ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2008-07-19 | #15, 2008-08-02 | #16, 2008-08-30


ԵՎ ՄԻ ՇՂԱՐՇԻՐ ԿԵՐՊԱՐԴ ԲՆԱՏՈՒՐ

ՀՐԱՆՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Պարզ թվացող հարցերի մի շարան հաճախ լռելյայն ուղեկցում է ստեղծագործող անհատին եւ ստիպում նրան խորապես ճանաչել իր բաժին իրականությունը, ճշտել ընթացքի մի շարք կոորդինատներ: Այսպեսՙ գրողի, արվեստագետի ճանաչումն ու գնահատանքը ուղղակի կախում ունե՞ն նրա քաղաքացիությունից ու բնակության վայրից: Երկակի ստանդարտները գործու՞մ են գեղարվեստի մարզում...

Թվում է` անակնկալ բացահայտումների տեղ չկա, բայց փորձեմ պատասխանել այդ եւ հետագա առնչակից հարցերին` տրամաբանությունն ու վավերականը համադրելով միմյանց:

Իր համատարած փաստերովՙ գեղարվեստի պատմությունը վկայում է, որ ստեղծագործողի ու իր կերտածի ճանաչման (գնահատանքի) հեռանկարը պարտադիր-որոշիչ կախվածություն չունի նրա քաղաքացիական կացությունից: Դրա օգտին է խոսում նաեւ ողջամիտ դատողությունը: Մարդկության բոլոր մեծագույն տաղանդներն իրենց ստեղծագործությամբ ճանաչման ու գնահատանքի են արժանացելՙ հաղթահարելով ծագումնաբանական, քաղաքացիական, ազգային, քաղաքական եւ այլեւայլ գործոններ: Իրոք արժեքավոր ստեղծագործությունն իր ճանապարհը հարթելու եղանակը գիտեՙ ճանաչելի դարձնելով իրեն ու հեղինակին: Հայտնի է, օրինակ, որ հին արեւելյան պոեզիայի նշանավոր ներկայացուցիչներից շատերը ապրել են գյուղական վայրերում կամ թափառաշրջիկներ են եղել, իսկ, ասենք, հայ միջնադարյան մանրանկարիչները եւ տաղերգուները (այդ թվումՙ Գր.Նարեկացին), իրենց ողջ կյանքը անց են կացրել առանձին վանքերումՙ մեծավ մասամբ գտնվելով ազգամիջյան եւ հասարակական ակտիվ փոխշփումներից հեռու: Թվում էՙ բոլոր այդ հեղինակների եւ նրանց ստեղծագործությունների համար պետք է չափազանց դժվար կամ անհնարին լիներՙ դառնալու հետագա ժամանակների ու սերունդների անգնահատելի սեփականությունը: Առանձնապես կարեւոր չէ, թե որտեղ է ստեղծվել այս կամ այն արժեքավոր երկըՙ ինչ-որ կորած գյուղակո՞ւմ, խոշոր մեգապոլիսո՞ւմ, աննշան թվացող երկրու՞մ, կամՙ ի՞նչ ռասայի ներկայացուցիչ է հեղինակը, ի՞նչ դավանանքի կրող...

Բայց այս ոսկե թվացող կանոնը հաճախ խախտվում է առարկայական ու երկրորդական տասնյակ պատճառներով: Առավել դյուրին է նրանց ստեղծագործական ուղին, ովքեր մեծ ու հզոր մշակույթների ներկայացուցիչներ են: Նրանց կերտածն ու համբավը համեմատաբար հեշտ ու արագ են տարածվում մայրցամաքներով: Այդ հանգամանքը կրկնակի առկա է գրականության ասպարեզում. եթե փոքրաքանակ ազգի գրող ես, ապա քո ստեղծագործության միջազգային հանրաճանաչության համար լրացուցիչ ջանքեր ու ժամանակ է պետք: Եղանակը միշտ էլ բարենպաստ է «մեծ» ազգի գրողների պարագայում: «Փոքր» լեզուների գրականությունը դեպի համաշխարհային ասպարեզ տանելը դեռեւս շատ պրոբլեմատիկ է. ստեղծված գործը սովորականից կրկնակի տաղանդավոր պետք է լինի, որ արժանանա քմահաճ «մեծերի» բարեհաճ արձագանքին: Նրանք կարծում են, թե շատ ավելի նվազ է «փոքրերի» ստեղծագործական ներուժը, ուստի նրանցից «մեծ պայթյուններ» չեն սպասում, իսկ եթե լինում են այդպիսիքՙ համարում են պատահականություն եւ կասկածանքով են վերաբերվում դրանց:

Մի այլ դժվարին ու տեղին հարց. ի՞նչ է նշանակում` լինել չճանաչված երկրի բանաստեղծ (արվեստագետ): Դա իրո՞ք հոգեւոր-ստեղծագործական ուրիշ կացություն է:

...Գրողական իմ ներկա կացությունը բավական մոտ է այն իրավիճակին, երբ, ասես, ինչ-որ ներկայացուցչական մարմնի անդամ ես, բայց ունես միայն խորհրդակցական ձայնի իրավունք: Խոսքդ կլսեն, սակայն «քվեարկության» պահին քեզ մի կողմ կթողնեն: Արցախի մտավորականի համար եւս զգալի են ԼՂՀ միջազգային չճանաչվածության արգելքները, շրջափակումը գործուն է նաեւ հոգեւոր-ստեղծագործական ասպարեզում... Եվրոպական գրական մի փառատոնից վերջերս մասնակցության հրավեր էի ստացել, բայց վերջին պահին կազմակերպիչները հրաժարվեցին իրենց առաջարկիցՙ պատճառաբանելով, որ իմ մասնակցությունը կարող է դժգոհություն առաջացնել որոշ հրավիրյալների շրջանում եւ տեղիք տա քաղաքական սկանդալի... Պիտի ասեմ, որ միջազգային մշակութային կազմակերպություններն ավելի կոնսերվատիվ-պահպանողական են, քան տնտեսական ու հասարակական շատ կառույցներ:

Այնուամենայնիվ, ելք գտնվում է նաեւ այսօրինակ իրավիճակից: Դրսի ճշմարիտ մտավորականների աջակցությամբ արտերկրում իմ բանաստեղծությունները տպագրվում են թարգմանաբար, լույս են տեսնում հեղինակած գրքերս: Ճիշտ է, առայժմ այդ ամենը իրականացվում է առավելաբար մեր հայրենակիցների նախանձախնդրությամբ, բայց եւ ուզում եմ հավատալ, որ դա կատարվում է, նախեւառաջ, գրական-գեղարվեստական եւ հոգեւոր շահի համար: Հուսամ, որ շուտով կգա ժամանակը, երբ աշխարհում ճանաչված օտար հեղինակներն ու թարգմանիչները ուղղակիորեն կփոխգործակցեն հայ ժամանակակից լավագույն հեղինակների հետ:

Միջանկյալ ուզում եմ մի պարադոքսալ փաստ նշել. այժմ ավելի դյուրին է գիրք հրատարակել արտասահմանում, քան Երեւանումՙ պետական միջոցներով: Արդեն 4-5 տարի այդ ճանապարհը արցախցիներիս առջեւ փակվել է մի անլուրջ պատճառաբանությամբՙ ԼՂՀ-ում պետությունը նույնպես միջոցներ է հատկացնում գրքերի հրատարակության համար: Պետք է օգտվել ձեր խողովակիցՙ ասում են: Բայց ինչպե՞ս գրահրատարակիչ պարոններին ավելի համոզիչ ու հասկանալի բացատրել, որ յուրաքանչյուր քիչ թե շատ կարգին հայ հեղինակի անհերքելի իրավունքն էՙ գիրք լույսընծայել հայոց քաղաքամայր Երեւանում, նաեւՙ պետական հովանավորությամբ. չէ՞ որ Երեւանը միաժամանակ հայոց գրահրատարակության ոստանն է, եւ նրա դռները միշտ պետք է բաց լինեն հայ շնորհալի հեղինակների առջեւ:

Խոստովանեմ վերջապես` դժվար է լինել չճանաչված երկրի բանաստեղծ. նրա առաջ ավելի հաճախ են ցցվում շինծու-արհեստական արգելքները: Քեզ պարբերաբար ուզում են օտարել: Բայց լուրջ հեղինակների հետ առնչվողները վաղ թե ուշ հասկանում են, որ չճանաչված, փոքր երկրում նույնպես մուսաները կարող են բեղուն ու զորեղ լինել, եւ սկսում են կանաչ լույս վառել նրանց առաջ: Ներկայումս Արցախից ոչ միայն գրական հետաքրքրական ճեղքումներ կան առ մեծ աշխարհ, դրսում ծավալային առումով ավելի հաճախակի հաջողություններ է արձանագրում մեր կերպարվեստը:

Թող տեղին հնչի հաջորդ հարցը` Արցախում գրողի քաղաքացիական նկարագիրը սովորականից ավելի կարեւոր ու հրատա՞պ է դիտվում:

Ասեմ շիփ-շիտակ: Ազգային-քաղաքական այսպիսի իրավիճակում հասարակությունը սովորականից ավելի է կարեւորում, թե մարդկային-քաղաքացիական ինչ նկարագրի տեր է իր մտավորականը, հատկապեսՙ գրողը: Հայ հանրությունը իր գրագետից միշտ ավելին է սպասում: Ի դեմս գրողիՙ մեր ժողովուրդը, անփոփոխ մտածելակերպովՙ ուզում է տեսնել խելացի, իմաստուն, ազգային հոգեկերտվածքով լիարյուն օժտված անհատի, այլեւՙ որ լինի վստահելի ու առաքինի, բարձր բարոյականության կրող: Մեր հանրությունը իր գրողին նախեւառաջ չափում է ոչ թե ըստ նրա տաղանդի ու ստեղծագործության, այլեւՙ ազգային-բարոյական դիմապատկերով: Գրողի կոչմամբ շառլատաններ կան ամենուր, բայց նրանց ավերածությունները երեւի ամենից ծանրորեն ու ողբերգաբար արձագանքվում են հայկական միջավայրում: Տարածված խայտառակ երեւույթըՙ երբ գեղարվեստի մարդու քղամիդով հանդես եկող ճարպիկ գործունյան նյութական, հասարակական ու ստեղծագործական զգալի մասնաբաժիններ է ձեռք բերում` մեծապես աղտոտելով ու ձեւախեղելով հոգեւոր դաշտը: Հայ իրավ գրողի համար երանելի է գալիք այն ժամանակաշրջանը, երբ նա կգործի ու կարժեւորվի բացառապես իր ստեղծագործական կարողությունների սանդղակովՙ զերծ հասարակական պարտադրանքից, անկախ իր գրաված սոցիալական դիրքից եւ մարդկային անմեղ քմահաճույքներից:

Իսկ գրականությունը կարո՞ղ է ներազդել քաղաքական ու հասարակական խնդիրների հանգուցալուծման վրա. ահա հաջորդ կարեւոր հարցադրումը, որ շրջանցել չարժե:

Գրականությունը զորավոր ուժ է, եւ նա միշտ, հաճախ աննկատ, ներազդում է ազգային ու հասարակական մտքի վրա: Բայց դա արագընթաց պրոցես չէ, այն հիմնականում «դանդաղ գործողության ռումբ» է: Քաղաքականության ու հասարակական կյանքի հետ անուղղակիորեն ամենից սերտ հարաբերություններ ունի գրականությունը. նրանք գտնվում են փոխազդեցության միեւնույն դաշտում: Շատ խորքային առնչությունների մասին է խոսքը: Քաղաքական ու հասարակական բազում փաստեր ու իրադարձություններ դառնում են գրականության նյութ, գրական տասնյակ հղացքներ ու գաղափարներ քաղաքական շատ գործիչների համար կողմնորոշիչ դեր են խաղում: Գրականության մեջ խաղաղարարական զորություն կա, ինչպես ցանկացած ճշմարիտ գեղարվեստական երեւույթում: Գեղեցիկ, իմաստուն ու շիտակ խոսքը օգնում է, որ մարդկային, ներհասարակական, ազգամիջյան, միջպետական, ռասայական եւ այլ կարգի խնդիրները հանգուցալուծվեն առավել արդար եւ արարչական հունով, եւ դա կատարվի արագ:

Գրողը քաղաքականության մեջ. սրա օգու՞տն է շատ, թե՞ վնասը: Ընդհանրապես ցանկալի՞ է ունենալ քաղաքականացված արվեստագետներ,- հարցնում է իմ աներեւույթ զրուցակիցը:

Գրողը, արվեստագետը իր ստեղծագործությամբ ամենամեծ քաղաքականությունն է անում. նա իրոք ներազդում է մարդկանց վրա, ուստի այլեւս կարիք չկա, որ ներքաշվի նաեւ քաղաքական ակտիվ գործունեության մեջ, հատկապես, եթե այն կուսակցականացված է եւ հանրության մի խմբի գաղափարների պաշտպանությամբ է հանդես գալիս: Ներկայումս շահեկան կլիներ ստեղծագործող անհատի ներկայությունը պետական համակարգում, նա պետական քաղաքականությունը կարող է ավելի ընդունելի դարձնել եւ հասարակության հարգանքը շարժել առ պետություն: Նրա քաղաքական կերպարը այդ որակի մեջ հասկանալի է դիտվում: Մեզ համար մեծ շռայլություն է, երբ մեր տաղանդավոր գրողներն ու արվեստագետները միանում են քաղաքական առանձին միավորումների ու հոսանքներիՙ լքելով ի վերուստ իրենց վերապահված շատ ավելի կարեւոր դիրքըՙ լինել մի ամբողջ հանրության, ազգի անկողմնակալ ներկայացուցիչը, արարել ու գործելՙ մշտապես հետամտելով ընդհանուրի ու համայնի իրավունքը:

Իմ խորին համոզմամբ, գրողը, արվեստագետը պետք է կենտրոնաձիգ անձ լինի, նրա աստվածատուր պարտքն էՙ ի մի բերել ազգային-հասարակականՙ իրարից հեռացող փեշերը, մշտապես գտնվել հաշտարարի եւ հոգին չծռող տանտիրոջ դերում: Գրողը (արվեստագետը) շատ բան է կորցնում, երբ պարզունակորեն քաղաքականացվում է, դառնում միայն մի ուժի ներկայացուցիչն ու գաղափարախոսը: Հասարակության մյուս շերտերը սկսում են խիստ վերապահումով վերաբերվել նման անհատներին. նրանց այլեւս իրենցը չեն համարում, կասկածի ու մերժման տակ են առնում նաեւ նրանց ստեղծագործությունը, երբ իրականում այն արժեքավոր է: Խիստ ցանկալի է, որ գրողը, արվեստագետը իր ստեղծագործական ու քաղաքացիական միտումները ասպարեզ հանի դրական չեզոքության դիրքից, լինի բոլորի յուրայինն ու փոխգործակցության օբյեկտը: Չափազանց մեծատաղանդ ու առաքինի պետք է լինես, որ անդամակցես որեւէ քաղաքական ուժի եւ միաժամանակ մնաս գրեթե ողջ ժողովրդի սիրելին ու վստահելին: Ներկայումս հայ հանրությունը, կարծում եմ, կարող է մատնանշել նման մեկ օրինակՙ Սոս Սարգսյանին: ՀՅԴ անդամ անվանի դերասանը, երեւի չեմ սխալվում, ողջ հայության ինտելեկտուալ ու հասարակական սեփականությունն է: Բայց նա բացառություն է: Մյուս կուսակցականացված գրողների ու արվեստագետների առնչությամբ կարելի է ասել, որ նրանք համընդհանուր գնահատանք ու վստահություն չեն վայելում: Մտավորականի միակ ու մշտական տեղը ազգի ու պետության կողքին է: Տարբերել մշտապես իշխանության կողքին գտնվողներին. նրանք միանգամայն այլ տեսակ-խմբից են, մերժելի տեսակից:

...Դեռ անբավականության խորը զգացում ունեմ. ցանկանում եմ, որ վերջապես ունենանք այն գիտակից ու որակյալ հանրությունը, որ երբ քեզ հարցնեն, թե ո՞վ ես դու, արժանապատվորեն եւ առանց չհասկացվածության բարդույթիՙ պատասխանես. «Բանաստեղծ եմ, եղբայր, իսկ դու՞...»

Գրողի (արվեստագետի) համար պատվիրանի պես է հնչում վերահաս հորդորը` մի շղարշիր քո ստեղծագործ կերպարը, աստվածատուր այդ առաքելությամբ ես զորավոր, կենսապահանջ ու սիրելի:

Ստեփանակերտ, հուլիս, 2008թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4