ԼԵՌ ԿԱՄՍԱՐ
Քաղաքացիք, կհիշե՞ք, կամ լսած կա՞ք, որ Հայաստանը, կամ այն երկիրըՙ ուր հիմա կապրինք, երբեւէ «միացյալ ու անկախ» եղած ըլլա:
«Միացյալ եւ անկախ» չէ, բայց «մոռացյալ եւ առկախ» Հայաստան մը կհիշեմ: Ատ ասկե մոտ 10 տարի առաջ էր: Երբ շերտ մը հող մնաց մեջտեղ... մոռացմամբ, ու հայ «կառավարությունը» 3 տարի շարունակ այդ շերտը ուսին ձգած ման եկավ մեծ պետությանց դուռներն, ոչ մեկը վրան չնայեց, այդ պատճառով ստիպված ինքն սկսեց «կառավարել»:
Իսկ գալով մայիսի 28-ի «ակտ»-ին, ան ալ սապես պատահեցավ.«12 տաճկահայ վարժապետներ, երբ պառլամենտի առջեւեն կանցնեին, հանկարծ անձրեւն սկսեց ու չթրջվելու համար պառլամենտը մտան»:
Ահա բոլորը:
Բայց դուք նայեցեք, թե սա զույգ առտնին անցքերու վրա ի՞նչ առասպելներ է հորիներ արտասահմանի ազգասեր մամուլը:
Մայիսի 28-ին, ուր երկու ազգասեր է գոյություն ունեցեր, հոն «միացյալ ու անկախ» է խաղցվեր: Իսկ մեկ ազգասեր գտնված երկրին մեջ ալ տեղացի մեկը հրավիրված էՙ տանել մեկ դերը ճիշտ այնպես, ինչպես Վահրամ Փափազյանը ֆրանսերենով Օթելլո կխաղա ռուս խումբերու հետ:
Մենակ այդ չէ:
Վրացյանը 500 երեսնոց պատմություն է գրեր այդ Հայաստանին մասին. պատմություն մը, որուն առջեւ կնսեմանան, ամենայն հավանականությամբ, Խորենացիին ու Փավստոս Բյուզանդին բոլոր առասպելները:
Այսպես է մեր դժբախտ «հայոց պատմությունը»: Խորենացի մը կծնի իր առասպելներով, ապա 15 դար ետքըՙ Պալասանյան մը, որն այդ առասպելները նյութ առնելովՙ իր «հայոց պատմությունը» կգրե, ապա Լեո մը, որ զանոնք կսրբե ու տեղը իրենը կդնե:
Կարդանք քանի մը էջ մեզմե 15 դար ետքը ծնվող Պալասանյանեն, որը պիտի գրե իր «պատմությունը», օգտվելով Վրացյանեն, այսինքնՙ 20-րդ դարու այդ Խորենացիեն:
«... Ըստ ավանդության, հայերը, վրացիք եւ Ադրբեջանը, ընդհանուր լեզու գտնելով, Թիֆլիսին մեջ Սեյմ կուզեին շինել, որ ազատվեն ազգամիջյան պատերազմեն: Տաճիկը, տեսնելով այս բանը, խառնակեց անոնց լեզուն, եւ հայերը անջատվելով, եկան Գեղամա ծովին եզերքը բնակություն հաստատեցին, կազմելով միացյալ ու անկախ Հայաստան, որու հզորությանը առջեւ Ֆրանսիան ու Անգլիան անգամ գլխարկ կհանեին... շոգ օրերուն:
Երկիրը իր ծաղկման գագաթնակետին հասավ Համո Օհանջյանի կապինեթին օրոք: Այս շրջանին Հայաստանին հարկատու էին եզդիները, բազմաթիվ թուրքեր, 3 վրացի,8 ռուս, 6 հույն, 1 ֆրանսիացի (անգամ) եւ ողջ Ասորեստան (Մհուբ) : Անգլիան 40 հազար հրացան տվավ հայ զինվորներու ձեռքը... ծանր ու թեթեւ ընելու համար, ու հայ պատվիրակը Սեվրի դաշնագիրը ստորագրելու ատեն մեծ պետություններեն ավելի կրնար փորը դուրս նետել... եթե անոթի չըլլար: Հայ դեսպանը այդ դարաշրջանին, որ պետութենեն կրակ ուզեր ձեռքի պապիրոսը վառելուՙ չէր մերժվեր:
Այսպես առոք-փառոք առհասարակ»:
Այսպես 450 էջ:
Քաղաքապետարանի ապրիլի մեկը
Ճշմարտությունը թանկ է գնահատվում` որովհետեւ աշխարհում գոյություն ունի սուտը: Սուտը չլիներ` ճշմարտության երեսը ո՞վ կնայեր:
Այս նույն կարծիքին են եղել մեր նախնիները, որոնք ազատություն են տվել մարդկանց տարվա մեջ մեկ օր` ապրիլի մեկին, ուզածին չափ խաբել իրար:
Եվ լավ բան է ողջ տարվա ստությունը կենտրոնացնել ընդամենը մի օրվա մեջ: Եթե այս օրինակով տարվա մի օրն էլ հատկացվեր մարդասպանությանը, մի օր` գողությանը, մարդիկ փոխանակ տարվա բոլոր օրերին սպանվելու եւ կողոպտվելու, մի օր կսպանվեին` մնացյալ օրերը ազատ կապրեին...
Երեւանի քաղաքապետարանը մեծ հիմնարկ է: Նա ունի 365 սենյակ հասարակ, իսկ 366 սենյակ նահանջ տարում: Յուրաքանչյուր այդ սենյակների մեջ զետեղված է մի «բաժին»:
Ի՞նչ կդառնար քաղաքացիների վիճակը, եթե այդ 366 բաժանմունքները միահամուռ խաբեին իրենց ու ամեն օր ասեին` այսօր գնա վաղը արի:
Խայտառակություն:
Ու որպեսզի չլինի այդ խայտառակությունը, քաղաքապետարանը մի իմաստուն որոշում է կայացրել:
Նա իր 366 բաժանմունքներից միմիայն «մի պատուհանին» է իրավունք տվել խաբել, եւ խաբվել ցանկացող քաղաքացուն ասում է` խաբվել ես ուզում` այստեղ գնա, չհամարձակվես ուրիշ բաժին մտնել:
Մի օր ես, խաբվելու սաստիկ կարիք զգալով, ելա քաղաքապետարան գնացի ու`
- Խնդրեմ խաբեք ինձ,- ասացի:
- Առի՞թը:
- Դրան առի՞թ է պետք:
Մի թեթեւ այո: Գծելիք պլան-բան չունե՞ս:
- Ունեմ:
- Բեր չգծենք ու անվերջ խաբենք:
- Բայց խնդրում եմ շատ չցավեցնես:
Ոչ մի ցավ:
- Հա~, իմ ատամնաբույժն էլ էր ասում «ոչ մի ցավ», բայց երբ քաշեց ատամս, քիչ մնաց ուշաթափվեի:
- Ո~չ, ո~չ, ո~չ, մեզ մոտ գործը ուշաթափության չի հասնի: Շա~տ մեղմ: Նախ քո «գործը» քարտուղարուհին կմոռանա իր մատյանների մեջ եւ քեզ կուղարկի փնտրելու մյուս աշխատակիցների մոտ: Հետո «հանկարծ» կգտնի եւ կուղարկի տեխնիկին, որ գա տունդ չափի: Տեխնիկը քեզ չվախեցնելու համար, կասի կգամ երկու օրից, երբ չվախեցար` կասի կգամ երկու շաբաթից, հետո երկու ամսից, նայած քո դիմացկունությանը: Մարդ կա մինչեւ մի տարի էլ դիմանում է:
- Մահվան դեպքեր պատահո՞ւմ են:
- Ոչ: Որովհետեւ անվերջ գնալ-գալու համար մարդ պետք է անպայման կենդանի լինի եւ առողջ: Մեռնում են միայն «պլանը» ստանալուց հետո...
1960թ