ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-08-30 | #17, 2008-09-13 | #18, 2008-09-27


ՎԵՊՙ ԽՈՐՔԱՅԻՆ ԵՎ ԼԱՅՆԱՀՈՒՆ, ԻՆՉՊԵՍ ԺԱՄԱՆԱԿԻ ԳԵՏԸ

ՎԱԶԳԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Միանգամայն իրապաշտական սկզբունքներով գրված, ավելին` փաստագրականի համոզչականություն ունեցող իր նոր վեպի համար Վահագն Գրիգորյանն ընտրել է խորհրդանշական խորագիր` «Ժամանակի գետը»: Փոխաբերական այս արտահայտությունը, որ հեղինակային խոսքի մեջ, վեպի զանազան էջերում շատ անգամներ է հոլովվում, խորհրդանշում է մեր կյանքի հարահոս ընթացքը` ժամանակների մեջ եւ հատկապես այն ժամանակի, որ մերն է` մեզանից ամենատարեցների տեսածի սահմանագծերով: Այդ ընթացքը, հասկանալի է, բազմաշերտ է եւ ընդգրկուն. հեղինակի հայացքը սակայն սեւեռված է գետի առավել պղտոր հորձանքին` ցեղասպանության հետեւանքներին, առաջին օրվանից առ այսօր, որ գնալով այդպես էլ չի զուլալվում:

Հայ ժողովրդի արեւմտահայ հատվածի` դարասկզբին կրած ողբերգության մասին շատ է գրվել` սկսած 1910-ական թվականներից եւ հետագա բոլոր տասնամյակներում: Ջարդերի ու աքսորի սահմռկեցուցիչ պատմություններից ստեղծվել է եղեռնապատումի մի ամբողջ գրականություն:

Ուրեմն ի՞նչ մտորումներ ու գրգիռներ են մղել Վահագն Գրիգորյանին կրկին գրիչ վերցնելու եւ մտնելու այդ ծանր թեմայի մեջ Եղեռնից 90-93 տարի հետո: Կարելի է չբացառել անշուշտ իր գաղթական ծնողներից վաղուց լսած պատմությունների վերազարթնումը հիշողության պաստառին, կամ արյան հիշողությունը, սակայն գլխավոր դրդիչը իր` ճշմարիտ մտավորականի ու հայ մարդու ներքին անհաշտ, ըմբոստ կեցվածքն է այսօր էլ շարունակվող այն չքմեղության ու բացահայտ կեղծիքի դեմ, որ դրսեւորվում է թուրքական իշխանավորների խոսքի եւ ընդհանրապես թուրքական դիվանագիտության մեջ ու այն տերությունների կեցվածքի, որ զուտ շահամոլական նկատառումներով սատարում են նրանց:

Այդ կեղծիքի դեմ ընդվզումն էր, որ նրան մղեց բեղուն գործունեության` Լիտվայում Մեծ եղեռնի 90-ամյակի միջոցառումների հանձնաժողովում, որպես նրա նախագահ, եւ զուտ անձնական ներդրումները Լիտվայի խորհրդարանի հանձնաժողովի աշխատանքներին, որի արդյունքը եղավ 2005-ի դեկտեմբերյան որոշումը` ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը:

Ահա, խորապես «մխրճված» այս հոգեմաշ նյութի մեջ, իրար կողք կողքի բերելով այն օրերին Թուրքիայում գտնվող օտար դիվանագետների գրառումները` ջարդերի ու աքսորի ահավոր պատկերների նկարագրություններն ու ցեղասպանության` թուրքական իշխանության ծրագրված ու հետեւողականորեն իրագործված քաղաքականության հաստատումները, ինչպես նաեւ այն օրերից առ այսօր թուրքական բոլոր իշխանավորների հայտարարությունները, թե ցեղասպանություն չի եղել, թե Թուրքիայի պես ազնիվ ու բարեսիրտ ազգ գոյություն չունի, Գրիգորյանը գրիչ է վերցրել (իր վկայությամբ 2005-ի հունվարին)` իր խոսքը ասելու վիպական կառույցի մեջ, որն իր ավարտին է հասցրել ճիշտ երեք տարվա ընթացքում: Ու թեեւ հենց այն պատճառով, որ վեպը ստեղծվում էր այն ժամանակ, երբ իր սեղանին կուտակված էին հսկայական թվով վկայություններ` փաստական-վավերագրական նյութ, թուրքական իշխանությունների հարյուրամյա պատմության մեջ «հայկական հարցի» լուծման բացահայտ ու գաղտնի օրենքների հավաքածուն, հեղինակը չի կարողացել խուսափել դրանք անփոփոխ օգտագործելու գայթակղությունից, ավելին` որոշել է վեպի մեջ դրանք քաղվածաբար ներմուծել որպես փաստական վկայություններ` չակերտների մեջ եւ ընդգծված: Ժամանակակից վիպագրության մեջ այդ փորձը կա, այս դեպքում, դրանք ոչ միայն ընդգծում-հաստատում են ասելիքը, այլեւ վիպական պատմությանը հաղորդում են վավերականություն, հետեւաբար` առավել համոզչականություն:

«Ժամանակի գետը» վեպը, վերնագրի իսկ հուշումով, չի ներառում միայն Մեծ եղեռնի այն կարճ ժամանակը (1915-23), որ հիշատակվում է զանազան փաստաթղթերում, «ժամանակի գետը» սկիզբ է առնում ավելի վաղ ժամանակներից եւ հասնում է մինչեւ մեր օրերը: Ավելին` հեղինակը փորձել է մի փոքր հատվածով, առաջ անցնելով, տեսնել գետի հոսանքի ընթացքն ու գունափոխումը 150 տարի հետո:

Ուրեմն վեպը ամբողջության մեջ ոչ թե Մեծ եղեռնի մասին է, այլ ցեղասպանության, որ շարունակվող երեւույթ է: Ավելին` հեղինակի հաստատումով (մի հարցազրույցում), իր «խնդիրը ոչ այնքան ինքնին ցեղասպանությունն է, որքան նրա ճակատագիրը: Մարդու, ազգի էության եւ գոյության խնդիրը: Ներկա դեպքում` դիտված ցեղասպանության ակնոցով: Մեծ եղեռնը փորձաքար է բոլորի համար` թե անհատների, թե հավաքականությունների ու կառավարությունների, որոնք այսպես թե այնպես հարկադրված են վերաբերմունք դրսեւորել Հայոց ցեղասպանության նկատմամբ»: (Տեսՙ «Ազգ-Մշակույթ» , 19 հուլիս, 2008 թ.)

Նկատենք, որ վեպը ծավալի երեք քառորդով ընդգրկում է հերոսների կյանքը Եղեռնից հետո: Ժամանակը` 20-ականներից առ այսօր: Հերոսները` նոր ժամանակի մեջ ու այլ վայրերում` Ֆրանսիա, Հայաստան, Սիբիր, Պոլիս ու գավառներ, Լիտվա: Նոր հերոսներ` առաջինների սերունդները` զավակներ, թոռներ ու ծոռներ: Եվ վեպը հյուսվում է (վեպ է` ուրեմն պատմվում է) նորերի կողմից ու նորերի հայացքով: Ուրեմն այս վեպը նոր խոսք է մեր եղեռնապատումի մեջ` բոլոր այս պայմանների եւ հատկապես գլխավոր հարցադրման` Հայոց ցեղասպանության նկատմամբ դրա հեղինակների ու նրանց սատարողների առ այսօր շարունակվող ցինիկ ստախոսության նկատմամբ ունեցած վերաբերմունքի առումով: Այս վեպը 21-րդ դարի հայ գրողի հիասթափվածությունն է աշխարհից. չէ՞ որ հարցը, որին ստիպված ենք անդրադառնալ առ այսօր, կարող էր «իր լուծումը գտած լինել դեռ Լոզանում», նույնիսկ 1920-ին (Սեւրից հետո), եթե մեծ տերությունները կամենային, մինչդեռ այսօր էլ «շատ ու շատ պետություններ ու քաղաքական գործիչներ» շարունակում են սատարել Թուրքիային, կամ իրենց շահերին ձեռնտու ձեւով շահարկում են Ցեղասպանությունը: Իսկ Թուրքիան շարունակում է չքմեղանալ, ավելին` ստել ու հոխորտալ: Այս գիրքը, ուրեմն ոչ միայն հեղինակի բառերով` «Ոճրագործության ու Ավարառության» մասին է, այլեւ հատկապես` «Սնապարծության, Շահամոլության: Լկտիության ու Անամոթության», որ երիտթուրքերի մենաշնորհը չմնաց, այլ հետեւողականորեն շարունակվեց ու իր ձեւերի մեջ կատարելագործվեց Մուստաֆա Քեմալի ու հաջորդների իշխանության տարիներին:

Այստեղ էլ ասենք, որ մեր վիպագրության մեջ նորություն է Ցեղասպանության հարցի արծարծումը` Հանրապետական Թուրքիայի քաղաքականության, հետեղեռնյան շրջանի թուրք ու թրքահայ կյանքի պատկերման առումով: Վեպի զգալի հատվածներ այդ մասին են: Ըստ էության, եթե առանձնացնենք Հովսեփ Տերգալուստյանի (Յուսուֆ Աղրըօղլի) կյանքի ոդիսականը գավառում ու Ստամբուլում, այդ պատմության հետ առնչվող թուրք (Թայիբ Բայքալ, Սուլեյման, Ֆետհիե հանըմ եւ ուրիշներ) ու հայ (Հակոբ Քեչյան, Ավետիս Քեչյան, Արամ Արարատ) հերոսների կյանքի պատմությունները, Գնելի պոլսական հանդիպումներն ու քաղաքի նկարագրությունները, Հանրապետական Թուրքիայի իշխանությունների` տարբեր տարիների նոր Օրենքներով դեռեւս երկրում (գավառ թե Ստամբուլ) մնացած հայերի նկատմամբ հետեւողական հալածանքների նկարագրությունները, կունենանք մի առանձին վեպ վեպի մեջ: Եվ այս ոչ փոքրիկ վեպը, որ գրված է նույնքան համոզիչ, իսկապես նորություն է մեր վիպագրության մեջ :

Ավելացնենք, որ առանձին, ամբողջական մի վեպ է Մարիամի պատմությունը: Առանձինՙ Գլակի պատմությունը` ծննդից (դեռ նույնիսկ չծնված) մինչեւ մահ` Դեր-Զոր, Հալեպ-Ադանա-Մարսել-Հայաստան-Սիբիր-Երեւան-Ֆրանսիա թափառումների ոդիսականով: Եվ Գնելի` գլխավոր հերոսի կյանքը, անշուշտ: Իսկ ինչո՞վ վեպ չէ Տեր-Գալստյան գերդաստանի (Երեմիա պապից մինչեւ Տարոն) պատմությունը կամ «Սիբիրյան եղեռնի» ժամանակ մի ամբողջ վագոն ցրտահարված աքսորական մեռյալներից միակը հրաշքով կենդանի մնացած Քնարի պատմությունը: Նա, որ ընտանիք է կազմում դեռ մայրական կրծքի տակ` հայրենի Խարբերդից աքսորված Դեր-Զորում ծնված, Մարսելում մեծացած, Հայաստան ներգաղթած եւ Սիբիր աքսորված Գլակի հետ, որին բախտ է վիճակվում տարիներ հետո Երեւան վերադառնալ եւ կրկին Մարսել «աքսորվել»` կնոջ հետ օտար հողում գտնելու իրենց շիրիմը:

Ի դեպ` այս վեպում ասես զուգադրվում են երկու աքսորները` իբրեւ եղեռն` գրեթե նույնական ահավորությամբ, եւ այս երկու աքսորականները` իրենց նույն ճակատագրով: Քնարի ծնողները` հայրենի հողից քշված` Դամասկոսի որբանոցի երկու որբեր, Հայրենիք են վերադարձել ու Սիբիր աքսորվել եւ նույն վագոնում մնացած բոլորի հետ (նաեւ մյուս աղջկա) ցրտահար վախճանվել: Սրանք առանձին վեպեր են, որ միանում, միահյուսվում են իրար` դառնալով մի մեծ վեպ. Տեր-Գալստյան գերդաստանի պատմությունը, որ սկսվում է Տարոն գավառից եւ ցրվում, փոշիանում աշխարհի տարբեր ծայրերում` անընդհատ կորուստներով, սկիզբ առած 1915-ից: Այս պատմությունները բացվում են մեկը մյուսի մեջ, հետընթաց անդրադարձներով հեղինակը ամբողջացնում է կերպարները, եւ վեպը դառնում է միաձույլ ու ամբողջական, ընդգրկուն ու խորքային: Դառնում է իրապես վեպ` ընդգրկման առումով` դասական վեպի չափանիշներով, արտահայտման նորագույն եղանակներով: «Վեպը ինքը կյանքն է» օշականյան բնութագրումով: Հորինված է, բայց համոզիչ է իրականի պես: Ուստի եւ ընթերցողը կարող է իրեն զգալ կենդանի իրականության մեջ, հերոսների կողքին, մտովի կիսել նրանց կամ պատմողի կարծիքները, պատմողի, որ միաժամանակ հերոս է` կերպավորված յուրովի: Սա վեպի գեղարվեստական առանձնահատուկ հնարանքներից մեկն է: Նաեւ բազմաձայնությունը:

Վեպը, մերթընդմերթ, պատմում են` Հեղինակը, որ մեկն է 5-րդ փողոցի բնակիչներից եւ իր տեսածն է պատմում, Մենքը, որ պայմանական «ականատեսի», հավաքական դիտողի կերպարն է, որ կարող է պատմել նաեւ չտեսած վայրերի, անցյալի ու ապագայի մասին, Գնել Տեր- Գալուստյանը, ով վեպի գլխավոր հերոսն է, եւ Տարոնը` 5-րդ փողոցի բնակիչը` համալսարանի ուսանող: Գուցե եւ պատումի այս բազմազանությունը նկատի ունի հեղինակը, երբ ապագայի ընթերցողին ուղղված իր խոսքերը շարադրում է Մենք-ով: Իսկ ապագայում` 2153 թվականի Բրյուսելում, «հայտնված» Գնելից, երբ զրուցակիցը` ֆլամանդացի Ռենեն, որ ընդունել է թրքություն եւ անվանափոխվել Քեմալի, ճշտում է ձեղնահարկի փոշիների մեջ հայտնաբերած նրա գրքի հեղինակի ազգանունը` «Գնե՞լ... Դեռ-կա-լուստ-իա՞ն...», Գնելը պատասխանում` «Դեմ չեմ եւ այդպես կոչվել», ապա` «Գուցե... Տարո՞նը...» հարցին` «Հնարավոր է » եւ գուցե 5-րդ փողոցի բնակիչներից մեկը, «Իսկ գուցե Գրիգորյան է ազգանունս: Ես դրան էլ եմ համաձայն, ի՞նչ տարբերություն»... «-Բացարձակապես ոչ մի...»: «Մենքը» հենց սա է, բազմապատում վեպի հեղինակային «կոլեկտիվը», ավելի ընդհանրական` հայ «Աչքը», ավելի որոշակի` Վահագն Գրիգորյանը` արդի հայ արձակի իրավ վարպետներից մեկը, որ, մտահոգ իր ժողովրդի ճակատագրով, ահա մի նոր նյութի շրջանակում, վիպական նոր կառույցի մեջ, կյանք է արարել, կյանք` լի տառապանքով, մաքառումով, տագնապներով, խնդիրներով, որ ուղղված են այսօրվա ու նաեւ վաղվա ընթերցողին, քանի որ «Ժամանակի գետը» կարծես թե զուլալվելու միտումներ չունի: Նույնիսկ թվում է, թե վեպի վերջում ապագայի նկատմամբ հեղինակը լավատեսորեն չի տրամադրված: Ապագան (2153թ.) պատկերող հատվածում (էջ 479-493) թուրքական դիվանագիտությունը անցյալի ու այսօրվա «փորձով» ու համառությամբ, մտել եւ գլխավորում է Եվրամիությունը եւ որպես բռնի կամ «սիրով» թրքացած եվրոպացիներով կազմված մեծամասնություն` միության մայրաքաղաքը տեղափոխվել է Ստամբուլ, «Եվրամեջլիսն» էլ ընդունել է 301 հայտնի հոդվածը, դպրոցական ծրագրերով` «թուրք եմ` ազնիվ եմ, խելացի, աշխատասեր» ամենօրյա կրկներգն է, չգրված օրենքով` «պետական պաշտոններին կարող են հավակնել միայն թուրքերն ու առնվազն երրորդ սերնդի ազգափոխները»..., ոչ թուրքերին` եվրոպական ազգությունների թրքացածներին մոտիկ չեն թողնում արտաքին ու ներքին քաղաքականությանը եւ այլն: Զավե՞շտ է, թե հեղինակի սրամիտ հեգնանքը. թրքացած ֆլամանդացի Քեմալը ասում է. «Ես դարձի բերեցի ազգայնամոլների մի ամբողջ գաղութ... լատվիացի ձկնորսներին... Ես թրքության գիրկն եմ վերադարձրել հազարավոր իսպանացիների, իտալացիների, շվեդների, լեհերի, չեխերի...»: Էտրուսկներն ո՞վ էին իրականում... թուրք էին, սիրելիս... Դեռ 2007-ին Մեծ պատմաբանը հանդես եկավ այդ համարձակ վարկածով... Ափսոս ժամանակ չկա, թե չէ կտանեի թուրքական մշակույթի 9000-ամյա պատմության ցուցանմուշները դիտելու...»: Իսկ այն հարցին, թե ինչպես է, որ 150 տարի առաջ այդ պատմությունը 7000-ամյա էր, ըստ թուրքերի հիմա` 9000, պատասխանում է. «Դուք կյանքը կարծրացած եք ընկալում... այնքա՜ն հայտանգործություններ են արվել... Մեր պատմաբանները խոստացել են, որ այդ թիվը կհասցնեն 10000-ի: Եվ դա, վստահեցնում եմ, դեռ սահմանը չէ»: Անշուշտ, սահմանը անսահման է. այն սկսվում է յուրացում-սեփականացումից ուրիշի ինչքից, ապա հող, անուն, մշակույթ, պատմություն եւ շարունակվում է...

5-րդ փողոցում Գնելին մի պահ հայտնված ապագայի այս տեսիլը, ուր նա տեղափոխվում է երեւակայական «ժամանակի մեքենայով»: Հասկանալի է` հեղինակի դառը հեգնանքի արտահայտությունն է, որպես ե՛ւ տագնապի դրսեւորում, ե՛ւ զգուշացում այսօրվա Եվրոմիությանն ու աշխարհին` թուրքական կողմնորոշման մեջ կարճատեսության ու նաեւ շահամոլ սատարումի համար:

Թվում է նաեւ, թե վեպի վերջին տողերում` «հունվարյան գիշերվա մթամած երկինքը դանդաղ իջնող տապանաքար է թվում մեզ» պատկերը եւ «երեկվա փորձը տխուր հուշեր է բերում» խոստովանությունը, նաեւ հայության` «Վերադարձ հայրենիք» գաղափարի շուրջ միաձույլ համախմբումը որպես ցանկություն, կարո՞ղ է մեծ, կենսունակ նպատակ դառնալ ինքնահարցադրմանը իր պատասխանը` «Անկեղծ ասած, չգիտենք», անորոշ եւ ոչ լավատեսական հնչերանգ ունեն, սակայն նույն այդ էջում կա հաստատական պատկերը «երկնակամարում վառվող մեր աստղի», որ մեզ «Ճիշտ ուղի է ցույց տալիս: Դեպի Հայրենիք տանող»: Եվ մի բան մենք հաստատ գիտենք` չկան չիրականացող ցանկություններ, եթե հավատ են դառնում, եւ «եթե նպատակդ լույսն է եւ ոչ թե խավարին հարմարվելը, ի վերջո կտեսնես լուսաբացը»:

Ոչ թե վեպի, այլ վիպական գործողությունների ավարտին առաջին անգամ Ֆրանսիայից 5-րդ փողոց (այսինքն Երեւան) Տարոնի հարսանիքին մասնակցելու է գալիս Գնելի աղջիկը` Անին, որ թվում է, թե արդեն «ֆրանսացած» սերունդն է, բայց թե՛ զարմիկներին տեսնելու ցանկությունը, թե՛ Տարոնի հարցի` «Երեւանի՞ տղաներին ես հավանում, թե՞ Փարիզի», «միանգամայն ըմբռնելի եւ շառագունելով» պատասխանում է. «Հոս անանկ կը նային, որ ծունկերդ կը թուլնան»: Ուրեմն դեռ ամեն ինչ կորած չէ:

Եվ վիպական գործողության ամենավերջին պատկերը նույնպես խորհրդանշական է: 2153թ. Բրյուսելից «ժամանակի մեքենայով» Գնելը «հայտնվում է» դարձյալ Երեւանի 5-րդ փողոցում (եւ ոչ թե Փարիզում կամ այլուր): « Եվս մի քիչ եւ արդեն փակ աչքերով էլ կարող եմ շարունակել ճանապարհը: Ես արդեն 5-րդ փողոցում եմ: Մտնում եմ «Հինգերորդ անկյուն», թրմփում նստարանին.

Մնաց, ասա գարեջուր բերեն... Ինչքան կարելի է` սառը.. Մատուցողուհին իրար է անցնում, իսկ Մնացը` խոժոռ նայում է հոնքերի տակից.

Մենք ծանո՞թ ենք...

Ծանոթ ենք, Մնաց, վաղուց...»:

Իսկ այդ «վաղուցը» 2003 թվականն է, եւ այս Մնացը այն օրերի Մնացի նույնանուն շառավիղը: Նշանակում է` 150 տարի հետո էլ հայ կյանքը շարունակվում է 5-րդ փողոցում ու շարունակվելու է տեւականորեն: Կա «Հինգերորդ անկյուն» սրճարանը (իսկ Բրյուսելում հայի սրճարանի ու սրճարանատիրոջ անունն էլ է մոռացվել), կա նրա տերը` դարձյալ Մնաց (այո՛, Մնա՛ց) խորհրդանշական անունով: Իսկ 5-րդ փողոցը` որոշակի վայր Երեւանի կենտրոնում, իր գաղթական ու ոչ գաղթական բնակիչներով, որ մեզ ծանոթ վերնագիր ու փողոցի անուն է Գրիգորյանի` դեռեւս 80-ականներին լույս ընծայած «Ադամամութ» վեպից, պատմվածքներից, «5-րդ փողոց» խորագրով գրքից, խորհրդանշական մի հավաքավայր, հանգրվան է հայ ընտանիքների, հանգուցակետ, որտեղ սկսվում ու ավարտվում են վիպական գործողությունները` հերոսների կյանքի նախորդ էջերի անդրադարձներով: 5-րդ փողոցը խորհրդանիշ տեղավայր է, մի միկրոաշխարհ, որ ընդլայնվում է բնակիչների կենսագրությամբ, դառնում «մակրոաշխարհ»` հայ կյանք: Միեւնույն ժամանակ « 5-րդ փողոցը սոսկ խորհրդանիշ չէ ,- գրել է հեղինակը նույնանուն խորագրով ժողովածուի անոտացիայում, - ոչ էլ պատահական վայր: Վայրը անուն է տալիս մարդկանց, մարդիկ` վայրին էություն եւ առանձին դեպքերի ու ճակատագրի զարգացումով ամբողջանում է փողոցի հավաքական կերպարը նրա մարդկանց ընդհանուր ճակատագրով »: Այս վեպով նորովի հարստանում է 5-րդ փողոցի կերպարը:

«Ժամանակի գետը» արդիական վեպ է` այսօրեական խնդիրներով, հետադարձ հայացքը հերոսների կյանքի անցած ճանապարհին` այսօրվա հարցերի պատասխանների փաստարկումների համար է: Իսկ հարցերը առաջանում են ակամա, երբ առաջ են քաշվում Ցեղասպանության խնդիրը իբրեւ թե լուծելու առաջարկներ` հաշտեցման հանձնաժողովի ստեղծում, պատմաբանների կողմից հարցի քննարկում, ցեղասպանություն բառեզրի փոխարինում ուրիշ բառերով, նախ` սահմանների բացում, ապա` քննարկումներ, հրաժարում բառեզրից ու պահանջատիրությունից, ապա` սահմանների բացում եւ այլն: Վեպի հերոսների երկխոսություններում, հեղինակային խոսքում, բնականաբար հնչում են նմանատիպ հարցադրումներ, եւ սրանց պատասխանը վիպական գործողություններն են, որ սկսվում են 1915-ից եւ շարունակվում Թուրքիայի պատմության հետագա բոլոր տասնամյակներում:

Գնելի եւ Ֆետհիյե հանըմի հանդիպումների ընթացքում, որոնք վեպի ուշագրավ հատվածներից են, հեղինակը վարպետորեն խորանում է հերոսների հոգեբանության մեջ, երկխոսության քաղաքակիրթ սրամարտության ու կարճ դադարներին լռորեն մտածված խոսքերով փորձում է գտնել երկուստեք հուզող պատասխանները: Ի դեպ, այստեղ պատմող հեղինակը ինքնատիպ հնարանքով կերպավորում է նաեւ իրեն, ասելով, թե ինքը անտեսանելի տեղավորվել է այդ նույն սենյակի բազկաթոռին եւ լսում է նրանց խոսակցությունը, իսկ երբ Ֆետհիյեն մոտենում է բազկաթոռին, ինքը տեղափոխվում է գրասեղանի մոտ, որտեղից « պաշտպանյալներս (ես ջանում եմ նրանց հանդեպ հավասարապես արդարամիտ լինել) շահեկանորեն մի հարթության վրա են դիտվում »: Ֆետհիյեն 1915-ի Խարբերդի դեպքերի մասնակից, արդեն 100-ամյա Թայիբ Բայքալի թոռն է, վաթսունյա հաճելի տիկին, արդեն մեծացած զավակների մայր, նոր սերնդի կրթված ներկայացուցիչ, որ հասկանում է Գնելին եւ անցյալի դեպքերը, պարզապես ուզում է, որ մոռանանք անցյալը. ինչ եղել է` եղել է, մոռանանք անհանդուրժողականությունն ու արհամարհանքը. եղել է ողբերգություն, բայց ինչո՞ւ այն «անպայման ցեղասպանություն կոչվի» եւ այլն, եւ այլն: Իսկ Գնելը, կարող է, իհարկե, հասկանալ նրան, բայց` «Թուրքիայի ու նրա հովանավորների` ուժի դիրքերից որդեգրած ուրացումն է խորշանք ու արհամարհանք թելադրում, առավել եւս, որ փորձ է արվում մեզ նույնպես ուրացում պարտադրել...»: Ու դարձյալ զավեշտ է, սիրտ պայթեցնելու չափ անամոթություն (ինչպես չդիմացավ Հովսեփ Տեր-Գալուստյանի սիրտը Բայքալի հեռուստաելույթը լսելուց հետո), որ հայության բացահայտ բնաջնջումից հետո Մուստաֆա Քեմալը կարող էր արդարացնել Եղեռնը իրագործողներին` հայտարարելով, թե` «Մեզ ուղղված բոլոր մեղադրանքներն անհիմն են», յուրացնել ու վայելել այն ամենը, ինչը պատկանում էր 1915-23-ին բնաջնջված հայությանը եւ նոր օրենքներով ու առանց օրենքների շարունակել հալածանքը երկրում դեռ մնացած հայ խլյակների նկատմամբ, հռչակել հանգանակ` «Երանի «ես թուրք եմ» ասողին», որ յուրաքանչյուր թուրք պարտավոր է կրկնել ամեն օր: Եվ ժամանակից թուրք վարչապետը, չմոռանալով Թալեաթի խոսքերը` «Մենք երբեք չենք զղջա», հայտարարում է` «Պատմությունը թուրքից պարզերես ազգ չգիտի»:

Իսկ Ֆաթհիյեն անկեղծանում է` «Տղամարդ եղեք, մինչեւ վերջ տեր կանգեք ձեր դատին... Ձեր պատվի, ձեր ունեցվածքի, ձեր արյան համար դուք իրավունք ունեք պայքարելու... բայց դուք հարվածի տակ եք դնում ձեր ազգը... Հրաժարվեք համազգային պահանջից: Մի մոռացեք. «Արդարությունը հեշտ է վիճարկել, ուժն ակներեւ է ու անվիճելի»: Թուրքիան միայն ուժի լեզուն է հասկանում, իսկ հայերն այդ ուժը չունեն»: Ավելին` որպես նախազգուշացում` «Դուք աքցանի մեջ եք... հարմար պահ մի օր կգա: Չգիտեմ, նոր ցեղասպանություն կլինի, թե չէ, բայց այսօրվա փոքրիկ Հայաստանն էլ չի մնա: Ձեզ կփրկի միայն բարեկամությունը մեզ հետ» :

Գնելը պատասխանում է հայտնի խոսքերով` «Ավելի լավ է կանգնած մեռնել, քան ապրել ծնկաչոք» եւ ապա` «Անցել են այդ ժամանակները: Մերօրյա աշխարհում մեռնում են ծնկաչոք ապրողները» , ապա, դասականներին դիմելով` «Սիրիր թշնամուդ, այդ շուն շան որդուն, օգնիր նրան ավելի լավը դառնալ» : Ինքն, իհարկե, սիրելու մտադրություն չունի, ինքը պարզ ճշմարտությունն է ուզում լսել, 2+2-ի պարզ պատասխանը, իսկ իրենից պահանջում են ասել, թե դառնում է 5: Ջարդեր թուրքերն էլի էին իրագործել, բայց հայը շարունակել էր կրկին շենացնել իր օջախը, իսկ 1915-23-ի դեպքերը ինչպե՞ս ցեղասպանություն չկոչել, երբ ողջ մնացածներն էլ վտարվեցին իրենց տներից: «Ծառն արմատախիլ արվեց, որ նոր շիվեր չարձակի» ... Իսկ ա՞յն, որ մանուկ Հովսեփը թլպատվեց ու բռնի թրքացվեց` Յուսուֆ Աղրըօղլի անունը որպես խարան կրելով իր ներամփոփ կյանքի բոլոր տարիներին, իսկ ա՞յն, որ աղջնակ Արուսյակը լլկվեց` բռնի դառնալով Բայքալի կինը ու մեռավ ծննդաբերության ժամանակ (դեռ չէր հասունացել), իսկ Բայքալն «օրինականորեն» տիրացավ նրանց ամբողջ հարստությանը, իսկ ա՞յն, որ հրաշքով փրկված Մարիամը Դեր-Զորի ճանապարհին ծնված իր որդի Գլակի հետ գերեզման գտավ հեռավոր Մարսելում, իսկ նրա թոռ Գնելը ֆրանսագիր գրող է, որ տարագիրների սերունդներից «շատերը սփյուռքում հայերեն ոչ կարդում են, ոչ խոսում, մի՞թե սա շարունակվող ցեղասպանություն չէ» , «Ոճիրը պիտի կոչվի իր իսկական անունով»:

Այս բոլոր հարցերի պատասխաններն է ճշգրտում Մարիամի թոռ Գնելը` Տեր-Գալուստյանների գրող շառավիղը իր վեպը ստեղծելիս` Փարիզում, Երեւանում, Ստամբուլում, նույնիսկ Լիտվայում: Վեպ` վեպի մեջ, որ այդ վեպի ստեղծման պատմությունն է` շարադրված Վահագն Գրիգորյանի կողմից: Շարադրված վարպետորեն, որ նշանակում է` վիպական ամուր ու ինքնատիպ կառույց, հոգեբանական խոր դիտումներ, մամուլից կատարված մեջբերումների տեղին ներմուծումներ, վիպական միջավայրի` գործողությունների տեղանքի, պատմության ու արդի դիվանագիտության, Թուրքիայի Օրենքների (ինչպես ինքն է հեգնում` միայն մեծատառով), կենցաղի լավ իմացություն եւ հատկապես` պատումի ինքնատիպ, կենսալից լեզու` արեւելահայերենի ու արեւմտահայերենի զուգահեռով, կենդանի երկխոսություններ, հեղինակային խաղացկուն, «հոսուն» խոսք` հաճախ մերված երկխոսությանը (երկխոսություն հեղինակային` երրորդ դեմքով վերաշարադրում), ընթերցողի հետ կապի մեջ մտնող դիմումային ոճ, հեգնանքի ու զավեշտի ոճական հաճախադեպ, փայլուն օգտագործումներ, նուրբ հումոր եւ այլն, որոնք հաստատում են, որ գործ ունենք գեղարվեստական բարձրարժեք մի ստեղծագործության հետ` որպես արդի հայ վիպասանության նոր նվաճում:

Ժամանակակից արձակագիրները, թերեւս նկատի ունենալով մերօրյա ընթերցողի «ընթերցասիրությունն» ու «ժամանակ չունենալու» հանգամանքը, առավելապես գերադասում են գրել փոքրածավալ վեպեր: «Ժամանակի գետը» իր հեղինակին այդ հնարավորությունը չէր կարող տալ, բայց ընթերցողը, «մտնելով» վիպական այս «հորձանքի» մեջ, որ հերոսների ճակատագիրն է, գնալու է մինչեւ վերջ` անձանձրո՛ւյթ, այլեւ սիրո՛վ` շաղկապված հերոսներին, կյանքի բաբախին, մեր ցավին, հեգնանքին ու հավատին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4