Կյանքի որքան ծանր շղթա է կրել Լեռ Կամսարը: Ճակատագրի հեգնանքն էր, որ այսպիսի մտածողը, ազատ անհատը հենց խորհրդային սոսկալի ռեժիմի, այդ մեծ կեղծիքի երկրում ապրեր, ստեղծագործեր ու... երբեք չընկրկեր նյութի առաջՙ նյութապաշտության այդ սին երկրում: Չնայած բոլոր ժամանակներում էլ երգիծաբանի գործը դժվար է. նրանից խուսափում են, որովհետեւ նրա աչքը շատ է տեսնում, հետն էլ չի լռում ու սուր է խայթում: Իսկ խայթոց չեն սիրում. ճշմարտություն չեն սիրում, նրան սիրողի ճանապարհն էլ նեղ է: Լավ է անգամ խաբվածության քաղցր թմբիրը, քան դառը ճշմարտությունը: Դաՙ շատերի համար, բայց քչերն էլ կան... Լեռ Կամսարն այդ քչերից էր, որի գոյությունը, գրիչը աբսուրդ է թվում Սովետների երկրում:
Ես չեմ զարմանում, երբ կարդում եմ նրա կյանքի ցավոտ էջերի, զրկանքների, կիսաքաղց, անօթեւան օրերի, աքսորների, չտպված գրքերի, նրա առաջ փակ դռների մասին: Այդպիսի մարդիկ դափնեպսակներ չեն կրում. այդպիսի մարդիկ գալիս են արատավոր մեր աշխարհին կարեւոր շատ բաների մասին նախազգուշացնելու, հուշելու, գալիս են խարազնազգեստով, փշե պսակով, որովհետեւ նրանց դավանանքն ուղղամտությունն է, առաքելությունըՙ ճշմարտության վկայումը, հուշարար-պատվիրատունՙ խիղճը: Լեռ Կամսարը ոչ փիլիսոփայում է, ոչ խորհրդածում, մերկ ճշմարտություն է վկայում, դրանով իսկ մարգարեանում հաճախ: Ցավալի է, որ նրա գրական ժառանգությունը մեզ գրեթե անծանոթ է մնում նաեւ հետխորհրդային շրջանում. փակ գզրոցներում շարունակում են ննջել բացառիկ ինքնատիպ մտածողության տեր տաղանդավորագույն երգիծաբանի ձեռագրերը: Այդ բացը, թերթային ծավալների սահմաններում իհարկե, փորձեցինք լրացնել երգիծաբանի թոռնուհուՙ Վանուհի Թովմասյանի առաջարկով, տարիներ առաջՙ այն տեւական աշխատանքի շնորհիվ, որ նա կատարում է իր պապի ձեռագրերը վերականգնելու եւ հրապարակելու ուղղությամբ:
Հոկտեմբերի 24-ը Լեռ Կամսարի ծննդյան 120-ամյակի օրն էր: Հայ ժողովրդի արժանավոր զավակների մեծ հոբելյանների այս տարում ի՞նչ է արվում Լեռ Կամսարի հիշատակին: Լեռ Կամսարը դժվար ապրեց ու գուցե այս անցավոր աշխարհից հեգնանքով էլ հեռացավ: Եվ ի՞նչ ենք մենք անում ի պատասխան իր ապրած այդ դժվարին օրերիՙ նրա գրական ժառանգության ամբողջական հրատարակության, մեր դասական հեղինակների հետ կրթական ծրագրերի մեջ նրան ընդգրկելու, իր անունով կրթական հաստատություն կոչելու, ընդհուպ նրա անշուք, անխնամ գերեզմանի խնամքի առումով: Մեր զրույցը երգիծաբանի թոռանՙ ՎԱՆՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ հետՙ ստորեւ:
- Հոկտեմբերի 24-ին լրացավ Լեռ Կամսարի 120-ամյակը ...
- Տարին բարեբեր էր երգիծաբանի համար: Փարիզաբնակ մեր հայրենակից Կարպիս Ջրբաշյանի հովանավորությամբ «Լուսաբաց» հրատարակչատունը լույս ընծայեց դեռեւս անտիպ «Մահապուրծ օրագիրը», որը Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիների (1925-1935թթ.) պատկերավոր ժամանակագրությունն է: Պետական պատվերով «Հայաստան» հրատարակչությունում լույս տեսավ «Խաղք ու խայտառակ աշխարհը»: Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Աշոտ Ափոյանի հովանավորությամբ գրողների միությունը պարաստում է երրորդ գիրքը` «Սոցիալիզմի Սահարան»` 1959-1960 թվականների սովետական կյանքը պատկերող «Կարմիր օրեր» օրագրության մի մասը: Կարծում եմՙ մինչեւ տարվա վերջը կդրվի ընթերցողի սեղանին: Թող չնեղանա հարգելի Գրիգոր Աճեմյանը` գրքի անունը նորից փոխել եմ: Ի՞նչ անեմ, վերնագրերը քչություն են անում:
- Նկատվում է բարերարների բարեհաճությունը Լեռ Կամսարի նկատմամբ փոխհատուցո՞ւմ է, օրինաչափությո՞ւն, թե՞...
- Ինձ թվում էՙ նրանց առաջնորդում է անցյալում կատարված մի մեծ սխալի շտկման ցանկությունը: Ընդ որում, ասեմ ձեզ, որ միայն մեծահարուստները չեն, որ ուզում են օգնած լինել: Մեկն ուզում է մուտքագրել ձեռագրերը, մյուսը` նամակներ հղել կառավարություն եւ գերատեսչություններՙ տարբեր առաջարկներով եւ պահանջներով: Պատմական գիտությունների դոկտոր Ալբերտ Խառատյանը չի զլացել արդեն տպագրված մի ամբողջ գիրք սրբագրել, որ վերահրատարակության ժամանակ արեւմտահայերենում ու գրաբարում սխալներ չլինեն: Նույն մտահոգությամբ անհանգստացած է նաեւ մեծանուն նկարիչ Հակոբ Հակոբյանը: Ես ձեր թերթում արդեն պատմել եմ, թե ինչպես անգամ ի ծնե կույրերը փորձեցին իրենց լուման ունենալ: Ասեմ, որ Լեռ Կամսարի եւ ժողովրդի մեջ կապող օղակ դարձավ «Ազգ» օրաթերթը: Գուցե տպաքանակն է շատ, շատ են կարդում, մանավանդ որ ինտերնետի միջոցով սփռվում է ամբողջ աշխարհում: Ակնհայտ է մի բան, որ ընթերցողի շունչն ու ներկայությունն եմ անընդհատ զգում թիկունքումս:
Եթե ասեմ, որ մեկենասը հովանավորում է գիրքը եւ անցնում` մեղք գործած կլինեմ: Նախՙ երկու հովանավորի էլ առաջին պահանջն էր, որ իրենց անունը չնշվի, որովհետեւ նրանք չեն դիտում դա բարեգործություն` այլ անհրաժեշտ պահանջ ժողովրդի համար:
Ճիշտ էՙ նրանք այդպես են ուզում, բայց իմ «նամուսին» ի՞նչ է եղել: Երախտամոռությունը վատ հատկանիշ է: Այնպես որ, իմ խորին շնորհակալությունը նախ ազգային գործիչ Կարպիս Ջրբաշյանին, ով համեստորեն ստանձնել է հայ երգիծաբանի գրականության վերարժեւորման բարի գործը եւ, իհարկե, նաեւ վաղամեռիկ եղբորս Վանիկ Թովմասյանի ընկերոջը` Աշոտ Ափոյանին, ով բացի գրքի տպագրությունը ֆինանսավորելուց, աննախադեպ անակնկալ է մատուցել երգիծաբանի ընթերցողներին` պատվիրելով «Smart System» ընկերությանը ստեղծել Լեռ Կամսարի կայքէջը:
Այնպես որ բարի գալուստ www.lerkamsar.com կայք էջ... Կայքը լինելու է դինամիկ, եւ ես միշտ պատրաստ կլինեմ պատասխանել ընթերցողների բոլոր հարցերին:
- Այն, ինչի մասին խոսեցիք, վերաբերում է ինքնահոժար բարերարությանը: Ծննդյան տարեդարձի կապակցությամբ ի՞նչ կուզեիք, որ արվեր պետականորեն:
- Պարտադիր չէ, որ հենց հոբելյանի հետ կապված լինի, բայց շատ կուզենայի, որ դպրոցական եւ բուհական ծրագրերում ընդգրկված լիներ երգիծաբանըՙ նպաստելու նոր սերնդի ազատ եւ անկախ մտածողությանը: Կուզենայի թարգմանվեր օտար լեզուներով, որ ուրիշ ազգերն էլ տեսնեին, որ հայը նույնիսկ բռնատիրության ժամանակ կարող է մտածել եւ գործել անկախ եւ անվախ: 17 թվականի վերջին բոլշեւիզմը մտավ Ռուսաստան, 18-ի սկզբից երգիծաբանը արդեն բացահայտում եւ պատկերում էր նրա իրական էությունը: Ունի մոտ երկու տասնյակ թատերակներ` լավ կլիներ որոշ մասը բեմականացվեր: Որպես հուշում նկատեմ, որ նորաբաց «Արարատ» հեռուստաալիքը կամ որեւէ այլ ալիք կարող է որպես պատմա-վավերագրական սերիալ նկարահանել Լեռ Կամսարի «Կարմիր օրեր» փաստավավերագրությունը (1925-1965 թթ.): Արխիվային կադրեր շատ կան, իսկ կադրի տակից կհնչեր բոլշեւիկյան օրերի երգիծանքով հարուստ գնահատումն ու վերլուծությունը: Մեծերի պանթեոնը իր որեւէ երգիծաբան զավակի տեղ չի հատկացնել: Եթե, մարդ ես, հանկարծ որեւէ դարում որոշվի միջոցառում կազմակերպել` մի տեղ էլ չկա մի երկու ծաղիկ դնելու համար: Կարելի է երգիծական եռյակը քանդակել մեկ անդրիով եւ տեղադրել որեւէ տեղ: Ես օրինակ այսպես եմ պատկերացնում այդ արձանը` Պարոնյանը մի ձեռքը գցել է Օտյանի, մյուս ձեռքը` Կամսարի վզովը, եւ երեքն էլ սրտակեղեք խնդում են իրենց ապրած խղճուկ կյանքի վրա:
- Երգիծաբանի գրական ժառանգությանը մեծ մասամբ հանրությունն անտեղյակ է: Դուք ինչպե՞ս գտաք Լեռ Կամսարին: Ինչպե՞ս վերադարձաք ձեր արմատներին:
- Արամ պապիս գիտեի եւ սիրում էի ծնված օրվանից, բայց այ, Լեռ Կամսարին հանդիպեցի 12 տարեկան հասակում, երբ նոր էր մահացել: Դպրոց գնալու ճանապարհին, Լենինի հրապարակի կրպակում հանկարծ տեսա նրա «Մարդը տանու շորերով» գիրքը: Զարմացա ու արմացա, քանի որ գիտեի, որ գիրքը արգելանքի տակ էր, որը եւ դարձել էր նրա մահվան պատճառը: Պարզվեց, որ կրպակներին եւ գրադարաններին բաժանելուց հետո են գլխի ընկել, որ պետք է կանխել գրքի տարածումը:
Բնականաբար գնեցի գիրքը, որ տանեցիներին ուրախացնեմ եւ բնականաբար էլ որոշեցի կարդալ, որ տեսնեմ ինչ վտանգավոր բան կար գրքում, որ վախեցրել էր կառավարությանը:
Հիասթափությունս եւ ապշանքս մեծ էր: Գիտեք Ամերիկան, Անգլիան կամ մի ուրիշ երկիր էլի նեղանալ կարող էր, բայց ա~խր Սովետը հեչ խռովելու տեղ չուներ:
Կարդացի, կարդացի ուշադիր եւ զգացի, որ հոգումս բան չչխկաց: Այդ տարիքում տարված էի պատմահայրենասիրական գրականությամբ եւ ֆելիետոնի ժանրը առանձնապես չհուզեց ինձ:
Երկրորդ հանդիպումս արդեն մահացու էր:
Երբ պապս մահացավ, ես ականատեսն էի մի շատ տարօրինակ եւ ցավալի իրողության: Տանեցիները թողել էին նոր հոգին ավանդածի սնարը եւ հարեւան սենյակում ինչ-որ գզրոցներ էին դատարկում: Քիչ հետո դուրս եկան մի հնամաշ սեւ գույնի ճամպրուկով եւ հանձնեցին բարեկամներից մեկին, որ շուտափույթ անհետացավ: Միայն դրանից հետո լուր տվեցին բոլորին, որ Լեռ Կամսարը վախճանվեց:
Արցունքների միջից հետաքրքրվեցի մորիցս, թե դա ի՞նչ էր:
- Դա մեր հարստությունն է, մեր գանձերը,- խորհրդավոր ասաց նա:
«Տես է՜, ինչ խորն է վանեցիների հոգին, մտածեցի, ապրում են թշվառության մեջՙ ունենալով մի ամբողջ ճամպրուկ ոսկի: Երեւի Վանից են բերել»:
Թաղումից հետո սկսվեց գանձերի իմ որոնումը: Ճամպրուկը գտա Շուշան մորաքրոջս տանը: Պարանով կապված էր եւ կնքված: Պատռեցի կնիքը, մի կերպ փոքրիկ արանք բացեցի եւ ձեռքս սլլացրի ճամպրուկի մեջ եւ սկսեցի շոշափել: Չէ, սա ոչ ոսկի է, ոչ էլ զարդեղեն: Ուրեմն թղթադրամներ են` անցավ մտքովս: Բայց պետք էր տեսնել ու համոզվել: Մի կերպ ձեռքս ընկածը դուրս հանեցի նեղ արանքից: Սառը ջուր լցվեց գլխիս` ընդամենը գրված թղթի պատառիկներ էին: Ահավոր հիասթափված ուզեցի նորից հետ ճխտել դրանք, որ չբռնվեմ: Մեկ էլ մտքովս անցավ` կարդամ, գուցե գրված է Վանում թողած մեր հարստության տեղը:
Հազիվ կարդում եմ ձեռագիրը` « Պրոլետարիատը մի կեղտոտ քուրջ է, որի ծալքերում բնակված Լենինի եւ Ստալինի նման պարազիտներ ծծում են իր իսկ արյունը:
Դե գնա՛ պրոլետարիատ, ու ողջ կյանքումդ մարմինդ քորի...»
Ո՜վ սարսափ, սա ինչ է: Երեւի պատկերացնում եք, թե ինչ կարող էր զգալ Լենին պապիի ազնիվ հոկտեմբերիկ սանիկը: Մի մոռացեք, որ դեռեւս 1965 թիվն էր: Դողալով շրջում եմ թերթիկը` «Հոկտեմբերյան հեղափոխության» հեղինակ Լենինը իսկապես որ աղվես է եղել, համաշխարհային աղվես, եթե կարելի է այսպես ասել:
Եվ իսկապես: Ռուս ժողովուրդը, որ այդ հեղափոխությունը կատարեց` խոմ չվերցրե՞ց Լենինի գրած հիսունհինգ հատորները կարդաց, համոզվեց սոցիալիզմի անհրաժեշտությանը ու նոր զենք վերցրեց: Ոչ: Լենինը ուղղակի խաբեց բանվորին ու գյուղացուն: Խոստացավ վերջ տալ պատերազմին` դրանով զինվորին խաբեց, ասաց հողը գյուղացուն` դրանով էլ գյուղացուն խաբեց: Հետագայում ո՛չ զինվորը խաղաղություն ստացավ, ո՛չ գյուղացին` հող: Զինվորը կանչվեց երկարատեւ եղբայրասպան պատերազմի, իսկ գյուղացուն ոչ միայն հող չտվեց, այլեւ ունեցածն էլ ձեռքից խլեց եւ կոլխոզ քշեցՙ ձրի աշխատելու:
Ահա քեզ «հոկտեմբերի» տված բարիքը:
Ասացեք, որ շունշանորդի աղվեսն այսպես անողորմ խաբեց իր զոհին: Ուրեմն ասենք.
- Այո՛, Լենինը համաշխարհային աղվես է. նրան պակասում է միայն փառահեղ համաշխարհային...պոչ»:
Վա՜յ, Լեռ Կամսար, վա՜յ, էս ի՞նչ ես գրել իմ Լենին պապիիս մասին` հուզվեցի ես: Եվ հլա հոժա՞ր չես, որ 20 տարով աքսորել են քեզ, շնորհակալություն պետք է հայտնես, որ չեն գնդակահարել:
Նայեցի կրծքիս կպցրած Վոլոդյա Ուլյանովի ոսկե գանգուրներին: Եվ մեջս զարթնեց Պավլիկ Մորոզովի ախտանիշը (ճիշտ կլիներ գրել աղտանիշը): Գոհություն Աստծո, որ խեղճ Արամ պապս կենդանի չէր: Թե չէ կբղավեի` այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաեւ ..., եւ կփռեի նրա ուրացող լեշը... Տեսնում եք չէ՞, թե ինչպիսի զոմբիներ էր պատրաստում սովետական դպրոցը:
Լեռ Կամսարի նկատմամբ ատելությունս ավելի խորացավ, երբ հայրս մեր նոր ստացած բնակարանի առաջին «կահույքը»` «Օպտիմա» գրամեքենան գնեց եւ չգիտես ինչու տեղավորեց հենց իմ ննջասենյակում: Սկսվեց տարտարոսի իմ տանջանքները: Մինչեւ ուշ գիշեր չը՛խկ, հա չը՛խկ: Հոր ձեռագրերը տպում էր 7 օրինակով եւ թաքցնում տարբեր տեղերում: Աչքը վախեցած էր, մտածում էր բռնագրավելուց հետո գոնե մի օրինակը փրկվի: Լեռ Կամսարի բանտարկվելուց հետո հայրս թողել էր դպրոցը, որպեսզի մոր հետ կարողանար պահել քրոջը եւ եղբորը: Ունենալով 4-րդ դասարանի կրթությունՙ բնականաբար, պետք է հարցներ ամեն բառի ուղղագրությունը: Ուղղագրություն հարցնելը գլուխը քարը` ես պետք է իմանայի բոլոր երկրների վարչապետների, քաղաքական գործիչների անունները, Սովետ Միության կոմկուսի բոլոր ժամանակների քարտուղարների անունները: Պետք է յուրացրած լինեի ոչ միայն Աստվածաշունչը եւ հունական դիցաբանությունը, այլեւ համաշխարհային փիլիսոփայությունը մարքսիզմ-լենինիզմի հետ միասին: Էլ չերկարացնեմ, գրել էր ամեն ինչի եւ բոլորի մասին: Ուղղակի խենթանալիք էր: Տարեց-տարի սպասում էիՙ երբ կվերջանա այս զուլումը, երբ հանկարծ մեկ օր հայրս հայտարարեց.
- Փոխանակ անօգուտ թափառելու` տար պապիդ գրվածքները եւ փորձիր տպագրել մամուլում:
- Եթե արժեքավոր լինեին, ինձ չէին սպասի` վաղուց արդեն հրատարակած կլինեին,- նետեցի ես:
Հայրս սփրթնեց իմ անպատկառ հայտարարությունից, եւ եթե չասեի դրությունը փրկող նախադասությունը, երեւի թե կաթվածահար լիներ:
- Լավ, լավ, նյութեր տուր, «Ավանգարդը» ճամփիս է, կտամ, կանցնեմ:
Վերցնելով նյութերըՙ որոշեցի սրբագրել, նոր տանել, հաստատ իմանալով, որ մեքենագրելուց բավականին սխալներ արված կլինեն:
Մեկ սխալ, երկու, երեք, տասներեք` մեկ էլ հանկարծ նկատեցի, որ այլեւս վրիպակները ինձ չեն հետաքրքրում` միտքս մեկեն բռնեց տողի պոչը եւ գնա՜ց, գնա՜ց, գնա՜ց... ու ընկավ Լեռ Կամսարի աշխարհը: Երեւի նույն զգացողությունը ունեցա` ինչ որ Կոլոմբոսը Ամերիկան գտնելիս: Արդեն գանգատուփումս ունեի համալսարանական պարտադիր եւ ցանկալի գրականության մոլուցքը: Արդեն թացը չորից մի փոքր զանազանել գիտեի, բայց սա հայտնություն էր: Անվախ մտածողություն, անբռնազբոս խոսք, անկաշկանդ գրելաձեւ առանց լեզվական ճոռոմ սեթեւանքների` պարզապես մի զվարճալի զրուցակից, որ քեզ ամեն տեսակի կապանքներից խնդմնդալով ազատում է եւ դարձնում ազնիվ, շիտակ, մարդկային, անվախ, արդարամիտ եւ խելացի:
Ահա այսպես փոքրիկ զոմբին գտավ իր մեծ ճշմարտությունը եւ դարձավ ազա՜տ, ազա՜տ, երիցս ազատ մարդ...
- Գուցե այս ամենն է պատճառը նաեւ Ձեր այսօրինակ նվիրումինՙ Լեռ Կամսարի գրական ժառանգության հանդեպ:
«Ազգին» ուղարկված նյութերից երեւում է, որ Լեռ Կամսարն արձագանքում էր տվյալ օրվա հրամայականին: Ըստ էության, խորքում նրա շատ գրվածքներ որեւէ ժամանակի եւ իրավիճակի համար են: Նոր օրհներգ են ուզում ընդունել` ունի «Ազգային հիմնը», Կովկասում խառնաշփոթ է` խնդրեմ առատ նյութ, Ամերիկան նավթի համար խառնում է աշխարհը` Լեռ Կամսարն արդեն դա կանխատեսել էր, Լենինին հրապարակում իջեցրին պատվանդանից` դրա մասին էլ ֆելիետոն ունի, մենք որ լինելու էինք ռուսների «անկախը»` նրա համար ակնհայտ էր եւ այլն, եւ այլն:
Ինչքան գիտեմՙ նա իր կյանքի վերջին նովելով զգուշացնում է հայ ժողովրդին, թե ինչ կլինի, եթե մեր տարածաշրջանում թուրքը դերակատարություն ունենա:
- Այո, դա այդպես է, բայց բնավ չի նշանակում, որ Լեռ Կամսարը Նոստրադամուսն է: Ուղղակի ծերուկ մոլորակը, որոշ վերապահումով, նույն տրորված արահետներով է պտտվում իր առանցքի շուրջը: Դարերի պատմությունը արդեն իսկ ապրված օրերի կրկնությունն է: Աշխարհն ունի իր քարացած Սահմանադրությունը, որով միշտ առաջնորդվում է:
- Մեծ հաշվով, իհարկե, դա այդպես է- մետամորֆոզներ: Բայց, դիալեկտիկան, այնուամենայնիվ, գործում է: Կա՞ մի բան, որի մասին կուզենայիք արտահայտվել:
- Կա: «Ազգում» (12 նոյեմբեր 2005) նկարագրել էի երգիծաբանի մերձ ի մահու վերջին օրերը: Այնտեղ ես ամաչել էի գրել մի իրողության մասին, որն ինձ շատ է տանջում:
1965թ. նոյեմբերի 22-ի այդ դժնդակ օրվա առավոտյան հայրս մտնելով մեր` երեխաներիս սենյակը, ուրախ հայտարարեց, որ Արամ պապս թերեւս լավանա, քանզի հանգիստ է գիշերը լուսացրել, նախաճաշել է եւ ուզեցել է, որ իրեն սափրեն: Թոռներով, քանի որ շատ էինք սիրում պապին, ուրախ-ուրախ ներխուժեցինք նրա սենյակը եւ սկսեցինք ծիծաղել ու գլուխկոնծի տալ:
Մարող աչքերը հառելով մորսՙ պապս հատ-հատ արտաբերեց:
- Ինչո՞ւ են այսքան ուրախացել, չէ որ ես մեռնում եմ: Ա՜խ, Աստված իմ, զուլումը էս զուլումն է`այսքան տառապելուց ու տանջվելուց հետո ես գեթ ինձ արժանի ժառանգ էլ չունեցա...
Մինչ ես կգրկեի նրա պարանոցը եւ կխոստովանեի մեծ սերս Արամ պապիս, հայրս իմ եւ փոքր եղբորս շլինքներից բռնած, դուրս շպրտեց սենյակից եւ դուռը կողպեց:
Դռնից չհեռացա, բացվելուն էի սպասում, որովհետեւ գլխավոր ասելիքս մնացել էր:
Քիչ հետո դուռը բացվեց, հայրս լեղապատառ նետվեց դեպի թթվածնային բարձը, ես անմիջապես ներս թռա, որ ասեմ մեռնող պապիս, թե իրեն որչափ շա՜տ եմ սիրում:
Չհասցրեցի... աչքիս առաջ հոգին ավանդեց:
Այժմ ուզում եմ տարիների հեռավորությունից, հրապարակավ անել իմ ուշացած խոստովանությունը...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՔԵԶ, ՊԱ՛Պ...
Զրուցեց ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԸ
Նկար 1. Լեռ Կամսարը թոռների հետ, 1961 թ.