ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#16, 2008-08-30 | #17, 2008-09-13 | #18, 2008-09-27


«ԿԵԱՆՔԸ ՆԱՄԱԿԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷՋ»

ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Այսպես է խորագրված գրականագետ, ակադեմիկոս Լեւոն Հախվերդյանի եւ բեյրութահայ մտավորական, հասարակական գործիչ, գրահրատարակիչ Արմեն Հարությունյանի մեկ քառորդդարյա (1981-2004 թթ.) նամակագրությունը: Նամակագրությո՞ւն, ո՜-ոչ. սա հայրենիքի ու սփյուռքի հասարակական-տնտեսական, մշակութային եւ քաղաքական կյանքի համապատկերն է, որն այսուհետ չի՜ կարող շրջանցել ոչ մի տարեգիր ու պատմաբան: Նամակներ, որ սուզում են իրենց խորքը, գերում անզարդ անկեղծությամբ, եւ դու ապրում ես նրա «բնակիչների» (որոնք բնավ էլ երկուսը չեն) կյանքով, հույզ ու խինդով, ալեկոծվում, ընդվզում... Կա՛ դրա համար պատճառ: Միանգամից շեն ու խաղաղ երկիրն ու նրա հայ համայնքը մեղվի փեթակի պես վրդովվեց, շեղվեց հունից եւ պարբերական ռմբահարումներից թշվառության դուռը հասավ. կրեց տնտեսական ու մշակութային ծանր կորուստներ... Ինչպե՛ս կարող է հայ ընթերցողին չհուզել ազգակիցների (միեւնույն էՙ ներսում, թե դրսում) հետ կատարվող ավերմունքը, ազատության ու անկախության խոյանքը, բռնատիրության ճնշումը, վատ հարեւանի արյունալի խուժումները, Սումգայիթը, շրջափակումը, երկրաշարժըՙ իր աղետալի հետեւանքներով, նորընծա երկրի իշխանավորների վայրիվերո, խորթ ու ապազգային քաղաքականությունն իր բոլոր հետեւանքներով...

Զարմանալի չէ՞, որ նամակագիրներից մեկը (Արմենը), Լիբանանի աղետալի վիճակից ընտանյոք աստանդական կացության մատնվելով, նույնիսկ չընդհատեց նամակագրությունը, որ սկսել էր հանդիպում-բանախոսություններով:1997-ին Բեյրութի ու Հալեպի մտավորականության, մանկավարժների ու մշակույթի գործիչների հետ հանդիպումները փոխադարձ սիրո ու բարեկամության այնպիսի կրակ են վառել, որ մարդիկ կարոտել են ու սպասել նոր հանդիպման: Ես, որ վաթսուն տարի գիտեմ բարեկամիսՙ Լեւոնին, գիտեմ նրա անպարագիծ գործունեությունը, այս նամակներում միանգամայն նորահայտ գանձեր եմ գտնում, նոր ուժով հաղորդվում նրա մարդկային հմայքին, նրա դառնուքաղցր խոհերին, հոգու ցավին ու խոյանքին... Ի՜նչ լավ է, որ նրանց մեջ ծագել ու ամրացել է այդ նամակները հրատարակելու գաղափարը եւ ի՛նչ լավ է, որ մի ազնիվ, փայլուն ու ճաշակավոր պատմաբան-բանասեր, որ կոչի Գեւորգ Եազըճյան, հանձն է առել դրանց ուսումնասիրությունըՙ առասպելական թվով (1112) ծանոթագրություններով, կենսագրական տվյալներով, անձնանունների ու տեղանունների ցանկերով հրապարակելը: Շա՛տ մեծ գործ. փառք ու պատիվ իրեն:

Պատկերացրեք. Լեւոն Հախվերդյան, ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, գիտաստեղծագործական-մանկավարժական անհամար զբաղումների այր, եղել է սփյուռքի շատ օջախներում հանդիպումների, բանախոսությունների, ձեռք բերել բազում ծանոթներ ու բարեկամներ, սակայն միմիայն Բեյրութում է գտել այն մարդուն, որի հետ նամակագրական տեւական երկխոսություն է ստեղծել: Առաջին պաշտոնական դիմումները հետո դառնում են մտերմական եւ 1997-ի երկամսյա բանախոսությունների առիթով լինելով Բեյրութումՙ նա վճռում է Հարությունյանների հարկի տակ մնալ:Ասում ենՙ «Նման ըզնմանն գտանէ», իսկ նմանությունները շատ են. սկսած ազգի ճակատագրի մտահոգությունից մինչեւ հայրենիքի ու գրքի սերը, հումորը եւ ամենանրբինըՙ երաժշտասիրությունը: Դժվար է գծել նամակագրական երկխոսության ծիրն ու սահմանը. նոր լույս ընծայված գրքերի եւ մամուլի առաքում, ուշագրավ «գրությունների» (այդպես էր ասում Սարոյանը. այսպես էլ նրանք են գրում), փոխանակում, որոնք իրենց հատուկ բարեխղճությամբ կարդում, գրախոսում են նրանք, ազգի ու մշակույթի համար էական իրադարձությունների իրազեկում, իրենց ոգեւորող սպասումների եւ ապրած հուսախափության մասին սրտալի զրույց: Արմենի նամակներում տագնապ կարՙ կապված Լիբանանի քաղաքական վիճակի հետ, 88-ից հետո Հախվերդյանի նամակները եւս դառնում են տագնապալի. ոչ միայն դրամատիկ, այլ նույնիսկՙ ողբերգական խոհերով:

2000 թ. մայիս: «Կարդում եմ Ֆ. Մարստընի «Հանդիպման վայր», Հայր Կռանյանի «Անապահով օրեր», Կ. Սուրենյանի «Հին պատմություն» եւ Ա. Ծառուկյանի «Ամերիկյան կողմն աշխարհի» գրքերը: Այս վերջինն առաջ անցավ, որովհետեւ ամենագրավիչն է, համով-հոտով: Ի՛նչ փայլուն, խորաթափանց միտք, վերլուծումներ կատարելու, ընդհանրացումներ անելու ի՛նչ կարողություն, չխոսելով հեղեղի պես թափվող սրամտության, հումորի մասին: Ես շատ բան եմ կարդացել Ամերիկայի մասին, բայց այդ բարդ, հակասական, դինամիկ, բազմաշերտ իրականությանՙ այդքան համարձակ ու խորունկ վերլուծության չեմ հանդիպել: Ոչ մի պատմաբան չի կարող հայ սփյուռքի անցած բազմադժվար ուղին ներկայացնել այնպես, ինչպես արել է Ծառուկյանը» :

Մեկ այլ նամակ: «Օտյանի «Հայ դիասփորան» սեղանիս վրա է: Կարդացվում է թեթեւ ու անճիգ, ինչպես ամեն բան, ինչ դուրս է եկել սքանչելի գրողի գրչի տակից»: «Հ. Օշականի հայտագիրը շատ լավն է: Արժանավոր, ահագին վաստակի տեր գրող, բայց իբրեւ արձակագիր, ո՛չ գրադատ: Նրա խրթնաբանությունը դժվար եմ հասկանում: Իմը Ուիթմենն է, Թումանյանը: «Գրականության արեւը պարզությունն է»,- գրում է Ուիթմենը, իսկ Թումանյանըՙ «Արվեստը աչքի պես պարզ պետք է լինի եւ աչքի պես բարդ. ի՛նչ գրադատ, որ բանի տեղ չի դնում Թումանյանին, Իսահակյանին, չի հավանում «Վարդանանքը» եւ Շիրազի պոեզիան: Մարդ այդքան կատեգորի՞կ կլինի» :

2001 թ. մարտ: «Մի իշաբեռ գրականություն (40 գիրք) եմ ստացել Ռոբեր Հատտեճյանից եւ շատ ուրախացել, որովհետեւ առիթ ունեցա հիմա նրան լավ ճանաչելուՙ ահա մի գրող, որ ասելիք ունի եւ այն մատուցում է հումորով, պարզ, անսեթեւեթ ոճով» : Գիտնականին ու մտավորականին աշխարհն է հուզում եւ աշխարհումՙ հանիրավի բռնադատվածների ճակատագիրը: Սերբերն ու Կոսովոն վերքի պես մխում ենՙ ինչպես եւ իր Ղարաբաղը: «Խե՜ղճ սերբեր. ո՞րն է նրանց մեղքը: Նրանց օդաչուները զոհվեցինՙ Հայաստանին օգնություն հասցնելիս... Աշխարհը գնում է դեպի վատթարագույնը: Էլ ի՞նչ հումանիզմ, ի՞նչ բան» :

Հայրենիքում անցնող-դարձող ոչ մի իրադարձություն աչքաթող չի անում:

« Ես ,- գրում է մեկ այլ նամակում, - Հայաստանի իշխանություններին խորհուրդ տվեցիՙ ձեռք չտալ Սարյանի գերբին. հիշո՞ւմ ես ինչ գեղեցիկ էր զույգ Մասիսներով... Իսկ նորըՙ տգեղ մի գազանանոց... »:

Նույնպիսի շիտակությամբ նա արժեքավորում է մաեստրո Լորիս Ճգնավորյանի սիմֆոնիկ համերգները: «Ցուրտումութի տարիներին մարդիկ անվճար լցվում էին մեծ դահլիճ ու ճաշակում գոհարներ: Լորիսը դրական դեր խաղաց պարբերաբար տրվող սիմֆոնիկ համերգներով, կարողացավ ստեղծել սիմֆոնիկի հոծ հասարակություն, որ իզորու չեղան անել ուրիշները» :

Լեւոնն իր բարեկամին գրում է երեւանյան գրական-երաժշտական երեկոների մասին, Հովիկ եղբոր «Մատենադարան» ֆիլմաշարի, տեսաերիզ ուղարկում, իրազեկում Կիմ Բախշիի «Սուրբ Ղազարոսի հայտնությունը» վեպի մասին, որն արդեն ուրիշ լեզուներով է թարգմանվել, Մավյանին, Ծառուկյանին նվիրված գրողների տան երեկոների մասին: Գրում է նաեւ Սիրիայում եղած օրերին Լաթաքիաՙ չքնաղ գավառ, Քեսապ այցելության տպավորությունները եւ հոգու ճիչովՙ «զիմ Կիլիկիա» կոչում... Բազմազբաղ այս մարդը ժամանակ է գտնում ամեն ինչի համար, շարունակում կարդալ բարեկամների ուղարկած բազմաթիվ գրքերն ու մամուլը, իրեն հատուկ բարեխղճությամբ, հետեւողականորեն եւ մասնագիտական խղճով ու անկողմնակալությամբ գրախոսում եւ ամենադժվարըՙ այդ ամենն ուղարկում, տեղ հասցնում մեր խախտված փոստային կապի պայմաններում... Մի ուսանողի, մի երաժշտի, իսկ մշտապեսՙ սփյուռքի ու հայրենիքի կապերն իրականացնող մի օրհնյալ մարդուՙ Ռ. Կոզմոյանի միջոցով, երբեմն ստիպված լինելով կրկնել, քանզի ուղարկվածը տեղ չի հասնում... Այդ ամենի կողքին բարեկամների դրամական օգնությունըՙ հայրենիքի արվեստագետներին ու կարոտյալներին... Հենց միայն Հայբուսակ ինստիտուտի ուսանողուհի Նաթելլա Սիմոնյանի պատմությունը բավական էՙ երկու բարեկամների նկարագիրը հասկանալու համար: 21-ամյա ուսանողուհին, որ ամուսնուն կորցրել է Արցախում եւ փոքրիկ դստերն է խնամում, ուսման վարձը վճարել չկարենալու պատճառով դուրս պիտի մնա: Մամուլում նրա խնդրանքը կարդալուց հետո, Արմենը կորցնում է հանգիստը, հեռաձայնում է Լեւոնին, իսկ վերջինս ուղիներ է փնտրում, հաջողեցնում ուսման վարձից ազատել: Բացի դա Արմենը Նաթելային պարբերաբար դրամ է ուղարկում, իսկ Լեւոնը դրանք տեղ է հասցնում... Դժվար, շատ դժվար է մի հրապարակման մեջ ընդգրկել այս նամակներում եղած անդրադարձները, որոնք հարաբերում են հայրենիք-սփյուռք հասկացության բոլոր հատույթներին ու հանգույցներին. ասենք, որ դրանք, հիրավի, պատմա-ազգա-մշակութային անսրբագրելի արժեքներ ունեն. կարդալ է պետք: Լեւոնի նամակները (վերջինըՙ 2001 թ. մարտի 31) ընդհատվում են 2003-ի փետրվարին, իսկ Սոնայինըՙ 2005-ի փետրվարինՙ նրանց մահով:

Ներկայացնենք նմուշներ մյուս նամակագրիՙ Արմեն Հարույթունյանի նամակներից: Առիթը բաց չի թողնում ասել, որ ինքը գրադատ չէ, բայց դա համեստությունից է. նամակները հակառակն են վկայում: Իրեն հատուկ սեղմության մեջ Հարությունյանն այնպիսի դիպուկ ու պատկերավոր մտքեր է հաղորդում ընթերցած գրքերի ու հոդվածների վերաբերյալ, որ գրավիչ են, հումորով: « Շատ հետաքրքրական է , - գրում է նա, - Ս. Սիմոնյանի հարցազրույցը պ. Կ. Փոլադյանի հետ. Խորենացի ու Շիրակացի կը նույնանան հոն: Ահավասիկ նոր ռումբ մը, որ թերեւս քանդե շատ մը կոշտուկ կապած վարկածներ եւ գաղափարներ »: Մեկ այլ նամակում պարզվում է, որ Հարությունյանն ավելի հեռատես է, քան իրենց գրչի մարդ համարող շատերը: Վարդգես Պետրոսյանի «Կրակե շապիկը» գրքի առիթով գրում է. «Կրակն ուժեղ ըլլալունՙ շապիկն այրեր է: Հարուցած աղմուկը դժոխային է, կրնանք ըսել, երկրաշարժային է: Մարդու խոշորագույն հանցանքն այն է, որ ըսեր է, թե ժամանա՛կն է թուրքին հետ դիալոգի» : Վերստին պարզվում է, որ այս առասպելական ընթերցասերը նույն գիրքը կարդում է 2-3 անգամ, քանզի միշտ նոր արժեքներ է գտնում:

« Վերածանոթացա Սիմոն Սիմոնյանի «Լեռ եւ ճակատագիր» գրքին,- գրում է մի նամակում,- Իսկապես լեռան պես, «քոլոսալ» պիտի ըսեիր, գիրք մը եւ լեռան պես ալ պիտի մնա մեր գրականության մեջ »:

Մեկ այլ նամակից. «Փոփոխության համար ձեռքս առի Հր. Աճառյանի «Կյանքիս հուշերից» գիրքը: Մարդը բարով-խերով մահացած է 1953-ին եւ 14 տարի համբերեր են, որ նման մարդու հուշերը տպեն... Գիրքը լափեցի ափսոսանքով, որ շարունակությունը լույս չէ ընծայված...»: «Մուշեղ Մանուկյանի (հետոՙ Գալշոյան) «Ձորի Միրոն» զորեղ ու քաջ գրություն մըն է, որ ընդհանրություններ ունի Ս. Սիմոնյանի գրականության հետ. քանզի երկուքն ալ սասունցի են» :

  «Աշոտ Մալաքյանի «Մայրիկը» շատ զորավոր ու հարուստ է հայկական զգացումներով» , - գրում է նա, իսկ բարեկամինՙ «Փանջունին» պատրաստած-հրապարակած գրքի առաջաբանում թույլ տրված օտար բառիմաստների համարՙ դիտողություն անելով, գրում է. «Փանջունիի» հրատարակումըՙ ձեր հառաջաբանով մեծ բաց մը կըլեցնե եւ հապաղած տուրքը կտրվի մեծանուն երգիծագրին» :

Արմեն Հարությունյանը հավասար ցավով է ընկալում հայրենիքին եւ սփյուռքահայությանը վիճակված փորձությունները, թեեւ իրեն անպակաս հումորով գունավորում է ամեն ինչ: «Երբ բանաստեղծներու փոխարեն տնտեսագետ ու դիվանագետներ ունենայինք, այսօր ավելի լավ դիրքերու վրա կլինեինք եւ Ձենով Օհանի պես կրնայինք մեր ձայնը տեղեր հասցնել» :

Ամերիկայի ու ամերիկյանի վերաբերյալ Արմենն իր անթեք համոզմունքն ունի, դրա համար էլ Մուրադ որդուն այնտեղ ուսանելու ուղարկելը համարում է «ամենակուլ լավային մեջ ղրկել, ուր ապագան շատ մութ է, բայց հոս ալ շատ լուսավոր չէ» : Զուգահեռներ տեսնելով Ամերիկայի եւ մեր հին Արշակավանի միջեւՙ գրում է. «Չես գիտեր. Սոդոմ-Գոմո՞րն է հին, թե մեր Արշակավանը: Համենայն դեպս շատ ալ տարբերություն չ՛ըներ» : Հախվերդյանին դրվատելով «Տաղանդ եւ բնավորություն» գրքի համարՙ դիտողություն է անումՙ «կարգ մը բառերու եւ ուղղագրության համար» եւ խորհուրդ տալով վերահրատարակելՙ ավելի ծավալուն եւ նկարազարդՙ առաջարկում է իր օգնությունը:

Երկու արժանավոր հայորդիների նամակներից ցոլանում են Բեյրութի ու Հալեպի ընտիր մտավորականների կերպարները, որոնց ճանաչում ու հարգանքով ես լցվում: Լեւոն Վարդան եւ Ժիրայր Դանիելյան, Սիմոն Սիմոնյան եւ Երվանդ Պարսումյան, Վարդգես Ուրիշյան եւ Օննիկ Սարգիսյան, նաեւ ինձ համար առանձնապես թանկՙ թատրոնի նվիրյալներըՙ Պերճ Ֆազլյան, Վարուժան Խըտշյան եւ Գրիգոր Սաթամյան:

Ի տարբերություն ոմանց, Արմեն Հարությունյանը հպարտությամբ է հայտարարում իր այնթապցի լինելը եւ հանգանակություն անելով, Երեւանից հարավՙ Նոր Այնթապում ժանյակի գործարան կառուցելով (1976 թ.) մեծապես նպաստում բնակչության կենսամակարդակի բարելավմանը: Նրա բարձրորակ արտադրանքը մեծ պահանջարկ ուներ ոչ միայն Հայաստանում: Ավաղ, նոր իշխանության եկածները «սեփականաշնորհեցին» չնչին գումարով եւ ամայացրին... Ինչպե՞ս չվրդովվի բնիկ այնթապցին, որ իրենց տարիների ազգասիրական ջանքերով կյանք առած օջախն այդպես կարող է ամայանալ: Չէ՞ որ այդ ամենը ժողովրդի մեջ անվստահություն է առաջացնում, իսկ հավատը շատ դժվար կլինի վերականգնել,- զգուշացնում է նա:

Արմեն Հարությունյանի նամակներից մեկում (ոչ միայն նրան) մտահոգող մի վկայություն կա: 1996-ի Ապրիլի 24-ին մեկնելով Միլանՙ զոհերի հիշատակի ոգեկոչմանը, նա իր խոսքն է ասում եւ զարմանում, որ մյուսներից ոչ ոք հայերեն չի խոսում: Եթե տիկ. Արսլանը իտալերեն է խոսում, քանզի հայերեն չգիտե, ապա ինչո՞ւ Կլոդ Մութաֆյանը եւ Լեւոն Զեքիյանը իտալերեն են խոսում (միայն վերջինը մեկ նախադասություն հայերեն խոսեց): Դժվար չէ հասկանալ պատճառը, բայց այս հայորդին գտնում է, որ պետք է փնտրել առավել ճիշտ ու ողջախոհ ձեւեր:

... Ավարտեցի ընթերցումը, վերընթերցումը, գրեցի գրելիքս, բայց ոչ մի կերպ չեմ կարողանում բաժանվել իմ սիրելիներից: Ի՛նչ տաք է աշխարհըՙ իմ Սոնայով ու Լեւոնով, չեմ ուզում բաժանվել նաեւ Հարությունյաններից, որոնց մասին շատ էինք խոսում Սոնայի հետ...

... Եվ հիշում եմ 1999 թ. նոյեմբերի 8-ին գրողների տանը Անդրանիկ Ծառուկյանի հիշատակին նվիրված երեկոն, ուր Փարիզից եկել էր գրողի այրինՙ Սոնան: Իմ Սոնան շատ էր հուզվում: Լեւոնն անկարող էր անձամբ ներկա լինել, բայց իր խոսքը թելադրել էր Սոնային, ով եւ պիտի կարդար: Հազիվ էր եկել, չէր պատկերացնում, թե ինչպես է ցավող ոտքերով բեմ բարձրանալու: Հանգստացրի. բոլորին էլ օգնում են բեմ բարձրանալ: Եկավ պահը. մի հայացք նետեց ինձ ու գնաց դեպի սանդուխը: Իսկույն մոտեցան ձեռքը բռնեցին, բարձրացավ եւ մոտեցավ ամբիոնին, բացեց թուղթը եւ սկսեց կարդալ դյութիչ հայերենով Լեւոնի հրաշք, թրթռուն ու խելացի խոսքը... Եվ վերջացրեցՙ բոլորիս աչքերը խոնավացել էին...

***

Սիրելիներս, ես չգիտեմ, թե ձեզանից ովքեր կան եւ ովքեր են լքել մեզ ու աշխարհը, բայց այս նամականու շնորհիվ նրանք կապրեն մեր մեջ, ընթերցողների մեջ եւ թող օրհնվեն նրա հեղինակներն ու այս գրքի լույս ընծայողները, որ հրաշալի հայորդիների հոգու կյանքը, հույզերն ու ալեբախումները բերին մեզ ու եկողներին: Շնորհակալություն եւ բարի մաղթանքներ ձեզ եւ ձեր ընտանիքներին, որ հայ մնան եւ հայ պահենՙ որքան հնարավոր է:

Ողջ լերուք:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4