Ընթերցողին ենք ներկայացնում հատվածներ 2000 թվականին մեր թերթում լույս տեսած Վիլյամ Սարոյանի «Մարտիրոս Սարյան» հոդվածից: Թարգմանությունըՙ Կարպիս Սուրենյանի:
Մարտիրոս Սարյանի ստեղծագործության գրեթե հինգ տասնյակ նմուշների հոյակապ ցուցահանդես է բացված այժմ Պոմպիդու կենտրոնումՙ ներշնչյալ մարդկանց համար լրացուցիչ կրթության այդ փառավոր դպրոցում, որ արեւմտյան աշխարհի մեր մշակութային սիրելի կենտրոնն է: Գնացեք ու ինքներդ տեսեք, թե ինչպես մի մարդ, հավատարիմ ու բերկրալի նվիրումով իր գործին, իր արհեստին, իր կոչումին, կարող է իմանալիորեն բացահայտել իր պայծառ հոգին, ձեր իսկ պայծառ հոգին ու պայծառ հոգին բոլոր վերապրողների, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր գոնե բախտավոր են եղել այնքան, որ չեն կրել որեւէ կարգի բնաջնջման ենթարկվելու փորձությունըՙ լինի հավաքականորեն, լինի անհատապես:
Երբ 1935-ի մայիսին Երեւան գնացի, Մարտիրոս Սարյանը հիսունհինգ տարեկան էր, իսկ ես, նման ազգանունովՙ Սարոյան, քսանութ տարով փոքր էի իրենից, բայց բնավ չգիտեի նրա մասին, ինչպես Հայաստանում ոչ ոքի մասին չգիտեի առհասարակ ու հենց դրա համար էլ, անշուշտ, գնացի այնտեղ առաջին իսկ դրամով, որ վաստակել էի որպես գրող:
Ուզում էի տեսնել երկիրը, իմ հոր ու իմ նախնիների բնաշխարհը եւ շնչել այն օդը, որ մենք բոլորս շնչել ենք դարերով:
Ճիշտ այնպես, ինչպես բոլոր ժողովուրդները մարդկային ցեղի, հայերը սերտ կապված են իրենց հողին, իրենց աշխարհագրությանը, իրենց չշնչած օդին եւ բոլոր այն բաներին, որ կազմում են patrie-ի, ինչպես ֆրանսիացիներն են ասում, այսինքն հայրենիքի յուրահատուկ ճշմարտությունը: Հրճվում էի քայլելով աշխարհի մի քաղաքում, ուր բոլորը հայ էին: Հանդիպած ամեն մի անձի դեմքը ինձ թվում էր մի առեղծվածի, մի հանելուկի, մի ճշմարտազանցության ցուցադրումն է կարծես. յուրաքանչյուր դեմք շատ էլ կարող էր որեւէ ոչ հայի պատկանել, եւ սակայն յուրաքանչյուր դեմքի մեջ կար մի բան, որ շատ էլ պարզ ասում էր. «Ահա տե՛ս, մի հայ է, որ դեռ ողջ է, դեռ այստեղ էՙ մարդկային աշխարհի մեր այս քարքարոտ անկյունում»:
Ու հետո հաջորդ բանը եղավ այն, որ ես նստած էի նրա արվեստանոցում Երեւանի սրտի մոտ, եւ 1960 թվականն էր, ու նա ութսուն տարեկան էր, եսՙ հիսուներկու: Նա իմ դիմանկարն էր անում, եւ ես ջանում էի օգնել նրան, չընդունելով անշարժ դեմք, հանգիստ արտահայտություն, լուռ դիմակ, այլ իմ սովորական անզոր ոգեւորությունը հայտնելով մեր վերապրելու մասին:
Գուրգեն Մահարին ինձ ասաց, որ անցյալ օրը քեզ տեսել է Մոսկվայում, եւ դու մի խոշոր բեղ ես ունեցել, -ասաց նա: -Սպասում էի, որ տեսնեմ այդ բեղը... ու՞ր է:
Ստիպվեցի խոստովանել, որ կարճացրել եմ բեղս Մոսկվայից թռչելուց առաջ: Ունայնամտությունից էի արել այդ բանըՙ հուսալով, որ հիսուներկու տարեկան հասակի հետ կարճ բեղը, խոսք է, ավելի լավ կգնա: Շատ չշեշտելու համար այս կետն ասեմ, որ խոշոր բեղը կարճացրել էի այնքան, ինչքան ինձ թվում էր, ընդունելի կլինի Հայաստանի հայերի աչքին, ինչպես ուրիշ որեւէ մեկին էլ, որ ինձ կարող էր տեսնել հարեւանցիորեն:
Երեւանում արկածամահ լինելուց մի քանի տարի առաջ Մինաս Ավետիսյանը, իր տանն ու արվեստանոցում ողբերգական հրդեհի հետեւանքով, հանկարծ իրեն խաբված զգաց, իր ավելի քան քսան տարիների ստեղծագործության մեծ մասը կողոպտված: Ծերունի վարպետն իր ներկերը տվեց նրան ու ասաց.
- Մինաս, շարունակիր աշխատել, մի՛ վհատվիր:
Եվ կրտսեր նկարիչը շուտով կրկին ստեղծեց նույնքան նկարներ, որքան հրդեհն էր կորզել, եւ ավելին էլ արեց, ու թեպետ կորցրած նկարները կորան ընդմիշտ, դրանց տեղ ստեղծածները, ինչ խոսք, ավելի ուժեղ են նույնիսկ: Եթե չլիներ հրդեհը, եթե Մարտիրոս Սարյանը չտար իր պարզ հայրական խորհուրդը նրան, ու եթե Մինաս Ավետիսյանը չունենար իր մեջ մղումը, պահանջը, պարտադրանքըՙ գտնելու այդ աղետը հօգուտս հաղթահարելու ճշմարիտ ուժը, մենքՙ մնացյալ մարդիկս, չէինք ունենալու հոյակապ նկարները Մինաս Ավետիսյանի, որի ստեղծագործությունը տարիների ընթացքում պիտի ավելի մեծանա իր նշանակությամբ ու իմաստով:
Հայաստանը շատ փոքր, շատ քարքարոտ երկիր է, բայց ինձ ծանոթ ամեն մի հայ իր երկիրն աշխարհի ուրիշ որեւէ երկրի հավասար է համարում ֆիզիկական մեծությամբ, գուցե որովհետեւ Հայաստանը լի է հայերով, որոնք իրենց էլ, իրենց երկիրն էլ ու միասին աշխարհն էլ խաղաղ պահելով են զբաղված, գիտության ասպարեզումՙ ինչպես աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը, երաժշտության մեջՙ վերջերս հանգուցյալ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը եւ ապրող Առնո Բաբաջանյանը, եւ շատ ու շատ ուրիշներՙ ճարտարապետներ, քանդակագործներ, գիտնականներ, անցյալի մեծ գանձերի պահապաններ, ընդ որում այն երիտասարդը, որ Երեւանում Մարտիրոս Սարյանի թանգարանի պահապան տնօրենն էՙ Շահեն Խաչատրյանը:
Դուք կգտնեք նրան ցուցահանդեսում եւ կվայելեք նրա խանդավառ նվիրվածությունը հայ նկարչության մեծ ալեւոր երիտասարդ Մարտիրոս Սարյանին: