ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-07-05 | #14, 2008-07-19 | #15, 2008-08-02


ԱՐԺԱՆԱՎՈՐ ՀՈՐ ԱՐԺԱՆԱՎՈՐ ԶԱՎԱԿԸ

Արվեստագետներ կան, որոնց անունները հայ կատարողական արվեստի պատմության մեջ հիշվում ու հիշվելու են առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ: Այդ արվեստագետներից է Նար Հովհաննիսյանըՙ հայ օպերային արվեստի ամենահզոր աստղերից, ազգային օպերային թատրոնի մեներգիչ (բաս), Խորհրդային միության ժողովրդական արտիստ, ում ծննդյան 95-ամյակը լրացավ վերջերս: Նրա տիրական ձայնի գոռ շեշտերը սրտերը թունդ հանելու, հոգիները հեղեղելու գերբնական ուժով էին օժտված: Նրա կերտած ազգային եւ համաշխարհային խաղացանկի շուրջ ութ տասնյակ դերերգերը բարձրարվեստ, իրավամբ դասական կատարումներ էին: Հիշենք դրանից մի քանիսը միայն. Դավիթ Բեկըՙ Ար. Տիգրանյանի «Դավիթ Բեկ», Նադիր Շահըՙ Ալ. Սպենդիարյանի «Ալմաստ», Հոր-Հոր աղան Տ. Չուխաջյանի «Կարինե», Ռամֆիսըՙ Վերդիի «Աիդա», Դոն Բազիլիոնՙ Ռոսսինիի «Սեւիլյան սափրիչ», Մեֆիստոֆելըՙ Գունոյի «Ֆաուստ», Կոչնակըՙ Բորոդինի «Իշխան Իգոր», Օրովեզըՙ Բելինիի «Նորմա» օպերաներում:

Սիրելի արվեստի բնագավառում առաջին քայլերի մասին հեռավոր հիշողությունները Նար Հովհաննիսյանը կապում էր հոր լուսավոր հիշատակի հետ, իսկ հայրը Նար-Դոսն էրՙ հայ գրականության դասական, տաղանդաշատ գրող, որը սակայն մինչեւ իր կյանքի վերջին օրը ստիպված էր նյութականի խնդիր լուծելՙ հոգսերի անվերջանալի շարանը փոքր ինչ կարճելու համար:

Թե ինչ դերակատարություն է ունեցել գրողը որդու մասնագիտության ճիշտ ընտրության, ի վերուստ տրված տաղանդի զարգացման, համապատասխան կրթություն ստանալու հարցում, պարզ կդառնա այն նամակներից ու դիմումներից, (վերջիններսՙ ռուսերենից թարգմանաբար), որ ներկայացնում ենք «Ազգի» ընթերցողներինՙ օգտվելով Հայաստանի ազգային արխիվի «Նար-Դոս եւ Նար Հովհաննիսյան» ընտանեկան հարուստ ֆոնդի փաստաթղթերից:

Ավարտելով Թիֆլիսի հայկական մանկավարժական տեխնիկումը, 1931-32 ուսումնական տարում, 18-ամյա Նարը մեկնում է Վրաստանի Բոգդանովկայի շրջանի Սաթխա գյուղՙ դասավանդելու հայկական դպրոցի ցածր դասարաններում: Մինչ այդ, Նար-Դոսը դիմել էր Վրաստանի ազգային փոքրամասնությունների կոմիտեին. « ... Ես 64 տարեկան եմ: Ծերության պատճառով վաղուց չեմ ծառայում եւ չեմ կարող աշխատել: Ընտանիքս (4 հոգի) գոյատեւում է իմ ամսեկան 125 ռուբլի թոշակով, եկամտի այլ աղբյուրներ չունեմ: Միակ նեցուկսՙ որդիս, հույս ունեի կողքիս կլինի: Նա ձայնային լավ տվյալներ ունի, Վրաստանի գրողների ֆեդերացիայի հայկական բաժանմունքի երաժշտական սեկցիայի երգչախմբի անդամ է եւ ուզում է ընդունվել Թիֆլիսի կոնսերվատորիանՙ ձայնը մշակելու համար: Թիֆլիսից դուրս գալով, նա կզրկվի այդ հնարավորությունից եւ չի կարող նեցուկ լինել ծեր հոր համար: Դրա համար էլ համառորեն խնդրում եմ թողնել նրան Թիֆլիսում, տեխնիկումի ավարտական վկայական տալ, որպեսզի ընդունվի կոնսերվատորիա եւ նրան ուսուցիչ նշանակել տեղի աշխատանքային դպրոցներից որեւէ մեկում :

Մ. Հովհաննիսյան (Նար-Դոս), Թիֆլիս, 26.09.31»

Այս եւ նմանատիպ այլ դիմումներ անարձագանք էին մնացել, թեպետ, ի նկատի ունենալով Նար-Դոսի չափից ավելի համեստությունը, մի բան, որ վկայում են ժամանակակիցները, հավանական է, որ դրանք չէին էլ ուղարկվել հասցեատերերին:

Նար-Դոսը սիրող հայր էր, ուշադիր, հոգատար, հետեւողական: Որդուՙ Նարիկի (ինչպես ինքն էր ասում) եւ դստերՙ Հասմիկի ճակատագրերը նրա մշտական հոգածության ու ուշադրության առարկան էին: Հայրական նրա նրբազգաց սիրտը կանխազգում էր, որ իր որդուն ի վերուստ ուրիշ ճակատագիր էր նախանշված.

« ... Նա մանկավարժական գործունեության հակում չունի, որի պատճառով չի կարող օգտակար լինել ժողկրթության գործի համար », գրում էր Նար-Դոսը Վրաստանի լուսժողկոմատին հասցեագրած դիմումներից մեկում: Ինչ իմանար, որ շատ տարիներ անց, Նարը իր ստեղծագործական բեղմնավոր գործունեությունը զուգակցելու էր մանկավարժական եւ հասարակական աշխատանքի հետՙ երկար տարիներ դասավանդելով Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:

Առաջին նամակը Սաթխա մեկնած Նարիկին, 1931 թվականի հոկտեմբերի 8-ի նամակն է: Անհանգստացած որդու լռությունիցՙ Նար-Դոսը գրում է. « Տո, դու ի՞նչ տեսակ տղա յես. բա վոր կգնան, նամակ չեն գրի՞: Վերկացար գնացիր ու սուս կացա՞ր: Չե՞ս իմանում, վոր օրը օրին մեր աչքը քո նամակի ճամփին է՞: Այսօր 10-11-րդ օրն է, վոր քեզանից վոչ մի տեղեկություն չունինք: Մամին ուղղակի վոչ գիշերը, վոչ ցերեկը հանգստություն չունի, քո մասին մտածելով: Այս նամակը ստանաս թե չէ, իսկույն նստիր եւ նամակով մեկ-մեկ պատասխանիր իմ հետեւյալ հարցումներին .

1) Վո՞ր տեղ ես հիմա. քաղաքում թե գյուղում եւ վո՞ր գյուղում. հասցեդ ինչպես է: 2) Մենակ ե՞ս, թե ընկեր ուսուցիչներ կան մոտդ: 3) Սենյակ, վառելիք, լույս ունե՞ս: 4) Չայ խմում ես՞. կերածդ ինչ է: 5) Շորերդ լվացող կա՞: 6) Օրական քանի՞ ժամ ես պարապում: 7) Յեթե գյուղումն ես, քանի՞ վերստ է հեռու քաղաքից: 8) Յեղանակը ինչպես է: 9) Փոշտը շաբաթական քանի՞ անգամ է գնում գալիս: 10) Նամակի թուղթ, ծրար, մարկա ճարվում է՞: 11) Կոոպերատիվ կա՞, բան-ման տալիս ե՞ն: 12) Կոշիկներիդ դրությունը վո՞նց է: 13) Ձեր կենտրոնը վո՞րտեղ է գտնվում: Մանրամասն գրի: Գրիր առհասարակ, թե ինչպես ես զգում քեզ: Գրիր անպատճառ, լսու՞մ ես: Անհամբեր կսպասենք:

Քո հայրիկ Նար-Դոս»:

Ի պատասխան այս նամակի, Նարիկը գրում է, որ իր բնակված տեղը Բոգդանովկայի շրջանի ամենալավ եւ ամենահարուստ գյուղերից մեկն էՙ Ախալքալաքից 18 վերստի վրա, իսկ Բոգդանովկայիցՙ 5 վերստի վրա եւ որ. « ... գյուղացիները համարյա բոլորը կրթված են, հասկացող, ամեն գիշեր հավաքվում են մեզ մոտ, խոսում, ծիծաղում, նվագում, պարում եւ ուրախ ժամանակ անցկացնում... »: Հաջորդ նամակներում Նարիկը ոգեւորված գրում է այն համերգների մասին, որ իրենք տալիս են Ախալքալաքում, շրջակաՙ Արագուտա, Ցագավարա եւ մյուս գյուղերում:

«Վերջին (30-ի) նամակդ ցույց է տալիս, վոր արդեն լծվել ես կուլտուրական աշխատանքի: Հիանալի յե: Այդ նամակը շատ ազդեց մեզ: Իհարկե, մարդ կյանքի դժվարություններից չպիտի փախչի, այլապես նա արհամարհանքի արժանի փոքրոգի կլինի եւ տեղ չի ունենա հասարակության մեջ: Այ, տեսնում ես ինչպիսի արհամարհանքով ես խոսում դու այն յերկու փախուստ տված աղջիկների մասին: Կեցցե՛ս:

Գալով իմ գործերին, պետք է ասեմ, վոր յեկող տարի հունվարին Յերեւանում պետք է լույս տեսնի յերկերիս ժողովածուի առաջին հատորը, վորի համար ստացա 500 ռ. (500 ռ. էլ հոբելյանիս ժամանակ էյի ստացել նույն ժողովածուի հաշվին): Հետո էլի կստանամ, յերբ վոր գիրքը լույս տեսնի: Իսկ գալով հոբելյանիս առթիվ Վրաստանից ստանալիք պենսյայիս, դեռեւս վոչինչ չեմ ստանում: Նոր-նոր այդ խնդիրը կարծես թե տեղից շարժվում է եւ տեսնենք ինչ հետեւանք կունենա: Մինչեւ այս նամակը քեզ հասնի, յերեւի քեզնից նամակ կստանանք:

Հայրիկդՙ Նար-Դոս, 10-XII-31»:

Հիմա, երբ Հայպետհրատը վերջապես որոշել էր հրատարակել Նար-Դոսի երկերի լիակատար ժողովածուն, վերջինս, ավելի քան երբեւէ, որդու կարիքն էր զգում.

«Վրացական ՍՍՀ Ազգային փոքրամասնությունների Կոմիետին

Վրաստանի ժողովրդական գրող Նար-Դոսից

Դ Ի Մ ՈՒ Մ

Իմ միակ որդինՙ Նարիկ Հովհաննիսյանը, 5-րդ Հայկական մանկավարժական տեխնիկումի ուսանող, որպես վաղաժամկետ շրջանավարտ, 1931-32 ուսումնական տարում ուղարկվել է Ախալքալաքի շրջան, որպես գյուղական ուսուցիչ, եւ մի ամբողջ տարի ծառայել է Սաթխա գյուղում:

Վերջերս, Վրաստանի Լուսժողկոմի նախաձեռնությամբ տոնվեց իմ գրական գործունեության 45-ամյա հոբելյանը: Այս առիթով Հայաստանի պետհրատը որոշել է հրատարակել իմ ստեղծագործությունների լիակատար ժողովածուն: Դրա համար, վերջին ժամանակներս, ես զբաղված եմ տարբեր հին պարբերականներով մեկ ցրված իմ ստեղծագործությունները հավաքագրելով: Այդ գործում ինձ օգնում էր որդիսՙ գտնելով եւ արտագրելով այդ ստեղծագործությունները: Մի խոսքով նա ինձ համար անգնահատելի եւ անփոխարինելի օգնական էր:

Եվ չնայած դրան, ես իմ քաղաքացիական պարտքը համարեցի չխոչընդոտել նրան հասարակական ծառայության ուղարկելուն, մտածելով, որ մի կերպ մենակ գլուխ կհանեմ իմ գրական անհետաձգելի եւ տնային տնտեսության ամենօրյա գործերից: Բայց ես սխալվեցիՙ հույսս դնելով իմՙ 64-ամյա ծերունու թույլ ուժերի վրա: Նրա մեկնումից հետո, ամեն օր հացի գնումների գնալով ու տարբեր գործերով զբաղվելով, ինձ ոչ ուժ է մնում, ոչ էլ ժամանակՙ իմ գրական հրատապ գործերով զբաղվելու, իմ երկերի լիակատար ժողովածուի հրատարակման համար ստեղծագործություններս հավաքագրելու եւ արտագրելու համար:

Իմ վիճակը դարձել է անելանելի: Դրա համար էլ համառորեն խնդրում եմ վերադարձնել որդուս Ախալքալաքի գավառից եւ նրան տեղ տալ այստեղՙ Թիֆլիսում, քանի որ ծառայությունից ազատ ժամանակ նա առաջվա պես կարող է լինել իմ օգնականը: Հնարավոր է, որ ես չապրեմ մինչեւ այն ժամանակը, երբ նա կավարտի իր երկամյա ծառայությունը գավառում, մինչդեռ նրա ներկայությունն այստեղՙ իմ կողքին, խիստ անհրաժեշտ է:

Հուսով եմ, որ տարիքս եւ գրական վաստակս հարգելով, խնդրանքս չի մերժվի: (1932)»:

Նար Հովհաննիսյանի կենսագրականներում (հիմնականում մամուլում լույս տեսած) կարդում ենք, թե նա, 1931 թվականին, թողնելով մանկավարժական աշխատանքը, վերադարձել է Թբիլիսի եւ ընդունվել Փալիաշվիլու անվան պետական կոնսերվատորիա, մի այլ դեպքումՙ նույն 1931 թվականին նա ընդունվել է Վրաստանի ազգային օպերային թատրոնՙ որպես երգչախմբի արտիստ: Սակայն իրականում, մինչեւ 1932 թվականի ուսումնական տարվա ավարտը, նա դեռ Սաթխայում էր եւ անգամ չի կարողացել մասնակցել սիրելի քրոջ պսակադրության արարողությանը, որ տեղի է ունեցել 1932 թվականի մայիսի 20-ին (վկան վերը նշված ընտանեկան ֆոնդի նամակներն են):

Նար-Դոսն իր մահկանացուն կնքեց 1933 թվի հուլիսի 13-ին: Ցավոք, նրան այդպես էլ բախտ չվիճակվեց տեսնել ո՛չ իր երկերի լիակատար ժողովածուի արժանի հրատարակությունը, ո՛չ էլ վայելել որդուՙ Նար Հովհաննիսյանի օպերային դերերգերի, ինչ խոսք նաեւ համերգային շքեղ ու անկրկնելի կատարումները:

Ինքըՙ երգիչը, շատ տարիներ անց էլ երախտագիտությամբ էր հիշելու հորը, նրաՙ մեծն Շալյապինի հետ հանդիպումների, համերգների, ինչպես նաեւ հայ, ռուս, արեւմտաեվրոպական այլ ականավոր արտիստների մասին գրավիչ պատմությունները:

«Այդպես էր հայրս իմ մեջ սեր ներարկել արվեստի նկատմամբ եւ օգնել այն ավելի խորը ըմբռնել...»:

Այդ սերն էր, որ մեզ պարգեւեց Նար Հովհաննիսյանի տաղանդից ճառագող չխամրող լույսը: Թող ուրեմն շատ լինեն հայրեր եւ որդիներ, որոնք իրար նման կլինեն իրենց տաղանդով, իսկական մտավորականի իրենց ազնվությամբ, համեստությամբ, բարեկրթությամբ ու բարությամբ:

Մենք դրա կարիքն այսօր շատ ենք զգում:

ՎԱՐԴԻԹԵՐ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ, Հայաստանի ազգային արխիվի մամուլի քարտուղար, 28.04.2008


Նկար 1. «Ֆաուստ», Մեֆիստոֆել

Նկար 2. Նար-Դոս

Նկար 3. Ձախիցՙ քույրըՙ Հասմիկը, Նարիկը (1 տարեկան 3 ամսական), 1914 թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4