ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2008-09-27 | #19, 2008-10-11 | #20, 2008-10-25


ԳԻՐՔ ԲԱՐԵՆՈՐՈԳՉՈՒԹՅԱՆ

ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ

Ահա մի գիրք, որից երաժշտաբարենորոգչական ուժ ու կյանք է հորդում` «Հայ դասական երաժշտության ձեւավորման ուղիները» : Հեղինակել է Գեւորգ Գյոդակյանը: Գիրքը 2006-ին լույս է ընծայել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հրատարակչությունը:

...Հայ երաժշտագիտության այսօրվա նահապետը մի քանի ամիս առաջ բոլորեց իր 80 տարին: Ինձ այնպես է թվում, թե ինչպես իր հոբելյանը լռության մատնվեց, այնպես էլ մեզանում լրջությամբ չգիտակցվեց նրա այս գրքի լույս աշխարհ գալու փաստը (միակ բացառությունն այն է, որ եղել է Յակով Խաչիկյանի գրախոսականը «Երաժշտական Հայաստան» ամսագրում), եւ երաժիշտներս դեռ լուռ ենք: Մեր երաժշտական իրականության համար արժեքներ անտեսելը կարծես սովորական երեւույթ է դարձել: Շատերն են հիմա «դարակի համար» գրում, հրապարակ իջած իրենց գործերի գնահատականը չեն էլ ակնկալում` սպասելով ավելի լավ ժամանակների: Բացակայում է գնահատման համակարգը, որը մեզ պիտի հնարավորություն տար դասդասել արժեքները, կարեւոր եւ անկարեւոր սանդղակների տարբերության աստիճանները, թերեւս, զուտ գիտական արժեքավորության տեսակետից: Պիտի հնարավորություն տար նաեւ ուրվագծել դրանց կիրառելիության սահմանները դպրոցում, պրակտիկ երաժշտական գործունեության բնագավառներում:

Իհարկե, մեր երաժշտական իրականությունն այսօր իրարամերժ խմորումներին եւ երբեմն լուրջ անհանգստություն առաջացնող տարերային ընթացքներին է տրված: Այս երեւույթն, իհարկե, գիտակցվելու, երաժշտական-հրապարակային լուրջ քննարկումների բովով անցնելու կարիք ունի:

Այսքանն այս մասին ասելը նկատենք բավարար` ճշտելով, որ Գյոդակյանի հիշյալ գիրքը զարմանք ու հիացմունք է ծնում ոչ այնքան իբրեւ հերթական, չնայած բարձր արժանիքներ ունեցող աշխատություն, որքան յուրօրինակ մի խաչմերուկ, որը կարող է իրար միացնել հայ կոմպոզիտորական դպրոցի երեկվա ձեռքբերումների եւ վաղվա ակնկալվող զարգացումների ուղիները: Անշուշտ, կարող է այս բնական ընթացքին ուժ տվողը դառնալ, եթե նախ ինքներս տեր կանգնենք այս եւ նման երեւույթներին, գիտակցենք դրանց արժեքն ու դերը:

Թվում էՙ անհնար է մեկ հատորի մեջ քննել բազմադարյան հայ երաժշտության բոլոր կարեւոր առանձնահատկությունները, նշանակալի երեւույթները` գիտական բացառիկ ճշգրտությամբ եւ շեշտադրումներով: Պատմական իրողությունների շարքի եւ տեսական վերլուծումների ագուցումն է, թերեւս, գրքին հաղորդում մատչելիության մի աստիճան, որի շնորհիվ այն կարող է դառնալ յուրօրինակ դասագիրք հայ երաժշտությունն ուսումնասիրողների, ինչպես նաեւ հայ երաժշտությամբ հետաքրքրվող ամեն մի երաժշտասերի համար:

Իհարկե, այսպիսի գիրքը կարող էր գրվել միայն բազմավաստակ մի գիտնականի գրչով, որը հրաշալի տիրապետում է ամբողջ պատմական նյութին, այսօրվա համաշխարհային երաժշտագիտական դպրոցի զարգացման միտումներին ու զինանոցին եւ ակտուալության այս դիրքերից է արժեւորում անցյալի մեր արժեքները:

Ակադեմիական սթափ եւ հավասարակշիռ վերլուծության են ենթարկվում այնպիսի երեւույթներ, որոնց հետ գործ ունենալը շատերի համար գիտական անորոշություններով լի դաշտ մտնել պիտի նշանակեր: Եվ երբ տեսնում ես, թե ինչպիսի տիրապետող դերի մեջ է «Անուշ» օպերայի վերլուծությանը տրված հեղինակի երաժշտագիտական միտքը` իսկական հրճվանք ես ապրում: Կոմպոզիտորի կառուցողական մտքի աշխատանքը այնքա՜ն թեթեւությամբ եւ հնարամտությամբ է լուսաբանված, երբ մեկնաբանվում է այնպիսի հիմնարար միջոցներից մեկը, ինչպիսին երաժշտական թեմատիզմն է: Ահա մի օրինակ: Մեզանում այնքան սիրված է «Անուշ» օպերան, նրա երաժշտությունը, որ հարուստ մեղեդիական հյուսվածքների մեջ կարծես դադարել ենք նկատել «կոմպոզիտորական տեխնիկա», «մոտիվային կոմպոզիտորական մշակում» եւ նման այլ ըմբռնումներ: Ահա Գյոդակյանը Տիգրանյանի կոմպոզիտորական արվեստի էությունը մեզ պարզելու համար արդարացիորեն նշում է նրա մեղեդիական գծի մերձեցումները արեւելյան մուղամի եւ հայ աշուղական արվեստի հետ: Այնուհետեւ վերլուծելով կոմպոզիտորի կառուցողական մտքի խորքերը` բերում է բեթհովենյան սոնատի թեմատիկ կառույցի յուրահատկությունը: Գյոդակյանի ուսումնասիրության մեջ իրար կողք են դրված հատված բեթհովենյան սոնատից եւ հատված «Անուշ» օպերայից: Եվ եթե մինչեւ երեկ հավատում էինք, որ Արմեն Տիգրանյանը կոմպոզիտոր է, որովհետեւ ստեղծել է մեր այնքան սիրելի «Անուշ» օպերան, հիմա գիտենք նաեւ, որ նա կոմպոզիտոր է, որովհետեւ կառուցել գիտի, տիրապետում է թեմատիկ նյութ կառուցելու` թող որ պարզագույն, սակայն հաստատուն, մինչեւ իսկ Բեթհովենի` թեմատիկ նյութի կազմակերպման փորձի հետ համեմատվելու արժանի կոմպոզիտորական տեխնիկային:

Մտքի ինչպիսի աշխուժություն, վերլուծողական ինչպիսի հմտություն է պետք ունենալ Բեթհովեն եւ Արմեն Տիգրանյան անուններն իրար կողք դնելու, մեկի լույսով մյուսի կարողությունների պատկերը գծագրելու համար:

«Անուշի» երաժշտությունը, ինչպես ամեն մի հայի, ինձ եւս հուզել է մշտապես: «Անուշը» սիրելի է բոլորիս իր ժողովրդական երգ ու պարի հրաշալի տարերքով, մեղեդիական հյուսվածքների վճիտ կոհակներով, կարծես «միամիտ», կարծես հեղինակային պատկանելություն իսկ չճանաչող անմիջականությամբ: Տարիների ընթացքում մեր մեջ ձեւավորված այս մոտեցումը «Անուշին»ՙ Գյոդակյանի մեկ վերլուծականի միջոցով, սակայն, փշուր-փշում է լինում: Իրոք որ կոմպոզիտորական կառուցողական մտքի նույն օրինաչափությամբ են ծավալվում Գյոդակյանի համար օրինակ ծառայած Բեթհովենի սոնատի եւ Տիգրանյանի «Անուշի» վերլուծվող հատվածները: Ընդունենք, որ մի բան է մեղեդիական գծի պարզությանը հասնելը ժողովրդական երգի նմանակության միջոցով, եւ այլ` արեւմտաեվրոպական կոմպոզիտորական մտքի ռացիոնալ-կառուցողական միջոցների կիրառմամբ այդ պարզությանը հասնելը: Ահա այստեղ է, որ հայ երաժշտությունը իր ամբողջ ընդերք-անցյալով մի քանի աստիճան բարձրանում է` իր հանդեպ լրջության եւ հարգանքի մի նոր մակարդակ պարտադրելով բոլորիս: Սա` այսպես:

Բայց գիրքը լեցուն է նմանօրինակ բացահայտումներով, վերլուծումներով, եւ սրանցից յուրաքանչյուրին առնչվելիսՙ զարմանք ու հրճվանք ես ապրում:

Գրքի` Ռոմանոս Մելիքյանին նվիրված գլուխը երաժշտագիտական վերլուծության բացառիկ օրինակ է: Ռ. Մելիքյանի զրնգուն ու գունագեղ մանրապատկերները, երգերը արժանիորեն ներկայացված են իբրեւ մանրակերտ-գլուխգործոցներ` կայացված ոսկերչական հմտությամբ: Աշխատության այս գլուխը, թվում է, վերլուծական նյութ լինելուց առավել ներբող է` ուղղված հայկական ռոմանսի վարպետին: Գյոդակյանը Ռոմանոս Մելիքյանի հարմոնիական արտասովոր ու շքեղ գունագեղության, բայց նաեւ բազմաձայնության ֆունկցիոնալ կապակցությունների հստակ ու ճշգրիտ էությունը պարզաբանելու համար մեզ բերում է, թող որ նախնական վիճակում գտնվող, այնպիսի ձայնամիացություններ, որոնք գործի դրվեցին 20-րդ դարի ամենաարդիական` ավանգարդ երաժշտության նշանավոր վարպետների կողմից: Ռ. Մելիքյանի մեղեդի-հարմոնիա այս շքեղ արտահայտչականությունը բեղմնավոր հիմք կարող է դառնալ հայ կոմպոզիտորների տարբեր սերունդների համար թե՛ երգեցողության, եւ թե՛ գործիքային երաժշտության բնագավառներում:

Գյոդակյանը, ով երկար տարիներ զբաղվել է Ռ. Մելիքյանի ստեղծագործության ուսումնասիրությամբ, չէր կարող չնկատել, թե ինչպես են կոմպոզիտորի հարմոնիական հյուսվածքները հրաշալիորեն կիրառվում, ասենք, Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտում:

Երբ մտնում ես այս հարաբերությունների, այս կապակցությունների ոլորտ, քեզ զգում ես ընտանիքի անդամ, որտեղ գործում են մեկը մյուսին ժառանգություն թողնելու, մեկի կողմից իր նախորդի գցած սերմը ծաղկեցնելու ավանդույթները: Իր արմատների ուղղությամբ խոնարհ հայ երաժշտի համար սրանք բացահայտումներ են, որոնք ստեղծագործական լիցք ու խնդություն են պարգեւում:

Ռ. Մելիքյանը, ըստ Գյոդակյանի վերլուծումների, հայ երաժշտության ընթացքին այսօր էլ, վաղն էլ ուժ տալու կարողությունն ունի իր մեջ:

«Աշխատեք անհուններ տեսնել այնտեղ, որտեղ երեւում են սոսկ սովորական երեւույթներ», ասում է ավստրիացի հայտնի կոմպոզիտորը: Ռ. Մելիքյանի գործի վերլուծությունը հայ դասական երաժշտության մեջ առկա խորք ու խորխորատ, գեղեցկություն ու ներշնչանք տեսնելու յուրօրինակ կոչ է:

Այսպիսի հստակությամբ ու խորքով են վերլուծված աշխատության` Տիգրան Չուխաջյանին, Կոմիտասին, Արամ Խաչատրյանին, հայ խազագրությանը նվիրված, ինչպես նաեւ մնացյալ գլուխները: Մասնագիտական խրթին ու ծանրամարս «երաժշտագիտությունը» այստեղ փոխարինված է աշխույժ ու թեթեւ շարադրանքով, եւ գիրքն ընթերցվում է հափշտակությամբ եւ օգտակարությամբ այն ուսումնասիրողի համար:

Գրքի վերջին էջերում ներկայացված մատենագիտական ցանկը ցույց է տալիս, որ այս գործն ստեղծելիս Գ. Գյոդակյանի հայացքից, թվում է, չի վրիպել նախորդ հարյուրամյակների ընթացքում ասպարեզ եկած հայ երաժշտությանը վերաբերող կամ նրան առնչվող որեւէ աշխատություն:

Հայ երաժշտությունն այսօր իր արմատներին կապվելու, ամուր հողի, հստակ հայացքի կարիքն ունի իրապես:

Հենց սրան է ծառայում Գ. Գյոդակյանի ստեղծած այս երաժշտաբարենորոգչական աշխատությունը:

Մնում է ափսոսալ, որ գիրքը լույս է տեսել միայն ռուսերեն եւ ցանկանալ, որ թարգմանվի եւ հրատարակվի նաեւ հայերեն:

Այսքանին, ի վերջո, ուզում եմ ավելացնել, որ գուցե, այնուամենայնիվ, ուշ չէ արժանին մատուցել մեծանուն գիտնականին` հանդիսավորությամբ նշելով նրա 80-ամյակը. չէ՞ որ Գեւորգ Գյոդակյան անունը մեզ հուշում է երաժշտագիտական բարձր չափանիշներ եւ մարդկային բացառիկ առաքինություններ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4