ԳՐԻԳՈՐ ԳՈՒՐԶԱԴՅԱՆ
Հրատարակչական գործին պիտի վերաբերվել իբրեւ արվեստի առանձին տեսակի, քանի որ նրա գլխավոր արտադրանքը գիրքն է կամ հանդեսը:
Գիրքը ծնվելիս էլ կարող ենք ասելՙ աչքդ լո՛ւյս: Չէ՞ որ գիրքը լույս է տեսնում...
Ամեն գիրք նախՙ հեղինակի մտքի ստեղծագործական աշխատանքի արդյունք է, որը դեռ պիտի նյութականացման մի շարք փուլեր անցնիՙ շարվածքի վերածվի, խմբագրվի, սրբագրվի, էջադրվի, ձեւավորվի, պատկերազարդվի, տպաձեւեր դառնա, մամուլ առ մամուլ բազմացվի, ծալվի, կարվի, կտրտվի, կազմի մեջ դրվի... Այդ ամենը շնորհիվ հրատարակչության ողջ անձնակազմի, խմբագիրների, նկարիչների եւ ամենակարեւորըՙ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած Գնել Մելիքյանի ղեկավարությամբ գործող տպարանի լարված ու բարեխիղճ գործունեության:
Հրատարակված գրքի համար երկար կյանք է նախատեսվում: Եվ հաջողված է այն գիրքը, որը լիարժեք կյանք է ունենում ոչ միայն տպարանից դուրս գալուց անմիջապես հետո, այլեւ տարիներ ու գուցեեւ դարեր անց:
Այսպիսի բամաթիվ հաջողված գրքեր է լույս ընծայել «Զանգակ-97» հրատարակչությունը, որը չնայած նոր է բոլորել իր 10 տարին, բայց ծավալել է հնամյա եւ հանրաճանաչ հրատարակչությանը վայել գործունեություն:
Այստեղ աշխատում են բանիմաց, պարտաճանաչ եւ իրենց գործը սիրող մարդիկ, որոնց հետ սոսկ առնչվելն իսկ հաճելի է: «Զանգակում» հրատարակվել են իմ հեղինակած հինգ գրքերը, ընթացքի մեջ է վեցերորդը: Ես վստահում եմ «Զանգակին», որը միշտ առաջ է նայում եւ փնտրում նորը, ինքնատիպը, հեռանկարայինը, մնայունը: Եվ այս ամբողջը հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանի բանիմաց եւ խելացի գործունեության արդյունքն է:
Եվ «Զանգակ-97»-ը եկեղեցու զանգի պես պարբերաբար ազդարարում է իր հրատարակած նոր գրքերի լույս ընծայումը:
Իսկ այդ գրքերը բազմաբնույթ ենՙ գեղարվեստական, ուսումնական, գիտական, գիտահանրամատչելի, հանրագիտական, մանկական, առողջապահական...
Այս ոլորտներից յուրաքանչյուրում «Զանգակը» ասել է իր մնայուն խոսքը: Այսպես, նրա խորհրդանշանով են տպագրվում 43 անուն դպրոցական դասագրքեր: Պատկերացնելն անգամ դժվար է...
Ավելինՙ դրանց հետ միասին տպագրվում են ուսումնական բազմաթիվ ձեռնարկներ, որոնք իրենց որակի շնորհիվ հաճախ ձեռք են բերում այլընտրանքային դասագրքի արժեք...
Գիտական ծանրակշիռ աշխատություններ են հրատարակվում «Զանգակում»: Օրինակՙ բազմաթիվ բառարանների շարքում շուտով իրենց տեղը կգտնեն հայերենի քառահատոր բացատրական նոր բառարանը, հայերենի բառակազմական բառարանը (սա իր տեսակի մեջ առաջինն է լինելու):
Այստեղ մշակվել են նաեւ գիտական նոր ուղղություններՙ էթնոհոգեբանություն, էթնոմանկավարժություն... Հրատարակչությունն իր ուսերին է վերցրել գիտական մի քանի հանդեսների պատրաստման, տպագրության ու տարածման ծանր գործըՙ «Մանկավարժական միտք», «Հոգեբանությունը եւ կյանքը», «Լեզու եւ լեզվաբանություն»... Հաջողությամբ շարունակվում է «Այգ» մանկապատանեկան հանդեսի հրատարակումը:
Առջեւում նոր ծրագրեր են, նոր բնագծեր: Հատկապես կարեւոր է հայկական մանկական գրքի ոլորտի զարգացման պատկառելի ծրագիրը: Ահա մի քանի դրույթ այդ ծրագրից:
Նորովի եւ ամենատարբեր ձեւերով կներկայացվեն մեր դասականների եւ թարգմանված լավագույն մանկական ստեղծագործությունները:
Կտպագրվեն համաշխարհային մանկական գրականության արդի նվաճումների թարգմանություններ:
Կխթանվի ժամանակակից հայ մանկագիրների գործունեությունը. կհայտարարվեն մրցույթներ, արտոնյալ պայմաններով լույս կընծայվեն հաջողված ստեղծագործությունները:
Նոր հրատարակությունների համար կկազմակերպվեն շնորհանդեսներ, քննարկումներ, թատերականացված ներկայացումներ:
Կանցկացվեն մանկական գրականության խնդիրների հետ կապված բանավեճեր, գիտաժողովներ, ստեղծագործական հավաքներ նաեւ ինտերնետում:
Կպատրաստվեն եւ կտարածվեն մտավարժական եւ ուսուցողական խաղեր, գլուխկոտրուկներ ու խրախճանականների ժողովածուներ:
Կլինեն նաեւ նոր մտահղացումներ, անակնկալներ, որոնք առայժմ գաղտնիք են:
Եվ այսպես, դրվում է հիմնաքարը հերթական ազգօգուտ ծրագրի...
Խմբ. կողմից. - Իսկապես հրատարակչական աշխույժ գործունեություն է ծավալել «Զանգակը», որի համար մենք եւս շնորհավորում ենք տնօրեն Սոկրատ Մկրտչյանին 10-ամյա բեղուն գործունեության առթիվ: Այսուհանդերձ չենք կարող համաձայնվել բարեխղճության ու որակի վերաբերյալ մեր ականավոր գիտնականի պնդմանը. «Զանգակ«-ի շատ գրքեր աչքի չեն ընկնում հենց որակի հարցում: Բոլոր պարագաներում: