Մտորումներ Վարդան Պետրոսյանի նոր ներկայացման առիթով
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեր ներկա վիճակների մտահոգություններով Վարդան Պետրոսյանն իր ներկայացման մեջ անկեղծ է: Փորձեմ համարժեքել մտորումներիս անկեղծությունը` ներկայացման առիթով ծնված:
Պարոնյանի թատրոնի դահլիճից հանդիսականը բավարարված դուրս եկավ: Հոտնկայս, անընդմեջ մի քանի րոպե ծափահարում էր Վարդան Պետրոսյանին. «Սեր եւ ատելություն», այպես է խորագրել նա իր նոր ներկայացումը: Քայլերս Պարոնյանի թատրոնից Հանրապետության հրապարակով վերեւ բարձրացան: Երեկո է, շոգ ամառ, տանը մնալ չի լինում: Մարդիկ դրսում են: Հանրապետության հրապարակում նույն հետաքրքրությունների մարդկանց խմբեր են, ընտանիքներ, զույգեր` «երգող» շատրվանների շուրջ անտարբեր, «անհայացք» պտտվում են: Ավելի վերեւ, Աբովյանի սրճարանային «հասարակությունն» է, միմիկաները` անդուր, անդադար: Հյուսիսային պողոտայի ներքեւի հատվածից ժողովրդական երգի ծանոթ մեղեդին է` սառն ու անհաղորդ շենքերին «չկպչող». Հանրապետության մետրոյի մուտքի աստիճաններին նստող երաժիշտն է, ակորդեոնահարը, կողքին` դհոլչին: Վարձատրությունն այստեղ ավելի առատ է, կարծես: Ակորդեոնի հնչյունները հեռանում-մարում, վերից լսվում է ծանոթ, սիրելի շեփորը: Այստեղ մարդիկ մի համայնքի պես են, ընդհանուր հետաքրքրություններով, նպատակով, շաբաթներ է` նստացույց են անում, պաստառներին` «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով: Այստեղ կյանքն ակտիվ է, հոսուն, ներքին սպասում ու մտքերի շարժ, անդադարություն կա, հավատ ու հանրային կյանքը փոխելու ձգտում: Թումանյան փողոցն անցնում ու օպերայի շենքն ագուցած «ուլունքաշար» սրճարանաշղթայի ինքնագոհ մարդկանց ժխորում եմ հայտնվում. այստեղ խառն աղմուկ է, առտնին աղմուկ` կպչուն, ճնշող, կենցաղային խոսակցություններով: Փողոցային հայերենն իր տարերքի մեջ է. ջահել տղերքը իրար ողջունում, հրաժեշտ են տալիս, իրար հետ բաներ պայմանավորվում` ծռված բերաններից ծռմռված, ժանգոտ մետաղալարի պես բառեր թափելով:
Փողոցն անցնում եմ: Օպերայի շենքի դիմացի մայթի բացօթյա սրճարանում ինտելեկտուալ մարդիկ են նստածՙ բանաստեղծներ, նկարիչներ, ճարտարապետներ, այստեղ մտածողական բազմազանություն ու հետաքրքրություններ կան, խոսակցությունների նյութը արվեստի, փիլիսոփայության, քաղաքականության եւ առհասարակ կյանքի մասին է: Փոխըմբռնումներ կան եւՙ հակառակը:
Հասարակությունը բազմատարր է, խառը: «Նրանց սեր քարոզելն իմա՞ստ ունի», մտածում եմ, «Քրիստոսի աստվածային սիրո պատվիրանո՞վ, ինչպես Վարդանն է ասում` «Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»: Հնարավո՞ր է: Աստված իմ, ի՜նչ անհավասար է աշխարհը: Արդյոք Հիսուսն ինքը չընտրեց իր ամենասիրելիներին` Պետրոսը, Հովհաննեսը, Թադեոսը,... նաեւ Հուդան:
Մենք ուզում ենք մեր հասարակությունը փոխել ու կյանքի ե՞նք կոչում աստվածային սիրո քարոզը: Թատրոնում` այո՛: Իրականության մեջ... դժվար է: Հարկավոր է հասարակական ներքին կանոնիկ ռիթմ ու ընդհանուր բարեկեցիկ բավարար վիճակ ապահովել` օրենսդրական գրագետ ակտերով եւ դրանք իրագործող մեխանիզմներ ստեղծել: Սա՞ էլ է դժվար: Բայց չէ՞ որ ոչինչ հնարել պետք չէ, այլ` համապատասխանաբար եւ շահեկանորեն օրինակել (մենք մոլորակից դուրս ե՞նք, ի՞նչ է):
Երբ Թեքեյան կենտրոնում (2 տարի առաջ ստացած ԹՄՄ մրցանակի հանձնման օրը) Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր վերջին ներկայացումը հետընտրական իրողությունների մասին է, հարցրի, եթե Երեւանում չի եղել, ինչպես է այդ բարդ, հակասական երեւույթներն արտացոլելու: Ինքը վստահ էր, որ հաջողելու է: Մի դեպք պատմեց, թե ինչպես տարիներ առաջ Չարենցի փողոցով տուն գնալիս երեկոյան ուշ ժամի իրեն շրջապատած շների ոհմակից կարողացել է անփորձանք դուրս գալ: Մոտեցել է նրանցից մի կաղ, վիրավոր շնիկի ու սիրել, մյուսները հնազանդվել են, թե` մեզ էլ շոյիր: «Բոլորը սիրվելու, ուշադրության կարիք ունեն: Եթե շներն այդ ուշադրության կարիքը զգում են, բա անտեր մնացած էս ժողովուրդը չի՞ զգում», մտածում եմ:
... Մեր թիկունքում դեռ երկար զգալու ենք փետրվարյան անհանգստության տրոփը, հայ հանրությանՙ ուշադրությունից դուրս մնացած հատվածի սրտի զարկերը, ցավից, ընչազրկությունից, անարդարություններից բզկտվող մարդկանց վիրավոր հոգու ծառսը, որ 10 օր շարունակ փոթորկում էր Անկախության հրապարակը: Երկար հիշելու ենք գարնանամուտի առաջին գիշերվա Տերունական աղոթքի մրմունջը, ու ականջներս սղոցվելու են առավոտ լույսին էլեկտրաշոկից դաղված կանանց հեծեծանքից, ու չենք մոռանալու գիշերային Երեւանի երկնքի անսովոր ճռինչը` կրակահերթերի տարափով, Լուսավորչի, Մաշտոցի, Լեոյի փողոցների կարմիրը: Այդ երեկո շատ բան կորցրինք, շատ բան գտանք ու հասկացանք: Սա կենսագրություն է, լուրջ փորձառություն, որ ապրեց ու որի միջոցով անցավ ու հասունացավ հայ հանրությունը, հայ երիտասարդությունը: Ծանր էին հատկապես արտակարգ իրավիճակի ինֆորմացիոն բլոկադայի վախերը... Եթե կտավ լիներ, վրան սեւ կքսեի` այդ օրերի դիմաց:
Միշտ զարմանում ու մտածում էի, թե մեր գրողներն ու ռեժիսորները մտացածին սյուժեներ ու սցենարներ հորինելու փոխարեն, ինչո՞ւ չեն օգտվում բնական այս առատ նյութից: Մարդկային կյանքերը բաց դաշտի պես փռված` պրոբլեմների, հարաբերությունների խճճակծիկով, խոցելիորեն մերկ, հիվանդ, թույլ, անպաշտպան, նաեւ խառնվածքներ ամուր, առնական, պինդ համառությամբ, ծերեր, երեխաներ, գեղեցկուհիներ:
Երբեք չեմ մոռանա գիշերային խարույկի շուրջ Երեւանի պոլիտեխնիկն ավարտած ու Իջեւանում մասնագիտությամբ չաշխատող, ինչ-որ բիզնեսով զբաղվել փորձող (անհաջող, որովհետեւ չեն թողել) 24-25-ամյա երիտասարդի կերպարը` դառնությամբ լի խոսքի ինտոնացիան, կյանքի հանդեպ լրջությունը, որի դեմքն այդպես էլ հստակ չկարողացա տեսնել. մութն ու խարույկի` աչքեր ծակծկող ծուխը չէին թողնում, հայացքներս ներքեւ էինք պահում:
Պարոնյանի թատրոնից ավելի ներքեւ, Մյասնիկյանի արձանն է, ֆրանսիական դեսպանատունը, հրապարակը: Վարդան Պետրոսյանի ներկայացման թեման պտտվում էր այդ օրերի իրադարձությունների առանցքի շուրջ... Ես վերեւ բարձրացա:
Ճանաչելով Վարդան Պետրոսյանի թատրոնը, ինձ համար արվեստագետի` իր հայացքի հանդեպ հավատն էր ամենից թանկը: Նրա նախորդ ներկայացումները եւ հատկապես «Ի՞նչ անել»-ը թատերական հրապարակախոսության հրաշալի նմուշ էր, որտեղ արտիստը մեր կյանքի ամենացավոտ ու կնճռոտ երեւույթներն այպանում էր բարեհոգի հումորով, նաեւ անխնա երգիծանքով, սուր դիտողականությամբ: Այս վերջին` «Սեր եւ ատելություն» ներկայացման մեջ փարիզյան հեռավորությունից նետած հայացքըՙ հայաստանյան փետրվարյան աննախադեպ իրավիճակներին, ներառել է մի քանի ասպեկտներ, էպիզոդիկ պահեր: Իրականությունը, որ ջրբաժանային էր սահմանվել, երկկողմանիորեն քննադատվում, ծաղրվում է, ինչ-որ բաներ հավասարարժեքվում (օպոզիցիա-կոալիցիա), ինչ-որ արժեքներ հակադրվում (իշխանություն-ժողովուրդ), տարբեր թեւերի առաջնորդներ մեկ հակադրվում, մեկ միարժեքվում են` «հին ընկերները թշնամի չեն լինի», կամ անունների ստուգաբանությունը (Լեւոն, Սերժ)` «սեր» բառի նշանակությամբ եւ այլն: Քաղաքական երգիծանքը, կյանքային, ինտիմ վիճակների ֆոնին է արվում, կին-տղամարդ հարաբերությունների, հատկապես վերջինիս (հայերի պարագայում) դեգրադացվող տեսակի անխնա ծաղրի միջոցով, որ կենցաղային աստիճանի է երբեմն հասնում (ռուս աղջիկներ, տանցի պլաշչատկա կամ դոշի պրիչոսկա)ՙ ինչ-որ տեղ այլեւս հնացած, սպառված:
Ծաղրվում է մարդկային արգահատելի գծերը` փարիսեցիությունը, ագահությունը, ձաղկվում դեմագոգիան, կեղծավորությունը, վախկոտությունը: Ներկայացման ամենահաջողված եւ շահեկանորեն տարբերվող հատվածները երաժշտական կտորներն են, որտեղ Վարդան Պետրոսյանն իր տարերքի մեջ է` արտիստի նրբաճաշակ կատարողականության, վարպետության, պլաստիկայի, բեմականության:
Վարդան Պետրոսյանը փորձում է զուգահեռներ անցկացնել, կամուրջներ նետել, մարդկանց ինչ-որ տեղ լիցքաթափել` չանդրադառնալով, սակայն, հասարակության մեջ կատարված էական տեղաշարժերին առ այն, թե ինչպես ընտրությունների առիթով հասարակական կամք դրսեւորվեց ու գիտակցություն փոխվեց, որ այս ընտրությունը միջոց էր հայտնաբերելու մեզ` մեր կերպը, ներքին ձեռագիրը, նաեւ մեր նկարագիրը: Որ այդ ջրբաժան կոչվածը դավանած արժեքային համակարգերի տարբերությունից էր նաեւ: Այդ անսովոր օրերին «հայրենիք» հասկացությունը բազմափեղկվեց` այն մեկ աշխարհագրական տարածք էր, մեկ ժողովուրդ (պատմություն, ավանդություն, լեզու, մշակույթ), մեկ պետական-բյուրոկրատական մեքենա:
Մի քանի ասպեկտների շեշտադրումը` առավել եւս հավասարության նշանների ճիգով, քիչ է, եթե միտում կար ժողովրդի համար այդքան կենսական ժամանակահատվածի գեղարվեստական հնարավորինս օբյեկտիվ արտացոլման: Ինչո՞ւ չանդրադառնալ ժողովրդի հավաքական կերպարին: Տարբեր կողմերից խոսվում է հանրային գիտակցության փոփոխության անհրաժեշտության մասին: Եթե դա չի արվում պետականորեն համակարգված գաղափարաբանությամբ, եւ կամ եթե հանրության առողջ սոցիումները քանակային փոքրամասնություն են կազմում եւ չեն կարող ազդել հանրային գիտակցության վրա, ուստի ամենաճիշտը կարող է լինել, ինչու չէ, ներսիցՙ ինքնաճանաչողության, ինքնամաքրման այսպիսի ընդդիմադիր շարժումներով, որոնք նաեւ ռեալ հակազդեցություն կարող են լինել իշխանություններին եւ յուրատեսակ զսպաշապիկ:
... Իսկ փետրվարին Անկախության հրապարակում փոխըմբռնման ջերմ մթնոլորտ էր տիրում: Դժվար է ապրվածը, զգացածը բառի միջոցով վերարտադրել, գրեթե անհնարին է թարգմանել հոգեւոր ուժի այն ներկայությունը, որ չգիտես ինչպես իջել էր այդ հրապարակի վրաՙ իբրեւ միաբանության անտեսանելի խորհուրդ: Գյուղաբնակ մի տղա` ձեռքերն այրելով կողքինի համար սուրճ էր պատրաստում կրակին, ցուրտ գիշերներին տաք ծածկոցներ էին իրար փոխանցում, թեյի վրանների մոտ կանգնածները հերթերը զիջում էին միմյանց, կորած իրեր, մեքենայի բանալիներ էին հայտնվում... անանձնական վերաբերմունք կարՙ բոլորիս շա՜տ-շատ անհրաժեշտ: Միաբանության այդ սիրո էներգիան չի կորչելու, որովհետեւ ֆիզիկայի օրենքներով, էներգիան չի անհետանում եւ չի ստեղծվում: Այն միայն փոխակերպվում է մի տեսակից մի այլ տեսակի, կամ անցնում մի մարմնից մյուսին:
Վարդան Պետրոսյանի ներկայացման լեյտմոտիվն, անշուշտ, սիրո փիլիսոփայությունն էՙ ոչ թե աշխարհը փոխելու, այլ ներդաշն համակեցություն ստեղծելու: Դերասանը վստահել է իր ներքին անկեղծությանը. հանդիսականի հետ իր մի քանի շփումները, ներկայացման ավարտին պատմած երազը, 20 տարի առաջ աշխարհից հեռացած ծնողների հետ զրույցը դրա վկայությունն են: Բեմից հնչում է սիրո քարոզ, հանդիսականը ողողվում է դրանով, բուռն ծափահարում, սակայն դուրս գալուն պես գուցե եւ մոռանո՞ւմ:
Մարդու մեղքի աստվածաշնչյան սկզբից, Ադամ-Եվա-խնձոր առեղծվածից, դրախտից արտաքսվելու, ազատությունը որպես պատիժ ստանալու, ապա եւ դրախտը կրկին փնտրելու անհույս ճիգերը (հեղափոխություններ, պայքար, սեր, ատելություն) իլյուզիա համարելովՙ արտիստը տուն դարձի ճամփան կորցրած անհանգիստ, անբավարար մարդուն կրկին հիշեցնում է քրիստոնեական սիրո պատգամըՙ «Սիրեցեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի»: Այո՛, աստվածային շնորհ, որն ամենափնտրվածն էՙ մարդկային կրքերով լի հոգիների համար, սակայն, բաղձալիորեն անհասանելի:
Երկնքից սիրո մանանա չի թափվում: Հոգեւոր ճանապարհը անհատականացված է. դրախտից արտաքսված եւ ազատության պատիժն ու հմայքը կրող մարդն ամեն պահի կանգնած է ընտրության դեմ հանդիման, որտեղ մերթ կործանվում, մերթ փրկվում է... սիրո եւ ատելության ընդելուզումներում:
Հ. Գ. Այս մտորումները գրվել են «Կենտրոն» հեռուստաալիքով Վարդան Պետրոսյանի հետ Պետրոս Ղազարյանի ունեցած հարցազրույցից օրեր առաջ, որտեղ, ի դեպ, շատ ավելի հստակ էր Վ. Պետրոսյանի վերաբերմունքը հասարակական առկա երեւույթների հանդեպ: