Նորայր Ադալյանի «Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը
ՆՈՐԱՅՐ ՂԱԶԱՐՅԱՆ
Նորայր Ադալյանի « Սեւ քառակուսի կարմիր անապատում » վեպում հեղինակը ոչ թե խոսում է անցյալի, այլ ներկայի հետ եւ բացում իր հոգու այն էջերը, որոնցում ասես «տեսագրված» է Եղեռնը: Արյան հիշողության առարկայականություն` այս տեսանկյունով է գրողը ինքնաստուգում կատարում:
Ն. Ադալյանը կարող է հոր` երզնկացի Մարտիրոսի աչքերով տեսնել ու տեսածը պատմել, մասնակից լինել «կարմիր անապատի սեւ քառակուսու» անցուդարձին, քարավանի 178 մարդկանցից մեկը լինել:
Թումանյանն է մեր ժողովրդին համեմատել Ճամփա ընկած քարավանի հետ: Քարավանի ճամփան դրամատիկ իրադարձությունների հրապարակ է: Այստեղ ընկածների թիվը ճիշտ ու ճիշտ է: Ն. Ադալյանը Եղիշեի օրինակով տալիս է ընկածների անունները: Հարություն` անուն առ անուն. ահա նպատակը:
Գրողը Երզնկայի պատումը վաղ էր արել («Կապույտ Երզնկա»), տուրք տվել կարոտի գրականությանը, սակայն նոր վեպում փոխում է պատումի նպատակը: Նա մտովի չի գնում Երզնկա, ժամանակների հեռվից չի խոսում ինքն իր եւ ծննդավայրի հետ: Ադալյանը վերապրում է Եղեռնը, որքանով Եղեռնը ապրում է իր մեջ: Գրողի հոգում սեւը, ծուխը, ճիչը, մահը այն օրերինն են:
Վիպասանը օգտագործում է Եղիշեի պատմության, «Սասնա ծռեր» էպոսի, Աբովյանի, Րաֆֆու վեպերի պատումներին առնչակցող ձեւեր, ընթերցողի համար ճշտելով իր ստեղծագործության գաղափարական սահմանները, փորձելով հաստատել պատմական արժեքները: Նա ընթերցողին շրջագայության է տանում Արեւմտյան Հայաստանով մեկ: Նպատակը թե՛ պատմական աշխարհագրության «դասերն» են, եւ թե՛ կոտորածի, զուլումի պատկերումը:
«Սեւ քառակուսի կարմիր անապատում» վեպը դրվագային է: Դաժան ճակատագիրն է միահյուսում դրվագները:
Վեպում իր տեղն ունի նաեւ հերոսական-ասքայինը: Հեղինակն, այնուամենայնիվ, կենտրոնացած է եղեռնապատումի վրա, ցանկանալով ներկայացնել Եղեռնը` հակագոյաբանական իր ողջ սարսափով: Կյանքը դադարում է նաեւ ապրող մարդու ներսում: Հիշենք տիկին Սիրունյանի խոսքերը` «Քար կուզեմ ըլլալ, չորացած ծառ մը կուզեմ ըլլալ, վախճան, վերջավորություն»:
Վեպի գաղափարը ծավալվում է հակագոյաբանական մութ ուժի շուրջ:
Մուրադի տան վրա հարձակված թուրքերը բարձրաձայն հղանում են սպանելու` նախամարդուն բնորոշ ձեւեր: «Մի՞թե ունայնության համար ստեղծեցիր մարդուց բոլոր որդիները»: Հեղինակն է պատասխանում` այո: Տեղահանված, մահ տեսած հայը ունայնության համար է ստեղծվել, որքան էլ ճիգ ու ջանք թափի գոյությունը շարունակելու համար:
Դա չեն վկայում աչքերի ու սրտի վրա չոր աղ նետելու, ճզմված բուի վերստին թռիչքի եւ այլ պատկերները:
Աստծու մեջ մեռնում է ստեղծումը: Դրախտի գետը փոխվում է դժոխքի գետի: Մինչեւ Արաքսի ափ անցնելը քարավանն անցնում է զոհասեղանի վրայով: Երզնկան չիջավ զոհասեղանից, նրա հետ` ողջ Արեւմտահայաստանը: Երզնկայի պատկերը իր որդիներին ետ, դեպի իրեն էր կանչում:
Քաղաքի վերջին պատկերի դիմաց դեպի ծննդավայր շրջվեցին Փառանձեմ տուտուն, խահվեճի Արամը` իր ընտանիքով, Սիմոն Տեր-Մարուքյանը, Արտավազդ Հովեյանը` թոռան հետ, Սիրարփին, Ենոքը, Աննա ու Սոֆի քույրերը եւ էլի ուրիշներ: Նրանք դուրս են գալիս Նոյ նահապետի տապանից եւ ընդունում ջրհեղեղը:
Հետո, երբ քարավանը առաջ էր գնացել, Հեթումն է խնդրում` «Ինձ տարեք իմ քաղաքը» (նախընտրելի է ծննդավայրում մեռնելը): Չուքուրյան Կարապետ աղան ավելի ուշ է վերադառնում («Կուզեմ մերիններուն ոգիին քով ըլլալ»): Ետ դարձի էպիկական թելը չի կտրվում: Ոսկե ձին է գնում, վերադառնում: Քարավանը տեղ հասցնելուն պես` Մգրոն: Վերադարձը նաեւ Ներսես Ալթունյանի մտքում էր:
Վերադարձողները քաշվում են բուն էպիկականության տարածք:
Վեպի կառուցվածքում էական տեղ ունեն խորհրդանշանները, հատկապես Բրաբիոն ծաղիկը: Բրաբիոնը տեսել է Արաբոն, պատմել Աղբյուր Սերոբին, նա` Գեւորգ Չաուշին, Չաուշը` Քեռիին, սա էլ` Անդրանիկին, Անդրանիկը` Մուրադին...
Մենք հանդիպում ենք էպոսի փոխանցական գծին:
«Սեւ քառակուսի» եւ «կարմիր անապատ» կապակցությունները սոսկական համադրություններ չեն: Պատմական հիշողությունը սեղմվում է սեւ քառակուսու մեջ: Այստեղ են մնում Երզնկան, Բիթլիսը, Ալաշկերտը, Սեբաստիան, Դիարբեքիրը..., մեր պատմական աշխարհագրությունը: Երկրաչափական պատկերը կնքում է ճանապարհ ու ճակատագիր: Ազգի տոհմածառը («Հազար մարդ ձեռք-ձեռքի տված չէր կարող գրկել նրա բունը»), ներկայացվում է «կայծակնահար», «մնացել էր ահռելի, կանգուն, անթաղ կմախքը»:
Գրողը մեր ժամանակի պատվիրակն է «կարմիր անապատում»: Նա է խոսում գաղափարական վեպի բոլոր հերոսների միջոցով: Գերիշխում են անհատականացված խոսքն ու մտորումը: Սակայն, ըստ հեղինակի, մեկ անձն էլ ժողովուրդ է, ուստի մեկի խոսքն էլ բազմաձայնական է:
Ն. Ադալյանին հաջողվում է հաղթահարել ժամանակի հեռավորությունը եւ «կարմիր անապատում» տեսնել Եղեռնը: Նա կանգնում է կոտորածի գրիչների շարքում: Կարծես նա տարեգրում է հընթացս (Եղիշեի պատմության պոետիկան դրա արդյունքն է):
Քարավանը հասնում է փրկության հանգրվան, բայց չի ցավազրկվում: Ցեղասպանության չափումները անփոփոխ են:
Վեպում հանդիպում ենք մի անեծքի. «Յոթ տարի, յոթ դար, յոթ հազարամյակ քոռ նստիս, գորշ գայլ, դու ու քո ծնողները, դու ու քո եղբայրները, դու ու քո արյունակիցները, դու ու քո ազգուտակերը, քոռ, քոռ նստիք, մինչ աշխարհի վերջ...»: Անեծքով մենք դեմ ենք առնում միֆամտածողության արքետիպային շերտին:
Մյուս կողմից` ասես Եղիշեն անուն առ անուն հաշվել է տալիս ընկածներին:
Վեպում անցկացվում են կանխատեսական ներքնատեսական չափումներ: Սուսանի դեռ չծնված որդու ինչ դառնալու վերաբերյալ խոսակցությունն արդեն կանխատեսական է: Սուսանը վճռում է.
- Աստծո կամոք ֆիդայի թող դառնա...
Մայրը դեմ է «չոջուխի» բանաստեղծ ըլլալուն, որովհետեւ «թուրքը բանաստեղծներուն մոլեռանդ ատելությամբ կվերաբերի, քարով կջախջախե անոնց պայծառ գլուխները»: Հասարակ զրույցը բնավորությունների քնարական եւ էպիկական գծերի բացահայտման ամենալավ միջոցն է: Կերպարը ներկայանում է նույնիսկ մեկ առարկայի առկայությամբ: Մամփրեն քարավանի մեջ մանգաղը ձեռքին է: Գործիքը կերպարի էպիկական հենարանն է: Մանգաղը եւ էպոսի գութանը նույնական են, թեեւ մանգաղը նաեւ զենք է գործածվում:
Վեպում կերտված են կանանց փխրուն ու նաեւ ասքային հատկանիշներով աչքի ընկնող կերպարներ (Մուրադի կինը): Սեւ բուի ժամանակներում կինը իրենով աշխարհի չարը մեղմելու մղում ունի:
Սուսանը նամակներ է գրում ֆիդայի ամուսնուն եւ պահում ծոցում:
«Սեւ քառակուսում» քնարականը սեւ քնարական է:
Փրկվելուց հետո ինչ անել. ամեն մեկը տալիս է իր պատասխանըՙ ասես չհավատալով հնարավոր հարությանը: Անմարդկային տառապանքը ջնջել է աշխարհի հետ կապերը: Երզնկացու համար ծննդավայրից տեղահանությունը տեղահանություն է երկրի երեսից:
«Կապրե՞նք արդյոք». Ալթունյանն իրեն նման հարց տալու իրավունք չի վերապահում, քանի որ ժամանակը կիսված է Աստծո եւ բվի միջեւ: Երզնկան վերջինիս է հանձնված: Երզնկացիները նույնպես:
Բուն ժամանակի սլաքը միայնակ է առաջ տանում` «սուզված իր չարագուշակ կռնչյունի, գիշերային հոգու, մութ աչքերի, քար լռության դավադիր զգացման ճահիճը»: Բուն քարավանին ուղեկցող գիշերային ժամանակն է:
Վեպի ավարտական մասում կրկնվում է «Ավարայրի ցուցակը»` «Լեւոնը մեռած էր, Կարոն մեռած էր, Հաբեթը վիրավոր շարունակում էր կռվել»:
Փրկության դռնից անցնելիս տրվում են մնացորդաց անունները: Մտից մատյանում գրառվածների թվում է գաղթական ձին, որը, սակայն, բռնում է ելից ճանապարհը: Կորուսյալ երկրում հայտնվում է որպես ոսկե ձի: Ամեն ինչ մնում է բուի կեռ կտուցից կախված նժարին: Հայոց Եղեռնի հիշատակարանը փակվել չի կարող. շարունակվում է: Նորայր Ադալյանը իր արյան մեջ արթուն Եղեռնն է պատկերել եւ հայտնաբերել բուի նժարը:
Երկիր Նաիրի-Երզնկան «կարմիր անապատի սեւ շրջանակում» վերջացած աղոթք է: Այս վեպը հիշեցնում է բուի ժամանակից դուրս աղոթքը: