ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-06-21 | #13, 2008-07-05 | #14, 2008-07-19


ԳՐՔԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ներկայացնում է ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ

Հաֆեզ. Գազելներ

Իրան-Սպահան, Թահղիղաթե Նազարի հրատարակչություն, 2007, 256 էջ:

Ազատ Մաթյանի թարգմանությամբ, առաջաբաններով եւ ծանոթագրություններով լույս են տեսել միջնադարյան պարսից մեծագույն բանաստեղծներ Օմար Խայամի քառյակների եւ Հաֆեզի գազելների նոր ժողովածուները:

Ազատ Մաթյանը իրանահայ բանաստեղծ, գրականագետ եւ թարգմանիչ է: Լավ տիրապետելով թե հայ, թե պարսից քնարերգության առանձնահատկություններին` հայերենից պարսկերեն է թարգմանել նաեւ Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը:

Օմար Խայամի քառյակների եւ Հաֆեզի գազելների այս ժողովածուների առաջաբաններում թարգմանիչը տալիս է բանաստեղծների ապրած ժամանակի եւ նրանց բանաստեղծական մտածողության համառոտ եւ ամբողջական բնութագիրը, իսկ ծանոթագրությունների բաժնում բացատրում առանձին խորհրդանշաններ եւ ակնարկներ, ինչպես նաեւ չթարգմանված բառեր ու հասկացություններ, որոնք արեւելյան կոլորիտ, շունչ ու կենդանություն են հաղորդում թարգմանություններին: Թարգմանիչը հավատարիմ է փորձել մնալ նաեւ արեւելյան բանաստեղծության չափուկշռույթին, հանգավորմանն ու կառույցին` պարսկական քառյակը եւ գազելը փոխադրելով համարժեք հայկական բանաստեղծական տողի: Հայերեն թարգմանություններին զուգահեռ ներկայացված են նաեւ բանաստեղծությունների պարսկերեն բնագրերը, որ արեւելյան քնարերգության շունչ են հաղորդում գրքերի էջերին:

XI դարի բանաստեղծ Օմար Խայամը բազմիցս թարգմանվել է հայերեն ու թերեւս հայ ընթերցողին ամենածանոթ պարսից բանաստեղծն է: Այս ժողովածուն ընդգրկում է շուրջ երկուհարյուր քառյակի նոր թարգմանություն:

XIV դարի բանաստեղծ Հաֆեզը, որ թերեւս պարսից ամենախոշոր բանաստեղծն է, հայ ընթերցողին ծանոթ է քառյակների եւ գազելների գրքով, սակայն այս ծավալով առաջին անգամ է ներկայանում հայ ընթերցողին. այս ընտրանի-ժողովածուն ընդգրկում է հարյուր եւ հինգ գազել:

Թոնի Քուրթիս. Վերջին մոմերը, բանաստեղծություններ

Եր., Զանգակ 97 հրատ., 2006 թ., 104 էջ:

«Աշխարհը հայերենով» ծրագրով հրատարակվող հերթական գիրքը Թոնի Քուրթիսի բանաստեղծությունների «Վերջին մոմերը» ժողովածուն է: 1993 թ. Դիլան Թոմասի եւ 1997 թ. Քոլմոնդելիի անվան մրցանակների դափնեկիր բանաստեղծը Լուսինե Հարոյանի թարգմանությամբ ներկայացնում է արդի ուելսական պոեզիան: Ծրագրի շրջանակներով արդի ուելսական արձակը ներկայացնում է Ռոբերթ Մինհինիքը «Դեպի Բաբելոն եւ վերադարձ» գրքով:

Թոնի Քուրթիսի ժողովածուի մեջ ամփոփված են բանաստեղծություններ նրա «Վերջին մոմերը»(1989 թ.), «Սահմանին»(2000 թ.), «Ի հարգանս Կասանդրայի»(2003թ.) ժողովածուներից: Ուշագրավ է, որ հայերեն թարգմանական այս ժողովածուի համար Թոնի Քուրթիսը տրամադրել է նաեւ անտիպ բանաստեղծություններ:

Թարգմանչուհին բանաստեղծի մասին իր համառոտ առաջաբանում գրում է. «Չնայած այն հանգամանքին, որ իր բազմաթիվ գրաքննադատական ակնարկներում հեղինակը խորհում է արդի գրականության ամենատարբեր դրսեւորումների շուրջ, Քուրթիսի բանաստեղծությունը իրավամբ հեռու է այս կամ այն գրական ուղղությանը անվերապահորեն հարելու միտումից: Հետարդիապաշտական ոճական դրսեւորումները, որոնցով այնքան հագեցած է արդի ուելսական չափածոն, բացակայում են նրա պոեզիայից»: Մարդը Քուրթիսի պոեզիայում մշտապես տատանվում է սահմանային իրավիճակներում` տարուբերվում այս ու այն աշխարհների, իրականի ու առեղծվածայինի միջեւ բնորոշ է ժողովածուի առաջին` «Խաղեր դստերս հետ» բանաստեղծության «երկինքը ճեղքող ճոճանակի» խորհրդրանիշ-պատկերը:

Դուգլաս Դուն. Ընտիր երկեր, բանաստեղծություններ

Եր., Զանգակ 97, 2006 թ, 176 էջ:

Ժամանակակից շոտլանդացի պոետ Դուգլաս Դունը բանաստեղծական տաս ժողովածուի հեղինակ է, տարիներ շարունակ եղել է «Քսաներորդ դարի շոտլանդական պոեզիա» հանդեսի խմբագիրը, Սոմերսեթ Մոեմի եւ Հոթորնդենի անվան, ինչպես նաեւ տարվա «Ուայթբրեդ գիրք» մրցանակների դափնեկիր է:

Նրա բոլոր շարքերից ծաղկաքաղ արված այս ընտրանի-ժողովածուն, որ ընդգրկում է բանաստեղծի գրական քառամյա ժառանգությունը (1964-2000 թթ.), Լուսինե Հարոյանի բնագրային սքանչելի թարգմանությամբ «Աշխարհը հայերենով» ծրագրի շրջանակով ներկայացնում է արդի շոտլանդական քնարերգությունը:

Ժողովածուն բացվում է բանաստեղծի առաջին «Թերրի փողոցը» շարքով, ուր գերիշխում են էքզիստենցիալ զգացողություններն ու տրամադրությունները: Թերրի փողոցի համապատկերում նրա բնակիչների` տաղտուկով հագեցած անհեթեթ առօրյան է, ուր «շաղակրատ կանայք բախտ են նայում եւ կատակում», տղամարդիկ «տուն են գալիս գիշերը, առավոտյան կրկին հեռանում», իսկ կիրակնօրյա հանգստի մեջ «չափազանց ծույլ են ու ձանձրացած», «վանահայրերը սեւ հեծանիվներով շտապում են ուշացած քարոզներ կարդալու», «բազմամարդ տներում լալիս են երեխաները», տոթ գիշերներին «մթության մեջ ծխում են արթուն մնացածները», ուր մարդիկ «չեն կրկնօրինակում ոչինչ, բացի իրենց մտքից», եւ «միայն մի փոքր են տեղաշարժվում այն վայրից, որին կառչած են» եւ «նայել են այդ վայրին այնքան երկար ժամանակ, այնպիսի անփութությամբ, որ այն արդեն եփվել է նրանց աչքերի մեջ` որպես կեղեւ»: Դիպուկ վրձնահարվածներով բանաստեղծը կարողանում է անհեթեթության հասցնել Թերրի փողոցի բնակիչների կենցաղը, առօրյան` երբեմն նուրբ անցումներով վերացարկելով մարդուն` «եթե երես շրջես այս ամենից, մարդիկ միայն աղմուկներ են»: Սակայն Դուգլաս Դունի պոեզիան խորապես համակված է մարդու հանդեպ խղճահարությամբ եւ անհուն կարեկցանքով:

Ավելի ուշ շրջանի շարքերում բանաստեղծը մարդու օտարման թեմայից անցնում է քաղաքական հարցադրումների. այդպիսին է «Եվրոպայի սիրուհին» պոեմը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4