(հանդիպում մը Հռոմի մէջ)
Սովետական վարչակարգէն այլախոհ նկատուած, տաղանդաւոր մաթեմատիկոս Ս. Մերգելեանին
Օրեր առաջ Լոս Անջելեսում վախճանվեց հայ ականավոր գիտնական, ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը: Նրա գիտական կենսագրությունը բացառիկ էր հայ (եւ ոչ միայն) իրականության համար` 21 տարեկանում դոկտոր, 28-ում` ակադեմիկոս: Նրա ղեկավարությամբ կազմակերպված Երեւանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտը աշխատանքներ է կատարել հաշվողական մեքենաների արտադրության ուղղությամբ, որի շնորհիվ նաեւ Հայաստանը կարեւոր դեր ունեցավ խորհրդային տարիներին: Հակոբ Հակոբյան փողոցի վրա վեր բարձրացող բարձրահարկ կառույցը երեւանցիներին հայտնի է Մերգելյան ինստիտուտ անունով: Սակայն ինչպես Մաշտոցի պողոտայի Մարգարյանի հիվանդանոցի, նաեւ Մերգելյան ինստիտուտի ժողովրդական անվանակոչումները չեն վավերացվել կառավարության կողմից:
Ներկայացվող հուշ-պատառիկը Սերգեյ Մերգելյանի մասին ստացանք Սեւրի Սամուէլ-Մուրատեան վարժարանի ներկայիս տնօրեն, Մխիթարյան միաբան Հայր Հարություն Պզտիկյանից:
«Ան առաջիններէն էր, որ ձայն բարձրացուց «գուլակ»ներու գոյութեան դէմ, եւ Հայաստանի ղեկավարները չկրցան պաշտպանել այդ հանճարեղ երիտասարդը, որ 20 տարեկանին կիպերնէթիկայի դասախօսութիւններ կու տար Հռոմի համալսարանին մէջ, ափ ի բերան ձգելով ներկայ փրոֆէսէօրները: Այդ օրերուն, ես ինքս` համալսարանական, ներկայ գտնուեցայ վերջին դասախօսութիւններուն եւ ականատես եղայ այնպիսի յուզիչ դէպքի մը, որ մինչեւ այսօր աչքերս կը լեցուին երբ յիշեմ: Հրաժեշտի ընթրիքն էր, համագումարի մասնակցող յանձնախումբերուն, կազմակերպուած Իտալիոյ Պետական ակադեմիա Տէի Լինչէի կողմէ: Յաջողած էի աթոռ մը գրաւել որպէս կամաւոր թարգման: Փրոֆ. Արմէլլինին, նախագահը, ուզեց որ Միացեալ Նահանգներու եւ Խորհրդային պատուիրակութիւններու նախագահները պահ մը մոռնան երկաթէ վարագոյրը եւ յանուն գիտութեան բաժակները բարձրացնեն: Մեր երիտասարդը կը նախագահէր Խորհրդային պատուիրակութեան. բարձրացաւ ու ներկայացաւՙ Սերգեյ Մերգելեան: Ոտքի կանգնեցաւ կայծակի արագութեամբ Միացեալ Նահանգներու պատուիրակութեան նախագահը, բարձրացուց բաժակը եւ ներկայացաւ` Հէրրի Կարապետեան: Իրար փաթթուած պահ մը անշարժ մնացին, իմ ալ աչքերս լեցուեցան: Ներկաները բան չէին հասկնար: Փրոֆ. Արմէլլինի կարծեց, որ գիտութիւնը հրաշք մը գործած է, ուրախութեամբ բացագանչեց. «Երկաթե վարագոյրը պատռեցաւ»: Մերգելեան թաց աչքերը սերբելէ վերջ, դարձաւ ներկաներուն եւ ընտիր անգլերէնով ըսաւ. «Պարզապես երկու հայեր իրարու հանդիպեցան...»:
Այսօր ո՞վ կը խօսի Մերգելեանի մասին: Չգնդակահարեցին զինք, բայց բարոյապէս քուրջի կտորի մը վերածած, աննշան անկիւն մը նետելով, ոչնչացուցին զինք որպէս գիտնական, ողջ թաղելով հանճար մը, որ ամէն օր չի ծնիր»:
Յ. Յ. ՊԶՏԻԿԵԱՆ