ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ
2008 թվականի ամառը Հալեպի «Կիլիկիա» գրատուն-հրատարակչատունը վերահրատարակել է Երվանդ Օտյանի` հայ գրականագիտությանն ու պատմագիտությանն անհայտ մնացած եւ հույժ կարեւոր « Պօղոս փաշա Նուպար » աշխատությունը: Առաջին հրատարակությունն իրագործել է «Եփրատ գործակալությունը»` Կոստանդնուպոլսի «Արաքս» տպարանից եւ կրում է 1913 թվականի նշումը, այդուհանդերձ, լույս է տեսել նույն տարվա հուլիսի 20-ից հետո, քանի որ գրքի ավարտին կա Պողոս Նուպարի` այդ թվականը կրող մի նամակի թարգմանությունը:
12 x 16.9 սմ չափսի 126 էջ ծավալով հալեպյան վերահրատարակությունն սկսվում է Պողոս Նուպարի թոռնուհու թոռ Տիգրան Ս. Ա. Եկավյանի` Հալեպ, 26 օգոստոս 2006 նշումներն ունեցող «Երկու խօսք»-ով (էջ 3-5): Պողոս Նուպարի կրտսեր որդու` Վահրամի ծոռն իր խոսքի սկզբում հայտնում է, որ 2006թ. ամառը Ստամբուլ գտնված ժամանակ Բեյօղլուի (նախկին հռչակավոր Բերա պողոտան) մի հայ գրավաճառի խանութում է հայտնաբերել հայ մեծանուն գրողի մենագրությունը իր հռչակավոր նախնուն նվիրված: Գրքում նա հայտնաբերել է «նորություններ» եւ «հազվագիւտ մանրամասնութիւններ» իր տոհմի պատմության, Հայկական բարեգործական ընդհանուր միության հիմնադրի եւ Հայ Ազգային պատվիրակության նախագահի կյանքի մասին:
Երվանդ Օտյանի այս նորահայտ երկը չափազանց կարեւոր հայտնագործություն է: Տաղանդավոր երգիծաբանն այս գրքում, ամբողջովին հեռու երգիծանքից, հանդես է բերել կենսագրին բնորոշ հատկություններ` ընթերցողին մատուցելով անհայտ մանրամասնություններ իր գրքի հերոսի եւ նրա տոհմի մասին:
Տասը գլուխներից բաղկացած մենագրության սկզբում հեղինակը ներկայացնում է Պողոս Նուպարի տոհմագրությունը` առավելաբար կանգ առնելով հոր` Եգիպտոսի 19-րդ դարի երկրորդ կեսի պետական մեծ գործիչ Նուպար փաշայի կենսագրության վրա: Գրքի առաջին յոթանասուն էջերում ընթերցողը շատ նյութեր կգտնի Պողոս Նուպարի հարազատների մասին: Այս էջերը նաեւ կարեւոր աղբյուր են ՀԲԸՄի, Եգիպտոսի 19-րդ դարի երկրորդ կեսի ու նույն ժամանակաշրջանի եգիպտահայ գաղթօջախի պատմությունն ուսումնասիրողների համար: Օրինակ, շատերը մեղադրում էին եւ դեռեւս մեղադրում են Պողոս Նուպարին` հայերեն չիմանալու մեջ: Ահա՛ թե այս մասին ինչ է գրում Ե. Օտյանը. «Ասիկա բոլորովին սխալ է. ո՛չ միայն հայերէն գիտէ, այլ նաեւ պոլսեցի շատ մը հայերէն աւելի մաքուր կը խօսի. ասկէ զատ` տանը ընտանեկան լեզուն հայերէնը եղած է միշտ» (էջ 24): Պողոս Նուպարը թեեւ թունդ հակառակ եղած է հեղափոխական գործելակերպին, այդուհանդերձ, «անհատապէս ջանացած է օգտակար ըլլալ այն յեղափոխական երիտասարդներուն, որոնց ուշիմութիւնը գնահատած է: Մասնաւորապէս Զէյթունի երկու «հերոս»ները` Աղասի եւ Ապահ վայելած են իր պաշտպանութիւնը» (էջ 31. մեր կողմից ավելացնենք, որ շնորհիվ Պողոս Նուպարի ավագ որդի Առաքել Նուպարի հովանավորության, Եգիպտոսում լույս են տեսել Ապահի հուշերը Զեյթունի 1896թ. ապստամբության մասին): Պողոս փաշան Եգիպտոսի իր ապարանքում հյուրընկալել է եվրոպացի բազմաթիվ երեւելի գործիչների, այդ թվում` ֆրանսիացի ակադեմական Պիեռ Լոթին եւ խմբագիր ու երբեմնի վարչապետ Ժորժ Քլեմանսոն (էջ 44), թեեւ երկուքն էլ հետագային դավաճանեցին հայկական աղուհացին` էժան գնով վաճառելով հայոց արդար իրավունքները... Օտյան Պողոս Նուպարին հայտարարում է «Եգիպտոսի մեծագույն հողագործ» (էջ 48) եւ նրա նորարարություններից առանձնակի անդրադառնում նրա հղացած շոգեշարժ մեքենական արորին, որը մասնակցել է Փարիզի 1901թ. տիեզերական արվեստահանդեսին` թուրքական բաժնում եւ արժանացել առաջին մրցանակի (էջ 49): Այս կապակցությամբ, հեղինակը մաղթում է , որ «օր մը Պօղոս փաշայի արօրը Հայաստանի անմշակ ու երեսի վրայ մնացած հողերը արդիւնաւորելու ծառայէ» (էջ 50): Օտյանն ի՞նչ իմանար, թե թուրքական տաղավարի պարծանքը հանդիսացած արորը ոչ միայն չէր գործելու Հայաստանի հողում, այլեւ, հայկական քիչ-շատ մշակված հողերն էլ էին անմշակ անապատի վերածվելու ընդամենը 1-2 տարի հետո` «շնորհիվ» թուրքական «հանճարի» ստեղծագործություն-յաթաղանին... Այնուհետեւ Օտյանը գրել է ՀԲԸՄի հիմնադրության եւ նրանում Պողոս Նուպարի առանցքային դերի մասին եւ ընդարձակ մեջբերումներ արել միության 1909 եւ 1911 թվականների ընդհանուր ժողովներում Պողոս Նուպարի ելույթներից (էջ 55-60 եւ էջ 64-66):
Հայ պատմաբանի համար հույժ կարեւոր են հատկապես մենագրության վերջին վաթսուն էջերը, որոնք բովանդակում են Պողոս Նուպարի եւ նրա գլխավորած պատվիրակության` հայկական բարենորոգումները Օսմանյան պետության պարտադրելու նպատակին առնչվող յոթը փաստաթղթեր: Դրանցից մի քանիսը առաջին անգամ լույս են տեսել այս գրքում եւ, ըստ մեր դիտարկումների, առ այսօր անհայտ մնացել հայ պատմագիտությանը: Դրանք այժմեական կարեւոր նշանակություն ունեն` նկատի ունենալով թուրքերի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման ՀՀ իշխանությունների համոզումը: Այդ փաստաթղթերից են Պողոս Նուպարի նամակները ֆրանսիական եւ անգլիական մի քանի ազդեցիկ թերթերի խմբագրություններին` ի պատասխան նրանց հրապարակումների, ինչպես եւ անվանի գործչի ընդարձակ ելույթը Փարիզում Ֆրանսիական Ասիայի կոմիտեի` 1913թ. հունիսի 14-ին կազմակերպած ժողովին, որը զբաղեցնում է ամբողջ 16 էջ (էջ 86-100): Իր ելույթում Պողոս Նուպարը նշում է, թե «Ասիոյ մեր հայրենակիցներուն բախտը կապուած է (Օսմանեան-Գ. Յ.) կայսրութեան բախտին հետ» ու անմիջապես ավելացնում. «Հայերը գիտեն ասիկա եւ ուրիշ բան չեն խնդրեր, այլ` Օսմանցի մնալ, պայմանաւ որ իրենց կեանքը յարգուի, որ իրենց կիներն ու աղջիկները այլեւս չբռնաբարուին, որ իրենց ինչքը այլեւս թալանի չտրուի կամ չյափշտակուի, որ վերջապէս կարենան ապրիլ եւ աշխատիլ խաղաղութեան մէջ: Ա՛յս է Բարենորոգումներու ամբողջ գոյութեան պատճառը» (էջ 90): Պողոս Նուպարը հավատում է թուրքական իշխանությունների բարեփոխված լինելուն, երբ նույն ելույթում հաստատում է. «Թուրք քաղաքական անձնաւորութիւններ, վերջին դէպքերէն (նկատի ունի Պալկանեան առաջին պատերազմը - Գ. Յ.) խրատուած, իրենց հայրենիքի փրկութիւնը միայն բարենորոգումներու գործադրութենէն սպասելով, յստակատեսութիւն ունեցան հասկնալու թէ զանոնք ազդեցիկ ընելու միակ կերպն է (եւրոպական պետութեանց - Գ. Յ.) հակակշիռը: Եւ պատճառներ ունինք հաւատալու թէ իշխանութեան գլուխ գտնուող կուսակցութեան («Իթթիհատ վէ Թէրաքքը» - Գ. Յ.) անդամներուն մէջ, բազմաթիւ եւ կարեւոր անդամներ կան, որոնք նոյնը կը մտածեն եւ միայն ձեւակերպութեանց մասին կը տարբերին մենէ» (էջ 98): Իր ելույթի վերջում, Պողոս Նուպարը համոզում է հայտնում, թե եվրոպական պետությունները, «Թուրքիոյ հետ համաձայն, վերջապէս պիտի լուծեն Հայկական Հարցը» (էջ 100): Իսկ թէ իթթիհատականներն ինչպե՞ս իրագործեցին հայկական «բարենորոգումները» եւ թուրքերի համար ինչպե՞ս լուծեցին Հայկական հարցը` բոլորիս է հայտնի եւ որի հետեւանքները կրում ենք մինչեւ այսօր (հնարավոր է, որ է՛լ ավելի ծանր հետեւանքներ կրենք, եթե դասեր չքաղենք մեր նորագույն պատմության թուրքական բաղադրիչից)...
Լոնդոնի «Թայմզ» թերթի խմբագրությանն ուղղած իր 1913 թ. մայիսի 15-ի բացատրական նամակում, հայ անվանի գործիչը ձեւակերպում է հայկական պահանջները. «...պատգամաւորութիւնը (Ազգային Պատուիրակութիւնը - Գ. Յ.) յանուն հայերու չպահանջէր ո՛չ բաժանում, ո՛չ անկախութիւն, ո՛չ քաղաքական ինքնավարութիւն- ինչ որ ամէնքս ալ հայաբնակ գաւառներու ցեղագրական եւ աշխարհագրական պայմաններուն մէջ ցնորատեսութիւն մը կը նկատենք.- մենք կը պահանջենք միայն Պերլինի Դաշնագրին 61րդ յօդուածովը խոստացուած բարենորոգումները, որոնք Կ. Պոլսոյ Պետութեանց դեսպաններուն կողմէ ծրագրով մը բանաձեւուած են, 1895 Մայիս 11ի յիշատակագրին մէջ» (էջ 103):
Գրքում Երվանդ Օտյանը թարգմանաբար ներկայացրել է նաեւ «Լ,Օմ լիբրը» թերթի խմբագիր Ժորժ Քլեմանսոյի «Հայաստանի ջարդերէն ետքը» յօդուածը, ուր ֆրանսիացի գործիչը վերլուծում է թուրքերի հակահայկական քաղաքականութեան տնտեսական բովանդակությունը. «Թուրք խուժանին մեծ ատելութիւնը հայերուն դէմ այն է, որ այս վերջինները իրմէ աւելի ձեռներէց եւ յանդուգն են գործի մէջ եւ աւելի ճարպիկ ու խելացի` առեւտուրի մէջ: Այն մարդուն համար, որ զէնքին ուժովը ինքզինք գերագոյն հռչակած է, շատ դժնդակ բան մըն է տեսնալ, որ նուաճեալը յաջող գործունէութեամբ մը կը զարգանայ, կը հարստանայ, իր ընկերային կացութիւնը կը բարգաւաճէ, մինչդեռ ենթադրեալ տէրը, ցնցոտիներ հագած կը հետեւի իր նառկիլէի ծուխին» (էջ 115-116): Քլեմանսո իր հոդվածն ավարտում է մի համոզում-եզրակացությամբ. «Հայերուն լաւագոյն բախտաւորութիւնը այն է, թէ Պաղտատի երկաթուղին իրենց երկրէն կ,անցնի եւ առանց վերջնական խաղաղացումի վաճառականութիւնը պիտի վտանգուի: Թո՛ղ որ հայերը ապահով ըլլան, քիչ ատենէն Եւրոպա շահ պիտի ունենայ որպէսզի իրենք այլեւս չջարդուին» (էջ 120): Հանուն Եվրոպայի շահերի հայերի «ապահովությունն» արժեց մեկուկես միլիոն կյանք եւ հայոց հայրենիքի մեծագույն մասի կորուստ...
Վերահրատարակության արժեքն զգալիորեն բարձրացնում են էջատակի ծանոթագրությունները, որոնց հեղինակի ինքնությունը հստակ չէ (ենթադրում ենք, որ Տիգրան Ս. Ա. Եկավյանն է): Այս բազմատասնյակ ծանոթագրությունները արդյունք են անխոնջ աշխատասիրության, քանի որ ընդգրկում են ոչ միայն հայազգի դեմքեր, այլեւ եվրոպացիներ, եվրոպական մամուլի օրգաններ եւ այլն:
Գրքում առանձին էջերով լույս տեսած` Նուպար եւ ազգակից տոհմերի անդամների, հայ ու եվրոպացի գործիչների բազմաթիվ լուսանկարներն է՛լ ավելի են մեծացնում մենագրության արժեքը:
Վերահրատարակության մեջ տեղ են գտել մուտքագրման սխալներ: Օրինակ, 1846թ. Եգիպտոսի փոխարքա է նշվում Աբբասը (էջ 10), մինչդեռ հաջորդ տողում ճիշտ է նշվել նրա գահակալման սկզբի տարեթիվը` 1849, էջ 54-ի էջատակում կորել են երեք ծանոթագրություններ, հանդիպում ենք մայիսի 32-ի (էջ 55, հավանաբար պետք է լիներ 23): Ծանոթագրություններում եւս կան թվականների եւ տեղեկությունների որոշակի թերիներ: Այսպես, շարադրանքում 1912 թվականին հիշատակվող Ամենայն Հայոց կաթողիկոսի ծանոթագրությունը (էջ 13) վերաբերում է Մատթեոս Բ Իզմիրլյանին, մինչդեռ այդ թվականին Գեւորգ Ե Սուրենյանցն էր գահակալում Մայր Աթոռում, հայտնապես սխալ է նշվել Եգիպտոսի 20-րդ դարի սկզբի վարչապետներից Մուստաֆա փաշա Ֆեհմիի պաշտոնավարման ժամանակաշրջանը` 1805-1809թթ. (էջ 38), 1913թ. ապրիլին հիշատակվող` Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Է. (Էդուարդ) Գրեյը էջատակի ծանոթագրության մեջ շփոթվել է 1764-1845թթ. ապրած Մեծ Բրիտանիայի վարչապետ սըր Ըրլ Գրեյի հետ (էջ 121): Փոխանակ «աների», գործածվել է համատարած սխալ դարձած «աներհայր» բառը (էջ 20):
Այս թերիները երբեք չեն նսեմացնում Երվանդ Օտյանի հեղինակած այս կենսագրության եւ նրան կցված ծանոթագրությունների պատմաբանասիրական մեծ արժեքը:
Գիրքն ընթերցվում է մեծ հետաքրքրությամբ: