ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Ձեր գործերը լույսի խուրձ են, որ տեսանելի են դարձնում գեղեցկություն ու արժանիքն այն մարդկանց ու այն աշխարհի, ուր նրանք ապրում են: Ձեր նկարները հագեցնում են բոլոր նրանց հոգին ու միտքը, ովքեր ընդունակ են ընկալել դրանք: Ձեր կտավները հիացնում ու սեր են հարուցում կյանքի պարզ ու անկեղծ երեւույթների հանդեպ, հողի, առվակի, քարերի, լույսի, բույսերի, ծառերի, ցորենի, մրգերի, ջրի, գինու, բուն ճշմարիտի նկատմամբ:
Ի՜նչ երջանիկ ենք, որ ունենք Ձեզ, Ձեր աչքերը, Ձեր ձեռքերը, Ձեր բարեպաշտ հոգին, Ձեր արվեստը»:
Վ. Սարոյան
1979-ին Երեւան ժամանեց ֆրանսիական ազգային մշակութային Պոմպիդու կենտրոնի գլխավոր տնօրեն պրն. Միլլեն: Առիթ ունեցա նրան ուղեկցելու պատմական հուշարձաններ եւ թանգարաններ: Հրաժեշտի պահին կրկին հայտնեցի իմ երազանքըՙ Սարյանի ծննդյան 100-ամյակի առնչությամբ ցուցահանդես կազմակերպել Պոմպիդու կենտրոնում: Նա հիշեց, որ իրենց մոտ կազմակերպված «Փարիզ-Մոսկվա» ցուցահանդեսում ներկայացված է Սարյանի չորս նկար եւ ասաց. «Մեր ֆինանասական դրությունը այժմ ծանր է, բայց խոսք եմ տալիս, որ խնդրանքդ, թեեւ ոչ մեծ ծավալի, անպայման կիրականանա...»:
Փարիզում, ցուցահանդեսի բացումից մի քանի օր անց երջանիկ պատեհություն ունեցա հանդիպելու Վիլյամ Սարոյանի հետ: Նա ցուցասրահ մտավ Կարիկ Պասմաջյանի հետ եւ տեսնելով պատերի տակ նստած երիտասարդներին, հարցրեց. ինչու՞ եք այդպես նստած: Երիտասարդները պատասխանեցին.- այս նկարների տաք լույսը շատ հաճելի է... Սարոյանն ուրախացած ասաց. մենք ոտքի վրա ավելի ուժեղ կտեսնենք այդ լույսը...
Եկավ Գառզուն: Սարոյանի հետ նրանք սկսեցին դիտել նկարները: Եկան եւ ուրիշներՙ Կենտրոնի թանգարանային բաժնի տնօրեն պրն. Հյուլտենը, մի փոքր էլ ուշՙ ռուս հայտնի բանաստեղծ Ռոժդեստվենսկին... Սարյանի եւ Կանդինսկու ցուցահանդեսները միասին դիտելուց հետո Գառզուն հրավիրեց բոլորին հանդիպելու երեկոյան...
Եղավ մի պահ, որ Սարոյանի հետ փողոցում առանձին էինք: Որեւէ գրությամբ հանդես գալու իմ առաջարկին, նա պատասխանեց: - Կարեւոր, եղած բան մը եթե հիշեմ, կըլլա...
Հաջորդ առավոտյան ցուցահանդեսի դահլիճում կանգնած էի, երբ հանկարծ լսեցի Սարոյանի բարձր ձայնը, - Շահա՜ն, Շահա՜ն, ինծի ներս չեն ձգեր: Վազեցի դեպի դուռը: Տոմս չէր վերցրել եւ երրորդ հարկի մուտքից ներս չէին թողնում: Երբ մտանք ցուցասրահ, Սարոյանը գրպանից հանեց մի թերթ, երկու էջերն էլ շատ խիտ մեքենագրված, ապա ասաց. - Գիշերը հիշեցի, 1935-ին, երբ Բաթումեն նավ նստա Օդեսա երթալու համար, սկսա նայիլ ինծի նվիրված գիրք մը: Հայկական հեքիաթներ էին, շատ գեղեցիկ իլյուստրացիաներով: Ատոնք Սարյանի գծածներեն էին... Առտուն կանուխ ելա ու գրեցի: Քանի մը օր հետո կտպվի «Ինտերնեյշընըլ հերալդ թրիբյունի» մեջ: Ասիկա ալ քեզի կնվիրեմ,- եւ էջի մի փոքր բաց մնացած տեղում ասածը ձեռագրով նշեց...
Մեր հանդիպումները կրկնվեցին: Մի օր քայլեցինք դեպի փարիզյան իր բնակարանը: Փողոցում մի արհեստանոց մտանք: - «Աս մարդը կտեսնա՞ս, -հանկարծ պոռթկաց Սարոյանը, - դերձակ է, իմ ալ մոտիկ բարեկամս է: Միշտ կգործե: Գործող մարդը բարի սիրտ կունենա... Ատկե լավ բան ու՞ր կրնաս գտնալ...:
- Ամեն տարի, քանի մը ամիս ես հոս կանցնեմ: Փարիզի աս փողոցները կարծես խոշոր տունի մը բակ ըլլան: Դուրս կելլաս եւ բոլորին կտեսնաս, բոլորն ալՙ իրարու մոտիկ են, իրար բարեկամ, բոլորի բերաններունՙ «փարդոն», «մերսի» եւ երեսներուն ալՙ միշտ ժպիտ: Ատիկա կուգա Փարիզի սիրտեն եւ կնշանակե զիրար հարգել, զիրար սիրել: Ով չուզեր աշխարհը ատանք տեսնալ...
Մի առիթով էլ հարց տվի, թե Սարյանը ձեզ երկու անգամ է նկարած, մեկը տխուր դեմքով, մյուսն ալ հպարտ: Տխուր դեմքովը իրեն է պահած, իսկ մյուսըՙ կարծեմ ձեզի է նվիրած: - Ո՛չ, ո՛չ, միանգամից ասաց, ինծի Արարատ մը նվիրած է, անանկ Արարատ մը, որուն վիզեն կարծես ապարանջան կախված է: Նկարը Սան-Ֆրանցիսկոի տունս կպահեմ, ատիկա իմ ապարանջանս է...
Կարճ ժամանակ անց Սարոյանը անսպասելի վախճանվեց: Երբ Լոս Անջելեսում էի, ուզեցի անպայման գնալ Սան-Ֆրանցիսկո: Մեծանուն գրողի զարմուհինՙ Ժակլին Ղազարյանը ընդառաջեց խնդրանքիս եւ թույլ տվեց լուսանկարելու Սարոյանին նվիրած Սարյանի «Ապարանջանը»...
Նկար 1. Սարոյանը Սարյանի ցուցահանդեսում, Փարիզ, 1980 թ. (Լուսանկարըՙ Շ. Խաչատրյանի)
Նկար 2. Մ. Սարյան. «Վ. Սարոյանի դիմանկարը», 1960 թ.
Նկար 3. Ժակլին Ղազարյանը եւ Սարյանի կտավը: