ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#15, 2008-08-02 | #16, 2008-08-30 | #17, 2008-09-13


ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԾԱԳՈՒՄ ՋՈՒԹԱԿԸ

ՌԱՖԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆ

Երաժշտական գործիքներից ամենաազնվագույնիՙ ջութակի ծագման պատմությունը հետաքրքրել է շատ ուսումնասիրողների, ի թիվս նրանցՙ Անահիտ Ցիցիկյանին: Ջութակը որքան արդիական է, նույնքան էլ հին արմատներ ունի:

Երաժշտական կատարողական արվեստի, հայ երաժշտագիտության մեջ ջութակահար Անահիտ Ցիցիկյանի ավանդը մեր մշակույթի պատմության անքակտելի մասն է եւՙ գնահատված: Իբրեւ ջութակահարՙ նա ստեղծագործաբար համագործակցել է իր ժամանակի հայ եւ օտար անվանի շատ երաժիշտների հետ, իսկ իբրեւ երաժշտության տեսաբանՙ լուրջ ուսումնասիրություններ, հետազոտություններ է կատարել: Երաժշտական գործիքների, մասնավորապես ջութակի հորինվածքների որոնումները նրան տանում են հնագիտության ոլորտ, դեպի հայկական միջնադար. նա սկզբնավորում է հայ արվեստաբանության մի նոր ճյուղՙ երաժշտական հնագիտություն: Ռաֆայել Արամյանի (1909-1994) տպագրվող հոդվածըՙ ամենայն հավանականությամբ գրված 70-ականների վերջերին եւ ժամանակին չտպագրված, անդրադարձ է Անահիտ Ցիցիկյանի տեւական ուսումնասիրությունների արդյունքՙ «Հայկական աղեղնային արվեստ» գրքին (1977թ.): Կարծում ենքՙ մանավանդ երաժշտագիտության ասպարեզում հետազոտությունների պակասի մեր ժամանակներում այն հետաքրքրական է եւ չի կորցրել արդիականությունը:


Որոնիր եւ կգտնես- ասում են հները- որոնիր, եթե ինչ-որ բան հուշում է, թե այստեղ, այս հին հողի վրա, պետք է որ լինեն մշակույթի նախնական հորինվածքներ:

Երաժիշտ-հնէաբանը, երաժիշտ-պատմաբանը, երաժիշտ-կատարողըՙ Անահիտ Ցիցիկյանը իր գրքում որոնում է լարային նվագարանների ու ջութակի նախնական հորինվածքը. եւ ահա մենք, նրա հետ միասին խորանում ենք դարերի միջով: Ինչ-որ տեղՙ ճարտարապետական զարդանախշերի, մագաղաթների, սափորների վրա պետք է որ ժողովուրդը վկայած լինի ջութակի գոյությունը: Ջութակն իր տեսքով այնքան հին է, որ անգամ մեր օրերում պատրաստված օրինակը թվում է դարեր է ապրել: Այսքան հին, այսքան ծերունական տեսքով մի գործիք պետք է որ նվագած լինեին մեր նախնիներըՙ միջնադարյան քաղաքների իջեւանատներում, շուկաներում եւ դարպասների մոտ, որտեղից գալիս ու գնում էին քարավանները: Հայաստանը, որ Արեւելքի արեւմուտքն է ու Արեւմուտքի արեւելքը, երաժշտության պատմության կենտրոններից է եղել: Երաժշտագետ Անահիտ Ցիցիկյանը շնորհալի ոճով պատմում է այս ամենի մասին ու առաջնորդում մեզ ժամանակի ետընթաց ճանապարհներով մինչեւ վաղ միջնադար, մինչեւ մեծ Նարեկացու «Ողբը», ուր բանաստեղծը խոսում է ջութակի մասին: Հենց այդ ժամանակներում է, որ աշխարհում առաջին վկայություններն են հայտնվում այս գործիքի, նրա նախնական տարատեսակի մասին: Որոնող երաժշտագետի մեծագույն հայտնություններից մեկը եղավ Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված տասներորդ դարի սափորի վրայի նկարը, որը պատկերում է ջութակի այն նախնական օրինակը, որի նմանը մենք միայն տեսնում ենք Նորմանդական տաճարի խորաքանդակներից մեկում եւ Կիեւի Սոֆիայի տաճարի հայ վարպետների կատարած որմնանկարում: Սափորի նկարում պատկերված ջութակը ջութակահարը պահում է ուսին, սա եւս հաստատում է, որ այսօրվա ջութակի նախահայրը եղել է հայ գուսանների նվագարաններից, ու այն նվագել են ճիշտ այնպես, ինչպես այսօրՙ ուսի վրա առած: Երաժշտագետի այս հետաքրքրական հայտնագործությունը ջութակի պատմության մի հին վկայություն է, որն իր ակունքներով թերեւս ավելի վաղ ժամանակների հետ է կապվում: Անահիտ Ցիցիկյանը պատմում է, թե ինչպես հիվանդների համար նվագել են ջութակ, նկարագրում է կետնտոցների աղեղնավոր ու ուղղաձիգ տեսակները, մետաքսե, արծաթե, վուշե եւ ջղերից պատրաստված լարերի օգտագործման մասին:

Պատմական այսպիսի մի հետաքրքրական շրջագայություն կատարելուց հետո հեղինակը մեզ տանում է ուշ միջնադարյան երաժշտական աշխարհ, ուր հայ կատարողները զարգացնում են լարային նվագարանների կատարողական արվեստը եւ նոր ճանապարհ բացում ջութակի հայ վարպետների համար, որոնք տասնիններորդ ու քսաներորդ դարերի համաշխարհային ջութակահարների անունների կողքին հիշվում ու մեծարվում են: Արեւմտյան Հայաստանում ապրած ջութակահարներ կույր Սեպուհը, Խուդավերդին, Քեմանին, Ռեթեոսը հայ ֆոլկլորային գործերի առաջին ջութակով կատարողներն էին: Ասես այս պատմություններից տեսնում ես նրանցՙ ջութակն ուսին առած, հայ պարեղանակներ, պանդխտության երգեր նվագելիս: Հայ մինեզինգերների այս ընտրանին պատրաստում էր պրոֆեսիոնալ երաժշտության կատարողական այն մակարդակը, որով հետագայում առիթ էինք ունենալու պարծենալ: Գրիգոր Սինանյանը եւ նրա որդինՙ Հարություն Սինանյանը Թուրքիայում հիմնում են լարային օրկեստր եւ առաջին անգամ Կոստանդնուպոլսում հայերի կատարմամբ հնչում է Բեթհովենը, Մոցարտը, Գունոն, Վերդին, Չուխաջյանը: Տասնիններորդ դարի վերջերին ու քսաներորդ դարի սկզբներին հայ ջութակահարներն արդեն իրենց պրոֆեսիոնալիզմով չէին զիջում եվրոպական նշանավոր կատարողներին: Եվրոպա մեկնած հայ երաժիշտները երաժշտական կրթություն են ստանում Բրյուսելում, Պրահայում, Բեռլինում, Փարիզում: Ջութակահարներ Դավթյանը, Տարանտելյանը, Կուտենյանը, Գիսակ Վրույրը դառնում են ժամանակի մեծանուն կատարողներ: Ջութակահար Կուտենյանը Ամերիկա է հրավիրվումՙ փոխարինելու աշխարհահռչակ Էժեն Իզային, Իվան Գալամյանը եւ Գիսակ Վրույրը Ամերիկայում հիմնում են իրենց դպրոցները, Դավիթ Դավթյանը 1904 թվականին Բրյուսելի միջազգային մրցանակաբաշխության մրցանակն է շահում, նա մահանում է Թուրքիայում: Այս անուններն էին ջութակի հայ դպրոցի ստեղծողները: Անահիտ Ցիցիկյանը, կատարող ջութակահարի հմտությամբ հավաքելով ժամանակի վկայությունները նրանց մասին, կարողանում է եզրագծել հայ ջութակահարների ոճական այն առանձնահատկությունը, որն այսօր դարձել է մտածողություն, որով եւ տարբերվում են հայ ջութակահարները մյուսներից, իրենց ռոմանտիկ, ջերմ, թավշահունչ կատարումով:

Արեւելյան Հայաստանի, այսինքնՙ Ռուսաստանի երաժշտական կուլտուրայով սնված ջութակահարների հիասքանչ վարպետների մասին է պատմում գիրքը: Պետերբուրգի եւ Մոսկվայի կոնսերվատորիաների շրջանավարտներ Հովհաննես Նալբանդյանի, Հ. Սողոմոնյանի, Կոնստանտին Սարաջեւի, Սահակ Խորոզյանիՙ ջութակի վարպետների կատարած աշխատանքն այսօր կերպավորում է` որպես հայ ջութակահարների երաժշտական մտածողություն եւ կատարողական եղանակ: Հովհաննես Նալբանդյանի աշակերտն է եղել աշխարհահռչակ ջութակահար Յաշա Հեյֆիցը: Նյութի այսքան հարստությունը, անունների վերհանումը, երաժշտական վերլուծությունները Անահիտ Ցիցիկյանի գիրքը դարձնում են մի լուրջ ուսումնասիրություն, որ նվիրված է հայ ջութակի եւ թավջութակի վարպետներին:

Հայ ջութակահարների կատարողական մեծ արվեստի վկայություններն են Ավետ Գաբրիելյանի, գրքի իսկ հեղինակիՙ Անահիտ Ցիցիկյանի, Ժան Տեր-Մերկերյանի, Ռուբեն Ահարոնյանի կատարումները եւ այն, որ այսօր Հայաստանի լարային նվագախումբը մեծ համբավ ունի, եւ այն, որ «Կոմիտասի» քառյակը իր սքանչելի կատարումներով հիացնում է աշխարհի բարձրաճաշակ երաժշտասերներին, ու պատանիների լարային նվագախումբը ելույթներ է ունենում շատ քաղաքներում: Այսօր մենք ունենք հայ ջութակահարների ինքնատիպ մի դպրոց: Այդ դպրոցը ստեղծվել է դարեր շարունակ ու չնայած ջութակի մեր մեծ վարպետները մի ժամանակ ստիպված էին հայրենիքից դուրս, օտար ափերում ապրել ու նվագել, բայց հենց նրանց ջանքերով էր ձեւավորվում այսօրվա հայ ջութակահարների դպրոցը, հայկական կատարողական արվեստը:

Ջութակի պատմության այս հիանալի գիրքը հայ մշակույթի պատմության մի կարեւոր լրացում է, նրա երաժշտական մտածողության յուրատիպ մատուցումը: Հեղինակի աշխատանքը մաս-մաս ամբողջացումն է մեր երաժշտության շատ ուշագրավ մի բնագավառի, որը վաղուց էր սպասում իր գործի նվիրյալինՙ Անահիտ Ցիցիկյանին:


Նկար 1. Ավետ Գաբրիելյան եւ Անահիտ Ցիցիկյան, 1982 թ., Մոսկվա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4