ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2008-06-21 | #13, 2008-07-05 | #14, 2008-07-19


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԷՊՈՍԻ` «ՆԻԲԵԼՈՒՆԳՆԵՐԻ ԵՐԳ»-Ի ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԻԹՈՎ

Իբրեւ հոգեւոր օրգանիզմ, լեզուն իր կենսունակությունը ներքին ռեսուրսներից բացի, ապահովում է մշակութային այլ փոխառնչություններով: Պատահական չէ, որ վաղ անցյալի մտավորական մեր այրերը մշակութային նոր շնչառությունը սկսեցին Աստվածաշունչ մատյանի թարգմանությամբ, եւ հայոց հնագույն տոներից Թարգմանչացը օտար մշակույթի հանդեպ հայ մտքի բաց ընկալողականության խորհրդանիշն է: Թերեւս նաեւ հնարավորությունների հարց է, թե որքանով է հայերենը յուրացրել օտար մշակութային արժեքները, հարստացրել սեփական ներքին կյանքը` նոր մտաձեւերի, գաղափարների, պատկերների ներմուծմամբ:

Գերմանական ազգային էպոսի` «Նիբելունգների երգ»-ի հայերեն առաջին ամբողջական թարգմանությունը նշանակալի իրադարձություն է հայ գրական-մշակութային կյանքում: Գիրքը լույս է ընծայել «Նաիրի» հրատարակչությունը, պետպատվերի շրջանակներում, 2007-ին: Բնագրային թարգմանությունը կատարել, առաջաբանը եւ ծանոթագրությունները հեղինակել է Արա Առաքելյանը: Սա հայերեն ամբողջական առաջին թարգմանությունն է:

Գերմանական էպոսը իբրեւ գեղարվեստական արժեք, համաշխարհային մշակույթի կարեւորագույն հուշարձաններից է: Դյուցազներգություններին բնորոշ` սա էլ իր մեջ ներառում է տվյալ ժողովրդի ոգեղենությունը, բնավորությունը, սովորույթները, բարքերն ու ավանդույթները` յուրօրինակ հանրագիտարան հանդիսանալով այդ ժողովրդի պատմության, ճակատագրի, մշակութային շերտերի, որտեղ անհատականն ընդհանրացվում է եւ` հակառակը, կոնկրետ ժամանակը տարժամանակյա չափումներ է ձեռք բերում: 2379 քառատողերից կազմված մեծածավալ այս գեղարվեստական երկը ողբերգական հերոսականության էպոպեա է` մարդկային սովորական եւ անսովոր գործողությունների, զգացմունքների, արարքների: Երկի հիմքում ընկած են նախաքրիստոնեական եւ վաղ քրիստոնեական գերմանական եւ հին սկանդինավյան հերոսական լեգենդներ, ավանդազրույցներ: Նիբելունգյան բանավոր ասքերը սկզբնավորվել են գերմանական վաղ միջնադարում` 5-7-րդ դարերում, իսկ արդեն 12-13-րդ դարերում հայտնվել են դրանց առաջին ձեռագրերը, որոնց հեղինակը բանասիրությանն առայժմ անհայտ է: Երկի առաջին հրատարակությունը կատարվել է 1757-ին, քիչ ավելի ուշ` 1782-ին լույս է տեսել ամբողջական տեքստով: Այդ շրջանում գերմանական բարձրաշխարհիկ միջավայրը էպոսի հանդեպ որոշակի վերապահում, դժկամություն է ցուցաբերել: 1827-ին երկի ժամանակակից գերմաներենով փոխադրումը ավելի լայն հետաքրքրության եւ ուշադրության է արժանացել: Գերմանական բանասիրության մեջ ընդունված է տեսակետ, որ «Նիբելունգների երգը» ոչ թե ամբողջական տեքստ է, այլՙ առանձին պոեմների միավորում:

Ինչպես գրքի առաջաբանում թարգմանիչն է ներկայացնում, ստեղծագործությունը պալատական գրականության նմուշ է` միջավայրին հարազատ ու բնորոշ հատկանիշների արտացոլմամբ: Միջնադարյան ասպետական վեպին բնորոշ պոետիկայով հանդերձ, երկը տարբերվում է նյութի ու բովանդակության տարբեր ընդգրկումով. «Արտաքուստ մնալով ժամանակի մոդայիկ գրականության սահմաններում` ներքուստ, սակայն, նրա տեսադաշտում բնաշխարհիկ ոգու եւ պատմության խնդիրներն են: Այս հանգամանքը նրան մի աստիճան վեր է դնում իր ժամանակի գրեթե բոլոր գերմանացի բանաստեղծներից»:

Էպոսի առանձնահատկություններից մեկը հերոսականությունն է, գործող հիմնական անձերի հոգեբանական բարդ շերտավորումները, որ հետաքրքրություն, դրամատիզմ ու հագեցվածություն է հաղորդում միջնադարյան մթնոլորտին: Դրամատիզմն ու հերոսականությունը կենտրոնացվում են համազգային ոգեկիր հերոսի կերպարում, որին, ինչպես բնորոշ է դյուցազնավեպին առհասարակ, գերբնական որակներով են օժտումՙ առաքինության, վեհանձնության գծերով: Սա մարդու, ժողովրդի հավերժական ներքին որոնումի` իդեալականին, աստվածայինին հասնելու արտահայտություններից մեկն է:

Էպիկական ժանրային առանձնահատկություններով այս երկն էլ տաղաչափական որոշակի կանոնակարգման է ենթարկվում` ռիթմական հանդիսավորության, բանաստեղծական չափակշռույթի ներդաշնակության: Հայնրիխ Հայնեն այն «քարեղեն բանաստեղծություն» է համարել: Ռ. Վագները գրական այս տեքստի հիման վրա է գրել «Նիբելունգների մատանին» օպերաների շարքը: Գերմանական միջնադարի գրական այս ստեղծագործության հայերեն թարգմանությունն, ինչ խոսք, նվաճում է մեր լեզվի համար` մշակութային նոր շերտերի հարստացմամբ ու զարգացմամբ: Այս մասին խոսեցին գրողների տան կլոր սրահում օրերս կազմակերպված գրքի շնորհանդեսինՙ գրողներ ու գրականագետներ, գնահատելով թարգմանչի` տարիների անակնկալիք նվիրումի այս աշխատանքը:

Գիրքը ներկայացրեց Լեւոն Անանյանը: Ազատ Եղիազարյանի կարծիքով այս թարգմանությամբ սկիզբ է դրվում էպիկական հուշարձանների թարգմանության մի նոր փուլի, քանի որ հայերենով համաշխարհային էպիկական գրականությունը շատ վատ է ներկայացված: Մասնագիտական անդրադարձ արեց գրականագետ Ալբերտ Մուշեղյանը` ուշադրություն դարձնելով թարգմանական աշխատանքի մշակույթին, ավանդական վիպերգության ռիթմի, հանգավորման կանոնների պահպանմանը, որն ապահովում է էպիկական հանդիսավորությունը: Կարեւորվեց թարգմանչի մասնագիտական պատրաստվածությունը, գերմանական գեղարվեստական մտածողության, մշակութային, լեզվական շերտերի հմուտ իմացությունը: Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ 5-6 տարիների նրա աշխատանքը պսակվել է հաջողությամբՙ ընդգծելով թարգմանության մեջ բառի բանաստեղծական զգացողությունը:

Ավելի հանգամանորեն, ստեղծագործության իմաստային եւ հոգեւոր նշանակությանն անդրադարձավ Հենրիկ Էդոյանը. «Այնպիսի ստեղծագործություններ կան, որոնց թարգմանությունը պատիվ է բերում որեւէ ժողովրդի, դրանով չափվում է տվյալ ժողովրդի ինտելեկտուալ մակարդակը: Նման գործերից են «Իլիականը», «Դոն Կիխոտը», «Աստվածային կատակերգությունը», այդ թվում նաեւ արեւմտյան գրականության ուշ միջնադարի գերմանական ասքը` «Նիբելունգների երգը», որի ողբերգական բնույթը պայմանավորված է մարդկային գործողությունների կործանարար բախումով, եւ դրա պատճառը անհուսորեն չըմբռնված մարդկային կրքերի աշխարհն է: Ամեն բանաստեղծ տիեզերքի ողբերգության մի ասպեկտն է ցույց տալիս, վիպերգության մեջ դրանք արտահայտված են ավելի բազմաշերտ: Հին գերմաներենի տարրերով հագեցած այս տեքստի հայերեն թարգմանությունը պահպանել է գեղագիտական արժեքը, հմայքը` լեզվական ճիշտ հնչերանգներով, առանց բռնահանգերի, առանց խախտման»:

Ղուկաս Սիրունյանը հույս հայտնեց, որ Արա Առաքելյանի մյուս, ինչպես Գյոթեից վաղուց արված թարգմանությունները, գզրոցներից դուրս կգան ու կհրատարակվեն: Գնահատելով թարգմանչի մասնագիտական հրաշալի պատրաստվածությունը, թարգմանության բարձր կուլտուրանՙ ասաց. «Մենք էլ մեր ձեւով նվաճենք Գերմանիան»: Թարգմանական որակին անդրադարձավ նաեւ Արքեմնիկ Նիկողոսյանը, շեշտելով տաղաչափական կանոնների, հնչավորման արվեստի ճիշտ, բնագրին համարժեք կիրառումը:

Ցերեկույթը վարում էր Հովհաննես Գրիգորյանը:

Արա Առաքելյանը թարգմանական տասը գրքի հեղինակ է` Ֆ. Կաֆկա, «Սիրենների լռությունը», «Օրագրեր», Կոնֆիցիոս, «Զրույցներ», Թ. Ադորնո, «Գեղագիտության տեսություն», Հ. Հեսսե, «Տափաստանի գայլը» եւ այլն: Այժմ հրատարակության է պատրաստում Թ. Մանի «Կախարդական լեռը» վեպը: Պատրաստում է նաեւ «Գերմանական փիլիսոփայական վեպը 20-րդ դարում» դոկտորական ատենախոսությունը:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4