ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-08-02 | #16, 2008-08-30 | #17, 2008-09-13


ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ 1918 ԹՎԻ ԿՈՎԿԱՍՅԱՆ ԱՆՑՔԵՐՈՒ

ԼԵՌ ԿԱՄՍԱՐԻ ԵՎ ՄԵՐ «ԽԱՂՔ Ու ԽԱՅՏԱՌԱԿ ԱՇԽԱՐՀԸ»

Պետպատվերի շրջանակներում վերջերս լույս տեսավ Լեռ Կամսարի «Խայք ու խայտառակ» ժողովածուն: Այն ամփոփում է մեծանուն երգիծաբանի քաղաքական սատիրան գրված մինչեւ իր բռնադատումը (1935 թ.): Վերահրատարակված բոլոր ֆելիետոններն առաջին անգամ լույս են տեսել առանց սովետական գրաքննության միջամտության: Ժողովածուն 20-րդ դարի առաջին քառորդի ճշմարտացի եւ անխաթար առերեսումն է:

Թե ինչպիսին տեսավ երգիծաբանը դարասկիզբը եւ արդյո՞ք շատ բան է փոխվել մեր այս խայտառակ աշխարհում, կիմանաք գիրքն ընթերցելիս:

«Ահա ձեզի հիվանդանոց մը, որ կկոչվի Աշխարհ,- գրում է հեղինակը:-

Քով-քովի անկարգ ձեւերով գետնի վրա տարածված են պետությունները, ամենքն ալ փորացավե մը բռնածՙ կմռռան, կգալարվին: Այս բազկատարած գալարումներուն ատենն է, որ իրարու քիթը կարյունեն կամ մեկի աչքը կհանեն, եւ ասիկա դիվանագիտական բարբառով «կոնֆլիկտ» կկոչվի: Վա՜յ թե մեկը մեռնի այդ դժբախտ հիվանդներեն. իսկույն անոթի գայլերու նման վրա կհասնեն, ինչ ձեռքն իյնաՙ բերանը կխոթեն:

Այս հիվանդանոցի հսկող միակ սրտացավ բժիշկը Ամերիկան է, որուն տունը թեեւ շատ հեռու է, բայց Երեւանի բժիշկներուն նման կառք չի պահանջեր քեզմե, ան իր նավը կհեծնե կուգա: Իբրեւ վիզիտի վարձ ոսկի կուզե, բայց ավելի շատ նավթ կառնե: Գրեթե նավթի ամանը միշտ ետեւը կախած կպտտի. մեկին գործ մը տեսավ թե չէՙ իսկույն «Խնդրեմ ամանս լեցուր» կըսե»:

Գուցե աշխարհն ունի իր կարծրացած օրինաչափությունները, որոնցով պետք է ընդմիշտ առաջնորդվի, որպեսզի մարդկությունը անակնկալի չգա: Նայեն ազգերն իրենց անցած պատմության սխալներին եւ փորձեն շտկումներ եւ սրբագրումներ մտցնել նորից ու նորից, արդեն որերորդ անգամ տանուլ չտալու համար: Եթե միայն այս բոլորը հնարավոր լիներ: Եթե միայն տվյալ ազգից եւ ժողովրդից կախված լիներ անլուծելիի լուծումը:

«Կուզեմ պատմել, թե ինչպես պատճառ կգտնեն պետություններն իրար դեմ կռվելու:

Բնական է , մեծ, 100-120 տարեկան կառավարություններուն չի հարմարիր առանց պատճառի մեկեն ելլել իրար դեմ, սուր քաշել:Այդ նպատակով ամեն մեծ պետություն պզտիկ պետություն կպահե իր հաշվին:

Երբ մեծ պետություն մը պատրաստ է կռվի, պզտիկ դանակ մը կսրե, կուտա այդ մանր տերություններեն մեկուն ձեռքը, քանի մը հայհոյանք էլ կդնե բերանն ու կղրկե որոշված մեծ պետությանը «սաթաշմիշ» ըլլալու: Մեծ պետությունը դուրս կելնե ապտակելու, երբ հանդես կուգա պզտիկին տերը թե չե՞ս ամչնար, խելքդ կդնես անոր խելքին... քո երկրի այսինչ մասն ինձի տուր: Ու կսկսի կռիվը:

Տրամաբանություն ու քերականական կապ չկա անշուշտ պատճառին ու արդյունքին միջեւ, սակայն դիվանագիտության մեջ ուղիղ գրելու եւ խոսելու միակ միջոցը քերականությունը չէ, այլ ուժը»:

Ինչպես միշտ նորից թեժ է կովկասյան աշխարհը:

Անցած դարասկզբի Կովկասը Լեռ Կամսարը պատկերել է վերը նշված ժողովածուի մեջ:

Ինչպիսին կլինի այս տարածաշրջանը քսանմեկերորդ դարի սկզբում` ինքներս ականատես կլինենք:

Դե ինչ, տեսնենք ինչպես կտնօրինեն աշխարհի ուժեղները Կովկասը ...

Տնօրինելը` թող տնօրինեն, գեթ այսչափ անառակ չլինեն...

ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ


ԼԵՌ ԿԱՄՍԱՐ

Ընդհանուր ակնարկ

Կովկասը, որ խոշոր բնակարան մըն է, կպատկաներ Ռուսիո, որը տված էր հայ, թուրք եւ վրացի եղբայրներուն վարձու: 1918 թվին, երբ Ռուսիա իր կինը մտաբերելով քաշվեցավ, վարձվորները տարի մը ամբողջ տիրոջ սպասելե զկնի, երբ տեսան չի գար, երեք եղբայրները ինքզինքին տեր հռչակեցին տանը ու դադրեցան վարձք վճարել: Ասկե տարի մը վերջ ալ անհամաձայնություն ծագեցավ մեջերնին ու ինքնորոշվելով բաժնվեցան: Հայաստանը արհեստով վաճառական էր, Վրաստանըՙ «կանդուկտոր», իսկ Ադրբեջանըՙ մսագործ:

Այս ատենները հեռավոր Եվրոպիո մեջ երկու գերդաստան կապրեին` համաձայնականներ եւ զինակիցներ ազգանուններով: Այս գերդաստանները կատեին զիրար եւ չորս տարիե ի վեր գնդակ կնետեին իրարու: Մեծ եղբայրը` Հայաստանը, ի հնուց անտի կսիրեր համաձայնության աղջիկներեն մեկուն` ծովերի թագուհի Անգլիո ու մինչեւ այս շրջանին ալ կշարունակեր սիրել մանկական ջինջ սիրով մը: Անպատասխան մնալով սիրո մեջ, սակայն, իր սիրտը ոտանավորներու եւ արձակներու մեջ կզեղեր:

Բաթումի բանակցություններուն Վրաստանն ու Գերմանիան իրար հետ ժպիտի մը փոխանակություն ունեցան: Հետո միայն սերը խորանալով, Վրաստանն ինքզինքը զսպել չկրցավ եւ տուն դառնալով, Գերմանիան իր քով կանչեց ու ինկավ անոր գիրկը: Մյուս եղբայր` Ադրբեջանը, ճիշտը խոսած, դեռ արբունքի հասած չէր, բայց տեսնելով, որ իր երկու եղբայրները առանձին տուն-տեղ դառնալու վրա կխորհին, ինքն ալ Գերմանիո կառապան Տաճիկին գիրկն ինկավ, որ այդ թվին Գերմանիո պայուսակը շալակած անոր ետեւեն կերթար: Ադրբեջանը ամենեն ուշն սկսավ, բայց ամենեն շուտ տեղ հասավ իր նպատակներուն մեջ: Ալ այնուհետեւ ամեն գիշեր Տաճկին հետ միասին է՛ին. մերթ պարտեզին դռնակեն ներս կառներ Կովկաս, մերթ պատուհանեն կքաշեր:

Այս բանը պիտի ըսեմ, բնավ Հայաստանին սրտովը չէր:

Այս կերպ, թեպետեւ ամեն ոք իր սրտին մեջ կսիրեր մեկ ուրիշը, բայց եղբայրները իրար հանդիպելով անանկ կցուցնեին, որպես թե զիրար միայն կսիրեն, եւ մեկին պատահած վնասը բոլորին կհաշվեն:

Սակայն հետագա դեպքերը եկան պարզելու այս կեղծիքը:

Տաճիկը կհազա

Մենք գիտենք, որ մինչեւ 1918 թիվը Ռուսիա` Ադրբեջանը տուն թողնելովՙ իր հետն առած Վրաստանն ու Հայաստանը, կռվի մեջ էր մտեր Տաճիկի հետ Կովկասին սահմաններուն վրա` երբ առտու մը հանկարծ Ռուսիա բոլշեւիկ դարձավ ու գնաց տուն հանգստանալու:

Երբ որ Ռուսը քաշվեցավ, անոր ետեւեն Վրացին ու Հայն ալ կպատրաստվեին մեկնիլ տուն: Այս տեսնելով, բանակին հրամանատար Նազարբեկյանը հայուն թեւեն քաշեց, մեկդի տարավ ու այսպես ըսավ անոր.

- Բարեկամ, ի՞նչ կընես, մեր վիճակն ուրիշ է, Ռուսինը` ուրիշ: Ո՞ւր կերթաս, ճակատը մերկացնես նե` Տաճիկը կուգա կմորթե քեզի, չէ՞:

- Ճշմարիտ կզրուցես, Ձերդ գերազանցություն, ամմա, դե, հոգներ եմ, կուզեմ անգամ մը տուն հանդիպել: Տաճիկը կուգա նե` ըսե թող քիչ մը սպասե, ես ահավասիկ դպնամ տուն ու դառնամ կռվեմ:

Այս ըսելով հայ զինվորը վերցուց պարկ մը, մտավ Ռուսին թողած պահեստը, աղեկ մը լեցուց շաքարով, ապուխտով, կոշիկով, ճերմակեղենով, վրաններով, հրացաններով, շինելներով, կռնակն առավ ու տուն գնաց: Ճակատը մերկացավ:

Տաճիկը, որ մինչ այդ Ռուսին հարվածներուն տակ խելակորույս կփախչեր, հանկարծ, հարվածներու դադարում նկատելով կռնակին` մեջքն ուղղեց, ետեւ նայեցավ, թե ինչո՞ւ չեն ծեծեր իրեն: Տեսավ` մարդ չկա: Անոր հետախույզները առաջացան` դարձյալ մարդ չկա: Բարձր հազաց Տաճիկը` ոչ մեկ ձայն չեղավ ու ներս մտնել կուզեր, բայց ինքնագլուխ մտնելը քաղաքավարության դեմ համարելով` դուռը զարկավ ու հարցուց Կովկասի կառավարությանը, թե կարելի՞ է մտնել:

- Երկու շաբաթ ժամանակ տուր, մերկ եմ, մինչեւ ծածկվիմ,-պատասխանեց Կովկասյան կառավարությունը ներսեն:

Եվ ժողովի նստան կովկասյան եղբայրները Թիֆլիսի մեջ, թե ինչպես ընեն, որ առանց կռվելու հաղթեն Տաճկին:

Մենք թողունք Տաճկին Երզնկայի դռան վրա, թող քիչ մը ծեծե ու դառնանք Թիֆլիս:

Ժողով

Դահլիճին մեջ սմքած նստած է Հայաստանը. դանակ զարնես` պուտ այրուն չի կաթեր: Վրաստանը երկու միտքի մեջ ընկղմերՙ անդադար կերթեւեկե. իսկ Ադրբեջանին վարի շուրթերը կդողան ժպիտեն:

Հայաստանն ու Վրաստանը կուզեն բան մը ըսել իրարու, բայց կնայեն Ադրբեջանին ու կքաշվեն ըսելու: Վերջապես, Հայաստանը դարձավ Վրաստանին.

- Տղա՛, ի՞նչ կխորհիս, ի՞նչ ընենք:

- Չեմ գիտեր, ես ալ շաշմիշ եմ եղեր,-պատասխանեց Վրաստանը:

- Դո՞ւն ինչ կմտածես, -դարձավ Հայաստանը Ադրբեջանին:

- Դուք ինչ` ես ալ այն, մենք բոլորս մեկ տան զավակներ ենք,- ըսավ Ադրբեջանը շրթունքները կծելով:

- Մենք կկռվինք, -վրա բերավ Հայաստանը փորձող հայացք մը նետելով անոր երեսն ի վեր, իսկ դո՞ւն...

- Ես ալ կկռվեի, եթե զենք գործածել գիտնայի, կյանքիս մեջ բնավ զենք չեմ առեր ձեռքս: Վախնամ գնդակը պարպելուս սխալմամբ քեզի առնե, ինչու որ նշան չեմ բռներ:

(Ադրբեջանին ենթադրությունը իրականացավ վերջեն. ինչքան որ հրացանը Տաճիկին բռնեց` միշտ Հայուն դպավ):

Վրաստանն ու Հայաստանը հոս առաջին անգամ զգացին, որ մենակ են:

Հայաստանը դարձյալ հոգ չպիտի ըներ, եթե միայն Վրաստանին վրա հույս ունենար: Ան գիտեր իր եղբոր հեղհեղուկ բնությունը. գիտեր, որ տունեն մինչեւ եկեղեցի հասնելը տասը տեսակ Աստծո երկրպագել գիտեր, որ անոր սկզբունքները արեւածաղկին նման երեսն արեւին կպտտեր:

Բայց կռվեն զատ ուրիշ ելք չուներ. ուստի ջղային շարժումով մը ոտքի ելավ, կռուփը սեղմեց ու սեղանին զարնելով գոչեց.

- Ես կկռվիմ մինչեւ արյանս վերջին կաթիլը:

- Էհ, քանի մը կաթիլ ալ ես կկռվիմ...

- Ուրեմն, կռիվ,-վճռաբար գոչեց Հայաստանը:

- Կռիվ, այո... տեսակ մը կռիվ,-կմկմաց Վրաստանն ու պատրաստության անցավ:

Հայաստանը պոռաց իր ժամկոչ Ավետիս Ահարոնյանին «Ահազանգը» տալ, որուն չվանին ծայրերեն բռնած էր արդեն ու կսպասեր: Հնչեց «Ահազանգը», հայությունը թունդ առավ...

Կայենին զոհը

Լուսավորյալ եւ պատվավոր երկիրներու մեջ, երբ ազգ մը վտանգի մեջ է, անոր հասարակաց կարծիքը կպոռաՙ «Հայրենիքը զոհ կպահանջե»: Եվ զոհին սեղանին վրա կդնե իր անդամներեն ամենեն պիտանին, կրթվածը, ձեռներեցն ու հասկացողը: Մեկ խոսքովՙ Աբելի նման կընտրե իր ոչխարներեն ընտիրները` կզոհե հայրենիքին աստծուն: Սակայն, մեզ մոտ այդպես չեղավ:

Նախկին կռվող, փորձ ունեցող մարդիկ պահեստապետներ կարգվեցան, կուսակցական շեֆերը կամ ազգային խորհրդո անդամներ ընտրվեցան, կամ կոմիսար: Կարող զինվորականները շտաբները լեցվեցան. բոլոր ինտելիգենտները ազգային խորհրդի կամ այլ զորահավաք մարմիններու մեջ մտան, որպես գրագիր, թղթատար եւ բարապան:

Ով որ օձիք մը ուներ վզին անցուցած, զորական ատյանին դիմելով ոչ թե հրացան կխնդրեր կռվելու-մեռնելու, այլ պաշտոն մը` ապրելու եւ հարստանալու համար: Երիտասարդաց ծոցի գրպանները ուռած էին ամեն տարիքի վկայականներով, ազատականներով եւ ծննդականներով: Այդ շրջանին կարելի չէր գտնել 20-30 տարիք ունեցող մեկ մը Հայաստանի մեջ: Ժողովրդյան կեսը բարձրացեր 40-ի վրա էր թառեր, մյուս կեսը խռնվեր էր 19 տարու շեմքին ու կվախնար ոտքը 20-ին մեջ դնել: Ու հայությունը ձեւափոխվեցավ ծերերե ու մանուկներե բաղկացյալ ազգի մը, եւ արբունքի հասած օրիորդները երիտասարդ մը չէին գտներ ամուսնանալու համար:

Զորահավաք մարմինները կշատնային միայն ազգային գործունեությամբ: Ամեն առտու ազդերը փողոցին մեջ աջ ու ձախ պատին` զինվոր կպահանջեին, բայց կմնային ձայն բարբառո ի վերա պատի: Անհամար ազդերու պատճառով Երեւանի եւ Ալեքսանդրապոլի փողոցներու պատերը մինչեւ այսօր իրենց վրա կկրեն թուղթերու հետքերը եւ կնմանին անլվա երեսներու:

Թեեւ խոսքեն քանի մը անգամ գործի անցվեցավ, ցանկացան բռնի զորք ղրկել ճակատ, սակայն այդ զորահավաքը ավելի նմանեցավ ճանճ բռնելուն: Մաս մը բռնելուն կթռնեին, մաս մը մատներու արանքեն կճողոպրեին. մնացյալներն ալ` կես ճամփին:

Սապես կնկարագրե սա զորահավաքը ականատես մը:

-Եթե ազգային խորհուրդը իր առաջին կոչեն անմիջապես ետքը սկսեր զորահավաքը` ես երեսուն տարեկան էի ու իսկական զինվոր, բայց որովհետեւ ըսելուն եւ ընելուն մեջ տարի մը անցավ, հիմա ես 31 տարեկան եմ ու զինվորութենե ազատ: Այս ընթացքով հուսով եմ, որ պիտի ազատվի նաեւ եղբայրս, որ քսանյոթ տարու է եւ թերեւս որդիս, որ 8 տարեկան է:

Այսպես կընթանային պատրաստությունները Կովկասի մեջ, երբ առաջին պայմանաժամը լրացավ ու Տաճիկը զարկավ Երզնկային դուռը:

Զինադադար

Մենք նախորդ գլուխներեն տեսանք, թե ինչպես Ռուսը քաշվեցավ ու Տաճիկը ետ դարձավ, ինչպես հայ զինվորները երգեցին «Արշավենք եղբայրք, գնանք Տաճկաստան, ջարդենք թյուրքերին, փրկենք Հայաստան...» : Այժմ տեսնենք, թե ի՞նչ պատասխանվեցավ ներսեն:

Երբ Տաճիկը դուռը զարկավ, Հայաստանը Վրաստանին երեսը նայեցավ, Վրաստանը Հայաստանին: Երկուսն ալ անպատրաստ էին:

- Ի՞նչ կուզես, -ձայնեցին երկուսը միաձայն ներսեն:

- Ձեր ողջությունը: Զինադադար ըրեք` գամ քիչ մը խոսինք:

- Ընենք, -պատասխանեցին Թիֆլիսեն, -համեցեք Երզնկա տեսնվենք:

Ու երկար պատերազմի ընթացքին առաջին անգամ իրար հանդիպեցան:

Կովկասյան եղբայրները առաջին նվագ չճանաչեցին Տաճիկին. վասնզի այն չորս տարվա կռիվներուն միայն անոր կռնակն էին տեսեր եւ կանգիտեին այդ կռնակին տիրոջ սա դեմքն ունենալը:

- Մեր միջոցով կովկասյան դեմոկրատիան իր ողջույնը կղրկե տաճիկ դեմոկրատիային,- սկսեց Վրաստանը:

- Միայն այդքա՞ն. իսկ նորին վսեմությանը, Էնվեր փաշային ողջույն չե՞ք բերեր, -վրա տվավ Տաճիկը, պեխերը կրծելով:

- Բերեր ենք, բերեր ենք, ինչպե՞ս չէ, իշտե սա ողջույնը Էնվեր փաշային էինք բերեր, -վախցած շտկեց եղբոր խոսքը Հայաստանն ու ավելցուց, - գիտե՞ք, ձերդ մեծություն, եղբայրս` Վրաստանը, կատարյալ երեխա է, շարունակ դեմոկրատիայի հետ կխաղա:

- Ի՞նչպես եք, աղե՞կ եք:

- Փառք տիրոջ, կապրինք, - պատասխանեց Տաճիկը մորուքը շոյելով ու զարմացական անոնց դարձավ:- Պա՜, ուրեմն դուք այդ քի՞թն ունեիք, որ կկռվեիք մեզ հետ, բնավ երեւակայած չէի, ո՜վ կկարծեր... ինչքան կնմանիք իրարու: Մեկ հոր որդի՞ եք: Ձեր հոր անո՞ւնը:

- Մորե խորթ ենք, հորե հալալ: Մեր հայրը Ռուսն է:

- Ռուսը կենդանի՞ է:

- Դեռ չի մեռեր, բայց անդամալույծ ընկած է տունը:

- Վա՜խ, վա՜խ մրսած կըլլա:

- Այո մրսեցավ: Գալիցիայի հաղթանակներու ատեն քրտնած պաղած եղավ: Այնքան Ճապոնն ըսավ, թող գամ կպնեմ կռնակդ տաքցնեմ` չուզեց: Տունն ալ մեծ է ու պատուհանները հյուսիսային:

- Իրա՞վ կըսեք: Անանկ է նե, առնեմ Գերմանիան, Բրեստ Լիտովսկը երթանք տեսության, չըսե թե` չեկան:

- Գեշ չըլլար, -ըսավ Հայաստանը այն եղանակով, ինչ եղանակով, որ ուրիշները «գեշ կըլլա» կըսեն:

- Ձեզմե ո՞րը շատ կսիրե իր հորը:

Վրաստանն ու Ադրբեջանը Հայաստանը մատնացույց ըրին:

- Երբ Ռուսը պառկեցավ, Հայաստանը ծածուկ տեղվանք շարունակ կուլար, աչքերը ուռած կըլլային, - ավելցուց Վրաստանը:

- Իրա՞վ... Բայց սա ձեր հասակը ինչ աղվոր է, մարդս նայելեն չի կշտանար, -ըսավ Տաճիկը:

Երբ Տաճիկը անոնց հասակին կնայեր, երեք եղբայրները նկատեցին, թե ինչպես ծռվեցավ ու իրենց ոտքերու արանքեն դիտեց իրենց զորքերու քանակը: Ուստի անոր հայացքը դեպի վեր ուղղելու համար, սկսան արեւին ու աստղերուն վրա խոսել ու հիանալ կձեւացնեին լուսնյակին կաթնանման լույսին վրա: Ասոր հակառակ, Տաճիկը սաստիկ սիրահար կցուցներ ինքզինքը դաշտերու, մարմանտներու, բլուրներու եւ այն կողմը կնայեր:

- Երթանք ներս, ձերդ գերազանցություն, -ճարը կտրած, ըսավ Հայաստանը:

- Չէ, շնորհակալ եմ, երթամ պիտի, ուշ է: Ներսը թող մնա ուրիշ անգամվա:

Ու գնաց:

- Ծո, սա Տաճիկը այսքան քաղաքավարի՞ է եղեր,- դարձավ Վրաստանը եղբայրներուն, երբ Թիֆլիս կդառնային:

- Ես ալ այդ պիտի ըսեի... ինչքա՞ն սիրալիր: Հապա կըսեին հայ կկոտորե՞, սանկ կընե, նանկ կընե: Ծո, վա՜յ, ինչ բամբասանքներ են, է՜,- ավելացուց Ադրբեջանը հորանջելով:

Վրաստանն ալ հորանջեց:

Հայաստանն ալ:

Թիֆլիս հասնելուն երեքն ալ պառկեցան, բայց Հայաստանին քունը երկար ատեն չէր տաներ, բան մըն էր տեսեր Երզնկայի մեջ, ատոր վրա կմտածեր: Տեսակցության ատեն Վրաստանը ետեւեն մոտեցավ եւ գաղտուկ կսմթեց Տաճիկին կողքը: Տաճիկը ետեւ նայեցավ ու մտերմաբար ժպտաց: Այս դեպքը ցավ դարձավ Հայաստանի սրտին. «թուհ, փչանաս, դու, տղա՛», կըսեր ինքն իրեն, մարդս այնքան վավաշոտ ըլլա, որ Տաճիկի մսի՞ն ալ աչք տնկե:

Այս մտածումներուն մեջ անիկա քնացավ վերջապես: Քնացավ Հայաստանը ու երազին մեջ տեսավ Անգլիան, որ չորս տարի կուգար ու չէր գար:

Կովկասյան եղբայրները կբաժանվին

Ոչինչ ավելի դառն բան կա պատմաբանի մը համար, քան պատմել այն սրտառուչ անջատումն, որ տեղի ունեցավ երեք եղբարց միջեւ (դուք լաց մի՛ լինիք, ես շատ եմ լացեր):

Եթե չեք մոռացեր, պատմությանս նախորդ գլուխներեն միույն մեջ ես ըսի, որ Թիֆլիսը Կովկասի դահլիճն էր, եւ երեք եղբայրներն ալ հավասար իրավունքներ ու ելումուտ ունեին հոն: Ամեն երեկո հավաքված Սպիտակ դահլիճին մեջ կարծիք կհայտնեին սիրով, եղբայրաբար:

Բայց այս օրերը երկար չտեւեց:

Երեկո մը, երբ Վրաստանը եղբարց հետ քաղցր ու անուշ կզրուցեր,Գերմանիան դուրս կանչեց ու բան մը փսփսաց ականջին:

Երբ վերստին դահլիճ մտավ, Վրաստանն ալ այն ասուն-խոսուն Վրաստանը չէր: Սմքած, խոժոռ, քիթը կախ, եկավ նստեցավ սեղանին առջեւ եւ ոչ մեկ հարցի չէր պատասխաներ:

- Ի՞նչ եղավ քեզ, տղա՛, - հարցուցին Հայաստանն ու Ադրբեջանը:

- Բան չէ: Ես կբաժանվիմ ձեզմե:

- Բաժնվե, ես աթոռս կքաշեմ դահլիճին մեկ անկյունը եւ ինձի համար կխորհիմ, - ըսավ Ադրբեջանը:

- Չըլլար, աս տունեն պիտի երթաք, ասիկա իմս է:

Երկու եղբայրներ Հայաստանն ու Ադրբեջանը նշանակալից իրարու նայեցան...

- Ինչպես... տղա՛, դուն մեզ կվռնդե՞ս մեր հորենական տունեն, - դարձավ անոր Հայաստանը:

- Ինչո՞ւ վռնդեմ, կըսեմ, գացեք ձեր տուները շենցուցեք. երեքս մեկ տան մեջ... մարդ չի կրնար շապիկ անգամ փոխել:

- Ծո՛, ապերախտ, - ըսավ Հայաստանը, - աս տունը ես իմ կռնակովս եմ շիներ ողորմած հորս հետ... թո՛ւ քո երեսին, տղա՛, մեղք չէ՞ր խեղճ հորս, որ կըսեր, ասիկա անառակ որդի է, ինձի չի սիրեր, բայց վերջեն մեծ ժառանգություն պիտի ստանա. վայ, վայ, վա՛յ... լավ թող այդպես ըլլա: Ես կերթամ, - ըսավ ու դուրս ելավ դահլիճեն: Երբ դուրս ելավ, տեսնողներ եղան, թե ինչպես արցունքի երկու կաթիլ երեւացին Հայաստանի աչքերուն մեջ:

- Դե՛, դուն ալ ելիր, -դարձավ Վրաստանն Ադրբեջանին:

- Լսե, ծո, ես քեզի չեմ խանգարեր, ես հոս ինծի համար լուռ...

- Չեմ ուզեր, պիտի ելնես:

Ու որովհետեւ ասիկա կհամառեր ելնել, Վրաստանը երկու ծառա կանչեց, որոնք բռնելով անոր ոտ ու գլուխեն, դուրս նետեցին Ճերմակ պալատեն: Ադրբեջանը կպոռար.

- Այ կարդա՛շ, ախր ամոթ է, այսպես չեն ըներ:

Այս կերպ պալատը պարպելով, դուրս ելավ, դուռը կողպեց, բանալին գրպանը նետեցՙ կերթար: Սրահին մեջ, տեսավ, կծկված էր Հայաստանը, կուլար:

- Հայդե՛, քալե, շուտ գնա Երեւան, ես սրահն ալ կկողպեմ, - ըսավ Վրաստանը, հրելով իր վաղեմի եղբորը:

- Անաստվա՛ծ, ախր Տաճիկն Ալեքսանդրապոլն առեր է, ճամփա չի տար, է՜, սրտիդ մեջ գութ չի՞ մնացեր:

Ու երբ Վրաստանը դուրս կելլեր, շատերը տեսան, թե ինչպես Հայաստանը բազկատարած դեպի երկինք նայեցավ ու շուրթերը շարժեց: Անիկա անիծեց Վրաստանին:

Նույն երեկո Վրաստանը Ճերմակ դահլիճն ավլել տվավ, ճրագը վառեց ու ինքզինքն անկախ հայտարարեց:

Ասոր վրա Ադրբեջանն ու Հայաստանն ալ իբր ժառանագություն հասած քանի մը չուլ ու փալաս ուսերուն ձգած, իրենց տներն ինքզինքնին անկախ հայտարարելու կերթային:

Պահ մը թողունք Վրաստանին իր խրախճանքներուն հետ, մենք Հայաստանին դառնանք:

Տաճիկը, որ ամբողջ ժամանակ կատակ էր ըրեր կովկասյան եղբայրներուն հետ, առանց ուշք դարձնելու անոնց նոր տոմարին, հին տոմարով գրավել էր ողջ երկիրը: Երզնկայեն` Ալեքսանդրապոլ էր հասեր: Կջոկեր, հայերեն չորերը լեցնելով մարագներըՙ կվառեր, իսկ թացերը կղրկեր Էրզրում` չորացնելու: Երեւան գալուն չգիտությամբ կոխեց քնած երեւանցոց ոտը, որ մինչեւ Սարդարապատ էր երկարեր: Երեւանը քնած տեղեն վեր թռավ եւ չգիտությամբ դիպավ Տաճիկին դնչին եւ քիչ մը ցավցուց, բայց վերջեն ներողություն խնդրեց, շոյեց ցավցած տեղը, ձեռքեն բռնեց, նստեցուց երկաթուղին եւ Երեւան բերելով` Պարսկաստան անցուց:

Ի վարձք այս բանի, Տաճիկը Հայաստանին անկախություն պարգեւեց, գաղթականությունը շրջականերեն Երեւան լեցուց եւ ըսավ հայ կառավարության.

- Հսկե ասոնց վրա, թող կամաց-կամաց մեռնին, ես երթամ Բաքու գամ` քո վարձքը հատուցանեմ...

Հայաստանը թաղեց մեռելները որքան տեղ կար, երբ այլեւս տեղ չմնաց, ելավ Ավետիս Ահարոնյանը Պոլիս ղրկեց, որ գերեզմանոցի տեղ խնդրե սուլթանեն:

Ժամանակի պատմիչը սապես կգծե Հայաստանի սահմանները: Այն տարածությունը, կըսե, որ տվավ Տաճիկը հայուն, հին ատենները թագավոր մը կնվիրեր գիշեր մը իրեն աղվոր հեքիաթ պատմող աղախնին:Եվ վասնզի դիրքը դարիվեր էր, հաճախ, երբ մայր մը իր որդին գրկած Հայաստանի մեջ կքնանար, գիշերը տղան կոծալով Տաճկաստան կգլորվեր:

Երկարահասակ մարդիկ պառկելու ժամանակ կզգուշանային ոտներն ըստ կարելվույն մեկնել, վասնզի քնած տեղը տաճիկ սահմանապահները կհանեին անոնց գուլպաները: Ծխողները գլանակին մնացորդները ծխափողեն դուրս փչելու համար երեսնին դեպի Վրաստանը շուռ կուտային, որ չըլլա թե Տաճկաստան իյնալով զինադադարի խախտումն նկատվի, որուն Տաճիկն ակնդետ կսպասեր:

Այս անկախությունը, որ Տաճիկն էր տվեր, Հայաստանը կառներ ծածուկ տեղ կնայեր ու սիրտը կխառներ: «Բայց հոգ չէ, կմխիթարեր ինքզինքը. եթե Տերը հաջողեց, Անգլիան ինձի նոր անկախություն մը պարգեւեց, ասիկա կնվիրեմ իմ հավատարիմ դաշնակից եզդիներուն: Թող տանին, անոնք ալ անկախ ըլլան, խեղճ են»...

Ի՞նչ է սերը

Սիրո մասին բանաստեղծները կըսեն, թե մարդս մեկ անգամ կրնա սիրել, սերը մեկ է, ինչպես մահը մեկ է: Բայց ինձի անանկ կուգա, որ այս միտքն ավելի շատ ոտանավորի հանգերը տեղ բերելու համար է ըսված` քան ճշմարտության:

Եթե չեք մոռցեր, մենք մեր պատմության սկզբին ըսինք, որ Հայաստանը կսիրեր համաձայնության աղջիկներենՙ Անգլիո:

Բայց հիմա պիտի տեսնենք, որ Հայաստանը համաձայնության տունը մտնելով, ինչ աղջիկ տեսավ` սիրեց: Արտաքին գեղեցկութենեն ավելի անիկա օժիտի կմիտեր. աղջիկ մը կուզեր առնել, որ իր հոգվոն խաղաղություն բերեր, իսկ երկրին` ինքնավարություն: Ով այս բաները տալու խոստումներ ըներ անմիջապես մատանին կհաներ` անոր մատը կանցուներ:

1914 թվին Ռուսն ըսավ, թե հայուն ինքնավարություն կուտամ: Այս խոսքերուն վրա վեց ժամ չանցած` Պետերբուրգ հասան հայուն խնամախոսներն, ըսելու, թե` կսիրեմ քեզի: Սակայն երբ հայուն հայտնի եղավ, թե անիկա Հայաստանը կուզե առանց հայու` ատեց զայն եւ ճամփա ընկավ դեպի Փարիզ: Երբ տեսավ Ֆրանսիա Կիլիկիա կուզե` ատեց զայն ու գնաց Անգլիո առաջ ծունկ չոքելու, իսկ երբ Անգլիա Ղարաբաղն ու Լոռին իրեն չտվավ, ատեց զայն եւ գնաց իր խոցված սիրտն Ամերիկային բանալու: Ամերիկան խղճաց Հայաստանին, կաթ եւ հույս տվավ, եւ ատով ալ կապրի ան մինչեւ օրս:

Վերջաբան

Այդ օրեն անցեր է մոտ 365 օր: Շատ բան է փոխվեր:

Կովկասյան եղբայրներն ալ հասեր են իրենց մուրազին եւ ծներ մանուկ հանրապետություններ, որք տակավին չեն կնքված:

Այս երեք մանկունք իրար հետ խաղցած ատեն, հաճախ կտոր մը հողի վրա կկռվին ու վազելով կերթան Թիֆլիս նստող եվրոպացի դաստիարակին գանգատ: Դաստիարակըՙ «դե՜, խելոք» կմռմռա քթին տակ ու իր հաշիվներուն կդառնա:

Հայաստանն ալ հարուստ է հիմա ու շենության կողմե կրնա մրցիլ տանուտեր Խաչոյին տանը հետ: Այսպես Հայաստանն իր դռնեն 1400 պաշտոնյա դուրս կհանե, 400 զինվոր, 7000 կոմիսար, 8000 լիազոր, 70 մինիստր, 70 մինիստրացու, 2 աշխատավոր, 3 աշխատանքի պաշտպանության կոմիսար, գանձարանի մեջ կեռա, եփ կուգա նոր թղթադրամը, մինիստրներու սնդուկներուն մեջ կպճպճան 7 տարվա հին... հաշիվները: Իր հովանու տակ կգտնվի հսկա «Կոոպերատիվներու միությունը», որուն մեջ թաթերը լիզելով ելումուտ կընեն հազարավոր պաշտոնյաներ: Սուճուխը կախ-կախ, տոլմաները թիթեղներու մեջՙ սեր կերգեն: Սեր, գինի, երգՙ ահա այն ֆակտորները, որոնք անհրաժեշտ են արեւելյան իմաստով պետություն կազմելու համար:

1918թ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4