ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-07-05 | #14, 2008-07-19 | #15, 2008-08-02


ԱՌԱՍՊԵԼԱԿԱՆ ՄԻՆԱՍԸ

ՎԱՉԵ ՍԱՖԱՐՅԱՆ

Հուլիսի 20-ը Մինաս Ավետիսյանի ծննդյան 80-ամյակի օրն էր: Տաղանդի, պատահականության, թե՞ ճակատագրի զոհը եղավ քնարական թախծի ու քրիստոնեական խոնարհության տաք գույների նկարիչը: Մինասի եւ իր տարիների մտերմության հուշերը խնամքով պահպանողներից է գրականագետ Վաչե Սաֆարյանը, որ «Ազգին» տրամադրված իր այս գրությունը հոգու պարտք է համարում:


Ազատությունը... երկնային պարգեւ է:

Սերվանտես


Տարիները մեզանից տարան ամեն-ամեն ինչՙ ջահելություն, սեր, երազանք ու կարոտներ: Բայց չկարողացան առնել ու տանել Մինասին: Ամենազոր ժամանակը անզոր գտնվեց Մինասի պարագային: Ժամանակը հաշվի է նստում մեծերի հետ, պատկառում է մեծերից:

Լինելով մեր ժամանակակիցը, նա մնալու է սերունդների ժամանակակիցը, որպես խիզախ, ըմբոստ-նահատակ արվեստագետ: 1975-ի փետրվարից հետո ամեն օր ու ժամ հեռանալով մեզանիցՙ ավելի մոտեցավ մեզ. մեծացավ որպես մեր ալեհեր հայոց 4500-ամյա պատմության ժամանակակիցն ու հասակակիցը եւ մեկընդմիշտ դարձավ գալիք-անցյալՙ որեւէ պահի ներկա լինելու պայմանովՙ դառնալով մեր ժողովրդի հարստություններից մեկը: Վերհիշենք, որ թագավորական դինաստիաները հնում կոչում էին հարստություն:

Առեղծվածային է նաեւ այն պարագան, թե ինչպե՞ս նա Մինաս դարձավ, Մինասը մնաց համատարած լրտեսության, համատարած լակեյության գորշ տասնամյակներում: Թե ինչքա՜ն խորն էին նրա արմատները հայրենի հողումՙ մինչեւ երկներ երկին, եւ ինչքան աներեր էր կանգնած այդ սրբազանՙ Նոյի տապանի երկրի հողին, որով զորանալով արարեց ազգային համամարդկային արժեքներ: Մինասը հայոց պատմության լուսավոր արարչագործություններից մեկն էր: Հայոց պատմությունը նրան արարել էր բանաստեղծական մեծագույն ներշնչանքով:

***

Երանելի է այն մարդը, ով հանդիպել, ճանաչել ու հասկացել է Մինասինՙ հայոց գեղարվեստի դիցական երեւույթներից մեկինՙ Մինաս Ավետիսյանինՙ Ավեի Կարոյի որդուն: Ես բախտ եմ ունեցել տասնամյակներ շարունակ լինել Մինասի առասպելի եւ ողբերգականորեն դաժան իրականության արանքում: Տարիների ընթացքում ես համոզվեցի, հասկացա, որ մարդկանց նկատմամբ ունեցած նրա վերաբերմունքն իմաստուն ու մեծ մարդու բարձրագույն մարդկային կամեցողություն է. բարին ընդ ձեզ: Նա անշահախնդիր ընկեր ու բարեկամ էր, որն իր սկզբունքայնության արգասիքն էր: Հազվագյուտ արժանիք մեր հաշվենկատ, խիստ գործնական դարում, ուր շահն ու շահամոլությունը խեղդում ու ոչնչացնում է բոլոր մարդկային, իդիլիկ մաքրամաքուր հարաբերությունները: Ապրում էր, ապրեց հեթանոս դարերի ասպետին վայել անշահախնդիր ազնվությամբ:

Նա եկավ եւ մեր գեղարվեստի անդաստանը հարստացրեց Մինաս անվամբ: Մեր գեղարվեստի տարեգրությունն ունեցավ Մինասյան տարիները, Մինասի ժամանակը: Երկրորդելով ասենք, որ Մինասի սկզբունքայնությունն ուղղակի տիտանական էր: Մինասը առաջադրեց եւ իրացրեց մարդկային բարոյականության եւ գեղարվեստի այնպիսի առաստաղ, բարձունք, որն անհասկանալի ու անըմբռնելի էր սոցիալիզմի-սոցռեալիզմի նվիրյալներին: Առաջադրանք, որը դարձավ իր ողբերգության, նահատակության պատճառն ու արագացուցիչը: Նա մեկն էր այն առասպելածիններից, որը կամովին բարձրացավ այն խարույկի վրա, որի վրա դարեր առաջ բարձրացել էր Ջորդանո Բրունոն: Ինքնայրումի խարույկ, որն այսօր էլ մեզ հետ է եւ մեզ փրկում է մութից, խավարից, մարդկանց սառուցյալ անտարբերությունից:

***

Եթե փորձենք բնութագրել Մինասի կյանքն ու գործը, ապա այն կարելի է որակել միմիայն Սխրանք ամեն ինչ ասող հասկացությամբ: Նրա խիզախ սխրանքը սակավախոս էր. ոչ երբեք ինքնասիրահարվածի ցուցամոլություն: Սխրանքն ու խիզախումը համարում էր արվեստագետի մարդկային պարտքի շատ սովորական պարտականության կատարում, ոչ երբեք անհարկի ցուցամոլություն, որով տառապում էր ժամանակի մակերեսային մտավորական կոչվածը: Մինասը մեծ գործեր արարելու, մեծավայել ապրելու, մեծավարի նահատակվելու համար էր աշխարհ եկել: Եվ ըստ ամենայնի իրացրեց այդ սրբազան առաքելությունը:

Մինասի նմանները եւ հատկապես Մինասը յուրատեսակ վտարանդիներ էինՙ իրենց իսկ երկրում: Պետական այրերը, աթոռաբնակները եւ իրենց մանկլավիկները նրանց վրա նայում էին որպես այլմոլորակայինների: Մարդկային երեւակայությունը գերազանցող անմարդկայնությունից բացի, ոչ մի բարոյական նորմ չճանաչող, բացի մերկապարանոց հարձակողական գաղափարախոսությունից զատ սիստեմի երկրում, ուր նորից ու կրկին խրախուսվում էր մատնությունն ու ստորաքարշությունը, մարդկային-ազգային արժանապատվություն ունեցող անհատականությունը, դեմքն ու նկարագիրը չկորցրած մարդը, իրոք որ այլմոլորակային պիտի համարվեր, եւՙ էր:

Մինասը սոցիալիզմի ամենակուլ օվկիանոսում մի անպարտելի կղզի էր, որին չկարողացավ նվաճել եւ յուրացնել այդ աշխարհակուլ ցիկլոն-օվկիանոսըՙ սոցիալիզմի ցունամին:

***

Մինասը կենդանի մարմնացումն էր ազատ, ինքնիշխան մարդու: Նախապաշարմունքից, պայմանականություններից, հաշվենկատությունից զերծ ազատությունն էր: Նա ազատության ոգին էրՙ Մինաս անվամբ: Ազատ էր, արդարամիտ, ասպետորեն շռայլ: Ամեն քայլափոխին զգացվում էր նրա ասպետական ոգու ազնվական շռայլությունը: Ամեն ինչ անում էր խղճի մտոք: Իր անսխալական դատավորն ու քննիչը իր խիղճն էրՙ մաքուր, անաղարտ: Նրա նախաստեղծ էությանն առանձնահատուկ էր բնականությունը, պարզությունը: Պարզ, բայց ոչ երբեք հասարակ: Նա իր Աստծուն գտնում էր իր խղճի մեջ: Իր Աստվածն իր զուլալ լուսեղեն սիրտն էր: Հայոց աշխարհի, հայրենի բնության ազատ զավակի հազվագյուտ-եզակի օրինակն էր: Այդ մաքրամաքուր եւ անբիծ ազատությունն էր, որ ոչ մի կարգի ստրկացման չենթարկվեց: Ստրկախտ, որով հիվանդ էին (անբուժելի) ժամանակի «խելոքները»: Բնածին եւ բացարձակ ստեղծագործական ազատությունը նրա հոգեկան հավասարակշռության մեծագույն երաշխիքն ու երաշխավորն էր: Ազատ անհատի, մեծ անհատականության նրա էությունը ոչ մի աննշան կապ ու հաղորդակցություն չունեցավ ամենուրեք իշխող, պարտադրվող հանրակացարանային, կոմունալ, զորանոցային մտածողության կապանքներին ու կանոններինՙ պետական մտածողության կաղապարին, պետական անմտությանը: Ազատությամբ պայմանավորված նրա մոլեռանդ սերը նրան դարձրել էր իր գործի անմնացորդ նվիրյալը, նկարչությանը ապավինած ասկետ: Նրա համար նկարելը, նկարչությունը ճակատագիր էր եւ ոչ թե աշխատանք: Եվ այդ արժանիքների շնորհիվ է, որ նմանները շատ բան են հավելում իրենցից առաջ եղած մեծությունների գործին: Մեծանալով մեծերի հետՙ մեծացնում են ե՛ւ իրենց, ե՛ւ մեծերին: Ասենք նաեւ, որ ազատությունըՙ մոր կաթի հետ անցած, որը դուրս է գալիս, վերջանում է միայն արյամբ, կրկնապատկում, բազմապատկում էր նրա խիզախ հայեցի սխրանքը:

Առանց ազատության, բացարձակ ազատության անհնարին է պատկերացնել գեղարվեստ եւ գրականություն: Մեզանում շատերը առեւտուր են անում պետական մեքենայի հետՙ ազատության հաշվին, ասում էր Մինասը եւ հավելումՙ երկու ազատ գրող եմ տեսնում, որոնք առեւտուր չեն անումՙ Պ. Սեւակ եւ Հր. Մաթեւոսյան, որոնց ընթերցելիս հասկանում եսՙ ինչ է գրականությունը եւ ազատ մտածողությունը եւ ազատության համն ես զգում քո բերանում եւ էությանդ մեջ: Եվ նորից ու կրկին համոզվում ես, որ միայն ազատ եւ անկաշկանդ մտածողության պայմաններում է ստեղծվում գեղարվեստական արժեքներ: Իսկ սովետական ժուռնալիստիկան գրականություն համարելը հնավաճառություն է, որը լայն տարածում ունի մեզանում, եվ ինչպես Պ. Սեւակը կասերՙ թոնրատնային մտածողություն է:

Մինասը խորհրդավոր, բազմախորհուրդ երեւույթ էր: Մի երեւույթ, որը անբացատրելի, անմեկնելի մնաց նկարչական աշխարհում եւ գաստրոնոմիական ուղեղով մտավորական կոչված պետական մեքենայի պտուտակ-վինտիկներին: Վ. Թեքեյանի օգնությամբ ասենքՙ «կրակն անոր չտեսան»:

Նա մեր բոլորի նման էր, բայց մեզանից ոչ մեկը նրա նման չէր եւ չեղավ:

***

Սոցիալիզմի, սոցռեալիզմի գորշ դիմակահանդեսում նա մեկն էր այն ընտրյալներից, ովքեր զերծ էին ու հեռու դիմակից: Մնաց զուլալ, անբիծ, իրեն հատուկ Մինասյան բյուրեղյա մաքրությամբ:

Մինասի ազատությունը կնքնված էր հանճարի արարչական կնիքով: Աշխարհին, մարդուն նայում էր մաքրության, ազնվության, մեղքի ու բարության տեսանկյունիցՙ չկորցնելով իր խաղաղ-խռովահույզ հոգու մարդասիրությունը: Այնպես, ինչպես աշխարհին ու մարդուն նայել էր իր մեծ պապըՙ Գրիգոր Նարեկացին:

Ստեղծագործական ամենօրյա աշխատանքը զուգորդվում էր ազգային, բարոյական այն մտահոգություններով, որոնք ժամանակի տառապագին հարցականներն էին: Նրա ներկերի, գույների տարազի տակ ազգային-մարդկային անանց ցավն էր տնքում: Մինասի համար արգահատելի էին, սարսափելի պատիժ ու արատ էին ճապկությունը, հպարտ ունայնամտությունը, խորամանկությունը, չարչիությունը եւ 60-ականներին ծավալվող կաշառակերությունը: Այդ ամենը աղքատամիտ, մակերեսային մարդկանց զենքն ու զորությունն է, ասում էր տարբեր առիթներով: Համատարած քծնանքի, ստորաքարշության ու լակեյության պայմաններում հաճախ էինք հիշում հույն իմաստասեր Հիպիոսի սահմանումը. «Այդպես են ապրում ստրկական, շնային խառնվածք ունեցողները»:

***

Բացառիկ երեւույթ էր Մինաս Հայըՙ Հայկ Նահապետի արժանավոր, ազնվատոհմ թոռնորդին: Արարատը միշտ իր հոգում էր: Շեքսպիրի Դանեմարքայի իշխանի բերանով ասենք.

«Հայ էր, Հորացիո, իր ամեն ինչով,

Մեկ էլ չեմ տեսնի նրա նմանը»:

Դեռեւս կենդանության օրոքՙ 60-ականների կեսերին, օտարազգի արվեստաբանը արձանագրեց, վերնագրեցՙ Մինասը շատ է հայ եւ շատ է նոր: Շատ էր իրավացի օտարազգի արվեստաբանը, զի հայոց պատմության հին ու նոր օրերի ողբերգական անց ու դարձերով լեփ-լեցուն էր նրա կյանքն ու կենսագրությունը: Այդ ամենը նա ապրում էր սրտի անհուն կսկիծով: «Հայոց վշտի անհուն ծովում լող էր տալիս» նաեւ իր հոգին: Այսքանով հանդերձ, նա իր ժողովրդի ապագայի նվիրյալ հավատացյալն էր, իրեն հատուկ մեղմ, բարի ժպիտովՙ թախիծով լեցուն, հաճախ էր ասում, որ իսկական մեծ գործերը ցավից ու արցունքից են ծնվում: Նորից ու կրկին հիշում էր իր շատ սիրելի բանաստեղծին. «Ցավն է հաճախ առաջ մղում...»

Մինասն իր գործով հաստատեց, վավերացրեց այն ճշմարտությունը, որ հայ ժողովուրդը շատ է պետք քաղաքակիրթ աշխարհին, որ քաղաքակիրթ մարդկությունը Հայաստանի կարիքը շատ ունի: Մինասի կենսագրության երջանիկ պահը 1965-ի ապրիլի 24-ի հզոր-հզորՙ Հայոց եղեռնի համազգային ցույցն էր: Սոցիալիզմի մարդասպան-ազգասպան լեթարգիական քնից արթնացել է հայ ժողովուրդը եւ իր արդարացի ազգային պահանջն ու պատմական իրավունքն էր պահանջում: Ի՜նչ երանությամբ էր ապրում բազմահազարանոց, միլիոնանոց ցույցերը եւ ցույցին հաջորդած օրերը: Ոչ միայն հրճվանք ու ոգեւորություն էր ապրում, այլեւ ներկայացնում էր Հայոց եղեռնի պատկերներըՙ Մինասյան մեկնաբանությամբՙ Մինասի ընթերցմամբ եւ ասում էր, որ ստրուկի, ծառայի եւ լակեյի հոգեբանություն ունեցողի համար եղեռն, հայոց ազգային խնդիրներ, Հայ դատ գոյություն չունի: Միայն ազգային արժանապատվություն ունեցող հպարտ հայն է ապրում այդ ամենըՙ բանիվ եւ գրչով:

***

Զարմանալի երեւույթ էր Մինասը: Նա երեւաց մեր պատմության նորագույն շրջանում եւ լրացրեց թիվն այն երանելիների, ովքեր իմաստավորում, լուսավորում են պատմության ընթացքն ու ժամանակները:

1960-ին հայոց քաղաքամայր Երեւանումՙ ի լուր եւ ի տես հայ մտավորականության, ապա նաեւ հայ ժողովրդի հայտնության նման երեւաց Մինասը, ծնվեց Մինասի լեգենդը: 1960-ին, երբ Մինասը վերադարձավ Երեւան, հայոց գեղարվեստի նահապետըՙ Մ. Սարյանն իր համաշխարհային փառքի բարձունքներում էր, նա քաղաքակիրթ աշխարհին տանում էր մեր ազգանվան փառքը, Երեւանն ուներ տաղանդավոր նկարիչների մի մեծ ընտանիք: Այս պայմաններում անգամ Մինաս միանգամից դարձավ երեւույթ, առաջացրեց նոր շարժում, նոր սեր ու հետաքրքրություն նկարչության նկատմամբ: Նա նկարչական աշխարհում կատարեց վիթխարի կլիմայափոխություն:

Նրա արվեստանոցները դարձան ամենից շատ որոնվող տեղերից: Այդ արվեստանոցները առանձին սիրով էին գնում հայ եւ օտարազգի արվեստասերներըՙ Էջմիածնից, Մատենադարանից, Սարյանից հետո շտապում էին Մինասի մոտ, առանց ազդագրերի, խնդրագիր-հորդորների:

«Ջաջուռ» նկարով նա ներկայացավ մեր գեղարվեստի անդաստանը, որը նկարչական նոր շարժման ազդարար հայտագիրն էր: Առանց մեղանչած լինելու Մ. Սարյանի բարերար ներկայության, մեծագույն տաղանդի առջեւ, պիտի արձանագրենք, որ Մինասը գույնը վերադարձնում էր նկարչությանը: Մինասի բերած թարմաշունչ շարժումը արթնացրեց եւ զորացրեց տաղանդավոր երիտասարդների մի ինքնատիպ փաղանգ:«Ջաջուռը» մարդկային մտքի ու սրտի մեծ հղացք էր: այն մեծագույն հոգեկան շիկացումների արգասիք էր, ժայթքել էր Մինասի հայեցի արյան հիշողության մեջ դարերով ամբարված մեր որդան կարմիրըՙ Մինասի կարմիրը: Եվ մարդիկ իզուր էին անհարկի օտարամուտ «եկամուտ» գույներ որոնում Մինասի ներկերի շաղախում: Արթնացել եւ իր տեղն էր ճշտում հայոց որդան կարմիրըՙ Մինասի վրձնի տակ:

Բոլոր գույները հարգի էին իրեն: Չէր կարող տանել անգունությունը, անդիմությունը կյանքում եւ արվեստում: «Ջաջուռը» ոչ միայն նկարչի հայտագիրն էր, այլեւ (շախմատային տերմինով ասած) շախ էր հայտարարված անգույն, անմարդաբնակ սոցռեալիզմի անհոգի, ձեռնասուն ու մեխանիկական նկարչությանը: Այն ընդդիմություն էր պետականորեն կանոնակարգված նկարչությանըՙ սոցռեալիզմին:

Մինասի առաջնեկի անունը շուրթից շուրթ էր անցնումՙ դառնալով հասարակ ընտանի անունՙ հարազատ եւ սպասված, եթե այդ օրերին որեւէ ճշգրիտ սարքով հաշվեին-գրանցեին մտավորականության ամենօրյա խոսք ու զրույցի շրջանառու բառերը, ապա «Ջաջուռ» եւ «Մինաս» անունները կլինեին ամենից շատ հոլովվող անունները: «Ջաջուռ» եւ «Մինաս» անունները դարձել էին հոմանիշՙ նոր գեղարվեստի խորհրդանիշ, սկսվել էր «Ջաջուռի» եւ նրա հեղինակի ժամանակըՙ հազարը. «Ես եկել եմ հեռու եւ հարազատ Ջաջուռից»...

Երբ ասում էր համեստագույն բարությամբ, ասում էր էդ ո՞ւր տարար, հասցրիր: «Ջաջուռը» գեղարվեստի տարեգրության այն հազվագյուտ բռնկումներից էր, որոնք թվական էին դարակազմիկ եւ ջերմությամբ եւ լույսով հիշեցնում էին դարի պայթեցումները: Մեր սերունդը 60-ականներին ականատես եղավ նման պայթյունների: Այդ պայթյուններից առաջինը Պ. Սեւակի «Անլռելի զանգակատունն» էր, Պ. Սեւակի մեծ գրականությունը, հետո Մինասի «Ջաջուռը», Մինասի մեծ նկարչությունը, ապա Հր. Մաթեւոսյանի «Ահնիձորը», Հր. Մաթեւոսյանի մեծ գրականությունը: Մինասը «Ջաջուռով», Հր. Մաթեւոսյանը «Ահնիձորով» ի լուր աշխարհի ազդարարեցինՙ Մենք ենք ու մեր սարերը: Չորրորդությունը եղավ Ս. Փարաջանովի «Նռան գույնը», Փարաջանովի կինոն: Բեղուն տասնամյակ ( հայոց գեղարվեստի անդաստանը ի՜նչ պտուղներ տվեց) դաժան ու անմարդկային սիստեմի պայմաններում: Գաղտնիքը մեկն էրՙ իրենց գիրը ուրիշ գրեն էր:

«Ջաջուռը» սիրո, կարոտի մի քնարական ձոն էր հայրենի տանը, հայրենի գյուղին (արդեն անհետացող), որտեղ առաջին անգամը լինելովՙ նա տեսել էր արեւի-բնության, արեւի-մարդու անմիջական հաղորդակցությունները, «Ջաջուռի» նախաստեղծ գունային հանդեսները: «Ջաջուռը» հին ու նոր Հայաստանն էրՙ իր կարոտաբույր տնակներով, արեւահարված երկնքով:

Մինասը Ջաջուռի նկարչական հանդեսներին բերեց, հավելեց Ջաջուռ անվան լեգենդըՙ բանահյուսական շաղախով, ամբողջացնելով Ջաջուռի նկարչական բանահյուսական դիմանկարը:

Մինասն իր գործով հավաստեց, որ Ջաջուռն էլ է Ջոջանց տնից: Մինասը միայն մեծ նկարիչ չէր, նուրբ ու բնածին հումորով օժտված մարդ, այլեւ ժողովրդական բառ ու բանի փայլուն գիտակ-ասացող էր: Նա պատմեց Ջաջուռ անվան մասին իրենց կողմերում պահպանված ավանդազրույցը: Հեռավոր հարազատ, ավետյաց երկրումՙ Խնուս-Մուշ, սիրահարվում են տղան ու աղջիկը: Գնում են օտարություն: Երկար ճանապարհին աղջիկը հոգնում է եւ տղային խնդրում է, որ հանգստանան մոտակայքում գտնվող ջոջ ուռենու տակՙ ստվերում: Ջոջ ուռենու մասին ավանդությունը դարերի ընթացքում պատմվելով, խմբագրվելովՙ դառնում է Ջաջուռ: Երբեմ ասում էինՙ Ջաջուռը մեծ սիրային լեգենդի արդյունք է, դրա համար էլ դու Ջաջուռը շատ ես սիրում:

1962-ի սկզբներին ձեւավորում էր Պ. Սեւակի «Մարդը ափի մեջ» գիրքը: Պետական, պալատական նկարիչ կոչվածների նենգությունների, դավերի հետեւանքով այդ ձեւավորումները չընդունվեցին: Այդ ձեւավորումները արվեստաբան-գրականագետ Յուրի Խաչատրյանին է նվիրել Մինասը:

Բարձր գնահատելով Պ. Սեւակի պոեզիան առհասարակՙ առանձնակի վերաբերմունք ուներ «Վարք մեծաց» (1961) գործի նկատմամբ: Շշմելու է, շշմելու, ո՞նց է գրել, ասում էր: Այդ բանաստեղծության մեջ (պետք է ենթադրել) Մինասը տեսել էր նաեւ իր ճակատագիրը.

Ուշ-ուշ են գալիս, բայց ոչ ուշացած,

Ծնվում են նրանք ճիշտ ժամանակին:

Եվ ժամանակից առաջ են ընկնում,

Դրա համար էլ չեն ներում նրանց:

Ով սահմանում է նոր օրենք ու կարգ,

Հայտարարվում են եւ օրենքից դուրս:

Բայց չեն վախենում նրանք չար մահից,

Ապրում են դժվար ու մեռնում են հեշտ:

Իրոք տեսել եւ զգացել էր իր ճակատագիրը, որովհետեւ ինքն էլ էր այդ խիզախ, ըմբոստների տոհմից, ովքեր ապրում են դժվար ու մեռնում են հեշտ:

Փառք եւ համբույր նրա սուրբ ու լուսեղեն հիշատակին:


Նկար 2. Կանգնածՙ Շահեն Խաչատրյան, Վաչե Սաֆարյան: Նստածՙ Հակոբ Անանիկյան, Յուրի Առաքելյան, Հենիկ Իգիթյան, Մինաս Ավետիսյան, Մարատ Վարժապետյան, Հակոբ Ջարախյան, Ռաֆայել Աթոյան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4