ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2008-09-27 | #19, 2008-10-11 | #20, 2008-10-25


ԳՈՒՐԳԵՆ ՄԱՀԱՐԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՄԻՆ

ԳՐԻԳՈՐ ԱՃԵՄՅԱՆ

Ճշմարիտ գրողը ծնվում է ի վերուստ կնքված եւ նախանշված, ինչպես Հովհ. Շիրազն է ասել` երկնային «բիլազուկով»: Նման թալիսմանային նախանշվածությունը հավասարապես վերաբերում է նրա ե՛ւ Բանին (իմա` ասելիքին), ե՛ւ, որը պակաս կարեւոր չէ, հավատարմությանն իր կոչումին ու պարտքին: Կյանքի ամենածանր շրջաններից մեկում, ցմահ աքսորական Գուրգեն Մահարին գրեց Ե. Չարենցին նվիրված բանաստեղծություն, որտեղ ձեւակերպեց իր հավատո հանգանակը.

Միայն նա է պոետ` ով արյունով գրեց,

Ով չծախեց հոգին չնչին ոսպնապուրով,

Ով սրտի տեղ, կրծքո՛ւմ, երկրի սի՛րտը կրեց,

Ցավեց հողի ցավով, հարբեց հողի բույրով:

Սիբիրական Գ. Մահարուն չէին կարող ծանոթ լինել Ե. Չարենցի վերջին բանաստեղծությունները, որոնք մի անգամ եւս ապացուցեցին նրա հավատարմությունը` կոչումին, խղճին եւ բարոյականությանը: Սակայն առանց դրա էլ բանաստեղծությունն անսխալ ձոնվել էր մեկին, որը, չնայած բազում անհավասարակշիռ տողերի, ի տարբերություն ժամանակակիցներից շատերի, մնացել էր բանաստեղծ եւ մարդ:

Պարտադիր չէր հայտնվել Սիբիրում` գրողի կոչման տարրական դասերը ճանաչելու եւ տարածելու համար: Այդ դասերը Գ. Մահարին պահպանել էր ողջ կյանքում: Դեռ բռնադատվելուց առաջ նա գրեց «Գյուղերի նոր երգը» պոեմը [1], որտեղ արժանին մատուցեց «Պոետնե՜րին մեր վեհ ու մեծ, /Իրենց երգից մեծ ավելի՛»: Խոսքը Հովհ. Թումանյանի եւ Ավ. Իսահակյանի մասին էր, որոնցից մեկը երգեց «...Լոռին հպարտ, ու Դեբետն իր փրփուրներով...», իսկ մյուսը` «...երգեց Շիրակը լայնանիստ, /Ալագյազը երգեց հեռու, /Ու Մանթաշի մուժը հանգիստ...»:

«Հարգա՛նք նրանց ու սեր-ողջույն...»,- բացականչում է երկու բանաստեղծների կրտսեր ժամանակակիցը, բայց եւ չի կարողանում զսպել իր տարակուսանքը.

Գյուղ երգեցին ու գյուղացուն,

Քաղաքները փախան իրենք -

Ու ասֆա՛յլտե, կոկ մայթերում,

Գյո՛ւղ Նայիրյան, երգեցին քեզ...

եւ այնուհետեւ`

Ինչ լավ է, չէ՞, ապրել առատ

Ու օդառատ սենյակներում,

Հյուղը երգել, գոմ ու մարագ,

Ու արտերը երգել հեռու...

Դժվար է ասել, թե ինչպիսի զարգացում կստանար «փախուստի» թեման Գ. Մահարու մոտ: «Բիլազուկը» տնօրինեց այնպես, որ նա երկու տասնամյակ կտրվեց գրականությունից, իսկ երբ հնարավորություն ստացավ գրիչ բռնելու, սիբիրյան պահակության ձմեռային երկար գիշերներին նորից անդրադարձավ «փախուստի» թեմային` այս անգամ աչքի առաջ ունենալով Ալ. Շիրվանզադեին եւ Ավ. Ահարոնյանին...

Սակայն մինչ այդ ավելորդ չի անդրադառնալ «Երիտասարդության սեմին» վիպակի ստեղծման պատմությանը:

Երկու հնամաշ ընդհանուր տետրերում է ամփոփված առաջին եւ վերջին գրչով (Գ. Մահարին ընդհանրապես չի ունեցել «երկրորդ» գրիչ, չի մշակել եւ արտագրել իր գործերը), թղթի տնտեսման նպատակով մանրատառ գրված ինքնակենսագրական եռագրության երրորդ մասը [2]: Առաջին տետրը բացվում է ժամանակագրական գրառումով` «Սկսեցի 1953-ի ապրիլի 25-ին Ձերժինսկում»: Հետագա նամակային գրառումները վկայում են, որ ստեղծագործական աշխատանքը դառնում է բարոյական նեցուկ` հաղթահարելու անհաղթահարելի դժվարություններ. «Սկսեցի գրել Երիտասարդությունը: Կտավը մեծ է, 1920-1936. չգիտեմ, տակից դուրս կգամ, թե ոչ: Չգիտեմ, կվերջացնե՞մ, թե ոչ... այնպես որ երբ գաս, մի քանի գլուխ կկարդաս: Եվ ընդհանրապես ելնելով իմ գրական-ստեղծագործական շահերից` շատ ուրախ կլինեի, եթե դու կողքիս լինեիր: Դժվար է գրել եւ չունենալ գոնե մի հասկացող ընթերցող: Նկարչի, կոմպոզիտորի գործը հեշտ է, վրձինն ու հնչյունը միջազգային գործիքներ են, միջազգային միջոցներ. գրչի բանը դժվար է... Այո...» (Ա. Սանամյանին [3], 4-5 հունիսի 1953թ.), «Սկսեցի գրել Երիտասարդությունը (1918-1936), ընդհատվեց: Կտավը մեծ է ու բարդ: Գրել եմ չորս գլուխ:- 1. Որպես նախաբան. 2. Թիֆլիսում. 3. Հայ գրողներ. 4. Տիգրան Նազարյանի [4] սալոնում» (Վ. Ալազանին, 30 հունիսի 1953 թ.) [5], «Նամակդ ստացա այն րոպեին, երբ գտնվում էի Թիֆլիսում (1918 թ.) «Մի բաժակ թեյ» ազգային սրճարանում, ուր քաշ տվեց ինձ Արտակ Դարբինյանը [6] «մարդկանց տեսնելու համար», Միսակ Խոստիկյանի [7] ու Հովհ. Հակոբյանի [8] հետ, ուր եւ առաջին անգամ տեսա Անդրանիկին, Թոթովենցին, Գր. Վարդանյանին [9], Կարա-Դերվիշին [10] եւլն եւլն եւլն: Ամբողջ էությամբ վերապրում եմ այդ օրերը [11] եւ քո արտահայտությամբ «պախմելիայի [12] մեջ եմ» այն օրից, երբ սկսեցի այս գործը, բայց այս պախմելիան հաճելի պախմելիա է, ստեղծագործական պախմելիա, եւ գործը գնում է առաջ չնայած դանդաղ ու հարկադիր ընդհատումներին: Գրել եմ մոտ երկու մամուլ, աշխատության 10 տոկոսը միայն: Կվերջացնե՞մ թե ոչ, ալլահը գիտե... աշխատում եմ մոռանալ եւ վերանալ առօրյա ֆիզիկական եւ մարմնավոր զրկանքներից եւ վերապրել 35 տարի ետ...» (Վ. Ալազանին, 1 օգոստոսի 1953 թ.), « Երիտասարդություն -ս գնում է առաջ դանդաղ ու համառ. դեռ 18 թվի վրա եմ: Շատ ժամանակ է խլում ընթերցանությունը» (Վ. Ալազանին, 1-2 նոյեմբերի 1953 թ.), «Օրերս ինձ օգնության հասավ Ստեպ. Իլիչի [13] աներձագ, տաղանդավոր նկարիչ Աշոտը, որը ցնցեց ինձ մինչեւ հոգուս խորքը իր մարդկային, եղբայրական վերաբերմունքով... Հյուր եղավ մի քանի օր, թարմացա հոգով եւ մարմնով: Կարդացի հատվածներ Երիտ .-ից: Վերջապես տեսա կենդանի ընթերցող... Անընթերցող գրող - դա թյուրիմացություն է» (Վ. Ալազանին, 20-21 նոյեմբերի 1953 թ), «...ես 36-47 թվերին ո՜չ մի ստիխ... Իսկ հիմա շտապում եմ. մի 3-4 դյուժին ունեմ գրած... աշխատում եմ Երիտասարդություն վեպի վրա. մի 4-5 մամուլ գրել եմ եւ դեռ 18 թվի վրա եմ: Ե՜րբ պիտի հասնեմ 36 թվի օգոստոսի 10-ին [14]: Կհասնե՞մ արդյոք առողջական այս վիճակով, այս պայմաններում... Ալլահը գիտի» (Վ. Նորենցին, 10 հունվարի 1954 թ.), « Երիտասարդություն վեպիս վրա կքայլեմ կրիայի քայլերով: Վլադիկավկազումն եմ եւ չեմ կարող սա Վլադիկավկազեն օձիքս ազատել. Վլադիկավկազ փախա ես վանեցի Կաքավյան ընտանիքի հետ [15]. հիշում եմ տեր եւ տիկին Կաքավյանին. հետաքրքիր զույգ էր: Գուցե մեռնեմ, Երիտասարդություն -ս կորի, գոնե մի հատված թող անմահանա քեզ մոտ...» (հետեւում է մի հատված, Վ. Ալազանին, 25 հունվարի 1954թ.), «Դեռ Վլադիկավկազում եմ, բայց հույս ունեմ, որ մինչեւ քո գալուստը կվերադառնամ Թիֆլիս: Վ-կավկազում երբ ես նշանակվում եմ սննդամատակարարման վարիչ, ծանոթանում եմ խոհարարի հետ: Աշխատանքից հետո միասին ընթրում ենք: Ես գովում եմ նրա խոհարարական հմտությունը: Նա.- Սրանք ի՞նչ բլյուդներ են... էնպես, տակ սեբե [16]... այ երբ ես Սեյրանովի մոտ պովր էի... 12 տեսակ կատլետներ էի պատրաստում... չե՞ս հավատում, հաշվի.- կատլետ ռուբլյոննի, կատլետ ատբիվնոյ, կատլետ պաժարսկի, կատլետ վարշավսկի, կատլետ ֆանտազիա, կատլետ ապետիտ, կատլետ Պուշկին, կատլետ Պորտ-Արտուր, կատլետ մազուրկա, կատլետ Արարատ, էս քեզ տա՞ս... կատլետ չայկա, կատլետ բարիլուս... էս քեզ տասներկո՞ւս, էլ չեմ հաշվում կատլետ Կարապետը... - Էդ ի՞նչ Կարապետ է,- հարցրի ես: - Էդ Կարապետը ես եմ, էդ կատլետը իմ հունարն է, ես եմ հունարել,- պատասխանեց նա... Հիմա եթե դու շուտ չգաս, ես երեւի դառնամ տասերեքերորդ տեսակի կատլետ... կատլետ` կործանում»... (Ա. Սանամյանին, 26 հունվարի 1954 թ.), «Վլադիկավկազից վերադարձա Թիֆլիս: Գնում եմ Երեւան: Այսօր հասա «Ալեքսանդրապոլ» կայարանը» (Ա. Սանամյանին, 24 փետրվարի 1954 թ.), « Երիտասարդությունը գրում եմ այն ձեւով, ինչ Մանկությունը եւ պատանեկությունը : Շուտով հասնում եմ իմ եւ քո ծանոթությանը, Թիֆլիսում, Ներսիսյան որբանոցում, պատշգամբում: Միասին ճաշեցինք: Դու ինձ պատմեցիր Վշտունու մասին: Օրե՜ր... Իսկ առայժմ ծեծվում եմ, ինչպես ձուկը ավազի վրա: Ձուկը ավազի վրա...» (Վ. Նորենցին, 24 փետրվարի 1954 թ.)...

Սիբիրյան վերջին ամիսներն ամենածանր էին աքսորականի կյանքում: Աշխատանքից նա ազատվեց (պահակի «արտոնյալ» պաշտոնը տրվեց տեղացիներից մեկին), ստիպված եղավ ազատել նաեւ բնակության համար հարմարեցված պահականոցը եւ նորածին դուստրը ձեռքին, զուրկ գոյատեւման որեւէ միջոցից, սենյակ վարձել: Նամակների մի ամբողջ շարք գրվեց արդեն տառացիորեն մահվան սեմից. «Ոչ կարդում եմ, ոչ գրում: Քրի՜զ(իս): Տագնապահար եմ ու ջղային» (Ա. Սանամյանին, 18 ապրիլի 1954 թ.), «Է՛, սիրելի Ալո, վատ տեղ մթնեց կամ մթնում է կյանքս, կարդալուն եւ գրելուն վաղուց եմ վերջ տվել: Ուղեղս արճիճվել է: Ոչ մի լավ բանի չեմ սպասում, այնինչ կան հիմքեր սպասելու, ո՞վ է ասել,- «Սրտերից ծափ կզարկեք, բայց նա կգա ուշ ինձ համար...» (Վ. Ալազանին, 21 ապրիլի 1954 թ.), «...ես մինչեւ անգամ զգում եմ, որ անկարող եմ այս դրության մեջ ճանապարհ ընկնել ազատվելու դեպքում: Արյուն այլեւս չեմ թքում, բայց հազում եմ վատ հազով եւ սրան միացան ստամոքսիս խիթերը, որը մի տարի էր, ինչ չկար: Էդ էլ վրա հասավ... Ո՞ւմ դիմեմ, ո՞ւմ դուռը ծեծեմ կամ ո՞ւմ զանգը տամ...» (Վ. Ալազանին, 19 մայիսի 1954 թ.):

Երեւան նա վերադարձավ հյուծված ու հիվանդ: Աշխատանքը շարունակելու մասին խոսք չէր կարող լինել, ամենաշատը` «կլորացնելու», գործին ավարտուն վիճակ տալու մասին: Վեպը վերածվեց վիպակի, «Երիտասարդությունը» կանգ առավ սեմին` շարունակությունը թողնելով անորոշ ապագային: Շատ գրախոսականներ են գրվել այդ գործի մասին, սակայն ամենադիպուկ ամփոփիչ գնահատականը պատկանում է Գ. Մահարուն. «Հետագայում, երբ տպվեց այդ գործը, իմ ընթերցողներն ու քննադատները հաստատեցին, որ ծանր պայմաններում գրված այդ գրվածքում ծիծաղն ու հումորն ավելի դիպուկ են ու կենսահաստատ, քան առաջին երկու մասերում, որոնք գրված են եղել ազատ ու բարեկեցիկ պայմաններում: Այսպես էլ է պատահում: Ամեն գրող ունի իր ստեղծագործական գաղտնիքները, որոնք հաճախ ինքը, այդ գաղտնիքների տերն ու տիրականը չի կարող բացատրել» [17]:

«Երիտասարդության սեմին»-ը լույս տեսավ խմբագրական կոպիտ միջամտություններով: Ինքնակենսագրական այդ գործում, Գ. Մահարու նման անմիջական գրողի գրչի տակ, որքան էլ խոսվեր հեռու ժամանակներից, բռնադատվածության թեման եւ աքսորը չէին կարող շրջանցվել: Բոլոր այդ «լիրիկական շեղումներն» ընկան խմբագրական մկրատի տակ: Եվ ոչ միայն դրանք: Վերադառնալով ընդհատված թեմային` նշենք նաեւ, որ գավառական գրականությանը պատիվ բերող ամոթխածությամբ մկրատվեց նաեւ պատանի Գ. Մահարու հիասթափությունը` իր պատկերացումներով իրականությունից «փախուստ տված» հայ գրողներից: Հիմա արդեն անհնար է պարզել այդ մկրատումները պատկանում էին «Խմբագիր` Հր. Թամրազյան»-ի՞ն, թե՞ կուլիսներում գործող ամենազոր իմյարեկ գրաքննիչին: Վիպակի հատորային եւ վերջին հրատարակությունում հապավումները մասամբ վերականգնվեցին` տալով խիստ մոտավոր պատկերացում գրողի ասելիքի մասին: Քանի որ ոչ մի վերապատմում չի կարող ճշգրիտ պատկերացում տալ վիպակի «Հայ գրողներ» գլխում պատանի Գուրգեն Աճեմյանի պատանեկան վերհուշների եւ Գուրգեն Մահարու աքսորական առօրյայի մասին, ավելորդ չէ այն ամբողջությամբ ներկայացնել ընթերցողին` որպես անտիպ հատված.

«Եկավ բժիշկը երկար, ամառնային սեւ վերարկուով, սեւ գլխարկով, սեւ փողկապով, սեւ հոնքերով ու բեղերով: Նա կրում էր սեւ ակնոցներ, որոնք նրա դեմքին տալիս էին խիստ արտահայտություն. սեւ ակնոցների վրայով նա զննեց ինձ, ապա հագավ բժշկական ձյունասպիտակ խալաթը ու ասաց մորս.

- Տիկին Անուշ, կգա Սաշան, ծանոթացրու Գուրգենի հետ: Գնան թող քաղաք, ման գան:

Եկավ Սաշան, կապույտ աչքերով, շեկ հոնքերով ու մազերով, գիմնազիստական համազգեստով, ճռճռացող կոշիկներով մոտեցավ ինձ եւ սեղմեց ձեռքս շեկ ժպիտով,- շեկ ժպիտո՞վ... այդ նրանից է երեւի, որ նրա շրթունքներն ու ծնոտը ծածկված են շեկ աղվամազով:

- Գնանք քաղաք, ման գանք, լա՞վ:

- Լավ,- պատասխանեցի ես,- դու հայ գրողներին ճանաչո՞ւմ ես...

- Փա՜հ, ինչքան ասես...

- Օրինակի համա՞ր,- հարցրի ես խորին թերահավատությամբ:

- Օրինակի համա՞ր,- հարցրեց նա իր հերթին,- Գալավինսկու վրա ամեն օր քաշ են գալիս. Ահարոնյան, Շիրվանզադե...

- Ահարոնյա՞ն, Շիրվանզադե՞... եւ դու նրանց տեսե՞լ ես...

- Փա՜հ, ինչքան ասես: Էդ ինչ մի բա՞ն է որ...

Ես նայում եմ նրա կապույտ, փայլուն աչքերին ու մտածում.- ստում է: Այդ այն ժամանակներն էին, երբ գրողն ինձ համար աստվածության պես բան էր եւ նրանց տեսնելը մեծ բախտ. ես հիշեցի Թումանյանին Վանում, ապա Էջմիածնում, Վահան Տերյանին Երեւանում, պառլամենտի դահլիճի բեմի վրա, իսկ հիմա` Ահարոնյան, Շիրվանզադե...

Ահարոնյան,- «Արցունքի հովիտ», Վան, մանկություն, Կենդրոնական դպրոցի դահլիճի բեմը, Նազեի օրորը, «քնիր, իմ բալիկ», կռունկներ, Ասլանի դիակը, Ռես Մնո, Ռես Մնո... ապա - անմարդ, անշունչ գյուղում կես գիշերին կանչում է մի աքաղաղ, կանչում է խղճալի ու սարսափահար... «Մրրկի սուրբը»:

Շիրվանզադե,- այդ նա է, «Արտիստ»-ի հեղինակը, Լեւոն... ես լսում եմ նրա նվագը ջութակի [18] վրա, ես տեսնում եմ սիրահարված ջութակահարի գունատ դեմքը, նրա կյանքի ողբերգական վախճանը Սեւ ծովի ջրերում, Օդեսայի նավահանգստում: «Քաոս», «Արսեն Դիմաքսյան», «Նամուս», «Չար ոգի»:

Էյ, ժողովուրդ, դարդս լսեք,

Ես բլբուլն եմ Դաղստանի լեռներից...

...Բալես մնաց քարերի տակ

Մենիկ բալես արեւի պես գեղեցիկ...

Գիժ Դանիել, Գիժ Դանիել...

Ու հավատալ, որ նրանք, Ահարոնյան-Շիրվանզադեն ամեն օր «քաշ են գալիս» Գալավինյան գլխավոր փողոցի վրա... որ Սաշան նրանց տեսնում է «ինչքան ասես» եւ որ կարող է ինձ ցույց տալ...

- Սաշա,- ասում եմ ես,- դու ինձ ցույց տուր, ես ուզում եմ նրանց տեսնել:

- Փա՜հ, կուզես` հենց էսօր:

Մայրս ինձ տալիս է փող «ծախսերի համար», իսկ ծախսերը մեծ էին,- տրամվայի տոմս, թերթերի գնում,- «Մշակ», «Հորիզոն», «Վան-Տոսպ»,- եւ որ կարեւորն է Լագիձեի «լիմոնադ», որով ես պիտի հյուրասիրեի Սաշային. մայրս խիստ կերպով պատվիրեց, որ տրամվայի տոմս ես գնեմ Սաշայի համար եւ որ «լիմոնաթով» հյուրասիրեմ Սաշային:

Երբ տրամվայը շարժվեց տեղից, իմ սիրտը լցվեց զվարթ աղմուկով. ես հիշեցի տխուր Երեւանը, մեր որբանոցը, Հայաստանին, Գեւորգին, Գառնիկին, ինչքան բան կա պատմելու, ինչքան պիտի զարմանան նրանք, որ ես տեսել եմ Ահարոնյանին, Շիրվանզադեին:

- Էս քաղաքի ցենտրն է,- ասում է Սաշան,- Էրեվանսկի պլոշչադ...

- Իսկ ինչո՞ւ է կոչվում Էրեվանսկի,- հարցրի ես: Սաշան մտածեց ու շփեց երեսի շեկ աղվամազը:

- Ա չորտ եվո զնայետ... [19]

Հետագայում ինձ պատմեցին, որ այդ հրապարակից են մեկնել դեպի Երեւան եւ այնտեղից ժամանել ուղտերի ապրանքատար եւ ապրանքաբեր քարավանները, ֆուրգոնները, մարդատար կառքերը, հնում, երբ դեռ Թիֆլիսի եւ Երեւանի միջեւ գոյություն չի ունեցել երկաթուղային հաղորդակցություն: Հրապարակի վրա մի կողմից իշխում է քաղաքային դումաjի շենքը` քաղաքային մեծ ժամացույցով, իսկ մյուս կողմից` Թամամշեւի Քարվանսարան է, որի առաջ աղմկում են կոշիկ մաքրողներն ու թերթ վաճառողները:

- «Մշա՜կ»... «Վան-Տո՜սպ»... «Հորիզո՜ն»...

Ես գնում եմ թերթեր եւ այդպիսով կատարում մայրիկի երկու պատվիրանները: Մնում է «լիմոնաթի» խնդիրը: Ի՞նչ բան է այդ «լիմոնաթ» կոչվածը, չգիտեի եւ անհարմար համարեցի հարցնել մորս. լիմոն դեռ լսել էի...

- Իսկ լիմոնաթ...- ծամծմեցի ես,- որտե՞ղ են ծախում...

- Լիմոնա՞դ ես ուզում խմել,- հարցրեց Սաշան,- գնանք Գալավինսկու վրա, ինչքան ասես... էնտեղ էլ քեզ ցույց կտամ քո Ա՜ա՜ա՜խառոնյանին ու Շիրվանդազեին...

- Շիրրվանզադեին,- ուղղեցի ես:

- Բա ես ո՞նց ասի...

- Շիրվանդազե...

- Մեկ է,- ձեռքը թափ տվեց Սաշան եւ մենք ուղեւորվեցինք դեպի Գալավինյան գլխավոր փողոցը, որն այժմ կրում է Ռուսթավելու անունը: Մեծ տպավորություն թողեց ինձ վրա Գալավինյան փողոցն իր բազմահարկ, գեղակերտ տներով, վաճառատներով, մագազիններով, մեծ քաղաքի աղմուկով ու եռուզեռով, այն, ինչ ես մինչ այդ կարդացել էի գրքերում եւ թերթերթում:

- Էս` փոխարքայի պալատն է,- բացատրում է ինձ Սաշան,- հիմա էստեղ նստում է Վրաստանի մենշեւիկյան կառավարությունը... էս` Արամյանցի տունն է, էս «Չաշկա Չայ»-ն է, այ, գրված է, տեսնո՞ւմ ես, «Մի բաժակ թեյ». էստեղ չայ են խմում դերասանները, էդ քո գրողները, սիրուն-սիրուն օրիորդներն ու տիկինները... էս` Արտիստական թատրոնն է, էս` Տիգրան Նազարյանի տունն է, «Աղբյուր-տարազ»-ի ու «Վան-Տոսպ»-ի խմբագրությունը... Թիֆլիսի օպերան... Մելիք-Ազարյանցի տները... Ինչո՞ւ չեն երեւում այսօր գրողները,- անհանգստացավ Սաշան:

Մայթերով հոսում է ժողովուրդը: Աչքի են ընկնում գեղեցիկ կանայք, զինվորականներ փայլուն ուսադիրներով, ուսանողներ, ուսանողուհիներ:

Սաշան նկատելիորեն ջղայնացել է. նա նայում է անցորդներին դժգոհ աչքերով ու մրթմրթում.

- Ո՞ւր են կորել այսօր...

Իսկ ես մտածում եմ, որ այս ամենը խաղ է, Ահարոնյանն ու Շիրվանզադեն Գալավինսկու վրա չեն կարող «քաշ գալ» հասարակ մահկանացուների նման, նրանք այս րոպեիս զբաղված են, ո՞վ գիտե, ի՞նչ գործերով, գոյություն ունի «ազգային վիշտ», «հայկական հարց», «կորած վիլայեթներ», բազմահազար որբեր փողոցներում ու որբանոցներում, գաղթականներ, թշվառներ, քաղցածներ, մանդատի խնդիր...

- «Լագիձեի սառը ջրեր»,- կարդում եմ ես մի ցուցանակ,- «լիմոնադ». ես Սաշային առաջարկում եմ լիմոնադ խմել` մի կողմից մորս երրորդ պատվերը կատարելու, իսկ մյուս կողմից` նրան հանելու համար անհարմար կացությունից: Իմ առաջարկությունը Սաշան ընդունեց ակնհայտ չկամությամբ:

Լիմոնադ կոչվածը դուրս եկավ չափազանց հաճելի զովացուցիչ խմիչք. Սաշան բաժակով ծեծեց մարմարիոնի սեղանը եւ հայտարարեց.

- Հիմա գնանք «Չաշկա չայի» մոտերքը ման գանք: Նրանք հիմա ներսում նստած կլինեն, կամ կգան չայ խմելու, լա՞վ:

Ահա եւ «Մի բաժակ թեյ» կաֆեն: Փողոցի վրա նայող վիթխարի ապակե փեղկերը ծածկված են սպիտակ վարագույրներով: Մենք սկսում ենք «քաշ գալ» Արտիստական թատրոնից մինչեւ Ալեքսանդրյան այգու մուտքը եւ ընդհակառակը... մեր այս լարված զբոսանքը տեւում է մոտ կես ժամ:

...«Չաշկա Չայ»-ից դուրս են գալիս երկու հոգի: Կարիք չկար, որ Սաշան կանգներ, բոթեր իմ կողքը եւ շշնջար,- ահա նրանք: - Ես նրանց կճանաչեի օրացույցներում եւ դասագրքերում տեսած նկարներից: Շիրվանզադեն բարձրահասակ է, Ահարոնյանն ընդհակառակը. Ահարոնյանը ժպտում է, Շիրվանզադեն լուրջ է. Ահարոնյանը ժպտում է, եւ դա ինձ թվում է անբնական, անհարկի, ինչպես նա կարող է ժպտալ, երբ գոյություն ունի «հայկական հարց», «ազգային վիշտ»... Նրանք քայլում են դեպի Երեւանյան հրապարակը, ես թողնում եմ Սաշային եւ հասնում եմ նրանց. ինձ հետաքրքրում է, ինչի՞ մասին կարող են խոսել նրանք, ինչի՞ մասին: Նրանք խոսում են, ես քայլում եմ նրանց հետեւից համարյա կրնկակոխ:

- Թամարկան լավն է,- ասում է Շիրվանզադեն,- ես չեմ պատկերացնում «Չաշկա չայ»-ն առանց Թամարկայի... ժպիտը, բոյ-բուսաթը...

- Շատ գեր է,- առարկում է Ահարոնյանը,- իսկ այնպես, կարելի է, միայն թե գեր է...

- Հենց այդ էլ լավ է,- ոգեւորվում է Շիրվանզադեն,- կինը որ բռնելու տեղ չունենա, քանի՞ կոպեկ արժի...

- Դու ճաշակ չունես,- ասում է Ահարոնյանը, ձեռնափայտը խփելով սալահատակին եւ կանգնում. կանգ է առնում եւ Շիրվանզադեն, կանգ եմ առնում եւ ես - նրանցից քիչ հեռու, ձեւացնելով որպես թե դիտում եմ խանութի ցուցափեղկը,- կինը այնպես նուրբ ու թեթեւ պիտի լինի, որ վերցնես նրան ահա այսպես ու ննջարանում ման գաս, ահա այսպես,- կրկնում է նա ձեռնափայտը հորիզոնական դիրքով առնելով երկու ձեռքերի վրա ու վեր-վեր նետելով,- իսկ քո Թամարկան. ապա փորձիր այդ փղուհուն...

Նրանք առաջ անցան, իսկ ես մեխված մնացի իմ տեղում... Շիրվանզադե եւ Ահարոնյան...

Մոտեցավ Սաշան ու կանգնեց դեմս իր շեկ ժպիտով. նրա դեմքը փայլում էր իր պարտականությունը կատարած մարդու ինքնագոհությամբ:

- Նո՞ւ, գո՞հ ես,- հարցրեց նա:

- Լավ կլիներ եթե...

Ես ուզում էի ասել «եթե չհանդիպեի, չտեսնեի նրանց», բայց չգիտեմ ինչու խոսքը փոխեցի.

- Եթե մի շիշ եւս... լիմոնադ խմեինք:

Մենք խմեցինք մի շիշ եւս: Այս անգամ լիմոնադը թվաց ինձ նվազ հաճելի: Իմ սիրտը լեցված էր թախիծով եւ հիասթափությամբ.- Ահարոնյան եւ Շիրվանզադե,- կրկնում էի ես մտքումս,- «Արցունքի հովիտ», «Չար ոգի»...

- Գնանք տուն, Սաշա,- առաջարկում եմ ես:

- Գնանք,- համաձայնվում է նա,- դու ինչո՞ւ հոնքերդ կիտեցիր, չեմ հասկանում... ուզում էիր տեսնել - տեսար...

Ես բարվոք համարեցի լռել: Միեւնույնն է, նա ինձ չի հասկանա, կարող է մինչեւ անգամ ծիծաղել ինձ վրա... լռել, լռել:

***

Այս պատմության շարունակությունը ընթերցողը կգտնի իմ 1932 թվի հիշողությունների մեջ եթե միայն կարողանամ հասնել մինչեւ այդտեղ: Այս վերապահությունը ավելորդ չէ, եթե հաշվի առնենք իմ ներկա կյանքի պայմաններն ու հնարավորությունները: Երկու-երեք ամիս առաջ երկու-երեք ամսով, ես, հարգելի պատճառներով ընկա շրջանային հիվանդանոց: Ես գրեցի իմ մտերիմներին եւ այս դեպքը համարեցի սրամիտ դավադրություն, որը նյութեցին իմ դեմ Ոլիմպոսի աստվածները: Բժշկական դիագնոզը շշմեցուցիչ էր, տուբերկուլյոզ, թոքախտ: Ես գրեցի իմ մտերիմներին, որ այս գործը, այո, Ոլիմպոսի աստվածների գործն է. նրանք պետք եղածի չափ ապացուցված չհամարելով իմ «հովերգության ճյուղին» պատկանելու փաստը, օժտեցին ինձ այն հիվանդությամբ, ինչ հիվանդությամբ տառապել ու մահացել են հայ հովվերգու բանաստեղծները,- Դուրյանն ու Միսաք Մեծարենցը, ապա Վահան Տերյանը: Երեք ամիս առաջ, երբ ես ընդունում էի պենեցիլինների ու ստրեպտոմիցինների սրսկումները, երբ միաժամանակ բժիշկների կողմից ես դատապարտված էի մահվան, միայն մի ափսոսանք ունեի եւ դա այն էր, որ ես չգրեցի իմ «Երիտասարդություն»-ը: Ես չմահացա, որովհետեւ մահը մարտի 5-ին զբաղված էր ավելի կարեւոր գործերով [20]: Բայց այդ չի նշանակում, որ նա չի անդրադառնա իմ խնդրին, այն էլ ոչ հեռավոր ապագայում... Ահա թե ինչու, երբ ես կարողացա բարձրացնել գրչի ծանրությունը, սկսեցի գրել իմ «Երիտասարդությունը», ահա թե ինչու կամա-ակամա կասկածում եմ, թե կհասնե՞մ մինչեւ 1932 թիվը, երբ Շիրվանզադեի հետ [21]...

Իսկ իմ գրիչը առաջ է վազում տասնչորս տարով [22]: Ես նրան կարգի եմ հրավիրում: Ես ասում եմ նրան.- Ճիշտ է, մենք գնում ենք դեպի կոմունիզմ, կոմունիզմ ենք կառուցում եւ ահա-ահա, կոմունիզմի շենքի պատուհանների ապակիներն են գցում, բայց փաստն այն է, որ ես քեզ գնել եմ 30 կոպեկով եւ դու պարտավոր ես ինձ լսել: Դու, գրիչ, ահա 35 տարի է, որ ես քեզ հետ գործ ունեմ ու քո երեսից... ինչո՞ւ ստիպում ես դառնանալ ու դառնացնել քեզ, դու գիտե՞ս, որ ես կարող եմ խիստ միջոցներ ձեռք առնել, կոտրել քեզ եւ վառարանը նետել, մանավանդ որ այսօր ցուրտ է: Դու կարող ես ասել, որ քո տաքությունն ինձ չի՞ փրկի. բայց դու գիտե՞ս առածը,- «մկան մեզը ջրաղացպանին օգուտ է»,- գիտե՞ս թե չգիտես. (ծանոթություն.- այն երկրներում, ուր ջրաղացների փոխարեն գոյություն ունեն հողմաղացներ, այս առածը փոխվում է մոտավորապես այսպես,- ճանճի քամին հողմաղացին օգուտ է) հիմա դու ես ջղայնանում, կարգի ես հրավիրում ինձ, հորդորում ես որ անցնեմ «բուն խնդրին»... չեմ առարկում, ես մի քիչ... շաղակրատեցի, բայց անցնենք բուն խնդրին:

...Երեկոյան մայրիկը հարցրեց ինձ.

- Թիֆլիսին հավնա՞ր:

- Շատ, շատ հավնա, մայրիկ:

- Հայ գրողներին տեսա՞ր,- խորացավ նա:

Պատասխանի փոխարեն ես հարցրի.

- Մայրիկ, ո՞վ է գրել «Եկ, իմ սրինգ, իմ բարեկամ վշտագին» բանաստեղծությունը:

- Գարեգին Պեշկյոթուրյան [23],- հանդիսավոր կերպով հայտարարեց մայրիկը եւ սկսեց ինձ համար ամենաքաղցր ձայնով երգել «Եկ, իմ սրինգ»-ը, որով եւ ինձ ազատեց իր հարցին պատասխանելու ծանր պարտականությունից,- հայ գրողներին տեսա՞, թե ոչ»:

 

Մեր հրապարակման նպատակը հեռու է ստվերելուց Թումանյանի կամ Իսահակյանի, Շիրվանզադեի կամ Ահարոնյանի կերպարները: Կան գրողներ, որոնք չեն ստվերվում, եւ այդ զբաղմունքին նվիրված ցանկացած «հրապարակում» անիմաստ է ու ավելորդ: Մեր նպատակն էր ցույց տալ «երկիրը» կորցրած, Վանից գաղթած Գուրգեն Աճեմյանի պատանեկան պատկերացումները հայ գրողների մասին եւ ընդգծել ազգային ընդգծված արեւմտահայ մտածողությունը, որն ունեցել է նա գրական առաջին իսկ քայլերից եւ պահպանել ստեղծագործական կյանքում: Այդ մտածողությունն է ըստ մեծ մասին ձեւավորել է նրա հավատո հանգանակը գրողի պարտքի մասին: Պատահական չէ, որ իր գլխավոր ստեղծագործությունները` ինքնակենսագրական քառագրությունը (անավարտ), «Այրվող այգեստաններ» վեպը, սիբիրականը նա նվիրել է հայ ժողովրդի XX դարի ամենաողբերգական էջերին:

Ավելացնենք, որ Գ. Մահարին նույնպես հեռու էր ավագ գրչընկերներին ստվերելու մտադրությունից: Իր վերաբերմունքը դեպի Հովհ. Թումանյանը նա արտահայտել է 20-ական թվականների բանաստեղծությունների մի ամբողջ շարքում եւ կյանքի մայրամուտին գրված «Այս հմուտ, հանճարեղ Լոռեցին...» էսսեում, դեպի Ավ. Իսահակյանը` նույնպես վաղ բանաստեղծություններում, Վարպետին ուղղված նամակներում եւ «Էլեգիա գրված «Ֆլորա» այգում» պոեմում, դեպի Ալ. Շիրվանզադեն` «Վերջին աշունը». «Անմոռանալին» հուշագրություններում... Բայց եւ այնպես, որքան էլ բարձր լինեին Գ. Մահարու աչքում այդ գրողները, կար նրա համար մի վերջին ճշմարտություն, հանուն որի նա պատրաստ էր մանրադիտակի տակ «տեսնել» այդ գրողների եթե ոչ հանցանքները, ապա գոնե զանցանքները: Այստեղ է հնում ասվել` «Պլատոնն իմ մտերիմն է, բայց ճշմարտությունն ավելի բարձր է»...

Ավելորդ չէ մեկ անգամ եւս հիշեցնել, որ կան պատմության կողմից արդեն ստվերված գրողներ, որոնց դեմքը չէր կարող ճերմակացնել ոչ մի եղերամայր եւ որոնց բարոյական եւ ստեղծագործական իրական գնահատականներից մեր գրական պաշտոնյաները եւ չիները ամոթխածորեն խուսափում են տալուց` չգիտես ինչու գերադասելով ճահճային անդորրը:

Մենք ասացինք «չգիտես ինչու», բայց պատասխանը դժվար չէ գտնել, եթե տրվի դետեկտիվ գրվածքներում սավառնող «ո՞ւմ օգտին է դա...» ավանդական հարցը... Նման «ամոթխածությունից» ստվերվում են բարձր գրականության չափանիշները, խաթարվում է ընթերցողական առանց այն էլ նոսրացած մթնոլորտը, թացը շարունակում է ապրել չորի հետ կողք-կողքի...

Այո՛, թացի՛ օգտին...

***

Եզրափակիչ մի քանի խոսք, որոնք ուղղված չեն գրական կազմակերպություններին, քանի որ իրենց կեցվածքով եւ գրական քաղաքականությամբ նրանք վաղուց են ապացուցել, որ կան հարցեր, որոնք նրանց չեն հետաքրքրում: Իմ խոսքն ուղղված է «Ազգ» -ի շարքային ընթերցողին: Կցանկանայի տեղյակ պահել, որ հրատարակության համար արդեն պատրաստ է Գ. Մահարու «Անտիպ գործերը»... ութ հատորով: Ծանոթագրություններով եւ գիտական անհրաժեշտ այլ բաժիններով: Արված է մի աշխատանք, որը պատիվ կբերեր գրականության ինստիտուտի խմբագրական մի ամբողջ կոլեգիայի: Չեմ կասկածում, որ մոտ ժամանակներում ութհատորյակը, ինչպես նաեւ այն ամփոփող «Գուրգեն Մահարու կյանքի եւ ստեղծագործության տարեգրությունը», ինչպես նաեւ առանձին գրքով «Սիբիրականը» (արձակ, չափածո, սիբիրյան նամակներ) կհասնի ընթերցողին: Օգտվելով ներկա հրապարակման ընձեռած հնարավորությունից` կցանկանայի միայն նախազգուշացնել Գ. Մահարու երկերի գիտական հրատարակության (13 հատորով) ապագա սրտացավ հրատարակիչներին` «Երիտասարդության սեմինի» վերահրատարակությունն իրականացնել ըստ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում պահպանվող սիբիրյան տետրերի...

Ծանոթագրություններ

1. «Գրական դիրքերում», Եր., 1930, մարտ, թիվ 3, էջ` 29-33

2. Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարան, Գ.Մահարու ֆոնդ, թիվ 15:

3. Աշոտ Սանամյան (1908-1975), աքսորական-նկարիչ, Ստ. Զորյանի քրոջ ամուսինը, որի հետ Գ. Մահարին ծանոթացել էր Բաքվի միջանկյալ բանտում` երկրորդ ձերբակալությունից հետո (1948): Ա. Սանամյանի աքսորավայրը գտնվում էր Գ. Մահարու աքսորավայրից 60 կմ հեռավորության վրա:

Նամակների կրկնակի ամսաթվերը վկայում են, որ դրանք գրված են գիշերային ժամերին:

4. Խմբագիր, հրատարակիչ եւ հասարակական գործիչ Տիգրան Նազարյանը (1858-1926) մինչեւ 1919թ. Թիֆլիսի իր «սալոն»-խմբագրությունում լույս էր ընծայում մանկապատանեկան ամսագրեր եւ դրանց հավելվածները: 1916 թվականից այդտեղ տեղավորվեց նաեւ Վանից տեղափոխված «Վան-Տոսպը»:

5. «Մի բաժակ թեյ» սրճարանը ստեղծվել էր 1915թ.` վիրահայ մտավորականության, առավելապես կանանց եւ աղջիկների նախաձեռնությամբ` հայ գաղթականներին ու որբերին օգնելու նպատակով:

6. Արտակ Դարբինյան (1878-1950), ուսուցիչ, հրապարակախոս, ռամկավար հասարակական-քաղաքական գործիչ: Վանի ինքնապաշտպանության կռիվների մասնակից: Թիֆլիսում խմբագրել է «Վան-Տոսպ» (1916-1918), իսկ Երեւանումՙ «Հայաստանի ձայն» (1919-1920) թերթերը, որոնցում Գ. Մահարին տպագրել է մի քանի տասնյակ բանաստեղծություններ եւ հոդվածներ: Հիշատակվում է նաեւ «Այրվող այգեստաններում»: Հեղինակն է «Հայ ազատագրական շարժման օրերէն» (Փարիզ, 1947թ., Երեւան, 2003 թ.) աշխատության:

7. Միսակ Խոստիկյան (1881-1938), փիլիսոփա, մանկավարժ, ռամկավար հասարակական գործիչ: Ծնվել է Վանում: Նրա հետ Գ. Մահարին աշխատակցել է «Հայաստանի ձայն» թերթում: Բռնադատվել է եւ դատապարտվել գնդակահարության:

8. Հակոբյան Հովհաննես (Չորթանյան, 1876-1937), պատմաբան, հրապարակախոս, ռամկավար հասարակական գործիչ: Ծնվել է Վանում: 1918թ. Թիֆլիսում զբաղված էր հայ գաղթականների տեղավորման եւ նյութական օգնության գործով: Բռնադատվել է եւ դատապարտվել գնդակահարության:

9. Գրիգոր Վարդանյան (1868-1937), Անդրկովկասում եւ Հայաստանում հեղափոխական շարժումների եւ խորհրդային կարգերի հաստատման մասնակից: Ծնվել է Վանում: Հայաստանի օգնության կոմիտեի նախագահ: Բռնադատվել է եւ դատապարտվել գնդակահարության:

10. Կարա-Դարվիշ (Գենջյան Հակոբ, 1872-1932), գրող, թարգմանիչ: Փորձել է ֆուտուրիզմն արմատավորել հայ քնարերգությունում` որպես հիմնական ուղղություն: Նրա ստեղծագործության մասին Գ. Մահարին ունեցել է բացասական կարծիք:

11. Տես «Երիտասարդության սեմին» վիպակի «Մի բաժակ թեյ» գլուխը (Երկեր, հ. 2, էջ 225-229): Լույս է տեսել զգալի կրճատումներով:

12. ...խումհարի... (ռուս.):

13. Խոսքը Ստ. Զորյանի մասին է:

14. Իր ձերբակալության օրը:

15. Վիպակի հերոսներից մեկն է Հարություն Կաքավյանի որդին, Վանի Նորաշենի դպրոցից Գ. Մահարու դասընկեր, Վահրամ (Արամ) Կաքավյանը (1903-1973), որը Վիկտոր Գարդոն կեղծանվան տակ հետագայում Փարիզում լույս ընծայեց Վանին նվիրված իր «Զմրուխտե ձիավոր» վեպը:

16. ...ի միջի այլոց... (ռուս.):

17. Ինքնակենսագրական: Երկեր, հ. 1, էջ` XYIII-XIX:

18. Վիպակը գրված է բացառապես վերհուշերով եւ առկա է վրիպումը: Ալ. Շիրվանզադեի հերոսը ջութակահար չէր:

19. - Սատանան գիտե... (ռուս.):

20. Ի.Ստալինի մահվան ամսաթիվն է:

21. 1932 թվականին Գ. Մահարին մեկ ամսից ավելի ապրել է Ալ. Շիրվանզադեի հետ «Ինտուրիստ» (այժմյան «Երեւան») հյուրանոցի մեկ համարում:

22. Խոսքը նկարագրվող 1918 թվականի եւ հիշատակվող 1932 թվականների տարբերության մասին է:

23. Ամենեւին ոչ պատահականորեն հիշատակվում է արեւմտահայ երկրորդական բանաստեղծ, որը գրականության պատմության մեջ մնացել է որպես մեկ բանաստեղծության հեղինակ:


Նկար 1. Գուրգեն Մահարին մորՙ Հայկանուշ Աճեմյանի հետ ((Թիֆլիս, 1918)


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4