ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#18, 2008-09-27 | #19, 2008-10-11 | #20, 2008-10-25


ԴԱՌՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԵՀ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ «ԿԵԱՆՔՈՎ, ԵՎ ՄԱՍԱՄԲՔ ՆՈՐԻՆ»-ՈՒՄ

ՄԱՐՕ ՄԱԴՈՅԵԱՆ-ԱԼԱՃԱՃԵԱՆ

Տարիներ առաջ, երբ առաջին անգամ ծանօթացայ Զարեհ Մելքոնյանի պոէզիային «Լեռներ վիհերու մէջ» ժողովածուումՙ մտքովս անգամ չէր անցնի, որ մի օր Հայաստանից ա՛յսքան հեռուՙ Հիւսիսային Կալիֆորնիայի Ֆրիմոնտ քաղաքում հարեւաններ ենք լինելու իր հետ...: Այսօր տաղանդաշատ մտաւորականը մեր ընտանիքի համար անփոխարինելի բարեկամ է:

Ֆրիմոնտը գողտրիկ մի քաղաք է, շրջապատուած բարձր, կանաչին տուող լեռնաշղթաներով: Այստեղ իսկապէս ներշնչուել կարելի է: Թթուածնի առատութիւնը միանգամից ներխուժում է թոքերդ, ուղեղդ, միտքդ...: Մի տեսակ մաքրւում ես մեծ քաղաքի «թոյնից»: Մի խօսքովՙ իւրաքանչիւր արուեստագէտի համար երազային այս քաղաքում է, որ Զարեհ Մելքոնեանը ամբողջացրել է «Կեանքով, եւ մասամբք նորին» ժողովածուն:

«Կեցած Խոր Վիրապի եզերքին» գլխով սկսւում է գիրքը: Մելքոնեանը միանգամից մատը դնում է հայ կեանքի ամենախորը վէրքի վրայ...: Նա չափազանց դիպուկ, վարակիչ անկեղծութեամբ, առանց աւելորդ սեթեւեթանքի կամ քաղցրալեզւութեանՙ դառը, ձաղկող իրականութիւնն է ներկայացնումՙ սթափեցնելու վերջին մի ճիգով: Անյո՜յս, բայց վճռական, ներողամտութեան ո՛չ մի նշան իսկ.

Ինձմէ առա՛ջ մահացած ընթերցողնե՜րս բոլոր...,

Հիւա՛նդ էին արդէն...

Զարեհ Մելքոնեանը բազմաթիւ նրբերանգներով եւ բանաստեղծական յատկութիւններով է օժտուած: Իր գրական աշխարհը ո՛չ միայն առինքնող է հայ գրականութեան մէջ, այլեւ հպարտօրէն պէտք է ասել, որ կարող է մրցել համաշխարհային գրականութեան հետ: Մելքոնեանը հենց այն տոհմիկ գրագէտներից է, որոնք ունեն իրենց ուրոյն աշխարհը: Ահա ա՛յս աշխարհը ցանկանում եմ ճանաչի ընթերցողը, քանի որ ինքըՙ հայ ընթերցողը, այս աշխարհի մէկ անբաժան մասն է.

Ես իմ գրածնե՛րս եմ...,

Իմ գրածներս, սակայն, զիս չե՜ն...:

- Ո՛վ որ գրածներուս մէ՛ջ զիս կը փնտռէՙ

Իր գտնե՜լ ուզած անձը միայն պիտի գտնէ...

Եւ ապաՙ

Եսՙ քե՛զ եմ, Ընթերցող, բայց դուն զիս չե՛ս...,

Ու թէեւ դո՛ւն ես հեղինակըՙ ի՛նչ ալ գրեմ եսՙ

Գրածներուս մէջ դուն-քեզի բնաւ պիտի չհանդիպի՛ս...

Բանաստեղծի համար աւելի՛ ցաւալի երեւոյթ, քան իր ընթերցողին կորցնելըՙ անհնա՛ր է պատկերացնել: Ի՞նչ է պատահել մեզ...: Մի՞թէ մենք այլեւս ռոմանտիկ, երազներով ապրող ժողովուրդ չենք. մի՞թէ մենք այլեւս մեր բանաստեղծներին սրբացնողՙ արուեստի սիրահարները չե՛նք, որ հայրենիքիցՙ մեր հոգու մէջ անթեղած բերեցինք մեզ հետ մեր երազնե՜րը միայնՙ փաթաթած Տէրեանի, Չարենցի, Նարեկացու եւ Սայեաթ Նովայի երգերով, եւ ուրիշ ոչի՜նչ...: Մի տեղ, սակայն, ճանապարհին սայթաքել ենք, ու լքե՛լ մեր ազգային երազը: Եւ այժմ սնանկացա՛ծ, անսկզբունք, լքա՛ծ յաւերժութեան գաղափարըՙ ո՞ւր ենք գնում...: Տեղ կը հասնե՞նք...:

Բանաստեղծը բողոքում է.

Հայ ժողովուրդ, դուն ո՛չ միայն կայի՜ր իրապէս,

Այլ եւ զիս քեզի՛ հետՙ դէպի անմահութիւն տանէիր պիտի...

Հայ ժողովուրդը դառնում է այն առանցքը, որի շո՛ւրջը միայն կարող է ստեղծուել ու գոյատեւել հայ մշակոյթը.

Սլա՛քն իմ կողմնացոյցիսՙ

Միշտ ուղղուած է դէպի քե՛զ...

- Դուն իմ իղձերուս հիւսի՛սն ես...

Ո՛ւր ալ երթամ, հովը կեանքիսՙ

Կա՛մ դէպի քե՛զ կը տանի զիս՛

Կա՛մՙ քեզմէ հեռու պարզապէս...

- Առա՛նց քեզի «կողմ» չկայ

Աշխարհի վրայ...:

Հայ ժողովուրդն է խոհերի առանցքը բանաստեղծի, որի թախծի ու տրտմութեան վեհ ըմբռնումը, զգացականութիւնը, երազապաշտութիւնը ու կարօտախտի հասնող բուռն զգացումըՙ գալիս են համալրելու, եւ ամբողջացնելու Մելոքնեան-բանաստեղծի ներքին, յուզական աշխարհը...: Սակայն, եթէ տարինե՜ր առաջ «Լեռներ վիհերու մէջ» ժողովածուի մէջ բանաստեղծը լաւատեսօրէն ասում է.

Դուն պէտք չունի՛ս

Իմ երազանքի՜սՙ

Լոյսէ ապագանե՛ր երազելու համար...

Ապա այժմՙ երազը փոխարինուել է տագնապի եւ յուսահատութեան ծանր զգացողութեամբ.

Առա՜նց քեզիՙ

Ո՞վ զետեղէ պիտի

Հայերէն Լեզունՙ իր դագաղին մէջ

Իմ մահէս վերջ...:

Ուրեմն Հայ Լեզուն կ՛ապրիՙ քանի բանաստեղծը ապրում է: Բայց մենք թոյլ տանք, որ բանաստեղծը մեռնի՜, հենց ա՛յն ժամանակ էլ սպանած կը լինենք մեր լեզուն:

Այս միտքերին յաջորդում է հիասթափութիւնը...: «Ողբ ուրախութեան» բանաստեղծութեան մէջ, հայ ժողովրդի հարազատ զաւակի իրաւունքով Մելքոնեանը գեղարուեստական նո՛ր հնարանքիէ դիմում սթափեցնելու համար այլասերման ճանապարհը բռնած Սփիւռքի հայութեանը..., բայց սպառնալիքը ա՛յնքան մեծ է, որ... «Կրնայ հին դամբարանը քանդել հիմնայատակ...»:

Ահա ա՛յս գիտակցութեամբ բանաստեղծը իր խօսքը կառուցում է ազդեցիկ պատկերներով, երբեմն խի՛ստ եւ չհանդուրժող շեշտադրութեամբ: Նա Նարեկացուն փորձում է արթնացնել իր «դարաւոր մահաքունէն...»:

- «Ասիկա իմ ժողովուրդս չէ», ասում է Նարեկացին: Բանաստեղծը փորձում է «համոզել» նրանՙ ասելով.

Ինչպէ՞ս չես տեսներ դունՙ

Սրահները մեր գեղակե՜րտ ակումբներուն,

Ուր օղի՜ն, երէ՜ն, եւ աղանդերները հայկական

Կը մատուցուին որպէս երա՜զ, մշակո՜յթ ու պատգամ...,

Ուր զաւակներդ քուՙ կենա՛ցդ կը խմեն ու կ՛ուտե՜ն

Անյա՛գօրէն, որպէսզի երբ գասՙ դեռ մեռած չըլլա՜ն...

Ընթերցողի առջեւ բացւում է մի տխուր պատկեր, որին ականատես է լինում նա Նարեկացու աչքերով... եւ այս այլասերումի ողջ նողկալիութիւնը աւելի ընդգծուած է դառնում: Մենք վաստակել ենք բանաստեղծի հասցրած այս բարոյական ապտակըՙ մեր «բազմահազար օտար հարսերով, եւ օտար փեսաներով», վաստակե՛լ ենք, այո՛, մեր «վա՜յ» առաջնորդներով, որոնքՙ

Արի՜, ինքնուրա՜ց, եւ հայրենասէ՜ր,

Ժողովուրդդ քու աստանդականՙ

Ա՛յնքան իմաստո՜ւնօրէն

Կ՛անցընեն

Իր պատմութեան

Վերջին «Կարմիր Ծով»էնՙ

Դէպի

Փրկութեան ա՜փը ամայի...:

Այստեղ տեղին է յիշել Շ. Շահնուրին, որին նոյն ցաւն էր մորմոքում, երբ գրում էր. «Թող մեր պետերը գրե՜ն, ըսե՜ն, հաւաքոյթներու մէջ պոռան, ճչա՜ն, անօգո՜ւտ: Պիտի այլասերինք ամէնքս ալ, պիտի կորսուինք բոլորս ալ» :

Շահան Շահնուրի «Նահանջ»ին ահը պատում է Սփիւռքի բոլոր ազնիւ մտաւորականներին: «Պոռոտախօսութիւնները կը ցնդին բոլորն ալ», ասում է Շահնուրը, «ճշմարիտ հայրենասիրութիւնը կարօտ է անցեալի՛ մը, մեծութեան օրինակներու» :

Զարեհ Մելքոնեանը այդ անցեալի մէջ աւելի սո՜ւրբ օրինակ հազիւ թէ կարողանար գտնելՙ քան Նարեկացին: Մէկ առ մէկ ձաղկում է նա կեանքի տարբեր բնագաւառներում բոյն դրած անբարոյականութիւնը, որը տանում է ազգային դիմագծի ոչնչացման: Ահա՛ «Բազմաշնորհ ու բազմադէմ» գրողները, որոնք «որպէսզի քեզի՜ ծառայենՙ կը ծառայեն իրենց տէրերուն...» :

Արդեօ՞ք ցաւերից մէկն էլ այն չէ, որ մենք թոյլ ենք տալիս, որ մեր ամբողջ գրականութիւնն ու արուեստը ձեռքը անցնի միջակութիւնների, որոնք նիւթական աստուածներին են ծառայում:

Եւ ի՜նչ, արթնանում է Նարեկացին..., բայց երանի՜ քնած մնար: Եթէ նախապէս, իր աչքերին չհաւատալով ասում էր նաՙ «Ասիկա իմ ժողովուրդս չէ» , այժմ արդէն յուսահատ եւ տխուր արձագանգում է. «Եթէ ա՜յս է Հայ ժողովուրդըՙ ես Նարեկացին չե՜մ, որդի...» :

Գնացե՛ք, ուրի՛շ կենացներ փնտռէք ձեր սեղանավաճառների համար. չկա՛յ Նարեկացին, «մահաքուն» է մտել.. . եւ չի՛ լինիՙ մինչեւ մե՛նք չլինենք իր ժող-ովուրդը:

Ապա հեղինակը անդրադառնում է լեզուի հարցին: Զարեհ Մելքոնեանի օգտագործած լեզուն արդէն ապացոյց է այն մեծ սիրոյ եւ յարգանքի ու պատասխանատուութեան բարձր զգացումի, որ ունի հայ լեզուի նկատմամբ: Իրօք, որքա՜ն է Մելքոնեանը սիրում մեր Մեսրոպեան սուրբ լեզուն. եւ այդ սէրը ո՛չ ձեւ, եւ ո՛չ էլ ցուցամոլութիւն է: Սա առաւե՛լ մի սէր է, որ հիւանդագին լինելու չափ խորն է ու նուրբ: Երբեմն թւում է, թէ լեզուն հայրենի՛քն է, եւ ինքն էլ այդ հայրենիքի զինուորը, որ պէտք է հազարաւոր յարձակումներից պաշտպանի նրան: Եւ, գիտէ՞քՙ մե՛նք ենք այդ թշնամիները: Մե՛նք ենք որ, օրուայ մէջ հարազաւո՛ր անգամներ մեր թուրերը քաշած խոշտանգում ենք արդէն արիւնաքամ մեր «անպաշտպան» լեզուն: Եւ որքա՜ն խոցում ենքՙ ա՛յնքան աւելի սուր բանաստեղծի սիրտն ենք խոցում: Չէ՞ որ գրում է նա.

Կեա՛նք մը ամբողջ, եւ աւելիՙ Ես անոր արիւնո՛վ սնանեցայ...,

Որպէս օդՙ անոր բո՜յրը շնչեցի,

Անոր տրոփիւնո՛վը տաքցայ...,

Ու զովանալու համար պեղեցի՛

Անոր ակնաղբիւրները գաղտնի...,

Եւ անկէ՛ մեկնեցայՙ ո՛ւր ալ գացի,

Անո՛ր վերադարձայՙ երբ ինզինքս որոնեցի:

Հայ լեզուն մեր «ինքնութեան մաշկն է», բայց մենք սկսում ենք այն կորցնելՙ «միանալով անցնող օտար նաւերուն»: Մի մարող յոյս է մնում.

Երանի՜ բոլոր անոնց, որոնք պիտի գան ինձմէ ետք,

Ու նաւին հետՙ

Այդ անկարելի՛ փարոսին

Պիտի հասնինՙ

Իրենց զաւակները հայերէնը չմոռցա՜ծ տակաւին...:

Բանաստեղծը մարդկային զգացումների իւրայատուկ խտացումն է...: Իր ներաշխարհն են հոսում մարդկային հասարակութեան ցաւերի, խոհերի, մաքառումների բոլոր գետերն ու վտակները, կարծես իր սիրտը ովկիանո՛ս լինի:

Իսկական բանաստեղծը նա՛ է, ով կարողանում է իր մէջ թափուող մարդկային ու հասարակական «վտակ»ները արժեւորել, եւ նրանց շուրջ կերտել ամբողջական, ներփակ մի աշխարհ, որը կարողանայ գործել միայն բանաստեղծին յատուկ օրէնքներով: Բարդ ու խոր հարցերը արուեստագէտ հայ բանաստեղծի սրտում այնքան հզօր ալեկոծութիւններ են առաջացնում, որ հայրենասիրութեան հարցը լոկ թեմա լինելուց փոխակերպւո՛ւմ է, ու դառնում գաղափարախօսութիւն, անգա՛մՙ աշխարհայեացք: Առանց այս հանգամանքը հաշուի առնելուՙ դժուար կը լինի Հայ գրողին հասկանալը:

Սա՛ է ելակէտը: Ինչպէս մեր Սփիւռքի եւ հայրենի միւս գրողներըՙ Մելքոնեանը նոյնպէս աշխարհը դիտում է առաջին հերթին դուրս գալով իր ազգային, փոքրիկ դիտակէտից:

Եւ ահա, երբ բանաստեղծը «ազատւում» է իր սեփական ժողովրդի ցաւերը արտայայտելու հոգեկան պարտքից, առանց կանխակալ որեւէ մտադրութեան, գրքի թեմատիկ ընգրկումը սկսում է թաւալուել:

Որքա՜ն էլ կարեւոր է ազգային թեման Մեծ բանաստեղծութեան ակունքներին հասնելու համարՙ պէտք է ազգային սահմանափակումից դուրս գալ, եւ անդրադառնալ ընդհանուր համամարդկային հարցերի: Մելքոնեանը մէկն է այն հայ բանաստեղծներից, որոնք կարողացել են յաղթահարելով հոգեկան իրենց ներհակութիւնները դուրս գալ ազգայինիցՙ գնալու դէպի միջազգայինը, կոնկրետից վերացականը, տեղականիցՙ համաշխարհայինը:

«Կեանքով եւ մասամբք նՆորին»ը բանաստեղծութիւնների մի ընտիր ժողովածու է: Հարուստ է խոհա-փիլիսոփայական սքանչելի երկերով: Բանաստեղծը մտքի զարմանալի թռիչքներով կարողանում է շօշափել կենսա-փիլիսոփայական շատ հարցեր: Օգտագործելով բանաստեղծական ինքնատիպ արտայայտչամիջոցներՙ բանաստեղծը անդրադառնում է Մարդու, Ժամանակի, Անհատի, ապա Յաւերժութեան, Անսահմանութեանՙ համայն մարդկութիւնը յուզող հարցերին: Նա ամենատե՛ս իր աչքերով որսում է մարդկային հասարակութեան մէջ տեղ գտած արատները, ինքը տառապում է իւրաքանչիւր կորստի համար, բայց միեւնոյն ժամանակ կարողանում է իր հոգու խորքերից սիրոյ լոյսեր դուրս բերել: Ուստի ժողովածուի մէջ իր ուրոյն տեղն է գտել սիրոյ թեման... Թէեւ առանձին գլուխներ է նուիրել սիրոյ երկերին, սակայն սէրը բոլոր բանաստեղծութիւնների մէջ ներկայ է իբրեւ կենսանիւթ: Աթա թէ ինչո՞ւՙ գրքի «Կեցած Խոր վիրապի եզերքին» գլուխը, որն ընդգրկում է հայրենասիրական շարքըՙ Մելքոնեանը աւարտում է «Երգ ստեղծագործութեան» բանաստեղծութեամբ.

Ինծի ի՜նչ թէ ո՞վ է ստեղծած

Մեզ եւ աշխա՜րհն այսՙ

Ա՛յնքան ատեն որ դուն կա՛ս,

Ի՜մ սիրած...

...Ա՛յնքան ատեն որ նորածի՜ն

Նախաբջի՛ջ որպէսՙ

Ինծի՛ պիտի սպասես

Վերստի՛նՙ

Ամէ՛ն պղպջակի մէջ անտե՜ս

(որ պիտի կազմուի)

Կաւի ամէ՛ն ծակտիկէ ներս,

(Որ արգանդի

Վերածուի պիտի),

Եւ ամէ՛ն երկնաքարի վրա,

(Որ դէպի երկրագունդի պիտի սուրայ)

Ամէ՛ն անգամ որ մարդիկ, նորէ՛ն

Աշխարհը քանդե՜ն...:

Լոս Անջելես


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4