ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ
Հարգելի խմբագրություն.
Ես գրականություն եմ մտել կյանքիս երկրորդ կեսից եւ հեռու եմ այս մտորումները բացարձակ ճշմարտություն համարելուց: Հնարավոր է, որ ես, ինչպես ամեն մահկանացու, սխալվեմ: Միայն շնորհակալ կլինեմ, եթե ինձնից հետո խոսք վերցնողները ճշտեն իմ վիճահարույց մտքերը, մատնանշեն հնարավոր սխալները: Ահա թե ինչու խնդրում եմ ի տեղի գրախոսականի այս գրառումները, որոնք կատարել եմ Յու. Խաչատրյանի վերջերս լույս տեսած «Ազատ էջեր» ժողովածուն ընթերցելուց հետո, տպագրել մտքերի փոխանակության կարգով:
***
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ հայ գրականագիտության առաջին քայլերը եղել են «ջարդարարական»: Անարդարացի կլիներ պնդել, թե Դրամփյանը, Մատենճյանը, Ենովք Արմենը գրական-դրական ոչինչ չեն ստեղծել, բայց անհերքելի է եւ այն, որ գրականության պատմության մեջ նրանք մնացին գլխավորապես որպես «ջարդարարներ»: Այնպիսի մեծություններ, ինչպիսիք էին Հովհ. Թումանյանը, Վ. Տերյանը, Մ. Մեծարենցը, իրենց մաշկի վրա զգացին դա:
Գրականագետների հաջորդ սերունդը` Հ. Սուրխաթյանը, Պ. Մակինցյանը, Ա. Տերտերյանը, Ն. Ադոնցը, Ն. Աղբալյանը եղան փաստացի հիմնադիրները հայ նորագույն գրականագիտության: Զուգորդելով գրական լայն իմացականությունն անդավաճան ճաշակի հետ` նրանք շարքային ընթերցողին հասկանալի գիտական, բայց միաժամանակ գեղարվեստական-պատկերավոր լեզվով արժեւորեցին իրենց ժամանակի բազմաթիվ գրական դեմքերի եւ նրանց գործերը: Այդ աշխատությունները ժամանակին ունեցան լայն արձագանք, իսկ մեր օրերում` գրականության բնական զարգացման դեպքում կստանային քրեստոմատիկական արժեք: Չնայած հասարակական-քաղաքական աննպաստ պայմաններին (համաշխարհային պատերազմ, Մեծ եղեռն...), գրականությունն ու գրականագիտությունն առժամանակ գնում էին զարգացման միակ ճիշտ ճանապարհով` համաքայլ...
Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, ծովային ալիքի տարածման սկզբունքով, Խորհրդային Հայաստանում նույնպես առաջացան անբնական պայմաններ: Պրոլետարական դիկտատուրան, նոր իշխանությունների գլխավոր զենքը, սկսեց թելադրել իր պահանջները նաեւ գրականության բնագավառում` նպատակ ունենալով ստեղծել նոր հասարակարգին հարիր գրականություն, որն ընդհանուր ոչինչ պետք է ունենար «հնի» հետ: Մոլախոտի արագությամբ կազմավորվեց չակերտավոր գրողների եւ գրականագետների կաստա, որն իրեն նպատակ դրեց ծառայել նոր հասարակարգին` ղեկավարվելով ոչ թե գրական, այլ բացառապես գաղափարական արժեքներով: Դժվար էր տարբերել թե ով էր նվագում այդ ժամանակավրեպ գրականագիտության «առաջին ջութակը»` գրողնե՞րը (Ալազան, Ն. Զարյան, Ա. Վշտունի, Գ. Աբով...), թե՞ գրականագիտական նոր դեմքերը (Գ. Վանանդեցի, Հ. Գյուլիքեւխյան, Ն. Դաբաղյան...): Փաստը մնաց փաստ, որ նրանց միացյալ ուժերով եւ իշխանությունների հովանավորությամբ ձեւավորված կակաֆոնիան ճշմարիտ գրականությունը եւ գրականագիտությունը մղեց երկրորդ պլան եւ գրական դաշտն ստացավ «պրոլետարական» թեքում... Այդ պայմաններում գրականագետների «հին» փաղանգն այլեւս անելիք չուներ: Նրանցից ոմանք հայտնվեցին արտասահմանում, իսկ մնացածները դատապարտվեցին կամ իրենք իրենց դատապարտեցին լռության, դադարեցին հասարակական կյանքում որեւէ դեր խաղալուց եւ վերածվեցին ամենօրյա թիրախների` մոլեգնող պրոլետգրականագետների համար: 30-ական թվականներին պրոլետգրականագիտությանը փոխարինեց սոցռեալիզմի գրականագիտությունը` հիշեցնելով սոխի եւ սխտորի հանրահայտ ասույթը...
Ստալինյան բռնադատատության տարիներին մուղդուսիների ու նաիրիզարյանների, քոչարների ու ոսկերչյանների համագործակցությամբ գրական դաշտը վերջնականապես «մաքրվեց» հօգուտ պաշտոնական-գաղափարական թեւի, գրական պայքարի անվան տակ հաշվեհարդար կատարվեց ճշմարիտ գրողների հետ, ինչի հետեւանքով գլխատվեցին մեր չափածոն եւ արձակը: Աշուղական պոեզիայի եւ արհեստավորական պարզունակ արձակի գերիշխման պայմաններում գրականագիտությունը դարձավ ավելորդ, բայց ոչ անօգուտ «փեշակ»: Փոքրիշատե իրենց դեմքը պահպանած գրողները սուզվեցին հայ ժողովրդի պատմական հեռավոր անցյալի լաբիրինթոսներում, իսկ գրականագետների շարքում... այստեղ այդ «փոքրիշատեն» էլ չկար...
ԽՍՀՄ-ի հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում կարծես փոքր-ինչ թեթեւացրեց գրական պայմանները հաղթանակած երկրում, ծնունդ տվեց նոր` պատերազմական թեմատիկային: Սակայն գաղափարական թուլացումների տպավորությունը խաբուսիկ էր: Համամիութենական մասշտաբով կուսակցական թիվ 1 գաղափարախոս Ա. Ժդանովի ելույթը` Աննա Ախմատովայի եւ Միխաիլ Զոշչենկոյի դեմ, ամեն ինչ վերադարձրեց իր տեղը: Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում շարունակեց իշխել ճահճային անդորրը...
Ստալինի մահից հետո միայն ողջ երկրով մեկ վրա հասավ համընդհանուր գրական «ձնհալը»: Մեզ մոտ վերականգնվեցին անգերեզման թաղված Ե. Չարենցի, Ա. Բակունցի անունները, վերահրատարակվեցին նրանց գրքերը, գրականություն վերադարձավ Գ. Մահարին: Գրական կյանքում սկիզբ առան արմատական տեղաշարժեր: Սովետահայ գրողների նոր սերունդը, «կոփված» ստալինյան ժամանակների փորձով, սկսեց համառորեն որոնել միջոցներ` սոցիալիստական ռեալիզմի սահմաններում նույն այդ ռեալիզմի արգելանքները եզովպոսյան լեզվով հաղթահարելու համար: Գրականագիտական նոր սերնդի ներկայացուցիչները` Ս. Աղաբաբյանը, Հր. Թամրազյանը, Լ. Հախվերդյանը, Ս. Սարինյանը, ի վիճակի չեղան իրենց պաշտպանության տակ վերցնել այդ ազնիվ ձգտումները եւ չկարողացան «նոր հովերի» պայմաններում քայլել ժամանակի հետ (իմ հիշողության մեջ միայն Ս. Աղաբաբյանի եւ Լ. Հախվերդյանի համագրախոսականն է Հ. Մաթեւոսյանի «Ահնիձոր» ակնարկի մասին, որը հրապարակվեց մինչեւ պաշտոնական սաստը, մնացածը... մնացածի մասին չեմ վախենա ասել` գրի՛ հաշվիս...): Թերթելով այդ տարիների մամուլըՙ հեշտ է նկատել փոխադարձ մեղադրանքները գրականագետների եւ «գրողների մասին գրող գրողների» միջեւ: Ճշմարտությունը վերջիններիս կողմն էր, որոնք պահանջում էին, որ գրականագետները, ղեկավարվելով գրական չափանիշներով, ոչ միայն ասեին իրենց անկաշկանդ խոսքը ժամանակակից գրականության եւ գրողների մասին, արժեւորեին լավն ու վատը, այլեւ անեին դա ձեւավորված կաղապարներից դուրս` գեղարվեստական գրականությանը հարիր պատկերավոր լեզվով: Գրողների եւ գրականագետների «երկխոսության» բացակայության պայմաններում գրողներն սկսեցին զբաղվել «ինքնասպասարկումով», իսկ գրականագետները պատսպարվեցին «գիտական» բարիկադներով եւ սկսեցին բանավիճել` խոսքի կամ ապրումի առաջնայնության, նորարարության եւ նման թեմաների շուրջը: Սխոլաստիկ այդ բանավեճերը ոչինչ չէին կարող տալ ո՛չ գրողներին, ո՛չ ընթերցողին, եւ ո՛չ իսկ գրականագետներին: Զգալով իրենց «փափուկ» վիճակըՙ գրականագետները, ժամանակակից գրողի եւ ընթերցողի միջեւ օղակ լինելու փոխարեն, նվիրվեցին այս կամ այն դասականին եւ բարեհաջող ու անվտանգ ճանապարհներով ապահովեցին իրենց գիտական աստիճաններով, իմա` ավելի անխոցելի դիրքերով` գալիք տասնամյակներում...
Այդպիսին էր, ըստ մեզ, մոտավոր իրավիճակը մինչեւ «նոր ժամանակները»...
***
Իմաստուն եւ խորիմաստ ասույթները միշտ չէ, որ ճիշտ են բոլոր իրադրություններում: Մասնավորապես Յու. Խաչատրյանի դեպքում խիստ վիճելի է չինական` «որ դու ապրես փոփոխական ժամանակներում» նզովքը: Այդ մասին էի մտածում, երբ կարդում էի նրա «Ազատ էջեր» էսսեների ժողովածուն: Չնայած Յու. Խաչատրյանն ավելի հին անուն է մեր գրական աշխարհում, բայց խորհրդանշական է, որ ժողովածուն ընդգրկում է «փոփոխական ժամանակներից» մինչեւ մեր օրերը գրված նրա գրական, արվեստաբանական եւ տեքստաբանական էսսեները: Նորից հետ գնալով նշենք, որ ինչպես սովետահայ գրողների երկրորդ սերունդի ծնունդը, անկախ նրանց տարիքից, պետք է համարել Ստալինի մահը, այնպես էլ գրականագետ Յու. Խաչատրյանի ծնունդը ակնհայտորեն կապվում է «նոր ժամանակների» հետ: Կամա-ակամա գալիս ես եզրակացության, որ նա պարկեշտորեն, ավելի քան լուրջ է ընդունել «նոր ժամանակներ» հասկացողությունը եւ սկսել հանդես գալ գաղափարական կապանքներից ձերբազատված «ազատ» ձայնով, որը համահունչ է եղել նրա աշխարհայացքին եւ իր արտահայտությունն է գտել նաեւ ժողովածուի խորագրում:
Մենք կառանձնացնենք Յու. Խաչատրյանի ժողովածուի գրականագիտական բովանդակությունը, սակայն բացառված չէ, որ արվեստագետն այնտեղ առաջին հերթին առանձնացնի նրա արվեստաբանական էսսեները: Պաբլո Պիկասսոին, Օգյուստ Ռոդենին, Խուան Միրոյին, Մարտիրոս Սարյանին, Մինաս Ավետիսյանին, Ռուբեն Աբովյանին, Վիլհելմ Մաթեւոսյանին, Հակոբ Հակոբյանին նվիրված էսսեները գրված են գեղագետի նուրբ դիտողականությամբ եւ գրականագետի պատկերավոր լեզվով: Դա պատահական չէ` գրականագետ Յու. Խաչատրյանը տարիներով «մաշել» է Մ. Սարյանի տուն-թանգարանի աստիճանները, եւ դա չէր կարող անհետեւանք մնալ...
Ընդամենը մի քանի էջ է զբաղեցնում Ռուբեն Աբովյանին նվիրված «Տեսիլներ եւ ժամեր» էսսեն: Սակայն կարդացվում է լարված ուշադրությամբ եւ մեկ շնչով: Ընթերցողը մտավոր աչքերով տեսնում է նկարչի կենդանի կտավները, ծանոթանում նրա ստեղծագործական խոհանոցին եւ գաղտնիքներին: Ափսոսանքով ես ավարտում էսսեն, որի վերջին տողերը բնորոշ են հեղինակին: «Եվ այսքանից հետո,- գրում է նա,- ինձ նորից թվում է, որ չկարողացա նկարչի արվեստի մասին ասել այն, ինչ համարում էի ամենից կարեւորը»: Ուշադրություն դարձրեք այստեղ «նորիցի» վրա, որը մատնում է էսսեագրի ստեղծագործական տվայտանքները, որոնք ոչ միայն մշտական են, այլեւ, ինչպես պարզվում է` անխուսափելի. «Եվ դա էլ բնական եմ համարում,- շարունակում է նա,- արվեստը, ի վերջո, իրոք անսպասելի գաղտնիք է եւ անմեկնելի խորհուրդ»: Միայն ողջունել կարելի է նման «կասկածամտությունն» ու «երկմտությունը»: Արվեստագետը, որը գիտակցում է, որ հնարավոր չէ բացարձակեցնել մինչեւ վերջ արվեստի եւ գրականության բազմաշերտ հարցերը, ավելի մոտ է ճշմարտությանը, քան այն ինքնագոհ «կոկոզավիզները», որոնք ճգնում են տալ «սպառիչ» պատասխաններ:
Բացառված չէ նաեւ, որ մեր օրերի քաղաքագետներից ոմանց համար ժողովածուի մեխը համարվեն Բորիս Պաստեռնակին, Իոսիֆ Բրոդսկուն կամ գրական շարիկովներին ու փանջունիներին նվիրված էսսեները, որոնք ոչ միայն «Գրողի ձայն» են (ինչպես խորագրված է այդ շարքի էսսեներից մեկը), այլ նաեւՙ քաղաքացու:
Իսկ տեքստաբանական միակ «Բանաստեղծական մանրապատում. «Մի կարեւոր ճշտումով» էսսեում գիտական համոզչությամբ տրվում է սպառիչ պատասխան Ռուբեն Սեւակի «Հայաստան» բանաստեղծության հետ կապված վիճահարույց հարցերին: Մենք մեխանիկորեն չէ, որ այստեղ կրկնեցինք «էսսե» բառը: Պարզվում է, որ կարելի է տեքստաբանությանն անգամ անդրադառնալ էսսեով: Խառնվածքի խնդիր է:
Այո, ժողովածուի աչքի զարնող հատկանիշն է, որ Յու. Խաչատրյանի գիտական խոսքը միաժամանակ պատկերավոր-գեղարվեստական է: Այն մեզ հիշեցնում է անցյալ դարի 50-60-ական թվականների գրականագիտությունը, երբ գրականագիտական բեռն ընկած եր հիմնականում «գրողների մասին գրող գրողների» վրա: Յու. Խաչատրյանը գրող չէ այս բառի մասնագիտական նեղ իմաստով, սակայն նրա էսսեները գրված են մասնագետ-գրողի գրչով: Ահա Ի. Բրոդսկուն նվիրված էսսեի վերջին տողերը, որոնցում միաժամանակ ամփոփվում է նաեւ բանաստեղծի երկրային կյանքը. «...Ճուռակի աշնանային վերջին կանչը կտրեց անցավ օվկիանոսը եւ ձմեռային օրվա թանձր իրիկնամուտին մարեց ռուսական լեզվի անծայրածիր լայնարձակության մեջ` մութ ու մառախլապատ երկնքի տակ»: Անցյալ դարի մեծագույն բանաստեղծին ծանոթ ընթերցողը չի կարող չտպավորվել «մութ ու մառախլապատ» Ռուսաստանից վտարված բանաստեղծի` օվկիանոսի այն կողմում լույս ընծայված եւ նրա գրական հայրենիք վերադարձած «Ճուռակի վերջին կանչը» (ԿրպվվՌռ ՍՐՌՍ ÿրՑՐպոՈ) ժողովածուի խորհրդանշական վերհիշեցումով...
«Թեթեւ շնչառություն» էսսե-գրախոսականը մեր ժամանակների հայ գրականության անմխիթար վիճակի մասին է: Յու. Խաչատրյանն այդ վիճակը չի համարում զուտ ազգային երեւույթ, այլ դիտարկում է «գլոբալիզացիայի» լույսի տակ: Վիճելի է այս դրույթը, բայց տեսեք, թե ինչպիսի պատկերավորում է ստանում նրա գրչի տակ անցյալ դարասկզբի մտածողների կողմից կանխատեսված «Եվրոպայի մայրամուտը», որը, ըստ էսսեագրի, իրականացավ դարավերջին` ընդգրկելով անհամեմատ ավելի մեծ տարածք. «Մայր մտնող արեւի սկավառակը իր եզրով թեթեւորեն դիպչելով անցավ նաեւ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների մշակութային հորիզոնով` իր պղտոր ու աղոտ, շառագույն լույսը գցելով նաեւ կործանված խորհրդային կայսրության դատարկ ու ամայի անապատային տարածության վրա»: Տալով երեւույթի գիտական հիմնավորումըՙ նա, սակայն, չի արդարացնում այն, այլ քաղաքացիական մեծ կրքով մերժում է ժամանակակից մոլախոտը եւ նրա «գեղարվեստական» արտադրանքը. «...այս «գրականությունը» իր անբարո նկարագրով, սանձարձակությամբ եւ մանավանդ սրբապիղծ շարադրանքներով հասցեագրված է նեղմիտ եւ անճաշակ, սպառողական հոգեբանության տեր բազմությանը... Եվ դրա դիմաց նոր իրականության տերերից ու պատվիրատուներից այս հեղինակներն իրենց մանր, ողորմելի եսասիրության, կիսագրագետ մարդու իրենց մանր կրքերի մեծածախ վաճառքի դիմաց ստանում են տպագրված գիրք, հեռուստատեսային էկրան, իրենց նմանների սարքած մրցանակները եւ այլն եւ այլն»: Նկատեցի՞ք, որ խոսքի գինն իմացող, բառերը հանգամանորեն կշռող ու չափող գրականագետն այստեղ առանձնապես ընտրություն չի դնում դրանց մեջ: Ի՞նչ ընտրություն, եթե արդյունքում` «...նրանց դավադիր համերաշխության մեջ վերջնականապես մեռնում է իսկական, բարձր գրականությունը»: Ի՞նչն է այստեղ ավելի շատ` ճշմարտությո՞ւնը, թե՞ հեղինակի դառնությո՞ւնը,- թող ընթերցողն ինքը որոշի...
Մենք վիճելի համարեցինք այսօրվա մեր գրականության վիճակը գլոբալիզացիայով բացատրելը, բայց վիճելն ավելորդ է, քանի որ մեկ այլ տեղում Յու. Խաչատրյանը ախտորոշում է երեւույթը. «Ազատությունը վերածվեց անիշխանության եւ բացարձակ անտերության, ստեղծագործական ազատությունը ոչ մի շոշափելի արդյունք չտվեց... Նորը եղավ պոռնոգրաֆիան, այսպես կոչված բուլվարային գրականությունը, մակերեսային գռեհիկ գրականությունը...»: Մեկնաբանություններն ավելորդ են:
Զահրատի, Աբրահամ Ալիքյանի, Ալբերտ Կոստանյանի, Կարիկ Պասմաճյանի դիմանկարները Յու. Խաչատրյանի ստեղծագործական մի-մի հաղթանակ են: Իր գրականագիտական քարտեզի համար նա չի որոնել ծանոթ ճանապարհներ եւ խոշոր աստղեր, այլ ըստ մեծ մասի հիմնականում կատարել է սրտի պարտքը` ժամանակակիցների մասին ասելով իր երբեմն եզակի, բայց սպառիչ խոսքը` առանձին դեպքերում առաջին անգամ արժեւորելով նրանց եւ փրկելով անգամ մոռացությունից:
Ոչ միայն արվեստագետ, այլեւ գրականագետ Յու. Խաչատրյանի համար էլ բնորոշ է ներքին ինքնադժգոհության մշտական զգացումը, որը թույլ չի տալիս նրան հանգստանալ դափնիների վրա, ճարպակալել, «դասականանալ»: Այդ ինքնազգացումը հետեւում է նրան այստեղ նույնպես, եւ նա չի քաշվում դա խոստովանելուց ժողովածուում ընդգրկված միակ հարցազրույցում. «...Ճիգս ու ջանքս եղել են ավելին, քան այն, ինչին հասել եմ... Ափսոս... Այնքան եւ այն կարողացա, որքան եւ ինչ երեւում է իմ հոդվածներում եւ էսսեներում...»: Նման ինքնազգացումով գրականագետից կարելի է սպասել նոր եւ մշտական նվաճումներ...
Յու. Խաչատրյանի էսսեներին բնորոշ են դիպուկ վերնագրերը: Վերնագիրը երկրորդական հարց չէ յուրաքանչյուր աշխատության համար: Լավ խորագիրն ամբողջացնում է ասելիքը, ստեղծում գրական կապեր ու վերհիշեցումներ, հարստացնում նյութը: Յու. Խաչատրյանի խորագրերի ենթատեքստերը երբեմն կռահվում են հեշտությամբ: «Տեսիլներ եւ ժամեր» խորագիրը, օրինակ, կապված է Ե. Չարենցի «Տեսիլաժամերի» հետ, «Նահանջ` էժանագին ցնծությամբ» խորագիրը` Շ. Շահնուրի եւ Պ. Սեւակի գործերի հետ, «Լուսեղեն ճամփի անցորդը»` Մեծարենցի, «Կավի վրա փչող ոգին...»` Անտուան դե Սենթ-Էկզյուպերիի, «Գրական շարիկովները...»` Մ. Բուլգակովի, «...փանջունիների պսակազերծումը»` անմահ Օտյանի հետ... Սակայն երբեմն դրանք հասանելի չեն եւ անհրաժեշտ է, որ հեղինակը թեկուզ ակնարկով բացահայտի ներքին կապը խորագրի եւ նյութի միջեւ («Թեթեւ շնչառություն», հնարավոր է եւ ուրիշներ): Դրանից կշահեին ե՛ւ հոդվածները, ե՛ւ ընթերցողը:
***
Գանք լուսավոր այս ժողովածուի «ստվերին»` բովանդակային կառուցվածքին: Մեզ թվում է, Յու. Խաչատրյանը Ի. Դունաեւսկու հայտնի օպերետի հերոսի խոսքերով (վպ Չ Ցց րՑպտՖ...)` այն դաշտում չի «պարում» իր «տուստեպները»: Ժողովածուի էսսեներից 13-ը վերաբերում են Կոստան Զարյանին: Նման կառուցվածքն անխուսափելիորեն ստեղծում է իր ծանրության կենտրոնը եւ առաջացնում օրինական տարակուսանք: Մի՞թե խորհրդահայ գրական ավագ սերնդից` Չարենցի, Բակունցի, Մահարու, Լեռ Կամսարի, կամ ասենք` հաջորդ սերնդից Պ. Սեւակի, կամ «նոր ժամանակներում» (այն էլ ինչպիսի ժամանակներ...) կասկածելի լռած` Հրանտ Մաթեւոսյանի մասին ասելիք չի ունեցել նա:
Վերջերս ամիսներ շարունակ «Ազգ»-ի էջերում բանավեճ էր գնում գրական քարացած եւ մեռած «հեղինակություններին» իրենց անունով կոչելու անհրաժեշտության մասին: Յու. Խաչատրյանը գերադասեց լռել: Ինչո՞ւ:- «Հարցրեք իրեն»: Չէ՞ որ դատելով «Բանաստեղծի դատապարտումը» էսսեից, որտեղ թվարկվում են հայ եւ ռուս գրական դահիճները, ակնհայտ է, որ նա ասելիք ունեցել է, ընդ որում` կարեւոր ասելիք, որը բանավեճին կարող էր տալ այլ երանգ ու բովանդակություն...
Այո, աղքատ չէ Յու. Խաչատրյանի ժողովածուի գրականագիտական քարտեզը: Սակայն «կոստանզարյանական» ծանրությունն այդ հարստությունները դարձնում է բացառություններ, որոնք հաստատում են մեր տարակուսանքը: Դրությունը չի փրկում եւ Պ. Սեւակին նվիված միակ էսսեն: Եվ դա այն դեպքում, երբ վերը հիշված դեմքերը կարիք ունեն նորովի մոտեցման: Սոցռեալիզմի գրականագիտությունից հետո դեռեւս չբավարարված պահանջարկ կա նրանց ստեղծագործական մնայուն արժեքների նկատմամբ նոր մոտեցման, անցողիկի ու ժամանակավորի բացահայտման ու բացատրման: Նման խնդիրը վեր չէ Յու. Խաչատրյանի ուժերից, մեր կարծիքով` հենց դրանում է նրա կոչումը: Եթե նա շեղվեր իր «գլխավոր ուղուց», մենք այսօր կունենայինք նոր լույսի տակ Չարենց կամ Բակունց, Մահարի կամ Լեռ Կամսար:
Սխալ չհասկացվենք: Մենք դեմ չենք, որ Յու. Խաչատրյանը մինչեւ «ուղն ու ծուծը» ուսումնասիրի Կ. Զարյանին, մի բան, որ նա անում է բավական հաջող, բայց մեզ թվում է շռայլություն գրականության եւ գրականագիտության «սովի» պայմաններում նվիրվել մեկին...
Մանավանդ որ... այստեղ կա «մանավանդ որ»...
Յու. Խաչատրյանը էսսե առ էսսե վեր է հանում Կ. Զարյանի ստեղծագործական տարբեր կողմերը, սակայն զարմանալին այն է, որ այդ էսսեների հանրագումարում մենք չենք ստանում գրողի այնպիսի ամբողջական դիմանկարը, ինչպես, ասենք` Զահրատի կամ Ա. Ալիքյանի, Ալբերտ Կոստանյանի կամ Կարիկ Պասմաճյանի «մինուճար» էսսեներում: Այստեղ էսսեագիրը մեղք չունի: Հիրավի, եթե նա իր գրչով «կենդանացնում» է Վիլհելմ Մաթեւոսյանին կամ Հակոբ Հակոբյանին, ապա գրողի մասին, թվում էր, խոսք անգամ չպետք է լիներ...
Մեր կարծիքով Կ. Զարյանն անհաղթահարելի է որեւէ գրականագետի համար, որը կձգտի պատկերել նրան ավելի մեծ եւ ավելի հայ, քան նա կա իրականում: Հնարավոր է, որ գրողի բարդություններն սկսվել են նրա հենց առաջին քայլերից: Ստացած փայլուն, բայց ոչ հայեցի կրթությունն արջի ծառայություն է մատուցել նրան: Ունենալով այնպիսի «կուզեններ», ինչպիսիք էին Շիրվանզադեն եւ Աբելյանըՙ Կ. Զարյանը գրականություն է մտել ֆրանսերենով եւ մինչեւ երեսնամյա տարիքը փաստորեն եղել է հայազգի ֆրանսիացի գրող: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ եթե նա ունենար իր օրինական տեղը ֆրանսիական Հելիկոնում, Էմիլ Վերհարնը չէր վերհիշի նրա հայազգի ծագումը, խորհուրդ չէր տա նրան վերադառնալ իր արմատներին, իսկ Կ. Զարյանը չէր անսա նման խորհուրդը: Բայց ահա թե վերջինիս վկայությամբ ինչպիսի բախտորոշ երկխոսություն է տեղի ունեցել նրանց միջեւ.
«- Եթե դուք հավատացյալ լինեիք, ի՞նչ լեզվով պիտի աղոթեիք:
- Հայերեն,- պատասխանեցի ես:
- Ահա՛: Արդ, ի՞նչ է բանաստեղծությունը, եթե ոչ մշտնջենական աղոթք:
...Այդ գիշեր ծագեց իմ մեջ բուռն ցանկությունը սովորելու իմ մայրենի լեզուն»:
Երիցս ճիշտ է եղել բելգիացի բանաստեղծը իր տեսական խորհրդում, քանի որ միջազգային ճանաչմանը գրեթե պարտադիր պիտի նախորդի ճանաչումը ազգային գրականությունում: Բայց... Կ. Զարյանն արդեն երեսուն տարեկան էր, իսկ այդ տարիքում դժվար է գրական նոր «սկզբնախաղը», որքան էլ հարուստ լիներ մինչ այդ կուտակված կենսափորձը: Անցումն այլ լեզվի դեռ երբեք չի փոխել գրողի էությունն ու դեմքը: Վճռականը, բախտորոշն առաջին լեզուն է: Նաբոկովը, չնայած իր հետագա անգլիալեզու վեպերին, մնաց ռուս գրող, ֆրանսիական պոեզիայում մրցանակ շահած Շահան Շահնուրը` հայ, իսկ երկլեզու Չինգիզ Այտմատովն այդպես էր չդարձավ ռուս գրող... Կ. Զարյանի անցումը հայերենին չէր կարող փոխել նրան, բերել ավելի մեծ գրական հաջողություններ ու համբավ, եւ դա ակնհայտ է հենց Յու. Խաչատրյանի էսսեներից: Որքան շատ է նա մոտենում Կ. Զարյանի «Արարատյան մարդուն», այնքան ավելի է այդ մարդը հեռանում Արարատից եւ ընթերցողից, ի վերջո վերածվելով անհայրենիք նեանդերթալցու: Կ. Զարյանի օրինակը ուսանելի է գրական նորակոչիկների համար` բարձր, հանրագիտարանային գիտելիքները եւ գեղագետի գրիչը բավական չէ, եթե կտավում բացակայում է մարդն իր հոգեբանական կառուցվածքով: Իսկ մարդու բացակայությունը արդյունք է հայ իրականության եւ գրական ավանդների հետ խորթության:
Է. Վերհարնի խորհրդով հայ գրականություն մուտք գործած Կ. Զարյանը զգում էր իրեն «խաղից դուրս»: Ավելացնենք, որ հանգամանքների բերումով նա գրեթե իր ողջ կյանքն ապրեց, որքան էլ հոգեպես ներդաշնակ, բայց վերջին հաշվով օտար աստղերի հարեւանությամբ: Նա չմերվեց Սփյուռքի գրողներին, իսկ վերջիններս փոխադարձաբար չընդունեցին նրան: Եվ ահա կյանքի վերջին շրջանում նա կատարեց եւս մի ստիպողական քայլ, որը փակեց նրա որոնումների շղթան` դա՛րձ, վերադա՛րձ դեպի Հայաստան: Դա հաշվենկատ դիվանագիտական քայլ չէր, ինչպես ժամանակին չարախոսվեց Սփյուռքում: Խորհրդային անձնագիրը չէ՛ր նրա նպատակը կամ այդ անձնագրից բխող հաշվարկները: Ո՛չ ամենեւին: Դա գրական անձնագրի հարց էր, մի հարց, որը ողջ կյանքում հետեւել է գրողին, երբեմն կարծես ստացել իր լուծումը, բայց այդպես էլ մնացել որպես Ֆերմայի խնդիր...
Ավելացնենք, որ Կ. Զարյանը չմերվեց նաեւ հայրենիքի գրողներին, իսկ վերջիններս նույնպես փոխադարձաբար չընդունեցին նրան: Հերման Հեսսեի պատկերով նա մնաց միայնակ գայլ, միայնակ` ինչպես արտասահմանում, այնպես էլ մեզ մոտ: Յու. Խաչատրյանը փորձում է դա բացատրել գրողի ինքնատիպությամբ, նրա չհասկացվածությամբ, զուգահեռներով Բորիս Պիլնյակի գրականության հետ: Սակայն որքան էլ իմպրիսիոնիստական լինի Բ. Պիլնյակի կամ Արտեմ Վեսյոլու գրականությունը, այնտեղ տրոփում ու բաբախում է ռուս իրականությունը, ազգային մի բաբախում, որը բացակայում է Կ. Զարյանի գործերում: Նրա կտավների վրա պատկերված գեղագետի փայլուն գույներն անմիջապես խունանում են, հենց որ խոսքը հասնում է մարդուն... Համաստեղը, Մնձուրին տեսնում եւ զգում էին իրենց հերոսներին, Կ. Զարյանը` ո՛չ: Սա նրա մեղքը չէր, այլ դժբախտությունը:
Մենք չէինք անդրադառնա այսքան հանգամանորեն Կ. Զարյանին, եթե իր նվիրման մեջ Յու. Խաչատրյանը տար գրողի իրական դիմանկարը եւ չգնահատեր նրան գերադրական ածականներով: Որքան էլ ասվի «հալվա»` ասողի, առավել եւս լսողի բերանը դրանից չի քաղցրանա: Կ. Զարյանը, կենսագրական հանգամանքների բերումով, ֆրանսիական եւ հայ գրականության ինքնատիպ գրողներից մեկն է եւ ոչ ավելի: Պետք չէ նրանից ստեղծել նոր մի կուռք: Առանց այդ էլ կուռքերը շատ են մեզ մոտ: Եթե այսօր մենք տուն-թանգարաններ ենք հիմնում ու կառուցում ոմանց անունով, ապա ուրիշների համար կպահանջվեն արդեն դամբարաններ ու բուրգեր...
***
Մեծ են Յու. Խաչատրյանի կարողությունները: Նա ապրում է իր ստեղծագործության բեղուն շրջանը: Դրա վկայությունն են նրա կազմած եւ խնամքով ծանոթագրված` Վ. Մաթեւոսյանի, Ա. Կոստանյանի, Կ. Պասմաճյանի, Ա. Ալիքյանի, Հրանտ Նազարյանցի, նույն Կ. Զարյանի եզակի ժողովածուները, որոնք լույս են տեսնում իրար հետեւից: Հնարավոր է, որ ես սխալվում եմ, բայց անկեղծորեն կցանկանայի, որ նա իր ուժերը ծախսեր նաեւ հայ գրականության մայրուղում, հանուն... ավելորդ չլինի ասել` վաղվա գրականության: