականին գրական-հասարակական գործիչ Հակոբ Սիրունու նախաձեռնությամբ մատենադարանը վերակազմավորվել եւ կոչվել է Հայ մշակույթի տուն: 1944 թ. ռումինահայ ազգային բարերարներ Հովսեփ եւ Վիկտորյա Տուտյանների նվիրատվությամբ հայ մշակույթի այդ օջախին հատկացվել է հատուկ կառուցված մի շինություն: Հայ մշակույթի տունը կոչվում է նաեւ Տուտյանների տուն:

Հայ մշակույթի տան առաջին նախագահ ընտրվել է արվեստասեր, արվեստաբան, արվեստի քննադատ, Ռումինիայի ԳԱ թղթակից անդամ, հավաքորդ, հասարակական եւ ազգային գործիչ Գրիգոր Զամպաքճյանը (1889/95-1962):

Մատենադարան-թանգարանը ի սկզբանե ունեցել է 11 000 գիրք, 150 ձեռագիր, սուլթանական ֆերմաններ, հրովարտակներ, եկեղեցական պիտույքների, ձեռագործ աշխատանքների, մամուլի հավաքածուներ: Այսօր մատենադարան-գրադարանն ունի շուրջ 15 000 կտոր գիրք, որոնցից 200-ը հազվագյուտ գրքեր ենՙ 1351 թ. Կաֆայում ընդօրինակված Ավետարան, 1666 թ. Ամստերդամում տպագրված վեց Աստվածաշնչից մեկը, 1649-ին Հաճկատարում ընդօրինակված Ավետարան, աղոթագիրք եւ այլն:

Թանգարանում պահվում է Մոլդովայի իշխան Ալեքսանդր Բարեպաշտի 1401 թ. հրովարտակը, որով արտոնվել է հայերին հիմնադրել Ռումինիայում առաջին` Սուչավայի հայոց թեմ:

Համո Պետրոսյանի հավաքածուն Բեռլինում

Ծագումով վանեցի, ծնունդով Իրաքի Հավրեզք քրդաբնակ գյուղից, բեռլինաբնակ լրագրող, Հայաստանի եւ միջազգային ժուռնալիստների միության անդամ Համո Պետրոսյանը 50 տարի շարունակ զբաղվել է Հայաստանի պատմության, մշակույթի, քաղաքականության, Հայոց ցեղասպանության, Հայ դատի, աշխարհի նշանավոր հայերի եւ հայության մասին աշխարհում եղած հրապարակումների եւ արխիվային փաստաթղթերի ուսումնասիրությամբ ու հավաքորդությամբ:

Հավաքել է Հայաստանին ու հայությանը առնչվող 1600 անուն 6000 հատոր գիրք, 110 տարվա (1895-2005) գերմանական մամուլից շուրջ 12 000, ավելի քան 600 հոդվածներ թուրքական, հունական, անգլիական, ֆրանսիական մամուլից:

Հավաքելով հայերեն, ֆրանսերեն, արաբերեն, գերմաներեն եւ եվրոպական այլ լեզուներով նյութերՙ նա ստեղծել է բացառիկ հավաքածու, որը կշռում է շուրջ 4,5 տոննա եւ Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ կլինի 12 բեռնատար ավտոմեքենա:

Պետրոսյանը իր արժեքավոր հավաքածուն ցանկություն ունի նվիրել Հայաստանին: Նա միակ հայն է Յոհան Լեպսիուսի տուն-թանգարանի հիմնադիրների եւ վարչության անդամների կազմում: Հիմնադիրն ու վարչության անդամն է Արմին Վեգների կազմակերպության: Պարգեւատրվել է բազմաթիվ մեդալներով ու պատվոգրերով:

Հայ-ռուսական բարեկամության թանգարանը Մոսկվայի Լազարյան ճեմարանում

18-րդ դարի սկզբին հայ վաճառական եւ մետաքսի գործարանատեր Շեհրիմանը Մոսկվայի Ստոլպով նրբանցքում կառուցել է մի շքեղ տուն: 1758 թ. այդ տունը Շեհրիման-կրտսերից գնել է Աստրախանից եկած մի այլ հայ վաճառական, մեծահարուստ ազնվական Լազար Լազարյանը:

Շուտով այդ նրբանցքում սկսել են տներ գնել ու կառուցել նորանոր մեծահարուստ հայեր եւ նրբանցքը կոչվել է Հայկական: 18-րդ դարի վերջերին Լազարյանը տունը նվիրաբերել է Հայկական ճեմարանին: 1815 թ. բացվել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը, 1919 թ. փակվել Խորհրդային իշխանության կողմից:

1920 թ. այդ շենքում կազմակերպվել է Արեւելքի կենդանի լեզուների ինստիտուտը, որը հետագայում վերափոխվել է Արեւելագիտության ինստիտուտի: Այստեղ գործել է Հայկական մշակույթի տունը, թատրոնը (Եվգենի Վախթանգովի ստեղծած թատերական ստուդիան) եւ թանգարանը:

1922 թ. թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել են Երեւան եւ համալրել նոր կազմակերպված Հայաստանի պատմության պետական թանգարանը եւ Հայաստանի պետական պատկերասրահը: 1952/53 թ. ճեմարանի շենքը կրկին հանձնվել է Մոսկվայի հայերին, որպես Հայաստանի մշակույթի տուն: 1963 թ. ավարտվել է շենքի վերականգնման եւ վերակառուցման 10-ամյա աշխատանքները: 1963 թ. շենքում տեղակայվել են Հայկական ԽՍՀ Նախարարների խորհրդի մշտական ներկայացուցչությունը եւ Հայ-ռուսական բարեկամության թանգարանը:

Թանգարանը Հայաստանի ազգագրության պետական թանգարանի մասնաճյուղն է: Այստեղ ցուցադրված են Լազարյան ճեմարանի տպարանում հրատարակված գրքերը, տպարանի նախկին սաներ Վ. Տերյանի, Զ. Նասիլովի, Ի. Շտուցերի, Ա. Սեմյոնովի, Վ. Ասակինի, Ֆ. Կորշի, Ա. Կրիմսկու, Վ. Գորլեւսկու եւ այլոց բնօրինակ նյութերը, ինչպես նաեւ այլ բնօրինակ ու կրկնօրինակ նյութեր:

Առանձին բաժին են կազմում Լազարյանների ընտանիքի երեւելի անդամների կյանքին եւ գործունեությանը վերաբերող նյութերը, հրովարտակները, դիմանկարները, կիսանդրիները, փաստաթղթերը, լուսանկարները: Առանձին բաժնով ներկայացված է Լազարյան ճեմարանի պատմությունը:

1987 թ. ավարտվել են շենքի վերանորոգման աշխատանքները, եւ գործել է «Հյուսիսային ծիածան» մշակութային կենտրոն անունով: Միաժամանակ բացվել է Ռուս-հայկական բարեկամության թանգարանի նորացված ցուցադրությունը:

Ներկայումս այդ շենքում է գտնվում նաեւ Հայաստանի դեսպանատունը:

Հայ եկեղեցական արվեստի թանգարանը Բուխարեստում

Հայ եկեղեցական արվեստի թանգարանը գտնվում է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստի Հայոց առաջնորդարանում: Թանգարանի բացումը կայացել է 1966 թվականի հունիսի 30-ին:

Թանգարանում ցուցադրված են հայ եկեղեցական արվեստի նմուշներ, արժեքավոր ձեռագրեր, հնատիպ գրքեր, պատմական արժեք ներկայացնող արխիվային նյութեր ու նկարներ:

Հայ մշակութային հիմնարկը Առլինգտոնում

Հայ մշակութային հիմնարկը գտնվում է ԱՄՆ Առլինգտոն քաղաքում (Բոստոն), հիմնադրվել է Վ. Թոփալյանի նախաձեռնությամբ: Նպատակը եղել է հիմնարկը արժեքավոր հրատարակություններով հարստացնելը: Ներկայումս ունի շուրջ 25 000 տարբեր հրատարակությունների հայերեն, անգլերեն, ֆրանսերեն գրքեր, հայ մամուլի ամբողջական հավաքածուներ, հին հայկական գորգեր, սափորներ եւ այլն: Հիմնարկն ունի պետական ճանաչում, որի հոգածությունը ստանձնել է «Միրաք» հաստատությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4