ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-07-05 | #14, 2008-07-19 | #15, 2008-08-02


ԱՇԽԱՐՀԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅ ԿՈՄՊՈԶԻՏՈՐԸ

ԽԱՉԻԿ ՓԻԼԻԿՅԱՆ

Մեր ժողովրդի այլ մեծերի շարքում 2008 թվականը հոբելյանական է նաեւ անզուգական կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի համար, որի ծննդյան 105-րդ տարեդարձն է այս տարի եւ միաժամանակ մահվան 30-րդ տարելիցը: Այդ առթիվ թարգմանաբար հրատարակում ենք ստորեւ Խաչատուր Փիլիկյանի հոդվածըՙ գրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից խաչատրյանական տարի հռչակված 2003 թվինՙ նրա ծննդյան 100-ամյակի առթիվ, համոզված լինելով, որ այսօր էլ այն արդիական է իր բովանդակությամբ: Գծանկարները հեղինակիՙ Խ. Փիլիկյանինն են:


Արամ Խաչատրյանը 60 տարեկան էր, երբ 1963-ին խաղաղության միջազգգային կոմիտեն տոնեց աշուղ Սայաթ-Նովայի (1713-1795) ծննդյան 250-ամյակը: Հայ գուսանը երեք լեզուներով էլ երգեր հեղինակել է, եւ Անդրկովկասի երեք ազգություններըՙ հայերը, վրացիներն ու ադրբեջանցիները, իրենց ազգային աշուղն են համարում նրան: Սայաթ-Նովայի կյանքի եւ սիրո հարցերի փիլիսոփայությունը, նրա երգերն ու բանաստեղծությունները, վիրտուոզ քեմանչիստի համբավն ու գեղեցիկ, լեգենդար ձայնը դարձել են Խաչատրյանի ստեղծագործությունների լեյտմոտիվը: Խորհրդային Միության ժողովրդական արտիստը սեւեռուն գաղափար է ունեցել Սայաթ-Նովայի մասին մի օպերա գրելու, բայց ափսոս, որ նա երբեք չի իրականացրել իր այդ ձգտումը:

Մահտեսի (Երուսաղեմի ուխտագնաց.- Խ. Փ.) Կարապետի որդիՙ Հարությունը, որը Սայաթ-Նովա անունով է ճանաչված, ծնվել էր Թիֆլիսում (Թբիլիսիում): Թիֆլիսում էր ծնվել նաեւ կազմարար Եղիա (Իլյիչՙ ռուսերենով) Խաչատուրյանի որդի Արամը, չորս եղբայրներից ամենաերիտասարդը, որը հետագայում սիրով խոստովանելու էր. «Մանկությունից սիրում էի երգել եւ ինքս ինձ նվագակցել «հարվածային» գործիքներով, որոնք այդ ժամանակ տանը առկա էին միայն դույլերի եւ թեյամանների տեսքով: Երգերս ժողովրդական էին: Մեծերից էի լսել: Ընտանեկան հավաքույթների եւ խնջույքների ժամանակ մայրս (Ղումաշը. մետաքսե սահուն կտոր.- Խ. Փ.) արեւելյան ժողովրդական պարեր էր պարում: Շարժումները նուրբ էին, գեղեցիկ եւ հաճելի: Սիրում էի դիտել նրա պարը: Հիանում էի նրանով: Թիֆլիսում ամբողջովին շրջապատված էի ժողովրդական երաժշտությամբ, երգերը, պարերն ու գործիքները հնչում էին ու կատարվում ամեն առիթով: Հայրս էլ լավատեղյակ էր դրանցից եւ հաճախ էր երգում ժողովրդական երգերՙ ինքն իրեն թառի վրա ընկերակցելով:

«Պրոֆեսիոնալ» երաժշտություն առաջին անգամ լսել եմ 12 տարեկանից: Դա սիմֆոնիկ կոնցերտ էրՙ կատարված զբոսայգում: Դիրիժորը ավագ Չերեբնինն էր: Շատ լավ հիշում եմ նաեւ, թե ինչպես մի օր շտապ հասա Թիֆլիսի օպերային թատրոնըՙ լսելու Զ. Փալիաշվիլիի «Աբեսալոմ եւ Էթերի» օպերան: Նվագախմբի հնչյունները, բեմի վրա հնչող երգերն ու ընդհանրապես ամբողջ տեսարանը, մթնոլորտը, մեծ տպավորություն գործեցին ինձ վրա: Ես տասնամյակս նոր ավարտած պատանի էի դեռ: Իսկ 15 տարեկանիս սկսեցի տուբա նվագել իմ դպրոցի (Թբիլիսիի կոմերցիոն քոլեջի, 1913-1920 թթ.) փողային նվագախմբում: Շուտով սկսեցի «իմպրովիզացիաներով» զբաղվել եւ հորինել վալսեր ու դպրոցական քայլերգեր տարբեր գործիքների համար: Չգիտեի, որ իմ այդ «բանավոր» հորինումները ուրիշների կողմից «գրանցվում» էին: Հետո ինքնուսուցմամբ դաշնամուր նվագել սովորեցի, եւ սկսեցի դաշնամուրային երաժշտություն հորինել մեր տանը գտնված հին ու ջարդած դաշնամուրի վրա:

Երբ եղբայրսՙ Սուրենը եկավ իր ղեկավարած Մոսկվայի հայկական պետական դրամատիկական ստուդիայի համար երիտասարդ դերասաններ, նկարիչներ եւ երաժիշտներ հավաքագրելու, ես էլ այդ խմբին մաս կազմեցի եւ Մոսկվայում հայտնվեցի 1921 թվականին: Այդ ժամանակ 18 տարեկան էի: Մեկ տարի անց ստուդիայի դասատուներից Աշխեն Մամիկոնյանի քաջալերանքով ընդունվեցի Գնեսինների անվան երաժշտական տեխնիկումը: Համեմատաբար մեծ տարիքիս համար, ինձ խորհուրդ տվեցին հետեւել թավջութակի դասընթացներին (Բիչկովի եւ Բորիսյակի դասարան): Տեսնելով իմ արագ առաջընթացըՙ Միխայիլ Գնեսինը ինձ ընդունեց իր կոմպոզիցիայի դասարան:

Երաժշտություն գրելն այնքան հրապուրեց ինձ, որ ես թողեցի ուսումս Մոսկվայի պետական համալսարանում (կենսաբանություն էր սովորում 1922-25 թվերին- Խ. Փ.): Այս տարի (1928-29 թթ.) կավարտեմ Գնեսինների տեխնիկումը»:

Գնեսինների դպրոց հաճախելիս, Խաչատրյանն արդեն երաժշտություն էր գրում Հայկական դրամատիկական ստուդիայում պիեսների բեմադրման համար: Բայց կոմպոզիտորների միության անդամ դառնալու նրա դիմումը մերժել էին եւ հրաժարվել աշխատավարձ վճարելուց, այն պատճառաբանությամբ, որ դեռեւս ինքնուրույն երաժշտական հորինումներով համերգ չէր տվել, որի ապացույցը կլիներ տպագրված ծրագիրը:

Գնեսինների տեխնիկումի շրջանավարտ լինելովՙ Խաչատրյանը սովորեց Մոսկվայի կոնսերվատորիայում (1929-1934 թթ.), ապա եւ ասպիրանտուրայում: Հեղինակավոր ուսուցիչների թվում էին Մյասկովսկին, Գնեսինը (կոմպոզիցիա), Կոնյուսը (հարմոնիա) եւ Վասիլենկոն (գործիքավորում):

ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը 1932-ին, երբ դեռ ուսանող էր, ի վերջո, նրան իր շարքերը ընդունեց: Այդ նույն տարվա ընթացքում նա հեղինակեց իր հայտնի «Տոկկատան» (դաշնամուրի սյուիտի առաջին մասը) եւ դաշնամուրի, ջութակի եւ կլարնետի տրիոն: Պրոկոֆեւի հանձնարարությամբ վերջինս կատարվեց (եւ հրատարակվեց) Փարիզում: Խաչատրյանն իրեն զգում էր «յոթերորդ երկնքում»:

1933-ին Խաչատրյանը գրեց «Պարային սյուիտ» սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունըՙ կարծես նախապատրաստվելով իր որոնումների պսակը հանդիսացող 40-ական թվերի «Գայանե» եւ 50-ականների բարձունքը համարվող «Սպարտակ» բալետների հորինմանը: «Պարային սյուիտը» հիմնված էր հայկական, վրացական, ադրբեջանական եւ ուզբեկական երաժշտական արտահայտչամիջոցների թեմաների վրա: Այդ միեւնույն տարվա ընթացքում Խաչատրյանն ամուսնացավ Մոսկվայի կոնսերվատորիայից իր դասընկերուհուՙ երգահան Նինա Մակարովայի (1908-1976 թթ.) հետ: Մի տարի անց Խաչատրյանը գրեց իր դիպլոմային աշխատանքըՙ Առաջին սիմֆոնիան, որը նրան արժանացրեց ավարտական ոսկե մեդալի: Շոստակովիչի խոսքերով այս սիմֆոնիան «հագեցած է կյանքի գեղեցկությամբ եւ հրճվանքով»:

Երկու տարի անց նա ավելի մեծ ուշադրության արժանացավ իր մոնումենտալ բնույթի «Դաշնամուրի կոնցերտով» (1936): «Խաչատրյանին հաջողվել է վիրտուոզ մեկնաբանման հարուստ երեւակայությունը համալրել բովանդակային խորությամբ», հայտարարեց Շոստակովիչը:

1939 թվին Հայաստանում հյուրընկալվելու երջանիկ օրերից հետո, Արամ եւ Նինա Խաչատրյանները բախտավորվեցին իրենց առաջին եւ միակ որդուՙ Կարենի ծնունդով (1940-ին): Այդ տարվա ընթացքում նա գրեց նաեւ կենսուրախ տրամադրություն պարգեւող իր «Ջութակի կոնցերտը»ՙ տոգորված հայկական երաժշտության կոմիտասյան բարձրարժեք ոճով: Այդ երկի առաջին կատարողըՙ լեգենդար Դավիթ Օյրստրախը խոստովանել է, որ դա «արդիական երաժշտություն է բառիս բուն իմաստով»: Նյու Յորքում դրա կատարման տպավորությունը «արբեցնող էր» (ըստ Գ. Շնարսոնի): «Եթե հնարավոր լիներ մաքուր, բյուրեղապակյա լույսը իր ամբողջ պայծառությամբ վերածել ձայնի, դա կլիներ այն, ինչ Խաչատրյանին հաջողվել է իրականացնել իր այս գլուխգործոցի մեջ», նշել է նա:

Ինչ վերաբերում է Խաչատրյանի «Երկրորդ սիմֆոնիային»ՙ գրված Երկրորդ համաշխարհայինի իրադարձությունների թոհուբոհի օրերին, ապա Շոստակովիչի գնահատականը հետեւյալն է. «Դա գուցե առաջին ստեղծագործությունն է, որտեղ ողբերգական հենքը նվաճել է այդքան մեծ բարձունքներ: Ողբերգականի զուգակցումը կենսատու ուժերի հետ այստեղ արտահայտված է մեծ ուժգնությամբ»:

Արամ Խաչատրյանին բախտ վիճակվեց ավելի քան 20 տարի դառնալ Խորհրդային Միության կոմպոզիտորների միության քարտուղարը մինչեւ իր կյանքի վերջըՙ 1978 թվականը: 1939-48 թվերին նա արդեն եղել էր կազմկոմիտեի նախագահի տեղակալը: Նրա նվիրվածությունն այդ միությանը չափազանց օրինակելի էրՙ մելամաղձոտության որոշ երանգներով:

«Դա ինձ շատ բան սովորեցրեց: Ինձ համար դարձավ երկրորդ կոնսերվատորիան: Ես մշտապես կապի մեջ էի եւ աշխատում էի այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք էին Գլիերը, Մյասկովսկին, Պրոկոֆեւը, Շեբալինը, Շոստակովիչը, Դունաեւսկին եւ ուրիշները: Հիանալի դպրոց էր ինձ համար,... չնայած, որ ստեղծագործելու քիչ ժամանակ էր մնում»:

Խաչատրյանի այս կենսագրական մանրամասները թվարկելիս, պետք է նշել, որ նրա ստեղծագործական հետագա կյանքը անառարկելիորեն բաղկացուցիչ մասն է կազմում համայն աշխարհի երաժշտական գրականության, պատմության եւ կատարողական արվեստի, որն անցնում է նացիստական նվաճողական քաղաքականության, Երկրորդ աշխարհամարտի, սովի ու զրկանքների, բայց նաեւ հերոսական դրվագների եւ քաղաքական վերիվայրումների հսկայական օվկիանոսի միջով: Բերիա-ստալինյան դիվային տեռորի տարիները պատճառ դարձան, որ 9 տարվա (1948-1957 թթ.) «ընդմիջում» առաջանա կոմպոզիտորների միության իր քարտուղարության ժամանակաշրջանում, որը պետք է ասել նպաստավոր եղավ իր համար, քանի որ սկսեց դարձյալ զբաղվել երաժշտություն գրելով եւ այլ երկերի շարքին հորինեց իր գլուխգործոցըՙ «Սպարտակ» բալետը: Նա 1949-ին էր սկսել գրել այն, բայց ծայր աստիճան սրտնեղվածության պատճառով հետաձգել: «Հակառակ ապագայի հանդեպ ունեցած իմ մեծ հավատին, ներկայիս ես շատ վատ տրամադրության մեջ եմ: Մեր շուրջը շատ վատ, չար մարդիկ կան: Չգիտեմ ուր փախչեմ...», գրում էր նա:

Բայց փախչել նա կարողացավ: Այն ձեւով, որ համոզված էրՙ լավագույնն էր: Նրան հաջողվեց խրվել ստեղծագործական աշխատանքի մեջ, վերստեղծել եւ աշխարհի բեմերին «հրամցնել» պարող ստրուկի կերպարը, որը տարբերվում էր մյուս ստրուկներից ազատատենչ, մարտնչող լինելու իր հանգամանքով: Նրան միաժամանակ արդարացիորեն կոչում էին «Հեղափոխականների շարքում ամենաազնիվ սուրբ զոհը»: Դա «Սպարտակն էր», անշուշտ:

Նման հերոսական «փախուստի» եւ վերապրումի «վարձատրությունը» անսահման մեծ էր եւ չափազանց կարեւոր ու զգալի: Անհամար մրցանակներ, մեդալներ, պրոֆեսորական պաշտոններ եւ պատվավոր կոչումներ հաջորդեցին մեկը մյուսին: Ավելին, լայնորեն բացվեցին նրա ստեղծագործությունների հրատարակման եւ աշխարհի տարբեր երկրներում դրանց կատարման դռները:

Խաչատրյանի կոմպոզիցիաները ցարդ հավաքված են 24 հատորների մեջ (Մոսկվա, 1982-1991 թթ.): Նրանցում ընդգրկված են արվեստագետի բոլոր երաժշտական ստեղծագործությունները, ներառյալ պիեսների եւ ֆիլմերի համար գրվածները: Նա հնչյունային կինոնկարների երաժշտական կոմպոզիցիաների ռահվիրաներից է ոչ միայն Հայաստանում («Պեպո», 1935 թ.), այլեւ ամբողջ ԽՍՀՄ-ում: Ինչ վերաբերում է Եղիշե Չարենցի խոսքերով գրված Պեպոյի հայտնի երգի երաժշտությանը, ապա նա պարտք է զգացել իր երախտագիտությունը հայտնելու դարձյալ Սայաթ-Նովային:

«Երբ ես Պեպոյի երգն էի հորինում, Սայաթ-Նովան էր իմ մտքում»:

Այդ երգից քառասուն տարի անց Խաչատրյանը 1975-ին հորինեց «Մենանվագ ջութակի սոնատը»ՙ ստեղծելով հրաշալի մի մոզաիկա երաժշտական արտահայտությունների եւ ռիթմիկ շարժումների, որոնք փայլում են իրենց վիրտուալ իմպրովիզացիաներով:

Այդ բոլորը հիմնված էր Սայաթ-Նովայի մեղեդայնության եւ ռիթմիկ կառուցվածքի վրա: Հայտնի երաժշտական քննադատ, կոմպոզիտոր Ասաֆեւի կարծիքով, «Խաչատրյանը արեւելյան պատմվածքների երաժշտության Ռուբենսն է»: Ասաֆեւի միտքն այն է, որ նրանում առկա է մոնումենտալիզմը, հարստությունը, գույնը եւ կոմպոզիցիոն ամբողջականությունը: Գուցե «լիառատություն» բառը տեղին է օգտագործել նրա ստեղծագործությունների համար: Խաչատրյանի երաժշտությունն առատ է մեղեդայնությամբ, ռիթմով, ներդաշնակությամբ, վիրտուալ իմպրովիզացիաների տեխնիկական վարպետությամբ եւ մանավանդ կենսունակությամբ եւ գլխապտույտ առաջացնող լիառատ եռանդով: Իսկ այդ բոլորին սնունդ տվողն, անշուշտ, սիրո, հորդառատ սիրո առկայությունն է: Ինչ վերաբերում է երաժշտական կյանքին նրա նվիրվածությանը եւ սիրույն, Խաչատրյանը շատ հստակ եւ բարձրաձայն բացատրում է հետեւյալ խոսքերում.

«Երաժշտության մեջ իմ կրքոտ նպատակն է աշխարհի առաջ «բացել» հայկական երաժշտությունը, ցույց տալ նրա մեղեդային եւ ռիթմիկ հարստությունըՙ անցկացնելով եվրոպական երաժշտական արվեստի եւ ոճի պրիզմայի միջովՙ զերծ մնալով սակայն ստատիկ ներդաշնակությունների միջոցով այն վերափոխելու գերիշխող «հիվանդությունից»: Մենք պետք է մեր երաժշտությունն այնպես կատարենք եւ ներկայացնենք, որ դառնա բոլորի սեփականությունը»:

Արամ Խաչատրյանը հասավ իր նպատակին եւ վեհասքանչ կրքոտությամբ լիուլի կատարեց իր առաջ դրած պահանջները: Մայիսի 1-ին Մոսկվայում վախճանվելուց հինգ օր անց, 1978 թվի մայիսի 6-ին նրա մարմինը հողին հանձնվեց իր սիրելի Հայաստանում, Երեւանի արվեստի գործիչների, գրողների եւ գիտնականների Պանթեոնում:

Խաչատրյանի արվեստն այսօր իրոք պատկանում է բոլոր ժողովուրդներին եւ շարունակելու է անցնել սերնդեսերունդ: Նա աշխարհի Հայ կոմպոզիտորն է եւ մնալու է այդպիսին:

Լոնդոն, Թարգմ.ՙ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ


Նկար 1. «Հավանում եմ այս մեկը: Ինձ Բեթհովենին ես նմանեցրել», ասել է Վարպետը Բեյրութում մամուլի ասուլիսից հետո, 1961 թ. մայիսի 5-ին:

Նկար 2. Մաեստրոնՙ Սանտա Չեչիլիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ փորձ անելիս (Հռոմ, 1963 թ.):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4