ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#13, 2008-07-05 | #14, 2008-07-19 | #15, 2008-08-02


ԿՐԿԻՆ ԴԱՍԱԿԱՆԻ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ՎԱԶԳԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ

Իր ժամանակի բանավեճերի, թեր ու գեր-գնահատումների սուբյեկտիվության բավիղներն անցած, հայ արձակը «եվրոպականացրած» եւ դասականի համբավը հիմնավոր վաստակած Ալեքսանդր Շիրվանզադեն հետագայի գրականության պատմաբանների կողմից, կարծեք թե, շռայլ ուշադրության չարժանացավ: Զուտ մարդկային թուլություններից զատ դրանում դեր է խաղացել նաեւ ժամանակի գաղափարական պարտադրանքը, որը կապվում էր կապիտալիզմի նկատմամբ գրողի պարզ վերաբերմունքի միակողմանի բացարձակացման հետ: Պարզ այնքանով, որ այդ հասարակարգը Շիրվանզադեն համարում է քաոս, ուր ոսկին ջնջում է բոլոր սահմանները եւ իր բացարձակ իշխանության մամլիչի տակ վերացնում անգամ հարազատական կապերը, մարդկային արժանապատվության բնական ընկալումները: Կարծեք թե սողանցք չի մնում, որ գործ ունենք «կապիտալիզմի գերեզմանափոր» հեղինակի հետ: Եթե մանավանդ նման դիտարկումը պիտի հաճելի դարձներ հեղինակին սովետական իշխանությունների բազմաոսպնյակ աչքերին, իսկ նրա ուսումնասիրողներին ապահովություն բերեր: Բայց եթե գրողը մի շարք անգամներ եւ շատ ուղղակի այդ հասարակարգի վերացման խնդիր չի՞ դնում, ասում է նույնիսկ հակառա՞կը, նշում առաջընթացի այլ ուղինե՞ր:

Այս դեպքում չէին կարող չստեղծվել արհեստական դժվարություններ (մանավանդ եթե մարդիկ սիրում էին ստեղծել եւ հաղթահարել դրանք): Եվ ահա, մի կողմից շեշտվում է, որ Շիրվանզադեի «ռեալիզմի էական հատկանիշը բացասական երեւույթների քննադատության մեջ է» (ԱՏ, էջ 8), իսկ մյուս կողմից համեմատաբար ազատ ժամանակներում հայտարարվում է, թե Շիրվանզադեն «չի պատկերացնում հասարակության վերափոխման հեղափոխական ուղին» (ՀԹ, էջ 290): Նրբորեն նկատվում է, թե նրա «ռեալիզմի նվաճումը տիպերի բնագավառում այն է, որ նա անձը դիտում է իբրեւ հասարակական հարաբերությունների արդյունք», բայց անմիջապես հաջորդում է պարտադրանքը. «Նա տարվում է իր աշխարհայացքի մեջ առկա լիբերալիզմով եւ աշխատում է տալ բուրժուական կարգերը շտկելու նպատակ ունեցող «իդեալական» հերոսներ» (ԱՏ, էջ 8): Հաջորդող ժամանակներում դրականը բացարձակացնելու համար կարիք եղավ Շիրվանզադեին ազատել «լիբերալիզմի վտանգավոր ու անկումային» հնչող գաղափարաբանությունից: Եվ շեշտվեց, որ եթե Շիրվանզադեն հեղափոխության ուղին չի տեսնում, դա չի նշանակում, թե նա թեքվում է դեպի լիբերալիզմ, մանավանդ որ «հայ լիբերալիզմը չի տվել աշխատավոր մարդկանց, առանձնապես բանվորական կյանքի խոր ու ընդարձակ իմացության օրինակը, որ մեզանում ուներ Ալ. Շիրվանզադեն» (ՀԹ, էջ 291):

Ավելորդ չի լինի հիշել հանրագիտարանային բնութագիրը այն մասին, որ լիբերալիզմ գաղափարական հոսանքը առաջացել է լատիներեն «liberalis-ազատ» բառից եւ «արտահայտել է առաջադիմության, ազատության, հավասարության, բանականության ուժի ջատագովման գաղափարներ»ՙ դրանով իսկ դեմ լինելով հեղափոխություններինՙ որպես արյան եւ բռնության ուղիների: Միաժամանակ հասկանալի է, որ «լիբերալիզմի դեմ պայքարը բոլշեւիկները համարել են իրենց հիմնական խնդիրներից մեկը»: Իսկ «հայ լիբերալները հանդես էին գալիս կղերաֆեոդալական հոսանքի դեմՙ հայ հասարակական կյանքի բուրժուականացման նշանաբանով, հին կարգերը խաղաղ ճանապարհով վերափոխելու, եվրոպական առաջադիմական ուղու վրա դնելու համար» (ՀՍՀ, 4, էջ 604):

Շիրվանզադեի պարագայում ահա այսպես գաղափարագեղագիտական վերլուծության դիտանկյունները մշուշվեցին ժամանակի պարտադրանքների պահակազորային խիստ հայացքի տակ կամ դրանից ժամանակավրեպ ընկճվելու ներքին պարտադրանքի մեջ: Եվ անկախ գրողի ժառանգության լուրջ գնահատումներիցՙ գրականության պատմության մեջ նրա ունեցած տեղի արժեւորումը կիսատ է մնում, եթե չի ամբողջանում ու հստակվում նրա գաղափարական դիրքորոշումների պատկերը: Գրողին ճանաչենք իր աշխարհի միջոցովՙ եզրահանգումները բխեցնելով դրանից եւ ոչ թե պարտադրելով դրան:

Այդպիսի ճանաչման ու գնահատման հաջողված փորձ այժմ արդեն արվել է: Շիրվանզադեի աշխարհայեցողությունն ու վիպաշխարհը դիտարկելով դրապաշտության կամ պոզիտիվիզմի դիրքերիցՙ նշվում է, որ գրողը «հակված է ոչ թե սեփականության վերացմանը, այլ վերակազմակերպմանը» (ՀՎԳՊ, էջ 318), որը կարող է տրվել «ընկերական ձգտումների» հաստատմամբ, քանի որ Շիրվանզադեն ի վերջո «ինդիվիդուալիստ է: Նա բարոյականությունը արտաքին իրականությունիցՙ հասարակական կարծիքի ոլորտից, տեղափոխում է անհատի հոգեբանություն, խղճի ու պատվասիրության զուգորդավորման ոլորտ» (էջ 381) եւ վստահ է, որ «քաղաքակրթության բարձրակետը դրապաշտական իմաստով պայմանավորված է գիտության զարգացմամբ» (էջ 384): Ըստ էության հիմնավորելով Շիրվանզադեի լիբերալիզմըՙ այստեղ փիլիսոփայական «ճնշումների մեջ» երբեմն ստվերոտ են դառնում գրականության եւ գրականագիտության սահմանները: Իսկ դրանք բավականին պարզորոշ են:

Ուշ շրջանում գրած իր գործերից «Ո՞րն է մայրը» վիպակում, Շիրվանզադեն կրկին ընտանեկան խնդիրների մեջ (հարուստ ամուսիններ են, երեխա չունեն, եւ Գուրգենը կապվում է աղախնի հետ, ծնված երեխան, որին մայրական ամբողջ գորովանքով նվիրվում է կինըՙ Լիդիան, առաջ է բերում հարստության ժառանգման կոնֆլիկտներ, գործը հասնում է դատարան) ընդհանրացնում է հասարակական կյանքի ցայտուն կողմեր, դասային հակադրության ու թշնամանքի խնդիրներ: Աղախնի դատը պաշտպանող փաստաբանը հենց ճառը կառուցում է սոցիալական սուր հակադրությունների տպավորության վրա. գյուղից գալիս է աղքատ ու միամիտ աղջիկը, եւ «կապիտալը սպասում է նրան յուր ահռելի ախորժակով, իսկույն յուր ճանկերի մեջ առնում: Ու սկսում է ծծել նրա արյունը եւ ապա շպրտել նրան դուրս անպետք, արյունաքամ դիակի պես» (Շ, 4, էջ 488):

Անհատի ճակատագրում պարզորոշ կրկին ընդգծվում է կապիտալիզմի անմարդկային ուժը: Պարզապես վիպակում այդ շահի աշխարհի տիրակալները ակնհայտ դրական հատկանիշների կրող են, ի տարբերություն «նրանց ճանկերում արյունաքամված» աշխատավոր դասակարգի ներկայացուցչի, որը թեթեւ խելքի ու պահվածքի հակումներով, անգամ մայրական բնազդից զուրկ մեկն է: Բայց ավելի խոսուն է այդ ճառի գաղափարական հակադրությունն ու մերժումը: Գուրգենի եւ Լիդիայի դատապաշտպանը, առանց իր գործընկերոջ ջղաձգումների, հանգիստ ու պատկերավոր նկատում է, որ նա «հրապարակ դուրս բերեց շատ գործածվելուց տաշված ու մաշված թնդանոթներ եւ սկսեց նրանցից ռմբակոծել կապիտալի պողպատյա պատվանդանը» (էջ 492): Ասված է նույնքան որոշակի, որքան քաոսի հաստատումներն են ցուցադրվում այլ առիթներով: Իսկ մինչ այդ էլ իր վերաբերմունքը զգացնել տվող վիպասանը չի թաքցնում հակակրանքը առաջին փաստաբանի կերպարի, ուրեմն եւ նրա գաղափարների նկատմամբ. նա «այն քաղցած գայլերից է, որոնք իրենց ահռելի ստամոքսը առժամանակ կերակրում են դատարանների կեղտոտ փշրանքներով» (էջ 470):

Բայց առկա է ամենակուլ քաոսը, եւ, ուրեմն, ո՞րն է ելքը, եթե պիտի չսասանվի այդ արատավոր հասարակարգի ամուր պատվանդանը: «Կրակը» վիպակում հենց նման սասանումների ու հեղաշրջումների անիմաստության մասին է խոսում գրողի գաղափարակիր Սանթուրյանը. «Ձեր ասածները ցնորք են եւ ցնորք էլ կմնան, քանի որ անհատի հոգին չի ենթարկվել արմատական հեղաշրջման, հասկանո՞ւմ եքՙ արմատական» (Շ., 4, էջ 328): Այսպես ահա ստվերագծվում է քաոսից դուրս գալու ելքը, որոշակիանում է լիբերալ-ազատամտական գաղափարը, որը պիտի մերժեր հեղափոխությունըՙ հիմնավորելու համար առաջադիմության եւ կրթության-կրթվածության դերը. «Մեր հոգին է ապականված, մեր սիրտն է նեխված» եւ անգամ «գիտությունն ու կրթությունը անընդունակ են գջլել արմատից մեր կրծքի տակ թաքնված, քարացած ու ապականված մսի կտորը... Ոչ միայն միսը, չէ, դա քիչ է, այլեւՙ հոգին» (էջ 328):

Այսինքնՙ ընտանիքը միշտ ստեղծագործական հիմք դարձրած, նրա մեջ սոցիալ-հոգեբանական այլեւայլ ընդհանրացումներ դիտարկած Շիրվանզադեն եւս հասարակության ու ազգի առաջ սոցիալական առողջության գրավականը համարում է ամուր ընտանիքը, իսկ ընտանիքի առողջությունը որոշում է անհատը, որին հասարակական կյանքը, ցավոք սրտի, մեծ մասամբ դարձնում է «նեխված սրտի եւ ապականված հոգու» կրողը: Գաղափարական այդ հարցադրումների ուղղակի շարունակության ու գեղարվեստական կատարման նոր փորձը «Արսեն Դիմաքսյան» վեպն է, որն իրավամբ համարվում է ծրագրային: Իսկ ծրագիրը կրկին ներկայացվում է այնքան որոշակի, ինչքան ցայտուն ու տպավորիչ էին քաոսի պատկերները Շիրվանզադեի լավագույն ստեղծագործություններում: Արսեն Դիմաքսյանիՙ հասարակական գործչի ակնհայտ կարողություններին խանգարում է հենց «նեխված սիրտը»ՙ իր տգեղությունից ծնված նախանձը: Եվ կենցաղային մանրուք թվացող փաստը ստանում է հասարակական հնչեղություն, քանի որ պիտի լուծի գաղափարական կարեւոր խնդիրՙ հասարակության բարեփոխումը հեղափոխությա՞ն ճանապարհով, թեՙ այլ:

Դիմաքսյանի հերթական հրապարակային ելույթը կրում է «Հասարակություն եւ անհատ» վերնագիրը, ուր նա «պետք է ապացուցաներ, թե ընդհանուր քաղաքակրթության հիմքը անհատն է. քանի դեռ չկան բարոյական անհատներ- չի կարող լինել եւ բարոյական հասարակություն», (ԱՇ, 3, էջ 67): Հաջորդողՙ «Բարձրացրե՛ք անհատներին, կբարձրանա եւ շրջանը» (էջ 118) բանաձեւումը քաոսից դուրս գալու պարզորոշ հաստատումն է: Իսկ ինչպե՞ս մաքրագործել անհատին հարցադրման պատասխանըՙ աշխատանքի եւ գյուղաշխարհի բնության, արեւմուտքի քաղաքակրթական ազդեցության, թե մի այլ ճանապարհով (որոնց նշաձողերը եւս այս վեպում կան), հաճախ գրողի համար մնում են անորոշության մշուշում, մանավանդ վիպական ու դրամատիկ կոնֆլիկտների լուծումների մեջ հարցականը թողնելու ստեղծագործական հակումը բնորոշ է Շիրվանզադեին (չմոռանանք հենց «Քաոս»-ի օրինակը, որտեղ հանգուցալուծումը չի պարզում կտակի երկու հիմնական պահանջի կատարումը):

Անհատի մաքրագործմամբ հասարակության բարեփոխման խնդիրը արդյոք չի՞ մնում Շիրվանզադեի միայն երկրորդական ստեղծագործություններում, որոնք հիշատակվեցին, իսկ հայտնի գործերն այլ բան են ասում: Վստահ պատասխանն է «ոչ»-ը: Գրականություն մուտք գործելով բանվորական կյանքի պատկերներովՙ Շիրվանզադեն ե՛ւ առաջին հոդվածներում ու «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքում, ե՛ւ «Քաոս»-ում սահմանափակվում է միայն մարդասիրական պահանջներով, եւ «կապիտալիզմի գերեզմանափորի» որեւէ նշույլ չկա բանվոր դասակարգի մեջ: Հետո այդ դասակարգը ընդհանրապես մոռացվեց, քանի որ առաջ եկան գրողին հարազատ ստեղծագործական նոր ոլորտներ, գաղափարագեղագիտական նոր խնդիրներ. մերժել գավառի հետամնացությունը («Նամուս», «Ցավագարը»), ընտանիքի առողջությունը տեսնել նրա հիմնական անհատիՙ կնոջ ազատագրության մեջ «Արամբի», «Մելանիա» եւ մի շարք դրամաներ), հասարակական առաջընթացի կրողը համարել մտավորականինՙ փնտրելով դրա իրագործման ուղիները («Կրակը», «Արսեն Դիմաքսյան» եւ այլն), ստեղծել կապիտալիզմի եւ քաղաքի սոցիալական համապատկերը («Քաոս», «Պատվի համար» եւ այլն)ՙ հասարակական բարեփոխման հանգուցալուծումը տեսնելով անհատի մաքրագործման մեջ:

Միայն մի՞ անհատի վերափոխում է խորհրդանշում Միքայելը, կարելի՞ է հեշտությամբ անտեսել ընդհանրացումը, եթե հիշենք նույն սոցիալական խավի ներկայացուցիչներ Սուրենին «Պատվի համար»-ից, Սամվելին «Շառլատան»-ից: Ինչո՞ւ են կապիտալիզմի յուրօրինակ դատավոր դառնում նույն հասարակարգի հարազատ զավակները, նրա մի կարեւոր կողմիՙ անբարոյականության ու զեխության կրողները: Հարցի պատասխանը ոչ միայն սոցիալական ու գաղափարական, այլեւ ազգային կարեւոր ընդգրկում ունի:

Ռեալիստ Շիրվանդազեի ամենասիրած հայ հեղինակըՙ ռոմանտիկ Րաֆֆին, ստեղծելով հայ վաճառական-վաշխառուի ցայտուն տիպարներ, մի շարք այլ առիթներով, ինչպես օրինակ, «Վաճառականությունը հայերի մեջ» հոդվածում, նկատում է, որ անապահովությունն ու սոցիալական այլ չարիքներ պանդխտության են մղում հային, եւ օտար հողի վրա մի մասը իր խելքի-ճարպկության-ձեռներեցության շնորհիվ կարողանում է դառնալ հարուստ վաճառական, նույնիսկ հզոր ձեռնարկատեր: Բայց նա չի կարող երկար հաջողել իր գործի մեջ, քանի որ ներքուստ չի հաղթահարում «ասիական» ընչաքաղցությունը, որը նրա տգիտության-անքաղաքակրթության շարունակությունն է, եւ ձախողման հիմնական «պատճառն էր նոցաՙ գիտնական վաճառականության արհեստը չիմանալը» (Ր., 10, էջ 98): Այս երկրորդը եվրոպական վաճառականության կամ ձեռներեցության բնորոշ հատկանիշն է, եւ Րաֆֆին հստակ բաժնեգիծ է դնում (նաեւ կերպարներովՙ Մասիսյանց-Միքայել, Աղա Պարոնով-Արուսյան) «ասիական» եւ «եվրոպական» որակների հակադրության մեջ:

Շիրվանզադեի Մարկոս աղան եւ Անդրեասը եւ էլի ուրիշներ գավառից եկած «ասիական» նույնպիսի ճարպիկ ու ձեռներեց կիսագրագետներ ենՙ իրենց շուրջը ստեղծած ընչաքաղցության-նախապաշարվածության-ժլատության առասպելներով (Շիրվանզադեն եւս շրջանառում է «ասիական բռնակալական ոգի» ձեւակերպումը):

Նրանց ոգու կրող բագրատները ավելի վտանգավոր են, եւ, այսպես կոչված, կրթությունն ու դիպլոմը այստեղ ոչ մի հայտանիշ չունեն...

Այդ մթին աշխարհում նույնքան լավ զգացող մի խավ գոնե ազատված է «ասիական» ընչաքաղցության ու կուտակման հիվանդագին մոլուցքից, վստահ է, որ իրենց կապիտալը գողություն է, ուստի բնական է նույնքան անբարո հիմունքներով այն վատնելու արդարացումը: Սա ռեալիստ գրողի գաղափարական նահանջն է, թե ոչ, պետք չէ դատավորի պահվածք ընդունել, եւ հարկ է ընդունելի համարել անհատի մաքրագործմամբ հասարակության բարեփոխման գաղափարըՙ չմոռանալով, որ անհատ-հասարակություն կապը պատճառահետեւանքային փոխադարձություն ունի: Ինչ էլ լինի, իր մարդասիրությամբ ու լիբերալիզմով ոչ միշտ ճիշտ ընկալված, հեղափոխությունը մերժելու պահանջով զգուշավոր գնահատված վիպասանը «Ավերակների վրա» խորհրդանշական վերնագիրն ունեցող հերթական ոչ շատ հաջողված դրամայում Ֆրանգուլյան վաճառականական տան ու ընտանիքիՙ որպես հնի, կործանման խորհրդի մեջ վեր է բարձրացնում իր դասին բնորոշ որակներ ունեցող, բայց ամբողջության մեջ դրական տպավորված նոր կապիտալիստի կերպարը, որի անունը հեղինակը ոչ առանց ենթատեքստի դրել է Արամազդ: Ահա այս Արամազդը նույնքան որոշակի հայտարարում է. «Մենք այդ ավերակների վրա կշինենք նոր տուն» (ԱՇ, 4, էջ 27):

Այսօր էլ մենք փնտրենք, ուրեմն, այդ «մենք»-ը, որոնենք չերկմտելով. չէ՞ որ դասականի արդիականությունը շարժման անընդհատության մեջ է, ոչ թե հարաբերական անշարժության...

Համառոտագրություններ

1. ՀԹ - Հրանտ Թամրազյան, Շիրվանզադե, Երեւան, 1978

2. ՀՍՀ, 4 - Հայաստանի Սովետական Հանրագիտարան, հ. 4, Երեւան, 1978

3. ՀՎՊ - Հայ վեպի պատմություն, Երեւան, 2005

4. Շ, 4 - Շիրվանզադե, Երկերի ժողովածու 10 հատորով, հ. 4, Երեւան, 1959

5. ԱՇ, 3 - Ալ. Շիրվանզադե, Երկեր 5 հատորով, հ. 3, Երեւան, 1987

6. ԱՇ, 4 - Ալ. Շիրվանզադե, Երկեր 5 հատորով, հ. 4, Երեւան, 1987

7. ԱՏ - Արսեն Տերտերյան, Շիրվանզադեի գրական տիպերի հանրագիտարանը, Երեւան, 1959

8. Ր, 10 - Րաֆֆի, Երկ. ժող. 12 հատորով, հ. 10, Երեւան, 1991


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4